Thursday, November 29, 2012

Մոգերի դրախտը


Ազգային գրադարանում տեղի ունեցած մեծ հրդեհից հետո նրանցից մնացին ընդամենը երեքը: Նստում էին նրանք բոլորից առանձին: Իրենց պահում էին բարեկիրթ արժանապատվությամբ, անցնելիս ժպտում և բարևում էին մյուսներին: Երբեմն նրանց էին մոտենում: Մոտեցողներն իրենց պահում էին համեստ և դրսևորում էին քաղաքավարության և նրբանկատության լավագույն կողմերը` ամուր ծալելով շքեղ, սպիտակ փետուրներով հսկա թևերը: Այդպիսի թևերը կարող էին նեղացնել (ո՜չ, ո՜չ, ոչ երբեք ստորացնել, պարզապես նեղացնել) նրանց, չէ որ մեջքի  վրա աճող այդ լրացուցիչ վերջույթները նրանց մոտ զարգացած էին շատ ավելի վատ: Դրանք ընդամենը գորշա-մոխրագույն թևիկներ էին, նման հնդկահավի մի քանի շաբատական ճուտիկի թևերի:
Երբ լինում էին միայն երեքով, սովորաբար նստում էին հարավ-արևելյան ուղղությամբ շարժվող ամպերից մեկի վրա, կախում ոտքերն ու նայում ցած: Նրանք վայելում էին օդի տաք հոսանքն ու զրուցում իրենց հարազատ թեմաներից: Բ.-ն պատմում էր մեքենաների, Կ.-ն սիրում էր ձկնորսությունն, իսկ Տ.-ին հետաքրքրում էր միայն ու միայն երաժշտությունը: Ժամանակ առ ժամանակ նրանց զրույցն ընդհատում էր թևավոր գործընկերներից մեկն, ով կարող էր բացականչել հարևան ամպից: Օրինակ այսպես`
-Հեեեեե~յ, Կ., հարազատս, լավ տեսք ունես, ինչպե՞ս ես, անցած շաբաթ հիշել էի քո գրքերից մեկի մասին, այն մեկը որ, դե այն որ.....դե դու գիտես, այն որը, սկսվում էր.....Կ., սիրելի՜ս, ինձ կանչում են, ես շտապեմ, մինչ նոր հանդիպում:
Իսկ Կ.-ն կթափահարեր իր ձեռքն ու կասեր` ցտեսություն: Ու նրանք երեքով կշարունակեին լողալ հարավ-արևելյան հոսանքով` հարմարավետ նստած տաք ամպերի մեջ: Մի ուրիշ արևոտ օր (այնտեղ, որտեղ նրանք էին միշտ արևոտ օրեր էին լինում) կհանդիպեր ճերմակ թևերը մեջքի հետևում պահած ուրիշ մեկն, ով ձայն կտար Բ.-ին.
-Հարգարժան Բ., ինպե՞ս է ձեր տրամադրությունը, փառավոր օր է, այդպես չէ՞: Շուտով կվերջացնեմ ձեր լավագույն գիրքը, որտեղ...որտեղ...այն, որտեղ հերոսները....ը-ըըըըմ, սիրելի Բ., դե դուք իմացաք որ գրքի մասին եմ ասում, անպայման կվերջացնեմ ընթերցանությունն ու կասեմ վերջնական կարծիքս: Մնաք բարո~վ:
-Մնաք բարով,-կասեր Բ.-ն ու ձեռքով կաներ իր երբեմնի գործընկերոջը, հանճարեղ գործընկերոջը: Իսկ Տ.-ն կասեր, որ վերջերս էր կարդացել նրա գիրքն ու իսկական ցնծություն էր ապրել անզուգական հանգից և ոճից: Նրա հետ կհամաձայնվեին և՜ Կ.-ն, և՜ Բ.-ն:
Նրանք սիրում էին նաև դիտել երկիրը, որը տարածվում էր ներքևում, շատ հեռու, այնքան հեռու, որ մեծ քաղաքները երևում էին ափի չափ սև լաքաներ, իսկ փոքր գյուղերը չէին երևում ընդհանրապես: Այդպիսի մի օր, երբ նրանք կլանված նայում էին ցած, քաղաքներից նկատվեցին կարմիր բոցի փայլեր: Դա հրդեհ էր, ու նայելով հրդեհին, նրանց եթերային մարմիններով դող անցավ: Դա վառվում էր Դ,-ի անվան հանրային գրադարանը...
Քիչ անց նրանք մնացին երկուսով: Նրանց հետ չկար այլևս Տ.-ն, որ լքեց նրանց անսպասելիորեն: Նա ուղղակի անհետացավ, այնքան արագ, ինչքան արագ էլ հալվեց հրդեհի բոցերի մեջ նրա գրքերից վերջինը, միակ հատորյակը, որ դեռ նշվում էր գրադարանների գրացանկերում:
Ժամանակը նմանվում է հանդարտ ծովի, երբ ամեն օր շողում է արևն ու փչում է հարավ-արևելյան քամին: Քամին փչեց շատ տասնյակ տարիներ ու շատ տասնյակ անգամներ հանդիպեցին հսկայական սպիտակ թևերը մեջքի հետևում համեստաբար պահած գործընկերներ, որոնք խոստացան կարդալ նրանց գրքերը: Շատ տասնյակ անգամներ Բ.-ն պատմեց մեքենաների մասին, իսկ Կ.-ն ձկնորսության: Շատ տասնյակ անգամներ նրանք կարդացին շատ տասնյակ գրքեր ու միշտ ասացին, որ գրքերն այդ հանճարեղ են: Ու շատ տասնյակ կնիքներ ու նույնքան էլ ստորագրություններ դրվեցին այն թղթի տակ, որի համաձայն պետք է ուտիլիզացվեին ավելորդ թղթային պահուստները բոլոր հանրային գրադարաններից: Եվ Բ.-ն մնաց միայնակ:
 Ամբողջ օրը նա նայում էր ցած կամ շրջում դեմքը դեպի քամին ու թողնում, որպեսզի այն շոյի իր մազերը տաք մատներով: Ամպը տանում էր նրան բարձր երկնքով սև լաքայի նման քաղաքների վրայով: Օրեր շարունակ Բ.-ն նայում էր ցած, նայում էր այդ լաքաներին, որտեղ, շատ հեռվում, ապրում էին մարդիկ, ապրում էին իրենց հոգսերով, իրենց ժամանակով և բաբախող սրտերով: Նրանք ողջ օրը քայլում էին մի կետից մյուսը, երբեմն վերցնելով իրենց ճանապարհին հանդիպած գրքերն ու շեղելով իրենց մտքերի իներտ ընթացքը: Բ.-ն նայում էր այդ գրեթե մտացածին մարդկանց ու փորձում կռահել, թե ի՞նչ են նրանք կարդում, ու՞ր են գնում և կհանդիպի արդյոք նրանց իր գիրքը: Ու մի արևոտ օր (ավելի արևոտ քան սովորաբար լինում էր այնտեղ) սև լաքաներից մեկում Ա. Պ. անունով մեկը գտավ գրավաճառի մոտից փոշոտ հատորյակն ու կարդաց վրան Բ. անունն ու որոշեց գնել այն:
Հաջորդ օրը Բ.-ն տեսավ սիպ-սպիտակ թևերը նրբանկատորեն ծալած գործընկերոջը:
-Ողջույն, Բ.,-ասաց գործընկերը,-շատ լավ տեսք ունես այսօր
-Շնորհակալ եմ,-շոյվեց Բ.-ն:
-Ի՞նչ հետաքրքիր են այսօր թևերդ, Բ., նրանք նորից աճու՞մ են:
Բ.-ն փորձեց տեսնել իր թևերը: Դա երբեք նրան չէր հաջողվել, վերջիններիս անհույս գաճաճության պատճառով: Սակայն այս անգամ նրան հաջողվեց աչքի ծայրով որսալ գրեթե ձյունաճերմակ փետուրների ծայրը:
-Շնորհավորում եմ,-ասաց նրան գործընկերն ու բացեց իր հսկայական թևերը,-շնորհավորու եմի դեպ, հուշիր գրքիդ անունը
P.S.
Սա ռոմանտիկ պատմություն է: Ես չեմ զղջում այս ռոմանտիզմի համար:
P.S.
Ես ամեն օր տեսնում եմ շատ տարիներ առաջ տպագրված գրքեր, որոնց հեղինակներն անհայտ են: Ու ես չգիտեմ, թե ուր են նրանք և ինչ են մտածել այդ գրքերը գրելիս:
P.S.

Հավատում եմ գրքի մոգությանը:

Monday, November 26, 2012

Գրառում (Կապիտան Նորյան)


« ...Այս մարդիկ պատմում էին իրենց երազները և խոսում գիշերվա մասին: Ես ամեն առավոտ հետաքրքրությամբ հետևում էի, թե ինչպես են դրանք, տրորելով աչքերը, հավաքվում առավոտյան խարույկի շուրջ, և մինչ պատրաստ կլիներ նախաճաշը, պատմում էին իրենց տեսած երազների  ու լավ քնած լինել-չլինելու մասին: Ինձ նրանք համարում էին օտար աշխարհի ոգի և խուսափում էին վրաս նայելուց, թեպետ իրենց ուտելիքից բաժին էին անում ինձ: Ուտելիքը նրանց որսած կենդանիների միսն էր: Միայն մեկ անգամ ես փորձեցի այդ միսը, ինչից հետո ստիպված եղա մի քանի օր անընդհատ փսխել և տառապել աղիքներիս գալարումներից: Եվ նույնիսկ այն պահերին, երբ ես թպրտում էի, հետ տալով նրանց անմարսելի սնուդը, նրանցից ոչ ոք ուշադրություն չդարձրեց ինձ և մոտ չեկավ: Դա թերևս լավ էր, քանի որ ես կարողանում էի ավելի շատ ժամանակ տրամադրել միջաստղային նավս վերանորոգելու համար: Պետք է  նշեմ, որ նավը, ինձ պես մնալով նրանց ուշադրությունից դուրս, այնուամենայնիվ թողել էր իր ազդեցությունն այդ էակների վրա, քանի որ նրանցից շատերի երազներում հանդիպում էր երկնքից իջնող լուսավոր գունդը: Ընդհանրապես, նրանք պատմում էին բավականին ուշարժան և զարմանալի երազներ: Նրանցից ամենաավագը, որ միշտ ձեռքում բռնած էր ունենում խոշոր կենդանու ոսկրից պատրաստված գավազանը, առաջինն էր սկսում պատմել իր քնի և երազների մասին: Նա տեսնում էր բազեներ և արձակված նետեր, ժայռեր և այդ ժայռերի տակ ընկած կենդանիներ, որոնց անունները ես չեմ կարողանում մտաբերել, քանի որ այդպես էլ չկարողացա պարզել, թե ինչ տիպի կենդանիներ էին դրանք: Ավագը տեսնում էր նաև այլ բնույթի երազներ, որտեղ նրան այցելության էին գալիս իր նախնիները և հուշում մոտեցող քամիների մասին: Հենց այդ ավագն էլ առաջին անգամ պատմեց երկնքից ընկնող գնդի մասին և ասաց, որ հիմա իրենց հետ է օտար ոգին, որին պետք չէ արձագանքել և աղոթքներ ուղել:
Հաջորդ անգամ երկնքից ընկնող գնդի մասին պատմեց երիտասարդ կանանցից մեկը: Նա ասաց, որ տեսել է, թե ինչպես է կայծն ընկնում իրենց ցեղի ճամբարի վրա: Նա ասաց նաև, որ փայլուն քարից (հավանաբար ի նկատի ուներ մետաղը) պատրաստված ժայռը, որ գտնվում է իրենց ճամբարի մոտ պատկանում է օտար ոգուն: Նա զգուշացրեց իր ցեղակիցներին, որ ցանկացած մեկն, ով կմոտենա այդ ժայռին` կսպանվի լույսային նետով:
Ցեղի մյուս անդամները ևս գրեթե ամեն օր հիշատակում էին լուսավոր նետերի, փայլուն քարի և լուսավոր գնդի մասին: Ու ասես կարմիր գծով` բոլորի մոտ կրկնվում էր օտար ոգի արտահայտությունը: Լավ է, որ նրանց լեզուն բաղկացած էր ընդամենը 416 բառից և տարրական քերականություն ուներ, ինչի շնորհիվ իմ ունիվերսալ թարգմանիչը հասցնում էր վերծանել նրանց ձայներն ակնթարթորեն:
Ես ներկա էի լինում նրանց առավոտյան ծեսին ամեն օր, իսկ հետո զբաղվում էի նավի շարժիչի վերանորոգմամբ: Ինձ չէին հերիքում որոշ գիտելիքներ և գործիքներ, ինչը բարդացնում էր աշխատանքս` հետաձգելով այն բաղձալի պահը, երբ պետք է դուրս գայի այդ վայրենի աշխարհից դեպի տիեզերական ընդարձակ ու համատարած խավարը և ուղղություն բռնեի դեպի տուն: Անցել էին  տասնմեկ տեղական օր, այն պահից, երբ ընկել էր «լուսավոր գունդը» , սակայն ես չէի վերջացնում վերանորոգչական աշխատանքներս, իսկ միայնության վիշտը, որ պարուրուրում էր ինձ ամեն ժամ, ավելի ու ավելի ռոմանտիկ ու սենտիմանտալ էր դարձնում ինձ: Տեղաբնիկների երազներն էլ իրենց հերթին չէին դադարում զարմացնել: Ամեն օր ցեղակիցներից ինչ-որ մեկը կարողանում էր իր երազի միջոցով պարզել այդ օրվա որսացույի գտնվելու վայրը և որսի ռազմավարությունը: Նրանց երազները, ի զարմանս ինձ, քանի որ դրանք ընդամենը կիսաբանական վայրենիների երազներ էին, ունեին մի քանի շերտեր և դրանք վերլուծելու դեպքում ի հայտ էին գալիս մի շարք անձնական կարևորագույն հատկանիշներ և ոչ պակաս կարևոր գիտելիքներ մտավոր մոգության և այլընտրանքային տեսողության վերաբերյալ: Իմ հայրենի աշխարհում նման ունակությունների հասանելի լինելը հնարավոր էր դարձել միայն բարձր զարգացած տեխնոլոգիաների դարում, երբ կատարվեցին մի շարք հեղափոխական (թեև արհեստական) մուտացիաներ և ակտիվացվեցին ուղեղի որոշակի հատվածներ: Իսկ այս վայրենիները կարողանում էին գտնել իրենց անմիանշանակ երազների ճիշտ նշանակությունը և ավելին` հաճախ կարողանում էին երազների կոլեկտիվ վերծանումների (որոնք ենթադրաբար ուղեկցվում էին մեդիտացիայով) շնորհիվ ի կատար ածել երազը:
Այն օրը, երբ ես արդեն մոտ էի բոլոր տեսակի պատրաստությունները և նորոգումները ավարտելուն, տեղի ունեցավ դժբախտություն: Ես չէի նկատել, թե ինչպես հայտնվեց այդ գազանը: Նա ուներ երկար դուս ցցված ատամներ, բծավոր մորթի և չափսերով գերազանցում էր ինձ մի քանի անգամ: Գազանը կատաղած էր երևում: Նա, արձակելով ահասարսուռ ձայներ վազում էր դեպի իմ նավը, այն նավը, որը ես պատրաստվում էի գործի գցել և լքել այդ աշխարհը, որն այնքան խորթ էր ինձ: Գազանն արդեն մոտենում էր, երբ ես որոշեցի ամեն գնով փրկել իմ միակ տրանսպորտային միջոցը: Ես հանեցի գոտուս ետևից ատրճանակը, նշան բռնեցի և մի քանի անգամ կրակեցի գազանին լազերային ճառագայթներով: Դա բավական եղավ, որպեսզի կենդանին շեղի իր ուղղությունը և չդիպչի նավին, սակայն բավական չեղավ, որպեզի լիովին վնասազերծի նրան: Մինչ ես փորձում էի նորից նշան բռնել, երևացին տեղաբնիկներից մի քանիսը և, իրար ձեռք բռնած, սկսեցին հետևել տեղի ունեցողին: Ես նորից կրակեցի: Այս անգամ ճառագայթները դիպան կենդանու գլխին: Նրա մարմնով դող անցավ, նա սկսեց անկանոն ցատկոտել և ( ինչը ծայրահեղ ողբերգական էր) սկսեց մոտենալ նավիս: Ես փորձեցի էլի կրակել, բայց իզուր, կենդանուն կանգնացնել չէր լինում, գազանն արդեն հասել էր նավին և գլխով ու հսկայական մագիլներով զինված թաթերով հարվածում էր միջաստղային տրանսպորտին: Ես անհույս կրակում էի, այնքան անհույս, որ չէի հասցնում ինչպես հարկն է նշան բռնել և ճառագայթներից մեկը դիպավ նավի դիմային հայլեապատ ապակիներից մեկին և անդրադարձվեց հետ: Ես լսեցի ճիչը և շրջվեցի: Տեղացիներից մեկը ծնկի էր եկել: Նրա ընկերները բռնել էին նրա ձեռքերից: Կրծքից արուն էր հոսում: Այդտեղ էլ լսվեց այն հյութալի խռթոցը, որով կոտրվում է շարժիչի ճենապակյա գեներատորը, որը վերանորոգել ոչ մի կերպ հնարավոր չէ և առանց որի շարժին այլևս պիտանի չէ: Հուսահառտությունից ես նստեցի գետնին: Դիմացս հոգևարքի մեջ գտնվող կենդանին էր` ընկած ծխացող նավի բեկորների վրա, հետևումս սպանված տեղաբիկը և նրա շուրջ գոյացած իրարանցումը:
Այդ գիշեր գնացի ճամբարի մոտ: Այնտեղ վառված էր ավելի մեծ խարույկ, քան վառվում էր սովորաբար: Զարմանքիս չափ չկար, երբ տեսնելով ինձ, տեղաբնիկները ոտքի ելան և մի կողմ քաշվեցին` ճանապարհ բացելով ինձ դեպի խարույկը: Ես անցա նրա նրանց բացած ճանապարհով ու տեսա խարույկի մոտ կանգնած ավագին ում կիսախելագար (կարելի է ասել նաև կրքոտ) աչքերը նայում էին ինձ: Ես բավականաչափ նյարդային էի և հոգնած`այդպիսի լարվածությանը երկար դիմանալու համար, սակայն շուտով ավագը, բարձրացնելով իր ոսկրե գավազանը, սկսեց խոսալ և ես հավաքեցի բոլոր ուժերս` նրա ասածն ընկալելու համար:
Ինչպես հետևեց ավագ տեղաբնիկի ասած խոսքերից, նրանք տեղյակ էին, որ ես պատկանում եմ ուրիշ աշխարհի: Նրանք փորձում էին չնկատել ինձ` հույս ունենալով, որ դա կստիպի ինձ ավելի արագ հեռանալ իրենց աշխարհից, քանի որ միայն այն է առկա իրենց աշխարհում, ինչ ընկալվում է իրենց կողմից: Սակայն տեղաբնիկների մոտ չի ստացվել լիովին արհամարհել իմ գոյությունը ( դա արտահայտվել է ոչ միայն ինձ ուտելիքի բաժին տրամադրելով, այլև իմ հագուստի և մարիմնի ուսումնասիրություններով` այն ժամանակ, երբ ես եղել եմ քնած): Հետո նա պատմեց, որ գիտի ուրիշ աշխարհների մասին, որտեղ ինձ պես օտարները կատարել են մեծ ու ավերիչ գործեր և խախտել կապը երազների հետ:
Ես լսում էի նրան ավելի քան ուշադիր, քանի որ չէի սպասում նման վայրենուց այդքան կապակցված խոսքեր և այդքան առողջ վերլուծական միտք: Այդ պահին ափսոսում էի, որ ողջ ժամանակս ծախսել եմ նավի վերանորոգման, այլ ոչ թե այս հետաքրքիր ժողովրդին ուսումնասիրելու համար: Վերջապես ավագը մի պահ լռեց ու նայեց իր գավազանի ծայրին: Նրա աչքերն այդ ընթացքում լցվեցին ավելի մեծ եռանդով ու մոլեգին խանդավառությամբ քան առաջ: Այսպիսով, ասաց նա, հիմա մենք դուրս կհանենք քեզ մեր աշխարհից: Ես չհասցրեցի նունիսկ ներողություն խնդրել անմեղ սպանվածի համար: Քթիս տակ ինչ-որ ծուխ  զգացի և ընկա արդեն խորը քնի մեջ:

Ես տեսնում էի երազ, որտեղ շրջապատված էի այդ ցեղի տարբեր անդամներով: Նրանք բոլորը պարում էին կամ պատմում իրար իրենց երազները: Նրանք պատմում էին հեռավոր թռիչքների և գերխոշոր աստղերի մասին: Նրանք գիտեին մոլորակների և նրանց միջև սլացող տիեզերանավերի մասին: Այդ երազներում նրանք ուղեկցում էին ինձ մի կետից մյուսը` անցկացնելով ինձ ամենաբազմազան աստղերի կողմով: Նրանք փոխանցում էին ինձ միմյանց և շանունակում ընթացքը: Գնալով ես ավելի դժվար էի հասկանում նրանց խոսակցությունները, իսկ ավելի հաճախ սուզվում էի սեփական երազիս մեջ, որն իրենից ներկայացնում էր իոնացված դատարկ տարածք միայն:
Ես արթնացա ավազի վրա պառկած: Հագիս իմ շորերն էին, որոնք մի քիչ խոնավ էին ծովի ջրից: Ես պառկած էի ծովի ափին` շրջապատված մի խումբ հետաքրքրասերներով: Նրանք հարցնում էին, թե չեմ սառել ես արդյոք` ողջ գիշեր ափին գիշերելով: Ես չէի գտնում բառեր` նրանց պատասխանելու համար ու , կարելի է ասել, կորցրել էի խոսալու ունակությունս: Հետո նրանցից ինչ-որ մեկը կանչեց շտապ օգնություն: Միայն բժիշկների գալուց հետո ես հասկացա, որ գտնվում եմ հարազատ մոլորակում` հարազատ աշխարհում: Անցան մի քանի ժամեր ևս, որոնց ընթացքում ես անըդհատ կուլ էի տալիս հաբեր, պատասխանում ռազմական, ոստիկանական, տիեզերական վարչութույան և այլ պաշտոնյաների հարցերին: Եկավ այն պահը, երբ ես նորից կարող էի քնել:
Քունը վրա հասավ սև սավանի պես: Առանց երազների: Հաջորդ առավոտյան ինձ տեղափոխեցին վերականգնողական մեկուսարան, որտեղից էլ գրում եմ այս տողերը:
կապիտան Նորյան»

Thursday, November 1, 2012

ՊԱՏԱՀԱԿԱՆ


Այստեղ հագնվիր ինչպես ուզում ես, քաշիր վրադ ուղտի բրդից բլուզներ,դիր գլխիդ կզաքիսի մորթուց գլխարկն ու զրահապատվիր ամենատաք «դուբլյոնկայով»: Անիմաստ է: Միևնունն է ցուրտն իր սուր ասեղներով հասնելու է մարմնիդ ու ստիպելու է ավելի արագ շարժվել, ավելի նպատակասլաց լինել դեպի տաք ու ջեռուցվող նշանակակետը: Մոսկվայում միշտ է այդպես: Այսինքն այդպես է այնտեղ ձմեռները, իսկ ես երբեք չեմ եղել այդ քաղաքում տարվա այլ եղանակի: Ինձ մոտ այդ քաղաքն ասոցացվում է Ա կետից Բ կետը վազքի, կտուրներից կախված սպառնալից սառույցների և սղլիկ մայթերի հետ: Հենց այդպիսի մի վազքի ժամանակ էլ ես հանդիպեցի վաղեմի ծանոթ Սեդրակ Եղյանին ու մինչ փորձում էի տեղը բերել` ճանաչում նրան եմ դպրոցից թե համալսարանից, կորցրեցի հավասարակշռությունս և ընկա սառցեպատ մայթի վրա: Իսկույն և հիշեցի` Սեդրակի հետ սովորել եմ դպրոցում` ավագ դասարաններում միայն: Նա կանգնած էր այժմ իմ վերևում և լայն ժպիտով պարզել էր երկար ու չափից շատ նուրբ ձեռքը:
-Չճանաչեցի՞ր, բարեկամ,-ասաց նա` մերկացնելով ատամները,-չճանաչեցի՞ր հին ընկերոջդ:
Ահա: Ընկեր: Նրա հետ երբեք առանձնապես մոտիկ չեմ եղել: Սեդրակը պատկանում էր գեր-գերազանցիկների դասին և միշտ գտնվում էր դրանց հատուկ  «օլիմպիադական» գործուղումներում: Համապատասխանաբար սովորություն ուներ ցցել քիթը:
-Սեդրակ Եղյան,-ասացի ես ոտքի կանգնելով,-այ թե հանդիպում, քանի՞ տարի է անցել: Сколько лет, сколько зим:
-Տասնհի՞նգ: Տասնվե՜ց,-ուրախ ասաց նա,-այսպիսի հանդիպումը նշել է պետք, չէ՞:
-Մեծ ուրախությամբ, ցավդ տանեմ,-ասացի ես,-բայց հենց հիմա կարևոր հանդիպման եմ շտապում, արդեն ուշանում եմ….ամեն դեպքում, ասա՜, ի՞նչ գործ ունես Մոսկվայում այս սառնամանիքին?
-Խնդրում եմ,-ասաց նա,-հրավիր ինձ մի տեղ, մի բան խմենք, այնտեղ էլ կպատմեմ ամեն ինչ:
Սեդրակի հետ սովորել եմ ընդամենը երկու տարի` վերջին երկու դասարաններում: Դպրոցում նա բոլորից խելացի էր, բոլորից գեղեցիկ, բոլորից համարձակ ու բոլորից էլիտար: Հետո էլ նրա մասին գրում էին թերթերը, մի քանի անգամ տարվա մեջ անպայման երևում էր հեռուստացույցին և կարծես միշտ մնում էր համար առաջինը: Դա նույնիսկ բնավորություն է: Կամ ճակատագիր: Կան մարդիկ, որ նախատեսված են առաջինը լինելու համար: Իսկ հիմա նա հայտնվել է իմ առջև, Մոսկվայում, ինչ-որ ոչ ձմեռային հագուստով, մինուս քսան սառնամանիքի ժամանակ և խնդրում է իրեն տեղ հրավիրե՞լ:
Նրա աչքերը կլորանում էին` լցվելով աղերսանքվ:
-Դե՞: Մի՜ մերժիր, հրավիրի՜ր, լա՞վ:
-Իսկ չե՞նք կարող հանդիպել երեկոյան,-փորձեցի դուրս գալ անհարմար իրավիճակից ես:
-Չէ՜,-ասաց,-հենց հիմա...խնդրում եմ:
Ես նայեցի ժամացույցին: Ինչ արած: Ստիպված կլինեմ արդարանալ ու ստել խցանումների կամ նման անհարմարություների մասին: Կարևոր հանդիպումս հետաձգվում էր:


-Մի քանի օր է, ոչ մի տեղ չեմ կարողանում դադար առնել,-ասում էր նա դատարկելով կրկնակի վիսկիի բաժակը,-եթե այնքան շռայլ ես, նորից պատվիրիր, խնդրում եմ:
Ես պատվիրեցի: Նրա տեսքն իրոք տանջված ու հոգնած էր: Նա, սակայն, նման չէր հարբեցողի: Դեմքը կարմիր չէր, աչքերը խամրած չէին, ձեռքերը չէին դողում: Ուղղակի հոգնած էր թվում: Ու սարսափելի տանջված: Հավանաբար սրճարանի տաքությունն ու անուշաբույր վիսկին էր պատճառը, որ ես փոխեցի տրամադրվածությունս ու բայրացակամ դարձա նրա հանդեպ:
-Դե՞,-ասացի,-պատմի՜ր, ի՞նչ գործ ունես այս ձյան մեջ, այն էլ էս տեսակ հագուստով:
-Շատ երկար պատմություն է ու...հավատու՞մ ես, երկու տարի է, ինչ չեմ կարողանում ոչ մեկին պատմել սրա մասին:
-Իսկ հիմա, ուրեմն,  կպատմե՞ս:
-Կփորձեմ, եթե իհարկե կկարողանաս լսել ինձ մինչև վերջ` առանց ինձ տեսադաշտից կորցնելու:
-Դե,-ասացի, եթե հենց հիմա այստեղ չմտնի մեր դասարանի Լենան, հիշու՞մ ես` մեծ կրծքերովը, շիկահերը...եթե նա ներս չմտնի այստեղ առնվազն երկու համարով մեծացած կրծքերով, ես քեզ տեսադաշտիցս չեմ կորցնի:
-Կատակում ես...բայց եթե նա հայտնվի հենց այստեղ հենց հիմա, ես չեմ զարմանա, հեչ չեմ զարմանա....ես այլևս չեմ զարմանում,-ասաց նա ու տխրեց: Դատարկեց երկրորդ բաժակը: Հարցական նայեց աչքերիս: Ես նորից պատվիրեցի: Նա վառեց առաջարկածս սիգարետն ու սկսեց պատմել:



-Հիշում ես երևի, որ ընդունվել էի ռադիոֆիզիկայի ֆակուլտետ: Լավ տարի էր: Երկրորդ սեմեստրի ժամանակ ես հանձնեցի արդեն երկրորդ կուրսի բոլոր առարկաների քննությունները:Կարծեմ դրա մասին գրեցին որոշ թերթերում: Հաջորդ ուսումնական տարվա սկզբին համալսարան եկավ պրոֆեսսոր Բյուզանդը: Նրա մասին հաստատ լսել ես, երկնային թագավորություն նրան: Նա եկավ համալսարան իր լաբորատորիայի համար աշխատակիցներ հավաքագրելու: Լսել էի, որ նա զբաղվում է հավանականության տեսությունը տարբեր ոլորտներում կիրառելով...մի խոսքով: Դա ինձ հետաքրքիր էր: Ես անցա նրա մոտ: Առանձնապես դժվար չէր ինձ համար: Չնայած, պետք է ասեմ, որ պրոֆեսսորի տված մինիմալ առաջադրանքները կարողացան անել 524 ուսանողներից ընդամենը երեքը: Հետո իր դերը խաղաց համառությունն ու հմայքը. Պրոֆեսսորն ընտրեց ինձ:
Սեդրակը կում արեց և լռեց: Լռեց բավականին երկար:
-Հետո՞,-ասացի ես:
-Հա՜: Առաջին տարիներին զբաղվում էինք հենց հարաբերականության տեսությամբ: Վերլուծում էինք տարբեր նանոֆիզիկական երևույթներ, փորձում գուշակել տարբեր ելքեր: Ես անցնում էի համալսարանի ծրագրերը, պաշտպանում էի կուրսայիններ ու դիպլոմայիններ: Համալսարանն ավարտելուց հետո պրոֆեսսորը մեկնեց երկրից: Մեկնեց շատ հանկարծակի` չասելով,թե ուր և ինչի համար: Ինձ շուտով վստահեցին ամբիոն: Ես մուտք գործեցի վերին ակադեմիական օղակներ, դարձա պաշտոնավոր: Դա այնքան հաճելի է, երբ երիտասարդ ես և ուժեղ:
-Մենք հիմա էլ ծեր չենք,-ուղղեցի նրան ես:
-Իհարկե,-ասաց նա,-բայց էլ չենք լինի քսան տարեկան,...հիշու՞մ ես այդպիսի երգ:
-Ծանոթ բան է,-ասացի ես,-իսկ ի՞նչ եղավ հետո:
-Ամբիոնի վարիչի աշխատանքը շատ ժամանակ էր խլում: Պրոֆեսոսորի թողած հետազոտությունները մնում էին չավարտված: Ես փորձում էի երբեմն աշխուժություն մտցնել գործերի մեջ, կազմակերպում էի գիտաժողովներ կամ քննարկումներ, սակայն չէի հասցնում լիարժեք նվիրվել այդ գործին: Պրոֆեսսորն էլ , ասես, վրդոհված չէր երևում: Նա զանգում էր գրեթե ամեն ամիս: Զանգում էր ամենաանհավանական տեղերից: Նա մեկ Սիբիրում էր, մեկ Կանադայում, հետո կարող էր զանգահարել Ավստրալիայից ու պատմել Սիդնեյում տեղացող անձրևների մասին: Երբ փորձում էի արդարանալ, որ չեմ հասցնում ինչպես հարկն է զբաղվել հետազոտություններով, հանգստացնում էր ինձ: Ոչինչ, շտապելու տեղ չկա:Հանդիպեցի նրա հետ սրանից երկու տարի առաջ: Նա վերադարձել էր Երևան և մի քանի օր անց հիվանդացել: Ես այցելեցի նրան: Այցելությանս ժամանակ խնդրել էր բոլոր բուժաշխատողներին հեռանալ և մենակ թողնել մեզ...
Նա կրկին լռեց: Երևի այդպես էլ կմնար լուռ, եթե նորից չընդհատեի լռությունը.
-Հետո՞:
-Դեռ մեր համատեղ աշխատանքի սկզբում նա խոսում էր տարբեր տեսակի պատահականությունների մասին: Ինչպե՞ս է, օրինակ, բոլորովին պատահականորեն ձեռքիդ տակ հայտնվում մի որևէ իր, որը փոխում է այդ պահին քո մտքերի ընթացքն ու նոր ճանապարհներ բացում առջևդ: Նա խոսում էր իմպուլսների մասին, որոնք մարդուն ստիպում են տեղից տեղ շարժվել, գործել, ինչ-որ բաներ անել, ստեղծել, մտածել, ոչնչացնել: Նա ասում էր, որ հնարավոր է գտնել այդ իմպուլսների հաջորդականության օրինաչափությունը, հնարավոր է կառավարել դրանք:
-Ու դա ձեզ մոտ ստացվու՞մ էր,-հարցրեցի ես:
-Ոչ: Մենք դա չէինք էլ փորձում: Այն ինչ նա ասում էր, ընդամենը սովորական զրույցներ էին երեկոյան թեյի ժամանակ, երբ մենք դուրս էինք գալիս լաբորատորիայից ու գնում մոտակա սրճարանը: Մի անգամ էլ նա պատմում էր մարդկային հանդիպումների մասին: Այ պատկերացրու, ասում էր նա, քայլում ես քեզ համար և հանդիպում ես մի հոգու, ում չես տեսել տարիներ շարունակ, մոռացել ես նրա գոյության մասին: Ու հարց է առաջանում` որտեղից հայտնվեց այդ մարդը: Բյուզանդն ասում էր, որ դա բարդ իմպուլսների ավելի բարդ հաջորդականությունների խճճված կծիկ է: Նա ասում էր, որ եթե մի օր հաջողվի գտնել այդ կծիկը քանդելու կամ օգտագործելու միջոցը` հնարավոր կլինի փոխել ամեն ինչ: Ամեն ինչ մոլորակի, տիեզերքի մակարդակով:
-Ես չեմ պատկերացնում դա,-ասացի ես,-ինչե՞ս կարելի է օգտագործել դա: Վերջ ի վերջո, այն մարդն, ում հանդիպում ես պատահական, երկար ճանապարհ է անցել մինչև քո առջև դուրս գալը, կայացրել է ինքնույն որոշումներ, գնացել է իր ճանապարհով...դա շատ բարդ է:
-Ավելի քան բարդ է,-հաստատեց նա` վերցնելով բաժակն իր բարակ մատներով,-ես կասեի, որ անհնարին է: Ես հիմա գիտեմ, որ դա անհնարին է: Ես դա հիմա առավել լավ գիտեմ, քան ինչ-որ մեկը...
-Շարունակի՜ր,-ասացի ես` լրիվ մոռանալով կարևոր հանդիպմանս մասին:
-Այն օրը, երբ այցելել էի պրոֆեսսոր Բյուզանդին, նա տվեց ինձ մի իր...որը....հիմա ես այստեղ եմ այդ իրի պատճառով:
-Եվ ի՞նչ էր դա:
-Գիրք: Դա գիրք էր: Բյուզանդն ասաց, որ դա «պատահական նյութականացումների գիրքն» է:
-Ի՞նչ:
-Ի հայտ գալու,-ասաց նա,-պրոֆեսսորը կարծում էր, որ բոլոր այն իրերը կամ մարդիկ, ում հանդիպում ենք պատահաբար, ի հայտ են գալիս հանդիպումից անմիջապես առաջ` ճեղքելով տարածական և ժամանակային բոլոր սահմանները:
-Ինչպե՞ս էր դա բացատրում Բյուզանդը:
-Նա ասում էր, որ գոյություն ունի տիեզերական կարգուկանոնի համընդհանուր պատկեր, որտեղ ամեն բան ունի իր տեղը, դիրքը և դասավորվածությունը: Ասում էր, որ այն ամենն, ինչ իր կամ այլ անձանց պատճառով շեղվել է նախնական դասավորվածությունից, վերադառնում է ճիշտ պահին, ճիշտ վայրում:
-Դժվար է դրան հավատալ...
-Այնուամենայնիվ պրոֆեսսորը տվեց ինձ գիրքն ու ասաց, որ դա իր կյանքի հիմնական աշխատանքն է, կյանքի նպատակն ու ողջ իմաստը:
-Ի՞նչ էր այդ գրքի մեջ,-հարցրեցի ես:
-Գրքի մեջ գծագրեր էին, ծածկագրեր, հաշվարկներ, տիեզերական մասշտաբների հաշվարկներ: Գիրքը լի էր հին սիմվոլներով և աստղագիտական աղյուսակներով: Օգտագործված էին հին հնդկացիական հաշվողական համակարգեր, եգիպտական նշաններ, արաբական տերմիններ...ես չէի կարող մինչ այդ ենթադրել, որ պրոֆեսսորն այդքան խորն է զբաղվում դրանցով: Ես շարունակում էի վերլուծել ու հասկանալ այդ գիրքը: Չեմ կարող ճշգրտորեն նկարագրել զգացումներս, բայց դա հասարակ գիրք չէր: Վերցնում էիր այդ գիրքը ձեռքերիդ մեջ ու ծանրություն էիր զգում: Սարսափելի ծանրություն: Դա ճնշում էր...Հուսով եմ մի օր էլի կհայտնվեմ այդ գրքի մոտ:
Նա նորից լռեց: Վերցրեց տուփից մեկ սիգարետ ևս ու սկսեց ծխել:
Չդիմացա.
