
***
Պաշտոնական հրապարակումից հետո Ալդա Մոմյանը, ով այսպես կոչված
ճիճուների գյուտի հիմնական հեղինակն էր, բոլորից առաջ ընկնելով, շտապեց ինստիտուտ:
Աչքերը ցավում էին ու անվերջ արցունքոտվում, բայց ճիճուների ցուցաբերած վարքն անհապաղ
ուսումնասիրման կարիք ուներ: Վարելով իր քրոսրովերը` աղջիկը ստիպված էր լինում մեկընդմիշտ
սրբել աչքերը մատով, ակնոցի տակից, աշխատելով չկեղտոտել ապակիները: Լուսանկարիչների
թիրախում նա մեկ էլ հայտնվել էր հինգ տարի առաջ, երբ իր բացահայտման մասին առաջին անգամ
հայտարարվեց Կլիմայի փոփոխությունների հարցով վիեննական գագաթաժողովի ժամանակ: Հնարավոր
է` այն ժամանակ ոչ ոք լուրջ չէր վերաբերվել երիտասարդ գիտնականի, այն էլ` համալսարանը
նոր ավարտած աղջկա գյուտին, բայց հիմա ողջ աշխարհն էր սեւեռված նրա ճիճուների վրա,
որոնցից ամենախոշորները գալարվում էին աղջկա կողքի նստատեղին դրված մետաղական տուփի
մեջ: Թեեւ պաշտոնական հրապարակման ժամանակ տեղի ունեցած ներկայացման ժամանակ երկու
ճիճուներն էլ պլաստիկի ահագին` հարյուր գրամանոց կտորներ կերան, նրանք այնպես էին խլրտում
պղնձե տուփի մեջ, ասես ինչ-որ բան էին պահանջում:
Իսկ ի՞նչ կարող էին պահանջել ուղեղի փոխարեն նյարդային ընդամենը
մի քանի հանգույց ունեցող օրգանիզմները: Ալդա Մոմյանը մտածեց, որ հնարավոր է`դրանք
ուզում էին մաս ունենալ նաեւ իրենց շնորհիվ ձեռք բերված փառքից: Բայց ինչպիսի ուժով
են նրանք հիմա գալարվում: Ալդա Մոմյանը ձեռքը դրեց տուփի վրա` ընդամենը մեկ վայրկյան
կտրելով հայացքը ճանապարհից: Ինչքան աշխույժ են ճիճուները: Լաբորատորիայում, սովորաբար,
բոլոր փորձերն իրականացվում էին երկուսից երեք սանտիմետրանոց օրինակների հետ: Պլաստիկ
խժռող անողնաշարավորները խոստանում էին լուծել մոլորակի աղտոտվածության հարցը` կուլ
տալով չվերամշակվող ողջ քիմիան: Իհարկե` այդպիսի հրաշքը պետք է ստանար իր բաժին փառքը:
Բայց որ այսպե՞ս ակտիվ լինի այդ հրաշքը: Ալդա Մոմյանը նորից դրեց ձեռքը տուփի վրա:
Դրա ներսում ասես ոչ թե ճիճուներ, այլ իսկական մկանոտ օձեր լինեին: Մուտացիա՞: Դիմացից
եկող մեքենայի հեռահար լույսերն ընկան ուղիղ մռմռացող աչքերի մեջ: Ալդա Մոմյանը բռնեց
ղեկը երկու ձեռքերով եւ անզգուշաբար վայր գցեց
պղնձյա տուփը գետնին: Աղջկա մեքենայի կողքով մեծ արագությամբ հսկա բեռնատար անցավ:
Աննա Մոմյանը հայացք նետեց մեքենայի ռետինե գորգիկն ուտող տասը սանտիմետրանոց մոխրագույն
ճիճուների բազմությանը: Դիմացից եկող սեդանը չհասցրեց փախցնել մեքենան հանդիպակաց գիծ
մտած քրոսրովերից: Պատառոտված ու կոտրված թիթեղների արանքից դուրս սողացած արարածները
սկսեցին համտեսել ասֆալտը...
***
Բախումն անխուսափելի էր: Ճիճուները սողում էին միմյանց ուղղությամբ`
տերեւների եւ չորացած ճյուղերի վրայով: Նրանցից քիչ հեռու` վայրի մորենու թփի տակ,
ընկած էր սպիտակ գույնի պլաստմասե բաժակ: Ճիճուների մենամարտը սկսվեց անմիջապես հանդիպելուց
հետո: Նրանց մարմինները մահացու կռվում գալարվեցին երկու օր, եւ միայն երրորդ օրը կողմերից
մեկին լքեցին վերջին ուժերը: Հաղթողը ստացավ մեկ շաբաթ եւս` գոյատեւելու անծայրածիր
գերեզմանոցում եւ փնտրելու պլաստիկի որեւէ մոռացված կտոր:
Նկարի աղբյուրը` http://ic.pics.livejournal.com/felbert/22334356/4469174/4469174_600.jpg
No comments:
Post a Comment