Monday, August 27, 2012

Իլատա


Հեռվից երկու գնդերն էլ երևում էին որպես շողշողացող ադամանդներ: Դեռ մի քանի տասնամյակ առաջ գնում էին խոսակցություներ, որ հնարավոր կլինի հրաժարվել Արևից. Դինամոն տալիս է այնքան էներգիա, ինչքան անհրաժեշտ է գրավիտացիան ապահովելու և կյանքը պահպանելու համար:
Դինամոյի միտքը ծնվել էր Երկրի վրա` հանկարծակի և սպոնտան: Դինամոն նախագծեցին մոտ տաս տարի, ինչից հետո եղան առաջին փորձարկումները, որոնք էլ փոխեցին մարդկանց պատկերացումները «էներգիա» հասկացության մասին: Պարզվեց, որ երկու մոլորակների շարժումից առաջացող էներգիան կարող է վերափոխել աշխարհը, պարգևել բոլորին այնքան գովազդված առատությունն ու անհոգությունը և վերջ դնել ցանկացած տիպի պատերազմներին: Ոմանք ցավում էին, որ նոր է միայն հնարավոր դարձել սանձել այդ վիթխարի էներգիան, ոմանք էլ նայում էին առաջ, և ավելի ու ավելի ֆանտաստիկ աշխարհի պատկերներ էին ծագում նրանց առջև:
Ֆանտաստիկ էր աշխարհը Դինամոյի ստեղծումից արդեն հարյուր քսան տարի անց: Բարձր լարման աշտարակները ցցված էին ամեն ուր: Նրանց մեջ պարբերաբար փայլատակում էին հսկայան կայծակներն, իսկ դրանց ներքևում իրենց կյանքն էին ապրում մարդկային քաղաքները, որոնցում ամեն ինչ շարժվում էր, ապրում էր, ուրախանում էր, տխրում էր և նույնիսկ բազմանում էր էլեկտրական հոսանքի շնորհիվ: Փողոցներում այս ու այն կողմ էին սլանում էլեկտրական մեքենաները ` էլեկտրական վարորդով և էլեկտրական ուղևորով, իսկ մայթերին` անշտապ էլեկտրական ռոբոտներն ու նույնքան անշտապ ու անհոգ էլեկտրական հոլագրամաները: Ու ողջ այս էլեկտրական շարժումը լուսավորվում էր էլեկտրական ջահերով, պոստեռներով, լուսարձակներով, հսկայական մոնիտորներով ու գովազդային կիլոմտրանոց էկրան-ժապավեններով: Ու միայն առանձնակի հզոր էլեկտրական տատանումների ժամանակ կարող էին երևալ բարձր լարման աշտարակների միջև փայլատակող կայծակները: Դրանց վրա ուշադրություն  էր դարձնում միայն մեկ հոգի` Կարպ Պալյանը` Երևան-Ստոկհոլմ գնացքի միակ ուղևորը մարդկային մարմնով:
Կարպն իրեն պահում էր հանգիստ, սակայն լայնեզր գլխարկի ծայրերին կուտակվող ստատիկ էներգիայի փայլերը, փոքրիկ կայծակներն ու կայծերը մատնում էին նրա հոգեկան լարվածությունը: Արդեն վաղուց էր հայտնի, որ էմոցիանալ պոռթկումները վերածվում են հրավառության, այդ պատճառով էլ Կարպ Պալյանն ընդունել էր հանգստացնող միջոցներ և ինքն էլ փորձում էր հանգստությամբ ներշնչվել:
Ամեն ինչին գումարվում էին նաև վագոնի մյուս ուղևորները: Դրանք բոլորը ռոբոտներ էին, որոնք ինչ-որ կարևոր հանձնարարություններով շտապում էին հազարավոր կիլոմետրեր հեռու: Հենց ռոբոտներից դժվար էր ենթադրել, որ շտապում են. դրանք միշտ հանգիստ են ու անհույզ: Շտապում էին նրանց ուղարկողները, որովհետև ընտրել էին ամենաճեպընթաց գնացքը ողջ աշխարհում: Երկու հարյուր մետրանոց երկաթե օձը շարժվում էր մոտ հազար կիլոմտր ժամ արագությամբ: Հնարավոր դարձնելով մի քանի ժամում ոչ միայն Ստոկհոլմ, այլ թեկուզ Պեկին կամ Կամչատկա հասնելը:
Կարպ Պալյանը նայում էր բոլոր այդ ռոբոտներին ու հիասթափվում: Տաս տարի ոչ մի կենդանի մարդ չտեսնելուց հետո նա հույս ուներ հանդիպել գոնե մեկին, սակայն ամենուր հանդիպում էր միայն ռոբոտների և հոլոգրամաների: Կարպն ընդհանրապես կասկածում էր, կան արդյոք ռոբոտների տերերը թե ոչ, ի՞նչ են նրանք անում, ողջ են, թե տրվել են էմոցիաներին ու զոհվել սեփական կայծակներից: Ինքն ուներ շատ բաներ պատմելու, շատ բան կիսվելո: Նա հայտնվել էր այդ գնացքում խիստ անհրաժեշտ գործով ոև ուզում էր պատմել դրա մասին: Պետք էր նրան մեկը, ով հետ կպահեր, կամ էլ կքաջալերեր
«Մի՞թե կարելի սպանություն կատարել առանց խորհրդակցելու,-մտածում էր նա»:
Նա ստիպում էր իրեն չտրվել մտքերին, քանի որ ուժեղ հուզումներն ավելի վտանգավոր կդարձնեին գլխի շուրջ պտտվող կայծակները: Գրպանում նա սեղմում էր փոքրիկ չիպը: Նրա մտքերն այդ չիպի շուրջն էին, իսկ սիրտը թրթռում էր չիպի հետ մատների շփումից:
Գնացքն ասես անընդհատ արագանում էր: Եկավ պահ, երբ Կարպին թվաց, թե այն կթռչի: Այն տանում էր Կարպին մի տեղ, որտեղ նա եղել էր տաս տարի առաջ: Այն ժամանակ նա ստեղծել էր իր ամենակատարյալ ծրագիրը: Իսկ հիմա հոգին նրա դատարկ էր ու սևացած: Իսկ սիրտը պետք է դառնար կոտրված ու քարացած: Նա կնքել էր այդ ծրագիրն Իլատա: Նա սիրել էր այդ ծրագիրն իր ողջ սրտով և հիմա եկել էր նրանից հրաժարվելու ժամանակը:

SCS սերվերը գտմվում էր Ստոկհոլմից դուրս: Տաքսին հասցրեց նրան մինչև դարպասների մոտ: Կարպը կարգադրեց ռոբոտ վարորդին սպասել նրան հարյուր մետր հեռու:
Գիշերային երկնքում շողշողում էր Լուսինը, որն այնքան էր հագեցել էլեկտրական լուսավորությամբ, որ օգտագործվում էր նաև որպես գովազդային միջոց: Պարզվել էր որ գաղութ-քաղաքները նրա վրա կառուցվել են այնպիսի դասավորվածությամբ, որպեսզի նրանց գիշերային լուսավորությունը երկրի վրայից կարդացվի: Ու հիմա Կարպը նկատեց, որ իրոք ճանաչում է ըմպելիք արտադրող ընկերություններից մեկի լոգոն:
-Ու՞մ համար, երբ բոլորը ցանցում են…-,ասաց ինքն իրեն Կարպը:

Նա ներս մտավ հանգիստ: Ձեռքերը դեռ չէին մոռացել, թե ինչպես են բացվում SCS-ի բարդ դռները: Միջանցնքները լուսավորված էին: Ժամանակ առ ժամանակ նա ցույց էր տալիս հանդիպած ռոբոտներին իր վաղեմի անցաքարտը և շարժվում առաջ` դեպի սերվերի սուրբ խորանը: Նա ոտքերը երկար քայլելուց հոգնել էին և ցավում էին: Շունչը կտրվում էր: Լայնեզր գլխարկի ծայրերին չէին դադարում փայլփլել փոքրիկ կայծակները: Կարպ Պալյանը զգում էր նրանցից առաջացող օզոնը: Այն վառում էր քթաթաղանթներն ու թարմացնում նրան:
Սերվերին հասնելով` նա հանեց գրպանից փոքրիկ չիպը: Միացրեց այն սերվերին ու անցավ մոնիտորներից մեկի մոտ` բեռնելու իր ստեղծած ծրագրերից ամենակործանարարը:
Կույր վստահությունից բացի, նրա գլխում միայն խուլ տագնապն էր:


Վերադարձել էր հաջորդ օրն առավոտյան: Նրան տանջում էին հոգնածությունը, սովածությունն ու կարոտը: Վերջինս էլ ստիպել էր նրան առանց հանվելու և նախաճաշելու` միացնել նեյրոհամակարգիչն ու ընկղմվել վիրտուալ ցանցի մեջ: Նա կարոտից դողում էր: Անցնելով բոլոր հաստատող ծածկաբառերն ու հաղթահարելով ամենաբազմազան սպամը, նա սկսեց որոնումը: Իլատան սովորաբար սպասում էր նրան վիրտուալ կինոդարանում: Այնտեղ նա չկար: Կարպը սկսեց անցնել բոլոր այն կայքերով, որտեղ նրանք սիրում էին լինել միասին: Կարոտը խլացրել էր նրա բանականությունը: Նա կարող էր երդվել, որ չի եղել Ստոկհոլմում ու չի բեռնել ոչ մի վիրուսային ծրագիր:
-Չէ…չէ, չէ՜,-լսվում էր նրա սենյակում,-չէ, չէ…
Իլատան չկար: Չէր էլ լինելու:
Նա դուրս եկավ նոյրոհամակարգչից: Նրա գլխի շուրջ միանգամից փոքրիկ կայծակներ երևացին: Սենյակը լսվեց օզոնով:
-Չէ՜:
Կայծակներն ուժեղանում էին: Կարպը վազում էր սենյակի մեջ:
«Կհասցնեմ, ամեն ինչ նորմալ է, ես կհասցնեմ հետ գնալ, պետք է նորից հետ բեռնել նրան, ես չեմ կարող, ես չեմ կարող առանց նրա, ինչ սխալ արեցի ես, ախր ոնց զրոյացրեցի նրան…կհասցնեմ»:
Նա բացեց դարակներից մեկը: Ման եկավ ու գտավ սև ու բարակ մի չիպ:
-Հե՜տ, հե՜տ, կհասցնեմ:
Կայծակներն ավելի ու ավելի էին մեծանում նրա գլխի շուրջ Դռան մոտ հասնելիս գանգն այլևս չդիմացավ հոսանքի ճնշմանը:
Քսան րոպե անց հայտնված սանիտար ռոբոտները հանեցին Կարպ Պալյանի մարմինը` անշտամ հավաքելով նրա ցրված ուղեղը մաքուր հատակից: Նրանց մոտ դա արդեն 74-րդ դեպքն էր այդ օրվա մեջ: 

Wednesday, August 22, 2012

Յոթ գաղտնիք գիշերվա մասին


Այս գործով զբաղվող մարդիկ հետաքրքիր են: Ես արդեն երկար ժամանակ է, աշխատում եմ նրանց հետ ու արդեն սկսում եմ հասկանալ նրանց: Իսկ սկզբում իհարկե տարօրինակ էր: Քեզ առաջարկում են աշխատել գիշերային սգո ծառայությունում, դու համաձայնվում ես, նստում ես սև կադիլակը սև կապիշոնով մեկի հետ ու գնում  դիակների հետևից:
Առաջին գիշերներից հետո ես դեռ հույս ունեի, որ ուր որ է կարթնանամ ու ամեն ինչն ահավոր երազ կթվա: Բայց օրերն անցնում էին, իսկ ես դուրս էի գալիս գիշերները, հանդիպում կապիշոնով տպին, գործի գցում սև կադիլակն ու ողջ գիշեր դիակներ հավաքում: Միայն շաբաթներ անց ինձ համար բացվեցին առաջին գաղտնիքները: Ու նոր միայն ես հասկացա այս մռայլ համակարգի սկզբունքներն ու տեսա գիշերային քաղաքի շողքերը:

Գաղտնիք առաջին.
Ամեն գիշեր տեղող անձրևները տարօրինակ են: Սկզբում ես մտածում էի, որ քաղաքը գտնվում է բարձր մթնոլորտային ճնշման գոտու ազդեցության տակ կամ իր դերն է խաղում ջրի փոքր շրջապտույտը, սակայն ինչպես պարզ դարձավ հետո,  մարդիկ նույնիսկ չգիտեն էլ, որ իրենց քաղաքում ամեն գիշեր գալիս է անձրև: Այդ մասին չգիտեն նաև մետեո ծառայությունները: Նրանք կանխատեսում են պարզ գիշեր և արևոտ օր` նույնիսկ չպատկերացնելով, թե ինչպիսի կլիմայական անոմալիաներ են տեղի ունենում ամեն գիշեր իրենց քթի տակ:
Մենք աշխատում ենք անձրևի ժամանակ, երբ քնած են բոլորը, իսկ անձրևը թաքցնում է մեզ շնչավորների աչքից ու տեսանելի դարձնում մեզ մեռյալների աշխարհը;

Գաղտնիք երկրորդ.
Մեր սև կադիլակը մոտենում էր խիտ բնակեցված թաղամասին: Այստեղ շենքերը կպած էին իրար, իսկ նրանց վերին հարկերը ասես հյուսված լինեին լուսամուտների, լվացքի պարանների ու ալեհավաքների խայտաբղետ զանգվածի: Մեր սև կադիլակը սողում էր փոքրիկ բակերի, ավտոտնակների ու շենքերի արանքով` ճանապարհ հարթելով դեպի նոր դիակը, որը հայտնաբերվել էր  62\82 շենքի նկուղում:
Սև կապիշոնով մեկը դուրս եկավ, երբ մեր սև կադիլակը հասավ անհրաժեշտ շենքի մոտ: Նա դուրս եկավ անձրևի մեջ ու առաջին անգամ նշան արեց ինձ իրեն հետևելու:
Սև կապիշոնով մեկը, ասես կողմնորոշվելով միայն իրեն հայտնի զգայարաներով, միանգամից գտավ նկուղի դուռը, բացեց այն ու հրավիրեց ինձ մտնել իր հետևից: Նկուղում մութ էր: Նկուղում փոշի էր: Ես վառեցի լուսարձակը: Շողքն ընկավ նկուղի խորքը: Ամեն ինչ պատված էր սարդոստայնի խիտ ու թավշյա ցանցերով: Երբ լուսարձակիս լույսն ընկավ նկուղի հատակին` ուղիղ մեր առջև, ես ստիպված եղա սեղմել ատամներս, որպեսզի պահպանեմ սառնասրտությունս
Հատակին ընկած էր դիակը: Դա 23-26 տարեկան տղամարդ էր, սև մազերով, հասակը 175 սանտիմետր, հագին` կարմիր ժակետ և կապույտ ջինսեր: Նրա կուրծքը պատռված էր ու ջարդված, սպիտակ կողոսկրերը դուրս էին ցցված գիշատչի ժանիքների նման: Լեզուն սեղված էր ատամների արանքում, իսկ դեմքի վրա անսահման սարսափն էր: Կապիշոնով մեկը կռացավ դիակի վրա ու սկսեց զննել այն: Հետո հանեց մի փոքրիկ դանակ ու կտրեց բացված կրծքից մի կտոր: Կարմիր մսի պատառը նա մոտեցրեց իր դեմքին և կերավ այն...
Մենք բարձեցինք դիակը մեր սև կադիլակի մեջ ու հեռացանք խիտ բնակեցված թաղամասից:
Ճանապարհին կապիշոնով մեկն ասաց, որ գիշերվա բոլոր զոհերը պատկանում են գիշերին: Ինքն էլ ունի իր մասը: Նա ասաց, որ ունի գիշերվա զոհ դարձածների մարմնից համտես անելու իրավունք: Նա ասաց նաև, որ դա է իրեն ուժ տալիս և դրա հաշվին է իր քայլվածքն այդքան խոսուն, իսկ սև կապիշոնով ծածկված տեսքն այդքան տպավորիչ: Ես համաձայնվեցի, որ նա ուղղակի սարսափելի օտար ու մռայլ տեսք ունի:


Գաղտնիք երրորդ.
Դիակների հետ տարբեր կերպ ենք վարվում:
Երբեմն մենք հավաքում ենք չորս-հինգ դիակ ու վառում դրանք որևէ երկնաքերի վրա կամ մետրոյի թունելներում: Երբեմն վերցնում ենք ինչ-որ մեկն ու գցում այն որևէ կտուրից, թաղում քաղաքային այգումզմռսում որևէ նորակառույցի մեջ, նետում կոյուղու լյուկերը, խորովում բարձր լարման մալուխների վրա...
Կապիշոնով մեկն ասում է, որ այդպես է ցանկանում գիշերը: Նա ասում է, որ գիշերն է թելադրում իրեն` ինչպես վարվել իր բաժին դիակների հետ:


Գաղտնիք չորրորդ.
Անձրևը թափվում  էր անձայն: Այդպես մեկ-մեկ լինում է, երբ դադարում ես լսել անձրևի ձայնը: Նայում ես անձրևին ու քեզ թվում է թե վեր ես բարձրանում: Մենք նոր էինք զմռսել դիակներից  մեկը նորակառույց բարձրահարկի կտուրում: Մենք դրել էինք այն երկու բետոնե շերտերի արանքում: Առավոտյան նրա վրա հեղուկ բետոն կլցնեն ու նա հավերժ կմնա քարացած վիճակում:
Բարձրահարկի կտուրից էլ նայում էի անձրևին ու չէի նկատել, որ կապիշոնով մեկն արդեն կողքս է կանգնել ու իր մութ կապիշոնի ներսից նայում է քաղաքին:
-Դու պետք է իմանաս` որտեղից են հայտնվում զոհերը:
Նա շուռ եկավ ու գնաց: Նշան արեց` հետևի՜ր ինձ: Մենք նստեցինք սև կադիլակն ու գնացինք կապիշոնով մեկի ցույց տված ուղղությամբ:
Դա ամենաիսկական հետնախորշն էր: Նրբանցքներից մեկից ճչեր էին լսվում: Մենք իջանք սև կադիլակից ու գնացինք դեպի նրբանցքը: Այն լուսավորված էր պատերից մեկից կախված միակ լամպով: Կապիշոնով մեկն ասաց, որպեսզի լինեմ զուսպ:
Նրբանցքում երեք հոգի էին: Նրանիցց երկուսը շներ էին: Այսինքն նրանք շներ էին, բայց ժամանակ առ ժամանակ նրանց մորթին հետ էր գնում` ցուցադրելով մարդկային մաշկը, իսկ կատաղած ու արունոտված մռութները վերածվում էին մթգնած դեմքերի:
Նրանք հոշոտում էին մի կնոջ: Կինը 45-47 տարեկան էր, շիկահեր, հասակը 162 սանտիմետր, հագին` սև վերարկու, կարմիր երեկոյան զգեստ ու բարձրակրունկ կոշիկներ: Նրա գլխարկը գլորվել էր քիչ հեռու:
Կապիշոնով մեկն ասաց, որ կինը դարձել է այս գիշերվա զոհերից մեկը:
Կապիշոնով մեկն ասաց, որ միայն փոխակերպվող շները չեն հավաքում գիշերվա զոհերը: Նա ասաց, որ կան տասնյակ գիշերային էակներ, ովքեր որս են անում գիշերը: Նրանցից, ավելացրեց նա, ոչ բոլորն են արունարբու ու ոչ բոլորն են վտանգավոր շնչավորների համար:


Գաղտնիք հինգերորդ.
Մեր սև կադիլակը քշեցի մոխրագույն ջիպի հետևից: Կապիշոնով մեկն առարկություններ չունեցավ: Ազատ պարեկի ժամ էր: Ես քշեցի մոխրագույն ջիպի հետևից, որովհետև ինձ տարօրինակ թվաց նրա հետևի պատուհանից դուրս նայող դեմքը, որն այնքան լի էր տագնապով ու վախով, կարծես հանդիպել էր գիշերվա բոլոր շողքերին միաժամանակ:
Մոխրագույն ջիպը դուրս եկավ քաղաքի կենտրոնից, բարձրացավ դեպի ծայրամասեր տանող փողոցով, թեքվեց բնակելի շենքերի բակերից մեկն ու կանգնեց: Մեր սև կադիլակը կանգնեց նույն բակում, ջիպից քիչ հեռու: Այդտեղից ես հստակ տեսնում էի թե ինչպես են մեքենայից դուրս բերում վախեցած տպին ու ինչպես են նրան ծնկի իջացնում: Զոհը չոր էր: Անձրևը նրան չէր թրջում, անձրևը նրա համար գոյություն չուներ: Իսկ նրան ծնկի իջեցնողները թաց շորերով էին ու նրանց վրայից կաթում էր ջուրը:
Ծնկի իջածն աղաչում էր, որպեսզի բաց թողնեն իրեն: Նա ասում էր, որ կվճարի բոլոր պարտքերն ու դեռ մի բան էլ ավել, միայն թե հիմա իրեն բաց թողնեն, չսպանեն, խնայեն, չմորթեն, հանուն իր փոքրիկ երեխաների, հանուն նրանց մանկության...
Նրանք, ովքեր զգում էին անձրևը, մռայլ էին: Նրանք նայում էին ծնկի իջածին, ու դեմքների վրա ոչ մի բան չէր փոխվում բացի անդադար ցած հոսող անձրևի կաթիլներից:
Վերջապես նրանցից մեկը բարձրացրեց ձեռքը` նշան անելով զոհին, որպեսզի վեր կենա ու հեռանա:
Նա հեռացավ առանց վեր կենալու` չորեքթաթ ու գլխապատառ:
-Սրանք ուղղակի չափիչներ են:
-Ովքե՞ր:
-Սրանք: Նրանք հագցնում են վախի վզկապները շնչավոր մարդկանց վրա ու ժամանակ առ ժամանակ վերցնում նրանցից վախը: Ցերեկը նրանք կարողանում են չափել մարդկանց վախը:
Ես մի պահ փորձեցի վերլուծել այդ ինֆորմացիան: Ու հանկարծ ճանաչեցի հարևանիս: Նա նույնպես թաց էր, նա քայլում էր անձրևի միջով:
Մեր հայացքները հանդիպեցին, երբ նա նստում էր իրենց մոխրագույն ջիպը: Ես ասացի այդ մասին կապիշոնով մեկին: Նա ասաց, որ ցերեկը մարդիկ հաճախ այն չեն, ինչ լինում են գիշերները:



Գաղտնիք վեցերորդ.
Դիակները երկուսն էին: Մեկին մենք դրեցինք սև կադիլակի մեջ: Հոգնեցինք: Նստեցինք կանգառում: Դիակը նստեցրեցինք կողքներս: Ես վառեցի սիգարետս ու սկսեցի ծխել: Կապիշոնով մեկը լուռ էր: Նա գրեթե միշտ լուռ էր: Դիակը նույնպես լուռ էր: Մենք նստած էինք կանգառի նստարանին ու նայում էինք անձրևին: Կապիշոնով մեկը հանեց փոքրիկ դանակն ու երկու փոքրիկ պատառ կտրեց դիակից: Մեկը տվեց ինձ:
-Համտեսի՜ր,- ասաց նա:
Համտեսեցի:
-Սա մահն է,- ասաց նա:
Քայլերի ձայներ լսեցի: Ինչ որ մեկը մոտենում էր: Տղամարդ էր, մոտ 50 տարեկան ու սպիտակ մազերով, հասակը 168 սանտիմետր, մոխրագույն անձրևանոցավ: Նա հասավ կանգառին ու ճչաց:
Աաա!!!
Առաջին շոկից հետո նա հանեց հեռախոսն ու զանգահարեց ինչ որ տեղ:
-Այստեղ մեկը մահացել է, կանգառում, նստած էլ մնացել է, աչքերը չռած...ա՞, ասում եմ մեկ դիակ, կանգառում նստած, հասե՜ք
Տղամարդը նկանագրեց կանգառի տեղը Մնաց մի քանի րոպե էլ` զզվանքով ու վախով դիակին նայելով, ու հեռացավ:
Կապիշոնով մեկն ասաց, որ ես այլևս չեմ երևում, ու ինձ էլ ոչ ոք չի կարող տեսնել, քանի որ ես համտեսել եմ մահը: Կապիշոնով մեկն ասաց, որ գիշերվա զոհերից բաժին ունեցողները չեն երևում անձրևի ժամանակ:
Ես բան չասացի:


Գաղտնիք յոթերորդ.
Աղջկան սպանել էին թևավոր քաջքերը` գիշերվա շողքերից ամենավտանգավորները: Աղջկա դիակը հայտնվել էր հեռուստաաշտարակի վրա: Նրան գցել էին  վերևից, աղջկա մարմինը դիպչել էր աշտարակի մետաղներին, խճճվել մալուխների մեջ ու մնացել այդպես կախված` հոշոտված ու այլանդակված:
Կապիշոնով մեկն ասաց, որ ինքնուրույն բարձրանամ և իջացնեմ դիակը:
Ես բարձրացա դեպի վեր` բռնվելով սառը երկաթներից ու գնալով թափվող անձրևին ընդառաջ: Աշտարակի նեոնային լույսերի պատճառով անձրևը գունավորվել էր: Այն մեկ մանուշակագույն էր, մեկ վարդագույն, մեկ կանաչ ու մեկ էլ կապույտ: Դիակին մալուխներից բավականին հեշտ քանդեցի: Աղջիկը 17- 19 տարեկան էր, հասակը 169 սանտիմետր, մազերը` կարմիր ներկած, հագին նարնջագույն բլուզ ու վանդակավոր կարճ շրջազգեստ: Ձախ ձեռքը գրեթե պոկվել էր ուսից ու կածխված էր երկու բարակ ջլերից: Ես զգացի անհաղթահաերելի ցանկություն կտրել նրանից մի կտոր: Ես փորձեցի համբերել մինչև կհասնեմ ցած ու կհամտեսեմ կապիշոնով մեկի հետ: Բայց չդիմացա: Ես հանեցի փոքրիկ դանակս, որը նոր էի ձեռք բերել ու կտրեցի մի կտոր աղջկա շուրթերից: Անմիջապես կերա այն:
Իջնելուց հետո կապիշոնով ոչ ոքի չգտա: Նա անհետացել էր: Ոչ ոք չկար աշտարակի ներքևում: Միայն անձրևն էր ու սև կադիլակը: Ես վազեցի դեպի այն: Ոչ մի հետք չկար:
Նայեցի քաղաքին: Աշտարակի մոտից երևում էր ողջ քաղաքը: Մի բան կանչեց ինձ: Ես զգացի, որ նոր դիակ հայտնվեց Հյուսիս-արևելքում: Նկուղային հարկում:
Ես նստեցի սև կադիլակն ու գնացի այդ ուղղությամբ:

Friday, August 10, 2012

Հետաքննություն մեգապոլիսում


Գլխավոր անալիտիկ համակարգիչը գտնվում է հիսուներորդ հարկում: Այն զբաղեցնում է մի ողջ սենյակ երկնաքերի հյուսիային թևում: Այնտեղ կուտակվում են բոլոր վիճակագրական տվյալները և բոլոր վիճակագրական տվյալներն այնտեղ դասավորվում են, վերադասավորվում, համեմատվում, վերլուծվում ու նորից դասավորվում: Արդեն մեկ շաբաթ է, ինչ ես ստացել եմ հատուկ անցագիր` հիսուներորդ հարկ բարձրանալու և գլխավոր անալիտիկ համակարգչից օգտվելու համար: Արդեն մեկ շաբաթ է,` ես չեմ կարողանում քնել, չեմ կարողանում ուտել:
Վերջին գործս կապված էր ոմն Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանի հետ: Սա մի իրանցի առևտրական էր, ով որոնվում էր  «Գլոբա Ֆարմա» դեղագործական հիմնարկի կողմից: Թիքեյանը չէր վերադարձել կարճաժամկետ արձակուրդից հետո`անհանգստացնելով ու զայրացնելով իր ղեկավարությանը: Ինձ հանձնարարված էր գտնել նրան:
Թիքեյանը ծնված էր 2032 թվականին, նոյեմբերի տասին, 87-րդ թաղամասում` հետնախորշերում:
Առաջին հերթին ես փորձեցի հավաքել բոլոր այն Թիքեյանների տվյալները, որոնք ծնվել էին նույն տարվա ընթացում: Ստացված թիվը ստիպեց ինձ մի քանի րոպե անշարժ նստել համակարգչի առջև, հետո տրորել աչքերս ու վերադառանալ տուն` հանգստանալու: Ուղեղս չդիմացավ ստացված թիվն ընկալելու փորձությանը:
Ես պարզեցի, որ 2032 թվականին քաղաքում ծնվել է Ռադիֆ Յուսուֆ Թիքեյան անունը կրող 7 124 547 հոգի: Գրողը տանի` յոթ միլիոն հարյուր քսանչորս հազար հինգ հարյուր քառասունյոթ հոգի:
Հաջորդ օրը ես նեղացրեցի որոնման օղակը:
Ֆիլտրեցի Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանների այս ահռելի բանակը և առանձնացրեցի բոլոր նրանց ովքեր ծնվել էին 87-րդ թաղամասում:
Արդյունքները ստանալուց հետո ես արձակեցի փողկապս, վառեցի սիգարետս ու սուրճի ագահ կում արեցի:
874 211 հոգի: Դեմոգրաֆիկ բումից հետո 87-րդ թաղամասի պես վայրերում բնակչությունը կարող էր անցնել մեկ-երկու միլիարդը, բայց ամեն դեպքում Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանների քանակն ահավոր էր:
Ես մուտքագրեցի ծննդյան օրը` նոյեմբերի տասը: Ստացվեց հինգանիշ թիվ: 36 258 փոքրիկ Ռադիֆ Յուսուֆ Թիքեյան լույս աշխարհ էր դուրս պլստացել հենց նոյեմբերի տասին, հենց 2032 թվականին, հենց 87-րդ թաղամասում:
Սուրճս վերջացավ: Ես վառեցի հաջորդ սիգարետս:
«Գլոբա Ֆարմա» ընկերությունն ինձ տրամադրել էր մանրամասն ինֆորմացիա Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանի ուսման վերաբերյալ: Երբ ես փորձել էի ճշտել նրանցից վերջինիս բնակության վայրը, պատասխանել էին, որ չեն տիրապետում նման ինֆորմացիայի: Հավանաբար «Գլոբա Ֆարմայի» կորպորատիվ էթիկան սահմանափակում էր այդ տեսակ ինֆորմացիայի տրամադրումը ցանկացած այլ անձանց:
Դե ինչ, ես շարունակեցի որոնումս` ավելի ու ավելի սարսափելով Գլխավոր անալիտիկ համակարգչի տվյալներից:
Պարզվեց, որ թիվ 769 հիպերդպրոցում սովորել է 963 541 Ռադիֆ Յուսուֆ թիքեյան: Նրանցից 21 254-ը ավարտել է հիպերդպրոցը մեր Թիքեյանի հետ նույն տարվա ընթացքում: Նրանցից 7893-ն ընդունվել են նույն համալսարանի նույն ֆակուլտետը: Կոնկրետ խմբի, ամբիոնի և հերթափոխի մասին տեղեկություններ չկային, ուստի, զգալով վորոշակի թեթևություն, ես բաց թողեցի ուսման վեց տարիները, և միանգամից հայտնվեցի «Գլոբա Ֆարմա» ընկերության կադրերի բաժնի տվյալների մեջ: Անալիտիկ համակարգիչն ասում էր, որ ուսումն ավարտելուց հետո նույն ֆակուլտետից ուղիղ 451 Ռասդիֆ Յուսուֆ Թիքեյան ընդունվել է աշխատանքի «Գլոբա Ֆարմա», որոնցից 38-ը արձակուրդի են մեկնել միաժամանակ, սակայն վերադարձել է նրանցից միայն 37-ը:
Ես ստուգեցի այն տուրիստական գործակալության տվյալները, որի ծառայություններից օգտվել էր մեր որոնյալը և, արդեն առանց զարմանալու, փաստեցի, որ նույն ժամանակահատվածում նույն հանգստավայր են մեկնել 64 Ռադիֆ Յուսուֆ Թիքեյաններ:
Հետաքրքրության համար պարզեցի նաև մնացած 63-ի ով լինելը: Պարզվեց որ դրանցից երկուսը նույնպես ծնվել են 87-րդ թաղամասում, սակայն միայն մեկն է նրանցից ծնվել հենց 2032 թվականին:
Իմ կարծիքով, Այս Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանը երբեք մենակ չի մնա աշխարհում:
Ես ստուգեցի ֆիզիկական տվյալները: Հասակը` 183 սանտիմետր, մազերի գույնը` մուգ, սարդի պատկերով դաձվածք ձախ ձեռքի դաստակին:
Ես վերցրեցի տոմս ու մեկնեցի հանգստավայր` ստուգելու մեզ անհրաժեշտ թիքեյանի առկայությունն այնտեղ:
Ճանապարը ծախսեց քառասունհինգ րոոպե: Ես հեշտությամբ գտա ինձ հետաքրքրող հյուրանոցն ու առաջին հերթին շարժվեցի դեպի բար` մեկ-երկու վիսկի մեջս լցնելու և նյարդերս թուլացնելու:
Բարում ես տեսա երկու հոգու` մոտավորապես 1,8 մոտր հասակով և սարդ-դաջվածքով: Ու հենց այդ պահին ստացա հաղորդագրություն պատվիրատուից:
«Որոնումները դադարեցնել: Որոնման օբյեկտը վերադարձել է»:


Դժվար էր դիմանալ գայթակղությանը:
Անցագրիս հո մոտս է: Անալիտիկ համակարգիչն էլ հո տրամադրությանս տակ է:
Մատներս մուտքագրեցին իմ անունը: Ես սկսեցի խորտակել սեփական օրիգինալությանս մասին բոլոր իմ անուրջները: Պարզվեց, որ նույն օրը, նույն թաղամասում, նույն ժամին (փառք աստծու ոչ նույն կնոջից) ծնվել է մոտ հինգ հարևյուր հազար անվանակից: Նրանցից քսան-եռեսուն հազարը սովորել է ինձ հետ նույն համալսարանում: Հազարավորները` ինձ հետ նույն ֆակուլտետում: Մոտ երկու հարյուրի հետ ես աշխատում եմ նույն գործակալությունում և նրանցից չորսն ապրում են նույն շենքում, որում և ես:  Այս 40 հազար բնակարանանոց շենքերում շատ դժվար է ճանաչել բոլոր հարևաներին, բայց ես այնուամենայնիվ որոշեցի գտնել ու ծանոթանալ նրանց հետ: Պարզեցի նրանց բնակարանների համարները: Գնացի դռները ծեծելու:
Առաջին երկուսը աշխատանքի էին: Երևի որոնում էին մեկին կամ ինչ-որ մոռացված արխիվ քչփորում: Մեկը գնացել էր հանգստանալու: Հենց այնտեղ, որտեղ ես ման էի գալիս Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանին: Հավանաբար մենք հասցրել ենք լինել նույն բարում և ինչու չէ, մեզ հասցրել են վիսկի մատուցել հենց նույն բաժակով:
Իսկ չորրորդը...
Չորրորդի հետ պետք է ծանոթանայի հետո: Այն պահին երբ ես թակում էի նրա դուռը, խեղճը նույնն էր անում իմ դռան հետ` փորձելով ծանոթանալ հետս, չէ որ նա նույնպես ստացել էր անցագիր դեպի Գլխավոր անալիտիկ համակարգիչը և չէր դիմացել գայթակղությանը: