Saturday, January 11, 2014

ԽԼՈՒՐԴՆԵՐԻ ԱՎՏՈՇԱՐԱՍՅՈՒՆ

Ասուլիսին հասա դժվարությամբ: Այս քաղաքն օրեցօր ավելի է խճճվում խցանումների եւ փակ ճանապարհների հանգույցում: Ամեն օր մի նոր ճանապարհ է կառուցվում, ավելի հաճախ գետնանցումներ, ինչ-որ տարօրինակ թունելներ, իսկ խցանումներն այնքան անտանելի ու նյարդային են, որ դրա պատճառ դարձած ամեն ոք եւ ամեն ինչ միանգամից արժանանում է խցանման մեջ լռված մեքենաների վարորդների անզուսպ անեծքների եւ մի քանի հարկանի հայհոյանքների: Էլ չեմ խոսում կառավարական ավտոշարասյունների մասին, որոնց ընթացքը խցանված քաղաքում առաջացնում է մեքենաների ազդանշանների խլացուցիչ սիմֆոնիա: Եւ պատճառն այս դեպքում ոչ թե խցանումների «շնորհիվ» լարված նյարդերն են, այլ քաղաքացիների` մինչեւ վերջ լցված համբերության բաժակը, իշխանությունների հանդեպ ունեցած լուռ դժգոհությունը, որն ավելի հաճախ է ձայն ստանում խցանումներում ազդանշանային համազարկի տեսքով:
Պի բիիիիիիիիբ` դեռ զրնգում էր ականջներիս մեջ, երբ վերջապես ներս մտա ասուլիսների սրահ, որն արդեն լի էր լրագրողներով: Ճանապարհին ես դժբախտություն էին ունեցել «ողջունել» նախագահի ավտոշարասյանը, եւ այդ դժոխային աղմուկից հետո ասուլիսների սրահի բազմամարդ ժխորն ընդամենը շշնջոց թվաց ականջներիս: Ասուլիսը հայտնի գիտնական, անթրոպոլոգ եւ ծագումնաբան Պ.Սոնյանի հետ էր, ու պետք էր ենթադրել, որ այն կանցնի հանգիստ եւ գուցե ձանձրալի, իսկ առավոտվա թերթերն այստեղից ոչ մի սենսացիա չէին ունենա իրենց ընթերցողներին մատուցելու: Ես էլ տեղավորեցի ձայնագրիչս, ստուգեցի լուսանկարչական խցիկս եւ հնարավորինս հարմարավետ տեղավորվեցի մի անկյունում:
Պ.Սոնյանի եւ նրա օգնականի հայտնվելն ազդարարվեց խցիկների համեստ փայլատակումներով եւ համերաշխ հմմ-գմմ-ըհմմ-ոցներով: Քչերը, սակայն, նկատեցին, որ Պ.Սոնյանի պիջակի գրպաններն ուռած են:
- Շնորհակալություն, որ արձագանքել եք հրավերին,- ասաց Պ.Սոնյանը նստելով,- այսօրվա թեման ձեզ հաստատ կհետաքրքրի...
- Խոսելու եք ամրոցի շրջակայքում գտնված նոր դամբարանների մասի՞ն,- սրահից հարցրեց անհամբեր մեկը:
- Ոչ, այսօրվա թեման ուղիղ կապ ունի քաղաքում տեղի ունեցող շինարարության հետ:
- Ի նկատի ունեք` դրանք խոչընդոտում են ինչ-որ պեղումների...
- Կրկին չգուշակեցիք
- Իսկ ինչ է ձեր գրպաններու՞մ:
- Սենսացիա:
* * *
Պ.Սոնյանը նշան արեց օգնականին, եւ վերջինս, ով արդեն մի քանի րոպե զբաղված էր սեղանին դրված պրոեկտորով, վերջապես միացրեց այն: Սպիտակ էկրանի վրա հայտնվեցին աղյուսակներ, դիագրամաներ, ֆունկցիաներ` մի խոսքով, ինչ-որ բարդ հաշվարկների արգասիքներ:
- Սա,- սկսեց Պ.Սոնյանը,- չոր վիճակագրություն է, որը, սակայն, լույս կսփռի մի շարք հարցերի վրա: Այ այս թվերը,- նա ցույց տվեց աղյուսակներից մեկը,- վերջին տասը տարիներին թունելների վրա ծախսված փողերն են: Իսկ սրա,- նա ցույց տվեց կտրուկ ներքեւ իջնող կորը,- մեր կառավարության անդամներն են: Նրանց հրապարակային ելույթների հաճախականության գործակիցը: Ինչպես տեսնում եք, բյուջեի ծախսերն` ուղղված թունելների շինարարությանը, կտրուկ աճում են, այն դեպքում, երբ իշխանության ներկայացուցիչները գնալով ավելի ու ավելի հազվադեպ են երեւում հանրությանը:
- Դե փառք Աստծո,- ասաց ինչ-որ մեկը սրահի ծայրից:
- Իսկ որտե՞ղ է կապը:
- Իսկ ու՞ր են այդ դեպքում թունելները: Գրողը տանի, ողջ քաղաքն է խցանումների մեջ կանգնած:
Պ.Սոնյանը բարձրացրեց ձեռքը:
- Համբերեք: Սա դեռ վերջը չէ,- ասաց նա եւ շունչ քաշեց: Նրա պիջակը, որն ակնհայտորեն ծանրաբեռնված էր գրպանների պարունակությամբ, անհարմարություն էր պատճառում տիրոջը: Պ.Սոնյանը շարունակեց:
- Ինչպես տեսնում եք, այստեղ կան մի շարք թվեր եւս: Օրինակ` ուշադրություն դարձրեք կառավարության կողմից ձեռք բերվող զրահապատ մեքենաներին: Կամ բուլդոզերների թվի կտրուկ ավելացմանը: Իսկ հապա նայեք, թե ինչ գումարներ են ծախսվում այդ բոլոր մեքենաների ապակիների մգեցման համար: Ես, իհարկե, ընդամենը գիտնական եմ, եւ հիմա չեմ խոսա այն մասին, թե իրականում ինչ թվեր են սրանք եւ որտեղից են: Կասեմ միայն` սա այն տվյալներն են, որոնք չեն հրապարակվում պաշտոնական լրահոսներում: Իրականում, ըստ պաշտոնական վարկածի, թունելաշինությանն ուղղված փողերն, օրինակ, գյուղատնտեսության զարգացման համար նախատեսված գումարներն են, իսկ մեքենաները...թեեւ դա իմ թեմայի հետ կապ չունի...
- Ոչ-ոչ, շարունակե՛ք,- ասացին մի քանի հոգի սրահից:
- Կշարունակեմ` ասելու այն, ինչի համար եկել եմ: Եվ կհարցնեմ ձեզ հիմա` դուք երբեւէ տեսե՞լ եք որեւէ նոր թունել քաղաքում: Կամ երթեւեկել դրանով: Դա բացատրվում է, հարգելիներս, նրանով, որ այդ թունելները կառուցվում են միայն ու միայն իշխանության ներկայացուցիչների համար: Նրանք անցնում են ընդհատակ:
- Ի՞նչ,-միանգամից հարցրեց սրահում հավաքված լրագրողական համքարությունը:
- Փորձեք հիշել` երբ եք տեսել, որպեսզի ելույթ ունենան այս նախարարները:
Էկրանի վրա սլայդով իրար հետեւեցին մի շարք նախարարների պատկերներ:
- Իսկ նկատել եք, որ այս մեկը սկսել է մուգ ակնոցներ կրել: Նրանք թաքնվում են: Ես հավաքել եմ ձեզ` պնդելու, որ տեղի է ունենում լոկալ մասշտաբի փոխակերպություն: Եւ ես համոզված եմ, որ փոխակերպությունն այս կենսաբանական է: Ամենայն հավանականությամբ, այս իշխանությունների ներկայացուցիչները գնում են մեկուսացման: Մեկուսացման` ընդհատակ անցնելու եղանակով: Դա, այսպես ասենք, նրանց ինքնապաշտպանման բնազդի արդյունքում ի հայտ եկած էվոլյուցիոն քայլ է` տեսակը փրկելու համար: Որպես ապրելու համար ավելի բարենպաստ միջավայր` նրանք ընտրում են ընդհատակ գնալը եւ բոլոր ուժերը գործի դնում գետնի տակ իրենց բնակության համար առավել հարմար պայմաններ ստեղծելու:
Սրահում լռություն տիրեց: Կրկին խոսեց Պ.Սոնյանը.
- Սա փաստեր են, որ դուք ուղղակի չեք տեսնում: Օր ու գիշեր փորվում են թունելներ, կառուցվում նոր ճանապարհներ, որոնք շրջանցում են մարդաշատ վայրերը, կարեւոր քաղաքական գործիչներն ամիսներով եւ տարիներով չեն երեւում հասարակայնությանը, բյուջեի գումարները ցնդում են եւ գոլորշիանում, իսկ դուք մտածում եք խցանումների մասին: Իրականում, պարոնայք, մեր սիրելի իշխանությունը գետինն է մտնում:
Սրահի լռությունը խախտեց խռպոտ ձայնով մեկը.
- Ուրեմն, դա նրանց կողմից էվոլյուցիա է` տեսակը փրկելու համա՞ր:
- Իսկ գուցե նրանք ուղղակի ամոթից են գետինը մտնում,- ենթադրեց մեկն ու արժանացավ բոլորի հավանությանը:
- Ու ի՞նչ է սպասվում մեզ այս դեպքում: Ինչ կլինի՞: Եղե՞լ է պատմության ընթացքում նմանատիպ երեւույթ:
- Ճիշտ հարց է,- միանգամից ակտիվացավ Պ.Սոնյանը,-եւ ես հենց դա ասելու համար եմ եկել:
Նա ձեռքը տարավ գրպանը, ինչ-որ բան շոշափեց եւ հանելով` սեղանին դրեց մի կենդանու:
- Խլուրդ,-ասաց Պ.Սոնյանը:
Սրահը հոգոց հանեց:
Պ.Սոնյանը ձեռքը տարավ մյուս գրպանը եւ սկսեց սեղանի վրա շարել իր հետ բերած գազանիկներին:
- Ահա: Ահա այսպիսի տեսք կունենա մեր կառավարությունը շուտով:
- Շուտո՞վ,- հարցրեցի ես:
- Դե, պրոցեսն արդեն սկսվել է:
* * *
Ես վերցրեցի ձայնագրիչս եւ դուրս եկա այն ժամանակ, երբ լրագրողներն ուղղակի շրջապատեցին Պ.Սոնյանին ու սկսեցին հարցեր տալ` հասկանալու` այն ինչ լսեցին, իրոք լուրջ էր, թե այդպես կատակում են անթրոպոլոգները, կամ գուցե դա նրանց միայն թվացել է, եւ իրականում Պ.Սոնյանը խոսում էր բոլորովին այլ բաների մասի՞ն: Դրան գումարած էլ ` անհետացել էին խլուրդներից մի քանիսը, եւ գիտնականի խեղճ օգնականը փորձում էր գտնել դրանց մարդկանց ոտքերի տակից, որպեսզի պոտենցիալ նախարարները, վարչապետներն ու նախագահները հանկարծ չսատկեին` կոշիկների տակ ճզմված:
Ես քայլում էի եւ մտածում գրվելիք հոդվածի վերնագրի մասին: «Խլուրդների ավտոշարասյու՞ն» ...

http://www.armtimes.com/46497