Friday, January 30, 2015

Վատ բլոքբաստեր լավ երկրում

Վերջերս Խալեդ Հոսեյնիի "Քամիների հետեւից վազողն" էին կարդում: Հիասքանչ գիրք է, եւ պատմությունն էլ ոչ մեկին անտարբեր չի թողնի: Բայց մի բան, ուղղակի սովորական մի դրվագ կուզենայի առանձնացնել: Պահը, երբ աֆղանստանցի երեխաները իմանում են, որ իրենց նայած վեսթերններում կովբոյները եւ շերիֆները պարսիկներ չեն, ամերիկացի դերասաններ են, խոսում են ուրիշ լեզվով եւ դա ընդամենը թարգմանություն է: Ինչքան մեծ էին նրանց զարմանքն ու հիասթափությունը...
Մյուս կողմից, փորձելով ինձ էլ հիշել այդ երեխաների տարիքում, ես հասկացա, որ մոտավորապես նույնպիսի զգացողություններ էլ ես եմ ունեցել: Չէ, ես գիտեի, որ ամեն ինչ նայում եմ ռուսերենով, բայց չէի կարծում, որ այդ դերասանները, նույն, օրինակ, Ռեմբոյի դերում խաղացող Ստալոնեն, ռուսերեն չգիտեն կամ իրենք իրականում ուրիշ լեզվով են խոսում: Իհարկե ես մտածում էի, որ եթե առիթ լինի հանդիպելու, ես նրանց հետ անպայման ռուսերենով կխոսեմ, բայց սա ուրիշ թեմա է, իսկ ես այսօր թեյս լցրել եմ այլ բանի մասին խոսելու համար:
Այ, ցույց էին տալիս մոլագարների, մարդկանց առեւանգող, սպանող, հոշոտող, թալանող, բռնաբարող մարդկանց մասին կինոներ: Դրանք ինչքան էլ փախչեին, միեւնույնն է, ինչ-որ մի զիլ քննիչ կգտնվեր, ով աշխատանքից հեռացվելու գնով էլ կբռներ կամ կսպաներ վատ հերոսին եւ կլիներ հեփի էնդ: Կամ` եթե ինչ-որ մեկին չարամտորեն ուզում էին նստեցնել, անպայման վերջում ամեն ինչ իր տեղն էր ընկնում, մարդուն բաց էին թողնում եւ նորից` հեփի էնդ:
Եւ դա շատ նորմալ էր թվում` մանավանդ այդ փոքր տարիքում, եւ ես նույնիսկ մտածում էի, որ դա այնտեղ է, այն հեռավոր ռուսաամերիկաներում, իսկ մեզ մոտ` այստեղ, ընդհանրապես այդպիսի բաներ լինել չեն կարող, ինչպե՞ս կարող են նման բաներ լինել: "Բա մեզ մոտ էդպես բան կանե՞ն",- մտածում էի ես:
Միամիտ էի: Բայց ողջ հարցն այն է, որ մարդ պետք է ունենա վստահություն` իր սեփական երկրում միամիտ լինելու համար:
Հիմա, ցավոք, ոչ ոք այլեւս միամիտ չէ: Ու վերջին դեպքերն էլ եկան հաստատելու, որ մենք ապրում ենք ոչ պակաս հոլիվուդյան բլոքբաստերում, որտեղ հին, մարդակեր մաֆյոզին ազատ են արձակում, իսկ դժբախտ պատահարից տուժածին միանշանակ եւ օրենքի ողջ խստությամբ դատում, որ կան մարդիկ, ովքեր ընդունակ են սպանելու մի ամբողջ ընտանիք, եւ կա արդարադատություն, որը կարող է նահանջի ուղիներ ապահովել հանցագործի համար... Իսկ զիլ հերոսներ ինչ-որ չկան:

Նկարի աղբյուրը` http://geekcity.ru/top-9-duratskih-sposobov-skryit-lichnost-supergeroya/

Thursday, January 29, 2015

Քնած մնալու մահացու վտանգը

Մարդիկ բանական, գիտակից էակներ են, հանդիսանում են Երկիր մոլորակի դոմինանտ տեսակը, կառուցում են քաղաքներ, արդյունաբերական հոսքագծերի վրա դնում մոլորակի մյուս բնակիչների բազմացման պրոցեսները, գիտական աշխատություններ, վեպեր, բանաստեղծություններ գրում եւ քնած մնում:
Հենց այդպես:
Բոլոր մարդիկ, այսպես թե այնպես, ուշ թե շուտ, մի օր քնած են մնում: Եւ դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ, իսկ խիստ մատերիալիստ եւ պատշաճ ռացիոնալիստ մարդկային առանձնյակները, ովքեր բացառում են առօրյա իրականությունից բացի որեւէ բան ընդունել` նույնիսկ նրանք են ստիպված հաշվի նստում այդ "զուգահեռ իրականության"` քնի հետ: Քուն` ոչ թե երազների (թեեւ` նաեւ այդ), այլ հենց ֆիզիկական երեւույթի իմաստով; Կա մարդ, կա գիտակցություն եւ մեկ էլ վերջ` քնեց մարդը, չկա գիտակցություն: Քնած մնած, գնացքը գնաց, վերջ: Լսո՞ւմ եք, հանկարծ չքնեք:
Ի՞նչ իմանա մարդ, թե ինչ է կատարվում իր շուրջ քնած ժամանակ: Ասում են` ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունենում մահից հետո, որովհետեւ մեռյալներից ոչ ոք չի վերադարձել: Իսկ ինչպե՞ս կարելի է վստահ լինել, որ քնած ժամանակ ոչինչ չի լինում: Կարելի է նկարել գիշերը: Նկարեք: Իսկ եթե որոշ ուժեր այնքան խորամանկ են, որ շրջանցում են տեսախցիկը: Կարելի է հետեւել անձամբ: Հա՞: Իսկ ո՞ւր է վստահությունը, որ անձամբ հետեւողը մի պահ աչը չի կպցնի: Ու այդպես շարունակ: Հարյուր տոկոսանոց վստահություն չկա,եւ քնելու ընթանցքը մնում է խորհրդավոր եւ ո՞վ գիտի` նաեւ վտանգավո՞ր: Մարդիկ հո հենց այնպես չեն քնած ժամանակ մահանում: Բայց սա, թերեւս, ավելորդ էր: Սարթափ ֆիլմ չենք դիտում, պարզապես մտքեր են:
Ուղղակի մի պահ կարող է վիրավորական թվալ: Ահա ես, այստեղ եմ` բանական էակ, ունեմ պլանավորած լիքը գործեր եւ քնա՞ծ եմ մնում, ախր ինչպե՞ս: Իսկ զարթուցիչը, իսկ... աաա, ես չեմ միացրել ոչ մի զարթուցիչ: Իսկ թեյն էլ սառել է վաղուց, լուսամուտից այնկողմ էլ ձյուն է եկել: 
Թարսի պես հենց այն ժամանակ, երբ ես քնած էի...

Նկարի աղբյուրը` http://4pda.info/news/16457/

Wednesday, January 28, 2015

Անծանոթ մարդիկ վերելակներում

Փոքր մարդատար վերելակների հատակի մակերեսը հազիվ 1,5 քառակուսի մետր է: Դռները փակվում են, եւ հայտնվում ես բավականին դանդաղագնաց սարկաֆագի մեջ եւ սպասում երանելի պահին, երբ դռները նորից կբացվեն:Մենակ լինելու ժամանակ դա հարմար պահ է մտքերը կարգի բերելու, այդքան ուղղահայաց ճամփորդության նպատակները հստակեցնելու համար: Սակայն երբեմն վերելակ են նստում այլ մարդիկ:
Անծանոթ:
Ծանոթներ եւս նստում են, ես նրանց ճանաչում եմ, քանի որ արդեն տասը տարուց ավել է պարբերաբար հանդիպում եմ հարեւաններիս վերելակում, բայց միեւնույնն է, ժամանակ առ ժամանակ, ավելի ճիշտ` շատ հաճախ հանդիպում են անծանոթ մարդիկ: Նայում ես` գնումներով, տան բանալիները ձեռքներին. հաստատ բնակիչներ են, բայց ամեն անգամ նոր բնակիչնե՞ր: Որտեղի՞ց են հայտնվում նրանք, եւ ո՞ւր են գնում: Դե հա, պարզ է` տուն են գնում, բայց ո՞րերորդ հարկ, միգուցե շենքը եւս մի 10-15 հարկ ունի, ու ես դրա մասին չգիտեմ...
Բայց սա այն չէ, ինչի համար ես պատրաստել եմ թեյս, նստել լուսամուտի մոտ եւ խլում եմ ձեր ժամանակը:
Խոսքս հայացքների մասին է, վերելակում հանդիպող հայացքների: Եթե նկատել եք, մարդիկ` հատկապես անծանոթները, վերելակների մեջ կախում են գլուխները կամ, ասենք, ինչ-որ հեռավոր տեղ նայում: Իրար դեմքի չեն նայում: Եւ իրոք; Ախր ինչպե՞ս նայեն: Այդքան մոտիկից, շունչ առ շունչ, պռունկ առ պռունկ եւ մեկ էլ դրան գումարած` նաեւ հայացք առ հայա՞ցք: Մարդկանց հոգիները երեւում են աչքերի մեջ: Սրան ես, կարելի է ասել, հավատում եմ, եւ եթե այդպես է, ուրեմն մարդիկ խուսափում են անծանոթներին ցույց տալ իրենց հոգին: Չէ՞ որ անծանոթը կարող է անցնել սահմանը, նայել հեռուն, բացահայտել տարիներով թաքցրած գաղտնիքը, գործած մեղքերը... Այդ թվում` ենթագիտակցական մեղքերը:
Փառք Աստծո, հիմա վերելակներում գովազդներ են կպցնում: Եւ մարդիկ իրար հոգի "ուտելու" փոխարեն կարող են գովազդային հայտարարություններ կարդալ: 
Եւ վերջում մի դիտարկում էլ անեմ: Ուշադիր եղեք, երեխաները վերելակներում նայում են ուղիղ մարդկանց աչքերի մեջ...

Նկարի աղբյուրը` http://ankakh.com/article/4255/%E2%80%8Bvyeryelaknyeri-anvtanguthyune-hayastanum--vo%D5%9Em-yenq-orakan-mi-qani-angam-vstahum-myer-kyanqe

Tuesday, January 27, 2015

Թուք ու մուր եւ իսլանդական սուրճ

Նոր ման եկա, չգտա ու զարմացա: Թուք ու մուր անունով կայք չկա: Ես վստահ էի, որ այդպիսի մի բան հայկական համացանցում անպայման կգտնվի, ինչպե՞ս կարող է չլինել, երբ մեր օգտատերերին, կարծես, ամենից շատ հետաքրքրում են սկանդալներ, վատ նորություններ, աղետներ, սպանություններ, ապահարզաններ...
Ամեն տեղ է այդպես, լավ, համաձայն եմ: Մարդու տեսակն է այդպիսին, եւ ես ամենեւին չեմ ուզում այս առանձնահատկությունը վերագրել որեւէ էթնիկ խմբի, որովհետեւ նման իրավիճակ է տարբեր երկրների լրատվական դաշտերում`սպանություն, բռնաբարություն, ինքնասպանություն, մահ, զոհեր, ապահարզան, փող չկա, հաց չկա, էն ծաղրանկարիչներին էլ սպանեցին: Օքեյ:
Ես գդալով խառնում եմ թեյս եւ փորձում որեւէ նախապատմական բացատրություն գտնել մարդկության հակվածությանը` դեպի վատ նորություններ: Եւ թվում է, թե գտնում եմ: Պատկերացնում եմ մի տեսարան: Ադամն ու Եվան են: Արդեն ծանոթացել են, Ադամն արդեն իմացել է, թե որտեղից է Եվան, բայց այնքան էլ չի վստահում եւ հետեւում է: Նենգաբար հետեւում է նրան` երբեմն առանձնանալով, թե իբր գործեր ունի, գնում է իբր գործերով, սակայն ստորաբար մնում է տեղանքում եւ հետեւում է Եվային: Ահա, Եվան քայլում է, բոբիկ է իհարկե նա քայլում եւ հանկարծ ոտքը դնում է փշոտ մի եդեմային բույսի վրա: Սուր ցավ, արցունքներ, արյուն, այտուցված ոտք եւ հեռվում, թփերի տակ թաքնված` Ադամի մտքում անցնում է` "Արտակարգ միջադեպ Եդեմի այգում, նորաբնակ Եվան բախվել է փուշի հետ, կան տուժածներ": Եւ ժպտում է: Բա: Կամ` նրանց արդեն վռնդել են Դրախտից, "փասա-փուսեքը" հավաքած, գլուխները կախ գնում են դեպի ելք, իսկ երկուսի մտքերում էլ վերնագրեր են` "Պտուղ ուտելու հետեւանքը. դրախտային միգրացիոն ծառայության սանկցիան", "Ինչ է լինում, եթե ուտում ես կնոջ կծած պտուղը", "36 լուսանկար, որոնցում երեւում է օձը"... Եւ այսպես շարունակ: Հիմարություն է:
Իսկ հիմարություն չէ այն, որ այսօր` հունվարի 27-ին, Իսլանդիայում տոն է, այն էլ ինչ տոն` Արեւային սուրճի օրը: Իսլանդիան մոտ է բեւեռին եւ բացի այդ` ծածկված է բազմաթիվ բարձր լեռներով, ուստի նոյեմբերից սկսված` այդ երկրում արեւ չի երեւում, մինչեւ այս օրը, երբ որոշ լեռների հետեւից սկսում են թափանցել արեւի առաջին ճառագայթները, իսկ իսլանդացիներն էլ շտապում են արեւի տակ` սուրճ խմելու, նշելու այդ իրադարձությունը եւ ուրախանալու, որ գարունն արդեն մոտ է: Իսկ սուրճը, պարզվում է, Իսլանդիայում է հայտնվել դեռ 1772 թվականին եւ համարվում է իսլանդացիների ամենասիրած ըմպելիքը: Այսպիսի լավ նորություններ:

Նկարի աղբյուրը` http://nnm.me/blogs/genav/islandiya-planiruet-otkazatsya-ot-vstupleniya-v-evrosoyuz/

Monday, January 26, 2015

Փտած Նյու Յորքի կենդանի հիշատակը

Նյու Յորքի վրա սեւ ապմեր են կուտակված: Աղետն այլեւս փաստ է, եւ այն սեւ ապերի քուլաներով նստած է Խաղաղության արձանի, Մանհեթենյան երկրաքերերի վրա: Սեւ ամպերից բացի, երկնքից կախված են թունավոր սպիտակ գնդերը, մահաբեր կապսուլաները, որոնք կարող են իրենց լպրծուն պարունակությունը լցնել նյույորքցիների գլխին, ինչը կլինի աշխարհի մեծագույն քաղաքներից մեկի կործանման վերջին շտրիխը: Քաղաքը նեխում է: Քաղաքն այլեւս փրկության հույս չունի:

Սա այն է, ինչի մասին վերջերս հաճախ եմ մտածում աշխատանքի վայրում (ցրելով ոմանց սին կասկածները` տեղեկացնեմ, որ ձեր խոնարհ ծառան, բացի թեյ խմելուց եւ լուսամուտից նայելուց, նաեւ աշխատում է): Գալիս եմ գործի տեղը եւ ուշ թե շուտ աչքս ընկնում է աղետալի վիճակում գտնվող Նյու Յորքի վրա, եւ սիրտս ճմլվում է: Ո՞նց կարող է նեխել կամ փտել Նյու Յորքը, ախր դա Գոձիլայի, Բրյուս Ուիլիսի եւ Սինատրայի քաղաքն էր, ինչպե՞ս կարելի էր թույլ տալ, որ նման քաղաքը փտի:
Կամ էլ` մտքիս է գալիս նեխած/փտած կապիտալիզմ արտահայտությունը: Օօօօ, տեսնեին սա մատերիալիստ կոմունիստները իրենց "ուտոպիստական" ԽՍՀՄ-ի ժամանակներում, չէին կարողանա զերծ մնալ նախախնամության մասին խոսքերից եւ "Աստծո մատը խառն է" արտահայտությունից: Սա, ախր, հենց նրանց գաղափարախոսության մարմնավորումը կլիներ:



Իսկ ես շարունակում եմ նայել հուշանվեր-քաղաքին: Մի ժամանակ այն իրոք մաս է կազմել մեծ, իսկական Նյու Յորքի, հետո նրան պոկել-բերել են այստեղ, մեզ մոտ` իր մեծ հայրենիքից ուղիղ կես աշխարհ հեռու, որպես հուշանվեր: Ու այն փտել է: Ես ուզում եմ համոզել ինքս ինձ, որ նեխումը կապված է ոչ հերմետիկության, բակտերիաների եւ այլ, ռացիոնալ պատճառների հետ: Ես այդպես ուզում եմ: Քանի որ չեմ ուզում մտածել, թե ինչ-որ մեկի կողմից բերված հուշանվերը փտել է իր իսկ ունեցած հուշերի հետ միասին. փտում են հուշերը` փտում է հուշանվերը: Ոչ: Ես այդպես չեմ ուզում:


Friday, January 23, 2015

Ապագան եւ անհանգիստ սահմանները

Վերջերս ապագայի մասին բովանդակային զրույց ունեցա ընկերներիցս մեկի հետ: Ընդհանրապես` ասեմ ձեզ, այս ընկերս աչքի է ընկնում արտաբերած խելացի մտքերի հաճախությամբ այնքան, որ երբեմն նույնիսկ սկսում եմ նախանձել:
Այդ անգամ, մասնավորապես, զրույցի ընթացքում հարցականի տակ դրվեցին ապագայի հանդեպ իմ ունեցած լավատեսական սպասումները: Ես լավատես եմ, ու դա վերաբերում է ոչ միայն անծանոթ անվանմամբ թեյը վստահորեն գնելուն, այլ մարդկության հետագա զարգացմանը` ընդհանուր առմամբ:
Ես, օրինակ, աշխարհի ապագան պատկերացնում եմ ուտոպիստական ֆանտաստների վարդա-նարնջագույն երանգներով, այսինքն` գիտության եւ տեխնիկայի առաջընթացը թույլ կտա հասնել, ասենք, անմահության, թույլ կտա ստեղծել զուգահեռ, թեկուզ եւ վիրտուալ աշխարհներ, հնարավոր կլինի հասնել գիտակցության որակական նոր մակարդակի, եւ այդպես շարունակ:
"Լճանում ենք",- ասում է ընկներս եւ հիմնավորում. "Նայիր, ոչ մի հիմքային, ֆունդամենտալ առաջընթաց այլեւս տեղի չի ունենում, տես, օրինակ` մարդիկ դեռեւս չեն կարողանում հասնել ուրիշ մոլորակների, դեռեւս չկան մեթոդներ, որոնք թույլ կտան օգտագործել մարդու միտքը շրջակա միջավայրի վրա ներգործելու` տելեպատիայի համար": "Բայց կան, օրինակ, այֆոններ, կա անդրոիդ, կա ինտերնետ, գրողը տանի",- հակադարձում եմ ես եւ մեծ կում անում թեյի բաժակից` լուսամուտի մոտ նստած: "Դրանք կդառնան ավելի բարակ, ավելի թեթեւ եւ ավելի էժան, հարյուր տարի հետո տարբերությունը կլինի միայն այն, որ այդ քո ասած այֆոնները կլինեն ամենուր, ասենք, զուգարաններում, գետնին թափված, անվճար, բայց դրանից հեռու չի գնա ոչ մի բան",- պատասխանում է ընկերս, իսկ ես հարցնում եմ` ախր ինչո՞ւ:
"Որովհետեւ չենք տեսնում ռեալ մեծ ծրագրեր",- ասում է ընկերս. "Օրինակ` քանի՞ տարի է արդեն կան այֆոնները, իսկ Մարսը այնքան անհասանելի է, ինչքան նախկինում, ոչ մի, կարելի է ասել, առաջընթաց":
Ես ստիպված եմ լինում համաձայնել: Ուղղակի հարց է ծագում` իսկ ո՞վ է մեղավոր այս փակուղում հայտնվելու համար:
"Մարդիկ, մարդկանց հետաքրքրությունները, մարդկանց` լայն մտածելու անկարողությունը":
Հըմ:
"Մարդիկ այլեւս չեն մտածում ուրիշ մոլորակներ նվաճելու մասին, չեն մտածում տիեզերքի գաղտնիքները բացահայտելու մասին",- շարունակում է ընկերս, բայց ես համաձայն չեմ. "Մտածում են, ախր": "Քիչ են մտածում: 60,70, 80-ականներին մարդիկ անհամբերությամբ էին սպասում ֆանտաստների գրքերի, գիտական ամսագրերի, հետազոտությունների, աշխարհն այն ժամանակ այնքան անբացատրելի եւ հետաքրքիր էր, իսկ հիմա, փաստորեն, մտիր ինտերնետ, ընտրիր ուզածդ հերոսին կամ կախարդին ու գնա այս կամ այն մոլորակի հրեշների դեմ պայքարելու":
Այսպիսի բաներ:
Եւ ընկերս շատ բաներում ճիշտ է: Այ, թեկուզ, ինչպե՞ս մտածել Մարսը նվաճելու մասին մասնավորապես Հայաստանում, երբ արդեն քանի օր է ամեն առավոտ սահմանից մահազդներ են գալիս, ինչպես մտածել նոր հորիզոններ հաղթահարելու մասին, երբ ամեն ինչ քաշում է մարդկությանը դեպի ցած, դեպի ներս, դեպի ինչ-որ պոռնո աստղի անձնական կյանքը, դեպի աֆրիկական էբոլան, դեպի իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտը, դեպի Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, դեպի աղքատությունը...
Ի՞նչ կմտածեին Ազիմովն ու Քլարկը, եթե հանկարծ իմանային, որ մարդը հանձնվում է, մարդն այլեւս չի ուզում դուրս գալ տնից, ինտերնետից, չաթից, չի ուզում գնալ դեպի Մարս, դեպի Յուպիտեր:
Շատ վատատեսական դարձա: Չէ, չէ, չէ: Ես նորից հավատում եմ եւ նույնիսկ վստահ եմ` ամեն ինչ լավ կլինի մարդկության համար... միայն թե սահմաններում հանգիստ լինի:

Նկարի աղբյուրը` http://www.telegraph.co.uk/news/worldnews/middleeast/unitedarabemirates/10649939/Muslims-warned-in-Fatwa-not-to-live-on-Mars.html

Thursday, January 22, 2015

Տրոլեյբուսի հիշեցնող ուղեւորները

Շատ հնարավոր է, որ մեր քաղաքում կա շարժական ծերանոց: Խոսքս հին ու մաշված մի չեխական տրոլեյբուսի մասին է:
Այն, որ տրոլեյբուսներից օգտվում են հիմնականում թոշակառուները եւ տարեց մարդիկ, հայտնի է շատերին, սակայն, այնուամենայնիվ, քիչ չեն դեպքերը, երբ էլեկտրական տրանսպորտի այդ տեսակից օգտվում են նաեւ երիտասարդներ, այդ թվում` գեղեցիկ աղջիկներ, ուսանողներ, երեխաներ: Բայց կոնկետ այս հին ու մաշված, նախկինում կարմիր չեխական տրոլեյբուսում տարիքային խմբերը բաժանված էին բոլորովին այլ կերպ. կային 50 տարեկան երիտասարդներ, կային քիչ ավելի մեծ` 60 տարեկաններ, կար 70 տարեկանների մեծամասնությունը եւ կային 80-90 տարեկանների ոչ պակաս թվով ներկայացուցիչներ: Ես` իմ 27 տարիներով հանդերձ, կազմում էի ճնշված եւ տարիքային փոքրամասնություն եւ նույնիսկ կարող էի դիտարկվել որպես անհեթհեթ թյուրիմացություն:
Տրոլեյբուսի ուղեւորների կազմի այս առանձնահատկությունը ես նկատեցի ոչ միանգամից: Ընթացքում, երբ նստելուց հետո արդեն անցել էի մի քանի կանգառ, ուշադրություն դարձրեցի այն բանի վրա, որ ամեն մի նոր ուղեւորի բարձրանալու ժամանակ մոտս ցանկություն է առաջանում մոտենալու եւ օգնելու, ձեռքից քաշելու, որպեսզի հանկարծ չընկնի դռների եւ աստիճանների արանքը: "Հըմ, հըմ, ըհը, ըհը, երիտասարդ, ես ինքս, ես ինքս, հըըըը ըհը, ըհը, ըհը",- հազալով եւ հեւալով` հրաժարվում էին նրանք իմ մեկնած ձեռքը բռնելուց: Նայես վրանները` հոգնած, հազիվ տնից դուրս եկած, բայց դեմքները լուրջ, հայացքները կենտրոնացած... Ասես բոլորով ինչ-որ գաղտնի տեղ էին գնում. "Ծերակույտի գաղտնի ժողովի",- անցավ մտքովս:
Իսկ տրոլեյբուսը առաջ էր շարժվում, եւ զառամյալ ուղեւորների քանակը գնալով ավելանում էր: Ծերության գործակիցը տրոլեյբուսի ներսում հասել էր այնքան բարձր մակարդակի, որ մի պահ ինձ թվաց, թե պատվում եմ կնճիռներով: Դա չափազանցություն կլիներ, իհարկե, բայց կրկնում եմ` ինձ միայն թվաց այդպես: Թվացին այլ բաներ եւս: Թվաց մի տեսարան, որտեղ այս մարդիկ երիտասարդ էին եւ գեղեցիկ, թվաց մի կադր, որտեղ այս մարդիկ, բոլորով միասին, գնում են իրենց տարեկից ընկերոջն անակնկալ մատուցելու, թվաց մի դրվագ, երբ այս մարդիկ երիտասարդ տարիներին եղել են անզուսպ սիրահարված, թվացին հազար ու մի իրավիճակներ, եւ բոլոր դեպքերում այս մարդկանց աչքերի մեջ հստակ արտահայտված էր ասելիքը` "Մենք կանք, չփորձեք մեզ մոռանալ":
Իսկ տրոլեյբուսն արդեն հասնում էր ինձ անհրաժետ կանգառին: Մտքերի հորձանուտից հետ եկա կանգառի հարեւանությամբ գտնվող թեյի խանութի ցուցանակի շնորհիվ, որտեղ ես գնում էի թեյ առնելու: Իջնելուց հետո սպասեցի կանգառում այնքան, մինչեւ տրոլեյբուսը կշարժվեր: Չգիտեմ ինչու:

Նկարի աղբյուրը` http://commons.wikimedia.org/wiki/File:Trolleybuse_in_Nor_Nork_Yerevan.jpg

Wednesday, January 21, 2015

Ժամանակատարածային կոլապս կամ տոները շարունակվում են

Ինչ-որ տաք եղանակ է հունվարի համար:
Ու առաջին աշխատանքային շաբաթներն անցնում են շշմեցուցիչ թոհ ու բոհով: Բանը հասել է նրան, որ հազիվ եմ հասցնում մի քանի րոպե ազատ եւ հանգիստ ժամանակ գտնել ու վայելել իմ մշտական թեյը` լուսամուտից դուրս նայելով:

Բացի դրանից, անընդհատ շփոթեցնում է օրացույցը. ինձ անընդմեջ թվում է, թե հիմա մարտ ամիսն է, եւ ուր որ է պետք է նշել մարտի ութը, իսկ նվերներ դեռ ոչ ոքի համար նախատեսված չեն: Այն մասին, որ այժմ դեռ, բարեբախտաբար կամ դժբախտաբար, հունվարն է, տեղեկացա բոլորովին անսպասելիորեն այս գիշեր, ինձ համար սովորական ուշ ժամի տուն վերադառնալիս: Մթության մեջ դուռը բացելու ժամանակ ոտքերիս տակ ընկավ ինչ-որ մեկի կողմից դռանը փակցված փոքրիկ հայտարարությունը, որը կարող եք տեսնել նկարում: Ըստ այդմ` ինձ ներկայացվում էին Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ շնորհավորանքներ եւ առաջարկվում էր այցելել տոնական միջոցառման` Տոնածառի:
Այն, որ սույն հայտարարության հեղինակները կարող են հավակնել "Տարվա անպատեհություն" մրցանակին, ուզում եմ մի կողմ թողնել... Չնայած` ի՞նչ մի կողմ թողնեմ: Բա տենց բա՞ն են անում: Ո՞վ է, ասենք, փետրվարի մեկին գնում Տոնածառի, կամ ի՞նչ տրամադրությամբ են Տոնածառի բեմադրիչները փորձեր անում, պատրաստվում այդ ամենին: Հնարավոր է, իհարկե, որ նրանց մոտ իրոք դեռ չի մարել տոնական եռանդը, այդ դեպքում, ինչպես ասում են, փառք ու պատիվ նրանց:
Բայց ասելիքս հենց իմ ապրած շոկի մասին էր: Այն, ինչ զգացի ես հայտարարության թերթիկը կարդալիս, նման էր նույնիսկ ժամանակի միջով ճանապարհորդության: Պատկերացրեք` արդեն աշխատանքի մեջ ես, արդեն մաշել-պրծել ես կուտակված չարազաբդային ճարպերը, անցել ամենամոխրագույն առօրյայի եւ մեկ էլ` բախ, մայոնեզոտ չափալախ օլիվյե սալատով տոնածառի խաղալիքների եւ սերպանտինի փայլի ներքո: Ու քիչ մնաց.. Ումի՞ց եմ թաքցնում` լավ էլ կմճտեցի ինքս ինձ` այդ ժամանակային ապակողմնորոշվածությունից հետ գալու համար, սակայն ինչ-որ տարօրինակ զգացողություն,այնուամենայնիվ մնաց: Մոտավորապես այնպիսի զգացողություն, ինչպիսին կլիներ ժամկետանց ու մի քիչ թթված օլիվյե սալատ ուտելուց հետո:
Ու քանի որ գրածիս ամանորյա բովանդակությունը արդեն շոշափելի է դառնում, անցնեմ կենացների ոճին եւ ասեմ` ինչ լինում է, թող ժամանակին լինի:

Tuesday, January 20, 2015

Փոքրիկ տնակը եւ մեծ խնդիրները

Ինձ մոտ միշտ զգացողություն է եղել, որ մենք ապրում ենք տնակում: Փոքրիկ: Ի նկատի ունեմ ավելի գլոբալ` երկրի կտրվածքով: Քարտեզի վրա մեր պետության զբաղեցրած տարածքի չափն է, երեւի, որ ինձ ստիպել է միշտ այդպես մտածել: Ոչ այնքան բարեհամբյուր հարեւաններով շրջապատված փոքրիկ տնակ` իր ցանկապատով, կտուրով եւ իհարկե`ծխնելույզով: Թվում է, թե ամեն ինչ շատ խաղաղ է, բայց ոչ:
Տնակում եւ տնակի շուրջ իսկական կրքեր են, երբեմն` արյունալի: Օրինակ` վերջին իրադարձությունները, երբ տնակի բոլոր բնակիչների հույսերը չարդարացան, եւ իր ընտանիքի վերջին ներկայացուցիչ փոքրիկը մահացավ… Տնակը սեւ ներկեց պատուհանները, վառեց մոմերը եւ սեղմեց ատամները` ինչ-որ մի տեղ խեղդելով մարդկանց հոգիներում ահագնացող վրեժի ծարավը:
Իսկ մինչ այդ, տնակի վրա հարձակում է իրականացնում բարին չկամեցող հարեւանը: Միայն այս գիշերվա ընթացքում, ասում են, ութ անգամ հարձակվել է: Բայց տնակը կարծես ոչինչ` դիմանում է, պետք եղած դեպքում` պատասխան տալիս:
Այսպիսի մի տնակ է: Ուրիշ` հազար ու մի այլ, տարբեր, սուր, խիստ, անհապաղ լուծում պահանջող հարցերով:
Այսպիսի տնակում ապրելը նույնիսկ լավ է, երբեմն տնակը կարող է հպարտություն ներշնչել իր բնակիչներին եւ զարմացնել հյուրերին, ու հիմա ահագին էլ ժամանակ եմ ունենում կոնկրետ ես, որպեսզի հանգիստ նստեմ պատուհանի մոտ եւ խմեմ իմ թեյը, բայց…
Այս միամիտ եւ իմ կարծիքով` հետաքրքիր այլաբանությունը, մեղմ ասած, հարամված է որոշ հանգամանքներով, եւ ես գնալով ավելի ու ավելի հազվադեպ եմ պատկերացնում աշխարհը տնակի պրիզմայով: Ինչո՞ւ:
Որովհետեւ կա հստակ արտահայտված դիսկոմֆորտ: Ինչպե՞ս ապրել մի տնակում, որտեղ տերերը ընտրված չեն, տնակի իսկական տերերին թալանում, զսպում եւ սահմանափակում են… Որտեղ տնակում տերերը կարող են ծեծել իրենց այլախոհներին, տերերը կարող են սոված թողնել մյուս բնակիչներին: Տերերը կարող են ընդհանրապես վաճառել բոլորի կողմից սիրված տնակը եւ թողնել մարդկանց անտուն… Առանց տնակի…
Այսպիսի բաներ:
P.S. Միեւնույնն է` տնակը մերն է եւ մենք ապրելու ենք այստեղ:

Նկարի աղբյուրը` http://lenagold.ru/fon/clipart/d/dom3.html

Monday, January 19, 2015

"Որտեղի՞ց ա" աղջիկը

Երբեմն նույնիսկ ամենամոտ ընկերներն են կարող զարմացնել ապուշ հարցերով: Օրինակ ` ընկերը գալիս է ընկերների մոտ եւ հայտնում, որ այսուհետ ունի ընկերուհի, եւ նրան ընկերները հարցնում են` “Որտեղի՞ց ա”:
Հարցը վերաբերում է աղջկան:
Բայց կոնկրետ ի՞նչ ի նկատի ունեն ընկերները: Ի՞նչ է դրդում մարդկանց տալ այդ հարցը եւ ի՞նչ են նրանք փորձում պարզել դրանով: Դա ճշտելու համար եւ որոշեցի կապվել հին ընկերներիցս մեկի հետ, ում հետ հաճախ շփվելու հնարավորություն այնքան էլ չեմ ունենում, ցավոք: “Բարեւ, ընկեր, ի՞նչ կա չկա”: Սպասում եմ, որ զրույցը հունի մեջ ընկնի եւ հայտնում ընկերուհուս մասին լուրը: Սպասում եմ: Հեռախոսային ալիքների մյուս ծայրում ընկերս փորձում է վերլուծել ստացած տեղեկատվությունը եւ համարժեք պատասխան տալ: Ես ուղղակի զգում եմ, թե ինչպես են աշխատում նրա խելացի ուղեղի բջիջները: “Իյա, ապեր, բա որտեղի՞ց ա”,- հարցնում է ընկերս ի վերջո:
Իսկ ես շանսը բաց չեմ թողնում ամեն ինչ պարզելու:
“Ի՞նչ ի նկատի ունես”,- հարցնում եմ: “Աղջկան”,- զարմացած ասում է ընկերս: “Հա, բայց ի՞նչը”: “Ինչը-ինչը, ասում եմ` որտեղի՞ց ա”: “Ի՞նչը որտեղից ա”: “Աղջիկը, դեբիլ”:
Եւ այսպես` դեբիլը ուրեմն ես եմ: Այս կապակցությամբ կարելի է նույնիսկ թեյ խմել եւ լուսամուտից նայելով մի հատ խորը շունչ քաշել: Ողջ ճակատամարտը դեռ առջեւում է:
“Ապուշ,- գրոհում եմ ես,- ի նկատի ունեմ, թե դու ի՞նչը ի նկատի ունես, ուզում ես իմանալ` որտե՞ղ է ապրում, աշխատո՞ւմ, թե՞ որտեղ ենք ծանոթացել, միգուցե որտեղի՞ց է նրա ընտանիքը ծագումով”:
Ընկերս պատասխանում է. “Ուղղակի` որտեղի՞ց ա. Եթե դա քեզ էդքան նյարդայնացնում է, մի պատասխանի”: Եւ անջատում է հեռախոսը:
Միգուցե ես իրո՞ք դեբիլ եմ եւ ոչ մի բան չհասկացա:
Իսկ իրականում հարցն այստեղ կարող է շատ ավելի խորքային լինել, քան թվում է: Դրա պատասխանը գտնելու ճանապարհին միտքս անցավ բավականին ուշագրավ տեսարանների կողքով: Օրինակ` մի պահ պատկերացրեցի Ադամի` Եվայի հետ ծանոթանալու տեսարանը, երբ Արարիչը առաջին անգամ պետք է կնոջը ներկայացներ տղամարդուն: Եւ այսպես: Կանգնած է Ադամը, նրա դիմաց բավական թիկնեղ ու բոյով Արարիչն է եւ նուրբ, համեմատաբար փոքրիկ մարմնով Եվան: Ադամը զարմացած նայում է Արարչին, հետո Եվային եւ հարցնում` “Որտեղի՞ց ա”:
Միգուցե ամեն ինչ հենց այդպես էլ եղե՞լ է: Եւ դա գենետիկորեն փոխանցվում է սերնդից սերո՞ւնդ: Այդ հարցը: “Ուրդո՞ւց ա”:
.
Նկարի աղբյուրը`  http://maxpark.com/community/4654/content/1792839

Friday, January 16, 2015

Շատ ֆրոնտերում առանց փոփոխության

Որոշ դեպքերում փոփոխությունների բացակայությունը կարող է նյարդայնացնել, տխրեցնել կամ հիասթափեցնել: Խոսքս այն փոփոխությունների մասին է, որոնք թվում է, թե պետք է տեղի ունենային, բայց տեղի չեն ունեցել: Օրինակ` ճանաչել եմ, ասենք, հինգ տարի առաջ մի աղջկա, պատահաբար հանդիպում եմ մի տեղ եւ տեսնում ու լսում այն, ինչ ճիշտ նույնությամբ առկա էր հինգ տարի առաջ` “Հի հու հա, հի հի հի, ուծյու, մուա մուա, բլա բլա”: Ու այդ ժամանակ ձգում ես քեզ, փորձում չարտահայտել առաջնային հիասթափությունդ ու զսպում հասունացող ջղաձգումները:

Կամ գնում ես մի տեղ, ուր ժամանակին շատ ես եղել, ուր քո գետի շատ ջրեր են հոսել, ու տեսնում նույն վիճակը, ինչ եղել էր այն ժամանակ: Բացի նույն պատերից, աթոռներից, սեղանից ու համակարգչից, որոնք նույնն են մնացել, նույնն են նաեւ մարդիկ: Չէ: Ես միանգամից չեմ անում իմ եզրակացությունը: Ես հարցուփորձ եմ անում` “Դե՞, ախպեր, մի բան ասա, էլ ի՞նչ կա ձեզ մոտ, ի՞նչ փոփոխություն, ախպեր, պատմի, դե՞”: Ոչ մի բան. “Սաղ լավ ա”…

Էլի “լավ ա”, բայց այս ամենի մեջ մի բան տարակուսանք է առաջացնում: Ուրեմն ի՞նչ է տեղի ունենում` ժամանակը անցնում է, ջրերը հոսում են, ես, իմ ծանոթ հարյուրավոր մարդիկ այդ ջրերի միջով անցնում ենք, դիպչում քարերին, սպիեր, վերքեր կուտակում, տեղ-տեղ ծերանում, իսկ ոմաք, ուրեմն, այդ հոսանքից դո՞ւրս են:

Ես, մտքերով տարված, ուզում եմ սովորական թեյս խմել, բայց մի պահ հապաղում եմ: Փոփոխություն: Հիմա ես խմում եմ սուրճ ու նստած եմ լուսամուտից ահագին հեռու: Փոփոխությունների եւ դրանց բացակայության մասին մտքերը ծանր են եւ կարող են վերածվել իսկական բզիկի: Չնայած` ես որոշում եմ, այնուամենայնիվ, մոտենալ պատուհանին եւ նայել դուրս, դեպի քաղաքը, որտեղ ապրում են միլիոնից ավելի մարդիկ, որտեղ օրական տեղի են ունենում հարյուր-հազարավոր պատմություններ եւ որտեղ ապրում են մեր երկրի իշխանությունների ներկայացուցիչները: Բարեւ ձեզ: Ինձ հետաքրքրում է` ձեզ մոտ փոփոխություններ լինո՞ւմ են: Այ, օրինակ, ճմռթված եւ միջազգային ատյաններում ստորացված, սեփական ժողովրդի կողմից բազմիցս քֆրտված մի պաշտոնյա` դու, այո, այո` հենց դու, ի՞նչ փոփոխություններ կան քեզ մոտ: Ի նկատի չունեմ նոր մեքենան, ի՞նչ, աաա, աշխատավարձդ ես բարձրացրել, հետո՞, օօօ, նոր միությո՞ւն, վատ չէ՞, իսկ մտքեր, մտքեր կա՞ն նոր, գաղափարներ, օրինակ, հը՞ն, օհո, նոր ատոմակայա՞ն, երկաթգծե՞ր, նոր ՀԷԿ-ե՞ր, վատ չէ, վատ չէ…


Ուղղակի փոփոխություններ չկան: 

Նկարի աղբյուրը` http://noialbinoi.de/2010/09/chashka-kofe-zaryad-bodrosti-i-zdorovya-na-celyj-den/

Thursday, January 15, 2015

Գոբլիններ եւ օռկեր. մեր իրականության կերպարները

Ինչ-որ շատ եմ սկսել սարսափ ֆիլմեր նայել: Դե` հրեշներով, զոմբիներով, գազաններով, մոլագարներով: Կամ էլ ֆենթզի, ասենք` Հեբբիթի էկրանացված եռապատումը: Նայում եմ ու  ծանոթ  բան եմ զգում: Դա այնքան նուրբ ալիքով է անցնում, որ հազիվ ընկալելի է, բայց անշուշտ` այդ զգացողությունը կա եւ ժամանակ առ ժամանակ լավ էլ իր մասին իմանալ է տալիս կոնկրետ համեմատությունների եւ ասոցիացիաների միջոցով:
Այ, օրինակ, նայում ես Հոբբիթը, իսկ այնտեղ ցույց են տալիս Ազոգ անունով օռկի, ով, ասես, իսկական դատախազ լինի: Լուրջ: Օռկի դեմքին նայե՞լ եք: Իսկական, կերած-խմած գլխավոր դատախազ: Թերեւս, այս ամենը լավագույնս լրացնում է Ազոգի մականունը` պղծիչ:
Կամ` նույն եռապատման մեջի վիշապը` Սմաուգը, ով այնպես հավեսով է բազմել ուրիշից խլած ոսկիների մեջ, որ միանգամից նմանվում է մեր իրականության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կամ այդ պաշտոնյաների ազգականների, ասենք, օրինակ, հանրահայտ Սաշիկը: Բայց այս ֆիլմի մեջ ինձ համար ամենաէպիկ պերսոնաժը օռկերի այն չաղ, փնթի, կեղտոտ առաջնորդն է, հիշո՞ւմ եք: Դրա պես արարածներ մեզ մոտ ինչքան ուզես կգտնես: Էլ փնթի, էլ էնպես ոչինչ, էլ կոկիկ հագնված, էլ մի քիչ փորը ձգած, բայց էությամբ նույնը` օռկ, գոբլին ու գանդուռաս: Այս ամենն այնքան տպավորիչ է ինձ թվում, որ երբեմն, լուսամուտի մոտ նստած թեյ ըմպելիս ես աչքերս լարում եմ` դրսում ինչ-որ մեկի նմանեցնելով օռկի կամ հույս ունենալով, որ տեսա Գենդելֆին:
Ասոցիացիաներ են առաջացնում մոլագարների մասին ֆիլմերը: Երբ առերեւույթ նորմալ, նույնիսկ բարի եւ շնորհքով երեւացող մեկը, պարզվում է, ունակ է երեխաներ գողանալ, բռնաբարել եւ մորթել ու հետո նորից շարունակել ապրել: Ու հիշում եմ մեր իշխանություններին: Սիրուն փողկապ կապած, ճոխ բառերով ողջ օրը էն ինչեր են ասում, էն ինչեր են ասում… ու էն ինչեր են անում: Իրենք ու իրենց օռկ եղբայրները իրենց գոբլին եղբայրների եւ մերձավորների հետ մեկտեղ: Իսկ որոշ ֆիլմերում էլ արդեն վաղուց տեղի է ունեցել աշխարհի վերջը եւ ամենուր քայլում են քայլող մեռյալները` զոմբիները: Հայացքները դատարկ, ուղեղները անջատված` դրանք անընդհատ գնում են դեպի աղմուկը կամ շարժվող առարկաները, որպեսզի կծեն եւ վարակեն իրենց դեբիլիզմով ուրիշներին: Ու երկիրն այդ ընթացքում փտում է, ամեն ինչ նեխում է, ամեն ինչ անցնում է խլամի տակ, որովհետեւ բոլորը կամ արդեն դեբիլ զոմբի են, կամ զբաղված են դրանցից պաշտպանվելով:
Այս մասին մտածելը դժվար է: Զոմբիների հետ ուրիշ ասոցիացիա չի կարող լինել, քան մեր իրականության մեջ առկա ժողովրդի հետ համեմատելը: Հատկապես այն մարդկանց հետ, ովքեր ասում են` հա ի՞նչ: Ասում ես երկրումդ կոռուպցիա կա, ասում են` հա ի՞նչ: Ասում ես ընտրությունները կեղծված են, ասում են` հա ի՞նչ: Ասում ես, որ երկրիդ վրա թքում են, ասում է` հա ի՞նչ:

Է հեչ: Բան էլ չկա: Ամեն ինչ հոյակապ է ուղղակի: Գոբլին դատախազ, օռկ նախագահ, տռոլ վարչապետ, լակոտ-լուկուտ օռկի ծառա դեպուտատներ, մոլագար ոստիկանապետեր եւ նախարարներ, մարզպետներ: Ամեն ինչ նորմալ է, ուղղակի կյանքը գնալով ավելի է նմանվում պոստապոկալիպտիկ ֆիլմի: Չափազանցնո՞ւմ եմ: Երեւի: Ուղղակի համեմատության եզրերը ավելի շատանում են:

Նկարի աղբյուրը`  http://www.thelandofshadow.com/azog-bolg-fimbul-and-narzug-what-will-happen-to-the-hero-orcs-of-the-desolation-of-smaug/

Wednesday, January 14, 2015

Բանկային վեսթերն

Ես ժպտում եմ ու նայում շուրջս: Երկու անվտանգության աշխատակից, հինգ գանձապահ, որոնց շարքում է կրքոտ աչքերով շիկահերը: Ես ժպտում եմ, դեմքիս քաշում պարանոցիս կապած թաշկինակը, աչքերիս վրա բերում լայնեզր գլխարկը եւ սկսում: Իհարկե՝ շարունակելով ժպտալ թաշկինակի տակից: “Առանց խուճապի”,- թավ, մի քիչ խռպոտ ձայնով ասում եմ ես,- “Փողերը լցրեք պարկերի մեջ, արագ, ավելի արագ”: Այդ ընթացքում, բնականաբար, այս ու այն կողմ եմ թափահարում իմ մեծ, երկարավուն, արծաթագույն Կոլտ ատրճանակը: Իսկ երբ փողերը հավաքված են լինում, վերցնում եմ “$” գրությամբ պարկերը, դուրս գալիս բանկից, դրսում ինձ, անկասկած, արդեն սպասում է կրքոտ աչքերով շիկահերը, մենք նստում են նժույգը եւ սլանում՝ նոր բանկեր եւ գնացքներ թալանելու:

Այսպես ես մտածում եմ բանկերում լինելիս: Ավելի հաճախ՝ հերթի մեջ կանգնած: Եւ պատկերացնո՞ւմ եք՝ այդ ընթացքում նույնիսկ ժպտում եմ: Շուրջբոլորս կանգնած մարդիկ դա երեւի վերագրում են իմ ի ծնե բարեհամբյուրությանը եւ չափազանց լավ դաստիարակությանը: Եւ համեստությանը նույնպես: Իսկ ես, իրականում, մի իսկական վեսթերն եմ վերապրում: Թերեւս, պակասում են միայն հնդկացիները՝ իրենց փետուրներով եւ ներկած դեմքերով:

Բանն այն է, որ շատ խորն են նստած գիտակցության մեջ վեսթերները եւ մասնավորապես՝ դրանցում բանկերի դերը: Չէ՞ որ, եթե հանկարծ որեւէ զիլ դեմք նեղության մեջ է հայտնվում, նա միշտ կարող է գնալ բանկ եւ… թալանել այն: Ի՞նչ է, այդպես չէ՞: Աաա, ոչ: Այդպես չէ:
Հիմա, իհարկե, վեսթերներից դուրս էլ կան զիլ դեմքեր ու ժամանակ առ ժամանակ նրանք եւս հայտնվում են որոշակի նեղության մեջ ու գնում բանկ… վարկ վերցնելու: Արդյունքը նույն է՝ դուրս ես գալիս բանկից լիքը փողով (թեկուզ եւ ոչ “$” գրությամբ պարկերով), բայց ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ սխալ է թվում: Նայում ես շուրջբոլորդ՝ ոչ ձիեր կան, ոչ կրքոտ աչքեր եւ ոչ էլ գնացքներ, որոնք կարելի է թալանել: Իսկ հեռախոսը զանգում է եւ կանչում վազել առօրյա կյանքի հետեւից: Ու վեսթերնը ավարտվում է:

Թեեւ, հեչ էլ չի ավարտվում, այլ շարունակվում է՝ գնալով նմանվելով գերմանական կինոմատոգրաֆի խուժանական նմուշի, որտեղ պասիվ դերակատարի դերում հայտնվում է զիլ դեմքը… Ազնիվ չէ, չէ՞՝ բանկից վարկի ես վերցնում-թալանում-“$” գրությամբ պարկերը շալակում-տանում մեկ անգամ, իսկ գնում ես բանկ վարկը վերադարձնելու (տոկոսներով հանդերձ) մի ողջ տարի ու զգում գերմանական կինոյի զորավոր հաղթանակը:

Բայց սա այնպես: Հիմա ես հաճախ եմ հանգիստ նստած լինում եւ թեյ խմելով նայում լուսամուտից դուրս:


Նկարի աղբյուրը՝ http://nuclear-wallpapers.ru.com/gdefon/wall/full/419960

Tuesday, January 13, 2015

Ցելոֆանապատ դավադրություն

Թերեւս, տեղի է ունենում համաշխարհային մակարդակի դավադրություն: Հին ու բարի, հրեական ու մասոնական դավադրության տեսությունների համակիր չեմ, բայց այս մեկ դավադրությունը պարզապես զգում եմ, մաշկովս եմ, կարելի է ասել, զգում:
Այ, օրինակ, գնում եմ սուպերմարկետ շաբաթվա խժռելիքն առնելու, իսկ ճանապարհին ներսումս արդեն հասունանում է դավադրության տագնապը: Մանավանդ, երբ քամի է լինում: Միայն ուժեղ քամու ժամանակ կարելի է ոչ մի բան չկասկածող մարդկանց համոզել դավադրության առկայության մասին: Իսկ ես, որ արդեն վաղուց եմ կասկածում, քամու ժամանակ ուղղակի խուճապի եմ մատնվում:
Ու մտքիս գալիս է Ֆիլիպ Դիկի “Երազո՞ւմ են արդյոք անդրոիդները էլեկտրական ոչխարների մասին” գիրքը, գրքում նկարագրված ապագայի աշխարհի խլամը: Կարդացածները միանգամից կհասկանան, իսկ մյուսներին հուշեմ, որ խոսքը ամենակուլ ԽԼԱՄԻ մասին է, որը կուլ է տալիս մարդու կողմից թեկուզ կարճ ժամանակով լքված ամեն վայր, ցանկացած տեղ, որտեղ մարդը չի հասցնում կարգի բերել, մաքրություն անել: Թեեւ, ավելի լավ պատկերացնելու համար տագնապներիս պատճառը կարելի է ուղղակի դիտել հանրահայտ Wall-E մուլտֆիլմը:

Եւ այսպես, ես արդեն ընդհուպ մոտենում եմ սուպերմարկետին, իսկ քամին գնալով ուժեղանում է: Ես փորձում եմ չտխրել, չընկճվել, արդեն մեծ տղա եմ, դե,  պետք է թարգել նահանջողական տրամադրությունները, բացասական լիցքերը պետք է թողնել, գլուխը բարձր… բայց այդ պահին դեպքիս է “հագնում” քամու թռցրած պոլիէթիլենային տոպրակը՝ ցելոֆանը: Հազիվ եմ հասցնում պոկել դա երեսիցս, երբ ոտքերիս տակ, ասես մրրկահողմից քշված՝ կուտակվում են եւս հինգ-վեց ցելոֆաններ: Չիմանալով ինչպես վարվել՝ ես ընտրում եմ փախուստի ճանապարհը եւ արագացնելով քայլերս՝ վայրկյան առաջ ներխուժում եմ սուպերմարկետ, որտեղ համենայնդեպս թռչող ցելոֆաններ չկան:

Խլամի իրական մասշտաբները ես հասկացա տոնական օրերից մեկի ժամանակ, երբ առավոտյան դուրս էի եկել սովորական մարզանքի: Ողջ գիշեր ուժեղ քամի էր եղել, կոմունալ ծառայությունները հանգստի մեջ էին, եւ հնարավոր էր լիովին գնահատել ստեղծված իրավիճակը: Խոսքը, մասնավորապես, ծառերից տոնական խաղալիքների պես կախված ցելոֆանների, նույն ծառերի եւ լուսաձողերի տակ կուտակված ցելոֆանների, շենքերի լվացքի պարաններից կախված ցելոֆանների, շքամուտքերում լցված ցելոֆանների, փողացային կենդանիներին փաթաթված ցելոֆանների եւ նույնիսկ իմ սիրելի զուգահեռաձողին պինդ գրկած ցելոֆանների մասին է: Այնպիսի ապոկալիպտիկ տրամադրություն էր, որ ասես մինչ ես քնած էի, տեղի էր ունեցել մոլորակի զավթում ոչ երկրային բանականության՝ այս դեպքում պոլիէթիլենային տոպրակների կողմից, եւ մարդկությանն այլեւս գոյատեւելու տեղ հատկացված չէ: Գումարած դրան՝ քամուց փռփռում էր կոշկակարի կրպակից կառչած տոպրակը՝ կարծես հաստատելով իմ տարակուսանքը:
Իսկ ես արդեն մոտենում եմ սուպերմարկետի գանձապահին՝ զեռքիս զամբյուղի մեջ տանելով կատարածս գնումները:
-Ոչ, դա առանձին տոպրակի մեջ մի դրեք, խնդրում եմ,- ասում եմ ես թեեւ կոպիտ դիմագծերով, բայց հաճելի աղջկան:
Աղջիկը ժպտում է:
-Չէ, չէ, դա էլ մի դրեք, բոլորը մեկ տոպրակի մեջ դրեք, խնդրում եմ,- ասում եմ ես նորից եւ ժպտում: Աղջիկը նույնպես ժպտում է եւ նայելով ուղիղ աչքերիս մեջ՝ նոր տոպրակ է բացում հատուկ ատամի մածուկի համար:
-Կարիք չկա, մի դրեք դա առանձին տոպրակի մեջ, պետք չէ,- ասում եմ ես:
Աղջիկը նենգորեն ժպտում է: Ես նույնպես: Էլ ավելի նենգորեն: Նա փորձում է նոր ցելոֆան բացել գնածս ձեթը մեջը դնելու համար: Ես բռնում եմ նրա ձեռքը: Ես դավադրության զոհ չեմ դառնա: Մի քանի մետր հեռու կանգնած անվտանգության աշխատակիցը նկատում է շարժումս, չի մոտենում, բայց սրում է ատամները: Ես շարունակում եմ ժպտալ աղջկան: Նա նույնպես:
-Սա ճանապարհին կպատռվի, դնե՞մ երկրորդ տոպրակի մեջ,- անմեղ աչքերը թարթելով ասում է նա: Օդն ուղղակի հագեցած է դավադրությամբ:
-Ոչ,- ասում եմ ես ատամներիս արանքից՝ չդադարելով ժպտալ:

Գալիս եմ տուն փոքրիկ հաղթանակ տարած: Ամեն դեպքում՝ ինձնից հետո ես մեկ ավելորդ օգտագործած ցելոֆան քիչ կթողնեմ: Ինչ էլ որ լինի, եթե կան նույնիսկ դավադիրներ, իսկ սուպերմարկետի աղջիկը նրանց զինակիցն է, եթե նրանք նույնիսկ այլմոլորակային զավթիչներ են, եթե ուզում են խլամի վերածել մեր ողջ Երկիրը, ցելոֆանապատել մեր մոլորակը՝ ամեն ինչ կախված է մեզնից: Որտե՞ղ թափել աղբը եւ քանի՞ պոտենցիալ ՉԹՑ (չբացահայտված թռչող ցելոֆան) օգտագործել՝ սրանք կարեւոր հարցեր են, որոնց պետք է ճիշտ պատասխան տալ, եթե չենք ուզում դառնալ դավադրության զոհ:

Նկարի աղբյուրը՝ http://greenplaneta.org/posts/ya-ne-plastikovyj-paket/ 

Monday, January 12, 2015

Վարդագույն քաղաքի մոռացված հոտերը

Մի քանի օր առաջ ընկերս զանգեց: Պատմում է. “Նոր գնում էի տնում, տեսնեմ՝ կանալիզացիան են սարքում, ու էդտեղ հասկացա, որ էդ հոտը դուրս գալիս է, ասա՝ խի՞”: “Խի՞”,- հարցնում եմ: “Որովհետեւ մանկության հոտն ա: Հիշո՞ւմ ես առաջ ինչքան շուտ-շուտ էին փչանում կանալիզացիաները”:
Եւ իրոք որ:
Չէ: Այն, որ կոյուղու խափանումներ հիմա այնքան էլ հաճախ տեղի չեն ունենում, ինչքան առաջ, շատ լավ է: Բայց մյուս կողմից… Երբ փչանում էր այսպես ասած “կանալիզացիան”, բակ էր գալիս այն ժամանակների համար իսկական դեֆիցիտ համարվող մեծ տեխնիկան՝ “կռանը”, հետը գալիս էին լիքը նոր մարդիկ, բերում տարբեր գործիքներ, սկսում էին դռդռացնել, թխկթխկացնել, կյանքը սկսում էր եռալ… Եւ հոտը: Իսկական, կարելի է ասել նատուրալ քաքի հոտը, որ ընկնում էր ողջ բակով մեկ ու իսկական աղետ ստեղծում: Վեց-յոթ տարեկան, հովհարային անջատումների պատճառով արտաքին կյանքը օրական երկու ժամով տեսնող երեխաների համար դա իսկական բլոքբասթեր էր: Էլ չեմ ասում, որ հնարավոր էր տեսնել այն դարչնականաչավուն զանգվածը, որ հոսում էր շենքի տակով, անցնում հաստ խողովակներով եւ հանդիսանում այն վերոնշյալ նատուրալ… քաքը. պետք է իրերը իրենց անուններով նշել:
Իսկ հետո հին բետոնե կամ չուգունե խողովակները փոխեցին նոր՝ եվրոպական խողովակներով, պլաստիկ-մետաղապլաստիկ, ճկուն, դիմացկուն: Եւ վթարները դադարեցին: Համենայնդեպս՝ դրանք հազվադեպ են լինում, ահագին հազվադեպ: Փառք Աստծո, հիմա հովհարային անջատումներ չկան, եւ երեխաները օր ու գիշեր կպած են արտաքին աշխարհին իրենց պլանշետներով եւ հաճախ չեն էլ կասկածում, որ ինչ-որ տեղ ներքեւում, պլաստիկ-մետաղապլաստիկ, ճկուն, դիմացկուն խողովակներով հոսում է իրենց նատուրալ արտաթորանքը, որը ժամանակին, համատեղության կարգով, բացի հոսելուց, երբեմն-երբեմն դուրս էր ժայթքում գետնի տակից:
Այսպիսի բաներ:
Իսկ վերջերս փողոցով էի քայլում: Չնայած՝ ինչո՞ւ միայն վերջերս, ես շատ հաճախ եմ քայլում փողոցներով: Այդ անգամ ուղղակի ծանոթ դեմքի տեսա հեռավոր մանկությունից: Փոխվել էր: Հագած-կապած: Ես ինքս ինձ վրա զարմացա, թե ինչպես կարելի էր ճանաչել նման մետամորֆոզի: “Բարեւ”,- ասում եմ,- “փոխվել ես, հա”,- հարվածում եմ ուսին: Անսասան է: “Ես հիմա լուրջ մարդ եմ”,- պատասխանում է,- “էլ առաջվանը չեմ”: Իսկ առաջ նա շատ ուրախ տղա էր: Թեեւ փսլնքոտ: Միշտ քթերից կախված էր լինում կանաչավուն սոսնձանման միացությունը եւ ժամանակ առա ժամանակ, երբ քթի տիրոջ շնչառությունը ծանրանում էր, այդ զանգվածը ուռում էր, վերածվում փուչիկների: Ու միշտ վազում էր: Ծիծաղում: Իսկ հիմա՝ “Ես լուրջ մարդ եմ”: “Դե ցտեսություն”,- ասում եմ եւ ակամայից լարում աչքերս՝ փորձելով ինչ-որ բան որսալ նրա քթի շրջակայքում: Ապարդյուն: Տարիներ են անցել: Իսկ իրերը, այնուամենայնիվ, պետք է իրենց անուններով նշել՝ ոչ թե սոսնձանման զանգված, այլ՝ խլինք:
Այսպիսի բաներ:

Հիմա հաճախ հանգիստ նստած եմ լինում, թեյ եմ խմում, լուսամուտից դուրս նայում, եւ երբեմն այնքան լավ է ամեն ինչ: Քաղաքը ապրում է, մարդիկ այստեղ-այնտեղ են վազվզում, տոները ավարտվել են եւ հավաքված ավելորդ քաշը արդեն հալչում է աշխատանքային նոր սկսվող շաբաթվա ճիրաններում: Ուղղակի նման մտքեր են գալիս, եւ չգիտես էլ ինչ մտածես այդ կապակցությամբ: Իսկ չմտածելու համար կա հազար ու մի միջոց: Օրինակ՝ շատ արագ ՖԲ մտնելն ու մեյլը ստուգելը: Այդ նոր թվային աշխարհը հետեւում է թողել մանկության գույները, հոտերը, զարմանքն ու ուրախությունը: Իսկ քաղաքն էլ վերածվել է հարմարությունների սպառողական դրախտի, որտեղ այնքան հեշտ է մոռանալ գետնի տակով հոսող նատուրայի մասին:

Նկարի աղբյուրը՝ http://joyreactor.cc/tag/%25D0%25BB%25D1%258E%25D0%25BA%2B%25D0%25BA%25D0%25B0%25D0%25BD%25D0%25B0%25D0%25BB%25D0%25B8%25D0%25B7%25D0%25B0%25D1%2586%25D0%25B8%25D1%258F 

Sunday, January 11, 2015

Արթնացնողը

Ժամանակին շատ բաժանորդներ էին տուժում ցանցի խափանման պատճառով: Բանը հասնում էր նրան, որ ողջ քաղաքով մեկ գրանցվում էին հարյուրավոր զոհեր ուղղակի այն պատճառով, որ կապը կորելու հետեւանքով շատերը մնում էին ցանցի ներսում` չկարողանալով վերադառնալ մարմին: Իրավիճակը առանձնապես սրվեց պատերազմի ժամանակ: Ցանցի խափանումները եւ հոսանքի հանկարծակի անջատումները դարձան սովորական երեւույթ բնակիչների համար, իսկ թշնամիները, թեեւ` հակամարտության մեր կողմը եւս, անմիջապես գիտակցեցին, որ դա հզորագույն զենք է` վերջնական հաղթանակի հասնելու համար: Պատերազմը վիրտուալ ռազմադաշտերից տեղափոխվեց նաեւ բարձրավոլտ կայաններ եւ նրանցից սնվող մալուխային համակարգեր, որոնցով հոսանքը հասնում էր քաղաքացիների համակարգիչներին, սնում նրանց թվային աշխարհները եւ հնարավորություն տալիս բաժանորդներին ապրելու եւ արարելու ցանցում: Երբ սկսվեց պատերազմը, անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու Արթունների գունդը, որը պետք է վերցներ իր վրա հոսանքի անդադար մատակարարման պատասխանատվությունը եւ վերահսկեր ցանցի անխափան աշխատանքը այն ժամանակ, երբ քաղաքի մի մասը գտնվում էր թվային մռափի գունավոր երազների իրականությունում, իսկ մյուս մասը, սարսափազդու կերպարներ ստացած, մարտնչում էր թշնամու հետ սերվերների ամեն մի կիլոբայթի համար` վիրուսներին պատասխանելով վիրուսով, ալգոռիթմերին պատասխանելով բանալիներով, եւ այդպես շարունակ:
Արթունների գնդի հրամանատար Միքայել Գոռսթոուն անձամբ էր վերահսկում իրավիճակը քաղաքի հյուսիս-արեւելյան հատվածում: Վթարային սնուցման էր միացված Հյուսիսարեւելքի մեծ մասը, իսկ քաղաքի այդ հատվածն ուներ, թերեւս, ամենակարեւոր ռազմավարական նշանակությունը, քանի որ զորքեր կենտրոնացված էին հիմնականում այնտեղ: Ցանցի մեջ ընկղմված մարտիկները քնած էին հինգ հարյուր հարկանի երկնաքերերի հսկայական զորանոցներում, փոքրիկ ասկետական մահճակալների վրա, որոնք ցանցին էին միացված լարերի եւ ընդունիչների նվազագույն քանակությամբ: Այդ զորքը, որի շարքերում հաշվվում էին ավելի քան երկու միլիոն շարքային ծրագրավորող-զինվորներ, արդեն երեք շաբաթ անզիջում պայքար էր մղում սերվերներից կարեւորագույնի եւ ամենամեծի` Ալֆայի համար: Թշնամու անակնկալ դիվերսիոն գործողությունները, որ միտված էին քաղաքի հյուսիսարեւելքը հոսանքազրկելուն, կարող էին պարզապես վերջ դնել պատերազմին, քանի որ այդպիսով մեծ վնաս պատճառված կլիներ, եւ մենք պայքարը շարունակելու ուժ այլեւս չէինք ունենա:

***
-Իսկ ես ասում եմ, որ այդպիսի դեպք եղել է,- պատմում էր լեյտենանտ Սիմոն Նազարեթը Արթունների գնդի շարժական շտաբի հանգստի սենյակում հավաքվածներին,- Ես ինքս եմ լսել հենց անմիջական ականատեսից: Ասում են, որ մեզ բոլորիս հայտնի բաժանորդը մի քանի անգամ մնացած է եղել ցանցում, սակայն կարողացել է ինչ-որ կերպ ետ գալ այնտեղից եւ մտնել մարմին:
-Բայց դա անհնար է,- առարկում էր սերժանտ Կիմ Ամբրոյանը,- Եթե նույնիսկ ենթադրենք, որ դա ճիշտ է, ապա նման ունակությամբ անձին կվստահեին ղեկավարել զորքերը եւ ոչ թե… Ու բացի այդ` ի՞նչ ականատեսի մասին կարող է խոսք գնալ, այդ ինչպե՞ս պետք է տեսնեին, թե նա ինչպես է կարողանում ցանցից հետ գալ մարմին:
-Դու բարդացնում ես,- համառում էր Նազարեթը,- իսկ ես համոզված եմ, որ այդպիսի բան կա, լուրջ եմ ասում:
Արթունների գնդի շտաբի հանգստի սենյակում թեւածում էր քունը: Տասը ժամանոց հերթափոխից վերադարձած վաշտը պարբերաբար հորանջում էր, իսկ հիսունվեցերորդ հարկից բացվող սպիտակ տեսարանը էլ ավելի էր տրամադրում քնելու: Ձյունը, որ վաղուց արդեն կորցրել էր իր անմեղ հեքիաթային բնույթը եւ արդեն քանի տասնամյակ, մնացած մթնոլորտի պես, հագեցված էր ծանր մետաղներով եւ վտանգավոր միացություններով, տեղում էր քաղաքի վրա անսպառ փաթիլներով, իսկ ցած իջած դեղնամոխրագույն ամպերը պարուրում էին քաղաքի աշտարակները  յոթանասուն-ութսուներորդ հարկերի մակարդակում:
-Այ եթե հանկարծ հենց նա պատմի, այդ ժամանակ միայն կհավատամ,- հորանջելով ասաց Ամբրոյանը, ապա, մի կերպ փակելով բերանը, խոշոր կում արեց ձեռքի մեջ գոլորշի հանող սուրճի մեծ կանաչ բաժակից:
-Իսկ ե՞րբ է նա ինչ-որ բան պատմում,- թերահավատորեն նկատեց լեյտենանտ Նազարեթը եւ նայեց հանգստի սենյակը գրաված իր վաշտին, զինվորների հոգնած դեմքերին` մտածելով այն տասնյակ միլիոնավոր անհոգ բաժանորդ-քաղաքացիների մասին, ովքեր, միացած ցանցին, վայելում էին թվային իրականության բոլոր բարիքները:

***
Տագնապի ազդանշանը ոչ ոքի համար առանձնապես անակնկալ չեղավ: Բոլորը համակերպվել էին վերջին օրերի գերլարված իրավիճակի հետ եւ, շնորհիվ Արթունների գնդի հրամանատար Միքայել Գոռսթոուի ելույթների եւ հայտարարությունների, գիտակցում էին իրենց վրա դրված պատասխանատվության իրական մասշտաբները: Իսկ պատասխանատվությունը ցանցում ապրելու եւ արարելու համար անհրաժեշտ տարածքը պահպանելն էր, նորը նվաճելը եւ նորից պահպանելը: Տագնապը չէր կարող առաջացնել փնթփնթոցներ եւ դժգոհություններ: Բոլորն էին պատերազմում:
Անակնկալը արդեն դեպքի վայրում էր, որտեղ վաշտը հասավ առաջինններից մեկը եւ անմիջապես ընկղմվեց խավարի մեջ: Հակառակորդը, այդուամենայնիվ, չնայած առկա բոլոր այլընտրանքային միջոցառումներին, կարողացել էր խափանել վթարային հոսանքի մատակարարումը եւ ցանցից անջատել էր զորքերի տեղակայման աշտարակներից մեկի երեք հարկերը, որտեղ պառկած-միացված էին շուրջ հինգ հազար զինվորներ: Արթունները, որ իրենց ծառայության բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ երբեք չէին բախվել նման իրավիճակի հետ, քանի որ միշտ կարողացել էին գտնել հոսանքի մատակարարման նոր լուծումներ, այժմ չէին կարողանում կողմնորոշվել եւ որեւէ համապատասխան գործողություն նախաձեռնել: Բացի այդ, նրանք առաջին անգամ հայտնվել էին բացարձակ մթության մեջ, ուր չկար ոչ բնական, ոչ էլեկտրական լույս: Վայրկյաններ անց միայն հիշելով գրպանի փոքրիկ ջահիկների մասին, նրանք միացրեցին դրանք եւ շողքի մատերով սկսեցին շոշափել զորանոցները: Միակ բանը, որ անցնում էր նրանցից շատերի մտքով` դա անշունչ մարմինների դուրս բերումն էր զորանոցներից:
-Տեսեք, տեսեք այնտեղ, հրամանատարն է,- գոչեցին հանկարծ Արթունների շարքերից:
-Գոռսթոո՞ւն:
-Նա է:
Չկարողանալով զսպել զարմանքը`Արթունները տեսան, որ զորանոցների խորքում, հասարակ մահճակալներից մեկի վրա նստած է Միքայել Գոռսթոուն: Նրա բավական մեծ եւ չափազանց կլոր գլխին միացված էին ցանցային լարերը, աչքերը նրա փակ էին, եւ նստած դիրքից անհնար էր գուշակել, թե հրամանատարը արդեն մո՞ւտք է գործել ցանց, թե՞ նոր է միայն պատրաստվում դա անել: Ավելի անորոշ էր հոսանքի կատարյալ բացակայությունը, քանի որ եթե հոսանք չկար, ապա անիմաստ էր փորձում Գոռսթոուն մտնել ցանց, իսկ եթե, այնուամենայնիվ, նա արդեն ցանցում էր եւ նոր էր պատրաստվում դուրս գալ, ապա դա առավել եւս անիմաստ էր, ավելի ճիշտ` կատարելապես անհնար:
-Հրամանատար,- փորձեց ձայն տալ լեյտենանտ Նազարեթը:
-Պարոն Գոռսթոո՞ւ,- շտապեց միանալ Ամբրոյանը: Նրանք դանդաղ քայլերով, անցնելով անզգա մարմինների շարքերի միջով, ուղղվեցին դեպի Արթունների գնդի հրամանատարը:
-Պարոն Գոռսթոու,- ձեռքով դիպչելով նստած հրամանատարի ուսին` ասաց լեյտենանտ Նազարեթը:
Հրամանատարը բարձրացրեց գլուխը: Նրա աչքերը փակ էին, սակայն կոպերի ետեւում նկատվում էր խնձորակների ակտիվ շարժ, ինչպիսին լինում է սովորաբար թվային մռափում գտնվողների մոտ:
-Նա ցանցում է,- ասաց սերժանտ Ամբրոյանը այնպիսի տոնով, ասես ընդունում է իր պարտությունը,- փաստորեն սա հնարավոր է:
-Ես քեզ ասում էի,- վրա բերեց Նազարեթը,- ի՞նչ պետք է անել:
Լեյտենանտն իր գրպանի փոքրիկ ջահը պահեց սերժանտի դեմքին, ապա հրամանատարի կլոր գլխին, ապա տարածեց այն զորանոցով մեկ` թողնելով, որ լույսի շողքն անցնի անշունչ պառկած զինվորների վրայով: Եւ հանկարծ` շողքը որսաց շարժումը: Նազարեթը միանգամից հետ բերեց ջահիկը` փորձելով ստուգել աչքերի տեսածը: Ամեն ինչ անշարժ է:
-Ի՞նչ է սա,- շշնջաց Ամբրոյանը` արձագանքելով թիկունքից լսված հոգոցին: Եւ ահա` նորից: Այս անգամ ինչ-որ մեկը տնքում էր աջ կողմից:
-Հեյ, դուք այդտեղ տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, նրանք կենդանանում են,- շատ բարձր ձայնով ասաց ինչ-որ մեկը վաշտից:
-Գալիս ենք,- պատասխանեցին նրան:
Փորձելով ոչ մեկի  հետ չբախվել, աշխատելով ճիշտ շարժել ոտքերը եւ անվտանգ քայլեր կատարել, Նազարեթն եւ Ամրոյանը անցան մռափից արթնացող եւ որդերի պես գալարվող զինվորների մարմինների միջով եւ վերադարձան դեպի իրենց վաշտը:
Հոսանքի մատակարարումը վերականգնվեց միայն երկու ժամ անց: Հակառակորդի այս գործողությունը այնքան խորքային ու համակարգված էր, որ Արթունների գնդի տեխնիկական վաշտերից պահանջվել էին անչափ մեծ ջանքեր եւ երկար ժամանակ, որպեսզի կարողանային կարգի բերել վնասված էլեկտրոկայանները եւ մալուխային գծերը: Երբ զորանոցներում վառվեցին լույսերը, հնարավոր դարձավ ստույգ հաշվարկ կատարել` ի մի բերելով զոհերի քանակը, որը, ինչպես պարզվեց բավական շուտ եւ միանշանակ, հավասար էր զրոյի:
-Իսկ հրամանատար Գոռսթոո՞ւն: Նա ինչպե՞ս է,- փորձում էր մի բան պարզել Միքայել Գոռսթոուի մարմինը շտապօգնության ճեպընթաց մակույկ տեղափոխած դրոնից լեյտենանտ Նազարեթը: Դրոնը, սակայն, որը կառավարվում էր քաղաքի մյուս ծայրում, աշտարակի հարկերից մեկում մռափող բժշկի կողմից, անորոշ տզզոց հանեց, ուժեղացրեց իր փոքրիկ շարժիչների աշխատանքը եւ անմիջապես հեռացավ մակույկի հետ` տանելով հրամանատարի մարմինը:
***
Միքայել Գոռսթոուի մահվան կապակցությամբ քաղաքի իշխանությունները եւ գերագույն հրամանատարությունը հանդես եկան հայտարարություններով: Զինվորական կարճ, զուսպ եւ կոռեկտ տեքստում ասվում էր, որ Միքայել Գոռսթոուն, օգտագործելով իր բացառիկ ունակությունները` անհոսանք շարժվելու ցանցի ներսում եւ ազատ ելումուտ անելու, կարողացել է կատարյալ հոսանքազրկման պայմաններում, ցուցաբերելով բացառիկ արիություն, ցանցից դուրս հանել շուրջ հինգ հազար զինվորի:
-Ասում են, նա դեռ երեխա ժամանակ վթարի է ենթարկված եղել, նրան վիրահատելու ժամանակ ինչ-որ լարեր են միացրել, մի խոսքով` վիրահատությունը դեռ այն ժամանակ առցանց է եղել, այդ պատճառով էլ առաջացել է Գոռսթոուի այդ ունակությունը,- ասում էր լեյտենանտ Նազարեթը սերժանտ Ամբրոյանին, ով կոկոսի մեջից ձողիկով արեւադարձային կոկտեյլ էր խմում:
-Վերջացրու դա, խնդրում եմ քեզ: Հիմա մեզ հազիվ արձակուրդ են տվել, կարողացել ենք հասնել այստեղ, նայիր ինչ ափ է, հապա նայիր ինչ ծով է, ուզո՞ւմ ես լողալ: Իսկ դու շուրջդ նայե՞լ ես: Տես ինչքան աղջիկներ կան,մարդիկ` բոլորը գեղեցիկ, տես ինչ լավ կոկտեյլ է:
-Դու ոչ մի բան էլ չես հասկանում, Ամբրոյան,- ասաց Նազարեթը փոքր կում անելով իր մեծ կանաչ սուրճի բաժակից:
-Ես հասկանում եմ, որ հանգստանալ է պետք,- արդարացավ սերժանտը:
-Իսկ ես ասում եմ, որ ցանկացած պահի կարող է անջատվել քաղաքի հոսանքը եւ այս ամենը ընդմիշտ կավարտվի:
-Թուու,- բարկացած ձայնով ասաց Ամբրոյանը,- իսկ ես արդեն գրեթե ամբողջովին մոռացել էի, որ պառկած եմ ինչ-որ քոսոտ երկնաքերում, որ սա ընդամենը մռափ է… անպայման էր պետք հիշեցնել… Շնորհակալ եմ:
-Դրա մասին երբեք պետք չէ մոռանալ,- ասաց իրենից գոհ Նազարեթը, ապա ուշադրությունը հրավիրեց հսկայական, սպիտակ ավազով ծածված ծովափի մյուս կողմը,- նայիր այն կողմ, տեսնո՞ւմ ես այն մարդուն:
-Ո՞ւմ:
-Մեծ գլխով, այն մեծ ու կլոր գլխովին:
-Խնդրում եմ, դադարեցրու,- ասաց Ամբրոյանը զսպելով ծիծաղը կամ լացը, գլխին քաշեց երկարաեզր գլխարկը, խորը կում արեց կոկոսից եւ ավելի հարմար տեղավորվեց` ըմբոշխնելու թվային արեւի շողերը թմրեցնող մռափում:

նկարի աղբյուրը` http://www.zastavki.com/rus/Fantasy/wallpaper-17466.htm