Tuesday, May 31, 2011

ՀՈԳԵԴԱՐԱՆ

1.Մեկուսացման ռեզոնատորային համակարգը ընդունվեց սրանից քսան տարի առաջ` երրորդ հազարամյակի առաջին դարի կեսերին: Դա մարդկային հոգու էներգիան ֆիքսելու միակ մատչելի տարբերակն է այժմ: Հոգին չունի զանգված: Նրա էներգիան կայանում է շարժման մեջ, անընդհատ շարժման: Այդ շարժումը հաջողվեց ֆիքսել Բուդապեշտի Ուլտրանատուրալ համալսարանի գիտնականների ստաղծած գերհարթ հայելիների շնորհիվ: Դրանք այնքան հարթ էին ու այնքան անթերի էին արտացոլում հոգու շարժումը, որ ստացվում էր հոգու համար ստեղծել պայմաններ երկար ժամանակ ֆիքսված մնալու համար: Մինչ այդ բոլոր փորձերը ձախողվում էին, քանի որ մյուս բոլոր հայելիները էներգիայի հաշվին տաքանում էին, իսկ հոգին անէանում էր:
Ռեզոնատորային արգելանոցները իրենցից ներկայացնում են մարդկային հոգեդարաններ: Դրանք ընդարձակ սրահներ են, որոնցում անընդհատ պահպանվում է այնպիսի ջերմաստիճան, որը իդեալական է պահոցներում իրար կողք կողքի դրված հայելիային տուփիկների համար:
Դրանցում պահվում են հանցագործների, սեպարատիստական ուժերի ներկայացուցիչների, կրոնական այլախոհների ու մոգական ինստիտուտների կողմից անիծվածների անհամար հոգիներ: Դրանք սեղմված լինելով իրենց տուփիկներում` անընդհատ արտացոլվում են մի պատից մյուս պատը` երբեք չդադարելով: Դա է նրանց գոյությունը: Անհնար է նրանց կանգ առնելը: Դա կլինի ամենամեծ պարադոքսը, ու հոգին կոչնչանա. կդադարի գոյություն ունենալ որպես էներգիա:  Գրանցվել են հոգիների կորստի դեպքեր միայն  տարբեր հայելիների փորձարկումների ժամանակ: Սակայն դադարի պատճառով հոգու կործանում դեռ չի եղել...


2.
-Ես ասել եմ ու ասում եմ` գործը չափից դուրս ռիսկային է: Քեզ բան չի՞ ասում էն, որ բոլոր, հասկանու՞մ ես, բոլոր մասնագետները ասում են` մի արա՛:
- Իսկ էդ մասնագետները գիտեն ի՞նչ պրոբլեմներ կունենանք մենք, եթե չապահովագրվենք: Այս ծրագրի շնորհիվ  միայն հնարավոր է վերընտրվել
Պատգամավոր Գոռոյանի գրասենյակը գտնվում էր քաղաքի ծայրամասում կառուցված երկնաքերի վերջին հարկում: Չնայած դա արդեն դժվար էր անվանել ծայրամաս, քանի որ քաղաքը անդադար աճում էր դեպի հյուսիս ու արդեն կուլ էր տվել հարակից մի քանի բնակավայրեր: Վերցնելով իր համար որպես գրասենյակ իր իսկ սեփական երկնաքերի վերջին հարկը` Գոռոյանը հույս ուներ հսկայական պատուհաններից ունենալ տեսարան դեպի ողջ քաղաքը: Սակայն նրա այդ քմահաճույքը դեռ չէր կատարվում: Փոշու ամպը, որը արդեն 59-րդ հարկի մակարդակից կախված էր քաղաքի վրա, թույլ չէր տալիս զմայլվել որևէ տեսարանով: Գոռոյանի պատուհաններից երևում էր միայն փոշու ամպերի անծայր հարթությունը:
Վերցնելով սեղանից վիսկիով լի բաժակը` Գոռոյանը միջամտեց.
- Ինձ թվում ա, հարգարժան հյուրեր, որ իզուր տեղն եք հիմա սենց իրար միս ուտում: Ոչ մի պրոբլեմ չկա, ոչ մի քննարկելու թեմա չկա:
- Ամենայն հարգանքով, պարո՛ն Գոռոյան: Չկա՛ նախադեպ ու բոլոր կանխատեսումներով դա կառաջացնի... - դողացող ձայնով սկսեց զառամյալ պրոֆեսոր Դաքյանը:
Նրան ընդհատեց Արսենը` Գոռոյանի խորհրդականը:
- Դե ոչ մի բան էլ էդ պրիմիտիվ գործընթացը չի առաջացնի: Նույն տուփերից կսարքենք, ուղղակի ստանդարտ 36 սմ-ը 18-ի վրա կանենք երկուսը երեքի վրա ու վերջ:
- Տգիտությու՜ն, տգիտությու՜ն: Հոգին կայրվի՜: Հոգու համար դա չափազանց փոքր է, դա շատ վտանգավոր է: Դա կպայթի՛, կտրաքի՛...
- Հանգստացե՛ք, Դաքյան, - Գոռոյանի խռպոտ ձայնը լի էր վճռականությամբ, - ես հիքմեր ունեմ չհավատալ ձեր կանխատեսումներին: Էն հայելիների տեսակները, որ փորձում էին, դուք գոռում էիք, որ անհետացող հոգիները սպառնում են խախտել ինչ-որ աներևակայելի սպիրիտալ բալանս: Դա ծիծաղալու ա: Ընդամենը ծիծաղալու:
- Ես...ես համոզված եմ:
- Պրոֆեսո՛ր, ես միշտ եմ գնահատել ձեր մատուցած ծառայությունները ու չեմ ուզում կոպտել: Դուք առավոտյան կհայտարարեք, որ մեր այս փոքրիկ փորձը չի սպառնում ոչ մեկին:
- Բայց... 
Դրանից կախված ա իմ վերընտրվելու հարցը: Ու ինձ չի թվում, որ դուք չեք հասկանում ինչ ա դա նշանակում: Մենք պետք ա լուծենք երկու հարց: Ձեր մոգոնած հսկա արգելանոցները զբաղեցնում են աննորմալ... չէ անբարոյական մեծ տարածքներ էս քաղաքի մակերեսի վրա: Ես նույնիսկ զզվում եմ հաշվել այն ահռելի թիվը, որով հաշվվում են աննպատակ զբաղեցված քառակուսի մետրերը ու դրանց պոտենցիալ օգուտները:
- Իսկ մեք միայն ու միմիայն մինիմալիզմի կողմնակիցներ ենք, - մեջ մտավ Արսենն ու որսաց Գոռոյանի գոհ հայացքը: Հավանաբար Գոռոյանը հավանեց նրա ռեպլիկը:
- Բացի այդ, հարգարժան, պատվելի պարո՛ն պրոֆեսոր Դաքյան, մենք ունենք հստակ հաշվարկներ, որոնցից երևում ա, որ փոքր տարածքներում հնարավոր կլինի սկսել այն, ինչի մասին մինչ այժմ ենթադրել են:
- Ինչի՞ մասին է գնում խոսքը, - Դաքյանը ուզում էր հետ տալ, փախչել, մեռնել կամ գոնե ուշաթափվել: Միայն թե դուրս պրծներ այդ մղձավանջից: Բայց ծեր պրոֆեսորը չէր կարող չտալ հարցեր:
- Մենք կսկսենք վերամշակել հայելիներում էս ու էն կողմ թփրտցող էներգիան... ասում են դա անփոխարինելի աղբյուր ա: Ասում են` նույնիսկ անսպառ, - Գոռոյանը նայեց Դաքյանին անթաքույց հրճվանքով: Նա ճոճվում էր իր ազդեցիկ բազկաթոռի մեջ ու մեծ սիրով շոյում իր ոչ պակաս ազդեցիկ փորը: «Մինիմալիզմ»` մտածում էր Դաքյանը:
            - Դա կբերի... դա... մարդկանց հոգիները օգտագործել... դրանք կոչնչանա՞ն:
- Դե դա դուք` գիտության վարպետներդ կիմանաք: Իսկ մենք կմտածենք ինչպես միշտ լիքը պահել մեր արդեն փոքրիկ դարձած արգելանոցները:  
- Մենք, պարո՛ն Դաքյան մտածում ենք ժաղովրդի մասին: Ավելացնում ենք նրա համար քաղաքի մակերեսը, ստեղծում ենք նրա համար էներգիայի նոր աղբյուրներ, ազատում ենք հասարակությունը չուզողներից, - ասաց Արսենը` նորից շահելով Գոռոյանի դրական հայացքը:

3.
«Հարություն Գաբրիելյան: Համար 4758: Եթարկվել է մեկուսացման անջատողական շարժումներին մասկակցելու համար: Մեկուսացման ժամկետը եռակի գաղտնիացված է: Մոգական հանձնաժովողի համաձայնությամբ թույլ եմ տալիս կատարել Հարություն Գաբրիելյանի հոգու տեղափոխությունը մինի ֆորմատի առաջին փորձատուփ: Փորձը սկսել անմիջապես»:
 Հոգեդարանում մնացել էին միայն ավագ մասնագետներ Կարոն ու Բաբկենը և երկու սանիտարուհիներ, որոնք սրճում էին իրենց սենյակում, մինչ սկսեին գիշերային հերթափոխի հատուկ աշխատանքները:
Հաղորդագրությունը ստացվել էր անձամբ Դաքյանից: Կարոն շտապեց այն ցույց տալ Բաբկենին: Ինչպիսի պատիվ էր ընձեռվել: Ստանալ աննախադեպ փորձ անելու կարգադրություն պրոֆեսսոր Դաքյանից: Չէ՛, աշխարհահռչակ պրոֆեսսոր Դաքյանից: Ու ինքը, առաջինը ինքը նկատեց հաղորդագրությունը: Կարոյի փառասիրությունը չէր ճանաչում սահմաններ:
- Բա՜բ: Բա՜բ: Ապե՛ր, Բաբ ջա՛ն, նայի՛, հլը նայի ինչ ենք անելու մենք հիմա, ապե՜ր, նայի ինչ ենք անելու:
- Օհո… վատ չի, վատ չի… - Բաբկենի անտարբեր տոնը չէր նշանակում, որ նա իրոք թքած ունի, - սկսենք: Հարություն Գաբրիելյան: Գնամ, գնամ բերեմ էդ դրա պաչկեն: Ասու՞մ ես 4758:
Սպիրիտալ լաբարատորիան պատրաստ էր գործողությանը: Ամեն ինչ բերված էր կարգի: Հատուկ հակաստատիկ սեղանին դրված էր ռեզոնատորային տուփիկը: Կարոն ու Բաբկենը հայելիային համազգեստով կանգնած էին սեղանի մոտ: Քիչ այն կողմ` առանձին սեղանի վրա դրված էր լուցկու տուփի չափ մի բան:
Պայթյունին մնացել էին հաշված րոպեներ:

ՀԻՄԱ
«Այս աղետը տակնուվրա արեց իմ քաղաքը: Հիմա դատարկ են փողոցները, այրված են հազվադեպ արհեստական այգիները: Պարեկային ծառայությունները ժամը վեցից հետո իրենց ձեռքն են վերցնում ողջ իշխանությունը: Նույնիսկ կատուներն են խուսափում դուրս գալ նկուղներից կամ իջնել կտուրներից:  
Մեր թաղամասում արգելված է դուրս գալ փողոց: Ամեն տնից մի հոգի է դուրս գալիս պարեկայիններից ստանալու որոշակի մթերքներ: Ասում են ինչ-որ հոգի է պայթել: Չգիտեմ ինչ է դա նշանակում: Հավանաբար դա ուժեղ բան է եղել, որ էսպես ավիրել է իմ քաղաքը: Լսել եմ, որ մի քանի օրից էստեղ կգան միջազգային հումանիտար ծառայություններ: Դրանք հիմա էլ են այստեղ, ուղղակի ինչ-որ բաներ են ստուգում քաղաք ներս մտնելուց առաջ: Ասում են շատ է վտանգավոր: Ես հոգնել եմ լսել, թե ինչպես է ինչ-որ մեկը ասել: Բայց ուրիշ տարբերակ չկա նորություններ իմանալու: Հավանաբար սա հրաշք է, բայց ես էսօր կարողացել եմ միանալ Ինտերնետին: Մի տեսակ հանգիստ եմ, որ ինչ-որ մեկը կկարողանա կարդալ սա:
                                                                                                                                                             Davit»     

Friday, May 27, 2011

Ձանձրալի պատմություն ակադեմիկոս Ասճյանի մասին

Ես հիշում եմ, որ տուն հասա Արմանի մեքենայով: Հիշում եմ, ինչպես մտա տուն, զգույշ փակեցի դուռը, կամաց անցա միջանցքով, որպեսզի չարթնացնեմ տնեցիներին: Հիշում եմ նույնիսկ, որ դժվարություններ ունեցա ջինսս հանելիս:
Մնացած ամեն ինչ ինձ հիմա թվում է երազ: Ես համոզված չեմ, որ այդ ամենը տեղի է ունեցել իրականում, սակայն այդ ամենը չափազանց վառ է իմ գիտակցությունում, որպեսզի լինի ընդամենը երևակայություն:
Իսկ ամեն ինչ սկսվեց երեկ չէ առաջին օրը, երբ Արմանը պատմեց ակադեմիկոս Ասճյանի մասին: Նրա մասին ես լսել էի նաև նախկինում եմ: Կարծեմ, նրա մասին ռեպորտաժ էր պատրաստել Հանրային հեռուստատեսությունը: Նրա տեսությունը պարբերաբար քննադատվում էր մի քանի գիտական ամսագրերում, իսկ YouTube-ում հայտնվող նրա դասախոսությունների վիդեոները վայելում էին բավական մեծ ռեյտինգ:
Արմանն ինձ հրավիրում էր ակադեմիկոս Ասճյանենց տուն: Դրա մասին մինչ այդ ես կարող էի միայն երազել: Լինելով բավական ազդեցիկ ընտանիքից` Արմանը միշտ հպարտանում էր ծանոթությունների իր լայն  շրջանակով: Նրան ճանաչում էին բոլոր դեկանները, նրան համալսարանում անձամբ բարևում էր ռեկտորը, նրան գիտեր նույնիսկ համալսարան այցելած կաթողիկոսը:  
- Կգնանք, կնստենք, ծերուկը կպատմի իր էդ ֆանտաստիկ տեսության մասին: Չես փոշմանի: Ես Նորային էլ եմ կանչել, ճանաչու՞մ ես:
Նորային ես ճանաչում էի: Նրան չճանաչելու համար ինձ պետք էր ունենալ որոշակի համասեռական հատկություններ: Նորան տպավորիչ շիկահեր էր: Ամառ-ձմեռ արևհարված նուրբ մաշկով, ոսկեգույն մազերով, բարձրահասակ. նա ուներ կանաչ աչքեր և ի զարմանս ինձ, ցուցաբերում էր ամենաբարձր առաջադիմությունը իրենց հոսքում: Ասում էին, որ նա տիրապետում է սանսկրիտին, ասում են, որ նա ազատ խոսում է իտալերեն, գերմաներեն, ֆրանսերեն ու հնդկերեն, ասում են նա կարողանում է մտովի բազմապատկել եռանիշ թվեր: Չնայած, մարդիկ միշտ են ասում ու ամեն ինչ են ասում: Ինձ համար հետաքրքիր էր այն, որ այդ ամենը ասվում էր շիկահերի մասին: Ամեն դեպքում, ես զգացի, թե ինչպես է իմ արյունը սկսում եռալու նշաններ ցույց տալ Նորայի հետ հանդիպման ու անձամբ ծանոթանալու ակնկալիքով:
- Դու հրավիրու՞մ ես ինձ, Արմ, - ես ուզում էի հնարավորինս օբյեկտիվ պատճառներ իմանալ, թե ինչու է Արմանը որոշել ինձ հրավիրել Ասճյանին հյուր: Ես ու նա երբեք մտերիմ չենք եղել: Մի երկու անգամ է եղել, որ Արմանը ինձ տեղ է հրավիրել, այն էլ դա մեծ կորպորատիվ երեկույթներ էին: Իսկ այս անգամ, ահա, այսպիսի պատիվ: Ես ուզում էի քիչ թե շատ բացատրելի պատճառներ:
- Հասկանում ես, - ասաց Արմանը, - դու մեր ֆակուլտետում ամենաօրինակելի դեմքերից ես, ստաբիլ առաջադիմությամբ ու անթերի վարքով: Հասկանում ես, չէ՞: Իսկ Ասճյանը պապուս ընկերն ա: Քեզ տեսնելով` կհամոզվի, որ ես լավ ընկերներ ունեմ, որ սովորում եմ...
- Մի խոսքով, գալիս եմ ստորանալու:
- Լավ հա, ի՞նչ ստորանալ, - աշխուժացավ Արմանը, կարծես զգաց, որ ես իրոք մտադիր եմ հրաժարվել ու վախեցավ իմ մերժումից, - քեզ էլ հետաքրքիր կլինի: Դու պատկերացնու՞մ ես: Ասճյանենց տուն: Էլ երբ տենց շանս կունենաս: Մի՛ մտածիր: Հավատա՛, եղբայր, ոչ մի ստորացում չկա: Ես իրոք չեմ կարող գնալ ինչ-որ գլամուր թափթփուկի հետ:
Ասճայի տուն… Ես ասեցի որ կգամ: Իհարկե ես կգամ: Ես այդքան էլ (եթե ճիշտն ասեմ ձեզ)  չէի տեսնում այդտեղ ստորացուցիչ բան: Դե Արմանն է, հրավիրում է նորմալ տեղ, նորմալ մարդու. տարօրինակ ոչինչ չկար: Ես էլ հաստատ տուֆտա դեմք չեմ: Իմ անունը արդեն կա գրված համալսարանի Ոսկե մատյանում... այն դեպքում, երբ ես դեռ երրորդ կուրսում եմ:
Պայմանավորվեցինք  հանդիպել ժամը ութին, Սայաթ Նովա-Տերյան խաչմերուկում: Ասճյանի բնակարանից ոչ հեռու:




Մեզ դիմավորեց Ասճյանի աղախինը: Այսինքն, ես որոշեցի, որ նա աղախինն է, որովհետև նա ուներ խիստ չափված-ձևված պահվածք, ու զգացվում էր սուբօրդինացիայի առկայությունը: Մեզ Ասճյանի աշխատասենյակի մոտ ուղեցելուց հետո` աղախինը բոլորիս հրաժեշտ տվեց, վերցրեց իր պայուսակը ու հեռացավ:
- Աաա՜, Արմա՜ն, եկաք, ճիշտ ժամանակին, ուրախ եմ ձեզ տեսնել, - Ասճյանը հայտնվեց իր աշխատասենյակից ու ողջունեց մեզ: Արմանին նա գրկեց, համբուրեց Նորայի ձեռքը, իսկ ինձ բաժին հասավ չոր, բայց պինդ ձեռքսեղմում, - համեցե՛ք, համեցե՛ք, երեխե՛ք, մտե՛ք, հարմարվե՛ք:
- Աստվա՜ծ իմ, -  հնչեց Նորայի ձայնը:
Ես ինձ ստիպեցի արձագանքել միայն «օհօ» բացականչությունով:
Իրոք շշմեցուցիչ էր: Միգուցե ես սպասում էի այդպիսի մի բան, սակայն ես իրոք շշմած էի:  
Առանձնասենյակը իրենից ներկայացնում էր ահագին մեծ մի սրահ, մոտավորապես տասնհինգ մետր երկարությամբ ու տաս մետր լայնությամբ: Ու այդ սենյակի ողջ հատակը ծածկված էր ինչ-որ թղթերով, անհասկանալի գրություններով: Սենյակի խորքում հսկա գրասեղանն էր` ավելի հսկա բազկաթոռով: Սրահում չկային պահարաններ կամ այլ կահավորում: Ամենուր միայն գրքերի կույտեր էին` մեծ, փոքր, դասավորված որոշակի օրինաչափությամբ կամ պարզապես լցված միմյանց վրա: Ես փորձում էի պատկերացնել ինչքան գիրք կլիներ այնտեղ: Իմ հաշվարկով, եթե սրահի պատերի ողջ երկայնքով դրված լինեին պահարաններ, ապա դրանք միևնույն է չէին տեղավորվի: Իսկ պատերը սարսափելի տպավորություն էին թողնում: Դրանք դատարկ էին, սպիտակ, միայն տեղ տեղ երևում էին ակադեմիկոսի տեսության հիմքը կազմող բանաձևերի խզբզումներ: Օրինակ ԱՆԴ- 12578, ՊԱՐ-87451, ՆՈՒՌ-763-001:
-Դե՞: Զարմացած ե՞ք: Ես գիտեմ, որ էքստրավագանտ տեսք ունի իմ աշխատասենյակը: Մի անգամ արտասահմանից ժամանած հյուրերից մեկը ասաց, որ անկարող է լուրջ մարդը աշխատել նման պայմաններում... թեպետ չեմ հավակնում լինել աշխարհի ամենալուրջ մարդը, - նա ծիծաղաց խռպոտ, հևացող ծիծաղով, - բայց աշխատել, Աստված վկա, ստացվում է, հա՜, հա՜, հա՜
Ես հաստատ գիտեի, որ Նորան ու Արամն էլ են զգում մեր վիճակի անհարմարությունը, պետք էր մի բան ասել: Ու պետք է ասեր Արմանը: Նախ ինքն էր մեզ հրավիրել այդտեղ ու ինքն էր ճանաչում Ասճյանին, իսկ ես սաստիկ ամաչում էի անկապ մեջ ընկնել. հիմարի տեսք կստանայի Նորայի մոտ,  որը առանց այն էլ չափից դուրս սառը ընդունեց  իմ ընկերակցությունը: Կան չէ՞, այնպիսի մարդիկ, որոնց համար դժվար է լինել պարզապես մի քիչ բարեհամբյուր: Չեն կարող ծանոթանալիս ժպիտի նշան գոնե ցույց տալ:
- Ծանոթացե՛ք, պարոն Ասճյան, - սկսեց Արմանը, - սա Նորան է: Նրա լեզվավերլուծական հոդվածները արդեն պարբերար լույս են տեսնում եվրոպական գիտական ամսագրերում: Իսկ սա իմ ընկերներից ամենախելացին է, - այստեղ ես կնախընտրեի գետինը մտնել, - ...նա երկար ժամանակ ուսումնասիրել է չուկոտյան շամանիզմը, իսկ հիմա պատրաստվում է նոր հետազոտեւթյուներ սկսել` ուսումնասիրելու մեր ֆոլկլյորում առկա առասպելական ու մոգական հերոսների անվանումները ու դրանց կիրառումը կենցաղային մոգությունում:
- Դա ճի՞շտ է, - զարմացավ ակադեմիկոսը:
- Դե… կարելի է ասել, այո՛, չնայած, ես դժվար հասցնեմ սկսել հետազոտությունները այս տարի: Դա կապված է իմ կիսամյակային առաջադիմությունից:
            - Մի անհանգստացի՛ր, բարեկամս, մի անհանգստացի՛ր, շուտով նմանատիպ նյութ` ուսումնասիրելու համար դու կգտնես ցանկացած փողոցում, - ակադեմիկոսը նորից սկսեց ծիծաղել իր տարօրինակ ձևով:
- Ասացե՛ք, պարոն  Ասճյան, - հարցրեց Նորան, ու ես միանգամից համակվեցի ուշադրությամբ, - ի՞նչպես եք դուք գտնում ձեզ անհրաժեշտ գրքերը այս անկանոն կույտերից:
- Հա՜, հա՜, սիրուի՜կ, իսկ քո կարծիքով ի՞նչի մասին է այս ողջ գիտությունը...



Նստելու համար մեզ առաջարկեց հենց հատակը: Սակայն հետո, ինչ-որ բան իր ներսում քցել-բռնելուց հետո մոտեցավ կույտերից մեկին, մի քիչ քչփորեց այնտեղ ու վերադրձավ մի յոթ-ութ գրքերով.
- Կամ էլ հարմարվե՛ք սրանց վրա, սրանք էդքան էլ ափսոս չեն:
Ինքը նախընտրեց մնալ ոտքի վրա: Նրա գրասեղանը բավական հեռու էր: Ու ավելի հեռու էր թվում, երբ հաշվի էր առնվում գրքերի կույտերի միջով դեպի այն տանող խուճուճ ճանապարհը:
- Արմա՛ն, ես ճանաչում եմ քո պապիկին դեռ դպրոցական ժամանակներից ու համարում եմ նրան իմ լավագույն ընկերը: Երբ մենք վերջին անգամ հանդիպեցինք Փարիզում, պապիկդ խնդրեց ինձ կատարել քո համար որոշակի ներածություն, այն գիտության մեջ, որը շատ մոտ ժամանակներս կդառնա ամենակարևորը բոլոր գիտություններից:
- Խոսքը գնում է էս վերջին մաթեմատիկական հավասարումների մասի՞ն, - մեջ ընկավ Նորան:
- Չէ՛, աղջիկս, կամ ավելի ճիշտ, ոչ միայն դրանց մասին...
Ես անհամբեր սպասում էի: Ակադեմիկոսի տեսությանը ես քչից շատից ծանոթ էի: Ուղղակի դրանց ոչ ավանդական լինելը, ոչ ակադեմիական լինելը... Ես չէի համբերում ստանալ իմ կասկածների հաստատումը: Արդյո՞ք նա պատրաստվում է խոսել իր տեսության մասին ու համարու՞մ է այն գիտության կարևորագույն ճյուղ:
- Ես խնդրեցի քեզ կանչել արժանի մարդկանց, որոնց հետ միասին դու կիմանաս այս ամենի մասին, հիշու՞մ ես դու հարցրեցիր  նաև թե ինչ սկզբունքով պետք է ընտրես նրանց:
- Ա՜... այո՛, - պատասխանեց Արմանը ու զզգալիորեն փոխեց դեմքի գույնը:
            - Ես ասացի քեզ, որպեսզի նրանք պատրաստ լինեն տեսնել հորիզոնից այն կողմ նոր հորիզոն...
Նորայի դեմքը արտահայտում  էր կատարյալ լարվածություն: Երբ ես նայում էի նրա կողմը, նա մի պահ շրջվեց դեպի ինձ, մեր հայացքները հանդիպեսին. հնարավոր է դա ինձ ուղղակի թվաց, բայց նրա հայացքում չտեսա ոչ մի ագրեսիվ բան, նույնիսկ կային համակրանքի թեթև նոտաներ:
- ...հիմա ես տեսնում եմ, որ դու իրոք հետաքրքիր մարդկանց ես կանչել, որպես քեզ ընկեր, Արմա՛ն, ես զգում եմ դա: Ուստի կարելի է սկսել: Ինչպես գիտեք, ես բացահայտել եմ լեզվագիտական ամենաբարդ հարցերից մեկի պատասխանը: Ի՞նչ է բառը, ընկերներ: Բառը դա առարկայի մենտալ պատկերն է: Դա հենց ինքը անվանման օբյեկտն է ձեր գիտակցության մեջ: Բառը հզոր ուժ է... Ես բացահայտել եմ այդ ուժի գաղտնիքը:
Ասճանը ավելի ու ավելի աշխույժ էր շարունակում խոսել, նա քայլում էր այս ու այն կողմ, օգտագործում ժեստեր, նույնիսկ երբեմն կատարում էր ցատկեր, երբ էմոցիաները սկսում էին գերիշխել նրա խոսքում:
-...այս բոլոր բանաձևերը ցույց են տալիս, որ խոսքը դա շատ հմուտ գրված ծրագիր է, որև եռաչափ ռեժիմով անընդհատ ստեղծում է այս իրականությունը որում մենք ապրում ենք: Ու մենք ենք այդ խոսքի տիրակալները, մենք ենք, որ կարող ենք տեսնել բոլոր այն օրինաչափությունները, որոնք առկա են խոսքի անդադար հոսքի մեջ...
Կողային տեսողությամբ ես ֆիքսեցի, թե ինչպես է բարձրանում Նորայի աննկարագրելի գեղեցիկ ձեռքը:
- Կարելի՞ է մի հարց, պարո՛ն Ասճյան:
- Այո՛:
- Կա՞ ինչ-որ տարբերակ այն ամենը, ինչը դուք ապացուցում եք ձեր տեսության մեջ, օգտագործել գործնականում?
Նորայի հարցը հանդուգն էր: Բայց ես ինքս վառվում էի հետաքրքրասիրությունից: Ես չէի համաձայնվի այն մտքի հետ, որ Նորային կամ Արամին դա կարող է ավելի շատ հուզել քան ինձ:
-Հմմ... եթե չեմ սխալվում, ես ձեզ կանչել եմ ձեզ այստեղ հենց այդ նպատակով: Դու հարցրեցիր ինձ, թե ինչպե՞ս եմ ես գտնում ինձ պետքական գրքերը այս կույտերից, - Ասճյանի աչքերը փայլում էին: Նորայի հարցը ընդամենը մի պահ շփոթացրեց նրան, վայրկյան անց նա արդեն որոշել էր իր դասախոսության նոր ընթացքը, - ես ընդամենը ասում եմ այն ինչ ուզում եմ գնտել, գնում եմ մոտակա կույտի մոտ, վերցնում առաջին պատահած գիրքը: Միգուցե պարզապես բերում է իմ բախտը, բայց ես միշտ վերցնում եմ պետքական գիրք:
- Դա կարելի՞ ա փորձել, - հարցրեց Արմանը:
-Իհարկե՛, ասա՛ ցանկացած անուն, միայն ռուսերեն, խնդրում եմ, իմ գրադարանը հիմանականում ռուսերեն գրքերից է բաղկացած, սովետական դպրոց եմ ավարտել ամեն դեպքում:
- Умберто Эко, Имя Розы, - Արմանից առաջ ընկավ Նորան:
Ասճայնը տարօրինակ ժպտաց, կրկնեց գրքի անունը, մոտեցավ իրենից ձախ գտնվող կույտին, վերցրեց դրա հետևի կողմից մի գիրք ու մեկնեց այն Նորային.
- Խնդրեմ, օրիորդ:
Նորան ապշեց: Ապշած էինք նաև ես ու Արմանը:
- Դա պարզից էլ պարզ է: Նույնիսկ Էլեմենտար է: Հասկացե՛ք, թե ինչպես է աշխատում այս համակարգը: Տեսե՛ք, կա նյութը, նյութի ընտրությունը: Ինձ մնում է իմ մտքում միայն պատկերացնել գրքի անվանման թվային ծածկագրերը: Դա առաջացնում է իմ ուղեղից արձակվող ազդանշանների հատուկ հոսք, որի արդյունքում ես ստանում եմ այն ինչ ուզում եմ:
- Դա հանճարե՜ղ է... դա՜... դա՜ փաստորեն վերջն է, - կմկմացի ես, - փաստորեն կարելի է...
- Այո՛, կարելի է ամեն ինչ ու կարելի է ցանկացած ժամանակ: Հիմա ես կբացեմ ձեզ համար բացարձակորեն մի նոր աշխարհ:
Նա սկսեց նայել գետնին, ոտքերի տակ, գտավ իրար միացված երեք թղթեր, նայեց, համոզվեց, որ դրանք իր ուզած թղթերն են, ու բաժանեց դրանք մեզ: Այնտեղ գրված էին մի քանի աշխարհագրական անվանումների անուներ, մի քանի իրավիճակների նկարագրություններ, նույնիսկ մի քանի հոտեր: Այսպես օրինակ` Էյֆելյան աշտարակ, քամի, սուրճի բույր կամ Բալի կղզի, կիզիչ արև, բանանի ծաղեր ու կոկոսի բույր: Դրանց կողքին կային նշված ինչ-որ թվեր` 87213305, 4569+32001, 476821247, 23-002215:
- Հիմա դուք ունեք մի քանի րոպե: Յուրացրեք այդ բառերը, փորձեք նստեցնել այդ թվերի հաջորդականություները ձեր հիշողության մեջ, ընկերնե՛ր: Մի քանի րոպեից ձեզ սպասվում է անմոռանալի ճանապարհորդություններ:  
Ինձ համար ակնհայտորեն քիչ էր այն ժամանակը, որը նախատեսել էր Ասճյանը: ես ջանասիրաբար ֆիքսում էի թվերը, փորձում ասսոցացնել դրանք ինչ-որ կերպ նշված անվանումների հետ: Ի վերջո ակադեմիկոսն ասաց:
-Դե՞, գնացի՞նք: Հիմա ես կուղեկցեմ ձեզ: Սա ձեզ համար առաջին անգամն է, ուստի բոլորդ կերթևեկեք իմ ղեկավարությամբ, հիմնականում իմ պատկերացման շնորհիվ: Ամեն մեկդ կզգա այս իրականության բույրը իր հիշած ծածկագրերի պարզության չափով:



Չեմ փորձում ճշգրտորեն նկարագրել այն, ինչը տեղի ունեցավ ինձ հետ հաջարդող րոպեների ընթացքում: Լայն սրահը հանկարծ հալվեց, փշրվեց, դարձավ փոշի ու ցրվեց քամու միջով: Ու սառը ցնցուղի պես, արձանագրվեց այն փաստը, որ Էյֆելյան աշտարակի ամենաբարձր դիտակետում քամին բոլորովին նորմալ երևույթ է: Հետո ինձ հասավ սրճարանից եկող նոր եփված սուրճի  բույրը: Իմ կողքին կանգնած էին Արմանը, ժպտացող Նորան ու հոգատար հայացքով մեզ նայող ակադեմիկոս Ասճյանը: Նա կարծես ասաց. «հաջորդ կայարանը` Նեֆուդ անապատ»:
Խեղդող տապը միանգամից թափվեց ինձ վրա, ոտքերս խրվեցին ավազի մեջ, չոր քամին քթիս հասցրեց  ուղտի շիկացող բրդի հոտը: Շուրջ բոլորը տարածվում էր ավազե ծովը: Տեսարանը իրող վեհ էր: Հզոր և ճնշող: Անապատ էր: Այքան խուլ, որ այդտեղ չէր հասնում նույնիսկ ամենաթափառական բեդուինը:
«Հաջորդ կայարանը երկնային դրախտ Երկրի վրա` Բալի կղզի»:
Չի անցնում իմ մոտից այն հրճվանքը, որը ես ապրեցի շնչելով ծովային մեղմ օդը, զգացի խոնավությունը օդի մեջ, որը այդպես անհույս բացակայում էր անապատում, լսեցի արմավենիների խշշոցը: Դա դրախտ էր: Բացարձակ սպիտակ ավազ, բացարձակ կապույտ երկինք, փիրուզագույն ծով ու բացարձակ կանաչ ծառեր: Ակամայից հիշեցի հանրահայտ շոկոլադի գովազդը:
Երբ քամին հետ հավաքեց պատերը ու սրահը նորից իր մեջ առավ մեզ բոլորիս` ես զգացի անտանելի սրտխառնոց: Նայեցի կողքերս: Նորան նստած էր գետնին` ափերի մեջ առած իր գլուխը: Արմանը պարկած էր` ձեռքերը  ու ոտքերը չռած: Միայն ես էի, որ  կանգնած էի ոտքերի վրա, սակայն չէր կարելի ասել, որ կանգնած էի ուղղահայաց:
- Ես կսպասեմ ձեզ երկու օրից: Ձեզ մոտ լիովին նորմալ շոկ է այժմ: Անհանգստանալու կարիքն իսպառ բացակայում է, - Ասճյանը երևի հազիվ էր զսպում իրեն չծիծաղելու համար:


Ես ստացել եմ հաղորդագրություն Նորայից: Նա, ես և Արմանը հանդիպելու ենք կես ժամից: Դա իմ ամենասպասված հանդիպումն է: Չգիտեմ ինչ ենք մենք խոսելու, բայց ես հաստատ առաջինը չեմ խոսի պատահածի մասին... միգուցե դա թվացել է միայն ինձ:
Ի դեպ, բոթասներիս մեջ ինչ-որ անհասկանալի ավազ կա:
Ասճյանի մոտ պետք է  լինենք երկու ժամից: