Sunday, December 15, 2013

ԹԱԹԱՐ-ԲՈՐԱԿԻ՞, ՄԻՍԹՐ ՍՄԻԹ

Խաղի կանոնները` դրսում թողնել ողջ ուղեբեռը, հրաժարվել սահմանի գծից այն կողմ գտնվող բոլոր կոնտակտներից, չօգտվել օտարերկրյա անձնագրի տված հնարավորություններից, չմիանալ իշխող կուսակցությանը:
Խաղի նպատակը` ողջ մնալ յոթ օր, ուղիղ 168 ժամ:
Հատուկ դրություն` խաղի ընթացքում, ծայրահեղ իրավիճակում խաղից դուրս գալու համար հասնել մոտակա օտարերկրյա դեսպանատան մոտ, բացել գաղտնի ծածկագրով ծրարն ու մուտքագրել գաղտնաբարը:
Խաղ համար 36\26: Մեկնարկային ժամանակը` 00:44: 23. 11. 2013.
Մասնակից` Ջոն Սմիթ:
Օր 1.
Օտար քաղաք: Գրպանումս մնացած գումարով փորձեցի ինչ-որ մի բան գնել տեղի սուպերմարկետներից մեկում: Խաղի ծանոթագրության մեջ նշված գները չեն համապատասխանում իրականությանը: Իմ գումարը հերիքում է միայն էժանագին սիգարետի եւ թաթար-բորակի կոչվող մի ուտելիքի, որի պատրաստման մասին ես ոչինչ չգիտեմ: Ողջ օրը ման եկա քաղաքում: Էքստրեմալ ոչինչ, եթե չհաշվենք փողերիս սակավությունը, չկա: Ծանոթացա քաղաքացիական ակտիվիստների մի խմբի հետ, որոնք, կարծես թե, դեմ չեն, որ ես նստում եմ նրանց կողքին: Հնարավոր է գիշերեմ այս մարդկանց հետ: Բաց երկնքի տակ:
Օր 2.
Երկրորդ օրն անցնում է առանց ակնհայտ արտակարգ իրավիճակների: Տուրիստական գործակալությունը, որն ուղարկեց ինձ այստեղ, խոստանում էր ծայրահեղ սուր զգացումներ, որոնք դեռեւս չկան: Եթե այսպես էլ շարունակվի, վերադառնալուց հետո ես անպայման կբողոքեմ: Այսօր ուզեցա գնել էժանագին սիգարետներից: Պարզվեց` երեկվանից դրանք թանկացել են: Իմ գումարը չի հերիքի նույնիսկ սիգարետով ապահովվել այս օրերի ընթացքում:
Օր 3.
Այսօր որոշեցի աշխատանքի անցնել: Այստեղ շատ են շինարարական աշխատանքները, եւ աշխատանք գտա շատ հեշտ: Աշխատանքը, ճիշտ է, տարօրինակ է: Մենք քայլում ենք քաղաքով, պոկում ենք մայթերին տեղադրված աղբամանները, ցուցանակները, սալահատակը, ասֆալտը, ջահերը, կանգառների տաղավարները, իսկ մեր հետեւից եկող բրիգադը հակառակը` սարքում է այդ ամենը` տեղադրելով, մոնտաժելով ու փռելով նորերը: Ես փորձում եմ հասկանալ այս ամենի իմաստը, սակայն չեմ կարողանում, քանի որ մեր ապամոնտաժած աղբամանները, սալահատակը, ասֆալտը, ջահերը եւ կանգառների տաղավարները ամբողջովին նոր են, եւ նրանց փոխարինելու կարիք ամենեւին էլ չկա: Օրվա վերջում խոստացել էին աշխատավարձ տալ, սակայն հայտնվեց մեկը կառավարական կուսակցության շքանշանով եւ ասաց, որ առաջին աշխատանքային օրվա աշխատավարձս պահվել է հատուկ ֆոնդի հաշվին, որն այդ գումարը կփոխանցի ինձ քառասուն տարի անց` ավելացնելով դրան հինգ տոկոս` պահելով, սակայն, դրա հինգ ամբողջական երեք տոկոսը` որպես եկամտահարկ: Տեսնելով, որ ես շփոթված եմ եւ միգուցե նույնիսկ սոված, այդ մարդն ասաց, որ անպայման թաթար-բորակի ուտեմ` ուժերս վերականգնելու համար: Ինչպես պարզվեց քիչ ուշ, թաթար-բորակիի գները երկու օրվա ընթացում խիստ աճել էին: Չեմ ուզում չափազանցնել, բայց սա արդեն նմանվում է էքստրիմի եւ արյունս սկսում է եռալ:
Օր 4.
Աշխատանքի որոշեցի չգնալ: Դրա փոխարեն համաձայնվեցի մասնակցել քաղաքացիական ակցիաներից մեկին, որը տեղի էր ունենալու քաղաքի մյուս ծայրում: Այնտեղ մենք հասանք քաղաքային տրանսպորտով, ինչի արդյունքում ես հասկացա, թե ինչ ի նկատի ուներ ինձ այս խաղին ուղարկած տուրիստական գործակալությունը, երբ առաջարկում էր ծայրահեղ սուր զգացումներ: Ավտոբուսը, որով մենք ճանապարհ ընկանք, նախատեսված էր ընդամենը 44 ուղեւորների համար, սակայն այնտեղ կար ուղիղ 154 մարդ: Մենք սեղմված էինք միմյանց, մենք շնչում էինք իրար դեմքի կամ հետույքի, եւ չնայած դրան, ավտոբուսի վարորդը սեղմում էր գազի ոտնակին ողջ ուժով: Մենք սլանում էինք` վազանցելով մեր ճանապարհին ամեն ինչ: Ինչպես բացատրեց ինձ իմ ընկեր ակտիվիստը, դա արվում էր երթուղուց հետ չմնալու եւ հակառակորդ ավտոբուսին կանգառներ չզիջելու համար: Ինչեւէ, տեղ հասնելիս ես ճմռթված էի, սակայն լի ադրենալինով: Ակցիան, որին մասնակցելու համար մենք հասել էինք այդտեղ, պարզվեց, տեղափոխվել էր այլ վայր: Վերադարձանք մենք ոտքով, քանի որ հայտարարվեց տրանսպորտի ուղեվարձի բարձրացում:
Օր 5.
Ուժերս ինձ լքում են: Ես մի քանի ժամ անցկացրել եմ նորակառույց հսկա եւ ճոխ սուպերմարկետում` փնտրելով մի այնպիսի թաթար-բորակի, որը մատչելի կլիներ գրպանիս: Վերջին կոպեկներով ստիպված գնեցի սիգարետ` ուտելիքի մասին մտքերը ցրելու համար: Ակտիվիստ ընկերներս չկան, քանի որ իրենց հանդիպման վայրը ծածկվել է պաստառներով: Ինչպես հասկացա, այդտեղ նոր շինարարություն է սկսվում: Սուպերմարկետի: Այսօր աչքովս ընկավ մի հայտարարություն, որտեղ խոստանում էին կանխիկ փող տալ ինչ-որ հակաակցիայի մասնակցելու դիմաց: Հայտարարության հեղինակն իշխող կուսակցությունն էր: Կանխիկ փող: Հիշեցի խաղի կանոնները: Դիմանալ: Քաղաքում աննպատակ թափառելիս հազիվ պոկվեցի մի քանի ոստիկաններից, որոնք ուզում էին ինձ տուգանել կարմիր լույսի տակ անցնելու համար: Նկատեցի, որ ես ավտոմեքենա չունեմ: Դա նրանց չհամոզեց, քանի որ իմ` մեքենա չունենալը դեռ պետք է ապացուցվեր դատական փորձաքննության արդյունքում, իսկ մինչ այդ ես պետք է կալանքի տակ առնվեի: Փրկեցին ինձ ակտիվիստ ընկերներս, որոնք հայտնվեցին երթով: Նրանց ձեռքերում պաստառներ էին եւ դրոշակներ: Ես ընկա նրանց ալիքի մեջ եւ շարժվեցի, ինչպես իրենք էին ասում, նստավայր: Նստավայրի դիմաց մեզ ակնհայտորեն սպասում էին...
Օր 6.
Գիշերն անցկացրեցի այս նկուղում, որտեղ ինձ եւ իմ ընկերներին բերել էին երեկ, նստավայրի դիմաց եղած իրարանցումից հետո, երբ մի խումբ զինված ոստիկաններ հանկարծ ընկան գետնին եւ սկսեցին գոռալ, թե իրենց վրա հարձակվում են: Այդ ժամանակ հայտնվեցին այլ համազգեստով մարդիկ եւ մեզ ծեծելով բերեցին այստեղ: Ընկերներիցս մի քանիսն այս նկուղում էին, սակայն նրանց բոլորին տարան, մնացի ես: Տեղը խոնավ է: Կողքի պատերից լսվում են բղավոցներ եւ տառապանքի ձայներ: Առավոտյան ինձ առաջարկեցին թաթար-բորակի: Ես հրաժարվեցի: Այստեղ մութ է: Վախենում եմ, որ ինձ էլ կարող են տանել ու պատերից կլսվի իմ տառապանքի ձայնը: Երեկոյան նորից թաթար-բորակի առաջարկեցին: Հրաժարվեցի: Նայեցի` մոտս դեռ մեկ սիգարետ կա: Երկար ման եկա գրպաններումս, լուցկի չկար: Առավոտյան ինձ բաց թողեցին:
Oր 7.
Առաջին հերթին սկսեցի ման գալ ընկերներիս: Եթե նրանք չլինեին, ես ամենայն հավանականությամբ չէի դիմանա նույնիսկ առաջին օրը: Գտա նրանցից մի քանիսին: Բոլորն ունեին վնասվածքներ, կապտուկներ, քերծվածքներ, կոտրվածքներ: Ինչպես պարզվեց, ես էլ ունեի մեծ կապտուկներ մարմնիս վրա: Ես հանեցի գրպանիցս անձնագիրը, որը ոչ մի կապ չուներ այս էքստրեմալ երկրի հետ, այս խաղի հետ, որն այնքան իրական է տեղացիների համար...միգուցե սա՞ է կյանքը, իսկ այն բարեկեցիկ երկիրը, որում ապրում եմ ես, ուղղակի բացառություն է կամ խաղ: Իմ ժամանակը լրանում է այսօր, եւ ես կարող եմ գնալ: Կարող եմ նույնիսկ չսպասել ավարտին եւ մոտենալ ցանկացած օտարերկրյա դեսպանատան, քանի որ խաղի պայմաններում նշված հատուկ դրությունն արդեն վաղուց տեղի է ունեցել: Բացեցի ծածկագրով ծրարը: Գաղտնաբառն էր` թաթար-բորակի: Ես ժպտացի: Ուրեմն թողնել ու գնա՞լ:
Ոչ: Ապա նայեք այս մարդկանց: Այստեղ նրանց սպանում են, բայց հիմա նրանք ուրախ են, անեկդոտներ են պատմում ու պատրաստվում են վայելել իրենց առավոտյան սուրճը, նստել իրենց ահավոր տրանսպորտը եւ նորից փորձել կյանք գտնել թանկացող քաղաքի ճիրաններում: Լքե՞լ:
- Հեյ, այսօր ակցիա կա՞,- հարցնում եմ:
- Կա, կառավարության դիմաց: Վաղվանից ուզում են դադարեցնել թոշակների ու նպաստների վճարումը...պետք է բողոքել:
Էքստրի՞մ: Ես սիրում եմ էքստրիմ: Երբ քո քաղաքում ընկնում ես թակարդը...Թող սա լինի իմ թակարդը:
Վահե Ղուկասյան    http://www.armtimes.com/46139