Wednesday, April 27, 2011

Փազլ

1.Անցնլով շենքի չլուսավորված բակով Հայկը մտավ մուտք ու միանգամից սեղմեց լիֆտի կոճակը: “Արա դե սպանեցիք…..էս գիշերվա կեսին, կանչել եք, որ ինչ…”,-մրթմռթում էր նա քթի տակ: Եվ ուներ իրավունք դժգոհ լինելու: Իր պարտականությունների մեջ չէր մտնում ընկնել բարձրահարկերի կտուրներով ու կարգավորել ալեհավաքները, այն էլ գիշերային ժամերին, երբ առանց այն էլ վախենալու է դարձել զբոսնել հանցագործությունների աճ ունեցող քաղաքով: Իսկ կտուրներում ում ասես չես կարող հանդիպել: Ճիշտ է Հայկը կոնկրետ չէր կարող պատասխանել, ում է կարելի հանդիպել գիշերը կտուրում, բայց այնուամենայնիվ այդպիսի հանդիպման հավանակությունը ինքնին հաճելի չէ:
Բանն այն է, որ Հայկը աշխատում էր ինտերնետային մալուխային կապ ապահովող ընկերություններից մեկում: Այդպիսի ընկերություները հիմա շատ են, չափից շատ: Նրանք գրեթե բոլորը ունեն իրենց թաղամասերը ու աշխատում են ներս չթողնել իրենց տարածք այլ օպերատորների: Ուստի Հայկը ենթադրում էր, որ իրենց նորեկ ֆիրմայի ալեհավաքը հավանաբար վնասել են մրցակիցները: Նա վերցրել էր իր հետ գործիքներով լի, բավականին կոկիկ մի քեյս, փոքր, բայց հզոր լուսարձակ ու ամեն դեպքում ապահով զգալու համար, փոքրիկ մահակ, որին ավելի շատ սազում է “դուբինկա” բառը:
Հասնելով վերջին հարկ, նա մետաղական ցանցավոր աստիճաններով բարձրացավ մի հարկ էլ վերև` դեպի կտուր: Այդպիսի բարձրահարկերում կտուրի դռները լինում են միշտ փակ ու բանալին լինում է հարևաններից որևէ մեկի մոտ: Սակայն լինում են դեպքեր, երբ դուռը պարզապես լինում է բաց ու հաշվի առնելով գիշերվա ուշ ժամը, Հայկը որոշեց սկզբից ստուգել դա և հետո նոր անհանգստացնել բնակիչներին: Դուռը բաց էր:
Հայկին զարմացրեց կտուրում տիրող հանգստությունը: Չկար ոչ հողմային քամի, ոչ հեղեղ անձրև ու ոչ էլ այլ բնության տարերք: « Էս լավ չի...լավ չի որ հանգիստ ա...»,- մտածեց նա ու իսկույն մտովի կշտամբեց ինքն իրեն` կռռալու համար:
Ալեհավաքը, որը պետք է սարքեր Հայկը, կտրուկ առանձնանում էր մյուսների ալեհավաքներից, որոնք բոլորը հեռուստատեսային էին: Լինելով ամենավերջին ու ամենահզոր մոդելներից մեկը, այդ ալեհավաքը իրոք ազդեցիկ տեսք ուներ: Մոտ 4 մետր բարձրությամբ, չորս հիմնական թևերով, որոնցից ամեն մեկի մակերեսը  մեկ մետր քառակուսի էր ու մոտ երկու մետր տրամագիծ ունեցող ափսեով: Այդ հսկա ծառը տասնվեցհարկանու գլխին կապով էր ապահովում  114 շենքերի 1254 բաժանորդների:
«Հենց ինձ պե՞տք ա զանգեյին էս տավարությունը սարքելու.... բա ո՞ր հիմա չկարողացա: Ի՞նչ: Գործից կհանե՞ն?» - Հայկի տրամադրությունը չէր կարելի ոչ մի կերպ անվանել լավ, բայց նա խորը շունչ քաշելով մոտեցավ այդ հսկա ալեհավաքին: Հնարավոր է այդ ժամանակ, նա հետ շրջվեր ու հեռանար, եթե իմանար իր գլխի գալիքը, սակայն նա առաջ էր գնում դեպի իր կյանքի երևի ամենաաներևակայելի արկածը:



2.
Հետաքրքիր դեպքեր էին կատարվում ամենասովորական բարձրահարկերից մեկի կտուրում` Հայկի այնտեղ հայտնվելուց մի ժամ առաջ: Բնակիչներից ոչ ոք դա չէր զգացել, կամ զգալու դեպքում էլ ուշադրություն չէր դարձրել: Իսկ կատարվել էր այն, որ տարօրինակ մի բան բախում էր ունեցել շենքի կտուրին դրված ալեհավաքի հետ: Այդ ալեհավաքից միշտ են եղել բողոքներ բնակիչների կողմից, ուստի, եթե շենքից ինչ-որ մեկը այդ ժամանակ զանգեր ալեհավաքի պատասխանատուներին, նրան հավանաբար բանի տեղ չէին դնի այդ ուշ ժամին:
Անհանգստությունները ֆիրմայի մոտ առաջացան, երբ սկսեց խափանվել կապը ու սկսվեցին զանգեր ստացվել բազմաթիվ բաժանորդներից: Այդ պատճառով էլ գիշերային ղեկավարությունը որոշել էր Հայկին` իրենց լավագույն մասնագետին, ուղարկել հենց տեղում լուծելու խնդիրը:
Երբ Հայկը մոտեցավ ալեհավաքին միանգամից զգաց սպեցիֆիկ մի հոտ, հավանաբար օզոնի:
Սկզբում նա դժվար հավատաց աչքերին, բայց ոչ... իրոք ինչ-որ ծուխ էր նկատվում ալեհավաքի հետևից: «Հաստատ  NetBlock-ի  օպրիչնիկներն են արել, մտածց Հայկը,- հաստատ դրանք են կտրել լարերը»... Սակայն ավելի մոտենալով նա տեսավ, որ ալեհավաքի կենտրոնական ձողը, որը իր վրա պահում էր ողջ ծանրությունը կարծես հալված լինի: Ծորած ու սառած մետաղը սառել էր զարմանալի ձև ընդունելով... «Էս ի՜նչ հերն անիծած բան ա....» նրա աչքերը մի պահ լցվեցին պղտոր արցունքներով: Ինքն էլ չիմացավ թե ինչից... հավանաբար տեսածի անհավանական բնույթից: Երբեք բախտ չէր վիճակվել Հայկին տեսնել այդպիսի մեծ միջատ: Միջա՞տ: Հայկը այն տեսնելու պահին առաջին հերթին մտածեց միջատների մասին... եթե մի բան լպրծուն է, մի տեսակ պաշտպանիչ փայլուն զրահանման ծածկով ու ունի բազմաթիվ վերջույթներ ու շոշափուկներ... հավանաբար դա միջատ է:
Դա էլ նման էր միջատի... փաթաթված ալեհավաքի ձողին, դա մի տեսակ խուլ տզզոց էր արձակում... Հայկը սարսռաց... մատներով ավելի պինդ սեղմեց ձեռքի «դուբինկան». ամեն վայրկյան պատրաստ էր հարձակվելու:
Հանկարծ ասեղի ծակոցի պես մի բան զգաց նա քունքի մոտ... հետո նորից, նորից.. .ծակոցները ավելի ու ավելի էին ուժեղանում ու դառնում անտանելի: Լույս...
Կապ. Հայկը հասկանում էր այդ պահին, որ կապ է հաստատվում իր հետ ինչ-որ այլ մարմնի կողմից: Ու այն որ հենց մարմնի, դա նա գիտեր հաստատ, քանի որ զգում էր ԱՅԼ մարմնի մասերը, նրանցում առկա բութ ցավը ու յուրահատուկ դիսկոմֆորտը: Դա հավանաբար այն էր, ինչ զգում էր այդ միջատանման երևույթը… իսկ ի՞նչ էր դա մտածում:
Տելեպատիկ կապ... Հայկը  սկզբից փորձում էր դիմադերել գիտակցության մեջ դաջվող աբստրակտ պատկերներին... քունքերի վրա ծակոցները ավելի սաստիկ էին դառնում: Այդ ժամանակ նա կռացած էր ու կողքից նայողի համար իսկական տառապանքներ ապրող մեկի կնմանվեր: Հանկարծ ծակոցները դադարեցին, փոխարինվելով հաստատուն բայց տանելի ճնշման գլխի ողջ մակերեսի վրա... Հայկը լսեց, կամ ավելի տեղին է ասել զգաց ձայնը...

3,
-Կամ ձեր համակարգի շարժիչ ուժերն են բարեգութ կամ մենք ենք կրում դրական աստղի խնամքը, - Հայկի գիտակցության մեջ դա ասաց կարմիր մշուշով պարուրված մեկը, ում վերջույթների ծայրերը անընդհատ ինչ-որ բան էին շոշափում ուղղահայաց տախտակի վրաՓորձը`արձակել որևէ ձայն ձախողվեց: Հայկը լարվեց, կենտրոնացավ ու նրա գիտակցության մեջ արձակվեց մի ճիչ: Դա ավելի շատ վախեցրեց նրան: Նորից կենտրոնացում. ստացվեց ձևակերպել առաջին հարցը.
-Ո՞վ ես դու?
Շոշափուկները դանդաղեցրին իրենց շարժումները` կարծես հիպնոսացնելով Հայկի միտքը, ու հնչեց թավշյա ձայնը.
-Մի՛ վախեցիր դու իմ ներկայությունից քո արջև, այլ գիտակցիր առաքելությունդ, որ բերեց քեզ այստեղ` զինված համապատասխան առարկաներով ու մոտ գիտելիքներով: Նայի՛ր իմ պատմությունը դու հիմա ու հասկացի՛ր:
Հայկը ճզմված էր իր գիտակցության պատերին, բայց զգում էր մի ինտիմ գոտի, որտեղ նրա մտքերը անընթեռնելի կլինեն այդ արարածի համար: Ու նրա գիտակցության այդ հատվածը կատարում էր հավանաբար  հարյուրից ավել վերլուծություն մի վայրկյանում: Նախ ձայնը` չափից շատ է իդեալական: Խոսքը` ինչ-որ շատ է պաթոսային: Հալած մետաղը` այդ թեմայով նա գիտեր այնքանը, որ մետաղը հալեցնելու համար պետք է հազարին մոտ աստիճան, ու կարծես թե մի տեղ կարդացել էր այդպիսի փոձերի մասին, որ փամփուշտի  գնդակի հարվածից երբեմն հալվում է նույնիսկ պողպատը... Միջատը` մինչև հիմա Հայկի համար ամենաիրական բացատրությունը դա աչքերին երևալն էր: Բայց հիմա... մտքի մեջ իրար էին հաջորդում այլմոլորակայինների մասին տեսած բոլոր կինոները...
Երբ այս և բազմաթիվ այլ մտքեր փոթորկում էին Հայկի գիտակցության հեռավոր սահմաններից մեկում, հզոր լույսի մի ալիք ծածկեց նրա ողջ բանականությունը ու նա տեսավ պատկերներ, որոնց մասին մոռանալ չէր կարողանա այլևս ողջ կյանքի ընթացքում:
Նա տեսավ սև տարածությունը, այնքան սառը ու այնքան դատարկ, նա տեսավ լույսի զանգվածներ այդ դատարկության մեջ, ու հիասքանչ էին դրանք, նա տեսավ աստղեր, որոնք ահռելի էին իրենց չափսերով, կիզիչ էին իրենց փայլով ու երբեմն դժոխային էին իրենց սառնությամբ: Ու տեսավ նա պայծառ մի աստղ ու զգաց վտանգի մոտիկությունը: Հանկարծ ողջ այն լույսը, որով ծածկված էր նա ու որի մեջ նա տեսնում էր այդ ամենը ստացավ թունդ կարմիր երանգ: Պանիկա. երևի դա էր այն, ինչ զգում էր Հայկը այդ վիճակում: Նա տեսավ ցավ ու ողբերգություն, բառացիորեն մի քանի վարկյանի ընթացքում: Զգաց ավերիչ անցումը մթնոլորտի միջով ու զգաց բախումը այն բեկորի որը հասել էր գետնին, ու որից կարողացել էր դուրս մնալ այս ԱՆՁը ու բախվելով ալեհավաքի ձողի հետ` պահպանել էր իր կյանքը ու կամքը:
Հոլոգրաֆիկ շոուն, որը տեղի էր ունենում Հայկի գիտակցությունում`դադարեց:
-Դու պետք էս մեզ... քեզ ուղարկել են մեզ մոտ, քանզի բարեգութ են մեր հանդեպ... Չորրորդ քառակուսի, քսանմեկերորդ հատված... պետք է գաս մեզ հետ...
Հայկը իր իսկ հեռավոր անկյունում թպրտում էր ինչպես թութակը մարդու ձեռքի մեջ... նա խառնել էր արդեն բոլոր հայհոյանքները, զարմանքի ճիչերը, բղավոցները, վախի ժեստերը ու նորից հայհոյանքները: Նա դարձել էր էմոցիոնալ մի կծիկ, որը կարող էր պայթել ցանկացած պահի: Սառը դատողության մի թույն գիծ կարողանում էր հասկանալ ինչ է կատարվում...«հավանաբար սրանք էն անասուն կինոների մեջի հիմար այլմոլորակաիններից են, գրողը դրանց տանի, ու հիմա էս ապուշները հաստատ ընկել են էստեղ ու իրանց պետք ա մեկը, որ կօգնի սարքել իրանց չգիտես թե ինչաթիռը»...
-Արի՛ մեզ հետ, օգնի՛ր... մեր նկատմամբ գտնվել են բարեգութ... - հնչեց նորից ձայնը ու Հայկը կենտրոնանալով ամբողջ ուժով տվեց դրական պատասխան:
Հետո նա զգաց թե ինչպես են իրեն վերցնում թևերի տակից, ինչպես են պոկվում ոտքերը գետնից, ու ինչպես է սկսում զգալ իր մարմնի ծանրությունը ուսերի տակ: Նա հասկանում էր, որ իրեն վերցրել են վերևից ու նա հիմա սավառնում է քաղաքի վրայով` ահռելի արագությամբ ու տեսնում էր արագ-արագ իրար հաջորդող թաղամասեր...Մասիվներ, Զեյթուն, Կոմիտաս, Դավթաշեն, ամառանոցների հազվադեպ լույսեր... խավար:  
Ահագին ժամանակ մութ տեղանքով թռչելուց հետո նա նկատեց թույլ լույսերի կենտրոնացում, փայլող մի զանգվածի շուրջ: Լսվում էին մի քանի ուղղաթիռների շարժիչների տհաճ  աղմուկը...
-Պե՛տք է շտապել, - հնչեց ձայնը, - մեզ գտել են, ու հիմա կանցնեն գործի, շտապե՛լ... պիտի կարգի բերես մեր ծրագիրը: Մեր ծրագրային սինխրոնը շարքից դուրս է եկել...
-Սինխրո՞նը, - ուժ գտավ իր մեջ հարցնելու Հայկը:
-Մենք էդպես ենք ասում... ծրագրավորողներին... նա ապրում է ծրագրի հետ նույն ալգորիթմով ու հոգու պես է զգում ծրագիրը... նա չի արձագանքում հիմա... հավանաբար ընկել է կյանքի ուղուց... - Հայկի գիտակցությունը լցված լույսի կարմիր ֆոնի մեջ նկատվեցին  մգացումներ... Միջատանման էակը տխրում էր: Դա միանշանակ հասկացավ Հայկը... տխրում էր... չգիտես ինչու դա Հայկին եռանդ ու վստահություն տվեց:
 Ողջ ընթացքում նրանք մոտենում էին փայլող զանգվածին, որը պարզվեց հարվածից առաջացված խառնարան էր:
-Մենք չենք վնասվել, ուղղակի խափանվել է մեր ծրագիրը ու պետք է ինչ-որ կերպ համաձայնացնել շարժիչների ալգորիթմային կարգավորումները... սկսի՛ր:
Նրանք վայրէջք կատարեցին ահագին փափուկ, ու այդ ժամանակ միայն Հայկը նկատեց իրեն տրանսպորտացիայի ենթարկած «միջատի» հսկա թևերը, որոնց շարժը նա զգում էր թռիչքի ընթացքում, նկատեց նաև վերջույթների երեք զույգ ու ևս երկու զույգ շոշափուկներ: Գլուխը հստակ տարբերակել նրան չէր հաջողվում, բայց նա մի պահ ֆիքսեց սաթի պես սև հսկա աչքը...
 Նրան իջեցրել էին համակարգչանման մի բանի մոտ, որը իրենից ներկայացնում էր մեծ մոնիտոր, որի վրա անընդհատ վեր ու վար էին անում ինչ-որ անհասկանալի նշաններ...
-Չեմ հասկանում, - լարելով կամքը գոչեց Հայկը, իսկ իրականում նրանից  չհնչեց որևէ ձայն, իսկ դեմքը` նմանվելով  դաունիզմով հիվանդ մեկի, արտահայտեց ուղղակի հարցական միտք:
-Հիմա՛, - ասաց ձայնը նրա ներսում, - հիմա՛:
Հայկը նորից զգաց լույսի հզոր ալիք: Մոնիտորի վրայի նշանները սկսեցին նմանվել իրեն ծանոթ թվերի: «Ահա... ուրեմն, ահա թե ինչ... այ էստեղ... հիմա լիներ մի բաժակ թեյ... հմմ... էստեղ»... Հայկի գիտակցությունը սկսեց վերլուծել տրված թվերը: Լինելով բավականին հմուտ տարբեր տեսակի ծրագրերի ներքին անատոմիան ուսումնասիրելու գործում, նա հեշտ ի մի բերեց թվերը, գտավ հիմնական օրինաչափությունները... «Ահագին ա նման էն ցանցային սիստեմին...» - եզրակացրեց նա:  Իրոք:  Այն հաջորդականությունը որով աշխատում էին այդ «միջատների» չգիտես թե ինչաթիռի շարժիչները, շատ նման էր ժամանակակից համակարգերում գործող մի քանի պրոցեսորների աշխատանքը կարգավորող վերլուծական-համադրական սկզբունքին: Նույնատիպ ծրագրով աշխատում են այնպիսի մրցակիցների գլխավոր համակարգիչներ  ինչպիսիք են NetBlock-ը ու Town-Կապը:
-Արա՛գ, արա՛գ, կներես, որ շտապեցնում ենք քեզ, բայց, - ձայնի մեջ նկատվեցին առաջին անվճռական նոտաները, - բայց....զորքերի մի դասակ մոտենում է մեզ... հավանաբար ուսումնասիրելու... առանց այն էլ ուղղաթիռները հաստատ նկատեցին մեր վայրէջքը… պետք է շտապել... արա՛գ:
-Հիմա՛, հիմա՛, - արդեն առանց արտասովոր լարվածության ասաց Հայկը, - հիմա՛ հիմա՛:
Աշխատել «միջատների» մոնիտորով, պարզվեց, ահագին հարմար էր: Նա  ուղղակի մատով տեղաշարժում էր թվերը, բերելով նրանց համապատասխան դիրքերի ու կազմելով ամբողջական շղթաներ: Դա շատ էր նման փազլ խաղին ու ահագին հետաքրքիր էր Հայկի համար:
-Մի քիչ էլ...., - ասաց Հայկը, - ահա՛: Վ՛երջ: Այ հիմա կարգին ա: Այ հիմա ուրիշ բան:
-Սինխրո՜ն , - հիացած հնչեց ձայնը:
Հետագա իրադարձությունները զարգացան կատաստրոֆիկ արագությամբ: Նախ ինչ-որ բան հեռու հրեց Հայկին իր կանգնած տեղից,  հետո գետնից չափազանց արագ վերև բարձրացավ մի հսկա զանգված,  հետո նույն կերպ ինչպես կտուրում օդ բարձրացվեց Հայկը: Ուղղակի այս անգամ շատ ավելի արագ: Նույնիսկ կայծակնային: Հայկը հասցրեց նկատել միայն, որ հենց իրենց հեռանալուց հետո հայտնվեցին հատուկ փայլուն համազգեստով, սաղավարտներով ու կալաշնիկովներով մարդին: Ակնթարթ անց նրանք անհետացան Հայկի տեսադաշտից:
Վայրէջքը տեղի ունեցավ այն շենքի բակում, որի կտուրում էր վնասվել ալեհավաքը...
-Այն կաշխատի… կարող ես գնալ տուն...
-Բայց ամեն դեպքում....
-Շնորհակալ ենք քեզ մենք այս գործում մեզ մեկնելու համար քո ձեռքը ու շնորհակալ ենք մեզ օգնելու համար....
-Բայց...
-Թող անմար մնա շարժիչ ուժը այս աստղերի, որ բարեգութ է....
-Ը..ըըը...
Հայկը չէր հասցնում մի բան մեջ բերել: Միջատը խոսում էր անընդհատ` լցնելով նրա գիտակցությունը զանազան պատկերներով ու իր միատոն թավշյա ձայնով: Պատկերների մեջ լինում էին տարբեր աստղերի նկարներ իրենց մոլորակների հետ: Հանդիպում էին առանձին պեյզաժներ ու Հայկը ենթադրում էր, որ դրանք հավանաբար տարբեր մոլորակներ են...
-Մենք գնացինք, - հանկարծ ավարտվեց անդադար շնորհակալությունների շարանը...-գնացինք:
-էէէ... խնդրեմ...
Այդքան սենտիմենտալ շնորհակալություններից հետո այդպիսի հրաժեշտը թվաց ծայր աստիճան հակասենտիմենտալ, ինչը ահագին շփոթեցրեց Հայկին... նա մնաց ուղղակի կանգնած`դեպի «միջատի» հեռացման մոտավոր ուղղությանը նայելով...
-Ա՜յ քեզ բան… պահո՜... ապե՜ր... գժվում ենք, մանր-մանր գժվում ենք:
Հնչեց զանգը.
-Հաաաա՜, Հա՛յկ, որդի՛ս, ո՞նց ես, - լսվեց  Հայկի շեֆի ձայնը: «Որդի՞ս: Էդ ե՞րբվանից ես ինձ անվանում որդի»»
-Այո՛, լսում եմ, պարոն Սմբատյան:
-Ամեն ինչ նորմա՞լ է: Վաղը կարող ես գործի գալ ժամը տասներկուսին, հիմա գնա քնիր, հանգստացիր, մենք գոհ ենք, կապը ներմալ է: «Թե բա գոհ չլինեիք...»
-Այո՛, պարոն Սմբատյան:
-Ու միանգամից ինձ մոտ, լա՞վ: Միանգամի՛ց: Սրա-նրա մոտ մտնել չկա, ուղիղ ինձ մոտ:
«Ինչ ա մտածում էս բիձեն...»
-Իհարկե՛, պարոն Սմբատյան:
-Ու կարող ես ինձ ասել ուղղակի Հրանտ:
Հեռախոսը անջատվեց:
Այդ գիշեր Հայկը քնեց սպանվածի պես: Առավոտյան զարթնելով տասնմեկին, ինչը նրա հետ լինում է ծայրաստիճան հազվադեպ, նա հանգիստ հագնվեց, նախաճաշեց ու գնաց գրասենյակ: Դեռ չէր հասցրել ամբողջովին հայտնվել շեֆի գրասենյակում, երբ լսվեց Սմբատյանի առույգ ձայնը.
-Հայկո՛, որդի՛ս, էս ի՜նչ լավ եկար, նստի՛:
-Բարև ձեզ:
-Երեկ ինչ լավ արեցի քեզ ուղարկեցի: Ասում են ուրիշը լիներ չէր հասկանա... չէր դիմանա...
-Ես կուզեյի խոսել այդ թեմայով... - սկսեց Հայկը:
-Ի՞նչի մասին, ի՞նչի մասին, սիրելիս: Հավատա՛, այդեղ բան չկա: Համ էլ լավ նորություններ ունեմ: Աշխատավարձդ բարձրացել է հիսուն տոկոսով ու էս ամսվա վերջ փասա-փուսաներդ հավաքի արձակուրդի գնալու...
-էէէէէ՜...
-Վերջացրու՛, դու դա աշխատել ես...
-Մերսի՛...
-Բան չկա, հիմա ազատ ես, կպատմես բոլորին, թե ինչքան դժար էր տասնվեցերորդ հարկում ալեհավաք սարքելը  ու մալուխներ եռակցելը երեկ եղել: Կպատմես, որ լսեն սովորեն, թե ինչպես են ծրագրային բաժնի աշխատողները տեխնիկականին խեղճացնում իրենց գծում:
-Եռակցու՞մ, հա՞:
-Հա՛, հա՛... պատմի՛, պատմի՛, թե ոնց էիր բնակչուհու տնից հոսանք քաշում... ի դեպ, կպատմես, թե ինչքան գեղեցիկ ոտքեր ուներ այդ աղջիկը...
Հայկը շուռ եկավ որ դուրս գա...
-Հա, որդիս... հմ… ամեն դեպքում... պարոն  Սմբատյան... լա՞վ:
-Լա՛վ:

Thursday, April 21, 2011

Ապակի

-Էլի դու? Էլի բերեցիր էդ ժամդ,- ինձ տեսնելով միանգամից սկսեց ժամագործը,-դե? Հիմա ինչ ա եղել?
-Էլի նույնը, հանգիստ ասացի ես, ապակին ա թռել, ուստա, ինչ կասես?,- ասացի ես ուշադիր սպասելով ժամագործի արձագանքին:
-Քու ինչն եմ ասել...,-մրթմռթաց նա վերցնելով ժամացույցը,- հիմա ինչ?  Ուզում ես ասել, ես ժամացույցի ապակի փոխել չգիտեմ?
-Չէ, չէ, -ասում եմ,-ամեն դեպքում էսքան անգամ իմ ժամացույցը սարքելու ընթացքում  ոնց էլ լինի կսովորեիք:
Նա մռայլ, բայց հանաքը հասկացող հայացքով նայեց ինձ.
-Մի ժամից կգաս: Ես գնացի մի ժամից վերադառնալու:
Նրա մոտ ժամացույցս տանում էի արդեն ութերորդ անգամ: Ու հարցը նրանում չէր, որ չգիտեր իմ վարպետը ճիշտ կպցնել ժամացույցի ապակին ու ոչ էլ նրանում, որ ես էի անփույթ ու կոտրում էի ապակին. Դրանք երբեմն իրենք իրենց նախաձեռնությամբ դուրս էին թռնում ժամացույցիս վրայից...Այդ ամենի պատճառները ավելի քան տարօրինակ էին:
Նոր աշխարհը բացահայտվեց ինձ համար մի քանի ամիս առաջ, երբ ես խելապատառ շտապում էի քննության: Ու ինչպես միշտ նման դեպքերում ես նստել էի քաղաքի երևի ամենաանշտապ գնացող ավտոբուսը, որը չէր գերազանցում իր արագությունը 38 կմ ժամից:
Ես սրտանց նյարդայնացել էի, ու մի քանի անգամ արդեն ուզում էի գոչել վարորդին, որ նա սկսի ավելի արագ քշել, բայց չգիտես ինչու ամաչում էի: Անընդհատ նայում էի ժամացույցիս: Նայում էի ճանապարհին, ժամացույցին, ճանապարհին, սիրտս ճաքում էր արդեն իմ դանդաղաշարժությունից ու ժամանակի սրընթացությունից: Ու կատարվեց մի բան, որ զգալիորեն փոխեց իմ կյանքը: Ես զգացի թե ինչպես ճակատս պատում սառը քրտինքը: Իրականությունը կարծես լղոզվեց շուրջ բոլորս, մի ահռելի ուժ կարծես քաշում էր ինձ ինչ-որ բանի միջով: Առաջին անգամն էր: Ես զգացի հետ տալու անզուսպ ցանկություն, բայց կարողացա ինձ զսպել: Մի պահ ամեն ինչ հանդարտվեց, ուղղակի ես զգում էի, որ քրտնել է ողջ մարմինս: Նկատեցի նաև մի քանի հետաքրքրասեր հայացքներ: Հետո ես հասկացա, որ հավանաբար եղել եմ աննորմալ գունատված:
Երբ ես նայեցի ժամացույցին, կրկնվեց նույնը: Կողքիս պատկերները սկսեցին լղոզվել… ես տեսնում էի միայն ժամացույցիս սլաքները, որոնք կարծես սկսում էին ավելի անդաղ պտտվել..,
Կարծես թե լավ էր…. Ժամացույցիս սլաքները սկսում էին պտտվել դանդաղ, այն դեպքում երբ ինձ պետք էր լիոնում արագ հասնել մի բանի, ու դա ստեղծում էր որոշակի հարմարություններ իմ առորյա կյանքում: Օրիանակ ես իսպառ դադարեցի որևէ տեղ ուշանալ, կամ ասենք անուշադրության պատճառով թափել սուրճը….ես պարզապես սուրճի մոտ ստեղծում էի կարծես այլ ժամային գոտի, որտեղ սուրճը եփվում էփ սովորականից մի քանի անգամ ավելի դանդաղ: Հաճախ ես փորձում էի թռչել…այո, այո: Ու տեսականորեն դա պիտի ինձ հաջողվեր: Ես բարձրանում էի մի մետրանող բարձրության վրա ու ցատկում: Այդ ընթացքում տեղափոխելով ժամանակը ավելի դանդաղ հուն: Սակայն արդյունքը չէր լինում տեսանելի, քանի որ ես միևնույն է հայտնվում էի գետնին:  Շատ քիչ էր տարածությունը: Պետք էր փորձել լուրջ բարձրությունից, սակայն ես չեմ կարծում, որ օրինակ ձեր մեջ կլինի մեկը, ով լինելով իմ տեղում կհամարձակվի կատարել այդպիսի վտանգավոր էքսպերիմենտ: Բայց ես սկսել եմ վերջերս մտածել պարաշյուտի մասին…
Ինչևէ, չկային որևէ պրոբլեմներ, մինչև հանդիպեց Նա…
Տեղի ունեցավ այն, ինչը ես չէի կարող, կամ չէի էլ մտածել: Չգիտեմ նույնիսկ ինչու չէի մտածել: ՄԻնչ այդ ժամանակը իմ օգտին միշտ ընթացել էր դանդաղ, երբ սովորաբար անցնում է արագ: Իսկ այս անգամ եղավ հակառակը…ու այդ հակառակը լինում է հիմա պարբերաբար…
Առաջին անգամ, երբ հայտնվեց Նա, ու ես տարվեցի նրա հետ զրույցով, զգացի, որ ինձ համար անցել է մոտ 10 րոպե, իսկ ժամանակի համար մոտ տաս անգամ շատ…այդ տարբերությունը զգալուս հետ, դուրս թռավ ժամացույցիս ապակին…երևի չդիմացավ ուղղության փոփոխմանը…չդիմացավ այդպիսի արագության: Չդիմացավ այդ աստիճան սրընթացության….երևի ես էլ, եթե լինեի ժամացույցիս տեղը չէի դիմանա: Ես չէի հասկանում ինչ է կատարվում, երբ տեսնում եմ նրան: Սովորաբար իմ կողմից կառավարվող ժամանակը կարծես դուրս էր հելնում բոլոր տեսակի հուներից ու սկսում էր հոսել մի այլ, խոլահեռ հունով: Ու ամեն անգամ, երթ ես գիտակցում էի, ժամանակի այդպիսի ընթացքը չէր դիամանում իմ ժամացույցը ու սկսում էր պայթել նրա ապակին… Իսկ ժամագործը արդեն կասկածում էր իր մասնագիտական պիտանելիության վրա....
Ես անշտապ զբոսնելով սպանում էի մի ժամը, որպեսզի հետ վերցնեմ  ժամացույցս… Երբ արդեն մուծել էր վերանորագման գումարը ու պատրաստվում էի հեռանալ ժամագործից, աչքս ընկավ նրա սեղանի վրա մի կանացի ժամացույցի…ես կարող էի երդվել բոլոր աստվածների անունով, որ դա հենց նրա ժամացույցն էր,,,,առանց ապակու…

Friday, April 15, 2011

Նեոն

««Ես սպանելու եմ քեզ: Էլ չեմ կարող կանգ առնել, գրողը տանի, արդեն սկսել եմ որսս ու պիտի սպանեմ քեզ: Ես հիմա հետևում եմ քեզ.... դու կկատարես քո առօրյա գործերը, իսկ վերջում կմեռնես, շան պես կմեռնես, ես քեզ կսպանեմ շան պես…. Ես եմ որոշել, որ դու պիտի մեռնես…ես… չեմ ներում ես քեզ  ամսի 17-ին ժամը 10-ի կողմերը  ծեծածդ ծերունուն....չեմ ներում քեզ էն կնոջը, չեմ ներում հիմա նստած ընկերոջդ.....անասուն, նա նվիրում էր քեզ իր խաղալիքներից լավագույնները, երբ դուք փոքր էիք: Դու հիմա կգնաս քո քնձռոտ բարը, հետո կգնաս տուն...չէ, դու այսօր չես գնա տուն....ես քեզ կհասնեմ...ես արագ եմ քայլում, ես քամու պես եմ, ես ցրվում եմ միլիոնավոր ատոմների ու սլանում մարդկանց զանգվածների միջով, դու շանս չունես...դու իմ որսն ես...» :
Ես սպանեցի նրան երկաթե ձողի հարվածով: Այն դիպչեց նրա ձախ քունքին, ու ես նկատեցի, թե ինչպես են արյունով լցվում նրա աչքերը....հարվածը կրկնելու կարիք չկար, հաստատ համոզված էի, որ էդ կեղտը էլ չի բարձրանա, ինձ դուր էր գալիս նրա գլխից տարածվող սև արյունը...Իմ որսը ավարտված էր...Չեմ կարող որևէ կերպ նկարագրել հաճույքս...բավականությունս: Ես կատարել էի  մի սրբազան պարտականություն ևս ու ես հանգիս էի...ավելի ճիշտ հանգիստ չէի: Ես գիտեի հանդիպման մասին, ես սպասում էի այդ հանդիպմանը...
Ես ծնվեցի 17 տարեկան, 4 ամսեկան, 14 ժամեկան ու քսանհինգ րոպեական հասակում: Բժիշկներև իմ թոքերում գտան երբևէ չտեսնված տարօրիանակություն. Բացի սովորական երկու թոքերից, ես ունեի շնչառական օրգանների մի զույգ էլ, նման թոքերին, ուղղակի շատ փոքր... նրանք իրենց չորացրած ուղեղներին փորձում էին խաբել` համոզելով իրենց, թե իմ թոքերը ուղղակի քաղցգեղներ են....Չկար տենց բան...
Իմ ծնվելու օրը ես իսկապես շնչեցի, շնչեցի ոչ այնպես ինչպես սովորական մարդիկ, (մեընդմիշտ իմացեք, ես սովորական չեմ, կամ չէի...) , այլ շնչեցի ես իմ բոլոր չորս թոքերով, ու գետինը փախավ իմ ոտքերի տակից, ու զգացի ես համաչափությունը իմ շնչի ու նրա զորությունը: Մարդիկ հազարավոր տարիներ մշակել են տարբեր տեսակի շնչառական մեթոդներ ու մեխանիզմներ....գտնելու համար այդ միջոցով ճշմարիտ ուղղին...ինձ դա ծիծաղալի է...Մենք անհամեմատելի ենք...դուք շնչում եք ընդամենը օդ, իսկ ես իմ բոլոր չորս թոքերով շնչում եմ կյանքը, շնչում եմ տիեզերքը, շնչում եմ հավերժական տարրական մասնիկը...իսկ դուք...դուք քայլում եք, երբ ես կարող եմ թռչել...
Երբ սկսեցի ՇՆՉԵԼ, դուք սպանում էիք ձեր նմանին`, չբավարարվելով թալանած փողերով ու ոսկեղենով, դուք դաժանաբար սպանում էիք ձեր նմանին...ես սկսեցի շնչել ձեր գաղջահոտը, այն ժամանակ, երբ կարող էի շնչել սիրո անուշահոտությունը.....բարի հոտը...դուք դիմավորեցիք ինձ դրանով, դուք, թող թափեմ ես ձեր բոլորի արյունը, սկսեցիք իմ որսը....  Ես եմ որսորդը ձեր, որ պիտի սպանեմ...
Հանդիպումս....ես զգացել էի դրա անխուսափելիությունը հենց առաջին շնչի հետ: Ու ես գիտեի, էն անասունի գլուխը երկաթի ձողով բացելու ժամանակ, ես գիտեի, թե ինչքան էր այդ օրը մոտիկ...բայց չգիտեի, որ դա հենց այդ օրն է:
Գիտեի  ես նաև ինչ է ինձ սպասվում հանդիպման ժամանակ: Գիտեի, որ ինձ տալու են հաշիվ, կամ այդպիսի մի բան...բայց ով է տալու? Ինչ հաշիվ? Ու ինչի համար? Ես պիտի հանդիպեի մի բանի հետ, որ միանշանակորեն վեր ու վեհ էր լինելու ինձանից...ու դա կատաղեցնում էր ինձ.....ապրելով այդպիսի ոչնչությունների կարգում, ես սովոր եմ լինել ինքս վեհ ու վեր ամեն ինչից:   
Չէի մտածում, որ հանդիպումը նշանակված կլինի իմ տանը....երբ ես մտա իմ   բնակարանը, դատարկ հյուրասենյակումս կանգնած էր նա: Շողքի պես կանգնած էր նա: Չուներ նա դեմք, կամ ձև, ուղղակի կանգնած էր սև լաքայով իմ սպիտակ պատերով դատարկ սենյակում...
-Առաջ անցի, առաջ անցի, համեցի, համեցի, մի ամաչի, մի քաշվի, արիի, արի Ռաֆ, արի:,- ինձ սկսեց ճնշել նրա անսանձ տնավարիությունը, բայց ինձ արած, նույնիսկ իմ տանը ինձ հյուր զգալով, ես ստիպված էի ենթարկել էդ կամային ձայնին....
-Ռաֆ, Ռաֆ, Ռաֆ...դու հո գիտեիր, որ ես պիտի գայի?գիտեիր, չէ?
-Գիտեի,- պատասխանեցի ես, ու զգացի արդեն, թե ինչպես եմ սկսում հանձնվել էդ ձայնի ուժին.... հիմա ես նման էի իմ զոհերի զոհերին...որոնք անպաշտպանությունից ու թուլությունից ուղղակի սողում էին իմ զոհերի առջև...բայց ես զոհ չէի, ես զոհ չէի, ես չէի վախենում, ես ուղղակի սկսում էի ներքաշվել այդ ձայնի մեջ:
-Ես եկել եմ, Ռաֆ, քեզ տալու մի բան...այսինքն չեմ տալու, դու դա ունես, ես դա քեզ ցույց կտա: Հահաաաաաաա, դու չգիտես ինչի մասին ա խոսքը, չէ չգիտես, ապեր: Դա կլինի քո հաշիվը, որը, չնայած, կարող ես չմուծել...բայց ես գիտեմ, որ դու չես ապրի առանց մուծելու...
-Հաշիվ...ինչի հաշիվը?
-Վերջացրու....մի հատ էլ ասա, որ քո սուրճը սառն էր, կամ շաքար քիչ էր մեջը, կամ դու լռիվ դառն էիր ուզում...Ռաֆ, Ռաֆ...
-Բայց,-ես իրոք ուզում էի իմանալ ինչ հաշիվի մասին էր դա ասում: Ես չէի վախենում նրանից: Ես գիտեի ինչ է ասել ՇՆՉԵԼ, նշանակում է, ես չպիտի սողամ երբևէ...
-Ռաֆ, Ռաֆ...եթե ամեն քո պես ԳԻՏԱԿՑՈՂ կարողանար սպանել, կամ ինչպես ես դու ասում? Որս անել? Հա? Պատկերացնում ես? Ինձ պետք կլինեին նավեր, արյան մեջ լողալու համար....չէ, Ռաֆ, ես էդպես չեմ ուզում:,-Դու հրճվում էիր, հիշում ես, որնց էին հրճվում էն նեոնային լույսեր վաճառող ջահելին ջահելին ծեծող հաստավզի աղիքները հանելիս...
Իմ միջով հոսանք անցավ...հաճելի, ռոմանտիկ ու նոստալգիկ հիշողություն....իմ մարմինը փշաքաղվեց երբեմնի ապրած հաճույքի  վերապրումից:
-Իսկ հիմա Ռաֆ, ես ցույց կտամ քեզ մյուս լուսամուտը...
-Ինչ...,- ես էլ չկարողացա շարունակել.....

***
Չեմ էլ հիշում, երբվանից եմ արդեն նստած էս պատի տակ, դրա գնալուց հետո....ես վախենում եմ, պատի տակից գնալ հեռու....ինձնից մի քիչ հեռու իմ գրասեղանն է: Ես տեսա նրա ցույց տրված լուսամուտը...ես հետ տվեցի սկզբից, իմ գլուխը հիմա էլ ցավում է: Հետ տվածս երևի կսկսի հոտել մի քիչ հետո, լավ չի...
Սաղ հենց էն նեոների տղուց էլ սկսվեց էդ լուսամուտում....ես զզվում եմ: Եթե հետ տամ էս թղթի վրա, նորից չեմ ունենա կամք շարունակելու, ու կջնջեմ էլ նախորեին արած գրառումներս...ես չեմ կարողանում նայել հետ...սիրտս խառնում է, հասկանում եք? Ես զզվում եմ...զզվում եմ արունոտ դանակներից ու մասնատված մարմիններից, իմ թոքերը լռում են, ես խողդվում եմ, հասկանում եք? Էլ չեմ կարող ռիսկի գնալ.....կկողտոտեմ թղթերը...Իմ տան լուսամուտը....էստեղից ամենաշատը հինգ քայլ: Հա, երևի հինգ քայլ: Ուրիշ...? Չէ... տարբերակ չկա...ես չպիտի սողամ, ես պիտի ճախրեմ, ես գիտեմ ինչ է ՇՆՉԵԼ
Օրագիրը գտնվել է վթարային 16 հարկանու 14-րդ հարկում, 87րդ բնակարանում.... Օրագրի տիրոջ մարմնի մասերը այդ ժամանակ գտնվում էին կենտրոնական դիահերձարանում:Նրա շնչառական համակարգը, որոշ կոսմետիկ մշակումներ անցնելուց հետո պահպանվում է հատուկ սպիրտային տարրայում: Դրա ցուցադրումը լայն զանգվածներին արգելված է հատուկ հրահանգով:...Հաստատվել էր նրա մեղավորությունը 149 դաժան սպանություններում Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում