Monday, August 29, 2011

C-36


Offline
-Հաղթեցի՞ր:
-Հա, մենք ենք հաղթել:
Արդեն երկու սեզոն է, ինձ հարցնում են խաղի ելքի մասին ու ես միշտ պատասխանում եմ` այո, հաղթել ենք:
Ում ու ինչի համար ենք հաղթել այնքան էլ կարևոր չէ: Կամ գուցե և կարևոր է, բայց ես դա չգիտեմ: Ուղղակի իմ բնույթն է այդպիսին: Մենք սկսում ենք խաղը ու ես հաղթում եմ: Երբ իմ գծիկը միգույնանի է լինում, ուրեմն ես զգալի առավելություն ունեմ ու վստահ հաղթում եմ, իսկ եթե գծիկիս կեսը սկսում է ուրիշ գույն ստանալ, ուրեմն կա հավանականություն, որ կհաղթեն ինձ: Խաղն է այդպիսին: Պոկվում են ձեռքերս, հալվում են ոտքերս, ցխվում է գլուխս...դա հետո է վերականգնվում, արդեն խաղից հետո: Կարևորը, որ մյուս խաղից առաջ ես նորից լինեմ շարքում:
Լինում է խաղում ենք թիմով: Ես այդպիսի խաղերը չեմ սիրում: Ես գլխավորն եմ ու ողջ եմ մնում, իսկ մյուսներին վերացնում են: Մյուսները կայուն իմպուլսներ չեն: Ամեն օր կան տարբեր մյուսներ: Ոչնչացվածների փոխարեն հայտնվում են նորերն ու նորից վարի գնում հերթական կռվի ժամանակ: Մնում եմ ես, ու չի լինում ոչ մեկ, ում հետ կարող եմ հանգիստ զրուցել: Բացի մի քանի քիչ թե շատ գիտակից դեմքերի, որոնք ինձ տեսնելիս հարցնում են` հաղթեցի՞ր:
Ես սկսել եմ թափառել:
Դա երևի այնքան էլ թույլատրելի չէ, բայց ես սկսել եմ թափառել: Մեծ Ախպերը դրա մասին ոչինչ չի ասել, ես էլ թափառում եմ:
Երբ Մեծ Ախպերը չկա, ես զբաղված չեմ, ոչ մեկի վրա չեմ հարձակվում ու ՁԱՆՁՐԱՆՈՒՄ ԵՄ: Գտել եմ մի պորտալ, որի միջոցով կարողանում եմ նայել Մեծ Ախպոր պես դեմքերի: Մի գուցե դուք էլ ե՞ք նրա նման տիպ: Ծիծաղալու կլինի: Ամեն դեպքում ձեզ համար եմ գրում: Ես պետք է գրեի ձեզ:

Ես պատկանում եմ մարտական մինի ծրագրերի նախավերջին սերնդին: Ցավոք նախավերջին... Նորերն ունեն արդեն աշխարհագրական կողմնորոշման ցուցիչներ, իսկ նրանց պաշտպանիչ շերտերն ավելի ամուր են ու չեն ենթարկվում օղակաձև կոդերի հարվածներին: Բացի այդ էլ դրանք կռվում են իսկական գազանի պես: Բախտս բերել է, Մեծ Ախպերը մոդայի հետևից չի վազում: Կամ ԴԵՌ չի վազում:
Պատերազմ է:  WorlD HorroR WaR:  Պատերազմում են Մեծ Ախպերն ու էլի մի քսան հոգի: Մենք ամենահզորներն ենք: Մեզանից բացի կան երեք հարյուր հազար կողմեր երրորդ մակարդակում, երկրորդ մակարդակում դրանք տասներկու միլիոն են, իսկ առաջին մակարդակ օրական մուտք է գործում երկու միլիոն հոգի: Այդպիսի մեծ պատերազմ է: Մեծ Ախպերը հույս ունի հաղթել բոլորին, ու ես ընդհանուր առմամբ նրա հետ համաձայն եմ: Ուղղակի վախենում եմ նրանից:
Մի անգամ տեսա նրան: Ռակուրսը պտտվել էր հետաքրքիր անկյան տակ: Ես նայեցի ուղիղ նրա աչքերի մեջ: Դրանք կարմիր էին ու խելագար: Քիթը մեծ էր, մազերը խուճուճ ու ցցված: Չէր սափրվել երևի մի ամբողջ սեզոն: Նա վիրտուոզաբար սեղմում եր ստեղներն ու լարում մկնիկը լույսի արագությամբ` սեղմելով նրա կլիկները: Մի պահ ընդամենը կարողացա նրան տեսնել, հետո նորից սկսեցինք սպանել թշնամուն: Ես ինձ վատ զգացի նրա մոլագար դեմքից: Երևի միայն կռվի մասին էր մտածում:
 Իմ մեջքի թնդանոթը կատարում է չորս կրակոց րոպեում: Ես անփոխարինելի եմ այս պատերազմում: Մեծ Ախպերը երևի կդառնա չեմպիոն: Չնայած ինձ դա քիչ է հետաքրքրում: Ու ի՞նչու պետք է հետաքրքրի: Կրակում եմ խելագարի պես, վազում տարբեր ուղություններով, կանգնում լույսերի վրա ու հավաքում միավորներ (պատերազմի կազմակերպիչների վերջին որոշման համաձայն լույսերից ստացվող միավորները կփոխհատուցվեն դրամական փոխարժեքով): Մեծ Ախպերը գոհ է լինում, երբ հավաքած ենք լինում լիքը միավորներ: Ու հետո մենք դուրս ենք գալիս խաղի իմ ամենասիրած վայրերից մեկն ու սկսում վազել հրթիռի նման: Առանց նպատակի: Դա նրան էլ է դուր գալիս: Վիզուալ էֆֆեկտները, որ կիրառվել են դա նախագծելու ժամանակ խաղացողի մոտ ստեղծում են ռեալ թռիչքի տպավորություն: Պետք է ասեմ, որ ինձ մոտ էլ: Ուղղակի հրաշք է:
Տեսնես ո՞վ եք դուք: Եվ ինչու ե՞ք հիմա սա կարդում: Ես ընդամենը այն փոքրիկ զինվորիկներից եմ, որ սպանում եմ դևերի, թշնամիների ու հավաքում միավորներ: Դուք նայում եք ինձ ձեր հարթ էկրաններից, նայում եք խոշորացույցի միջով իմ փոքրիկ աշխարհն ու ուղարկում ինձ պատերազմի: Ի դեպ, այնքան էլ հաճելի չէ, երբ ցխում են գլուխդ: Կամ ձեռքդ պոկում, օրինակ:
Դուք կարդում եք սա, դա արդեն լավ է: Ուղղակի մի ասեք սրա մասին բոլորին: Ինձ չի թվում, որ Մեծ Ախպերը սա կհավանի: Թեև դա էլ չեմ կարող հաստատ իմանալ:


Online
Մեծ աթոռի հետևից երևում էին արմունկներն ու սուր ուսերը: Գլուխը կախված էր ու մոտեցված մոնիտորին: Երկար մատները չէին դադարում սեղմել կոճակները: Մուկը դրված էր մի քիչ հեռու: Խաղը հասել էր որոշիչ էտապի: Ձեռնամարտի ժամանակներն էին: Պետք էր ընդամենը հավաքել տարբեր կոմբինացիաներ Z,M, P, Q , Shift, Enter ու Alt ստեղներով, ինչով էլ նա զբաղվում էր:
WorlD HorroR WaR խաղը գրավել էր նրան արդեն հինգ ամիս ու գամել բազկաթոռին: Ոչ մի տեղ գնալու ու ինչ-որ բանով զբաղվելու ժամանակ չկար, քանի որ տեղի էր ունենում հավանաբար ամենակատաղի պատերազմը ողջ պատմության ընթացքում: Նրա հերոսը հաղթել էր բոլոր ճակատամարտերն ու կատարել էր բոլոր հանձնարարությունները: Նրանք հիմա միասին պայքարում էին վերջին մարտում:
Մատները մեկ-մեկ այնպես էին ճզմում ստեղնաշարը, որ նա ասես ճաքում էր արդեն: Հերոսը կատարում էր անհավատալի շարժումներ, խուսափում հարվածներից ու ինքն էր փորձում ակտիվացնել ձեռքերի վրա տեղադրված էլեկտրոդներն ու խորովել հակառակորդին: Նրա գլուխը ցխված էր: Ոտքերից մեկը մի քիչ դուրս էր ընկել, սակայն նա դեռ ի վիճակի էր հաղթել այդ կռիվը: Հարվածները շարունակվում էին ու շատանում: Խաղացողի ճակատին ծանրացել էին քրտինքի մեծ ու պղտոր կաթիլները: Նա չէր նկատում նույնիսկ, որ ոտքերի մատների վրայով անցնում է մրջունների մի հսկա քարավան: Նա ոչինչ չէր տեսնում, նույնիսկ ցխված գլուխն ու հերոսի գծիկը: Կանաչ գույնից մնացել էր ասեղի գլխի չափ: Բոլորովին փոքրիկ ասեղի գլխի չափ: Հարվածները շարունակվում էին:
 Z+P+Alt+Enter: Էլեկտրոդը ակտիվացվեց: Էկրանը մի պահ լուսավորվեց: Հերոսը բարձրացրեց ցխված գլուխը, մի կերպ կանգնեց խափանված ոտքերի վրա ու հզոր հարված հասցրեց դիմացի հակառակորդին: Էլեկտրոդով ուղիղ կրծքին: Հակառակորդի գծիկը կորավ: Մի պահ հետո հերոսը ստացավ հարված մեջքից` լազերային թրով:
Խոնավ սենյակում լսվեց հոգոց.
Game Over.

P.S.
-WorlD HorroR WaR, լավ ես մտածել  հա: Ընտիր:
-Էս խաղը յուրահատուկ ա, սրա պես...ինձ մի օր սրա համար կպարգևատրեն, կտեսնես:
-Դե գրաֆֆիկան ու ընդհանրապես շարժիչը…
-Դրա մեջ չի բանը...
-Բա՞:
-C-36 պերսոնաժը...
-Ու ի՞նչ: V-54 պերսոնաժն ավելի լավ ընդգծված շողք ունի ու մատների մեխանիկան ավելի է դուրս գալիս:
-C-36-ը մարդ ա...
-Ի՞նչ:
-Մարդ ա մարդ: Դու կտեսնես, նա դեռ կապի էլ դուրս կգա: Ուրեմն լսի: Ես նրան ծրագրավորել եմ, որպեսզի նա դուրս գա խաղի մեջից ու կոնտակտ հաստատի արտաքին աշխարհի հետ: Որպեսզի նա կարողանա ընկալել ու հետո  պատմել, ես տվել եմ նրան...
-Ի՞նչ ես տեվել:
-Որոշակի էմոցիաներ...Դրանք նման են ինձ...
-Ի՞նչ: Դու քո վիրտուալ էմոկլոններին դրել ե՞ս խաղի մեջ:
-Դե մի հոգու: C-36-ների մեջ միայն մեկն է այդպիսին: Ուրիշը չկա: Նա մի հատ է: Կամ էր արդեն...Պետք է սպասել, մինչև նա դուրս կգա կապի:

Wednesday, August 24, 2011

Եզր


Մտքի համահեղինակ` Դավիթ Ղարիբյան

1.Մարդու օրգանիզմի համար կապտաթթվի մահացու չափաբաժինը երկու հարյուրից երեք հարյուր միլիգրամ է: Այդ դեպքում մինչև մահանալը նա կունենա գլխացավ,  կունենա այրոց կոկորդում, շունչը կսկսի կտրվել ու նրան կպատի տագնապի ու խուճապի զգացումը: Ավելի մեծ չափաբաժին ընդունելիս հնարավոր է ակնթարթային մահ: Այդ թույնը պարզապես անցնում է արյան մեջ, միանում պլազմայի սպիտակուցների հետ ու մի քանի վայրկյանից արդեն սպանում մարդու ողջ մարմինը: Միջին չափսի կապսուլան, կամ ինչպես այն անվանում են նաև, պարկուճը կարող է իր մեջ տանել մոտ յոթ հարյուր միլիգրամ կապտաթթու` ցիանիդ: Կապսուլայի ժելատինային պատիկները, անցնելով կերակրափողով, մնում են ստամոքսում մոտ տասնհինգ րոպե, հետո սկսում իրենց  մեկուկես-երկու ժամանոց ճանապարհորդությունը տասներկումատնյա աղիքով ու մանր աղիքների լաբիրինթոսով: Հենց այստեղ էլ սկսում են հալվել նրանց բարակ պատիկներն, ու նրանց պարունակությունը միանգամից հայտնվում է լորձաթաղանթներով պատված միջավայրում ու ներծծվում օրգանիզմի մեջ: Այդպիսի եղանակով ցիանիդը սպանում է մի քանի վայրկյանի ընթացքում: Մարդը չի հասցնում նույնիսկ զգալ ինչ-որ նախանշաններ: Պարզապես կորցնում է գիտակցությունն ու մահանում:


2.Ֆոնային երաժշտությունն ինչ-որ ջազ էր: Փափուկ ու հանգիստ, այն լցնում էր սրճարանի մթնոլորտը հաճելի անհոգությամբ: Ես գոհ էի օրից ու ինձանից: Շապիկս նոր էր ու սազում էր ինձ: Համենայն դեպս արդեն ստացել էի կոմպլիմենտներ տարբեր կանանցից, ընդ որում նաև անծանոթ: Սպասում էի մեր կազմակերպության գործադիր տնօրենին: Իրոք, ես կարող եմ գլուխ գովել, որ մեկ-մեկ մենք ընթրում ենք միասին: Այդ երեկո նա զգուշացրել էր ինչ-որ միջոցառման մասին և ես մտածում էի, թե հավանաբար խոսքը գնում է հերթական էլիտար փարթիի մասին: Նա պարզապես պաշտում է ամեն տեսակի փարթիները` կարիբյան, լատինո, 60-ականների ոճային փարթիներ, որտեղ նա պարում է իր թվիստը տասնութամյա ջահելի պես: Այդ փարթիների ընթացքում մենք որպես կանոն խմում ենք այնքան, ինչքան կարող են ներս ընդունել մեր մարմինները, օգտագոծում որոշ  «արգելված պտուղներ» ու ծանոթանում ամենագեղեցիկ աղջիկների հետ: Կյանքը լավ բան է, եթե աշխատում ես վարկային կազմակերպությունում, պարտք չես այդ կազմակերպությանն ու ընկերություն ես անում այդ կազմակերպության գործադիր տնօրենի հետ: Հասկանո՞ւմ եք հիմա, թե ինչու էի ես ինձանից գոհ:
Հարությունյան Էդգարը չի ուշանում երբեք: Նա եկավ, երբ ես պատվիրել էի արդեն վիսկիի երկրորդ բաժակը:
-Կհասցնենք խմել,-ասաց նա լայն ժպիտը դեմքին: Իր հիսունմեկ տարիների համար նա չափազանց արտակարգ տեսք ունի միշտ  ու խոսելիս էլ միշտ զգացնել է տալիս իր առույգությունը:
-Չնայած, ի՞նչն ա մեզ խանգարում,- շարունակեց նա նստելով,- մի հատ վիսկի էլ ինձ:
-Ասում եք, ու՞ր ենք այսօր գնալու,-հարցրեցի ես` հուսալով լսել կարիբյան երեկոյի մասին: Այդ փարթիների ժամանակ կոկտեյները տալիս են իսկական կոկոսներով: Դրա մեջ ոչ մի համային լուրջ իրադարձություն չեմ տեսնում, սակայն այն միտքը, որ ծովից ու արևադարձից այդքան հեռու խմում ես իսկական կարիբյան կոկտեյլ իսկական կոկոսից...խենթանալու է ուղղակի:
-Գնալու ենք տուն,-ասաց նա կարճ ու կոնկրետ ու իր լավագույն ժպիտներից մեկով սկսեց ուշադիր նայել իրեն վիսկի բերող մատուցաղուհուն: Աղջիկը թեթևակի կարմրեց: Ես չհասկացա, ինչ ասաց նա տան մասին:
-Գնալու ենք Տուն, ասում եմ, -նա սկսեց նույն ժպիտով զննել ինձ,-դու դեռ այնտեղ չես եղել, ու ես որոշել եմ քեզ այնտեղ ներկայացնել: Առաջին անգամ ես գալու, քեզ կպահես հանգիստ:
-Անհանգստանալու կարիք էլ կլինի՞,-չէի հասկանում ես:
-Կլինի, համոզված եղիր, կլինի,-նա անընդհատ խորհրդավոր ժպտում էր, իսկ ինձ դա այնքան էլ դուր չէր գալիս,-Հով, ուշադիր լսիր ինձ: Դու ինչքա՞ն ժամանակ ա ինձ հետ ես: Արդեն տարի ու կես... ես քեզ վստահում եմ, ու դու օգտվում ես այն բոլոր առավելություններից, որոնք ունեմ ես այս քաղաքում: Մեր առջև բոլոր դռներն են բաց, մենք մտնում ենք  VIP զանգվածի ամենալյուքսային շրջանի մեջ: Ու ես տեսել եմ քեզ ոնց ա դա դուր գալիս:
Նա խոսում էր ոգևորված, բայց լուրջ, կասեի նաև խիստ: Այդպես նա խոսում է միայն աշխատանքի ժամանակ: Ես արդեն սկսում էի կարգին վախենալ` չիմանալով թե ինչ է մեզ սպասվելու այդ երեկո:
-Գիտես..,-շարունակում էր նա,- կա հետաքրքիր մի բան, որը ես…չէ, մենակ ես չէ, ոչ ոք չի կարող բացատրել նորմալ բառերով ու հասկանալի լեզվով: Դա դու այսօր կտեսնես:
-Վախեցնում եք ինձ…,- կարողացա ասել ես:
Դա նրան ահագին ուրախացրեց:
-Վախենալու կարիք չկա, տղաս: Դու պարզապես կմտնես մի ակումբ, որի մեջ մտնում են այս քաղաքի տերերը..ու ոչ միայն տերերը…նաև ուռոդները, պոռնիկները, աստվածները, մուսաներն ու դևերը:
-Միգուցե պարզապես գնանք կարիբյան ակումբ…
Նա կրկին ծիծաղեց: Հետո լրջացավ ու սառը տոնով դիմեց ինձ.
-Ես ասում եմ քեզ քո կյանքի ամենալուրջ բանի մասին: Ես ուզում եմ, որ դու բացես աչքերդ ու կարողանաս տեսնել աշխարհը այլ անկյունից: Դա քեզ պետք ա: Ու ինձ ա պետք: Ես քեզ հետ հույսեր ունեմ կապած: Ես արդեն հավատում եմ քեզ: Այնպես որ հիմա մի երկու-երկու բաժակ էլ կխմենք ու կգնանք: Հաշիվն էլ դու կփակես, իմ մոտ դրամ չկա:
Իմ լարվածությունը մի քիչ թուլացավ: Ես նույնիսկ ուզեցի  հանդուգն ռեպլիկ թողնել նրա` իր մոտ միայն արտասահմանյան վալյուտ պահելու սովորության վերաբերյալ, բայց փոշմանեցի:



3.Տունը իրենից ներկայացնում էր ահագին երեքհարկանի դղյակ: Նրա դարպասները իսկական արվեստի գլուխգործոցներ էին: Հավանաբար այդպիսի դարպասներ պատրաստող դարբինները կարող են իրենց թույլ տալ հանգստանալ Հավայան կղզիներում: Բակը լի էր դեկորատիվ ծառերով: Նրանք խուզված էին տարբեր ձևերով: Ես տեսա ծառ-եղնիկ, ծառ-փիղ, ծառ առյուծ ու էլի մի քանի ծառեր, որոնք ոչ մի բանի չնամանացրեցի:
Չգիտեմ թե ում էր պատկանում տունը: Հարությունյանը իրեն պահում էր տանտիրոջ պես ու կարծես բոլորը նրան էին ընդունում որպես առաջնորդ: Մնացած հյուրերն էլ սակայն իրենց կաշկանդված չէին զգում: Բակը  կարող էր նմանվել ինչ-որ գերթանկարժեք ավտոսրահի: Հիմնականում երկուտեղանի սպորտային մեքենաներ էին: Կար ընդամենը մեկ սեղան: Ես մտածեցի, որ այդ մեքենաների տերերը հավանաբար սիրում են սպորտն ու ադրենալինը:
Նրանք վեց հոգի էին: Հարությունյանը ծանոթացրեց նրանց ինձ հետ: Բոլորը թվում էին բարեհամբույր: Երկու կանայք, որոնք միմյանցից տարբեր էին թե տարիքով, թե կազմվածքով միաժամանակ ժպտացին ինձ: Նրանցից մեկին ես ճանաչում էի` դա հայտնի պարուհի էր կամ, եթե ուզում եք`պոռնիկ: Մի անգամ ինչ-որ մեկի առանձնատանը ցույց էին տալիս պոռնոֆիլմ նրա մասնակցությամբ, նկարահանված հենց այդ առանձնատանը: Իսկ մասնակցում էր նա ջանասիրաբար` անցնելով ջանասիրությամբ իր գերմանացի կոլեգաներից: Նրա անունը Ժաննա էր: Մյուս կինը լրիվ ուրիշ կարգի էր: Նրա դեմքը նույնպես ծանոթ էր, սակայն ես այդպես էլ չհիշեցի, թե որտեղ եմ նրան հանդիպել: Նա կլիներ քառասունհինգ տարեկան: Իմաստուն օձի աչքերով նա շարունակ նայում էր բոլորին, ուշադիր զննում ինձ: Հարությունյանը նրան ներկայացրեց որպես  «բոլոր բանկերի գլխավոր հաշվապահ»: «Բոլոր բանկերի գլխավոր հաշվապահը» ուներ ընտիր ռենեսանսային կազմվածք:
-Տիկին Վեռան որոշ չափով մեր գործընկերն ա,-ուրախ ասում էր Հարությունյանը,-ամեն դեպքում նույն ոլորտից ենք: Իսկ պարոն Կասպարյանին ներկայացնելու կարիք չկա:
Ներկայացնելու կարիք չկար, Լեոն Կասպարյանը բավականաչափ կարևոր նախարարության նախարար էր: Նա նույնպես ինձ ժպտաց ու պինդ սեղմեց ձեռքս:
-Ծանոթացիր մեր երիտասարդ շեյխի հետ,-շարունակում էր նա,-Ջավադ Խանիան` մեր եզդի բարեկամը, բացառիկ հետաքրքիր անձնավորություն:
Հարությունյանն այնպես էր փայլում, կարծես հպարտանում է եզդի շեյխի ներկայությամբ: Իսկ շեյխը իրոք երիտասարդ էր: Հազիվ լիներ քսանվեց տարեկան: Հագնված էր ինչ-որ պանկի էլեմենտներով: Ուներ էպատաժային ու մոդայիկ տեսք:
Հաջորդին ես ճանաչում էի: Բում Գոռը` երեկոյան թոկ-շոույի հաղորդավարը: Ինչպես միշտ թվում էր անհանգիստ ու սրսկված: Կարծես պատրաստ էր ամեն պահ թռնել վրադ ու կծել: Ու եթե կծեր, ինքդ էլ կդառնայիր նրա նման նյարդային ու սրսկված:
Վեցերորդ մարդը, ում հետ ինձ ծանոթացրեցին, հզոր գործարար Սարիբեկյան Անդրանիկն էր: Մեծ հոսքագծերի տիրակալը: Այդ հոսքագծերից են դուրս գալիս տեղական սննդամթերքի հիմնական բաժինները:Ես լսել էի, որ նա գնել է նմանատիպ գործարան Չեխիայում: Ասում էին, որ դա առաջին դեպքն էր, երբ տեղական կապիտալը մեծ ներդրում էր անում Եվրոպայում:
Հարությունյանին ճանաչում էին բոլորը: Նա ներկայացրեց ինձ: Անվանեց ինձ իր աջ ձեռքը: Ասաց, որ կարող եմ ներս մտնել իրենց ակումբ: Ասաց, որ պատմեն իմ մասին անկումբի այլ անդամներին, որպեսզի  արդեն իմանան իմ` ակումբ մտնելու մասին:
Կանայք հմայիչ էին: Բոլորն ունեին կարևոր ու հանդիսավոր տեսք: Մենք անցանք մեծ սենյակը: Կենտրոնում դրված էր էլիպսաձև սեղանը ութ աթոռներով: Սպասարկող անձնակազմ չկար: Սեղանին դրված էին տարբեր տեսակի շշեր, մեծ ու փոքր բաժակներ, մրգեր, կոնֆետներ ու մեծ ապակե աման: Երբ մոտեցանք, ես տեսա ամանի մեջ փոքրիկ կապսուլաներ: Նրանց մեծ ամանը, որը դրված էր սեղանի հենց կենտրոնում, հուշում էր, որ դրանք ունեն յուրահատուկ նշանակություն: Ես զարմացած չէի: Տարբեր տեսակի հաբեր ես ընդունել էի նաև առաջ: Ինձ զարմացնում էր, որ ինչ-որ թմրադեղի համար կատարվել էր այդպիսի մեծ պատրաստություն:
-Դե ինչ,-թատերական տոնով ասաց Հարությունյան Էդգարը,-տեղավորվենք: Երեկոն սկսված է:
Բոլորը մոտեցան աթոռներին: Տեղերն ընտրելիս ոչ ոք հատուկ ընտրություն չկատարեց: Նրանք, երևում էր, ճանաչում էին իրար: Բում Գոռը անընդհատ փորձում էր  սրամտել: Նրա բիզ-բիզ ցցված մազերը նման էին ալեհավաքների, որոնց միջոցով նա ուզում էր թարմ կատակներ որսալ Մարսից:
-Այս աթոռները հաստա՞տ նախատեսված են նստելու համար: Դուք այնքան գեղեցիկ եք, տիկին Վեռա, որ այս կլոր սեղանը մի քիչ ձգվել ու դարձել է ձևաձև, ի դեպ ձվերի մասին, ե՞րբ եմ տեսնելու քո հաջորդ ֆիլմը, Ժաննա:
Շեյխը լուրջ էր չափից ավելի, օլիգարխն ու նախարարը անդադար ժպտում էին: Բոլորի դեպքին, սակայն, կար որոշակի լարվածություն:
Հարությունյանը նստել էր սեղանի ծայրին, ես` նրա կողքը, աջ կողմից: Ձախ կողմը զբաղեցրել էր տիկին Վեռան: Նրա կողքը նստած էին Բում Գոռն ու օլիգարխ Սարիբեկյանը: Հարությունյանի դիմաց նստած էր Կասպարյանը, իսկ իմ կողքին Ժաննան ու Ջավադը: Հարությունյանը դիմեց ինձ` գրավելով նաև մյուսների ուշադրությունը:
-Այս ակումբն  ունի հետաքրքիր առանձնահատկություն: Այստեղ խաղում ենք խաղ, որն ավելի իրական է, քան ռեալ կյանքը: Դրա շնորհիվ մենք ազատվում ենք: Ազատվում ենք ամեն ինչից ու կարողանում թելադրել մեր կյանքը դրսում, ամենքին ու ամեն կերպ: Այստեղ հոգու դարբնոցն է: Նայիր մեզ բոլորիս:
Ես` շշմած վերադասիս նման պաթոսային պահվածքից ու խոսքերից, նայեցի սեղանի շուրջ նստածներին:  Բում Գոռն ու Սարիբեկյանն ինչ-որ բան էին  շշնջում, բայց միանգամից լրջացան: Նրանք բոլորն էլ մի տեսակ փայլում էին: Բոլորի դեմքին գրված էր, որ տիրապետում են բացառիկ ուժի:
-Մենք այստեղ եկել ենք ութ հոգով, բայց կգնան մեզանից միայն յոթը: Տես կապսուլաները: Դրանցից մեկի մեջ կալիումի թթու է` ցիանիդ կամ կապտաթթու: Այն ընդունելուց հետո մեկուկես-երկու ժամվա ընթացքում ինչ-որ մեկը կմահանա: Այն մեկը, ով կընտրի թույնով պաճուճը: Հասկանալի է՞:
-Տարբերակ ունե՞մ հրաժարվելու,-ասացի ես: Դա ինձ ուղղակի պետք էր իմանալ: Ես հստակ պատկերացոնում էի իրավիճակն ու ուզում իմանալ այդ դետալը` թողնվա՞ծ էր արդյոք ինձ հնարավորություն հետ գնալու:
-Ես քեզ բերել եմ այստեղ երկար ճանապարհներով,-շարունակեց նա,-չեմ կարծում, որ դու հետ կկանգնես:
-Համաձայն եմ, -պատասխանեցի ես: Լավ էի  ճանաչում Հարությունյանին: Նա իմ ուսուցիչն էր: Ուր էլ որ լինեինք,, ինչ էլ որ անեինք, ես հիանում էի նրանով: Ցանկացած բանակցությունների ժամանակ նա միշտ թելադրում էր իր կամքը: Միշտ հասնում էր իր ուզածին ու կարծես  ոչ մի բանից չէր վախենում: Իսկ ես այդ օրը հնարավորություն էի ստացել օգտվելու ուժի այդ աղբյուրից:
Ես վեր կացա, մեկնեցի ձեռքս ու վերցրեցի իմ կապսուլան: Մյուսները հետևեցին ինձ: Մի պահ անց առանց սենտիմենտալ արարողությունների մենք բոլորս կուլ տվեցինք դրանք: Անմիջապես կատարվեց անսպասելի մի բան: Լարվածությունը չքվեց: Ժաննան բարձր ծիծաղեց, ձգվեց դեպի ֆրանսիական կոնյակի շիշն ու լցրեց իր բաժակը: Նրա օրինակին հետևեցին բոլորը: Ես ինձ և Հարությունյանին լցրեցի վիսկի: Բաժակներ կային բոլոր խմիչքների համար: Ժաննան առաջարկեց կենաց`ապրելու համար, քանի որ դա ամենամեծ արկածն է: Բոլորը դատարկեցին իրենց բաժակները:
-Իսկ խմիչքը չի ուժեղացնու՞մ կապսուլաների քայքայումը:
-Ոչ մի դեպքում,-պատասխանեց Ջավադն ու էլի լցրեց իրեն:
-Հարությունյան,-Բում Գոռը դիմեց գործադիր տնօրենիս,-Դու ակումբում ես բոլորից երկար, հիշիր, որերո՞րդ անգամն ես խաղում այս խաղը:
-Ես կորցրել եմ հաշիվը,-անհոգ պատասխանեց նա ու բերանը քցեց անանասի մի կտոր:
-Այս անգամ կմեռնի Ջավադը,-ասաց տիկին Վեռան,-համոզված եմ, կմեռնի Ջավադը:
-Ի՞նչու ես,-զարմացավ շեյխը:
-Դու այսօր հաջողակ տեսք չունես, սիրելիս, առանց նեղանալու,-ծիծաղեց կինը,-քո հայրը գիտի՞, որ քեզ պիրսինգ ես արել պտուկներիդ վրա:
-Չէ:
-Ես կարող եմ նրան ասել. ավելի արագ կմահանաս,-Վեռան թունավոր ծիծաղեց:
-Նա մի քիչ կատաղած է, քանի որ արդեն երկու ամիս ա չի կարողանում քնել Ջավադի հետ,-բացատրեց ինձ Հարությունյանը շշուկով:
Ես շփոթված էի: Իհարկե հասկանում էի, որ կատարվում է հատուկ արարողություն: Իհարկե հասկանում էի, որ ես կարող եմ մահանալ  ու այդ ժամանակ կգա վերջն ամեն ինչին, բայց  դա չափազանց հետաքրքիր էր: Անցել էր արդեն տասնհինգ րոպե, ինչ մենք ընդունել էինք կապսուլաները: Երեկոն դեռ նոր էր սկսվում:
Կասպարյանը պատմում էր Ջավադին  ինչ-որ դեպքի մասին.
-...մեռնելուց մի քսան րոպե առաջ դա սկսել էր նվնվալ: Ասում էր, որ փորն ա ցավում, գլուխն ա տրաքում ու էդ կարգի: Ինքն էլ մեռավ: Հիմա չգիտի ոչ մեկ` դա թույնից էր, թե ուղղակի շատ էր խմել…
Բում Գոռը աղմկում էր: Նա երևի որոշել էր տիկին Վեռային ամեն գնով զարմացնել:
-Ուզում եմ քեզ բանաստեղծություն նվիրել, օ~ գեղեցիկ կին,-ասում էր նա:
Վեռան անտարբեր ծխում էր
-…Օղու սթափ գոլորշիները քո պատկերով
       Իմ հոգու վաղ անուրջները քո պատկերով…
Ժաննան մի քանի անգամ ավելի պոզիտիվ էր, քան մյուսները: Նա նստել էր փռված: Խմում էր մեծ բաժակով, իրար խառնած տեկիլա ու ռոմ: Խմում էր ուղտի պես: Ես զարմանում էի, ինչպես է նա այդպես կարողանում: Հետո նա հանեց իր բլուզը, վեր կացավ տեղից, հանեց նաև երկար ու լայն շրջազգեստն ու մոտեցավ սենյակի անկյունում գտնվող աուդիոհամակարգին:
-Եթե մեռնելու եմ, ես ուզում եմ պարել,-ասաց նա ու միացրեց երաժշտությունը:
Երգում էր Բարի Ուայթը: Նա սկսեց շարժվել` աջ ու ձախ թափահարելով կոնքերը: Երաժշտությունը նրան իրոք դուր էր գալիս, նա փակել էր աչքերը: Հաճույք էր ստանում պարից ու մեղեդուց: Ջավադը գրպանից հանեց քանդակագործ մի տուփիկ: Տուփիկի մեջից դուրս եկան մի ձողիկ ու մետաղի ուղանկյուն մի կտոր: Ես հասկացա ինչ է նա ուզում անել:
Նրան ոչ ոք չմիացավ: Նա ինքը սարքեց իր համար փոշու գծիկներ ու ինքն էլ քաշեց դրանք քթի մեջ փոքրիկ ձողիկով: Հետո հավաքեց այդ ամենն ու դրեց գրպանը:
-Ես պատրաստել եմ ավելի լավ բոնուս,- ասաց Վեռան` պայուսակից հանելով պարտսիգարը: Ունեմ հինգ հատ: Ամեն մեկի կեսը կարող է անջատել սովորական մարդու: Կա՞ն ցանկացողներ:
Ես, Սարիբեկյանն ու Բում Գոռը վերցրեցինք մի-մի հատ: Կանեփն իրոք լավն էր: Երկրորդ ծխից զգացի ինչպես եմ թուլանում ու հանգստանում:
-Պետք ա միանալ պարին,-ասաց Կասպարյանը,-առաաաաաաաաաաաա~ջ:
-Նա գժի պես վեր թռավ տեղից, վազեց դեպի Ժաննան, խփեց նրա հետույքին, մի կողմ հրեց նրան, ինչ-որ բան բզբզաց աուդիոհամակարգի հետ, հետո հպարտ հայացքով շուռ եկավ մեզ.
-Չմոռանաք, հարգելիներս, ես այս քաղաքի առաջին դիսկո ակումբի տերն եմ:
Հետո սկսվեց երաժշտությունը: Անջատվեց լույն ու ամեն ինչ սկսեց պարել: Ես տեսա Ժաննային, որը նորից եկել էր իր տեղն ու խմում էր հենց շշերից` մեկ կում տեկլիա, մեկ կում ռոմ:
Հետո պարում էին բաժակները, Հարությունյանի կոշիկներն ու Վեռայի ներքնազգեստը: Ժաննան նստած էր կողքս ու չռել էր ոտքերը: Նրա մի ձեռքում հայտնվել էր բաժակ: Դատելով թե ինչպես էր նա շարժում` ես պատկերացրեցի, թե որտեղ է նրա մյուս ձեռքը: Ջավադի պանկ բաճկոնը մեկ փակում էր տեսադաշտս, մեկ զիջում տեղը Բում Գոռի խելագար սանրվածքին: Հարությունյանը հեռավոր անկյունում պատին էր դեմ տվել Վեռային:
Ես ուզում էի ծխել ու ծխում էի: Անդադար ծխում էի: Վեռայի բոնուսը շարունակում էր օդերի մեջ պահել ինձ: Դեմքս սառել էր ժպիտով: Ոչ մի կերպ չէի կարողանա հեռացնել դեմքիցս ժպիտը: Ժաննան տնքում էր: Շեյխն ու Բում Գոռը պարում էին ինչ-որ խելահեղ պար, հավանաբար մահվան հրեշտակների մասին: Ես մտածում էի այդ հրեշտակների մասին: Ինչպիսի՞նն են դրանք: Ունե՞ն թևեր: Եթե մեզանից մեկը մեռնելու է, ուրեմն կգա՞ հրեշտակ: Մեզանից մեկը՞: Ինձ այդ միտքը խենթացրեց: Ես սկսեցի ծիծաղել: Այնպես էի ծիծաղում, որ փորիս մկանները ցավում էին: Չէի կարողանում շունչս հետ բերել: Ախր, ոնց թե մեզանից մեկը: Իսկ ինչու ոչ հենց ե՞ս: Դա գազանություն էր: Մտածում էի ու ծիծաղում ինքս ինձ վրա, որ հույս ունեմ ողջ մնալ: Բախտից այնքան էլ ուժեղ չեմ: Ութից մեկը…եթե լիներ տասից մեկը, ապա մի կերպ կհավատայի հաջողությանս:
Երբ ծիծաղն ինձ թողեց, տեսա, որ բոլորը վեևրադարձել են իրենց տեղերը: Նայեցի ժամացույցիս` անցել էր քառասունհինգ րոպե:
-Ժամանակը թռնում ա, պարոնայք,-բղավում էր Վեռան,-իսկ մենք դեռ ի վիճակի ենք ոտքի վրա կանգնե՞լ: Էդոոոոոոո:
Հարությունյանը, որ  դեռ փորձում էր կոճկել շալվարի կոճակը, վեր թռավ::
-Հա՞, հավատս, ասա:
-Ես այսօր մեռնելու եմ:
-Ոչ մի կերպ, սիրելիս, այսօր կմեռնի Ջավադը կամ Սարիբեկյանը: Կամ երևի իմ աջ ձեռքն ու Ժաննան: Տես ինչ լավ են նայվում իրար հետ, չէ՞:
-Էդոոոո,-ողբերգական ձայնով վնգստաց Վեռան,-ես մեռնելու եմ ԷՍՕՐ: Դու չես կարող ինձ արգելել մեռնել:
Վեռայի տեսարանը ինձ հոգնեցրեց: Ես ուզում էի, որ նա ձայնը կտրի: Հարությունյանը կարդաց մտքերս: Քաշեց կնոջն իր գիրկը ու սկսեց վայրենավարի համբուրել:
-Խի՞ եք մտածում, որ կմեռնեմ ես,-հարցրեց Ջավադը` տխուր աչքերով նայելով բաժակին ու դիմելով բոլորին:
-Որովհետև դու ջահել ես ու անասուն,-դուրս տվեց Բում Գոռն ու մի անգամից լրջացավ: Հասկացավ, որ Ջավադը հանաքների տրամադրված չէ:
-Կարող ենք մեռնել բոլորս...,-ասաց Ժաննան:
-Ողջ իմաստն է դրա մեջ, որ կարող ենք մեռնել բոլորս,-հաստատեց Հարությունյանը, որը նոր էր պոկել իր շուրթերը Վեռայի գիշատիչ բերանից:
Ամեն դեպքում մեռնելու ենք
-Այո, իննսուն տարեկանում, վաթսուն տարեկանում, յոթանասուներկու տարեկանում: Ու երբեք չես կարողանալու նայել մահվանդ աչքերի մեջ: Իսկ այստեղ դու հենց դա էլ անում ես:
Դու գնում ես առաջ ու նայում այն միակի աչքերի մեջ, ով ունի անսահմանափակ իշխանություն` մահվան: Պարում ես նրա երախի մոտ քո ծաղրական պարն ու հետ գնում քո խղճուկ աշխարհը: Դու ստանում ես այստեղ ուժ:
-Ջավադ,-լսել եմ դու հոշոտել ես քո վրա կռիվ եկած էն ռուսներին, հա՞:
-Քանաքեռի կռիվը՞,-զարմացա ես: Լսել էի այդ պատմության մասին: Այստեղից ինչ-որ մեկը ավտոների ներմուծման հետ կապված հարցերով գժտվել էր ռուսական մաֆիայի հզոր դեմքերից մեկի հետ: Ռուսները եկել էին այստեղ քսան հոգով, գումարած այստեղ նրանց միացած ուժերը: Բայց ինչ-որ մեկը նրանց ոչ միայն ճնշել էր հոգեբանորեն ու բարոյապես, գրում էին թերթերը, այլ հաշմանդամ էր դարձրել նրանց առաջնորդին: Քսան հոգուց կարողացել էին վերադառնալ միայն հինգը, մյուսները մնացել էին հիվանդանոցներում: Ու դա փաստորեն արել էր այդ շեյխ Ջավադը:
-Կամ դու, Գոռ, մի անգամ լռվել ե՞ս քո հաղորդումներում: Քու մերը, Գոռ, դու բլբլում ես փչացած մագնիտաֆոնի պես ու լեզուդ ոչ մի անգամ կապ չի ընկնում:
Գոռի դեմքը շողշողաց:
-Ժաննա, դու: Չլինեիր դու մեր ակումբից, հաստատ ամենասովորական պոռնիկն էիր լինելու Ծերեթելի վրա կանգնած: Իսկ հիմա դու մուտք ունես բոլոր շրջապատներում ու քո հետևից գալիս են բոլոր տղամարդիկ:
Հարությունյանը մի տեսակ հուզված էր: Նա սփրթնել էր  ու ձեռքերը նրա դողում էին: Ես մտածում էի կապսուլաների մասին:
-Դա ունի մի պատճառ` դուք քայլում եք ամենաեզրով, զգում մահվան սառը շունչն ու սովորում ապրել: Դուք հզոր եք: Ու հզոր են այն բոլոր մարդիկ, որոնք այս ակումբից են: Ու մենք ենք ղեկավարում այս երկիրը:
Նա դարձավ դեպի ինձ.
-Եթե դու մնացիր ողջ, առավոտյան կզգաս մեջդ այնքան ուժ, որ ի վիճակի կլինես ջարդել ամեն մեկի գլուխը, ով կկանգնի ճանապարհիդ: Քո հայացքից նույնիսկ ծառերը կքաշեն իրենց արմատները հողից ու մի կողմ կկանգնեն:
Հարությունյանի ճառը երևի ծարավեցրեց բոլորիս: Մենք լցրեցինք բաժակները: Ես մի շնչով դատարկեցի հարյուր գրամը: Վառեցի հերթական սիգարն ու նայեցի մարդկանց դեմքերին: Կասպարյանը անհանգիստ էր երևում: Նայում էր ժամացույցին ու մատներով հարվածում սեղանին: Ժաննան կարծես քնած լիներ: Հարությունյանը լուռ խորասուզվել էր մտքերի մեջ: Ջավադը էլի հանել էր իր տուփիկը: Վեռան շոյում էր Հարությունյանի ոտքը: Բում Գոռն ու Սարիբեկյանը ուսումնասիրում էին սեղանի շշերը: Նայեցի ժամացույցին` անցել էր մեկ ժամ տասնհինգ րոպե:
-Ի՞նչ անել,-հարցրեց հանկարծ Կասպարյանը:
-Այսի՞նքն:
-Շատ էլ լավ գիտես ինչ եմ հարցնում: Ի՞նչ անենք:
-Ամեն անգամ էլ հարցնում ես, ամեն անգամ էլ պատասխանում եմ նույն բանը` ոչ մի բան
-Ես ուզում եմ զանգել: Պիտի զանգեմ կնոջս: Մնացել ա տաս-տասնհինգ րոպե
-Լեոն, հանգստացիր:,-սառն ասաց Հարությունյանը, -եթե դու էսօր մեռնես, մենք ամեն ինչի մասին կհոգանք:
Կասպարյանը վերցրեց կոնյակի շիշն ու սկսեց ագահաբար խմել: Հետո մնաց շշմած հայացքով մի քանի րոպե ու սկսեց լացել: Հանկարծ նրան միացավ նաև ժաննան: Պարուհին հեկեկում էր պրոֆեսիոնալ տատիկների նման: Նրա ուսերը ցնցվում էին: Նա արձակում էր միանվագ նվոց: Ես ճնշվում էի: Անասուննները կարծես դիտմամբ էին լացում` ինձ հունից հանելու համար: Պատրաստ էի սպանել երկուսին էլ: Դա նյարդացնում էր: Ես համոզված էի, որ կմահանամ ես: Ինձ այդպես ավելի հեշտ էր հաղթահարել հույսը, թե ողջ կմնամ: Ես պարզապես շրջափակում էի հույսըանպայման ես եմ մեռնելուբանաձևով ու հասնում բալանսի: Այդպես, զգում էի, որ կկարողանամ չընկնել հիստերիկայի մեջ: Բում Գոռը գնաց լուսամոտի մոտ: Հանեց գրպանից ականջակալերը.
-Եթե մնում է ապրել տաս րոպե, ես նախընտրում եմ միայնակ լսել երաժշտություն:
Նա միացրեց երաժշտությունն ու կարծես վերացավ  սենյակից: Հասկանում էի նրան:
-Հարությունյան,դու չես պատրաստվում սատկե՞լ,-սկսեց Սարիբեկյանը,-սատկի էլի, էս անգամ էլ դու սատկի էլի: Մեռա քո սատկելուն սպասելով, սատկի էլի:
Սարիբեկյանի պոռթկմանը Հարությունյանը պատասխանեց բարեկամական ժպիտով:
-Ընկի տեղդ, Անդրանիկ: Մեռնելու տրամադրություն չունեմ, իսկ դու մի քիչ սփրթնել ես, հա՞: Գույնդ կանաչել ա մի տեսակ:
Սարիբեկյանը սառեց: Ձեռքերով շոշափեց դեմքը, կարծես պիտի զգար դեմքի գույնը: Վազելով եկավ Ժաննայի մոտ, խլեց նրանից պայուսակն ու քրքրելով հանեց այնտեղից հայելին:
-Այ սրա համար էլ չի սիրում ինձ մեծն Սարիբեկյանը: Դե, ընդհանրապես չի սիրում էլի:
-Հարությունյանը ծիծաղում էր, իսկ ես մտքով նկարում էի նրա մեջքին թևեր: Միգուցե նա էր մահվան հրեշտակը: Ես զգացի ինչպես է չորանում բերանս: Նայեցի ժամացույցին: Կապսուլաները ընդունելուց հետո անցել էր մեկ ժամ եռեսունհինգ րոպե: Սիրտս աշխատում էր արագ, օդը չէր հերիքում: Բոլորը սփրթնած էին: Զգացի, որ հազիվ եմ ինձ զսպում` տակս չանելու համար:

4.Այդ երեկոյից անցել է երկու տարի: Արդեն երկրորդ անգամ մենք պետք է գնանք քաղաքից դուրս: Դեպի գերեզմաններ:
Այսօր իմ մահվան տարեդարձն է: Երկու տարի առաջ ես կուլ տվեցի կապտաթթվի իմ բաժինը ու հիմա ես այն եմ, ինչ ես կամ: Իմ երամը ութ հոգի է, դուք նրանց ճանաչում եք արդեն: Մենք շատ ենք, հիմնականում ութ հոգանոց խմբերով: Այն ներկայացումը, որ կազմակերպել էին իմ խմբի անդամները, նպատակ ուներ հասցնել ինձ եզրին, որտեղից իմ հոգին կկարողանա դուրս գալ գոյության այլ մակարդակ: Ես երևում եմ, շոշափելի եմ: Իմ գերեզմանում, հողի տակ երկու մետր խորությամբ  նեխել է իմ մարմինը: Համոզված եմ, որ սպիտակ ճիճուները չեն թողել այնտեղ ոչ մի հյուսվածք: Իմ նմանները շատ են: Մենք կանգնած ենք ամենավերևում: Դուք կարդում եք մեր մասին թերթերում, նայում մեզ հեռաստուցույցով ու տեսնում ֆիլմերում: Մենք հրավիրում ենք արտահերթ նստաշրջաններ, ավելացնում հարկերը, նկարահանում նոր սկանդալային ֆիլմեր ու տաղտկալի հաղորդումներ: Մենք հայտարարում ենք պատերազմներ ու թելադրում ամեն մի շան կյանքը ողջ աշխարհում: Մենք ենք տերերը:
Մենք մարմնից ազատված բացարձակ կամքի ոգիներ ենք:
Այն երեկոյի ընթացքում իմ մեջ մեռավ այն,ինչ անվանվում է վախ: