Sunday, July 31, 2011

Պահապան հրեշտակ

Վիրաբույժ Սամուելյանի ընտանիքը երջանիկ էր: Չկար նրանց ընտանեկան անդորրը խանգարող որևէ բան: Վիրաբույժի բանկային հաշիվներին պարբերաբար փոխանցվում էին տարբեր չափսի գումարներ: Գնումներ կատարելիս նա միայն մտածում էր,  թե որ քարտով ավելի հարմար կլինի վճարել: Վիրաբույժի կինը` Բելլան, գեղեցկուհի էր: Նա առավոտյան, ամուսնուն աշխատանքի ճանապարհելիս, դուրս էր գալիս պատշգամբ ու ձեռքով հաջողություն մաղթում նրան: Ամուսնացել էին, երբ Սամուելյանը դեռ երրորդ կուրսում էր: Երբ ամուսինը օր ու գիշեր գրում էր իր դեսերտացիան, Բելլան համեղ գաթաներ էր պատրաստում նրա համար ու ընտիր կոկտեյլներ մատուցում:
 Նրանց աղջիկը` միակ երեխան, իսկական հրեշտակ էր: Փոքրիկ Աննայի աչքերը կապույտ էին ինչպես երկինքը, իսկ մազերը` երկար-երկար:
- Տես քեզ ինչ կոշիկներ եմ բերել, - ասաց հայրը` ցույց տալով սիրուն տուփը, - սրանցով մկաններդ չեն հոգնի ու ինչքան էլ վազվզես, նրանք չեն լարվի:
 Բժիշկը բացառիկ հոգատարությամբ էր վերաբերվում երեխայի առողջությանը, չէ որ դա իր և Բելլայի ամենամեծ ներդրումն էր: Այդ անգամ էլ բերելով հատուկ տակացուներով կոշիկները` Սամուելյանը զգաց կնոջ գոհ հայացքը:
- Տես ինչքան են երկարել մազերը, - ասաց նա, - ապա նայիր ինչ լավն են, փափուկ, խիտ ու առողջ, երևի վաղն արդեն տանենք կտրելու՞:
- Ավելի ուշ կորոշենք, - պատասխանեց բժիշկը:
 Փոքրիկ Աննան մի քիչ գունատ էր, քանի որ երեկ հոր հետ գնացել էր բժիշկների աշխարհ, որտեղ ամեն ինչ սպիտակ էր: Նրանք այնտեղ էին գնում երկու ամիսը մեկ: Աննայի բարակ ճերմակ թաթիկին միացնում էին թափանցիկ խողովակն ու նրանից դուրս էր հոսում կարմիր-վարդագույն արյունը` հագեցված օգտակար վիտամիններով ու ֆրուկտոզաներով:
Ընդհանրապես Աննայի առողջությանը հետևում էին շատ լավ: Նա ընդունում էր ընտիր սնունդ` օգտակար նյութերի այնպիսի համադրությամբ, որը առավելագույնս առողջարար կլիներ: Իզուր չէր նրա հայրը բժիշկ:


 Ընթրիքից հետո, փոքրիկ Աննան սովորաբար վերցնում էր իր ֆլեյտան ու նվագում մայրիկի համար: Ծնողները չէին մտածում, որ նա այդքան լավ լսողություն կունենա: Վեցամյա աղջնակի համար Աննան նվագում էր ավելի քան լավ: Նրա փոքրիկ գործիքից հնչող սոխակի ձայները հաճելի մթնոլորտ էին ստեղծում Սամուելյանների տանը:
 Երբ Աննան նվագում էր, Բելլան միշտ հետևում էր նրա շնչառությանը` մտքում պատկերացնելով, թե ինչպես են լայնանում երեխայի թոքերը և մեծացնում իրենց ծավալը: Երաժշտությունն իրոք հրաշալի էր: Կրկնակի հրաշալի էր այն պատճառով, որ Աննան անչափ սիրում էր իր մայրիկին: Նա կարծես լիներ մեծ աստվածուհի` այնքան գեղեցիկ ու այնքան հմայիչ. Աննան երազում էր նմանվել նրան:
- Հրեշտակս, դու չես մոռացել ընդունել այն վիտամինները, որ քեզ ցույց էի տվել,-հարցնում էր Բելլան դստերը:
- Նա իրոք հրեշտակ է, ջան, - ասում էր նա ամուսնուն,- մեր պահապան հրեշտակն է:


 Փոքրիկ Աննայի մազերը կտրեցին: Նրան սազում էր կարճ կտրվածքը. Դա մեծացնում էր նրա աչքերն ու ավելի չքնախ դարձնում նրան: Վարսավիրանոցում հայրը ինչ-որ բան էր շշնջում վարսավիրի հետ, որը զգուշերեն հավաքել էր երկար մազերի փունջը տոպրակի մեջ ու դրել կշեռքին: Հետո հայրը ինչ-որ բան վերցրեց նրանից ու դուրս եկան վարսավիրանոցից:
 Այդ օրը պետք է գնային հիվանդանոց: Փոքրիկ Աննան մի քիչ զարմացած էր, քանի որ այդ անգամ հիվանդանոցը եկավ ավելի շուտ քան սովորոաբար: Նա արդեն պատկերացնում էր այն լայն ժպիտով բժշկուհուն, ով միշտ միացնում էր իր թաթիկին խողովակը: Մտածում էր նաև այն ժապավենի մասին, որը բժշկուհին հետո կապում էր թեթև վիրակապի վրա:
 Հիվանդանոցը մեծ շենք էր: Մեծ ու սպիտակ: Կապույտ երկնքի ֆոնի վրա այն կարծես հրեշտակների ապարանք լիներ: Բացի այդ այնտեղ օդը մաքուր էր ու թարմ: Նրանք սովորականի պես չմտան գլխավոր մեծ մուտքով, որի դռները բարձր էին ու հսկա, այլ շրջանցեցին շենքն ու իջան նկուղային հարկ: Աննան պինդ բռնել էր հայրիկի ձեռքն ու իրեն ապահով էր զգում:
-Ա, Սամուելյան, բարև, - ասաց անծանոթ տղամարդը, - անցեք, անցեք, վերջին դուռը աջից:
- Գիտեմ, գիտեմ, - ասաց հայրն ու վստահ քայլերով գնաց նեղ միջանցքով` իր հետ տանելով աղջկան:
 Աջ կողմի վերջին սենյակն ուներ ցածր առաստաղ: Աննան դեռ նոր էր յուրացրել աջ և ձախ հասկացություներն ու ի մեծ ուրախության ճիշտ էր գուշակել, թե որն է աջ կողմը: Նա դրա մասին հայտնեց իր հայրիկին ցնծացող ձայնով: Սամուելյանը մեղմ ժպտաց ու համբուրեց աղջկա ճակատը:
 Սենյակում լուսավորությունը տարօրինակ էր: Ցերեկային լամպերը անընդհատ թրթռում էին ու մերթ ընդ մերթ այնտեղ ամբողջովին մթնում էր: Կար խոնավություն ու ընդհանուր առմամբ դա այդքան էլ հաճելի տեղ չէր: Մեջտեղում դրված էր մեծ վիրահատական սեղան: Ժպտեսեր բժիշկը, որը դիմավորել էր նրանց, դիմեց Սամուելյանին.
- Արդեն որոշել եք... դե ի՞նչ, որ կողմինն եք նախընտրում:
- Աջ, - առանց մտածելու պատասխանեց վիրաբույժ Սամուելյանը, - իհարկե աջ:
Աննան հրճվեց ու նույնիսկ ծափ տվեց:
- Աջ, աջ,-ասում էր նա ու պարզում աջ թաթիկը:
- Դե, փոքրիկս, արի հանենք քո շորիկը:
 Առաջին անգամ էր Աննան հանում իր շորերը տնից դուրս: Նա չափից դուրս շատ էր սիրում իր կապույտ ասեղնագործ նախշերով շորիկը և մտածում էր, թե երբ կկարողանա նորից այն հագնել: Խոնավ ու սառը օդից փշաքաղվել էր նրա նուրբ սպիտակ մաշկը:
- Հիմա դու կքնես, սրելիս, պարզապես հանգիստ քնիր, ոչինչ չի ցավա, - ասաց նրան հայրը, երբ նա արդեն պարկած էր ձախ կողքի վրա, ու մոտեցրեց նրա դեմքին վախենալու պլաստիկ դիմակը: Մի քանի վարկյան անց փոքրիկ Աննան այլևս չէր զգում խոնավությունն ու վիրահատական սեղանի տհաճ կպչունությունը:
 Ժպտերես բժիշկը շուռ տվեց նրան փորի վրա, քսեց նրա մեջքին` գոտկատեղից մի քիչ վերև, սպիրտով բամբակն ու մոտեցրեց թափանցիկ սպիտակ մաշկին փայլուն ու սուր գործիքը:



Երբ Աննան զարթնեց, Բելլան ու Սամուելյանը նստած էին նրա վարդագույն անկողնու մոտ և ուտում էին ֆրի, մեծ նարնջագույն ամանից: Նա ծարավ էր ու ջուր խնդրեց: Հայրը ջրի փոխարեն տվեց նրան ինչ-որ գույնավոր հյութ ու շոյեց նրա գլուխը:
- Դու հիմա կանցնես մի քիչ ուրիշ դիետայի, հրեշտակս, - ժպտաց նա:
- Իրոք նա մեր հրեշտակն է, չէ՞, - նույնպես ժպտաց մայրը:
- Յարինյանն ասաց, որ մյուսը կկարողանանք հանել մեկ ամսից, պետք է ուղղակի, որ նրա սիրտը մի քիչ ամրանա, որպեսզի դիմանա: Ի դեպ սրտի համար ասացին, որ այն այդ ժամանակ կունենա արդեն սպասող Բրիտանիայից: Այնտեղ էլ կվերցնեն շնչառական համակարգը:
- Հիասքանչ է, - ասաց Բելլան, - իսկ դու փոխանցե՞լ ես, երեկվա գումարը բանկ:
- Իհարկե, ջան, վարսավիրանոցից հետո, հիվանդանոցի ճանապարհին ես փոխանցեցի այն մեր հաշվին:
- Ափսոս, որ բաց էինք թողել ամանորյա սեզոնը, կկարողանայինք մոտ հիսուն հազար ավել ստանալ...
- Բան չկա սիրելիս: Երիկամի գումարն արդեն նստած է մեր երկրորդ հաշվին:
 Աննան վերջացրեց ագահորեն կուլ տալ հյութն ու մեկնեց դատարկ բաժակը մորը: Նրա աչքերը հոգնած էին, նա գունատ էր: Թույլ ժպտալով նորից քնեց:
- Դու համոզված ե՞ս, որ հիմա ժամանակն էր... ախր վերջին անգամ ամիս ու կես առաջ էինք արյուն հանձնել:
- Վախենալու բան չկա, սիրելիս, - վստահեցրեց Սուլեյմանը, - նա ուժեղ աղջիկ է:
- Ի դեպ, - ավելացրեց նա, - ես ներկայացրել էի այն ճապոնացուն մսի հյուսվացքների նկարագրությունը, նրանք պատրաստ են վճարել կիլոգրամի համար հազարից մինչև հազար ու կես...
- Լուրջ ե՞ս ասում, - Բելլան ուրախությունից վեր թռավ:
- Իհարկե, - ճապոնացին ասաց, որ իրենց ռեստորանի մենյուի մեջ կա այդպիսի մսից պատրաստվող չորս ճաշատեսակ: Տեսնում ես, ինչքան կարևոր էին կոշիկներն ու հատուկ թեթև մարզանքները: Էդ ճապոնացիները իսկական գուրմաններ...
Բելլան չթողեց, որպեսզի Սամուելյանը վերջացնի ու համբուրեց նրան լեզվով ու խորը:
- Պետք է մտածել արդեն հաջորդ ներդրման մասին, հոգիս:
- Ի դեպ, վերջացել են մեր պահպանակները... - խրախուսեց նրա միտքը Սամուելյանը:

P.S.
 Ասում են, ֆիզիկական լարվածություն չունեցած մկանները գնահատվում են առանձնակիորեն: Կան մարդիկ, ովքեր վճարում են անհավատալի գումարներ, որպեսզի համտեսեն միս, որը հալվում է` հազիվ լեզվին դիպչելիս: