Thursday, October 15, 2015

ՉՈՐՐՈՐԴ ՄԱՀԱՓՈՐՁԸ

Մեքենան բախվել էր ծառին: Դիմացի մասը ամբողջովին ճզմվել էր, թիթեղները կնճռոտվել էին` քերծելով պատկառելի տարիքով ծառի կեղեւը: Մեքենայից ծուխ էր ելնում: Դիմապակին ամբողջովին ճաքած էր, բաժանված միլիոնավոր բյուրեղների խմբի, որոնք, խճանկար կազմած, ասես սպասում էին լրացուցիչ մի հարվածի եւս, որպեսզի դուրս թռչեն`շաղախելով ծառին բախված մեքենայի շուրջը:
Սեւ դիմակներով երկու հոգի մոտեցան մեքենային: Նրանցից մեկը, ում ավտոմատից դեռ շարունակում էր դուրս գալ վառոդի ծուխը, նշան արեց` ստուգել` արդյո՞ք մահացել են ուղեւորները: Երկրորդ դիմակավորը նայեց մեքենայի կողապակիներից ներս: Մահացած են` նշան արեց երկրորդը: Ստուգի'ր` նորից հրահանգեց առաջինը: Երկրորդը, բարձրացնելով դիմակը, գոտկատեղից հանեց խլացուցիչով ատրճանակը եւ կրակեց մեքենայում գտնվող երեք ուղեւորներից երկուսին: Երրորդին էլ` նշան արեց ավոմատավորը: Ժամանակ չկա` նյարդային շարժում արեց երկրորդ դիմակավորը` պետք է գնալ, հաստատ մահացած են: Նա գլխով ցույց տվեց երրորդ ուղեւորին, ում կրծքավանդակը ծառի հետ բախման հարվածից պատռվել-ճզմվել էր, եւ երեւում էր, թե ինչպես է կողոսկրներից մեկը մխրճվել սրտի մեջ: Գնացինք` համաձայնեց ավտոմատավորը:
***
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին քննիչ Օհանյանը կարգադրեց առանձնացնել Պետի դիակը, իսկ նրա օգնականի եւ վարորդի մարմինները ուղարկել հիվանդանոց` դատաբժշկական փորձաքննության:
- Իսկ Պետը՞,- հետաքրքրվեց բժշկուհի Սողոմոնյանը:
- Նրա մարմինը կուղեկցեմ ես, մյուս հարցերն ավելորդ են,- ասաց Օհանյանը:
- Իսկ ի՞նչ հայտարարել սպանության վերաբերյալ,- համառեց բժշկուհին:
- Կհայտարարեք, որ մահափորձի հանգամանքները ճշտվում են, մոտակա ժամերի ընթացքում մենք կտարածենք հայտարարություն,- պատասխանեց Օհանյանը:
- Մահափո՞րձ,- ճշտեց բժշկուհին:
- Այլեւս վերջ,- ասաց քննիչը` գրեթե ուժով նստեցնելով Սողոմոնյանին շտապօգնության մեքենան:
***
Պետի մահացած մարմինը դրված էր հիվանդանոցային ալյումինե սեղանին: Քննիչ Օհանյանը, մի քանի այլ անձանց հետ միասին, կանգնած էր ընդարձակ դատարկ սենյակի անկյունում:
- Ինչքա՞ն ժամանակ է անցել,- հետաքրքրվեց մեկը, ում պիջակի օձիքին շողշողաց կլանային տարբերանշանը:
- Կես ժամ առաջ,- պատասխանեց Օհանյանը:- Ցավոք, այս անգամ ուշադրությունից խուսափել չհաջողվեց:
- Ինչպե՞ս են այդ մասին իմացել բժիշկները,- հարցրեց բարակ բեղերով ու շեղ աչքերով մի մարդ, ում անունը Օհանյանը նախկինում լսել էր, սակայն անձամբ տեսնելու առիթ չէր ունեցել:
- Դեպքը տեղի է ունեցել միջհամայնքային ճանապարհին, մոտակա անտառում սունկ հավաքող գյուղացիները լսել են ավտոմատի կրակոցներ, հետո նկատել են մեքենան եւ զանգել շտապօգնություն:
- Սա արդեն չորրորդ մահափորձն է վերջին երկու շաբաթվա ընթացքում,- մտահոգ ասաց տարբերանշանով մեկը:- Ուշ թե շուտ մի բան սպրդելու էր լրահոս:
- Բոլոր լծակները գործադրված են, որպեսզի մամուլի արձագանքները լինեն չափավոր, ակտիվ շրջանառվում են մահափորձի մասին տեղեկությունները... Չնայած` պատահում են եւ այնպիսիք, որ պնդում են սպանվելու վարկածը:
- Պետք է բացառել,- վրա բերեց բեղավորը:
- Բայց արդեն չորրորդ անգամն է, ինչպես ասացիք,- փորձեց հակադարձել Օհանյանը:- Միգուցե արժե՞ ակնարկել, որ քիչ թշնամիներ ձեռք բերի կամ` ավելի զուսպ լինի…
- Իսկ դա արդեն ձեզ չի վերաբերում,- ասաց շքանշանով մեկը եւ դատարկ սենյակով քայլեց դեպի ալյումինե սեղանը:
Պետի անշնչացած մարմինը սառն էր: Ճեղքված կրծքավանդակի մեջ երեւում էր լերդացած արյան մեջ կողոսկրով խոցված սիրտը: Նրա գլխավերում կանգնած մարդու օձիքին շողշողում էր տարբերանշանը: Նա նայեց ձեռքի ժամացույցին եւ լսեց խռռոցը: Մի քանի վայրկյան անց` Պետը բացեց աչքերը: Կոկորդը չորացած էր, աչքերը` կարմրած: Պետը մի պահ ձգվեց: Սիրտը, որ ասես ոսկոր-շամփուրի վրա անցկացրած միս լիներ, սկսեց դողալ:
- Էլի,- խռխռաց նա,- էլիի…
Շքանշանով մեկը ձեռքը դրեց Պետի գլխին:
- Մենք մերոնց չենք լքում,- շշնջաց նա Պետի ականջին: