Thursday, April 30, 2015

Ցերեկային միլիոնանոց ակվարիումը

Այսօր թեյ չկա: Ես մի քիչ հոգնած եմ, որովհետեւ օրերս անցնում են ցերեկային քաղաքն ուսումնասիրելով, եւ թեյ խմելու տրամադրություն էլ, ճիշտն ասած, չկա: Բանը դրան չի հասնում, քանի որ ես սուզվել եմ ցերեկային քաղաքի անհոգության, քաոսի եւ անհետաձգելի գործերի մեջ:

Մարդկային այս բազմությունը, որ անդադար այս ու այն կողմ է գնում, տրամադրում է
ինձ մտածելու այս մարդկանց անհոգության մասին: Ինչո՞ւ անհոգության՝ որովհետեւ այլապես ինչպե՞ս բացատրել այն, որ այս մարդիկ գործի չեն, աշխատանքի չեն եւ ոչ մի կոնկրետ բան չեն անում: Մոտավորապես՝ ինձ պես: Ես էլ չունեմ գործեր եւ դասեր ու աննպատակ թափառում եմ միլիոնանոց այս հանգույցի փողոցներում: Ո՛չ գործ, ո՛չ հստակ պարտավորություններ, ո՛չ մի՛ բա՛ն: Զգում ես քեզ ինչպես ձուկը ջրում: Ակվարիումում: Հո չե՞ք մտածում, որ ձկներն ակվարիումի մեջ մի ծայրից մյուս ծայրն են հասնում ինչ-որ հստակ առաջադրանքով: Ուղղակի դա նրանց կենսոլորտն է, եւ պետք է մտածել, որ քաղաքն էլ այս մարդկանց եւ իմ կենսոլորտն է:
Եւ սա քաոս է: Անդադար զբոսնելով քաղաքում՝ ես շատ հաճախ հանդիպում եմ նույն մարդկանց: Այն նարնջագույն մազերով աղջկան ես տեսա այսօր երեք անգամ, այն շապիկով տղային՝ հինգ անգամ: Երկու անգամ դիմացս հայտնվեց խղճուկ արտաքինով տարեց կինը: Իսկ քանի՞ հազարավորների ես տեսա այսօր եւ այլեւս չեմ տեսնի երբեք: Սա միլիոնանոց հանգույցի քաոսն է, որտեղ չես տեսնում ոչ մեկին կոնկրետ պատճառով եւ չես կորցնում որեւէ մեկի՝ անկախ որեւէ պատճառից: Սա անդադար շարժ է, եւ, ո՞վ գիտի, քանի անգամ ես հայտնվեցի ինչ-որ մեկի դիմաց եւ ինչ-որ մեկի տեսադաշտում: Պարզել սա չի կարող ոչ ոք, չնայած՝ վիճակագրությունը գուցե ինչ-որ որոշակիություն մտցներ, օրինաչափություններ:
Եւ վերջապես՝ սա ահագնացող, անհետաձգելի քաղաք է: Միլիոնանոց հանգույցում գործերը շատ են, եւ նույնիսկ ամենաքաոսիկ եւ ամենաանհոգ մեկը ինչ-որ տեղ գնում է, շտապում, ծրագրում է գնալ կամ արդեն հասել է: Ինչպես ես: Հասնել երեկոյան աշխատանքի, հանդիպել ծանոթի կամ հասցնել ուղարկել այսինչ բանը... Առանց հստակ ժամանակացույցի կամ ժամանակացույցով, առանց դրամատիզմի եւ դրամատիզմով, միեւնույն ժամանակ ե՛ւ անհոգ, ե՛ւ քաոսիկ, ե՛ւ շատ շտապ:
Այնքան անհոգ, այնքան քաոսիկ եւ այնքան շտապ, որ նույնիսկ թեյ խմելու ժամանակը չէ:

Նկարի աղբյուրը՝ http://www.flickriver.com/photos/seroujo/popular-interesting/

No comments:

Post a Comment