Monday, August 8, 2011

Հարված (Melomania 2)


Ուշքի գալով` առաջինը, ինչ նկատեցի, դա ինձ միացրած խողովակներն էին: Ես հիվանդանոցային պալատում էի: Կողքս դրված էին տարբեր սարքավորումներ ու կաթիլային համակարգեր: Նրանց միջի թափանցիկ հեղուկը երևի կաթում էր արյանս մեջ: Ես պարկած էի հարմար: Սակայն տպավորությունս այնպիսինն էր, կարծեես ողջ արագությամբ սլանում եմ դեպի պատն ու ուր որ է կսվաղվեմ նրան: Ադրենալինի քանակությունն իմ մեջ չափից դուրս շատ էր: Ես բժիշկ չեմ ու բժշկությունից էլ հեռու եմ մի քանի հարյուր կիլոմետր, բայց հաստատ գիտեմ, այն պահին երբ ուշքի եկա, ադրենալինի անթույլատրելի քանակություն էր մեջս: Այդ հիմա է, որ կարողանում եմ զսպել ձեռքերիս դողն ու մի կերպ խզբզել այս տետրի էջի վրա:
 Առաջինը, ում տեսա, դա բուժքույն էր, ով նկատելով որ ես գիտակից եմ, միանգամից կանչեց բժիշկին: Բժիշկն ու իր շքախումբն այնպես էին ուսումնասիրում ինձ, այնպիսի հոգատարությամբ էին հարցնում, թե ինչպես եմ ու ոնց եմ ինձ զգում, որ դրանից ես ավելի էի անհանգստանում ու սիրտս ավելի արագ էր սկսում խփել: Կարողանում էի պատասխանել առանձին բառերով` լավ, վատ, ուժեղ...ավելի բարդ կապակցություններ չէի կարողանում ստանալ` անհանգիստ էի, հասկանում եք, անհանգիստ: Բժիշկն ասաց, որ սիրտս կատարում է 110-123 հարված րոպեում: Ավելացրեց, որ դա բավական լավ ցուցանիշ է վերջին երկու օրվա տվյալների համեմատ ( ես փաստորեն այնտեղ էի գտնվում մի քանի օր!!!):
 Երբ նրանց հետևից փակվեց դուռը ես զգացի, որ քնում եմ: Հետո ինձ արթնացրեց բուժքույրն ու տվեց ջուր:
 Իսկ այսօր ես նրանից խնդրեցի թուղթ և գրիչ: Նա բերեց այս տասներկու տողանի տետրն ու սև գրիչը: Ախր ուզում եմ իմանաք, ինչ էր եղել հետս: Կարող եք համարել ինձ խելագար: Չեմ վիճում, նույնիսկ ունեմ աղոտ կասկածներ, որ ինձ կտեղափոխեն հոգեբուժարան (եթե իհարկե ես հիմա արդեն այնտեղ չեմ): Բան այնն է, որ ես... Սկսեմ սկզբից:
 Սկիզբը դա էլեկտրոնային նամակն էր, որ ստացա իմ երկորդական փոստարկղի վրա: Դուք էլ երևի ունեք երկրորդական փոստարկղեր: Դրանով հիմնականում գրանցվում են տարբեր տեսակի կայքերում, ու հազարից մեկ ստուգում` բազմատեսակ ու բազմաժանր սպամը ջնջելու համար: Իմ փոստարկղում, բացի զանազան կայքերից եկած հաղորդագրություններից ու գովազդային նամակներից, կար ևս մեկը, որը գրավեց իմ ուշադրությունը: Դա եկած էր անհասկանալի հասցեից և իր մեջ պարունակում էր մի հղում` «Փսիխոդելիկ եղանակ: Զգուշացնում ենք, որ կարող է առաջացնել առողջական խանգարումներ: Մեծ վոյաժ»:
 Ես բացեցի հղումը: Կայք էր: Դրա ողջ անվանումը հիշելու փորձերս ավարտվում են գլխումս սուր ցավով, ուստի էլ չեմ տանջի ինձ: Հաստատ հիշում եմ միայն, որ դոմենը հայկական էր` am-ով:  Սպիտակ, կանաչ լուսանցքներով էջը թողնում էր դրական ու հանգստացնող տպավորություն: Բացի էլեկտրոնային նամակի հետ եկած ինֆորմացիայից կար ինչ-որ mp3 ֆորմատի ներբեռման հղում, որի կողքին անընդհատ թարթում էր մեծ download  գրությունը: Ես սեղմեցի դա: Մի քանի վարկյան հետո սկսվեց ներբեռնումը: Ընդամենը տասներկու մեգաբայթ էր` փոքրիկ պոչիկով: Կայքում այլևս անելու բան չկար և ես դուս եկա: Ներբեռնումը շարունակվում էր: Երբ այն ավարտվեց ու ֆայլը պահպանվեց ես նորից փորձեցի մտնել այդ կայքը: Project is closed: Սպիտակ էջ ու գրություն` նախագիծը փակված է: էջը փորձեցի թարմացնել: Այս անգամ ասեց, որ սերվերը չի գտնվում: Հետաքրքիր էր, բայց երևի ես շատ չզարմացա: Ինտերնետը վերջ ի վերջո հսկայական զուգահեռ աշխարհ է, միգուցե ավելի մեծ քան իրական աշխարհը, իսկ աշխարհում ամեն ինչ պատահում է:
Հետո ես մկնիկով երկու անգամ սեղմեցի նոր ներբեռնված ֆայլի վրա... Ու սկսվեց:



Դուք լսե՞լ եք ձեր սրտի աշխատանքը: Ինձ պետք է դա իմանալ, որպեսզի պարզեմ, թե ինչքանով կկարողանաք հասկանալ այն, ինչն ինձ հետ տեղի ունեցավ:
 Երաժշտությունը, որը սկսեց նվագարկվել ամենահասարակ նվագարկիչով, իմ սրտի ձայնն էր: Չկա սենտիմենտալ բան ասածիս մեջ, մի խորացեք: Խուլ բասերը, որոնցով սկսվեց այն, համահունչ էին սրտիս հետ: Եվ ես դա, չգիտես ինչու, գիտեի: Դա այնքան ռիթմիկ էր, այքան մեղեդային: Ես զգացի, որ մի քիչ էլ ու կուզենամ պարել: Այ հիմա էլ ձեռագիրս անընթեռնելի է դառնում, որովհետև ձեռքերս կրկին սկսում են դողալ:
 Այն ժամանակ ես ուզեցա ծխել ու վառեցի սիգարետս: Հիմա սիգարետը հիշելիս լոզերս գնում են: Իսկ այն ժամանակ ես չկարողացա ծխել, որչովհետև մի քանի վարկյան անց բասերից բացի հայտնված անապատային ելևէջները տարան ինձ հեռու: Ես նստած էի իմ փնթի սենյակում, բայց ես միևնույն ժամանակ գտնվում էի ինչ-որ տեղ ցուրտ անապատում: Ես չշփոթվեցի: Ասում եմ` ցուրտ անապատում: Այդպիսիք լինում են Չինաստանի ու Մոնղոլիայի եսիմ որ չոլերում: Իմ հագին նախնադարյան սանդալներ էին, որոնցով ես քայլում էի մանր խճաքարերի վրայով, որոնց կռտկռտոցը խառնվում էր երաժշտության հետ ու տալիս նրան նոր մեղեդայնություն: Հագիս երկար, կապույտ գույնի ու բարակ կտորից երկար զգեստը ծածանվում էր հանդիպակած սառը քամուց ու հպվում մարմնից. մրսում էի: Ես քայլում էի չգիտեմ թե ուր, գիտեմ, որ մեղեդին լցրել էր ինձ հպարտ միայնության զգացումով: Ես քայլում էի անապատով ու ոչ ոք պետք չէր ինձ, ես մենակ էի այդ քարերի մեջ ու ես տխուր էի: Քամու ֆսոցի մեջ կար տխրության բաժին: Դա գուցե մերժվածության անապատն է՞ր: Հերն էլ անիծած, ես չգիտեի, ես պարզապես այնքան լավ էի ինձ զգում` միայնակ և ուժեղ, վստահ ու սլացիկ:
 Ուղտ: Հաջորդ պահին անհասկանալի բառաչյունով դեմովս վազեց մի երկսապատանի ուղտ ու ոտքս խրվեց խճաքարերի մեջ: Մեղեդին կարծես նմանվում էր վազքի պատրաստվող ձիու, ով գետնին է քսում սմբակները: Կամ մրցարշավորդ մոտոցիկլիստի, ով անընդհատ պտտում է գազի բռնակն ու տաքացնում շարժիչը ստարտից առաջ: Ես ասացի մոտոցիկլե՞տ:
 Դա մեքենա էր: Ոչ շատ հարմարավետ, չնայած ես նստած էի բավական խորն ու ձեռքերս էլ հարմար էին բռնել ղեկը:
 Սպասեք: Չմոռանաք հանկարծ, որ ես իմ փնթի սենյակում էի դեռ: Չմոռանաք դա, խնդրում եմ, մի մոռացեք: Ես հիշում եմ ինչպես էր շարժվում նվագարկիչի ցուցիչը, որը հուշում է երաժտության անցած մասի չափի ու դեռ մնացածի մասին: Ձայնն էլ եմ հիշում` դրված էր տասնմեկի վրա: Հաշվի առնելով իմ համակարգչի փոքրիկ դինամիկները դա հեչ էլ բարձր  չէր:
 Մեքենան: Ես ներսից էի, ուստի մոդելի մասին ոչ մի տեղեկություն չունեմ: Դրա փոխարեն ունեմ տեղեկություն, թե ինչ է կատարվում մարդու հետ, երբ անապատում հանգիստ քայլելիս հանկարծ սկսում է սկել խճաքարերի մեջ ու հայտնվում սլացող սպորտային մեքենայի ղեկին: Դա մրցարշավորդային վազքուղի էր: Ինչքան հասկացա պարզապես մեծ շրջան էր, որոնց վրա մեքենաները գրանցում են արագության նոր ռեկորդներ: Իմ մեքենան սլանում էր ավելի ու ավելի արագ: Դրան զուգահեռ երաժշության մեջ հայտնվում էին մետալիկ էլեմենտներ: Բասերը ստացել էին արձագանքի էֆֆեկտ: Մեղեդու մեջ իրար էին քսվում ինչ-որ մետաղական գործիքներ ու արձակում համապատասխան ճռռոցներ: Արևելյան մոտիվը մնում էր երրորդական պլանում, բայց տալիս էր ընթացքին անապատի ազատությունն ու ընդարձակությունը: Ինձ պատել էր սուր անՃարության զգացումը: Դա լինում է այն ժամանակ, երբ պարտվում ես, բայց շարունակում ես պայքարել: Դա նման էր լացի: Դա նման էր հիմար արարքիցդ հետո վազելու ցանկությանը: Իսկ մեքենան տվել էր ինձ երկու ոտքի փոխարեն չորս ակ: Ու դրանք չորսն էլ տանում էին ինձ դեպի նոր արագություններ: Խելագարություն: Ես ավելի ուժեղ էի սեղմում ոտնակը ու մեքենան ավելի խորն էր մտնում երաժշտության մեջ: Դա գլխակերություն էր:Ես թքած ունեի արդեն հետոյի վրա: Ես ուզում էի ուղղակի թռնել ու թքած թե կջարդվեի մոտակա ծառի վրա: Վազքուղու վրա չեն լինում ծառեր, լինում է միայն արագություն ու անսահմաման խենթություն: Երաժշտությունը, որն արդեն դարձել էր իմը (կամ հակառակը, հաստատ` հակառակը) հասնում էր կրիտիկական կետին: Ես լսում էի, որ այդ մետաղի կտորները կպոկվեն  կամ կպայթեն, մի բան կլինեն: Մի բան կլինեն: Այդ ժամանակ ձեռքերս անկախ ինձանից շեղեցին ղեկը, այն սկսեց արագ այս ու այն կողմ թեքվել: Մեքենայի լուսամուտներից դուրս տարածությունը սկսեց պտտվել: Շնչառությունս դադարեց ու աչքերս արյունով լցվեցին: Իրավիճակի անկառավարելիությունը ինձ հարբեցրեց ու ես հաշտվեցի մահվան մտքի հետ: Այնքան հեշտ:
 Սրտիս ձայնը: Դրա ռիթմի հետ սկսեցի նորից շնչել: Զգացի ներսումս սառնություն: Հասկացա որ մի բան այն չէ: Ուզեցի վեր կենալ աթոռիցս ու վերցնել հեռախոսը: Դա ինձ տրվեց դժվարությամբ: Վեր կենալիս մարմինս ուզում էր պարեր, շարժվեր սրտիս համահունչ բասերի ներքո: Ես դիմադրում էի, քանի որ զգում էր արյան ճնշումը քունքերիս, զգում էի չարագուշակ սառնությունը կողերիս տակ: Պետք էր հասնել հեռախոսին: Ես ընկա: Սենյակս փոքր էր անչափ, բայց հեռախոսին ձեռքս չէր հասնում:
 Երաժշությունը շարունակվում էր: Կողքովս սահում էին սև մեքենաներ: Ասֆալտը թաց էր, հավանաբար քիչ առաջվա անձրևից ու բուրում էր բենզինով: Երաժտությունը ստացել էր ջազային երանգներ, նրա մեջ կարելի էր որսալ աֆրիկական ձայներ: Սրտիս ձայնը հանդարտվեց, բայց սկսեց այնպես ուժգին հարվածներ հասցնել, որ մարմնիս դրանցից ցնցվում էր: Վեր բարձրացրեցի գլուխս: Հսկա երկնաքերեը ճնշում էին: Ճնշում էին կողքովս լողացող դեղին տաքսիներն ու սև երկար լիմուզինները: Հանկարծ մեկը քացով հարվածեց դեմքիս: Չտեսա ով, բայց կատաղությունը լցրեց գլուխս: Ես նստեցի ու նայեցի շուրջ բոլորս: Ագրեսիվ էի ու լարված: Հեռվում պատի տակ (ինչպես տեսածս ամերիկյան հին հոլովակներում) մի խումբ սևամորթներ կրակ էին վառել աղբամանի մեջ: Սրտիս հարվածները առաջվա պես ցնցում էին մարմինս, իսկ օդում իշխում էին բենզինի հոտն ու աֆրիկյան շունչը: Կրակի շուրջ հավաքված մարդիկ նայում էին ինձ, ու աչքերը նրանց ասում էին` Դարվինը ճիշտ էր, բարեկամս, ապրում է ուժեղագույնը: Դա աղ էր քացով հարված ստացած դեմքիս վերքերի վրա: Կատաղությունից մռնչացի մեղեդուն համահունչ ու գոռացի ողջ իմ ուժը: Ընդամենը մի մռնչոց, որ լրացրեց երաժշտությունն ու ուժեղացրեց սրտիս հարվածները: Ես նորից ընկա ասֆալտի վրա: Դրա վրա հաստատ անձրև էր տեղացել, ու գրողը տանի, ինչպես էր դրանից փչում բենզինի հոտը: Իսկ մեղեդին ավելի ռիթմիկ ու կատարյալ էր դառնում ամեն վարկյանի հետ: Եկավ մի պահ որ ասֆալտից փչող բենզինի հոտն ու մարդկանց աչքերում Դարվինի ցիտատը թվացին ինձ իմ տունը: Փորձեցի վեր կենալ: Ասֆալտը քաշեց ձեռքերիցս ու ես մտա նրա մեջ: Սկզբում ձեռքերս, հետո չոքերս, հետո մարմինս:
 Դրանից երաժտությունը սկսեց ակտիվանալ, սիրտս սկեսեց արագանալ: Քունքերիս ցավը տեղափոխվեղց քթիս ու ճակատիս: Դա անտանելի էր դառնում: Իսկ հեռախոսը հեռու էր: Եվ համակարգչին էլ այլևս չէի հասնի: Երաժշտությունն ինձ կլանում էր այնտեղ, ուր ավելի ջերմ էր, ավելի հարմարավետ ու ավելի շքեղ: Մի պահ սիրտս կարծես հանդարտվեց: Հնչեց ջութակի ծանոթ ձայնը: Դա նման էր հենց ջութակի: Ավելի ճիշտ ջութակն է նման կնոջ: Կինը կանգնած էր երաժշտության կենտրոնում ու նայում էր ինձ: Սիրտս սկսեց նորից արագանալ: Ես անուժ ընկա իմ սենյակում ուղիղ այդ կնոջ գրկի մեջ, որ կանգնած էր երաժշտության կենտրոնում: Ամեն բան սկսեց պտտվել նրա շուրջ ու ես նրան սիրեցի: Կրծքիս սառնությունը տեղափոխվել էր մեջքի կողմն ու ես զգում էի թե ինչպես է մի բան մեջս փչանում: Ես վատ էի, սակայն ես պարում էի կնոջ հետ: Այո: Երբ ամեն բան պտտվում էր նրա շուրջը: Ես պահում էի նրա ղեկը, ինչպես պահում էի մեքենայի ղեկը: Հասկանում ե՞ք: Արդեն համարու՞մ եք, որ ես գիժ եմ..մի շտապեք, դեռ կունենաք այդպիսի առիթ:
 Երաժշտությունը չէր խոսում տխուր մի բանի մասին այդ ժամանակ: Կինը կենտրոնացրել էր դա իր շուրջը: Ես մտածում էի, որ հենց նա է երաժշտությունը: Ես հասկացա, որ սիրում եմ նրան: Սիրտս խփում էր անհանգիստ: Ես չէի կարողանում հաշվել քանի քայլ առաջ ու քանի քայլ հետ եմ կատարում: Դա պար էր ու կռիվ: Նրա ղեկն իմ ձեռքերում էր, սակայն դրա աջը նշանակում էր ներքև, իսկ ձախը` աջ: Այդպիսի մի խառը բան էր: Սրտի անկանոն զարկերից աչքերս թացացել էին: Ես զգում էի վերջի մոտ լինելը: Իմ հաշվարկներով անցել էր երաժշտության երկու երրորդը: Կյանքը դարձել էր հիպնոսային տեսիլք` վառ գույներով ու ողջ հմայքով մի կողմից ու կրծքիս ներսում մահվան սառը շնչով մյուս կողմից: Իսկ դա ահագին վախենալու է, երբ զգում ես, որ կմեռնես:
 Լսել եմ, որ մեծ կաթվածների ժամանակ մարդու սիրտը բառացիորեն պայթում է: Այն իրոք պայթում է ու դառնում մկանների անկապ, տձև կտվածքների ու բեկորների մի կույտ:
 Իսկ կնոջ հայցաքն այնքան հոգատար էր: Երբ նա նայում էր աչքերիս, ես կարողանում էի նրան հաղորդել կամքս ու պարը տանում էի իմ նախաձեռնությունը: Մնացած ժամանակ ես շնչում էի նրա մազերն ու սուզվում մեղեդու մեջ: Հետո դա վերջացավ:
 Ջութակը կարծես ճչաց ու հոգիս լցվեց տխրությամբ: Երևի գետնին պառկած ու ցավից կծկված էլ` դեմքիս վրա կզգացվեր ինձ պատած տխրությունը: Սրահը, շքեղ սրահը, որտեղ տեղի էր ունենում պարը, խավարեց ու թառամեց: Կինը հեռացավ արագ քայլերով: Ես տեսա ինչպես են ճերմակում նրա մազերն ու կնճռոտվում մաշկը: Ամեն ինչ լցվեց ծխով ու էժանագին գինու հոտով: Սիրտս հազիվ էր բաբախում:Վիշտը խեղդում էր ինձ, ես զգում էի ինձ որբ: Ծխի միջից երևում էին մարդիկ, որոնք թանկ էին ինձ: Նրանց դեմքին էր մահվան կնիքը: Նրանց կողքին էր կինը, ում ես սիրում էի: Կարոտը փակել էր կոկորդս: Թուքս կուլ չէր գնում: Ջութակը մլավում էր մեղեդին, որն անկանոն բասեր էր ստանում սրտի թույլ հարվածներից: Շուրթերս դողում էին: Մեղեդու մեջ հայտնվեցին շրթհարմոնի հեռավոր հնչյուններ: Ես փորձեցի վեր կենալ: Ինձ հաջողվեց գրեթե կանգնել, բայց նորից ծնկի եկա, իսկ երաժտության մեջ իմ մարմինը գլորվեց դեպի տխրության սրահի խորքն ու մի քանի վարկյան անց ես ճաշակեցի ադրենալինի մի այնպիսի դոզա, որի մասին մտածելն անգամ սարսափելի է:
 Երաժտությունը դադար վերցրեց: Սիրտս կանգնեց: Ես չէի սպասում այդպիսի բան: Իսկ եթե մի բանի չես սպասում, բայց այն այնուամենայնիվ տեղի է ունենում կայծակնային արագությամբ, սիտդ կանգնում է: Հավատացեք ինձ, գիտեմ ինչ եմ ասում: Կաշվիս վրա եմ զգացել:
 Ես գլորվեցի մինչև սենյակի խորքն ու ընկա խավարի անդունդը: Ազատ անկման ֆուլ տպավորություն, գրողը տանի: Բառապաշարս, փառք աստծու, հարուստ է, ու ես գիտեմ գահավիժել բառը: Այ ես գահավիժում էի, հիստերիկ ճիչով, սառած սրտով  ու էլեկտրական սոլոգիթարի վժժոցով: Այն երկարում էր, այդ հերն անիծած նոտան անընդհատ երկարում էր ու ես չէի հասնում հատակին: Մտածում էի միայն....չէ, չի կոչվում դա մտածել, դա ընկալել է կոչվում: Ուրեմն ընկալում էի գահավիժումը, սրտիս կանգնած լինելը, գիթառի տհաճ նոտան ու սպասվող համբույրը մոտակա հատակի հետ:
 Տարօրինակ է, բայց այդ համբյուրը ամենազարհուրելի բանը չէր, որ կատարվեց հետս: Համբույրից հետո, երբ ինձ կլանեց մի սև զանգված, փափուկ, խիտ, սառն ու սև զանգված, ու ես համբուրեցի դա, սիրտս սկսեց խփել այնպես, ինչպես երբեք: Դա էր ահավոր: Այնքան արագ, որ բոլոր օրգանները քիչ է մնում դուրս գային ու թափվեին այն վիբրացիայից, որը առաջացնում էր սիրտս: Հարվածային գործիքների դասական կոմպլեկտը խելագար հարվածային երաժշտի փայտիկներով մատուցում էր խելահեղ մենահամերգ: Պատկերացնում ե՞ք: Այ հիմա հասկանում ե՞ք, ինչու էի հարցնում սրտի մասին: Դե պատկերացրեք ինչ էր կատարվում հետս: Այլևս իմաստ չուներ մտածել հեռախոսի մասին: Ես մտածում էի, որ երաժշտությունը շուտով կդադարի: Արդեն մի քիչ էր մնացել, արդեն պետք է վերջանար: Բայց ես չէի հասցնի: Մտածում էի, որ չեմ հասցնի: Այդ թմբուկներն ու պղնձե ժեշտերը, որոնք այդքան աղմուկ են հանում: Այն փայտիկները, որոնք րոպեում այդքան հարվածներ են կատարում: Իմ սիրտն էր այդքան հարված կատարում: Սառը քրտինքը պատել էր ինձ: Գիտակցությունս չէի կորցնում համառորեն: Այդ խավար զանգվածի մեջ թպրտում էի սրտիս հարվածներից, մինչև այդ ամենին չմիացան  դատաստանի քառասուն գիթառները: Ես հենց այդպես դա անվանեցի: Հենց առաջին հնչյուններից: Պահելով թմբուկների սրտիս ռիթմը` այդ գիթառները սկսեցին սղոցել ողջ մարմինս: Դրանք կարծես փշալարերի էին դեմ տվել հոգիս ու միացրել էին այդ փշալարերին վեց հազար վոլտ հոսանք: Ինձ մոտ դևի տրամադրություն էր, ով ատում էր ամեն ինչը: Բացարձակապես ամեն ինչը: Արևն ու լուսինը, մորն ու հորը, ԱՄԵՆ ԻՆՉ: Դա կատաղի զգացում էր: Դա հզոր զգացում էր: Ատելության զգացումը հստակ տարբերակելուց հետո սիրտս սկսեց ավելի ռիթմիկ խփել: Գիթառների աղմուկը դարձավ մեղեդային: Ես սկսեցի զգալ այն ողջ ուժը, որ ամփոփված էր այդ խավարի մեջ:Սակայն չէի կարողանում վեր կենալ, ոտքի կանգնել, հասնել հեռախոսին: Սիրտս ճաքում էր: Ես առնում էի  մեռելահոտ սեփական քրտինքիցս: Պետք էր բացել գոնե լուսամուտը:Ես պառկած էի գետնին ու նյարդային թպրտում էի:
 Երաժշտությունն ավարտվեց: Ավարտվեց գիթառների լռությամբ ու բասերի դադարմամբ: Ավարտվեց հաղթական շեփորի երկար նոտայով: Դրա մեջ կար լույս ու արև, դա տանում էր դեպի երկինք: Կար մի բան այդ նոտայի մեջ, որ հիշեցնում էր ամպերի ու պիժամաների մասին: Ես ուղեկցում էի այդ հնչյունը հայացքով: Բասեր չկային: Երաժշտությունն ավարտվել էր:
 Չգիտեմ ինչքան ժամանակ հետո կիսագիտակից վիճակով սկսեցի լսել հեռավոր, բայց կատաղի հարվածներ: Մեղեդի չկար, միայն հուսահատ ու զարհուրած հարվածներ: Կային մարդկանց ձայներ նույնպես: Տարբերակում էի որշ արտահայտություններ:
- Բախտը բերել ա, տունը մարդ ա եկել…
- Ինֆարկտ ա, հա՞…
- Ճանապարհ տվեք…
- Կոմպը, լավ ա, կոմպը լրիվ չի պաժառ տվել…


P.S.
 Հեյ, մենք արդեն ծանոթ ենք, չէ՞: Ես քեզ պատմել եմ արդեն չորս ամիս առաջ գլխովս անցածի մասին: Գիտեմ, ամենահաճելի պատմությունը չէր: Շատերին էլ չեմ պատմել: Հասկանում եք երևի` գժի տեղ են դնում:
 Դրա փոխարեն կարգին տեղ եմ գտել կենտրոնում, լսած կլինեք` «Մելոմանիա»: Փաբ է, իսկական փաբ: Ինձ ճիշտն ասած անունն է գրավել: Ինչ-որ բան հիշեցնում է, չեմ հիշում ոչ մի կերպ: Մի շատ կարևոր բան: Աղոտ բաներ են` մելոմանիա էյեմ....հմ: Հերն էլ անիծած:
 Էստեղի մասսան էլ դուրս գալիս է: Երաժշտությունն էլ, ոնց-որ ընտրված լինի: Էստեղ մի հատ տղա էլ կա, մեկ-մեկ հետը խոսում եմ` Հարութը: Նիհար ու բոյով տղա է, տեսած էլ կլինեք: Էլի լավ դեմքեր կան ու կարևորը երաժշտությունն էլ  ընտիր է:
 Ի դեպ, ձեռքերս չեն դողում էլ: Այդ ամենի մասին գրելուց հետո ինքս ոչ մի անգամ չեմ կարդացել: Ինչիս է պետք...առանց այն էլ հազիվ պրծա բոլոր ասոցացիաներից ու վախերից: Մի բան իրոք ափսոս է սակայն` ֆայլը կորավ...: Բայց դա էլ ոչինչ: Ամեն ինչ ետևում է: Կհանդիպենք «Մելոմանիա»-ում (am?)

No comments:

Post a Comment