Saturday, April 26, 2014

Ուր որ տարան հայելիները

Բարը գտնվում էր A37 արբանյակի վրա: Այն արբանյակի հետ պտտվում էր Շելլա մոլորակի ուղեծրով, կատարելով յոթ պտույտ ամեն շելլայական տարվա ընթացքում: Ու հիմա, երբ Շելլան  կորած էր համատարած մոխրի, ծխի և դիակների տակ, արբանյակի բարը միակ տեղն էր ողջ համաստեղությունում, որտեղ կարելի էր հանգիստ առնել, մեկ-երկու բաժակ թթվային կոկտեյլ խմել ու հագեցնել սովը ծծմբական միացություններով:
Բարի միակ այցելուն նստած էր փոքրիկ սրահի կենտրոնում` փռած իր հսկայական մարմինը հենց գետնին: Նրա երկար ու լպրծուն շոշափուկները տարածված էին ողջ բարով մեկ և ժամանակ առ ժամանակ վերցնում էին բարմենից` վերջին շելլացուց, թթվային կոկտեյլի նոր բաժիններ: Շելլացին, նայելով իր հյուրի անսահման ծարավին, մտքում հաշվում էր իր օրվա եկամուտը` չիմանալով, թե որտեղից է գալիս շոշափուկներով հսկան, ինչ է նա արել այդտեղ գալուց առաջ և ինչպես են իրեն զգում իր չորս հազար հինգ հարյուր քսանվեց ամենամոտ ազգականները:


Աղետը, որ իջել էր Շելլայի վրա երկնքից, մատնել էր փոքրիկ մոլորակի բնակիչներին կատարյալ խառնաշփոթի, խուճապի և շփոթության: Երեք դար շարունակ Շելլան ուներ առևտրային համաձայնություններ ավելի քան տասնյակ համաստեղությունների հիսունից ավել քաղաքակրթությունների հետ ու բոլոր առևտրային գործարքներում Շելլայի բնակիչներն իրենց ցուցադրել էին որպես ազնիվ առևտրականներ, խիզախ տիեզերագնացներ և խաղաղ բանականության կրողներ: Իսկ հայելիային տելեպորտացիայի գյուտից հետո չէր գրանցվել և ոչ մի մաքսանենգության դեպք շելլացիների կողմից: Շելլայի առևտրականները, որ հեռավոր աշխարհում էլ որ լինեին, միշտ կարողանում էին հմուտ օգտագործել հայելիներն ու երբեք, ոչ մի շելլացի չէր շփոթվել սեփական արտացոլանքի տարբերակների մեջ ու չէր մոլորվել հայելիային պատկերների լաբիրինթոսում: Հակառակը, լինելով բացառապաս մաքուր էակներ, նրանք առանց տատանումների միշտ կարողանում էին ճանաչել իրենց արտացոլանքը հայելիների մեջ ու միշտ վերադառնալ տուն` կատարելով միմիայն բարեհաջող գործարքներ ու բարձր պահելով իրենց ռասսայի պատիվը: Նրանց մտքով էլ չէր կարող անցնել, որ մի օր իրենց տան վրա կկախվի հեկտոպլազմային բոմբն ու տիխոնյան ռասսայի ամեհի գազանը կհարձակվի իրենց վրա:
Երբեմնի ծախկող և հարմարավետ մոլորակը նման էր այժմ համատարած ավերակի: Նրա քաղաքները դատարկ էին և քանդված: Մետրոպոլի փողոցները ճաքճքված էին, բոլոր կառույցները վառված, իսկ քաղաքը ծածկող թիթեղյա թափանցիկ պատյանը ճեղքված-կախված: Քամին, որ առաջանում էր Շելլայի ծծմբային օվկիանոսներում, անընդհատ սպառնում էր փլուզել երբեմն երջանիկ քաղաքակրթության կերտած ամենանշանակալից կառույցը` Մետրոպոլը ծածկող գմբեթը:
Հարձակումը եղել էր հանկարծակի և ստոր: Հեկտոպլազմային բոմբը կաթվածահար էր արել ողջ մոլորակը, ջախջախել բոլոր կենսաապահովման ենթակառուցվածքները, խլել միլիարդավոր կյանքեր, իսկ բոմբի հարվածից անմիջապես հետո իջել էր տիխոնյան շոշափուկավոր հրեշն ու շարունակել սպանդը: Ու փորձել էին շելլացիները գնալ բանակցությունների և կամ գոնե իմանալ այդ դաժանության պատճառը...
Ապարդյուն: Հիմա, երբ ողջ մոլորակն արդեն ոչնչացված էր, դեռ չէին դադարել իրենց պայքարը երկու շելլացիներ: Նրանք դուրս էին եկել իրենց ապաստանից, տեսել երկնքից կախված ահռելի ծածկը, ավիրված շենքերը և սպանված համաքաղաքացիների դիակները, վերցրել էին մեքենա և շտապում էին քաղաքից դուրս, այնտեղ ուր հնարավոր կլինի առանց փլուզվող գմբեթի սպառնալիքի, մտածել փրկվելու եղանակներ: Շելլացիների վառ կարմիր կատարները, որ նրանց ռասսայի ամենաաչքի ընկնող առանձնահատկություններից էին, սփրտնել էին և ստացել թույլ վարդագույն երանգներ: Նրանց մեքենան ընթանում էր ճաքճքված ճանապարհով` չկարողանալով զարգացնել իրական արագություն:
Ճանանապարհը դեպի քաղաքից դուրս տևեց երկար, և երբ  նրանք դուրս եկան հսկայական ծածկի տակից, բացվեց առավել զարհուրելի տեսարան: Շելլացիները, որ հպարտանում էին իրենց առատ այգիներով և դաշտերով, տեսան հրդեհով պատված անսահման տարածություն...
-Պետք է գտնել հայելիներ ու փախչել այստեղից,-ասաց Շելլ Իմասը:
-Ես վախենում եմ,-պատասխանեց Շելլ Սանը :
-Կգնտնենք հայելիներն ու կտեղափոխվենք ուրիշ աշխարհներ,-ասաց Շելլ Իմասն ու գործի դրեց մեքենան:
Նրանց հետևում երևաց երկար ու լպրծուն շոշափուկը: Կայծակի արագությամբ այն հարվածեց մեքենային: Հաջորդ ակնթարթին հարվածը կրկնվեք: Մեքենան պոկվեց գետնից և ահարկու ուժով նետվեց դեպի վառվող այգիները: Շելլ Իմասը բացեց աչքերը: Նրա կեղքին Շելլ Սանն էր` կիսված մարմնի մեջտեղից: Նրա կատարը սպիտակ էր Երկրի լեռների ձյան նման: Շելլ Սանը մահացած էր:


Շոշափուկը մոտեցավ բարին ու վերցրեց նոր կոկտեյլ: Հսկան դատարկեց այն լայն բերանի մեջ ու մի պահ քարացավ: Նրա փքված մարմնից սկսեցին ձայներ լսվել: Երկու անցքերը, որ գտնվում էին հսկայի մարմնի վերևի մասում և հավանաբար հանդիսանում էին նրա աչքերը, լայնացան: Հսկան բացեց բերանն ու գխկաց: Ինչ-որ բան այդ ընթացքում դուրս թռավ նրա մարմնից: Շոշափուկներից մեկը որսաց այն հենց օդում` կայծակի արագությամբ:
Հայելի էր:
Հսկան մոտեցրեց այն իրեն: Սկսեց ուշադիր զննել: Նա տեսավ լպրծուն մարմին, փոքրիկ ու նեղ աչքերով, նա տեսավ երկար կնճիթով արարածի, տձև և առանց վերջույթների ամեոբանման զանգվածի, հումանոիդ էակի, որն ուներ երեք գլուխներ, կարմիր կատարով շելլացու, կապույտ աչքերով սահարացու, հինգ զույգ ձեռքերով դխակիացու, մեկ գլխով, երկու ձեռքերով, երկու ոտքերով երկրացու և այլն, և այլն...
Նա նայում էր իր արտացոլանքներին: Բոլոր պատկերներում ինքն էր, ուղղակի պետք է ճանաչեր իրեն: Կճանաչի ու կհայտնվի այդ մարմնում, այդ մոլորակում, այդ համաստեղությունում: Հսկան նորից նայեց բոլոր արտացոլանքները...ոչ մի ծանոթ բան: Միայն շոշափուկներով, լպրծուն և փոքր աչքերով հսկան էր նրան ծանոթ, բայց արդյո՞ք ինքն էր դա...
Պետք է փորձել նորից: Նա փոքրիկ աչքերը չռեց հայելուն: Անցնան բոլոր արտացոլանքները: Միայն մեկն էր նրան ծանոթ, միայն մեկն էր քաշում նրան: Հսկան թուլացավ: Մարմինը թուլացավ: Հայելին նրան տարավ: Բարը, որի սրահի մեծ մասը զբաղեցնում էր հսկան, պայթեց: Պայթեց նաև արբանյակը` անէացնելով բարմենին և մանր անձրևի պես տեղալով ավիրված մոլորակի վրա:


Շելլ Իմասը նայեց հայելուն: Նա տեսավ իր արտացոլանքը` վառված կատարով, մրոտ դեմքով: Արտացոլանքը փոխվեց: Նա տեսավ զարմանալի էակների` իրարից ամբողջովին տարբեր, խորթ և օտար,  բայց միևնույն ժամանակ այնքան նման իրեն: Շելլ Իմասն ընտրեց երկու ձեռքերով, երկու ոտքերով, մեկ գլխով երկրացու պատկերը: Շելլ Իմասը ճանաչեց իրեն: Հայելին ալեկոծվեց: Շելլ Իմասն անցավ նրա մեջ:
Հայտնվեց նա ամենամեծ քաղաքում` բարձրահարկ շենքում` հարմարավետ փոքրիկ բնակարանում: Դուռը ծեծեցին:
-Օրվա թերթը,-շպրտեց նրա դեմքին փոստատարն ու հեռացավ:
Շելլ Իմասը վերցրեց թերթը, փակեց դուռն ու գնաց լուսամուտի մոտ: Երկրային քաղաքն ապրում էր իր աշխյուժ կյանքով` բոլորովին այնպես, ինչպես ապրում էին Շելլայի քաղաքները: Նա բացեց թերթը: Հոդվածներից մեկը հետաքրքեց նրան`
"…մենք ապրում ենք քաղաքում, որն ամեն վայրկյան սպանում է մեզ, ոչնչացնում է մեր անհատականությունը։ Մենք գնում ենք աշխատանքի և ընկղմվում կեղծ ժպիտների, քծնանքի, հարմարվողականության գիրկը, մենք գնում ենք ժամադրության ու ընկնում կեղծավորության և անհարմարավետության ճիրանները։ Դա հետապնդում է մեզ, սա այնն է, ինչով բնությունը վրեժխնդիր է լինում մեր քաղաքակրթությունից։ Նայեք ինքներդ ձեզ, ո՞վ եք դուք։ Մեր մերձավորներին մենք խաբում ենք, իսկ ոմանց մոտ փորձում ենք սիրալիր լինել, թշնամիներին պաշտում ենք, իսկ հարազատներին ընդհանրապես չենք ուզում։ Ո՞վ ենք մենք։ Մենք խճճվել ենք սեփական անճանաչելիության ցանցում։ Մենք արդեն մենք չենք, քանի որ մենք, այլևս չկանք։ Մեր փոխարեն լպրծուն մի զանգված է, որը փոխում է իր բնույթն աշխատանքի վայրում, ընտանիքում, իսկ առավել հաճախ նախընտրում է չունենալ ոչ մի բնույթ ընդհանրապես։ Ու իսկական օրհնանք են այս հայելիները, որոնք կորցնում են մեզ պես շատերին հեռավոր աշխարհներում։ Մարդ, ով չի կարողանում ճանաչել ինքն իրեն սեփական քաղաքում, ինչպե՞ս կարող է ճանաչել իրեն հազարավոր ռասսաների շրջապատում։ Իսկ իրեն չճանաչող մարդը գազան է։ Այսօր նա խելոք, գլուխը կախ կատարում է հասարակության առջև իր պարտավորությունները, իսկ վաղը կարող է վերածվել ամեն ինչ կործանող գիշատչի, մոլագարի, ու լավ է, եթե այդպիսինները կորեն Տիեզերքի անսահմանության մեջ, քան շարունակեն երթևեկել մետրոներում, ավտոբուսներում և ճոպանուղիներում…"
Շելլ Ինասը նայեց հոդվածի վերջը։ Գրված էր՝ “Հեղինակն անհետացել է մեկ շաբաթ առաջ”։

 Մի քանի վայրկյան Շելլ Ինասը տարվեց երկրային և շելլայական ժամանակների հաշվարկով։ Հետո նրա ափը բռունցք դարձավ՝ ճմրթելով թերթը։ Նա նայեց լուսամուտից դուրս։ Մարդկանց քաղաքին, որտեղ այդքան շատ են մոլագարները։ Նրա աչքերը լցվեցին։ Մտքում փայլում և հանգում էր վրեժի կայծը։

Sunday, April 13, 2014

Սիմբիոզ (վասն վանքաբացության և տորթաՄՈԼության)

Մրջյուններն աչքի են ընկնում խիստ կազմակերպված բարդ հասարակական կառուցվածքով, նրանք ունեն դասեր, աշխատանքի բաժանում, պատերազմներ, գերիներ, ստրուկներ և մարդկային հասարակությանը հատուկ այլ ատրիբուտներ: Ավստրալիայում բնակվող մրջյունների մի տեսակ զբաղվում է թիթեռային որդերի արածեցմամբ: Մրջյունները պահում են որդին ինչպես տնային կենդանու, օրինակ` կովի: Ամբողջ օրը, շրջապատված հովիվ մրջյուններով, որդը արածում է ծառի վրա, ուտում ամենալավ տերևները, գիրանում, իսկ երեկոյան սոված մրջյունները վայելում են որդի մարմնի վրա առաջացած մեղրային ցողերը:

Սեղանների ոտքերը ճռռում էին: Այստեղ կգնտեիր ֆրանսիական իսկական ֆուա գրա, իսպանական խորոված գոջիներ, ռուսական ձկնկիթ, էկզոտիկ կենդանիների միս, արևադարձային մրգեր, առատ աղցաններ, սառը ձկնային խորտիկներ, գոլորշու մեջ կորած խաշլամաներ, երևակայությունը գերազանցող քաղցրության թխվածքներ...ամեն ինչ լիքը, ամեն ինչ ուզածիդ չափ: Սեղանների ոտքերը ճռռում էին: Մի քանի տոննա համադամ ճաշատեսակները շոյում էին նայողի աչքը, գրգռում հոտառությունն ու արձագանք գտնում ստամոքսում խուլ գռմռոցով:
Մեքենաների շարասյունն անցնում էր ցանկապատով եզերված ճանապարհով: Սև մեքենաները սլանում էին դեպի տոնախմբության վայրը:
Ցանկապատներից նրանց էին հետևում մարդիկ: Նրանց մատները կառչած էին ցանկապատերից, իսկ աչքերը հետևում էին մեքենաների ընթացքին ագահ հետաքրքրասիրությամբ: Ժամանակ առ ժամանակ մարդկանցից մեկը կատարում էր բացականչություններ և ողջ ամբոխը թնդում էր` հազարապատիկ ուժ տալով բացականչությանն ու ազատ արձակելով կուտակված ողջ հրճվանքը: Մեքենաների անցնելու պես, ամբոխը շարունակում էր քայլել ցանկապատի տակով` նրանց ուղղությամբ:
Երբ վերջին մեքենան արգելակեց ճռռացող ոտքերով սեղանների մոտ, ցանկապատի մյուս կողմում արդեն կուտակված էին հազարավոր մարդիկ, իսկ շատ հեռվից ձգվում էր էլի հազար-հազարավորների անվերջ շարանը:
-Կեցցեե՜ն,-գոչում էր ամբոխը:
-Ապրեե՜ն,-ալեկոծվում էին վեր տնկված մրոտ ձեռքերը:
-Հալաա՜լ,-գոռում էին ծարավից չորացած բերաները:
Մեքենաների դռները բացվում էին: Փայլուն կոստյումներով թիկնեղ տղամարդիկ և ոսկյա մազերով պսպղուն կանայք դուրս էին գալիս սև մեքենաներից ու բարի հայացքներն ուղղում դեպի իրենց ողջունող մոխրագույն ամբոխը:
Հավաքված մարդկանց վերջին շարքերից մի հոգի, ուսերով և ձեռքերով ճանապարհ բացելով, գալիս էր դեպի ցանկապատը: Շնչառությունը նրա ծանր էր, իսկ աչքերն անտանելի լարվածությունից խավարած:
-Զգու՛յշ, հեյ,-ասաց մեկն ում ոտքի վրա կանգնեց խելառի պես առաջ շարժվողը:
-Սրա նմաններն են մեր տոները փչացնում:
-Կներեք,-ասաց շտապողը մեքենայաբար,-կներեք:
-Եկել ես, որ ի՞նչ անես, հանգիստ կանգնիր գոնե,-ասաց նրան ինչ-որ մեկը:
-Կներե՛ք, ճանապարհ տվե՛ք, մերսի...կներե՛ք:
-Գնա՛, գնա՛:
Ցանկապատին ավելի մոտ ամբոխը կանգնած էր բետոնի պես խիտ: Նա հասավ շնչակտուր եղած: Մի պահ կանգ առավ, շունչ քաշեց: Նայեց շուրջ բոլորը: Աչքերը որսացին դարչնագույն մազերով ծանոթ գլուխը: Խոր շունչ քաշեց ու կատարեց վերջին քայլը:
-Հեյ, գնա՛նք,-ասաց նա` ձեռքը գցելով կնոջ ուսին: Կինը շուռ եկավ: Դարչնագույն մազերը քրտինքից թացացել, կպել էին ճակատին:
-Գնա՛նք,-կրկնեց նա: Աչքերը պարզացել էին, բայց շնչառությունը դավաճանում էր: Օդ այլևս չկար:
-Էստե՜ղ ես,-ուրախացավ կինը,-տես հիմա ճառն ասեց, իսկ հիմա տիկինը կպարի:
-Պետք է գնալ այստեղից:
-Ի՞նչ ես խոսում, հիմա պարում է տիկինը, իսկ հիմա կերգի այ էն մորուքովը:
-Էստեղ մեր տեղը չի, ամոթ է, գնա՛նք,-ասաց համոզելով:
-Ախր երգում է, տե՛ս:
-Հիմա կսկսվի, սա անխղճություն է, գնա՛նք:
Կնոջ դեմքը սառեց, աչքի տակով դողաց նյարդը:
-Ես հոգնեցի,-ասաց նա,-ես հոգնեցի քեզնից, թո՛ղ ինձ:
-Գն..
-Թո՛ղ: Ի՞նչ ես ուզում անել, ինչու՞ չես թողնում ուրախանանք, տոն է, բոլորն են ուրախանում, ապա տե՛ս սեղանները, հիմա, հիմա կբացեն ցանկապատը,-ասաց կինը` հետ տանելով դարչնագույն մազերը:
-Ամո՛թ է, ԱՄՈԹ,-մռնչաց նա:
-Ամոթը սոված մնալն է, տոները չնշելն ու..
-Ախր սա անխղճություն է, բարբարոսություն, մենք ի՞նչ իրավունք ունենք դրանց ձեռք տալու, մենք ո՞վ են, նրա՞նք են մեզ ընտրել:
-Մենք ենք նրանց ընտրել,-պատասխանեց կինը,-ու իրավունք էլ ունենք:
-Ամոթ է...
-Տե՛ս արդեն ծափահարություններն են, արդեն կսկսվի, պատրա՞ստ ես:
-Պետք չէ...
Ամբոխը սեղմվեց: Ցանկապատները հետ գնացին: Փայլուն կոստյումներով թիկնեղ տղամարդիկ և ոսկյա մազերով պսպղուն կանայք նորից նստեցին մեքենաները: Շարասյուն կազմելով` մեքենաները սլացան հեռու` թողնելով իրենց հետևից փոշու թանձր ամպը:
Ցանկապատները բացվեցին: Մարդկային լավան խուժեց ներս: Ճռռացող ոտքերով սեղանները սպասում էին նրանց:
Ուսերով դիմադրել մարդկանց հոսքին չստացվեց: Նրան շպրտեցին մի կողմ, հրեցին հետ և կորցրեցին անվերջ եկողների շարքերում: Օդը դադարեց գոյություն ունենալ: Աչքերը որսացին դարչնագույն մազերով գլուխը տապակած թառափի և սերուցքային տորթի արանքում: Աչքերը խավարեցին:

Ավստրալիական մրջյունների և թիթեռային որդի սիմբիոզը (համակեցությունը) ունի հետաքրքիր յուրահատկություն: Որդերն այնքան են "տնայնացվում" մրջյունների կողմից, որ նույնիսկ փոխակերպման ակտը, երբ որդը վերածվում է թիթեռի, հենց մրջնաբունում է տեղի ունենում:

Wednesday, April 9, 2014

ՇՈՂՔԻ ՑՈՒՑԱԿԸ

Ամեն առավոտ սկսվում է այսպես: Քվեարկությունը կատարվում է հենց զինանոցում, ընտրում ենք հրամանատարին: Այսօր հետներս մի նորեկ է, կաթից նոր կտրված մի փսլնքոտ ու հետներս պիտի տանենք Հատված` ընտրություն վերահսկելու:
Զինանոցի քվեարկությունն ավարտվում է: Ընտրվում եմ ես: Ես` ուրեմն ես: Հրամանատար` ուրեմն հրամանատար: Որպեսզի ցույց տամ վճռականությունս, իջեցնում եմ սաղավարտիս ապակին ու շրխկացնելով լիցքավորում եմ ավտոմատս: Կապիտան` ուրեմն կապիտան:
Վաշտի ընտրությունները կարևոր են մանավանդ մարտական առաջադրանքից առաջ: Ինչպես դուրս գաս զորանոցից, անցնես քաղաքի փողոցներով, հսկես տեղական կամ դաշնային ընտրությունները, եթե վստահ չես, որ քո շարքերում չկա Շողքը: Եթե քվեարկությունն անցնում է նորմալ, ուրեմն շարքերը մաքուր են: Եթե ստացված ձայների ընդհանուր քանակը նույնն է, ինչ մարտիկների քանակն է, ուրեմն Շողքը չկա: Ինչը չես ասի Հատվածում տեղի ունեցող ընտրությունների մասին: Բոլորը գիտեն, որ Շողքն ամենից հաճախ հանդիպում է հենց այնտեղ, իսկ ինչու հենց այնտեղ` դա չգիտի ոչ ոք: Իմ վաշտի մարտիկները փորձառու են: Բոլորն էլ եղել են Հատվածում, վերահսկել են ամենատարբեր ընտրություններ` սկսած շենքի լիազորից մինչև թաղապետ ու շատերը նույնիսկ առերես հանդիպել են Շողքին, զգացել մաշկը փշերի վերածող վախն ու դատարկել ավտոմատները Շողքի ֆանտոմային մարմնի մեջ: Շատերը, բայց ոչ այս նորեկ կաթնակերը: Նրա համար այսօր կլինի առաջին մարտական առաջադրանքը: Նա շփոթված է երևում, բայց հայացքում զգացվում է պատրաստակամությունը: Վեց ամիս հատուկ պատրաստվածության դասընթացներ, երդմնակալության արարողություն, որտեղ նա ձեռքը Սահմնադրությանը դրած երդվել է պաշտպանել Համընդհանուր Ժողովրդավարական կարգը Շողքից: Շողքն է մեր հասարակարգի միակ ու ամենավտանգավոր թշնամին, նա` ով միջամտում է ընտրություններին` խախտելով ընտրողների կամքը, խախտելով ընտրական բալանսը` ուստի նաև կարգի հիմքը: Ամենակարևոր ընտրություններում Շողքը կարող է անցնել թեկնածուներից մեկի կողմն ու նրա օգտին իջեցնել ձայների նժարը: Որտեղի՞ց է առաջացել այդ Շողքը: Դրա մասին առասպելները շատ են ու հին, ինչպես ավազի հատիկները ծովի ափին:

Հատվածը մնացած քաղաքից անջատված է կամրջով: Կամուրջն անցնելուց հետո երկու աշտարակ-բարձրահարկերն են: Վերջին անգամ Հատվածի թաղապետի ընտրությունների ժամանակ Շողքը հանդիպել էր տասնյակ ընտրատեղամասերում, խառնել բոլոր ընտրական ցուցակները, կեղծել հազարավոր քվեներ: Իրավիճակն այդ օրերին այնպիսին էր, որ Հատվածում մտցվել էր հատուկ դրություն, սահմանվել էր պարեկային ժամ: Շողքի որսին մասնակցում էին ոչ միայն հատուկ նշանակության վաշտեր, այլ նաև էկտոպլազմային որոնող ֆանտոմ-ռոբոտներ, մոգեր և էքստրասենսներ: Շողքն էլ այնքան էր ակտիվացել, որ միջամտել էր նույնիսկ Հատվածում գտնվող զինվորական  ուժերի հրամանատարի ընտրությանը; Քվեարկության ժամանակ, որին մասնակցում էին ընդամենը տասնհինգ բարձրաստիճան զինվորականներ, նա հաջողացրել էր երեք անգամ խաղնել քվեները, բաշխելով հարյուրական ձայն բոլոր թեկնածուներին, անվավեր դարձնելով քվեաթերթիկները, փոխելով թեկնածուների անունները; Պահանջվել էր բոլոր հնարավոր միջոցների համակարգված աշխատանքը` Շողքին Հատվածից դուրս վանելու և նորմալ ընտրություններ անցկացնելու համար:
Մեր մեքենան անցավ կամրջի վրայով, անցավ աշտարակ-բարձրահարկների տակով և մտավ Հատված: Մենք թեքվեցինք Հատվածի գլխավոր փողոցից ու դիրքավորվեցինք մեզ համար նախատեսված ընտրատեղամասում: Իմ մարտիկները տեղեր զբաղեցրեցին տեղամասի եզրագծով մեկ, երեք հոգու կարգադրեցի դիրքավորվել կտուրում, երեքական հոգի էլ տեղավորվեցին ընտրատեղամասի առաջին և երկրորդ հարկերում:
-Դու կմնաս հետս,-ասացի նորեկին: Նա գլխով արեց ու պինդ սեղմեց ավտոմատը: Եկան ընտրական հանձնաժողովի անդամները: Բոլորս շունչներս պահեցինք, երբ հանձնաժողովականները սկսեցին ընտրել իրենց ղեկավարարին: Հավանականությունը, որ Շողքը կարող է միջամտել հանձնաժողովի նախագահի ընտրություններին քիչ են այնքան, ինչքան վաշտի հրամանատարի ընտրությանը: Բայց մենք գտնվում էինք Հատվածում:
Քվեները հաշվեցին: Խախտումներ չկային: Շունչներս քաշեցինք: Ընտրությունները սկսվեցին:

Արևը վաղուց թեքվել էր դեպի արևմուտք: Հատվածի աշտարակ-բարձրահարկները ողողված էին կաթնա-վարդագույն երանգներով: Լսվում էին կրակոցներ արևելյան փողոցներից, Հատվածի տարբեր մասերից բարձրանում էին սև ծխի սյուները, ամայի փողոցներով սլանում էին ֆանտոմ-ռոբոտները` որոնելով Շողքին:
-Անունդ ի՞նչ է,- հարցրեցի նորեկին:
-Ար..Արտակ,- ասաց նա կմկմալով:
-Ավելի հստա՛կ,-ասացի:
-Արտակ Նիգենց, պարո՛ն հրամանատար:
-Տեսնու՞մ ես ինչ է կատարվում,-ասացի ես` պարզելով մատս դեպի դիմացի պատը: Նորեկը նայեց մատիս ուղղությամբ: Պատը քրքրված էր գնդակներով: Մի ծայրը պոկված` պատից կախված էր տեղամասի ընտրողների ցուցակը: Նորեկի դեմքը սառեց, բիբերը լայնացան, գլխի մազերը բիզ-բիզ կանգնեցին: Այն ինչ կատարվում էր ցուցակի հետ զարհուրելի էր: Անունները ջնջվում, հայտնվում նորից, ավելանում էին նորերը, կորում հները, փոխվում տեղերով: Հետո ինչ-որ բան փոխվեց, ողջ ցուցակը լցվեց մեկ անվամբ: Գալուստ Կարասյան: Այդ անունը սկսեց անցնել ցուցակի բոլոր տողերով, սկսեց թարթել նվագարկիչի լուսային ցուցիչների պես` ասես պարելով անլսելի երաժշտության տակ:
-Դու հիմա կկրակես աջ կողմից ու կփակես դեպի դուռը տանող ճանապարհը, իսկ ես կմոտենամ այս կողմից ու կբռնեմ դրան,-ասացի ես:
-Կրակե՞մ,-կմկմաց նորեկը:
-Իմ հրամանով:
Ես բացեցի պայուսակն ու հանեցի էկտոպլազմային ցանցով բալոնը: Փչեցի այն տարածության մեջ և քիչ անց ձեռքերիս մեջ հայտնվեց կիսաթափանցիկ ցանցը` շատ նման ձկնորսականի:
-Կրա՛կ,-ասացի ես: Նորեկն իջեցրեց ձգանը: Սենյակը թնդաց կրակոցների շարանից: Ես պոկվեցի տեղիցս ու նետեցի ցանցը ցուցակի ուղղությամբ: Շատ բարձր, գրեթե ուլտրաձայնային ճիչ, խլացրեց ականջներս: Ցանցն ընկավ գետնին: Նրա մեջ թպրտում էր անտեսանելի Շողքը:

Շողքին տեղափոխեցին գլխավոր ռազմական շտաբ: Կատարված հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ Շողքի ծագման առեղծվածը: Շողքը հին էր, նա ապրում էր դեռ այն ժամանակներում, երբ նոր էին ընդունվել Ժողովրդավարական Սկզբունքներն ու նոր էին անցկացվում առաջին ընտրությունները: Շողքի անունը Գալուստ Կարասյան էր և մահացել էր նա դեռ այդ ժամանակներում, սակայն հարություն էր ստացել մի շարք չարագործների ձեռքով, ովքեր ընտրությունները կեղծելու համար, ավելացրել էին ընտրողների ցուցակում հանգուցյալի անունը: Հնարավոր է, որ այն ժամանակ օգտագործվել էր ինչ-որ սև մոգություն, ինչի հետևանքով Շողքը կտրվել էր հանգուցյալների աշխարհից ու ընդմիշտ մնացել այստեղ` բնակվելով տարբեր ընտրացուցակներում:
Նրա ճակատագրի վերաբերյալ կային երկու տարբերակներ: Մեկը` տեղադրել նրան հատուկ էկտոպլազմային վանդակում և խնամել, մինչև կմշակվեն տեխնոլոգիաներ նրան հանգցյալների աշխարհ հետ ուղարկկելու համար, մյուսը` անմիջապես ոչնչացնել ֆանտոմային դաշույնով: Կատարվեց քվեարկություն: Շողքը խախտեց ընտրության կարգը, խառնեց բոլոր ձայները, առաջացրեց իրարանցում և կարողացավ փախչել գլխավոր շտաբի շենքից:
Հիմա նա նորից դրսում է:

Ինչ-որ տեղ` ընտրացուցակների մեջ:

Sunday, April 6, 2014

N բանը...

Ժողովի սրահում, որը գտնվում էր բարձրահարկ հյուրանոցի ամենավերին հարկում, լռություն էր տիրում: Մասնակիցները` մեծ մասամբ հիսուննանց և հաստափոր տղամարդիկ, լուռ էին և մռայլ, ինչպես լինում են գորշ ամպերն ամպրոպից առաջ: Ժամանակ առ ժամանակ նրանցից ինչ-որ մեկը խոժոռ հայացքը դարձնում էր հսկայական պատուհանից այն կողմ և նորից ընկղմվում անվտանգ լռության մեջ: Ինչպե՞ս խոսել, ինչպե՞ս սկսել, ինչպե՞ս վարվել, երբ դա արդեն կա, դա կախված է քաղաքի վրա, դա տեսնում են բոլորը:
Լռությունը պետք էր խախտել: Ժողովն այլևս կարելի էր համարել չեղյալ, եթե լռությունը չխախտվեր: Գցելով հայացքը մեծ պատուհանից դուրս և խորն արտաշնչելով` առաջինը խոսեց նախագահը:
-Սրա մասին պետք է ոչ ոք չիմանա:
Լարվածությունն ընկավ: Շատերը շունչ քաշեցին: Ոտքի ելավ կապի նախարարը, ում տեսքն ամպամած էր հաստ կնճիռների շողքերով:
-Ինչպե՞ս, ինչպե՞ս կարող ենք ոչ ոքի չասել, եթե սա կախված է քաղաքի վրա: Ապա մի նայեք,- նա ցույց տվեց լուսամուտից դուրս,-նայե՛ք: Բոլորը խոսում են "էն" բանի մասին, բոլորի շուրթերին միայն դա է:
Նախագահը բան չասաց: Իրավիճակը նրան հասկանալի էր: Հասկանալի էր, սակայն, նաև այն, որ "Էն" բանը վտանգ է ներկայացնում ողջ պետականությանը:
-Կազմակերպենք հատուկ էսկադրիլիա, հարձակվենք բոլոր ուժերով ու ռմբակոծենք դա գրողի ծոցը,-ասաց պաշտպանության նախարարը նստած տեղից:
-Ռմբակոծել քաղաքու՞մ,-բացականչեց քաղաքապետը,-ուզու՞մ եք անիծել քաղաքի հերը: 
-Քաղաքում ապրում են մարդիկ, պարոն նախարար, ռմբակոծելն ուշադրություն է գրավելու: Պատկերացնում եք: Ավելի լավ է միանգամից պատվիրել գովազդային վահանակներ` "Ահա այն` "ԷՆ" բանը",-ասաց կապի նախարարը:
Նախագահն այլայլվեց:
-Սրա մասին ոչ ոք չպիտի իմանա,-ասաց նա մռնչալով:
Մի պահ լռությունը կրկին սպառնաց կախվել ժողովի սրահում, սակայն պատգամավոր Իսախանյանի ճռճռան ձայնը ցնցեց բոլորի ուշադրությունը:
-Դու՛ք եք մեղավոր,-նա պարզեց բարակ ձեռքը ծուռումուռ ցուցամատով դեպի նախագահը,-Դու՛ք: Բալորն ասում էին` մի՛ ստորագրեք, մի՛ գնացեք, մի՛ համաձայնվեք, բայց դուք արեցիք դա: Եվ ահա՛, խնդրե՛մ,-նա գլխով նշան արեց դեպի մեծ լուսամուտը,-սա այժմ կախված է բոլորիս վրա:
Նախագահը շփոթված նայեց ներկաներին` փնտրելով որևէ աջակցություն: Սակայն, բոլորի դեմքին մռայլ ամպեր էին, բոլորի շողքերում զգացվում էր լուռ մեղադրանքը:
- Ուրեմն մեղադրում եք, հա՞: Դուք, որ բոլորդ իմ շողքի տակ եք սողում, որ բոլորիդ բաժին եմ հանում, որ բոլորիդ կերակրում եմ:
Նրա ճմռթված բռունցն իջավ սեղանին: Սեղանը որոտաց:
-Սրա մասին,-թնդաց նախագահի ձայնը,-պետք է ոչ ոք չխոսի:
Սրահը սառեց: Լռությունը հաղթանակած լցրեց ողջ տարածությունը: Ամենքը սուզվեցին անհարմար խոհերի մեջ:
Ինչպե՞ս լինել: Ի՞նչ անել: Ինչպե՞ս բացատրել:
Նորից խոսեց նախագահը:
-Սա հիմա կախված է բոլորիս վրա: Սա սպառնում է բոլորիս: Սկսած հյուրանոցի դռնապահից մինչև ես: Սա,-նա մեկնեց ձեռքը դեպի մեծ պատուհանը,-մեր համընդհանուր խնդիրն է, որի մասին, ոչ ոք պետք է չիմանա: Ոչ ո՛ք:
Նա ծանր քայլերով պտույտ կատարեց սեղանի շուրջ: Մոտեցավ մեծ լուսամուտին: Աչքերը վախվորած նայեցին երկնքին: Այն, ինչ կախված էր երկնքից, սարսափազդու էր: Ներքևում վազվզում էին փոքրիկ մարդիկ` իրենց փոքրիկ գործերով, փոքրիկ ընտանիքներով և փոքրիկ տներով: Այն, ինչ կախված էր երկնքից, սպառնում էր փշրել նրանց օրակարգը, ջարդուխուրդ անել նրանց առօրեան և խափանել նրանց ծրագրերը: Այդ վտանգը, որը նրանք կոչում էին "Էն բանը" կարող էր ընկնել ցած և փոխել ամեն ինչ, ցանկացած պահի, դույզն ինչ չարգելակելով, շեշտակիորեն և միանշանակ: Եվ վերջ: Մի ամբողջական, համատարած վերջ, որ կլիներ դրանից հետո: Չէր էլ լինի, քանի որ չի կարող լինել մի բան, որը հենց վերջն է:
-Սրա մասին պետք է բոլորը լռեն,-ասաց նախագահը`պոկվելով մեծ պատուհանից,-Այո՛, սա կա: Սա բոլորը տեսնում են, բայց ոչ ոք չպետք է սա նկատի, սրա մասին պետք է մոռանալ: Պետք է լեգենդ: Լեգենդ այն մասին, որ Վերջը չի լինելու, որ Վերջը հետաձգվում է:

"Օդերևութաբանական ծառայությունը շտապում է տեղյակ պահել մեր սիրելի քաղաքի բոլոր բնակիչներին, որ տարօրինակ մթնոլորտային երևույթը, որի ականատեսն ենք մենք լինում վերջին օրերին, ոչ այլ ինչ է, քան սովորական ամպամածություն: Սև զանգվածը, որ կախված է մեր քաղաքի վրա ընդամենը գորշ ամպերի կուտակում է` պայմանավորված յուրահատուկ գրավիտացիոն անոմալիայով, որն իր հերթին արդյունք է Արեգակի վրա տեղի ունեցող մագնիսական փոթորիկների: Օդերևութաբանական ծառայությունը հավաստիացնում է, որ այն, ինչ դուք տեսնում եք, ընդամենը ամպ է: Սովորական ամպ: Իսկ ամպերն այս կյանքում գալիս են և գնում: Կգնա նաև այս ամպը, ինչպես մինչ այժմ գնացել են մյուսները: Շարունակեք զբաղվել ձեր գործերով և երբեք մի նայեք երկինք, երբ այն ամպամած է":