Friday, April 15, 2011

Տելլա

Դեպքերը, որոնց մասին ես հիմա ուզում եմ պատմել, արդեն մի քանի շաբաթ գտնվում են մեր քաղաքի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Սակայն այն, ինչ կպատմեմ ես բացառիկ է նրանով, որ ես ամեն ինչի մասին տեղյակ եմ հենց առաջին ձեռքից ու բացի այդ  բախտ եմ ունեցել նաև  անձամբ մասնակցել մի քանի դրվագների:
Պաշտոնական վարկածով հունիսի 25ից 26ը Երևան քաղաքի  Արաբկիր թաղամասում նկատված կիսակենդան աղջիկը  ընդամենը հոգեբուժարանից փախած հիվանդ էր, որը ուներ սովորականից առանձնացող տեսք ու բնականաբար գտնվում էր ոչ ադեկվատ վիճակում: Այնուամենայնիվ պաշտոնական վարկածներ հնչեցնելիս չէր շրջանցվում “կիսակենդան” բառը: Բայց թե ինչ մեկնաբանություններ կարող էր դա ստանալ լայն զանգվածներում, չէր հետաքրքրում ելույթներով հանդես եկող տարբեր աստիճանի պաշտոնյաներին: Մինչդեռ այդ երկու օրվա դեպքերի մասին տեղեկությունները արդեն որոշակիորեն ձեռք են բերում առասպելական բնույթ և պատմվում գրեթե ամեն քայլափոխին: Իսկ երեկոյան մարդիկ թեև դուրս են գալիս իրենց փողոցները զբոսնելու, բայց նրանց մոտ դեռ կա վախի խուլ զգացում: Չնայած շատ են և այնպիսիները, որոնք հատուկ աշխատում են ինչքան հնարավոր է երկար մնալ փողոցներում` հուսալով ներգրավվել որևէ արկածային պատմության մեջ:
 Ինձ համար այս պատմությունը սկսվեց երեկոյան` ընկերոջս զանգից: Տիկոն էր, որ զանգեց ու շտապ կանչեց ինձ իր հետ գնալու մի գործով: Այդ ժամանակ ես մտածել անգամ չէի կարող, որ պետք եմ գալու որպես մասնագետ: Ես բժիշկ եմ` վիրաբույժ, բայց Տիգրանին հայտնի էր իմ հետաքրքրվածությունը ամեն տեսակի պարանորմալ երևույթների հանդեպ: Երբ ես հասա նրա ասած հասցեով, տեսա մի քանի ոստիկանական մեքենաներ շենքի մուտքի մոտ: Իրար գլխի հավաքված ոստիկանների մեջ ես ճանաչեցի Տիկոյին, որը քաղաքացիական հագուստով էր ու տարբերվում էր մոխրա-կապտավուն համազգեստային զանգվածից:
-Լավ, լավ արեցիր եկար, համարյա ճիշտ ժամանակին, - գործնական տոնով ասաց նա, - բարձրանանք, բարձրանանք արդեն: Ապեր, ես ուզում եմ, որ դու ձեն չհանես, ուղղակի լսես, հետո միասին կքննարկենք:
Վեցերորդ բնակարանը գտնվում էր երկրորդ հարկում: Երբ հասանք դուռը կիսաբաց էր. մեր ձայներին ու թակոցներին արձագանքող չկար: Տիկոն առաջինը մտավ ներս ու բավականին վստահ ընթացավ բնակարանի խորքը: Սենյակներից մեկի կողքով անցնելիս նա հանկարծ կանգնեց, նայեց, մի քիչ առաջ գնաց ու ասաց.
-Բարև ձեզ: Մայոր Գաբրիելյան, օպերա...
-Ներս մտե՛ք, - հնչեց բավականին հուզված մի ձայն: Ես կասեի, որ այն նույնիսկ լացակումած էր:
Տիգրանի հետևից մտնելով սենյակ` տեսա բավականին տպավորիչ խառնաշփոթ: Ոչ մի բան չէր գտնվում այնտեղ, որտեղ ենթադրաբար պետք է լիներ: Օրինակ` հեռուստացույցը դրված էր գետնին, իսկ հեռուստացույցի տակդիրի վրա ինչ-որ անհասկանալի ապակե անոթներ էին: Առաստաղի լուսամփոփից կախված էր մի կտոր, որը հավանաբար վարագույր էր, հատակի գորգը  ծալված էր եռանկյունաձև... Ճիշտն ասած ինձ ահագին շփոթեցրեց այդ տիպի անկարգությունը: Տիկոն էլ էր շփոթված երևում, բայց այնուամենայնիվ նա սկսեց.
-Մենք  եկել ենք ձեր ընկերուհու, Տելլա Ամիրբեկյանի..., - այս անգամ էլ չհաջողվեց նրան ավարտել իր խոսքը:
-Տելլա¯, Տելլա¯..... ես գիտեի..... ախր ախր, - տանտերը կարծես ցնցվեց: Իր ընկերուհու անվան ամեն մի տառ կարծես սղոցեց նրան..., - ես... ես գիտեի, որ կարող ա լինի վտանգ... ես, ես... դրա տիրոջ մերը... - վերջին արտահայտությունը այնքան կտրուկ ու բարձր ասվեց, որ մենք երկուսս էլ վախեցանք:
- Հանգիստ, - դրան ի պատասխան  զորքի հրամանատարի  ձայնի պես հնչեց Տիկոյի ձայնը, - արդեն մի քանի օր ա ձեր ընկերուհու մասին նրա հարազատներից ոչ ոք լուր չունի: Բացի դրանից, մի ինչ-որ անհասկանալի ու սարսափելի տավար հիմա դրսում մարդկանց վախն ա չափում: Ու մենք ենթադրում ենք, որ դուք ինչ-որ մեկնաբանություններ կանեք: Դրա համար էդ անասուն հիստերիկան թարգե՛ք ու մարդավարի խոսացե՛ք:
Տիգրանի խոսքը իրոք տպավորիչ էր ու ազդեցիկ: Ես նկատեցի, թե ինչպես դողացին խելագարի նմանվող տանտիրոջ դեմքի մկանները... նա մի պահ լրջացավ, նրա աչքերը խոնավացան ու նրանցում երևաց անսպասելի տխրություն: Գիտակցված տխրություն: Իր մեծ բազկաթոռի մեջ կծկված` նա ուներ անասելի խղճուկ մի տեսք...
- Ես չէի սպասում, որ այդպես կազդի գազը,- հանկարծ ասաց նա ու կախեց գլուխը: Նրա ուսերը ցնցվում էին. նա լացում էր:
-Պարո՛ն, հանգստացե՛ք, - ավելի մեղմ ասաց Տիկոն, - ի՞նչ գազ: Ի՞նչի մասին ա խոսքը:
Երկար ընդմիջումից հետո պարոնը բարձրացրեց գլուխը:
-Ես Հակոբ Գալայանցն եմ, - դողղացող ձայնով սկսեց նա,- հնարավոր է դուք իմ մասին լսած լինեք... ես գիտնական եմ: Մի քանի ամիս առաջ ես հանդես եկա մի հայտարարությամբ, որում ասացի, որ մոտ եմ ստեղծելու մի միջոց, որը կկարողանա մարդկանց ազատել ամեն տեսակի հիվանդություններից:
-Կա՛ ըտենց  բան, - ասաց Տիկոն ու ինձ նայելով դմբդմբացրեց գլուխը, - ես կարդացել եմ այդպիսի մի հոդված: Իբր հայաստանցի  մի գիտնական պատրաստվում ա մեծ ցատկ անել գիտության մեջ:
-Ցատկ... դա իրոք կլիներ ցատկ: Դա նույնիսկ ցատկ է հիմա, ու թող բոլոր աստվածները վառեն իմ հոգին իմ էս բառերի համար... - խորը շունչ քաշելով շարունակեց Հակոբ Գալայանցը, - Այն ինչ մտածում էի ես, չպիտի պատճառեր ոչ մի վնաս... ես կարծում էի էդպես... ես կարողացել էի ստանալ մի ծուխ, որը բոլորովին անվնաս էր, ու ցանկացած մարդու, նույնիսկ նորածնի համար չէր առաջացնելու ոչ մի վտանգ... այդ ծուխը ուներ եթերային ծագում, բայց ինչ-որ կերպ այն օգտագործելու համար, ես նրա մեջ ավելացրեցի ջրի նվազագույն մասնիկներ... հետո օգտագործելով մոգական որոշակի ազդեցություններ ծուխը հասցրեցի այնպիսի վիճակի, որ կարելի էր պահել այն ցանկացած տիպի բալոնի մեջ, ու անհրաժեշտության դեպքում շնչել այն դիմակի միջոցով: Եկել էր ժամանակը նրան բուժիչ հատկություններ տալու... ու... ու ես նորից  դիմեցի մոգությանը...
Նա լռեց, նորից կախեց գլուխը ու սկսեց քորել ծոծրակը...
Ես լսում էի նրան լարված ուշադրությամբ: Այն, որ աշխարհի խոշորագույն գիտական հաստատություններում նախկինում  օգտագործում էին  մոգական անեծքներ ու գրեր ,ինձ հայտնի էր: Ուղղակի դա ներկայիս տարբերակն էր նյութերի վրա քվանտային ազդեցություն ունենալու համար: Ու մի քանի տարի առաջ Ատլանտյան օվկանոսում անհասկանալի ծագմամբ խորտակված նավից դուրս բերված փորագրությունների միջոցով հնարավոր դարձավ մի քանի անգամ հզորացնել ու կատարելագործել բոլոր տեսակի մոգական ազդեցությունները: Ու թեև փորագրության տեքստը չպահվեց գաղտնի, այլ հրապարակվեց ամեն  հայտնի միջոցներով, միայն որոշ մարդիկ կարողացան օգտագործել այն: Ու ինձ  զարմանալի էր, որ Հայաստանում կա այդ  կարգի վարպետ-գիտնական  ու հիմա նա նստած էր իմ դիմաց:
-Խառնելով մի քանի տեսակի մոգական ասվածքներ ու անեծքներ,  ես կարողացա ծխի մեջ պարունակվող ջրի մասնիկներին հաղորդել ունիվերսալ դրական արտացոլում, ինչի արդյունքում ծուխը, անցնելով մարդու շնչառական ուղիներով ու հայտնվելով նրա օրգանիզմում, պետք է սկսեր դրականացնել ցանկացած տիպի բացասական շեղումները, ինչպիսիք են քաղցկեղները, խոցերը, վիրուսները և այլն... Ես մտածում էի ինձ հաջողվել է դա... ստացվել... ես ախր փորձել էի... - նա նորից արտասվեց, բայց կարողացավ շարունակել, - Տելլան... Տելլան հիվանդ էր... Տելլան շատ էր հիվանդ... նրան մերժել էին արդեն բոլորը... մի  շաբաթ առաջ ստացել էինք մերժող նամակը Ֆրանսիայից: Նրան հրաժարվում էին բուժել: Ու ես տվեցի նրան շնչել իմ ծուխը...թող ես խափանվեմ յոթ անեծքներով, - նրա մազերը սկսեցին էլեկտական թեթև լույս արձակել, դա տևեց մի քանի վայրկյան, բայց դա նշան  էր այն բանի, որ կուտակվում էր ահռելի մոգական էներգիա:
-Ի՞նչ Տելլան: Ի՞նչ պատահեց հետո, - անհամբեր հարցրեց Տիկոն:
-Տելլան չկա... ես կործանեցի նրա հոգին... նա չկա, նրա մարմինը բուժելու փոխարեն, ես քամուն տվեցի նրա հոգին  ու նույնիսկ մարմինը  չբուժեցի, - Հակոբի շնչառությունը արագանում էր, - նա շնչեց, շնչեց իմ գազից` դիմակով. ես այդ դիմակը գնել էի հենց նրա փոքրիկ դեմքի չափսով: Դուք հասկանու՞մ եք: Դուք գիտե՞ք որքան գեղեցիկ էր նրա դեմքը: Գիտե՞ք:  Հիմա...հիմա նա զոմբի ա... հիմա էլ չկա: Հիմա եսիմ որտեղ ա թափառում... հիմա էլ տուն չունի, հոգի չունի: Ես չգիտեմ ինչ կլինի: Ես եմ մեղավոր:
-Բայց էդ ո՞նց եղավ, Հակոբ, - նորից հարցրեց Տիկոն:
-Էդ... էդ անեծքները... դրանցից մեկը, ես խառնել էի դրանցից մեկը: Էդ մեկը ախր... ախր էդ մեկը հոգու խափանման սև գիր ուներ...ես չգիտեի: Դա փոխել էր մնացած կոմբինացիան  ու ստեղծել փոշեկուլի պես մի բան, որը և կլանել է հիմա իմ Տելլայի հոգին...
-Իսկ..
-Ի՞նչ իսկ, - հանկարծ բղավեց նա, - էլ իսկ չկա, վերջ, սա ձեզ իմ գազը, - նա նետեց դեպի ինձ փոքրիկ բալոնը, որը մինչ այդ ուղղակի դրված էր նրա կողքին`լայն բազկաթողի վրա, -Կարող էք շնչել, շնչեք ու դուք էլ մտեք խավարի մեջ: Դուք լավն ե՞ք: Ավելի լավը քա՞ն Տելլան:
Նա դառնում էր  անկանխատեսելի, աչքերում եռում էր ատելության ու կատաղության մի խառնուրդ, մարմինը անընդհատ ցնցվում էր, նրա կողմից կարծես սառը շունչ էր փչում:
Պետք է ասեմ, որ ես էլ , Տիգրանն էլ ահագին վախեցել էինք ու չեմ կարծում, որ կա մեկը, որը չէր վախենա...
Ես նկատեցի,  որ Տիկոն ձեռքը տանում է ատրճանակին, հավանաբար ամեն դեպքում ապահովագրված լինելու համար... սակայն կատարվեց մի բան, ինչին ես ամենաքիչն էի սպասում: Հակոբ Գալայանցը   կանգնեց բազկաթոռի վրա, անփույթ շորերի միջից հանեց ատրճանակը ու կրակեց ուղիղ իր բերանի մեջ... Անմիջապես ներս մտան միջանցքում սպասող համազգեստավոր ոստիկանները... Ես կորցրել էի խոսելու ունակությունս: Նույնիսկ չէի կարողանում բավականաչափ խորը շունչ քաշել  մի բան ասելու համար... հետո այդ խլության նմանվող զգացումը սկսեց անցնել  ու ես տեսա Տիկոյին, շրջապատված իր մարդկանցով: Նա ուներ հավանաբար իմ դեմքից էլ ապշած դեմք: Սփրթնած էր ,ինչպես սպիտակ թուղթը...
Բալոնը դնելով գրպանս ու զգալով,  թե ինչպես այն ծանրացավ, ես մոտեցա  նրանց...
«Քառասունվեց փամփուշտ միայն կրծքավանդակին... Աղջիկը այլ ելք չէր թողել...Պարոն մայոր... ուրիշ տարբերակ չկար... առավոտվա հարձակումը տարեց զույգի վրա... էլ չեմ ասում ողջ նախորդ երեկոն: Գրեթե ամեն մի զբոսնող զգացել էր դրա չար հայացքը... ուղղակի չկարողացանք բռնել... պարոն մայոր, Կիևյանի վրա ուրիշ ելք չէր մնում: Ամբողջ երթևեկությունը, պարոն մայոր, տեսնում էր, թե ինչպես ա էդ զոմբին ոռնում ու այս ու այն կողմ նետվում: Հենց կամրջի վրա... ես եմ տվել կրակելու հրամանը... այն  երկար ժամանակ չէր անջատվում... երբ վերջացան առաջին փամփուշտները, նա դեռ ոտքի վրա  էր..., անջատվեց, երբ ընկավ կամրջից... հիմա դիակը տեղափոխել ենք 47\25ա»:
Այս բառերը հասցեագրված չէին ինձ, սա ուղղակի զեկուցում էին Տիկոյին...
Թերթերը գրեցին, որ խելագար աղջիկը սպառնում էր պայթեցնել կամուրջը: Գրեցին, որ նա իրեն գցել է կամուրջից:  Հակոբ Գալայանցի մահվան մասին հաղորդվեց հեռուստատեսությամբ և նույնիսկ հնչեցվեց նախագահի ցավակցական հեռագիրը:

Վերջաբան
Գազով բալոնը մենք դրեցինք հատուկ բետոնե տուփի մեջ, մեջը  լցրեցինք շուտ չորացող բետանային խառնուրդ, որը միանգամից մակարդվեց ու պինդ քարի տեսք ստացավ:
-Կծխե՞ս, - հարցրեց Տիկոն` ինձ մեկնելով սսիգարետի տուփը:
Ես վերցրեցի:
-Նետե՞լ էս քարի կտորը կոյուղու մեջ: Լավ միտք ա՞ որ, Տիկ:
-Հա՛, հա՛... հաստատ չի գտնի ոչ մեկ... եթե առնետներն էլ գտնեն, նրանց բան չի լինում...
-Հա... Գալայանցի փորձերի ժամանակ էլ առնետներին բան չէր եղել...-ասացի ես:
 Ու թեև իմ ընկերը այլևս բան չասեց, բայց  ես զգում էի, որ նա էլ իմ չափ ճնշված է:

No comments:

Post a Comment