Friday, July 5, 2013

Ժամանակ չկա

Հյուրին տանում էին զրահամեքենայով` շրջապատված ռազմական ամենագնացներով: Ճանապարհ անցնում էր քաղաքի փողոցներով և տանում էր դեպի բլուրը, որի վրա վեր էր խոյանում հեռուստաաշտարակը:
-Այս ամենն արվում է ձեր ապահովության համար,-ասում էր զրահամեքենայի մեջ նստած սերժանտը: Հյուրը, որ փաթաթված էր իր չափերի համար ակնհայտորեն մեծ անձրևանոցի մեջ, լուռ նստած էր նրա դիմաց,-հիմա մեր փողոցներն այնքան էլ անվտանգ չեն:
Հյուրը, որ մինչ այդ չէր բարձրացնում գլուխը մեքենայի հատակից, ուղղեց իր չափազանց մեծ աչքերը սերժանտին:
-Ինձ պետք է եթեր,-ասաց նրա մետաղական ձայնը` համեմված ինչ-որ տեխնիկական առոգանությամբ,-ես ունեմ հայտարարություն:
-Ձեզ խոստացել են եթեր, ուրեմն կտան,-պատասխանեց սերժանտը:
-Եթերը պետք է շուտ, ժամանակ շատ չկա,-ասաց Հյուրը:
-Մենք արագ ենք գնում, ուր որ է կհասնենք,-հաստատեց սերժանտը:
-Լավ է,-ասաց Հյուրը կարծես ինքն իրեն,-ժամանակ չկա:


Հեռուստաաշտարակի տակ ունիվերսալ պավիլիոնն էր: Հսկայական, մի քանի ֆուտբոլային դաշտի մեծությանբ կառույցը` ծածկված թիթեղյա կտուրով, մռայլ էր ու անհյուրընկալ: Զրահամեքենան և ամենագնացները տեղավորվեցին պավիլիոնին հարող կայանատեղում` ահռելի չափերի հասնող դարպասների մոտ: Դարպասների վրա կային ավելի փոքր դռներ ևս` նախատեսված մարդկանց ելումուտի համար: Դրանցից մեկից էլ դուրս եկավ եթերային ռեժիսոր Սարգսյանը` անփույթ հագնված, ականջից մինչև բերանն իջնող լսափող-բարձրախոսով, որը խճճվել ու սերտաճել էր խուճուճ մազերի և գզգզված մորուքի մեջ:
-Ու՞ր է ձեր Հյուրը,-ասաց նա առանց որևէ ձևականություննների`  քայլերն արագ ուղղելով դեպի զրահամեքենայի մոտ կանգնած սերժանտը:
-Նա ներսում է,-ասաց սերժանտը:
-Շատ լավ, նա կգա մեզ հետ, դուք նույնպես, իսկ մնացած բոլորն ազատ են:
-Մենք հրաման ունենք հսկել Հյուրին ամենուր:
-Իսկ ես ունեմ լիազորություն ոչ մեկի չթողնել հեռուստապավիլիոն, նույնիսկ անձամբ Նախագահին, ձեր հյուրը, հաշվեք, բացառություն է: Ո՞ւր է նա:
Սերժանտը մոտեցավ զրահամեքենայի դռանը, նշան արեց: Հյուրը հայտնվեց իր մեծ անձրևանոցի մեջ փաթաթված: Կապիշոնը ծածկում էր նրա արտասովոր մեծ գլուխը:
-Սա է՞,-զարմացած հարցրեց Սարգսյանը:
Սերժանտը գլխով արեց:
-Դե ինչ...ես ճիշտն ասած ավելի տեսարժան տեսարան էի սպասում...իսկ դուք վստա՞հ եք, որ սրա համար կարգադրված է եթերաժամանակ հատկացնել:
-Կառավարության որոշումն է,-պատասխանեց սերժանտը: Մի պահ հապաղելուց հետո ավելացրեց,-նրանց երևի տպավորել են այն տեխնոլոգիաները, որոնցով հագեցված է Հյուրի փոխադրամիջոցը...
-Լսել ենք, ոչ մի արտասովոր բան չկա, սովորական միջուկային արագացուցիչներով շարժիչներ են, ոչ մեկին չես զարմացնի, եթեր տալուց հետո էլ միայն ռեյտինգները կգցես:
-Ամեն դեպքում որոշվել է եթեր տրամադրել Հյուրին:
Հյուրը բարձրացրեց իր բարակ ձեռքերը: Մեծ անձրևանոցի թևքերը հետ գնացին, ի ցույց դնելով ոսկորոտ և մոխրագույն վերջույթները: Երկար մատները, որ երեքական էին ամեն ձեռքի վրա, հետ քաշեցին կապիշոնը: Սարգսյանին և սերժանտին նայեցին խոշոր կանաչ աչքերը:
-Ես ունեմ հաղորդագրություն, ուղղելու ձեր քաղաքակրթությանը,-ասաց նա իր մետաղական ձայնով,-ես եկել եմ խաղաղությամբ:
-Զառանցանք,-ասաց Սարգսյանը, ափերի մեջ առնելով իր բրդոտ գլուխը,-և այսպիսի զառանցանքը պետք է տանք եթեր:
-Ժամանակ չկա,-ավելացրեց հյուրն` արհամարհելով Սարգսյանի ասածը:


Պավիլիոն մտնելուց անմիջապես հետո Հյուրը սպիպված եղավ չոքել գետնին: Դարպասներից ձախ, արհեստական նյութերից պատրաստված այգում, ընթանում էր իսկական հրաձգություն:
-Պիտի հետ տաս էդ փողերը, ,արա՛:
-Դրանք քո փողերը չեն, ի՛մն են,-լսվում էր կրակահերթերի արանքում: Կրակոցները կատաղի էին, պավիլիոնի հատակն այդ մասում ողողված էր կարմիր հեղուկով, մարդկային մարմնի պատառոտված մասերով, կեղծ թղթադրամներով:
-Նա արեց տակը,-ասաց սերժանտը Սարգսյանին,- չի դիմանում բռնությանը:
Սարգսյանը նայեց գետնին նստած Հյուրին: Իրոք որ: Նա նստած էր ինչ-որ մանուշակագույն հեղուկի մեջ:
-Ստոպ,-գոռաց ինչ-որ մեկը և կրակահերթերը դադարեցին:
-Լավ է, այս անգամ ավելի լավ, բայց դեռ աշխատելու տեղ կա, նորից ենք փորձում, գոռա ավելի բարձր, ատելություն տու՛ր ձայնիդ, ավելի գժավարի կրակի, կրակի՛, մորթի՛, փռի՛ արևին, մի՛ խնայի, էնպես կրակի, որ աղիքները խաղնվեն իրար:
Սերժանտը նայեց Սարգսյանին վատ թաքցված հիացմունքով:
-Նոր սերիալի նկարահանումներ են,-բացատրեց ռեժիսորը:
Հյուրը նորից ոտքի կանգնեց, նայեց դեպի արհեստական այգին: Աչքերը սառեցին  գետնին ընկած մարդկային մարմնի մասերին:
-Ժամանակ չկա,-հազիվ լսելի մետաղական ձայնով ասաց նա:

Ճանապարհին` մինչ կհասնեին լրատվական բաժնի տաղավարներին, ստիպված եղան մի քանի անգամ դադար առնել: Հատկապես երկար դադարը տևեց "Եզության Գոտի" հաղորդաշարի տաղավարի կողքով անցնելիս, որտեղ կատաղած զոքանչը գերի էր վերձրել թոռներին և սպառնում էր փեսային ջարդել երեխաների գլուխները, եթե նա չվճարի ալիմենտներ: Այդ տաղավարի կողքով անցնելիս Հյուրը սկսեց դողալ և նրա փոքրիկ բերանից ծորաց մուգ կապույտ լորձը:
-Ժամանակ չկա,-խռպոտաց նա:
Անցան չորս-հինգ հեռուստաֆիլմերի նկարահանման հրապարակներով էլ: Մի տեղ հյուրին թվաց, թե ֆիլմի հերոսն իրեն է դիմում` "Ո՞վ ես դու, սրիկա՛, որ եկել ես ստեղ ու քո օրենքն ես ուզում առաջ տանել": Հյուրը շփոթվեց և արեց առաջին մտքին եկած ժեստը, որ պետք է նշանակեր խաղաղություն: Նա բարձրացրեց երկու մատը: Ֆիլմի հերոսը սակայն կրակեց նրա ուղղությամբ խաղալիք ատրճանակով:
-Ամենառեյտինգային ֆիլմն է,-ասաց Սարգսյանը հիացմունքով`  դիմելով սերժանտին:
Լրատվական բաժնի մոտ կար մեկ այլ տաղավար` եզերված սև և կարմիր սրտիկներով: Հյուրին ծանոթ էր "սիրտ" նշանի խորհուրդը: Նա պարզեց ձեռքը դեպի սրտերն ու փորձեց ինչ-որ բան արտաբերել, բայց չհասցրեց: Տաղավարում հայտնվեց սև երկարաճիտ կոշիկներով մի կին, ում ձեռքում կար փշերով զարդարված մահակ: Նրա հետևից, չորեքթաթ սողալով տաղավար մտավ տղամարդը:
-Հիմա ես քեզ կպատժեմ, կեղտոտ, հիմար այլանդակ,-ասաց կինն ու սկսեց հարվածել տղամարդուն:
-Ժամանակ չկա..,-շշնջաց Հյուրը,-եթերը պետք է արագացնել...
-Սա էլ չի զիջում ռեյտինգով,-ասաց Սարգսյանը հպարտությամբ,- իմ սեփական միտքն է: Ողջ աղն ու համը նրանում է, որ այս մարդկանց մենք այստեղ ենք բերում իրենց կամքին հակառակ և տանջում ենք ամենաիսկական կերպով: Սադո-մազո շոու:
-Ժամանակ չկա...,-կրկնեց Հյուրը:
-Սպանեցիր քո ժամանակով,-անսպասելի բղավեց Սարգսյանը,-մեր ալիքն աշխատում է շուրջօրյա, ժամանակ միշտ կա:
-Հիմա...եթեր...
-Հիմա կմտնես եթեր, պետք է սպասել, որպեսզի վերջանա լրահոսը, իսկ մինչ այդ քեզ կարգի կբերեն, բարձրախոս կտան:
Լրատվական տաղավարում սկսվեցին աշխատանքները: Հյուրին շրջապատեցին դիմահարդարներն ու տեխնիկները: Նրա դեմքը գրիմի չենթարկվեց մաշկի առանձնահատկության պատճառով, բայց ստացվեց բարձրախոս ամրացնել նրա ձեռքից:
-Ժամանակ չկա...
-Պետք է սպասես, որ մեր հաղորդավարը վերջացնի կարդալ ամենահրատապ նորությունները:
Հյուրը դարձրեց գլուխը դեպի հաղորդավարը: Դա երիտասարդ տղամարդ էր` փայլուն մազերով և ժպտացող դեմքով: Նա խոսում էր արագ-արագ` թվարկելով նորությունները.
-Ավստրալիայում տեղի են ունեցել աբորիգենների զանգվածային բռնաբարություններ, Կոլորադո նահանգում երեխան սպանել է հորն ու երեք ամսական եղբորը, Մոսկվայում սափրագլուխները վառել են հավատացյալներով լի մզկիթը, ձախ հեղափոխականներն Արգենտինայում հարձակվել են նախարարի ընտանիքի վրա և սպանել բոլորին, երեկ Երևանի կենդանաբանական այգում պատահաբար սպանվել է աշխարհում մնացած վերջին մուֆլոնը, Աֆրիկյան Երկրների Միությունը որոշել է կառուցել տիեզերական մերձուղեծրային արհեստական արոտավայրեր: Նախագծի համար ֆինանսավորում գտնելու համար նախատեսվում է կրճատել որոշ երկրների բնակչությունը մինչև հինգ անգամ...
-Ժամանակ չկա...եթեր...
-Երեկ հայտնի դարձավ Անգլիա-Բելառուս ֆուտբոլոյին հանդիպման ժամանակ հարավային տրիբունան պայթեցրած դեռահասի անունը...
-Դուք խեղդվում եք...տվեք ինձ եթեր..եթե...եթ...
Հյուրի գլուխը կախվեց; Ձեռքրն անուժ կախվեցին փոքրկ մարմնի կողքերով:
-Սա արդեն բանի նման չէ, նա ինչ է, սատկե՞ց,-հարցրեց Սարգսյանը:
Սերժանտը մոտեցավ Հյուրին:
-Չի շնչում...
-Ուրեմն: Ինձ հրահանգել էին եթեր տալ ԿԵՆԴԱՆԻ Հյուրին, այդպես չէ՞:
-Այո..
-Դե ուրեմն վերցրեք ձեր այլմոլորակային դիակն ու ռադ եղեք այստեղից:
-Կարելի՞ է ես էլի գամ..հետո..մասնակցելու հաղորդումներից մեկին,-հույսով հարցրեց սերժանտը...
-Կմտածեմ...իսկ հիմա տարեք այստեղից սրան:

P.S.

Քաղաքից եռեսուներեք կիլոմետր հեռավորությամբ կանգնած էր Հյուրի տիեզերանավը: Նրա մասին արդեն մոռացել էին, քանի որ աշխարհը լի էր ամենաբազմազան և հետաքրքիր նորություններով և զվարճանքներով: Տիեզերանավի ներսում, միջուկային շարժիչների արանքում աշխատում էր ժամացույցը, կատարելով հետ հաշվարկը...00:59...00:58...00:57...Ժամանակ չկա:


Պատմվածքը տպագրված է "Հայկական Ժամանակ" օրաթերթում.