-Հետո՞,-ասացի:
-Հետո ես կարողացա վերծանել որոշ հատվածներ...դրանք ահագին սրամիտ աստղագիտական հաշվարկներ էին, զուգորդված տարօրինակ տեքստերով: Գիտե՞ս ինչ տեքստեր էին: Տարօրինակ տեքստեր էին: Դրանցում ասվում էր որոշված խաղի մասին ու ասվում էր նաև անիծվածի մասին, ով պետք է թափառի խաղի տարբեր դաշտերում: Տեքստի ողջ իմաստը ես հասկացա արդեն...Իսպանիայում: Ես հայտնվեցի Սեգորբե քաղաքում, էնսիեռոյի ժամանակ: Ամբոխը վազում էր կատաղած ու վախեցած ցլերի դիմացով: Ես հայտնվեցի մի հարբած ծերունու կողքին, նա ինչ-որ կերպ սայթաքեց իմ ոտքի վրայով, ընկավ գետնին ու հաջորդ պահին սբակահար եղավ ցլերի կողմից…
Պատմության այսպիսի շարունակությունից ես մի քիչ փշաքաղվեցի: Չէի ասի, որ չհավատացի նրան: Բայց եկեք փաստենք, որ սա իրոք անհավանական է:
-Հաջորդ պահին ես հայտնվեցի Երևանում: Հանդիպեցի մեր հարևաններից մեկին: Նա գնումներով վերադառնում էր շուկայից: Կանգնեց ինձ բարևելու: Խոսացինք մոտ կես րոպե` «Ինչպե՞ս է առողջույունը, լավ եղանակ է»: Հետո նա գնաց, իսկ ես հայտնվեցի ծովում, հենց այդպես, հայտնվեցի ծովում: Այդ ժամանակ հագիս ջինս էր և տաք սվիտր: Ես հայտնվեցի մի աղջնակի կողքին, ով խեղդվում էր ալիքների մեջ: Հիշու՞մ ես, ես երկար ժամանակ զբաղվում էի լողով: Աղջկան փրկեցի: Մինչ նրան շրջապատել էին նրա հարազատները, ես հայտնվեցի Չիկագոյում…
-Սպասի՜ր, սպասի՜ր…-, չդիմացա ես,-այդ ինչպե՞ս էիր դու այս ու այնտեղ հայտնվում:
-Չգիտեմ: Հավանաբար ես հենց այն անիծյալն եմ, ով պետք է թափառի խաղի դաշտում:
-Զառանցանք է:
-Բայց, ցավոք, իրականություն…
-Այդ դեպքում ինչպե՞ս ես ողջ մնում: Ինչպե՞ս ես սնվում, հագնվում…
-Ես հայտնվում եմ տարբեր մարդկանց կյանքում և մնում այնքան, ինչքան նրանք ուշադրություն են դարձնում վրաս: Իմ առաքելությունները տարբեր են և շատ: Ես հայտնվում եմ և՜ անհրաժեշտ պահերին, և՜ թարս պահերին: Չգիտեմ ինչու է այդպես ու ինչ սկզբունքով է դա: Ամեն դեպքում ես մնում եմ այնքան, ինչքան որ իմ դերն է այդ մարդկանց կյանքերում...երբեմն խնդրում եմ ձգձգել դերը, խնդրում եմ օգնել...
-Ուրեմն...
-Այո՜, ես քեզ հանդիպեցի պատահական: Չգիտեմ ինչ դեր կունենա իմ հայտնվելը քո կյանքում: Ինձ տեսնելով դու ընկար: Հնարավոր է, որ դա կուշացներ քեզ քո հանդիպումից, ինչի արդյունքում կլինեին փոփոխություններ...
-Դրանք, ըստ քո տրամաբանության, արդեն եղել են:
-Դե...կներես,-ասաց նա ու ժպտաց:
Ես մնացի տարակուսած: Չէի կարողանում հասկանալ` լուրջ է ասում նա, թե կատակ է անում: Միգուցե ցնդել է: Հեռախոսս զանգեց: Նայեցի էկրանին: Իմ գործընկերներն էին: Վեր կացա սեղանից: Երբ գործնական զանգ եմ ստանում, սիրում եմ քայլելով խոսել: Այդպես թաքցնում եմ նյադայնությունս: Նրանք մեղադրում էին ինձ ուշանալու համար: Ես արդարանում էի և ասում, որ կաշխատեմ ժամանել ինչքան հնարավոր է շուտ: Սեղանին վերադառնալիս տեսա, որ Սեդրակն այլևս չկա: Կար նրա դատարկ  բաժակը, իսկ ինքը չկար...
Ես բաց թողեցի նրան տեսադաշտիցս:


Կարևոր գործնական հանդիպումը տեղի չունեցավ: Հյուրանոցը, որի դահլիճում այն պետք է կայանար, հրդեհվել էր: Հանդիպման մասնակիցները մնացել էին կրակի և ծխի օղակի մեջ: Նրանց մեծ մասը ստացել էին ծանր թունավորումներ ու տեղափոխվել հիվանդանոց: Երկար ժամանակով:
Երեկոյան ես, հաղթահարելով ուժեղացած սառնամանիքը, գնացի մոտակա բար: Այն կիսադատարկ էր, քանի որ եղանակը չափից շատ մռայլ էր նույնիսկ տեղացիների համար: Ես պատվիրել էի գարեջուր և պատրաստվում էի միայնակ ու հանգիստ մտածել Սեդրակի ասածների մասին: Բայց քիչ անց բարի դռները բացվեցին: Ձյան փաթիլների ու սառը օդի հետ ներս մտավ մեր դասարանի Լենան: Իմ հաշվարկները նրա կրծքերի առատացման հետ կապված արդարացան: Նա ճանաչեց ինձ ու ժպտաց: Ինչպես պարզվեց որոշ ժամանակ անց, Լենան աշխատում էր հենց այն հիվանդանոցում, ուր տեղափոխել էին հրդեհից տուժածներին: