Monday, October 31, 2011

Ժանգ 131

Скованные одной цепью
Связанные одной целью
Наутилус Помпилиус




 Այդ խելառը կատակ չէր անում: Հեչ կատակ չէր անում: Նրա դանակը պողպատից էր,ժանգոտած, առանց ավելորդ նախշերի ու զարդերի: Նույնիսկ կոթն էր պեղպատե: Այդպիսի դանակները չեն պահում որպես հուշանվեր կամ դեկորի մի մաս: Այդպիսի դանակներն օգտագործում են միայն ըստ նշանակության: Նա կատակ չէր անում:
Միջանցքներում լույսը թարթում էր: Ցերեկային լուսավորության երկար լամպերը միանում էին ու անջատվում: Ամենուրեք լսվում էր նրանց խուլ տզզոցը: Ելքը լուսամուտից այն կողմ էր:Դա այնքան էլ ելք չէր, բայց դա միակ տարբերակն էր: Հետևում, ինչպես նաև ներքևի հարկերում վխտում էին գազանները: Դիամցը կանգնած էր խելառը` պողպատե դանակը ձեռքին: Այդ դանակը սառն էր ինչպես մահը: Դա իսկական մսագործի դանակ էր: Դրա սուր ծայրն անպայման կճղեր նրա մաշկը, հանգիստ կանցներ հյուսվածներով ու կխրվեր նրա ներքին օրգանների մեջ: Ելք: Լուսամուտ: Դուրս:
Նա հիշում էր արտակարգ իրավիճակների համար նախատեսված ժանգոտ աստիճանը, որ բարձրանում էր մինչև կտուր: Նրա հագի իտալական կոստյումը սեղմում  էր մեջքին փաթաթված թևերը: Դրանք շարժելու ամեն մի փորձ վերածվում էր ճնշող ցավի:
Դանակով խելառը մի քանի քայլ արեց: Նրանց միջև հեռավորությունը չորս մետրից էլ պակաս էր: Մինչև լուսամուտ երեք մետր էր: Լցնելով թոքերը խորը շնչով` նա պոկվեց տեղից հրթիռի պես...


Դեպի Ժողովների Պալատ ընկած ճանապարհը երկար էր նրա համար: Նա ստիպված էր անցնել մի շարք ձևականությունների միջով: Ավարտել ուսումնական հաստատություն, անդամակցել երիասարդական կազմակերպության, ժպտալ տարատեսակ ասուլիսների ժամանակ: Չնայած հենց իր այդ ժպիտների շնորհիվ էլ ճանապարհն այդ ահագին կարճվեց: Նա ուղղակի գերել էր բոլորին: Գերել էր անխտիր բոլորին: Նրան ընտրել էին առանց տարաձայնությունների: Իր ընտնատարածքում նա չունեցավ ոչ մի արժանի մրցակից:
Նա հասավ իր նպատակին: Այն նպատակին, որ դրված էր իր առջև: Մտնել Ժողովների Պալատ ու կատարել բուն առաքելությունը:
Այն, որ հանդիպելու է այնտեղ գազանների, գիտեր: Գիտեին նաև նրանք, ովքեր դրել էին նրա առջև այդ նպատակը: Ուղղակի պետք էր փոխել շատ կարևոր մի բան: Պետք էր մտնել Ժողովների Պալատ ու փորձել փոխել գազաններին:
Այդ գազանները պատված էին խավարով, նրանց միտքն աշխատում էր հանուն մեծագույն ուժերի, որոնք կոչվում էին Կրատում և Պլուտոս:
 Դրանք խելակորուս գազաններ էին` տարված միայն իրենց իշխանությամբ ու որոշումներ կայացնելու մենաշնորհով: Նրանց ժողովների ժամանակ որոշվում էին Մարդկանց ճակատագրերը: Նրանք քվեարկում էին իրենց որոշումների համար ու իրագործում իրենց իշխանությունը, իրագործում դա հանուն փողի:
Ու ահա եկել էր նա, որ պիտի մտներ Ժողովների Պալատն ու ջանալ փոխել...
Առաջին երկու ամիսները...Նա գրեթե չմնաց Ժողովների Պալատում:Մինչ գազանները նստած էին իրենց հսկա դահլիճում` Կրատումի ու Պլուտոսի նկարների տակ ու քվեարկում էին, նա փորձում էր օգտագործել իրեն հասած իշխանությունն ու դրամը քաղաքներում ու գյուղերում, կատարում էր արտահայտություններ: Նա կատարում էր կարևոր հայտարարություններ: Նա խոսում էր լրագրողների հետ, նա գնում էր մամլո ասուլիսների ու անում հայտարարություններ: Նա ասում էր, որ Մարդկանց ձեռքն է  իշխանությունն ու Մարդիկ կարող են շատ ավելի լավ ապրել: Նա սում էր, որ կարելի է սեփական ուժերով կառուցել ոռոգման ջրագծեր, վերանորոգել փողոցներ, շենքեր, կարելի է սեփական նախաձեռնությամբ առաջարկել ավելի հարմար օրենքներ ու վերացնել ստրկությունը: Նա շատ էր խոսում ստրկության մասին, որը կազմակերպել էին բանկերը: Նա ասում էր, որ ամեն ոք, ով պարտք է բանկին, կարող է համարվել նրա ստրուկը:
Հետո Ժողովների Պալատը կանչեց նրան գլխավոր հավաքին:
Նա կանգնած էր դռան առջև ու գիտեր` այնտեղ` հսկա դահլիճում, իրեն սպասում են գազանները: Նա գիտեր, որ գազանները գոհ չեն իրենից...նա գիտեր դա:

Դռան մետաղական բռնակը, որը ժանգոտված էր, շարժվեց, ու նրա առջև ճռալով բացվեց հսկա դահլիճի դուռը:
Գազանները սինխրոն շրջվեցին: Դեմքերը նրանց սփրտնած էին: Բոլորի աչքերը մոխրագույն էին: Հեռվում` դահլիճի վերջում` ասես բեմի վրա, դրված էին Կրատումի ու Պլուտոսի նկարները: Նրանց միջև գտնվաղ ամբիոնը դատարկ էր:
-Հարգելի պարոն Վարուժա՛ն,-ասաց գազաններից մեկը, ով վերև կացավ առաջին շարքից ու սկսեց առաջ գալ,-հարգելի պարոն Վարուժա՛ն:Դուք չեք համենում այստեղ արդեն մի քանի ամիս է, մենք անհանգստանում ենք: Ինչպես է ձեր թանկագին առողջությունը:
Նա չէր սպասում այդպիսի բարեհամբյուր խոսքերի: Խոսողի ձայնն արձագանքվում էր դահլիճի հսկա չափսերի մեջ:
-Ես չեմ ցանկացել զուր կորցնել ժամանակս ու փորձել եմ աշխատել դաշտային պայմաններում...
-Մենք դա հասկանում ենք, Վարուժա՛ն, մեր սիրելի Վարուժա՛ն,-գազանը գրկել էր նրան ու տանում էր դեպի դահլիճի վերջում գտնվաղ ամբիոնը:Գազանի դեմքը շատ մոտ էր նրան ու նա զգում էր սառը շունչը,-մեր սիրելի Վարուժան....դու տեսնու՞մ ես այն ամբիոնը: Այն Խոսնակի ամբիոնն է: Այնտեղից հնչող ձայնն արտահայտում է մնացած 130ի կամքը: Մենք ուզում ենք, որպեսզի դու լինես մեր Խոսնակը...
-Ի՞նչ,-նա արդեն զգում էր, որ կկատարվի ահավոր մի բան:
-Ինչ լսեցիր, սիրելի Վարուժա՛ն: Մենք ցանկանում ենք, որպեսզի քո ձայնը լսվի այն ամբիոնի հետևից...
-Բայց...
-Բայց իհարկե մենք պետք է կատարենք թեթև վիրահատական միջամտություն...
-Ի՞ՆՉ...
Բոլոր գազանները միանգամից ոտքի ելան: Նրա հետ խոսացողի աչքերը հետ գնացին, մազերը բիզ-բիզ կանգնեցին ու նմանվեց նա խելառի: Սիրտը խփում էր դինամիկի բարձիկների պես: Երբ նա տեսավ, որ գազաններից մի քանիսը վազում են դահլիճի առաստաղի վրայով, սկսեց փախչել: Նրա դիմաց, առաստաղից ցատկելով, հայտնվեց մի գազան: Ուժեղ հարված քթին, ու նա հասկացավ, որ իրեն կարող են սպանել: Դա երբեք այնքան հստակ չի հասկացվում մինչև առաջին հարվածը: Երբ մարմինը կամ դեմքը վառվում են ցավից ու վիրավորանքից, նոր հասկացվում է` կարող են սպանել:
Իտալական կոստյումի տակ դողում էին թևերը: Գազանները արդեն ցրվել էին ու շրջապատել նրան: Խելառ գազանը հանել էր մետաղյա մի իր ու դանդաղ մոտենում էր նրան:
Նա որոշեց փախչել: Կատաղի գոռոցով խոցեց իրեն շրջափակող օղակն ու հայտնվեց միջանցքում: Կարծես պայծառ եղանակ էր, երբ նա նոր էր ժամանել, իսկ լուսամուտներից երևում էր սև ամպերով պատված երկինքը:
Նա կարողացավ տապալել մի քանի գազանների, որոնք ցատկել էին իր վրա: Սակայն գազանները, վազելով առաստաղի վրայով, փակել էին նահանջի ճանապարհը: Հետևում նրանք էին, իսկ առջևից գալիս էր խելառը` դանակը ձեռքին:

Աստիճանները ժանգոտ էին: Ժանգի մանր մասնիկները տհաճորեն գրգռում էին ձեռքերը: Նա հասավ կտուրին ու հիասթափվեց: Ողջ կտուրը պատված էր ժանգոտված ժեշտերով: Ոտքի ելնելով` նա պոկեց վրայից կոստյումն ու...
Երկար ժամանակ անշարժ մնալուց թուլացել էին մկանները: Նա սկզբից բացեց դրանք, ձգեց: Նրա սպիտակ, ձյունից էլ սպիտակ թևերը հիասքանչ էին սև ամպերի ու ժանգոտած ժեշտի ֆոնին: Նա խորը շունչ քաշեց ու երկու հզոր շարժ կատարեց թևերով: Տարածությունը նրա շուրջ ճեղքվեց օդի կայծակնային հոսքերից: Սակայն նրա դիմաց ծխնելույզի հաստ խողովակներից սկսեցին դուրս ցատկել գազանները: Նրանց կոստյումները մրոտված էին ու ճմռթված: Գազաններ երևացին նաև կտուրի եզրերից: Դրանք մագլցելով բարձրացել էին վերև:Թեևերի մկանները արդեն ադապտացվում էին ու նա պատրաստ էր թռիչքին: Երևաց խելառը` պողպատե ժանգոտ դանակը ձեռքին: Նրա հետ գնացած աչքերը մի պահ ֆոկուսի եկան, ու դեմքին հայտնվեց խորամանկ ժպիտը:
Հաջորդ պահին թևերը պոկեցին նրա մարմինը կտուրից ու բարձրացվեցին վեր...Հաջորդ պահին ժանգոտ, մետաղական ցանցերը խճճեցին նրան իրենց մեջ ու գցեցին գետնին: Հաջորդ պահին նրա գլխավերևում հայտնվեց խելառը`պողպատե ժանգոտ դանակը ձեռքին:
Երբ Երկնային առաքյալներին զրկում են թևերից, նրանց ողբի ձայնը լսվում է մի քանի կիլոմետրից: Երբ կտրում են Երկնային առաքյալի թևերը, երկինքը սկսում է ողբալ իր զավակի ցավը: Եկավ անձրև, ինչպիսին շուտվանից չէր եղել քաղաքում:

-...Ժողովների Պալատը պատասխանատվություն չի կրում Մարդկանց կյանքերի համար: Մենք օրենսդիր մարիմին ենք, մենք նշանակում ենք օրենքներ, որոնց Մարդիկ պարտավոր են հետևել: Մենք չենք քննարկում Մարդկանց կարծիքներն ու պահանջում ենք Մարդկանցից միմյան հնազանդություն: Եթե մարդիկ ունեն գումարային խնդիրներ` բանկերը նրանց պահապան: Եթե մարդիկ ունեն կոմունալ խնդիրներ` թող հերթագրվեն, լրացնեն բոլոր ձևերը, ներկայացնեն բոլոր դիմումները, հաշվառվեն ու միգուցե, վեցերորդ ընթերցումից հետո, մենք կմտածենք այդ խնդիրների մասին,-պարոն Վարուժանի դեմքին չկար ժպիտ, նա կատակ չէր անում, նա դիմում էր ժողովրդին հսկա դահլիճի ամբիոնից, ուղիղ եթերով,-...Ժողովների Պալատը կոչ է անում բոլոր մարդկանց ենթարկվել օրենքներին:Հնազանդվեք այն օրենքներին, որոնք հորինում ենք մենք: Այդ օրենքները բոլորիս դարձնում են ավելի հարուստ ու ավելի զորեղ: Հետևեք մեզ....
Ամբիոնից հնչող անկենդան ձայնը խուլ արձագանքով անցնում էր ներկաների միջով, հասնում բազմաթիվ բարձրախոսների ու դիկտաֆոնների միջով ու լսելի դառնում միլիոնների...
Կրատումի և Պլուտոսի նկարները կախված էին ամբիոնի վերևում: Պլուտոսի դեմքը խորամանկ նայում էր Երկինք ու ժպտում էր: Կրատումի դեմքը պարզապես ժպտում էր:






Friday, October 28, 2011

ՓՈՂ ՏՈ՛ՒՐ


-Սակագների բարձրացումը կարող է ունենալ բացասական հետևանքներ: Եկեք չմոռանանք, որ ամեն դեպքում, մենք չունենք էական լծակներ...
-Լծակներ, լծակներ...Դու ինձ հոգնեցում ես, Յուրիյա՛ն,-անտարբեր հորանջելով` ասաց խոշոր տղամարդը,- Լծակներ այս գործում ընդհանրապես հարկավոր չեն: Խոսքը գնում է մարդկանց խղճի ու հոգու հանգստության մասին: Ի՞նչ լծակներ...
-Բայց այդպիսի՞ փոփոխություն..,-Յուրիյանը փորձում էր մոգոնել այլ պատճառաբանումներ ևս,-ախր...ախր...
՛չ մի ախր...այսօր էլ կհայտնեմ: Ես արդեն կանչել եմ բոլորին: Կանցկացնենք նաև ռեպլիկների համակարգի թարմացումը....
Անկյունում նստած սևազգեստ, նիհար ու երկար մորուքով տղամարդն իմաստուն հայացքը դարձրեց Կառավարության անդամ Յուրիյանին.
-Մի՛ անհանգստացիր, որդյա՛կ...,-ասաց նա դրական շարժելով գլուխը,-հիշիր մեր մոմերի գները: Մարդիկ շատ հեշտ են համակերպվում: Ու լծակներ էլ հաստատ պետք չեն:
Խոշոր տղամարդը սիրալիր նայեց Յուրիյանին ու դատարկեց գինու բաժակը:


Սև մերսեդես վիտոն դուրս եկավ կենտրոնի նորակառույց ստորգետնյա կայանատեղից: Այդ նոր լաբիրինթը շատ հարմար է, եթե ուզում ես երկար ժամանակով ապահով պահել մեքենան:
Վիտոն գալիս էր այդտեղ առավոտյան ու դուրս ելնում ուշ երեկոյան` տասնմեկի կողմերը: Այն կատարում էր մի քանի շրջան քաղաքում` պարբերաբար կանգառներ անելով որոշակի տեղերում: Հետո սև, սլացիկ ֆուրգոնն Արշակունյաց պողոտայով սլանում էր Երրորդ մաս, կատարում այնտեղ էլի մի քանի կանգառ ու դուրս գալիս քաղաքից:
Վիտոյի փոքրիկ ու հարմարավետ սրահում տեղավորվում էին տասներեք փոքրամարմին կանայք: Նրանք ծեր էին, կռացած ու կծկված: Նրանց փոքրիկ մարմինները սեղմվում էին իրար ու հանգիստ տեղավորվում փոքրիկ մեքենայի մեջ: Ֆուրգոնը սլանում էր գիշերային ազատ մայրուղիով դեպի քաղաքամերձ շքեղ առանձնատներից մեկը:
Կանայք նստած էին լուռ: Նրանց լռությունը լցրել էր վիտոյի սրահը: Միայն մեծ վարպետության շնորհիվ էր ֆուրգոնի վարորդը խուսափում  վթարից. Էներգետիկ այդպիսի ծանր բեռի փոխադրումը, ինչպիսին են այդ տասներեք պառավները, հեշտ գործ չէ: Ղեկն անընդհատ ուզում է շրջվել ու դուրս գցել մեքենան ճանապարհից:
Լիալուսնի շողերը արտացոլվում էին սլացիկ մերսեդես վիտոյի մգեցված ապակիներում: ճեղքելով հանդիպակաց սառը քամին այն մոտենում էր նպատակատեղին:


Սևազգեստ մորուքավորը բարակ մատներով անվերջ շոյում էր կրծքի մեծ խաչը: Խաչը շքեղ էր` թանկարժեք քարերով ու հարուստ փորագրություններով: Նա կանգնած էր սրահի կենտրոնում ու մտովի հաշվում էր բոլոր ներս մտնողներին: Այդ պատասխանատու պահին նրա կողքին էր կանգնած խոշոր տղամարդը: Կատարվելու էր չափազանց նշանակալից մի հայտարարություն:
Երբ փակվեց սրահի դուռը, սևազգեստի անհամբեր աչքերն անցան բոլոր ներկաների վրայով: Բավականին բարդ գերատեսչության բոլոր շերտերը ներկա էին: Նա հաշվեց բոլոր պառավներին, բոլոր կենդանաբաններին, բոլոր ինկասատորներին, բոլոր վարորդներին, մարկետոլոգին, փի-ար մասնագետներին, երեք քրմերին, հաշվապահին, Յուրիյանին ու խոշոր տղամարդուն: Սրահի կտուրի երդիկից ներս ընկնող լուսնի լույսը խորհրդավոր էր դարձնում նրա սիլուետը:
 Հայացքով նա իր մոտ հրավիրեց երեք քրմերին ու մարկետոլոգին: Մի շաբաթ տևած բանակցությունների ժամանակ, նրանք եղել էին միասին ու միասին էլ կայացրել էին որոշումը:
Խորը շունչ քաշելով` սևազգեստն ասաց.
-Հարգելինե՛րս...Մեր աշխատանքը հաճախ չեն գնահատում, մեր աշխատանքը հաճախ էլ քննադատում են ու փնովում: Ավելին` մեր աշխատանքն ավելի հաճախ ուղղակի չեն նկատում:
Նա կարճ  դադար տվեց.
-Սակայն գործն այս ծաղկում է: Գործն այս առաջ է գնում: Մենք բարգավաճում ենք ու ուզում ենք հասնել ավելիի: Մենք ուզում ենք, որպեսզի մեր բոլոր շերտերն ունենան ավելի լավ պայմաններ` ավելի լավ ապրելու համար...
Նրա իմաստուն հայացքը  կրկին սահեց ներկաների վրայով.
-Ուստի մենք քննարկել ենք ու որոշել...Այսուհետ պահանջել ոչ թե քսան կամ տաս դրամ, այլ հարյուր:
Սրահում լսվեցին բացականչություններ` հիմնականում հիացական: Կային նաև կասկածամիտ ձայներ:
Սևազգեստը բարձրացրեց ձեռքերը: Բոլորը լռեցին:
-Այն մարդիկ, ովքեր տալիս են իրենց քսան դրամները, կտան իրենց հարյուրները, կտան նաև հինգհարյուրներն ու հազարանոցները: Չէ որ, դուք օրհնում եք նրանց, դուք թույլ եք տալիս, որ նրանք մաքրեն իրենց հոգիները` կատարելով փոքրիկ զոհաբերություններ, դուք ընդունում եք նրանց դրական ու բացասական լիցքերը: Ու վերջ ի վերջո` Չէ որ դուք ի զորու եք անիծել նրանց գրողի ծոցը
Սևազգեստի խոսքերի հետ նորից եռում էին հավաքվածների կրքերը:Առաջ եկավ քրմերից մեկն ու սաստեց աղմուկն իր գավազանի շարժումով.
-Մենք կանչել ենք երեկ բոլոր քնած ու արթուն դևերին ու սրբերին, մենք խորացել ենք մեջը բառի ու գտել ենք ձևը բառի, ու այսուհետ ձեռք պարզելիս ու մուրալիս դուք պիտ ասեք` տու՛ր մեզ հարյուր` բախտը քեզ բյուր:
Սրահում հանկարծակի լռություն տիրեց: Կարծես անջատեցին էլեկտրականությունը:
«Տու՛ր մեզ հարյուր` բախտը քեզ բյուր»
Պառավները, որ կանգնած էին առաջին շարքում, սկսեցին ռիթմիկ շարժումներ գործել: Նրանցից մի քանիսը քթի տակ արտասանում էին նոր յուրացված արտահայտությունը: Արտասանում էին որոշակի ռիթմով: Արտասանում էին եռանդով ու հրճվանքով: Գնալով ավելի ու ավելի բարձր: Նրանցից մեկը կարծես չդիմացավ ու խոցեց սրահի լարված մթնոլորտը սուր ծիծաղով:
-Բառն այս հզոր է ու ազդեցիկ...բառն այս ուժ է ու պատիժ: Բառն այս ձեր շուրթերին շատ ոսկի մեզ կբերի:
Սկզբից ծափահարեցին միայն մի քանիսը, հետո բոլորը: Սևազգեստը հաղթանակած նայեց հրճվացող ամբոխի մեջ կանգնած Յուրիյանին: Խոշոր տղամարդը պինդ սեղմեց նրա ձեռքն ու շնորհակալություն հայտնեց:
Խոսքը վերցրեց մարկետոլոգը.
-Սիրելիներ՛ս, ուշադրությու՛ն...սիրելինե՛րս,-նիհար ու ակնոցներով` նրան դժվար էր տրվում մարդկանց ուշադրությունը,-սիրելինե՛րս: Մեր կատարած ուսումնասիրությունների ու փի-արի մասնագետնիերի խորհուրդների համաձայն` մենք ուզում ենք անել մի քանի կարևոր դիտողություններ: Հետևեք ձեր տեսքին: Կապեք բաց կապույտ, նարնջագույն ու ալ կարմիր գլխաշորեր: Կուզ ցուցադրելիս ծռվեք ուղիղ 47 աստիճան անկյան տակ, ձեռքերը ներկեք հնայով ու մի՛ մաքրեք ձեր եղունգները: Քրմերի ասած նոր ռեպլիկն ու այս ցուցումները թույլ կտան մեզ հեշտ յուրացնել հարյուր դրամի արգելքն ու հաստատվել որակական այդ նոր աստիճանի վրա...
Նրա ձայնը աստիճանաբար կուլ գնաց էյֆորիկ ժխոռի մեջ: Երեք քրմերը, առաջ գալով, հայտարերից մատաղի երկար սպասված արարողությունը: Այդպիսիք լինում են ամիսը մեկ անգամ` լիալուսնի ժամանակ: Զոհաբերվում է ամսվա ամենաժլատ մարդը, ով երբեք չի տալիս դրամ փողոցային մուրացկաններին:
Զգալով էներգետիկ մոտալուտ բումը` պառավները սկսեցին իրենց փոխակերպումը:Դրանք, ասես համաձայնեցված, ընկան գետնին ու սկսեցին թպրտալ: Թպրտում էին նաև քրմերը, որոնք անընդհատ աղոթքներ էին ասում անհասկանալի լեզվով` սրահի կենտրոնում, երդիկի տակ շրջան կազմած: Օրորվում էր նաև սևազգեստը:
Ու հանկարծ պառավներից մեկը վերածվեց մի շան: Երբ նա դունչը տնկեց դեպի լուսինը, հասկանալի դարձավ` գայլ էր դա: Հետո մյուս պառավները...մեծ մասը նրանց գայլեր էին: Մի քանիսը աղվես, երեքը լուսան: Միայն մեկն էր, որ վերածվեց չար հայացքով ու գզգզված մազերով մի երեխայի:
Ինչքան ավելի բուռն էին աղոթում քրմերը, այնքան ավելի էր պայծառանում հատակի վրա լուսնի լույսի շրջանը: Ու...
Ու հայտնվեց այնտեղ մերկ մարմնով մեկը, ում անմիջապես ճանաչեց Յուրիյանը.
-Պատգամավոր Սահակյա~ն, չորորրդ ընտրատարածքից,-բացականչեց նա` ուզենալով մոտիկանալ ու սեղմել նրա ձեռքը: Յուրիյանին կանգնեցրեց խոշոր տղամարդը:
Պատգամավոր Սահակյանը ապշած նայում էր շուրջ բոլորը` մոռացած որ ամբողջովին մերկ է: Քրմերից մեկն անմարդկային աչքերով նայում էր նրա ճակատին: Գավազանի կտրուկ շարժում, ու պոկվեցին իրենց տեղից փոխակերպված պառավները: Առաջինը, ատամները սրած, տեղ հասավ գզգզված մազերով երեխան:
-Պատգամավոր Սահակյաա~ն,-մելամաղձոտ առոգանությամբ ասաց Յուրիյանը:
-Իսկ դու ասում ես լծակներ...,-չափազանց սիրալիր ասաց նրան խոշոր տղամարդը:
Սրահի հատակի տակ, զգալով էներգետիկ ծասի հզորությունը, իրենց վանդակներում մլավում էին սև կատուները: Նրանց աղիողոմ ձայնը հասավ կենդանաբանի ականջին:
-Հե՛յ, Հեե~յ,-կատուներիս բժին թողե՛ք,հե՛յ,-գոռաց նա արունոտ իրարանցման մասնակիցներին:
Սակայն խոշոր տղամարդը հանգստացրեց նրան.
-Մի՛ անհանգստացիր, ախպե՛ր, քո կատուներին կարող եմ միայն գովալ: Էս ամիս անցել են 42 567 հոգու առջևով: Չլսված թիվ ա: Նկատվել ա, որ մեր եկամուտների վրա ունի ուղղակի ազդեցություն:Հաշվել ենք, որ առանց սև կատուների գործոնի ամեն պառավ օրական կբերի 5000 դրամով պակավ… Էնպես, որ  քո կատուները կպարգևատրվեն հատուկ դելիկատեսով...
-Ի՞նչ դելիկատես,-ուրախացավ կենդանաբանը:
-Դե...սրտովդ կլինի՞, եթե թունավորենք կենդանաբանական այգու փղին: Կամ գուցե զե՞բր: Կամ, օրինակ, լամա՞:
-Հեեե~,-հալվեց կենդանաբանի դեմքը` վերածվելով մի ամբողջական ժպիտի...
-Պատգամավոր Սահակյան...,-շարունակում էր լուռ դարդ անել Յուրիյանը:



Յուրիյանը  լանչի է գնում վերին հարկի նախարարի հետ: Նրանք միասին են դուրս գալիս շենքից, անցում փողոցը, քայլում այգու միջով, մտնում լիբանանյան ռեստորան ու պատվիրում թեթև, ձիթապտղի ձեթով պատրաստված ուտեստներ: Դա դարձել է արդեն սովորույթ ու Յուրիյանը շատ է գնահատում այդ փոքրիկ հաճույքը: Նա սիրում է նախարարի անհոգ քայլվածքը, նրա խոսալու ձևը, այն որ նրանք միասին մտնում են ռեստորան ու իրենց տեսքով միանգամից գրավում բոլորի ուշադրությունը: Դուր է գալիս նրան նաև այն, որ վերին հարկի նախարարը միշտ հարցնում է նրան ընտանիքի, կնոջ, երեխաների մասին, հետաքրքրվում է ֆուտբոլով ու լանչի ժամանակ չի խոսում աշխատանքի մասին:
Նրանք արդեն պատրասվում էին անցնել փողոցը, վերադառնալ Կառավարություն, երբ նրանց ճանապարհը կտրեց զզվելի չափսերի, նարնջագույն գլխաշորով ու կեղտոտ եղունգներուվ պառավը.
-Տուր ինձ հարյուր` բախտը քեզ բյուր,-կմկմաց նա:
-Դե կորեք, ձեր...,-բարկացավ վերին հարկի նախարարը,-բանաստեղծ են դառձել տականքները, արդեն չափածո են մուրում, ձեր տիրոջ մերը ...
Յուրիյանը խառնվեց իրար: Նա փորձում էր հանգստացնել նախարարին:
-Ձեր տիրոջ մերը....պառազիտներ եք, արա, զզվում եմ, մի կոպեկ էլ չեմ տա...
Պառավի աչքերը մի պահ փայլեցին դիվային կայծերով...
Յուրիյանն օրն անցկացրեց մռայլ մտածմունքներում: