Monday, May 19, 2014

Ինչ-որ մի տեղ անկյունների եւ թվերի արանքում...

Գրատախտակին գծված էին եռանկյունիներ, ուղղանկյունիներ, գրված էին բանաձևեր և հավասարումներ: Գրատախտակի առջև կանգնած էր ճմռթված պիջակով Երեմյանը: Նա իր հաստ ակնոցների տակից նայում էր ապշած հանդիսականներին, որոնք քարացել էին լռության մեջ: Ելույթը տևել էր ուղիղ մեկուկես ժամ: Ելույթի ընթացքում գիտաժողովի մասնակիցներից եւ ոչ մեկը ձայն չէր հանել, նույնիսկ չէր հազացել և չէր փռշտացել: Երեմյանի հայտնագործությունը ստիպել էր բոլորին լարել ուշադրությունը, պահել շունչներն ու մեկ ամբողջական ականջ դառնալ:
Ելույթն ավարտված էր:
- Այսքանը,- ասաց Երեմյանը` թափ տալով կավճոտ ձեռքերն ու ժպտալով,- թերևս այսքանը: Կգտնվե՞ն անձիք, ովքեր կուզենան իրենց վրա փորձարկել X կապսուլան:
Դահլիճում բացականչությունների և հոգոցների ալիք անցավ: Մի պահ ընդամենը: Եւ նորից լռություն տիրեց: Վերևի շարքերից ինչ-որ մեկը վախվորած բարձրացրեց ձեռքը:
- Ահա, խնդրեմ,- ուրախացավ Երեմյանը,- համեցեք այստեղ, համեցեք: Հավատացնում եմ, ոչ մի ցավային ազդեցություն սա չի ունենա: Դե՞: Մի´ վախեցեք, համեցեք:
Ձեռք բարձրացնողը նիհար և բարձրահասակ երիտասարդ էր, ով քայլում էր իր հասակի համար փոքր քայլերով, գլուխը կախ և մի քիչ կռացած: Նա, անցնելով շարքերի միջով, անընդհատ կրկնելով «կներեք, կներեք», հասավ գրատախտակի մոտ:
- Հիմա ես ձեզ կտամ այս սկզբունքով պատրաստված X կապսուլան, դուք այն կընդունեք և կպատմեք ձեր տպավորությունների մասին: Կցանկանա՞ք ներկայանալ:
- Դոցենտ Շմիդտ,-կմկմաց երկարահասակ երիտասարդը:
- Հոյակապ է, դոցենտ Շմիդտ,- ձեռքերն իրար շփեց Երեմյանն ու մոտեցավ գրատախտակի տակ դրված պայուսակին: Նա բացեց պայուսակը, ինչ-որ բան քչփորեց այնտեղ և հանեց փոքրիկ պլաստիկ տոպրակն ու ցույց տվեց դա դահլիճին,- սա է: Հիմա հարգելի դոցենտ Շմիդտն այն կփորձարկի:
Նա բացեց տոպրակը, հանեց այնտեղից մեկ պատիճ ու մեկնեց դա Շմիդտին:
- Անուշ արեք,- ասաց Երեմյանը:
Շմիդտն անսպասելի համարձակ շարժումով ասես խլեց երեմյանից պատիճն ու կուլ տվեց: Նրա նիհար կերպարը կանգնած էր հանդիսականների առջև, իսկ հայացքը նրա ուներ այնպիսի արտահայտություն, կարծես մեղադրում էր բոլորին:
- Իրականում ոչ մի դժբախտություն հիմա տեղի չի ունենա,- նկատելով Շմիդտի հայացքը` ասաց Երեմյանը,- հիմա դոցենտը կապրի ուղղակի մի նոր զգացում, որին մինչ այժմ նա անծանոթ է եղել: Դա էլ հենց այն է, ինչի մասին ես այսքան երկար խոսում էի: Սա X կապսուլան է: Դե՞: Ինչ-որ բան զգու՞մ եք, - դարձավ նա դոցենտ Շմիդտին:
Վերջինս թափահարեց գլուխը, բայց նույն պահին էլ դադարեցրեց: Նրա մարմնով ասես դող անցավ: Հաճելի, թարմացնող դող: Նրա մեջքն ուղղվեց: Դեմքի լարվածությունն անցավ:
- Կարելի է՞,- ասաց նա հանգիստ և հնչեղ ձայնով` բարձրացնելով ձեռքը:
- Իհարկե,- ասաց Երեմյանը, որ մի քանի քայլ կողք էր գնացել և սրբում էր ակնոցները ճմռթված պիջակի թևքով:
- Ես հիմա հասկացա ամեն բան, ինչ ասում էր պրոֆեսոր Երեմյանը: Սա իրոք նոր է: Ես ատել եմ մարդկանց, ես սիրել եմ մարդկանց, ես եղել եմ երջանիկ ու դժբախտ, կարոտել եմ, զայրացել, հիացել... Ես ապրել եմ բոլոր զգացումները: Բայց հիմա...,- նա խորը շունչ քաշեց,- հիմա ես ապրում եմ բոլորովին նոր բան: Պրոֆեսոր, սա թմրանյու՞թ է:
- Բնավ,- ասաց Երեմյանը` լայն ժպտալով, -այն չի կարող համարվել թմրանյութ, քանի որ նրա նյութական բաղադրությունը, մեղմ ասած, նեյտրալ է: Ու չի կարող համարվել թմրանյութ, քանի որ սա ընդամենը զգացում է: Նոր զգացում: Եթե ուզում եք, անվանեք սա` X զգացում կամ X կապսուլայի զգացում: Այն նման է երջանկության, հիացմունքի, վախի, սիրո և ատելության: Այսուհետև սա դրանցից մեկն է, դրանց շարքից է:
Դահլիճում աղմուկ բարձրացավ:
- Դուք ուզում եք ասել, որ նոր զգացու՞մ եք պատենտավորում:
- Ճիշտ այդպես: Նոր, բոլորովին նոր: Որն ապրելուց հետո աշխարհը վերջապես կփոխվի:
Աղմուկը սաստկացավ: Շատերը վեր թռան իրենց տեղերից: Իրարանցում սկսվեց:
- Ինչի՞ց է պատրաստվում այդ կապսուլան:
- Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ:
Երեմյանը շոյված էր նման բուռն արձագանքով, սակայն իրավիճակը սպառնում էր անկառավարելի դառնալ: Իրարանցումը կատարյալ էր: Հանգիստ էր միայն դոցենտ Շմիդտը, որն ավելի շատ զբաղված էր աշխարհի և մարդկանց հանդեպ տածած իր նոր զգացումը վերլուծելով:
- Ինչի՞ց է այն բաղկացած,- գոչում էին ներկաները:
- Ինչի՞ց:
Երեմյանին շաղախում էին հարցերով: Ինչ-որ ձեռքեր արդեն քաշքշում էին նրա ճմռթված պիջակից, պահանջում պատասխանել հարցին, թե ինչ նյութերից է բաղկացած X կապսուլան:
- Հիմարնե՜ր,- չդիմացավ Երեմյանը,- դուք ոչինչ չհասկացաք, ձեզ չօգնեց նույնիսկ Պյութագորասի թեորեմը, դուք ոչ մի բան չեք հասկանում:
- Բացատրեք նորից,- գոչեցին տարբեր կողմերից:
- Սա նյութ չէ, սա այն է, ինչի շնորհիվ, օրինակ, էջերի քառակուսիների գումարը հավասարվում է ներքնաձիգի քառակուսուն, սա այն է, ինչ չկա, բայց կա ինքն իրեն ու ամենուր, սա ուրիշ է...
Նրա ձայնը խորտակվեց աղմուկի ալիքներում: Նրան ողողեցին հարցերի, հիմար պնդումների, կասկածների, փորձերի և թղթատարության ջրերով և քաշեցին հետ, որտեղ դեռ շատ քչերն էին ապրել նոր զգացումը:


Խորհրդականն անշարժ հետևում էր նրա անհանգիստ քայլերին: Առաջնորդը հետ ու առաջ էր անում հարմարավետ աշխատասենյակում` ժամանակ առ ժամանակ կանգնելով ու գլուխն ափերի մեջ առնելով: Մոտ քսան րոպե այդպես քայլելուց հետո նա վերջապես վերադարձավ իր տեղն ու փռվեց մեծ բազկաթոռի մեջ:
- Իրավիճակը դուք ճիշտ եք նկարագրում,- սկսեց նա,- այն, ինչ տիրում է հիմա մեր քաղաքացիների շարքերում, իսկական աղետ է: Նրանք մեզ ոչ ատում են, ոչ սիրում: Նրանք սպառել են մեր հանդեպ ունեցած ատելությունը, իսկ սեր գուցե եւ չեն էլ ունեցել երբեք:
Խորհրդականը շոյված հազաց:
Առաջնորդը շարունակեց.
-Եթե այսպես շարունակվի, տիրող անտարբերությունը կվերածվի համատարած ապատիայի, ինչի արդյունքում ընդհանրապես կիմաստազրկվի իշխանության գաղափարը և դրա գործառույթները վերջնականապես կդադարեցվեն:
- Դրա համար էլ պետք են օժանդակիչ գործոններ...
- Ու դուք առաջարկում եք դա՞: Այդ նոր..հմ... զգացումը՞:
- Այո: Եթե ձեզ այլևս չեն սիրում, այլևս չեն ատում, ինչպես նաև չեն նախանձում, զզվում...
- Բավ է, - կտրուկ ընդհատեց Առաջնորդը:
- Ուրեմն ձեզ պետք է նոր զգացում: Ձեզ պետք է, որ ընտրողները տածեն ձեր հանդեպ այդ զգացումը: Ու այստեղ դուք պետք է շտապեք, եթե ուզում եք լինել առաջինը:
- Իսկ ի՞նչ կարժենա այդ նոր զգացումը: Ինչի՞ց է այն բաղկացած:
Խորհրդականը մնաց լուռ` փորձելով հնարավորինս ճիշտ ձևակերպել իրեն էլ ոչ այնքան հասկանալի միտքը:
- Ոչինչ: Ասում են, որ այն ուղղակի ջուր է: Կամ օդ: Կամ ցանկացած այլ բան: Ոմանք ասում են, որ այն ընդհանրապես նյութական չէ: Իսկ պրոֆեսոր Երեմյանի կայքում` ընդդեմ գիտական շրջանակներում տեղի ունեցող քննադատումների, կայացվել է բողոքի ակցիա, որի արդյունքում կայքում տեղադրվել է X կապսուլա ստանալու եղանակը:
Առաջնորդը ծանր հոգոց քաշեց: Հենվեց բազկաթոռի մեջքին եւ սկսեց շոյել փողկապը:
- Ուրեմն պետք է լինել առաջինը...


Հ.Գ.

- Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր հայտնագործության քաղաքականացմանը:
- Վատ:
- Կպարզաբանե՞ք:
- Կապել իմ կատարած հայտնագործությունը քաղաքականության հետ նույնն է... նույնիսկ դժվարանում եմ պատասխանել: Իմ հայտնագործությունը պետք է ծառայեր բոլորովին այլ նպատակների, սակայն այս երկրում ստացվեց այնպես, որ քաղաքական կուսակցությունները վերցրել են X կապսուլայի արտադրման իրավունքներն ու հիմա իրար միս են ուտում մրցակցային առավելություններ ստանալու համար:
- Քաղաքական ուժերի կողմից ձեր X կապսուլան օգտագործելու երևույթն իրոք տարօրինակ է:
- Մեղմ ասած...
- Պրոֆեսոր Երեմյան, ինչպիսի՞նն են ձեր քաղաքական հայացքները:
- Ես այդպիսիք չունեմ:
- Բացարձա՞կ:
- Բացարձակ: Ես X կապսուլան ստեղծողն եմ, հասկանու՞մ եք: Ես: Այդ մարդը ես եմ, գրողը տանի: X կապսուլայի հայտնվելուց հետո ոչ քաղաքականությունը, ոչ ձեր հիմար ռադիոկայանը, ոչ կուսակցությունները չպիտի գոյություն ունենային, սակայն դուք դեռ կաք եւ դա ինձ հիմա ապշեցնում է: Խնդրում եմ դադարեցնել եթերը:

Ձայնագրություն` կատարված ԲՌՈՒՆՑՔ ռադիոկայանում:

Thursday, May 15, 2014

ԱՅԼԱԳԵՆԴԵՐԸ



Ծխելն ամեն դեպքում ունի առավելություն: Ծխող մարդը միշտ կարող է դուրս գալ ծխելու: Ու բոլորովին կապ չունի, թե որտեղ ես, միշտ կարող ես դուրս գալ, քանի որ ունես անառարկելի պատճառ, անսասան հիմնավորում` դուրս գամ ծխեմ: Սիգարետը, այդ բարակ փոքրիկ գլանակը, իսկական փրկություն է, թույլտվություն դեպի դուրս, շենգենյան վիզա` մի քանի րոպե ամեն ինչից կտրվելու եւ մեն-մենակ մնալու համար: Որտեղ էլ որ աշխատես` ոստիկանությունում, անալիտիկ բյուրոյում, գրադարանում, թե գործարանում, սիգարետը տալիս է քեզ դուրս «գալ ծխելու» հնարավորություն: Նույնիսկ Մաքսային վերահսկման կենտրոնից, որտեղից էլ հենց դուրս եմ եկել ես` մի հատ ծխելու: Անընդհատ ընդունել-գրանցել ու ստորագրել-կնքելուց հոգնելը շատ հեշտ է, իսկ երբ խոսքը գնում է միջմոլորակային մաքսատան մասին... ինչպե՞ս էին ասում` թո՛ղ ու փախիր: Ես էլ փախել եմ: Ես այստեղ մի քանի րոպե կկանգնեմ կծխեմ: Մանավանդ, շուտով հաստատ կհայտնվեն հիմար ֆանատիկոսների ջոկատներն ու հերթական պիկետը կհորինեն հենց մաքսատան դռների դիմաց: Արի ու դիմացի...
Դիմանալն այսօր անհնարին էր դառնում: Եթե լինեմ առավել ազնիվ, ապա այս աշխատանքն ինձ համար չէ: Ողջ այս թղթատարական նրբություններն ու «կարեւորությունները» ծանրացնում են իմ գլուխն ու դառնացնում հոգիս: Պատկերացնու՞մ եք, այս էակներն անցնում են միլիոնավոր կիլոմետրներ, լուսնային տարիներ` մեզ հյուրընկալվելու, իսկ մենք մեր գրանցման բլանկներով նրանց համար կազմակերպում ենք իսկական խաչաձեւ հարցաքննում: Տարբեր ժամանակ տարբեր հարցեր տարբեր հյուրերի համար վերածվում են իսկական բարդության: Օրինակ` ինչպե՞ս պետք է ֆիլիստովցին պատասխանի «որտեղի՞ց եք» հարցին, եթե նրանց քաղաքակրթությունը չունի ոչ մոլորակ ոչ այլ հիմնական բնակության վայր. նրանք ֆանտոմային սուբստանցիաներ են եւ ապրում են ուղղակի տարածության մեջ: Կամ` ինչպե՞ս պետք է պատասխանի «ինչքա՞ն ժամանակով եք մեզ մոտ եկել» հարցին դելեստոնցին, եթե նրանց մոտ իսպառ բացակայում է ժամանակի զգացումը: Էլ չեմ խոսում կապելսկիացիների, կալիստացիների եւ նման շատ այլ քաղաքակրթությունների մասին: Մեր բլանկներն ուղղակի խղճուկ փորձեր են` տեղավորելու նրանց մեր տրամաբանության եւ աշխարհընկալման նեղ շրջանակներում: Իսկ այսօրվա իմ` իրար վրա մի քանի սիգարետ ծխելու պատճառը դեռեւս ընդունման սրահում գտնվող պոլիէրացին է: Ինչպես ասեմ... առաջացել են որոշ «դժվարություններ» «ձեր սեռը» հարցի շուրջ: Ու երեւի այս խնդիրն այսպես չէր բարդանա, եթե ինձ հետ աշխատող մաքսավորը մի փոքր ըմբռնումով մոտենար սույն նրբանկատ պահին: Հիմա վառեմ հաջորդ սիգարետն ու շարունակեմ:
Այսպես: Եկել է այս պոլիէրացին: Իմ փորձի մեջ նա առաջինն է այդ քաղաքակրթությունից: Եթե դուք էլ առաջ չեք տեսել պոլիէրացիների, ապա երկու բառով նկարագրեմ` մարդակերպ են, երկարավուն գլխով, մի քիչ ավելի բարձրահասակ, թափանցիկ-մանուշակագույն մաշկով: Հագուստը նույնպես թափանցիկ է, բայց առանց գույնավորման, այնպես որ ամբոխի մեջ պոլիէրացիներին կարելի է ճանաչել հենց մանուշակագույն երանգով: Սա վերաբերում էր արտաքինին: Շփվում են անհասկանալի գռմռոցով, որը մեր ունիվերսալ թարգմանիչը վերծանում է առանց դժվարության: Թերեւս` այսքանը: Առաջին տպավորության համար, կարծում եմ, բավական է: Պոլիէրացին եկել է եւ ուզում է գրանցվել` իր ճանաչողական հանգիստն անցկացնելու մեր մոլորակում` մեր քաղաքում: Ու ընկել է մեր ձեռքը: Մենք նրան ներկայացրեցինք գրանցման կարգը:
-Շատ լավ,-ասաց պոլիէրացու խոսքը թարգմանող համակարգիչը:
Շատ լավ, իհարկե, չստացվեց, քանի որ «որտեղի՞ց եք», «ձեր ռասսա՞ն» հարցերին սահուն պատասխանելուց հետո ի հայտ եկավ «ձեր սեռը՞» հարցը, որին հետեւեցին  որոշ անհարմարություններ թե՛ պոլիէրացու, թե՛ մեզ համար:
-Ձեր սեռը՞,-շարունակում էր համառորեն կրկնել իմ գործընկերն այն ժամանակ, երբ արդեն պարզ էր, որ հստակ պատասխան չի հետեւելու, իսկ ինձ մոտ էլ արդեն սրվում էր «դուրս գալ ծխելու» ցանկությունը: Պոլիէրացին երկար լռելուց հետո սկսեց գռմռալ, իսկ հետո ունիվերսալ թարգմանիչ-համակարգիչը խուլ բվվոցով մի քանի վայրկյան վերծանելուց հետո ասաց.
-Ես չեմ հասկանում ձեր հարցի իմաստը: Դուք ուզում եք իմանալ իմ վերարտադրողական կարողությունները՞:
Ես ուզում էի բացատրել, որ մեզ ընդամենը պետք է դասակարգել նրան ըստ մեզ մոտ ընդունված սեռական համակարգի` արական կամ իգական, սակայն գործընկերս ասաց.
-Ձեր վերարտադրությունն ինձ լիովին անհետաքրքիր է: Ասացե՛ք ձեր սեռը:
Պոլիէրացին նորից ընկավ մտածմունքների մեջ: Քիչ անց համակարգիչը թարգմանեց.
-Ես կարծես հասկանում եմ ձեր հարցի իմաստը, սակայն դա շատ անձնական է հենց այսպես բացատրելու համար: Ամեն դեպքում` իմ վերարտադրողական պրոցեսը մեծ կարեւորություն չի ունենա ձեր մոլորակում:
-Ի՞նչ,-ակնհայտորեն կատաղեց գործընկերս, ով անկարելի հաստակող է,-ես նորից եմ կրկնում` ի՞նչ է ձեր սեռը:
Այս անգամ պոլիէրացին երկար չմտածեց: Համակարգիչը հազիվ հասցրեց թարգմանել.
-Այսինքն` ինչ դեր ունեմ ես վերարտադրման ընթացքու՞մ:
-Լսի՛ր, միգուցե ուղղակի նշենք բլանկի մեջ` անորոշ: Երեւի իրենց մոտ դա այլ կերպ է: Ինչներիս է պետք նրա սեռը, դա, վերջ ի վերջո, միայն վերարտադրման ժամանակ է կարեւոր, իսկ նա կարծես չի պատրաստվում մեզ մոտ վերարտադրվել, այդպես չէ՞,-դիմեցի ես պոլիէրացուն:
-Ես չեմ պատրաստվում վերարտադրվել, ես ընդամենը զբոսաշրջիկ եմ,-վերծանեց համակարգիչը:
-Այ քո նմանների պատճառով էլ չեն բարձրանում աշխատավարձերը,- դարձավ դեպի ինձ գործընկերս,- որովհետեւ շատ են էդ քո «անորոշները»: Ցանկացած աշխատանքում պետք է լինի որոշակիություն:
Ես չիմացա, թե ինչ պատասխանել: Նրա տոնն էլ ագրեսիվ էր: Երեւի չէր քնել նորմալ: Ծխելու ցանկությունս ավելի սրվեց:
-Ասա՛ քո սեռը,-համարյա բղավեց նա խեղճ պոլիէրացու վրա:
Պոլիէրացին ակնհայտորեն շփոթվեց: Նրա գռմռոցը երկար էր ու խորիմաստ: Համակարգիչը վերլուծում էր այն` գործի դնելով ողջ պահեստային մեգաբայթերը: Վերջապես հետեւեց թարգմանությունը.
-Իմ ենթադրությունը, որ դուք ուզում եք իմանալ իմ վերարտադրողական հնարավորությունները, կարծես հաստատվում են: Հավանաբար` դա շատ կարեւոր է ձեզ համար: Պետք է ասեմ, որ դա շատ բարդ հարց է: Մեզ մոտ վերարտադրությունը չի կատարվում հատուկ գործառույթ ունեցող երկու կամ ավելի առանձնյակների մասնակցությամբ: Վերարտադրությունը տեղի է ունենում ինքնաբերաբար, երբ դրան են ուղղված լինում բնության եւ հասարակության համատեղ ջանքերը:
-Ուրեմն դուք չունե՞ք որձեր կամ էգեր,- փորձեցի պարզել ես:
-Ինձ անծանոթ են այդ տերմինները,-պատասխանեց թարգմանող համակարգիչը:
-Ուրեմն դուք միասե՞ռ եք,-վրա բերեց գործընկերս:
Պոլիէրացին լռեց:
-Դուք սեքսով եք զբաղվու՞մ ձեր սեռի ներկայացուցչի հետ,- համառեց գործընկերս, իսկ ես մտածեցի, որ հարցն ամենահիմարն էր ստեղծված իրավիճակում տալու համար:
Պոլիէրացին կրկին լռեց:
-Այդ դեպքում ես պետք է տեղեկացնեմ Գենդերային վարչություն եւ հայտնեմ այս մասին: Սա նախադեպ չունի, եւ մեր բլանկներում չկա հատուկ կետ միասեռական հյուրերի ընդունման մասին:
՞նչ եք դուք խոսում,-վերջապես արձագանքեց պոլիէրացին թարգմանիչ համակարգչի միջոցով,- ես չեմ պատրաստվում վերարտադրվել, դրա համար ձեր մոլորակում շատ քիչ է օզոնի քանակությունը մթնոլորտում:
-Ինչեւէ, արդեն իսկ հայտարարված է, որ դուք միասեռական եք, ուրեմն պետք է անցնեք հատուկ կարգով:
Ես ուզեցի մի բան ասել` ի պաշտպանություն պոլիէրացու, սակայն որոշեցի «դուրս գալ»: Թող ների ինձ նա, բայց ես այլեւս ի վիճակի չէի ընկալելու գործընկերոջս զառանցագին հարցաքննությունը:
-Սա չի կարելի թողնել անարձագանք: Միասեռականությունը սպառնալիորեն տարածվում է ողջ մոլորակով մեկ, իսկ հիմա էլ այլմոլորակայիններն են բերում այստեղ այդ վարակը...
Սա նա ասում էր արդեն այն ժամանակ, երբ ես, վերցնելով սիգարետի տուփը, դուրս էի գալիս ծխելու:
Հիմա ես պատկերացնում եմ, թե ինչ կլինի հետո: Երբ գան այդ Գենդերային վարչության ներկայացուցիչները, իրենց հետ կբերեն նաեւ ֆանատիկոսների խմբեր, որոնց մի մասը կսկսի վանկարկել «միասեռական այլմոլորակայինին» այստեղից վտարելու մասին լոզունգներ, իսկ մյուս մասը` հակառակը` նրան պաշտպանելու, խնամելու եւ հնարավորինս խրախուսելու նրա «միասեռականությունը»: Իսկ պոլիէրացին այդպես էլ չի հասկանա, թե ինչի մասին է գնում խոսքը: Իմ կարծիքով, իսկ իմ կարծիքը կարող եք հաշվի առնել, քանի որ արդեն երկար ժամանակ է աշխատում եմ այստեղ ու շատ եմ տեսել տարբեր-տարբեր տեսակի էակների, միայն մարդիկ են, որ ինքնորոշվում են առաջին հերթին իրենց սեռով: Ո՛չ ազգությունը, ո՛չ սոցիալական դիրքը, ո՛չ ընտանիքը, ո՛չ քաղաքացիությունը շատերի համար ոչինչ չարժեն: Ինքնաիդենտիֆիկացու՞մ: Այդ տերմինը եթե կիրառենք այս հարցում, կստացվի, որ մարդիկ ինքնաիդենտիֆիկացվում են հենց սեռով: Ու ուրիշ մարդկանց էլ իդենտիֆիկացնում են սեռով: Դա կարեւոր է մեզ համար: Իսկ պոլիէրացու համար` ոչ: Այդպես է թվում: Ու քանի նա չի ընկել երկրացիներիս գենդերային ճիրանը, պետք է խորհուրդ տալ նրան անմիջապես հեռանալ: Թե չէ, կսկսվի հերթական սեռական սկանդալը:

Հ.Գ.
Պոլիէրացուն ես բարեհաջող համոզեցի շուռ գալ ու հեռանալ այստեղից: Եթե շատ է ուզում մեր մոլորակում լինել, թող ուրիշ մաքսատուն փորձի: Իսկ այդ միջադեպից մեկ շաբաթ անց պարզ դարձավ, որ գործընկերս հոմոսեքսուալ է: Ընդ որում, նա իր սիրեկանի հետ հաճույք էր ստանում միայն առաստաղի ջահից կախված ժամանակ: Այսպիսի բաներ: Հիմա նա հայտնի դեպք է, նրա մասին են գրում բոլոր թերթերը, նրա` ջահից կախվելու եւ սիրեկանի հետ հարաբերվելու իրավունքները պաշտպանում են համայն աշխարհի միասեռականները, իսկ նա ման է գալիս թիկնապահներով` ռադիկալ հետերոսեքսուալներից պաշտպանվելու համար, իսկ տրանսսեքսուալների մի խումբ դատի է տվել նրան` ջահից կախվելու դիրքն իրենցից ընդօրինակելու համար: Այսպիսի բաներ:

Հ.Գ.
Գրելու պահին հեղինակը դեռեւս շարունակում էր ռեժիմով ծխել եւ թունավորել իր առողջությունը: Հրապարակման պահին, գրելուց արդեն շատ ամիսներ անց, հեղինակը չի ծխում, ինչը եւ խորհուրդ է տալիս իր ծխող ընթերցողներին: Այսպիսի բաներ: