Monday, March 26, 2012

Տասը-տասներկու օր


Ռալֆը հայտնվեց այնտեղ ու նայեց իր շուրջը: Ամենուր նստած էին դիոսյան ռասային պատկանող էակներ: Տեղը Երկրից եկած մարդուն հիշեցնում էր բար: Բոլորը զբաղված էին փոքրիկ  «հրաբուխներ» շնչելով: Ռալֆը գիտեր, որ այդ կոնաձև «հրաբուխները» արտադրում են ազոտային օքսիդի պես մի բան, որը ստիպում է դիոսյան ռասայի ներկայացուցիչներին արբենալ ու ընկնել մոռացության գիրկը: Ռալֆին հետաքրքրող էակին բացահայտելու համար նրան անհրաժեշտ էր ընդամենը ցանկացած արտահայտություն անել երկրային լեզուներից մեկով: Ժամանակը սուղ էր: Ռալֆը գոչեց` եկել եմ, տեր:
Հետին շարքերում նստած մեկը բարձրացրեց գլուխը: Ինքն է, մտածեց Ռալֆն ու մոտեցավ: Առանց մի բան ասելու` նստեց կողքն ու դրեց նրա սեղանին փոքրիկ գունդը, որը մինչ այդ ամուր պահում էր ձեռքում:
- Մենք սպասել ենք այս հանդիպմանը շատ երկար,- ասաց Ռալֆը:

***
 Որպեսզի ուղարկեն Ռալֆ Լյուիս Սեյրանյանցի հոլոգրամման այլ հարթություն, անհրաժեշտ էր եղել ճեղքել ոչ միայն տարածությունը, այլ նաև ժամանակը: Նեյրոհոլոգրամման շարունակում էր մնալ կապված մարմնի նյարդային համակարգի հետ: Այնտեղ, ուր հասել էր Ռալֆի հոլոգրամման, ժամանակը լիովին տարբերվում էր գալակտիկական ժամանակից: Ստացվել էր այնպես, որ մի քանի աստղերի հայելիային արտացոլումների շնորհիվ հնարավոր էր դարձել «գողանալ» մոտ կես ժամ երկրային ժամանակ ու տեղափոխել այլ հարթություն: Ցանկացած ուրիշ տարբերակում Ռալֆը կհայտնվեր այնտեղ մեկ ակնթարթով, իսկ Երկրի վրա կանցներ վեց հարյուր տարի` փոշի դարձնելով Ռալֆի մարմինն ու նրա նյարդային համակարգը:
Գիտնականները, ովքեր աշխատել էին «Հանդիպում» նախագծի վրա, կատարել էին հսկայական, մասշտաբային հաշվարկներ` պարզելու համար հանդիպման վայրը: Ինչպես նաև հոլոգրամմային ավելացրել էին փոքրիկ ապակե գնդի պես մի բան, որը պետք է հուշեր հանդիպման մյուս մասնակցին` մարդիկ հասել են զարգացման այնպիսի աստիճանի, որ այլևս հավասար են նրան:

***
- Այ դու, դու ու նրանք, ում օգնությամբ հիմա այստեղ ես, հպարտանում եք: Ասում եք` ահա, մենք հասանք, մենք նրան գտանք... ի դեպ` ինչպե՞ս գտաք ինձ:
- Դա կարևոր չէ,- պատասխանեց Ռալֆը,- ժամանակ շատ չկա, ու ես կուզենայի տալ մի քանի հարցեր: Առաջին հարց` ինչո՞ւ: Ինչո՞ւ էիր դու սկսել այդ խաղը:
- Կարող ես ինձ անվանել Յահվա,- ասաց նրա զրուցակիցը` քաշելով «հրաբխից ելնող գազը,- դա սովորական անուն է, իմ իրական անունն է, ու ես դա որոշել էի տալ նաև ձեզ, որպեսզի դիմեք ինձ այդպես: Ես այնքան ծրագրեր ունեի... դու ասում ես` խաղ: Դա խաղ չէր: Նայիր շուրջդ, տեսնո՞ւմ ես այս բոլոր նստածներին: Նրանց մեծ մասն ունի նմանատիպ «գաղտնիքներ»: Ես ստեղծել էի այդ խաղը, որպես նվեր մատուցեի...
- Նվե՞ր,- ասաց Ռալֆը: Նա կորցնում էր համբերությունը Յահվայի դանդաղ ու անշտապ ձայնից:
- Նվիրել մի ամբողջ գալակտիկա` այն էլ բնակեցված բանական էակներով` դա իսկական շքեղություն է,- ասաց Յահվան,- ես փորձում էի ստեղծել ձեզ մոտ այնպիսի գեղեցկություն, որպեսզի հիացնեմ նրան:
- Գեղեցկությո՞ւն: Ի՞նչ գեղեցկության մասին ես խոսում դու: Մենք հաշվել ենք, որ ստեղծման պահից երեք օր անց, դու արդեն թույլ ես տվել արունահեղություններ ու գարշելի պատերազմներ...
- Նա չէր հավանել ձեզ,- շարունակեց Յահվան,- Ես տվեցի նրան ձեզ այսպիսի գնդի տեսքով,- նա ցույց տվեց Ռալֆի բերած ապակե գունդը,- իսկ նա պարզապես նայեց ու դրեց մի կողմ: Դա վիրավորական էր: Իսկ հետո գնաց... ուրիշի հետ գնաց: Ես հիասթափված էի ու կատաղած: Ես վերցրեցի ձեզ ու ջնջեցի ամեն ինչ: Հետո նորից օգնեցի, որպեսզի կառուցեք ձեր կորցրածը: Աշխատեցի ձեզ վրա, փոխեցի ձեր տեսքը: Կատաղությունս անցել էր, ես նրան կարոտել էի ու նորից կերտեցի ձեր աշխարհը գեղեցիկ… Հետաքրքիր է, չէ՞, որ այդպիսի նվերի հանդեպ նա լիովին անտարբեր էր:
Ռալֆը չգտավ` ինչ պատասխանել: Նվեր: Ուրեմն նրանք եղել են ընդամենը նվեր: Ողջ իրենց աշխարհը եղել է ինչ-որ նվեր չգիտես թե ում համար:
- Իսկ դուք ապրեք,- ասաց Յահվան,- քանի օր է անցել... տա՞ս, տասներկո՞ւ: Վերջին միջամտության ժամանակ ես ձեզ կարգին այլանդակել էի: Այնպես էի հետ գցել ձեզ, որ մտածում էի այլևս երբեք չեք զարգանա... Այդ ժամանակ էր, որ մտածեցի խելահեղ մի բան: Դա այնքան օրիգինալ էր, որ ես հաստատ կարծում էի, թե նրա դուրը կգա: Որոշել էի գիրք գրել, բայց ոչ թե ես, այլ դուք: Ես տարբեր բաներ էի ներշնչում, իսկ դուք գրում էիք: Սպասիր մտածեմ... Դա մոտավորապես նույն բանն է, ինչ նավակ հավաքել շշի մեջ, հասկանո՞ւմ ես` ինչ ի նկատի ունեմ: Շատ նյարդային ու մանրակրկիթ աշխատանք էր, սակայն դուք իրական զառանցանք էիք գրում, լուրջ եմ ասում: Իսկ ձեր սերունդները մի քանի րոպե անց դա «Սուրբ Գիրք» հռչակեցին:
Յահվան նորից խորը քաշեց իր «հրաբուխը»:
- Ու դա նրան դուր եկավ, բայց նա չհավանեց ձեր գրած տեքստերը, իսկ ես վերջնականապես ձեռք քաշեցի ձեզանից:
- Որտե՞ղ ենք մենք հիմա:
- Սիսոնի մոտ,- պատասխանեց Յահվան:
Ու՞մ:
- Այս բարի տիրոջ,- ասաց Յահվան,- ես թողել եմ ձեզ այստեղ, քանի որ պարտքեր ունեմ… Ես շատ հաճախ եմ հիմա այցելում տարբեր բարեր...
- Իսկ մենք երևի այդ ժամանակ պատերազմներ էինք անում ու ցեղասպանություններ...,- ասաց Ռալֆը: Ժամանակը մոտենում էր ավարտին: Նախապես պատրաստված հարցերը մնում էին չհնչած ու չպատասխանված:

***
Արարչի հետ հանդիպումը կազմակերպել էին մի խումբ գիտնականներ, ովքեր պարզել էին շարժման հիմք հանդիսացող պայթյունի ճշգրիտ կոորդինատներն, իսկ այնուհետև կարողացել էին համադրել տվյալները «Զուգահեղ  Հարթությունների Տեսության հետ»: Ակնհայտորեն պարզ էր դարձել, որ կա հիմնարար Ազդեցություն, որին ենթարկվում է ողջ գալակտիկան, և կա կոնկրետ սուբյեկտ, ով անմիջականորեն պատասխանատու է այդ Ազդեցության համար: Կատարվել էին մի քանի փորձեր, որոնց արդյունքում ստեղծվել էին բազմաթիվ աշխարհներ տարբեր տարածական ու ժամանակային հարթություններում, ու աշխարհներն այդ ստեղծվել էին մարդու կողմից: Առաջացել էր ամուր համոզմունք այն մասին, որ մարդիկ ևս հանդիսանում են այդպիսի մի աշխարհ, իսկ այդ աշխարհը ստեղծող էակներին պայմանականորեն տրվել էր «դիոսյան ռասա» անվանումը:
Ռալֆի մարմինը միացված էր բարդագույն սարքավորումների: Նրա շուրջ բուռն գործունեություն էին ծավալում գործընկերները, որոնք հետևում էին տարատեսակ ցուցիչների տվյալներին ու վերահսկում էին Ռալֆի ճանապարհորդությունը:
- Կկարողանանք պահել նրան ևս հինգ րոպե, սակայն առաջարկում եմ դադարեցնել սեանսը երկու րոպեից` ավելորդ ռիսկերից խուսափելու համար,- ասում էր Հաշեկը:
- Ուրեմն գործի եմ դնում հետհաշվարկը,- պատասխանեց նրան Ատոմը,- այս պահին ամեն բան բարենպաստ է: Հոլոգրաման կվերադառնա նույն երթուղիով:
- Լավ,- ասաց Հաշեկը:

***
- Ինչքա՞ն դա կարող է տևել,- հարցրեց Ռալֆը,- ի՞նչ երաշխիքներ կան, որ այս Սիսոնը չի կոտրի մեր գունդը:
- Քանի դեռ ես գալիս եմ այստեղ ու շնչում այս թույնը, նա չի կորցնի դա,-պատասխանեց Յահվան:
- Դու, հուսով եմ, հասկանում ես, որ քեզանից կախում ունենալը հաճելի չէ մեզ, մենք ինքներս ենք պատկանում այն ռասաների դասին, ովքեր ի վիճակի են ստեղծել աշխարհներ...
- Նայիր շուրջդ,- ասաց Յահվան,- ասել եմ արդեն` այստեղ շատերն ունեն այդպիսի աշխարհներ: Ոմանք փայփայում են դրանք, ոմանք մոռացության մատնում: Այ, տեսնո՞ւմ ես Գիիռբաալին: Նա արդեն քասան տարի է պահում է հսկա գալակտիկական համակարգ, ու նրա արարածները մտածում են, թե հանդիսանում են վեհագույն կայսրություն...
Ռալֆը պատկերացրեց վեհագույն կայսրության բնակիչներին: Ի՞նչ տեսք ունեն նրանք: Ինչո՞վ են ապրում: Ինչպե՞ս են սիրում իրենց հարազատներին: Ի՞նչ ծրագրեր ունեն ապագայի վերաբերյալ:
- Իսկ այնտեղ,- ցույց տվեց Յահվան իրենցից քիչ հեռու նստած հոլոգրամմային,-տեսնո՞ւմ ես: Ասում են, թե նա այն կազմակերպությունից է, որը ստեղծել է մեր աշխարհը...
Ռալֆն անհետացավ: Յահվան տրորեց աչքերը` փորձելով հետ բերել նրան` ապարդյուն: Ուզեցավ մի պահ մոտենալ Սիսոնին ու խնդրել իր գունդը` պարզապես նայելու ու նաև զրուցելու համար, բայց փոշմանեց: Նա շնչեց իր հրաբխից բարձրացող գազն ու ընկղմվեց մոռացության մեջ:

***
Վերադառնալուց հետո Ռալֆը մանրամասն պատմեց տեսածն ու լսածը: Նկարագրեց նաև այն զգացումները, որ ունեցել է ճանապարհորդության ընթացքում` հատկապես այն դրվագները, երբ նրա հոլոգրամմայի ալիքները անդրադարձվել են աստղերի միջոցով:
«Հանդիպում» նախագծի կատարած փորձերի ու ճանապարհորդության արդյունքները փոխանցվեցին Վերին Ատյանին, որտեղ որոշում կայացվեց պարբերական հանդիպումներ անցկանցնել Յահվայի հետ: Որոշվեց նաև ուղարկել նրա մոտ հոգեբանների, որոնք կզբաղվեն Յահվայի հոգեկան վիճակի կայունացմամբ, թմրանյութերից կախվածության հաղթահարմամբ և ընդհանուր ռեաբիլիտացմամբ: Այդ ծրագրերը ժառանգվեցին մի քանի հարյուր սերունդների`այդպիսով հնարավոր դարձնելով գալակտիկայի ապագան որևէ կերպ վերահսկելը: Հաշվի առնվեց նաև, որ այդ հանդիպումները Յահվայի հետ պետք է տեղի ունենան երկու հազար տարին մեկ անգամ, որպեսզի չնյարդայնացնեն արարչին չափազանց հաճախակի այցելումներով:
Յահվայի մոտ նորից ժամանեց իր ստեղծած աշխարհի պատվիրակը, երբ նա արթնացավ Ռալֆի հետ հանդիպման հաջորդ առավոտը` երկրային ժամանակով ուղիղ երկու հազար տարի անց: Տեղի ունեցավ ջերմագին և անկեղծ զրույց, ինչի արդյունքում Յահվան խոստացավ գոնե մեկ օր զերծ մնալ «հրաբուխներից»:
Իսկ Երկրի վրա կանգնեցվեց Ռալֆի հուշարձանը` որպես «Արարված Աշխարհների պաշտպանության մեծագույն ջատագով»: 

Monday, March 19, 2012

12 գրամ անհայտ մոլորակից

Բնագիտության Ամերիկյան Թանգարանում հայտնվել է մի ցուցանմուշ, որի առկայությունն այս մոլորակում, թերեւս, կարող է համարվել քսանմեկերորդ դարասկզբի ամենախոշոր իրադարձությունը: Առաջին անգամ գիտական շրջանները ստիպված եղան հայտնել ոչ երկրային «քաղաքակրթության» մասին, քանի որ ցուցանմուշն այդ «ձեռագործ» էր, իսկ նյութը նրա շատ տարբեր էր այս մոլորակի մատերիայից ընդհանրապես:
Էքսպոնատն իրենից ներկայացնում էր բյուրեղ: Այն բաց կապտավուն գույնի էր, երբեմն փիրուզագույն երանգներով, ուներ խիստ տարօրինակ կառուցվածք ու հատուկ մշակված կլորավուն անկյուններ եւ կշռում էր տասներկու գրամ: Քիմիական բաղադրությունը անհնրար էր պարզել, քանի որ ոչ մի այլ տարրի կամ քիմիական կապակցության հետ բյուրեղը ռեակցիայի մեջ չէր մտնում: Էլեկտրոնային մանրադիտակները հազարապատիկ խոշորացումների արդյունքում ընդամենն  ավելի ու ավելի էին համոզում դիտողներին, որ բյուրեղն այստեղից չէ: Իսկ «այստեղ» դերանունը բյուրեղն ուսումնասիրողների համար ստանում էր բոլորովին այլ նրբերանգ:
Ես, սակայն. պատրաստվում եմ պատմել ձեզ մի մարդու մասին, ով անմիջական առնչություն է ունեցել բյուրեղի հայտնվելու հետ, ու պատմությունն այս հնարավոր է բացատրություն տա այն ամենին, ինչ տեղի ունեցավ բնապահպանական Մեծ գիտաժողովից հետո ու ցնցեց բոլորին:
Դոնալդ Մակարյանն այժմ բնակվում է Լոնդոնի արվարձաններից մեկում: Ես հանդիպեցի նրան այստեղ` Երեւանում, բնապահպանական Մեծ գիտաժողովի ժամանակ, որտեղ նա իր մասնակցությունն ապահովում էր զուտ ֆիզիկապես: Գիտաժողովի երկու շաբաթների ընթացքում նա ոչ մի անգամ ելույթ չունացավ, ավելին` չբարեհաճեց հարցազրույց տալ եւ ոչ մի լրատվամիջոցի, իսկ ամենավերջում կողմ քվեարկեց մի ծրագրի, որը նախատեսում էր մարդկային գործունեության բացարձակ դադարեցում անտառային տարածքներում եւ բնական արգելոցներում: Ինձ հետ նա զրուցեց Բնապահպանական միջազգային ասսոցացիայի բուֆետում, վերջին նիստերից հետո:
- Պարոն Մակարյան,- դիմեցի ես նրան` մոտենալով նրա սեղանին` կոնյակի շիշը ձեռքիս,- կարելի՞ է նստել ձեզ հետ:
Նա գլխով արեց` նստիր:
- Շնորհակալություն,- ասացի ես ու դիմացա նրա երկար ու ճնշող հայացքին,- կուզենայի ձեզ մի քանի հարց տալ բյուրեղի մասին...
- Դուք տեսե՞լ եք բյուրեղն անձամբ,- հարցրեց նա` ընդհատելով ինձ:
- Իհարկե, ոչ մեկ անգամ:
- Ի՞նչ եք կարծում` ի՞նչ է դա:
Ես մի փոքր շփոթվեցի, քանի որ ինքս էի տրամադրված հարցեր տալու:
- Ես կարծում եմ, որ դա հայտնվել է այստեղ այլ աշխարհից, հավանաբար` հանդիսացել է ինչ-որ սարքի մաս, որն այդ սարքի վթարից հետո առանձնացվել է ու մնացել այստեղ,- ասացի ես` պաշտոնական վարկածին համապատասխան:
- Իսկ ո՞ւր է, այդ դեպքում, ինքը` սարքը:
- Դե... հավանաբար այն կարողացել է հեռանալ առանց այդ դետալի...
- Վերջացրեք,- նորից ընդհատեց ինձ Դոնալդ Մակարյանը: Նա վերցրեց կոնյակի շիշն ու լցրեց մոտ հարյուր գրամ իր բաժակի մեջ,- դուք մտածում եք, որ միջաստղային ճանապարհորդություններ կատարող մեքենայի մեջ կարող է գտնվել ավելորդ դետա՞լ: Եթե դուք տեսել եք բյուրեղը, ապա կհասկանաք, որ այն կատարյալ է, ու այդպիսի բանը դժվար թե ինչ-որ մեկը մոռանա կամ կորցնի...
- Այդ դեպքում` ի՞նչ է դա,- ասացի ես մի քիչ նյարդայնացած, բայց զգալով, որ նախաձեռնությունն աստիճանաբար անցնում է ինձ:
- Դա էակ է,- ասաց նա: Խոշոր կում արեց ու վառեց սիգարը: Նրա դեմքը կորավ թանձր ծխի մեջ: Միայն ձայնն էր լսվում ծխի հետևից,- դա բանական էակ է...էր:
Նա հենվեց աթոռի մեջքին ու հարմար դիրք ընդունեց: Ես լարեցի ուշադրությունս` ոչ մի բառ բաց չթողնելու:
Երեք տարի առաջ ես գտնվում էի Ինդոնեզիայում ու զբաղվում բաբիրուսսա վարազների ուսումնասիրությամբ: Դրանց ժանիքները, գիտե՞ք, ունեն արտասովոր տեսք, եւ ինձ հետաքրքիր էին նրանց կենցաղի մի քանի առանձնահատկություններ, որպեսզի կարողանամ պարզել, թե ինչպես են դրանք օգտագործում այդ ժանիքները: Ես օրերով խորանում էի անտառների մեջ` որոնելով նրանց հետքերը: Հաճախ ինձ հանդիպում էին որսագողեր, որոնց հետ երբեմն փորձում էի պայմանավորվել, իսկ երբեմն ստիպված էի լինում հեռանալ` ավելի ուշ տեղացիներից կազմված ջոկատի հետ վերադառնալու ու դրանց քշելու համար:
Նա խոսում էր տարված ու հետաքրքիր: Ես զարմանում էի, թե ինչո՞ւ է այս մարդը հրաժարվում լրատվամիջոցների հետ շփվելուց: 
- Մի օր, սակայն,- շարունակեց նա,- դա ապրիլի քսանն էր, ես հանդիպեցի նրան: Քսանհինք-քսանյոթ տարեկան աղջիկ էր: Արտասովոր ոչինչ չկար նրա մեջ, թերեւս միայն այն, որ նա գեղեցիկ էր, ինչպես ոչ ոք: Այդպիսի գեղեցիկ աղջիկ ես չէի հանդիպել ոչ մի երկրում: Իսկ խուլ ջունգլիներում` առհասարակ:
- Ու ի՞նչ էր անում այդ աղջիկը,- հարցրեցի ես:
Նա փչեց սիգարի ծուխն ու այնպես նայեց ինձ, կարծես հենց նոր մեծ ոճրագործություն կատարեցի` նրան ընդհատելով:
- Նա ձեռքի փոքրիկ սկաներով դիտում էր ծառերի արմատները: Ես այդպես եմ կարծում, որ հենց արմատներն էր ուսումնասիրում: Հետո լսվեց բաբիրուսսայի սմբակների ձայնն ու խռռոցը: Կիսակույր վարազը հարձակվում էր նրա վրա: Աղջիկը հասցրեց դա նկատել: Ես տեսա, թե ինչպես է նա գունատվում: Այն պահին, երբ վարազն արդեն պետք է հարվածեր նրան, ես կրակեցի: Գնդակը դիպավ ուղիղ վարազի աչքին ու փշրեց նրա գանգը:
Դոնալդ Մակարյանը հուզված էր: Նրա ձայնն արդեն անհանգիստ էր: Ձեռքերում նույնիսկ դող էր նկատվում: Նա շարունակեց,
- ...ոչ մի էակի մոտ ես դեռ չեմ հանդիպել ատելության այդպիսի աստիճան: Ոչ մի գազանի աչքերում ես չեմ տեսել այնքան ատելություն ու կատաղություն, ինչքան այդ պահին տեսա աղջկա աչքերում: Նա ողջ հոգով ատում էր ինձ: Ես հայտնվեցի նրա կյանքում ընդամենը մեկ րոպե, սպանեցի նրա վրա հարձակվող կենդանուն, ու դա բավական էր, որպեսզի նա ատի ինձ:
Դոնալդ Մակարյանը նորից վերցրեց կոնյակի շիշն ու լցրեց իր բաժակը: Երկու հզոր կում արեց:-
Աղջիկը փորձեց քայլ անել դեպի ինձ, բայց նրա հետ տարօրինակ բան կատարվեց: Նա ասես բեկվեց, լղոզվեց ու անհետացավ: Ես մոտ վազեցի գետնին ընկած նրա հագուստին ու գտա բյուրեղը:
Ես չգիտեի ինչ ասել: Ինքս էլ կոնյակ լցրեցի` փորձելով ձեւակերպել հաջորդ հարցս:
Դուք մտածում եք, որ...
Ես ոչինչ էլ չեմ մտածում,- պատասխանեց նա` չլսելով հարցս,- մտածում են տիեզերական ու բնագիտական հիմնարկները: Նրանք ասացին, որ «առավել հավանական է ոչ երկրային քաղաքակրթության հետ շփման վարկածը»: Ավելի նեղ շրջաններում, ոչ պաշտոնական միջավայրում նրանք խոսում են Երկրի բնության պաշտպանության համար կազմակերպված այլմոլորակային առաքելության մասին: Իբր թե աղջիկն այդ (նրա սկաների մեջ հայտնաբերել էին արժեքավոր տեղեկություններ անտառների զարգացման միտումների մասին) հատուկ առաջադրանք է ունեցել այստեղ...
- Իսկ ի՞նչպես են բացատրում նրա` բյուրեղի վերածվելը:
- Էլեկտրոնային կարճ միացում, հզոր էմոցիոնալ շոկ, ինչի արդյունքում այլմոլորակայինի մարդկային մարմնի ուղեղում տեղի են ունեցել էլեկտրական զորեղ տատանումներ`վերածելով այն մատերիայի բոլորովին այլ տեսակի...
Ես բազմանշանակորեն մոտեցրեցի բաժակը բերանիս` ավելի շատ ընդմիջում տալու, քան թե խմելու:
- Ի դեպ, այս գիտաժողովին մասին,- հանկարծակ սկսեց նա,- ի՞նչ եք կարծում, կհաջողվի՞ ծայրահեղ կանաչներին անցկացնել իրենց «մարդկային գործունեության բացառման մասին» օրինագիծը:
- Ես նկատեցի, որ դուք կողմ եք քվեարկել այդ օրինագծին,- ասացի ես,- այնուամենայնիվ` դժվար թե անցնի, քանի որ առկա են այլ շահեր...
- Հիմա սկսվելու է հեռարձակումը քվեարկության արդյունքների մշակման սրահից: Հայտնելու են վերջնական արդյունքները: Մենք էլ ուշացանք արդեն: Խնդրեք, որպեսզի միացնեն հեռուստացույցը:
Ես մոտեցա բուֆետի աշխատողներին, խնդրեցի տալ հեռուստացույցի վահանակն ու միացրեցի անհրաժեշտ ալիքը:
- Ուշադրություն դարձրեք պարոն Սիմպսոնին,- ասաց ինձ Մակարյանը, երբ նորից նստեցի:
Սիմպսոնը ծայրահեղ կանաչների առաջնորդն էր: Ընդհանուր ֆոնի վրա նա առանձնանում էր կարմիր դեմքով, կարմիր վզով ու նյարդային շարժումներով: Զգացվում էր, որ իր տեղը չի գտնում եւ նյարդայնանում է:
Անկախ ժյուրին հայտնեց քվեարկության արդյունքները: Ընդունվել էր «Բնապահպանական դաշինք» կազմակերպության նախագիծը, որի համաձայն` բնական արգելանոցները պետք է անցնեին համայնքների իրավասության տակ ու օգտագործվեին համայնքի կողմից կոմերցիոն հիմունքներով: Այդպիսով նրանք առաջարկում էին լուծել արգելանոցների ֆինանսավորման հարցը:
Սիմպսոնն այդ պահին արդեն անտանելի կարմրել էր, այնպես, որ էկրանի վրա աչք էր ծակում, ու անհնար էր նրան չնայելը: Հանկարծ նա ոտքի կանգնեց, մեկ-երկու քայլ արեց, ցնցվեց, լղոզվեց ու անհետացավ...
Բնապահպանական միջազգային ասոցիացիայի  ողջ տարածքում, այդ թվում` նաեւ բուֆետում սարսափելի իրարանցում սկսվեց: Բոլորը կամ վազում էին, կամ ուղղակի աղմկում: Բոլորը շտապում էին գտնել Սիմպսոնին, իսկ ոմանց շուրթերից հնչում էր «բյուրեղ» բառը: Ես շրջվեցի դեպի Դոնալդ Մակարյանը` հասունացած հարցս նրան ուղղելու, սակայն նա այլեւս չկար: Դուրս եկա բուֆետից, սակայն այս ու այն կողմ վազվզող մարդկանց մեջ նրան գտնելու ոչ մի շանս այլեւս չկար, ինչպես նաեւ Սիմպսոնին, որն արդեն վերածվել էր տասներկու գրամանոց բյուրեղի:

P.S.
Հատուկ շնորհակալություն Ֆրունզիկ Հարությունյանին` պատմվածքի գաղափարը միասին քննարկելու համար:

Wednesday, March 14, 2012

Medal (Դրվագ Երրորդ Համաշխարհային Պատերազմի մասնակցի մտքից)

Ճապոնական HAKKO BSZW մոդելի օպտիկական նշանառության սարքը ցույց էր տալիս դարչնագույն սապոգներով մարտիկին: Որտեղից է այս եզը գտել այդպիսի սապոգներ, մտածում էի ես ու մատս ավելի ու ավելի պինդ սեղմում ձգանին: Անասունը հոտոտել էր, որ շենքում մարդ է ապրում, իսկ եթե մարդ է ապրում, ուրեմն ինչ-որ բան կա: Ուզում էր ներս մտնել ու երկմտում էր: Ճիշտ էր անում: Հիմա ես նրան կսպանեմ դիպուկ կրակոցով` ուղիղ ծոծրակին, իսկ եթե ներս մտնի` կընիկնի դժոխք` շողքեր, ձայներ, փուստ կրակահերթեր ու մահ`դանակիս տեսքով` ուղիղ զարկերակի վրա: Կլինի շատ արյուն, ձեռքերս կկեղտոտվեն ու ես ստիպված կլինեմ լվացվելու համար ավելորդ ջուր ծախսել: Կներես, եղբայր, բայց լավ է ես քեզ հիմա սպանեմ` առանց լարվելու:
Ես կրակեցի: Դարչնագույն սապոգներով մարտիկն ընկավ պարկի պես: Քիչ անց հայտնվեցին շներն ու տարան նրա մարմինը նախաճաշի: Կամ ճաշի: Իսկ սապոգներն ափսոս էին: Չնայած ես դրանց համար շենքից դուրս չէի գա: Ընդհանրապես խուսափում եմ շենքից դուրս գալ: Ես հազիվ եմ գտել այս շենքը: Այստեղ կա զենք, այստեղից կարող եմ վերահսկել ողջ տարածքը` վեց հարյուր մետր շառավիղով: Այստեղ ապահով է: Կմնամ այստեղ մի քանի ամիս էլ ու կշարունակեմ ճանապարհս: Պատերազմի աստվածներն ասում են, որ նույն տեղում չի կարելի հավերժ նստել: Դա բերում է փորձանքի:


Պատերազմի աստվածներն ասում են` սպանիր նմաններիդ, որպեսզի լինես միակը: Նրանք այդպես են ասում:
Խմբեր չեմ սիրում: Եթե դրանք մի տեղ հաստատվում են, սկսում են աղմկել, աղտոտել  ու տխրեցնել: Դրանց երեխաները միշտ լաց են լինում, անընդհատ քաքում են, իսկ կանանց դեմքերն այնքան տխուր են, որ սիրտդ սկսում է նվվալ: Այդ պատճառով ես վերացնում եմ խմբերն առանձնահատուկ բավականությամբ: Այդ անգամ հաՃույքս կրկնակի էր, քանի որ խմբերն էլ երկուսն էին:
Դրանք իրար հանդիպեցին հարավային բլրի վրա: Ակնհայտորեն չէին սպասում իրար: Մի պահ կանգ առան: Առանձնացան երկուական հոգի ամեն խմբից ու ինչ-որ բան քննարկեցին: Հետո վերադարձան, ու սկսվեց: Դրանք իրար վրա կրակ բացեցին միաժամանակ: Կռվում էին սովորական AK 47-երով:  Եթե սպասեի մի քանի րոպե, դրանք իրար ինքնուրույն վարի կտային: Նույնիսկ դրանց կանայք էին կրակում, նույնիսկ երեխաները:
РПГ-7 նռնականետս անփոխարինելի է: Դրանով իսկական ֆարշ եմ պատրաստում:Նշան, մեկ, երկու, երեք,,,,բում:
 Ծուխը ցրվում է ու տեսնում եմ կատարածս: Մեկ-երկու հոգի դեռ սողում են: Պատերազմի աստվածներն ասում են` համոզվիր, որ սպանել ես: Գնդացիրս վկա, ես երկու հարյուր փամփուշտ թափեցի այդ գրողի տարած բլրի վրա:


Կարիքը սպիպեց ինձ լքել շենքը: Ես գնացի դեպի կառուցապատ տարածքներ, քանի որ այն, ինչ ման էի գալիս, հիմնականում հանդիպում է հենց այդպիսի վայրերում: Փոշու ու ծխի մեջ շարժվում ես ասես մուգ մառախուղի միջով: Երբեմն քիչ է մնում ձեռքդ առաջ մեկնես` ճանապարհը զգալու համար: Ինձ փորձեցին սատկացնել, երբ մտնում էի հինգհարկանիների բակը: Ես մտա բետոնե պատերի արանքն ու սկսեցի սպասել հաջորդ կրակոցներին: Դրանք եղան:Փամփուշտների ուղղությունից որոշեցի կրակողի դիրքն ու երկու նռնակ նետեցի: Զինամթերքը չեմ խնայում: Լսեցի ճիչն ու խռպոտ հառաչանքը: Ճանապարհն ազատ էր:
Այն ինչ-որ ինձ պետք էր, պայքարում էր միանգամից երկու հոգու դեմ: Սրանց մոտ երևի իսկական սով էր` կռվում էին դանակներով: Կինը հետ էր մղում երկու տղամարդկանց հարձակումները: Ընդ որում հարձակվում էին երկու կողմերից ու չհամաձայնեցված: Վերջապես տղամարդկանցից մեկը հարձակվեց մյուսի վրա ու կնոջ օգնությամբ սպանեց դրան: Տղամարդը ժպտաց ու շնորհակալություն հայտնեց: Հարիֆ,,,կնոջ դանակը խրվեց կողերի արանքով ուղիղ սրտի մեջ:
-Չշարժվե՛ս,-ասացի ես:
Նա շուռ եկավ ու տեսավ զենքս:
-Դանակդ գցի՛ր,-կարգադրեցի,-հանվի՛ր:
Նա համպաղեց:
-Հանվի՛ր,-կրկնեցի ու համոզելու համար կրակեցի նրա ուղղությամբ:
Նա հանվեց: Երբ համոզվեցի, որ վրան այլևս զենք չկա, մոտեցա:
Օգտագործելուց հետո պահպանակս գցեցի նրա ոտքերի տակ: Սիգարետ վառեցի: Նա ասաց, որ իրեն զենքեր են պետք: Ասաց, որ վերջին փամփուշտները սպառել է դեռ երեկ երեկոյան: Ասաց, որ ես նրա չորրորդ տղամարդն եմ առավոտվանից սկսած: Ես տվեցի նրան լի մարտկոցով ատրճանակ: Ես նայում էի նրա հետևից` նշան բռնած: Իջացրեցի ավտոմատս, երբ նա կորավ տեսադաշտից: Տուն վերադառնալիս հանդիպեցի նրան: Նա առաջինը կրակ բացեց: Ես նրան սպանեցի դանակի նետումով:

Պատերազմի աստվածներն ասում են, որ ամեն ինչի իմաստն արդեն  վերացել է, ու մնում է միայն սպանելը: Պատերազմի աստվածներն ասում են, որ մարդկանց զարգացման փուլերն ավարտվել են ու մնում է միայն որոշել ամենահզորներին: Այդ պատճառով էլ սկսվել է Երրորդ պատերազմը: Ես բան չգիտեմ Երկրորդ ու Առաջին պատերազմների մասին, սակայն, ասում են, որ այդ ժամանակ պատերազմել են մարդկանց մեծ բանակներ ու այդ բանակները պատերազմել են միմյանց դեմ: Պատերազմի աստվածներն ասում են, որ այս Երրորդ պատերազմը մեծագույն պատերազմն է, քանի որ այստեղ մարդը պատերազմում է բոլոր մարդկանց դեմ, իսկ բոլոր մարդիկ պատերազմում են մարդու դեմ:
Պատերազմի աստվածներն ասում են նաև, որ պետք է սպանես մարդուն նաև ինքդ քո մեջ: Ես երևի արել եմ դա այն պահին, երբ սպանել եմ առաջին թշնամուս:

Պատերազմի աստվածներն ասում են` շարժվիր, մի մնա տեղում:
Ես գիտեմ, որ ինձ կսպանեն: Ես հաջողակ զինվոոր եմ: Շատ անգամ են մազերիս արանքով գնդակներ անցել: Բայց ինձ էլ կսպանեն: Այս առավոտ ես դուրս կգամ շենքից` առաջ գնալու: Իսկ ճանապարհին կհանդիպի մեկն, ով այս պահին ինչ-որ տեղ նստած մտածում է այս ամենի մասին: Ես զգում եմ, որ նա ինձ կսպանի:Ու երբ նա ինձ սպանի,,,ես էլ չեմ լինի: Բայց ինձ թվում է, ես կշարունակեմ մտածել: Հիշում եմ այսպիսի մի արտահայտություն` եթե մտածում ես, ուրեմն կաս,,,Իմ կարծիքով այլևս ոչ ոք չկա: Ես էլ չկամ, թեև դեռ մտածում եմ: Ու կմտածեմ: Ի՞նչ է, գնդակը կամ սառը դանակը կարող ե՞ն խափանել իմ միտքը:
Չեմ հավատում:
Առավոտյան ես դուրս եկա:Օդում վառոդի հոտն էր, իսկ արևն արյան գույնն ուներ: Թշնամիս հանդիպեց ինձ, երբ արևն արդեն ուղիղ վերևում էր: Ես տեսա աչքերը: Նա սպանել էր ուղիղ այնքան, ինչքան որ ես: Նա անցել էր այնքան, ինչքան որ ես: Նա նայում էր այնպես, ինչպես ես:
ԲԱՅՑ ՆԱ ՄԱՐԴ ԷՐ: Ինձ այդպես թվաց: Հետո կրակեց:Վրիպեց: Ես չթաքնվեցի: Ոչ էլ բարձրացրեցի զենքս: Նա մոտեցավ: Էլի կրակեց: Չվրիպեց: Նա սպանում էր մարդու:Նա սպանեց մարդուն իր մեջ,,, Մենք նույնն էինք: Ես և նա:
Ես չեմ դադարել մտածել:

Tuesday, March 13, 2012

WE ARE THE CHAMPIONS


Ցախավելն ասֆալտի վրայից քերում էր նեխած տերևները: Գիշերները շատ խոնավ էր լինում, ու տերևները հասցնում էին նեխել: Աշխատում էին երեք հոգով: Երկուսն ավլում էին աջ մայթը, իսկ մեկ հոգին ձախը: Արևածագին մնում էր կես ժամից էլ քիչ ժամանակ:Վերջին երկու ժամերն անցել էին ահագին արդյունավետ, քանի որ եռյակը գտել էր երկու դրամապանակ, մեկ խոշոր թղթադրամ, մոտ հազար դրամի չափ մանր մետաղադրամներ ու ժամանակակից ականջակալներ: Վերջինն ուրախացրել էր հատկապես փոքրիկ Ժաննային, ով ականջակալը միացրել էր արդեն իր հին նվագարկչին ու լսում էր ռադիոյով հաղորդվող լուրերը` անհամբեր սպասելով դրա ավարտին ու հիթային նոնսթոփին:
-Ժաննա՛,-դիմեց նրան Սեդա տատը ձախ մայթից,-Ժաննա՛, հերիք ա լսես, մեզ հետ էլ շփվիր:
-Հա, տա՛տ,-ցրված ասաց Ժաննան,-ի՞նչ:
-Ասում եմ` խոսա՛ հետներս, ի՞նչ ես լսում անընդհատ, էդ ի՞նչ են ասում, որ էդպես լսում ես:
-Լուրերն եմ լսում, տա՛տ,-պատասխանեց Ժաննան,-ֆուտբոլի մասին են ասում` հաղթել ենք Վրաստանին, բայց պարտվել ենք Անգլիային:
-Ուրի՞շ,-ասաց տատը:
-ՄԱԿ-ում մեր պատվիրակության առաքելությունը ձախողվել է,-պատմեց Ժաննան,-վերադարձել են դատարկ ձեռքերով: Ռուսաստանն էլ զայրացած է մեր արտաքին քաղաքականության վրա:
-Պա~հ-պա~հ, ցույց կտայի հա դրանց պատվիրակությանը,,,,-ասաց տատը,-բա հետո՞:
-Էստոնիայում երգի միջազգային մրցույթ է եղել երեկ, տատ, մեր երգիչը չի կարողացել անցնել առաջին փուլը,-տխուր հայտնեց Ժաննան:
-Թուուու~, ես ձեր,-ասաց Կառլենը` Ժաննայի հայրն, ով այս ընթացքում ուշադիր լսում էր աղջկա և զոքանչի խոսակցությունը,-թուուու~, գնում են պատիվներս գետնովը տալիս, հետ գալիս: Ես դրանց ինչն եմ ասել,,,
-Չվախենա՛ս, Կառլեն,-հույս տվեց Սեդա տատը,-մենք որ հիմա Եվրապայի չեմպիոն ենք, մեր երեսը մաքուր ա, մեր ճակատը բարձր ա:
-Բացի այդ էլ,պա՛պ,-ասաց Ժաննան,-մեկ ամսից աշխարհի առաջնությունն է: Մաքրելու ենք Բրոդվեյը բոլոր մայրցամաքների չեմպիոնների հետ, ու ինձ թվում է` մենք կհաղթենք: Այս նոր ցախավելներն իսկական հրաշք են:
Որպեսզի ապացուցի դա, Ժաննան տպավորիչ շարժումով հետ տարավ երկումետրանոց ավելն ու առաջ քաշեց: Ասֆալտի վրա մնացին սև հետքեր:
-Կատաղած գազան է,-ասաց Ժաննան:


Ադրբեջանի պաշտպանության նախարաը սպառնացել է Հայաստանին իր նոր ձեռքբերումով` մասսայական ոչնչացման տոքսիկ շակոլադե քյաբաբներով: Հայաստանի վոլեյբոլի հավաքականը պարտվել էր Գանայի հավաքականին, իսկ Վրաստանը հրաժարվում է սպասարկել հայկական լաստանավերն իր նավահանգիստներում: Ռուսաստանը կտրամադրի Հայաստանին նոր դրամաշնորներ ու զինամթերք, եթե Հայաստանը վերանվանի Իջևան քաղաքը «Վլադիմիմիրովսկ»: Հոկկեյի հավաքականը պարտվել է Մեքսիկայի հավաքականին 21-2 հաշվով: Հայ հոկկեիստներն ամաչում են վերադառնալ հայրենիք: Սոֆիայում լոլիկներով հալածվել և բեմից դուրս է շպրտվել աշխարհահռչակ հայ երգիչ, սփյուռքահայության պարծանք, անզուգական մանուշակ և քաղցրագույն հայոց ձայն Էդուլիկը: Ֆրանսիան կնքել է Թուրքիայի հետ փոխըմբռման համաձայնագիր: Կոմիտասի արձանը կենտրոնից տեղափոխվել է փարիզյան հետնախորշեր:
Նյույորքում տեղի ունեցած փաղոցային հավաքարարների մրցույթ-փառատոնում առաջին հորիզորականն է զբաղեցրել Երևանից ժամանած խումբը: Եվրոպայի գործող չեմպիոններն ավլել են Բրոդվեյն ընդամենը երկու ժամում` հետևում թողնելով բոլոր մրցակիցներին: Փողոցային հավաքարարների Հայաստանի Հավաքականը տուն կվերադառնա հաղթանակած:

Monday, March 5, 2012

Խլուրդի աչքերով

Մարմինը հավաքում են ռելսերի վրայից: Մարմինը կարող է ցրված լինել մի քանի տասնյակ մետրի վրա: Մարմինը պետք է հավաքել մինչև հաջորդ գնացքի գալը: Մարմնի ոսկորները վնասում են ռելսերն ու գնացքների անիվները:
Ամեն առավոտ ստիպված ենք լինում անել այս աշխատանքը: Եվ ամեն երեկո: Ինչ-որ մեկը պետք է դա անի: Ինչու ոչ մենք: Սա, կարելի է ասել, մեր տունն է: Իսկ տանը մաքրություն են անում: Մետրոյի թունելները մեր տունն են: Եթե չհավաքենք մարմինները, առներտներից պրծում չենք ունենա: Եսային ասում է, որ մենք դժողքում ենք, քաղաքի ընդերքում, իսկ մահանալուց հետո անպայման կհայտնվենք դրախտում, որտեղ երկնքում կա հրե գնդակ (ես հստակ չեմ պատկերացնում, թե ինչ է դա) ու երկինքը կապույտ է: Եսային ասում է, որ երկինքը դա դրախտի գմբեթն է: Իսկ որպեսզի հայտնվենք այնտեղ, մենք անդադար աշխատում ենք: Նոր թունելները, որոնք հիմնական ճյուղից տարածվում են դեպի հարավ և հարավ-արևելք հարուստ են օգտակար հանածոներով: Եսային հզորագույն կախարդ է:  Նրա տված ապակե սրվակներով մենք պայթեցնում ենք փակուղիներն ու առաջ ընթանում: Եթե շարունակենք այսպես աշխատել,ասում է Եսային, օգտականր հանածոներ երկու անգամ ավելի շատ կհանենք ու ավելի շուտ կհայտնվենք դրախտում:
Ես աշխատում եմ հարավային ուղղությամբ: Գրպաններս լցնում եմ սրվակներով ու գնում պայթեցնելու: Մի երկու հատ պայթեցնում եմ ու սկսում եմ աշխատել քլունգով, հետո առանձնացնում եմ փայլուն օգտակար հանածոներն ու տալիս դրանք Եսայիին: Նա բարի է: Մի անգամ ասաց, որ կտա ինձ նոր սրվակներ, որոնք մեջ հեկտոնիտրոգլիցիրինի պարունակությունն ավելի շատ կլինի: Էլ չհարցրեցի հեկտոնիտրոգլիցիրինի մնասին: Ամաչեցի: Երևի դա պետք էր իմանալ:
Ես և Եսային ունենք գաղտնիք: Ես այդ մասին չեմ ասել ոչ ոքի: Ինձ թվում է, որ այդպիսի բաների մասին չպետք է խոսել: Ինձ թվում է այդպես կխախտվի ինչ-որ բան:
Ես դրախտից եմ: Ես դա հիշում եմ: Այն դրախտից, որը վերևում է: Որտեղ կապույտ գմբեթ կա: Ես չեմ հիշում հրե գունդ, բայց կապույտ գմբեթ հաստատ կար: Եվ Եսային էլ գիտի, որ ես այնտեղից եմ: Հենց ինքն օգնեց ինձ այստեղ հայտնվել` ծնվել: Ես դրախտում էի ու մյուս երեխաների հետ սովորում էի ինչ-որ նշաններ, որոնցով մենք բառեր էինք արտասանում:Հետո եկավ Եսային: Հետո ես տեսա կապույտ գմբեթը, հետո ինչ-որ պատ, որի վրա կայն նշաններ, որոնք հնչում էին «Պարտեզ մանկատուն»: Իսկ հետո Եսային ասաց, որ մենք դժողքում ենք ու պատմեց հրե գնդի մասին: Նա ասաց, որ պետք է աշխատել անդադար, որպեսզի կարողանանք ընկնել դրախտ: Ես նայում եմ նրա աչքերի մեջ, ու նա ժպտում է: Դա մեր փոքրիկ գաղտնիքն է` նա գիտի որ ես մի քիչ տեսել եմ դրախտն ու երևի հարգում է ինձ դրա համար: Նա բարի է:


Երկու անգամ ավելի շատ հեկտոնիտրոգլիցիրին պարունակող սրվակները պայթում էին վեց անգամ ավելի ուժեղ, քան սովորականները: Մեկ օրվա մեջ ես ավելի շատ փորեցի քան կփորեի չորս օրում: Ես ուզում էի արդեն հետ գնալ, երբ կանչեցին:
 -Արի մարմին հավաքելու:
Ինչպես ասեմ ձեզ` խուսափում եմ ես այդ մարմններից:
-Մի քիչ հետո կմիանամ: Էստեղ վերջացնեմ գործս ու գամ,-արձագանքեցի ես:
Որոշեցի մի հատ էլ պայթացնել, միայն թե ոտքս կախ գցեմ ու չհասնեմ մարմնին: Թող այս անգամ էլ ես չմասնակցեմ ռելսերի մաքրմանը:
Սրվակը պայթեց: Սպիտակ մի բան ներս թափանցեց ու աչքերս ցավացին: Դա լույս էր: Ես մտածեցի, որ դա երևի դրախտ է: Եսային մի անգամ ասաց, որ դրախտ ընկնում են նաև մահանալու ժամանակ` ուրեմ ես մահացե՞լ եմ: Թե՞ պարզապես շատ օգտակար հանածո եմ գտել:
Քայլեցի առաջ: Քլունգով մեծացրեցի անցքը: Ջրի կաթիլները սկսեցին ներս լցվել թունելի մեջ: Ես նայեցի վերև: Գմբեթը մուգ էր, անգույն, կամ մոխրագույն: Ոչ մի հստակ գույն չուներ: Այդպիսի գույն ես առաջ չէի տեսել: Ու դա հաստատ կապույտ չէր: Ու ջուր էր գալիս: Վերևից` այդ գմբեթից, ջուր էր գալիս անընդհատ: Ես վեր բարձրացա: Այնտեղ լուսավոր էր ու շնչելիս հաճելի մի բան էի զգում: Օդը թեթև էր ու խուտուտ էր տալիս ներսս: Ես մի քանի րոպե մնացի այդպես կանգնած: Հետո քայլեցի: Ոչ մի բան չէի նկատում շուրջ բոլորս, միայն քայլում էի: Մինչև հայտնվեցի մարդկանց մեջ: Դա մեծ տարածք էր` շրջապատված բարձր շենքերով: Լիքը մարդիկ կային: Նրանք թրջվում էին անընդհատ թափվող ջրի տակ ու այս ու այն կոմղ վազվզում: Նրանց ձեռքերում թղթի կտորներ կային: Ոմանց մոտ մեր օգտակար հանածոներից տեսա: Ինչքան որ հասկացա, այստեղ մարդիկ աշխատում էին: Ու գրեթե այնպես ինչպես աշխատում ենք մենք: Նույն համառությամբ: Դա անհասկանալի էր` ինչու՞ են աշխատում, որպեսզի դրախտ ընկնե՞ն: Հիմարություն` նրանք արդեն դրախտում են,,,թե՞ չէ,,,
Այդ ամենը վախեցնում էր ինձ, ու ես լրիվ շփոթված էի: Բոլոր շենքերի վրա նշաններ կային: Դրանք հնչում էին ինչպես «բանկ»: Ես չկարողացա հասկանալ բոլոր նշանները, բայց այնտեղ շատ տարբեր տեսակի «բանկ»-եր կային: Դրանցից մեկի տակ կանգնած էր Եսային: Նա տեսավ ինձ ու վազեց իմ կողմը: Չհասցրեցի ես բարևել, նա վերձրեց ինձ ծոծրակիցս ու քարշ տվեց իր հետևից:Որոշ ժամանակ անց մենք աստիճաններով ինչ-որ տեղ իջանք: Ներքևից փչող հոտն ինձ հարազատ թվաց: Մենք հայտնվեցինք թունելների մոտ: Գնացք էր մոտենում: Մեր հետևից իջնող մարդկանցից մեկն առաջ ընկավ ու գցեց իր մարմինը գնացքի տակ: Վագոնների անիվները դա կտարածեն տասնյակ մետրներով: Իսկ մենք դա կհավաքենք, որովհետև դա ինչ-որ մեկը պետք է անի: Դա մեր տունն է ու հակառակ դեպքում առնետներից պրծում չենք ունենա: Բացի այդ դրանք վնասում են գնացքների անիվներն ու ռելսերը:
-Այնտեղ ոչ մի հրե գունդ չկար,-ասացի ես նրան, երբ մենք խորացանք թունելների մեջ:
-Տեսածիդ մասին ոչ ոքի չասես,-ասաց նա,-ոչ մեկին չասես, թե չէ դրախտ չես տեսնի երբեք:
-Այն է՞ր դրախտը,-հարցրեցի ես:
-Ոչ մեկին չասես,-պատասխանեց նա,-ոչ մեկին, բերանդ չբացես:
Ես ցույց տվեցի նրան սրվակի բացած անցքը: Նա կարգադրեց փակել այն, իսկ նոր սրվակներս հետ վերցրեց:

Ես շարունակեցի աշխատել այլ ուղղությամբ: Ես գտնում էի օգտակար հանածոներ ու տալիս դրանք Եսայիիին: Նա հավանաբար տանում էր դա վերև ու մասնակցում այն վազքին  ուրիշ մարդկանց հետ: Չհասկացա ես, թե ինչի հետևից էին վազում այն մարդիկ: Գիտեմ միայն, որ ամենայն հավանականությամբ վազքի վերջին կետը մեր ռելսերն էին: Ինձ այդպես էր թվում:
Եսային անհետացավ: Նա չէր գալիս մի քանի օր: Իսկ հետո ռելսերի վրա ես գտա նրա գլուխը: Այսինքն գլխի մի մասը: Դա հաստատ նրանն էր: Վերցրեցի այն ու տարա մյուս մարմինների մոտ, թե չէ դրա հետևից կգային առնետները:
-Գիտես,-ասաց ինձ Բին,երբ  նետեցի գլուխը: Բին նունպես աշխատում էր հարավային ուղղությամբ,-ես ու Եսային գաղտնիք ունեինք:
-Հա՞:
-Ուհու,-պատասխանեց,-իսկական գաղտնիք,,,

Friday, March 2, 2012

Վերջին Սերունդ

Հանրահավաքը շարժվում է դեպի կենտրոնական հրապարակ: Տասնյակ հազարավոր մարդիկ պատրաստ են գրոհել Իշխանական Պալատը, վերցնել երկրի ղեկավարությունն իրենց ձեռքն ու նշանակել սեփական առաջնորդին: Հանրահավաքը վարում է Գագիկ Պիպոյանը:
-Ըմբոստություն, անհնազանդություն, ազատություն, պայքար, պայքար, իշխանափոխություն ու անանաս,-բղավում է նա իր կաբրիոլետից` առաջնորդելով ամբոխը դեպի Իշխանական Պալատ:
-Անանաս, հանդգնություն, հավասարություն ու սեր,-շարունակում է հայտարարել նա մեգաֆոնով,-եղբայրասիրություն, անանաս և արդարություն,-պնդում է նա:
Ամբոխը կանգ է առնում Իշխանական Պալատի առջև: Գագիկ Պիպոյանը զգում է իրեն փառքի յոթերորդ աստիճանին: Ամբոխը նայում է նրա ձեռքին` սպասելով հարձակման հրահանգին: Գագիկ Պիպոյանին իշխանափոխությունը կատարելուց բաժանում է Իշխանական Պալատի ցանկապատը:
-Առաաաաաաա~ջ,-գոչում է նա,-առաաաաաա~ջ, դեպի անկախացում, դեպի հավասարություն և արդարաթյուն, դեպի արդարադատություն և անանաս, դեպի պայծառ ապագա:
Նրա ծերունական մարմինը հրճվանքից դողում է, աչքերը լցված են արունով, ճակատի վրա փառքի քրտինքի կաթիլներն են:
Ամբոխն անցնում է հարձակման: Մարդիկ բարձրանում են ցանկապատի վրա, ներս մտնում Իշխանական Պալատի այգի ու վազում դեպի դռները: Պալատից դուրս են գալիս համազգեստով մարդիկ: Նրանք զինված են մահակներով: Սպասելով որոշ ժամանակ` նրանք առաջ են նետվում դեպի Գագիկ Պիպոյանի ամբոխը: Մահակի հարվածները ջարդուփշուր են անում հարձակվողների գլուխները, կարծես դրանք ձմերուկներ լինեն: Կարմիր գույնը միանգամից սկսում է գերիշխել::
-Անանաաաաա~ս,-սավառնում է ամենքի վրայով Գագիկ Պիպոյանի կոչը,-անանա~ս:
Տասնյակ ու տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են հարձակվել Պալատի վրա: Մահակավորեներն ընկնում են նրանց օղակի մեջ: Հասնում է կրիտիկական պահը: Մահակավոր մարդիկ ձուլվում են ամբոխին: Ամբոխը նրանց կուլ է տալիս: Ամբոխը վարար գետի պես լցվում է Իշխանական Պալատ: Րոպեներ անց բարձրացվում է հաղթանակի դրոշը: Մեգաֆոնով զինված` Գագիկ Պիպոյանն արտասանում է իր հաղթական ճառը,
-Հեղափոխություն, բարեկամություն, արդարություն: Բարգավաճում, ծաղկում, դալարում: Անանաս, անանաս, անանաս: Լիմոն: Սեր,խաղաղություն, պատերազմ: Հաջողություն, առաջխաղացում, եղբայրություն: Անանաս, անանաս, անանաս,,,
Նրա ծերունական թույլ ձեռքերը ողջունում են ամբոխին: Նրա ծերունական ձայնը լի է հաղթանակի բերկրանքով: Նրա ծերունական սիրտը պատրաստ է պայթել աննկարագրելի հրճվանքից:
-Անանաս, անանաս, անանաս,,,,-ասում է նա:



-Հորս զվարճանքները մի օր ինձ կխելագարեցնեն,-բողոքում էր Ֆրեդերիկ Ադոնցը,-պատկերացնու՞մ ես, չի հագենում մարդն այդ խաղերից, չի հագենում,,,վերջին ընտրությունների ժամանակ, որոշել էր հսկայական բեմով հանդերձ անձամբ շրջել երկրով մեկ ու անձաբ շփվել ողջ ընտրազանգվածի հետ:
-Քո հերն իսկական դեմոկրատ է,-ասաց Ֆրեդերիկի մտերիմ ընկերը` Նոյ Պիպոյանը:
Ռեպլիկն առաջացրեց բոլորի բուռն ծիծաղը:
-Կարող ես դա նրան ասել, համոզված եմ` կշոյվի,-ասաց Ֆրեդերիկ Ադոնցը:
-Ու ինչպե՞ս ավարտվեցին ընտրությունները,-հետաքրքրվեց ընկերներից մեկը`Ռայմոնդ Միշը:
-Իհարկե նա հաղթեց չոր հաշվով: Անձամբ մտել էր բոլորի տները, բաժանել նվերներ, նստել, զրուցել էր հետները: Որոշ դեպքերում ոչխարներ էր մատաղ անում, եկեղեցիներում մոմեր էր վառում, համբուրում էր ուրիշի երեխաներին` իսկական կապիկություն: Ու գիտե՞ս ինչքան դա նստեց վրաս:
-Ի՞նչքան,-հետաքրքրվեց Նոյ Պիպոյանը:
 -Ուղիղ եռեսուներկու միլիոն,-կրակեց Ֆրեդերիկը:
-Ծիծաղացնում ես,-ասաց Նոյը,-հորս վերջին հեղաշրջումն արժեցավ հարյուր քառասուն միլիոն:
Թիվն ապշեցրեց բոլորին:
-Բա ի՞նչ էիք սպասում,-շարունակեց Նոյը,-միայն քաղաքի վարձակալությունն արժե եռեսուն միլիոն, իսկ հոլոգրաֆիկ մարդկանց այդպիսի քանակություն ապահովելու համար աշխատում են մասայական տեսարանների լավագույն վարպետները: Վերջերս նորամուծություն է եղել: Այժմ բախումների ժամանակ դրանց գլուխները պայթում են իսկական ձմերուկների պես: Հորս դա շատ է դուր գալիս:
Ֆրեդերիկը հասկացող հայացքով նայեց Նոյին:
-Հորդ դուր են գալիս մարդկանց պայթող գլուխնե՞ր,-հարցրեց Ռայմոնդ Միշը:
-Ահա, մանավանդ երբ պայթում են ձմերուկի պես: Չնայած,,,վերջին հեղափոխության ժամանակ անընդհատ կրկնում էր մի բառ` անանաս: Դեռ չեմ մտածել, թե ինչի հետ դա կարող է կապված լինել:
-Ծերունական մառազմ,-պատասխանեց Ֆրեդերիկը,-իմի մոտ էլ է այդպես: Մի անգամ նախընտրական լոզունգն այսպիսինն էր` «Ելակներ մայրերին: Հայրերին աթոռներ: Առաջ դեպի ծիածան: Ողջ լինեն հողագործները»: Ասում եմ, ոչինչ չկա` ընդամենը մառազմ: Ով գիտի, թե ինչ մանկություն են ունեցել,,,ինձ թվում է, որ պետք է ներողամիտ լինել:
-Ձեր հայրերը Երկրից ե՞ն,-հարցրեց Ռայմոնդ Միշը:
-Այո, նրանք Վերջին Սերնդի վետերաններ են:
-Կյանքում շատ լավ բաներ չեն տեսել,-բացատրեց Նոյը,-իսկ հիմա փորձում ենք որևէ կերպ ուրախացնել նրան: Պարզվել է, որ սիրում են քաղաքականություն: Ճիշտն ասած, դա իմ գաղափարն է եղել` ստեղծել քաղաքական փորձադաշտեր: Թող խաղան իրենց նախնադարյան խաղերը,-ավելացրեց նա կարոտը ձայնում:
-Ձեր հայրերը հետաքրքիր մարդիկ են,-ասաց Ռայմոնդ Միշը:
-Նրանք միակը չեն այդպես,-ասաց Նոյը,-Վերջին Սերնդից բոլորն էլ հիմա այդպիսինն են: Նրանց համար ինչ տեսակի ատրակցիոններ ասես, որ չկան: Իսկ զգալի մասը նախընտրում է հենց քաղաքական խաղերը: Երևի դա հարգի է եղել նրանց մոտ:
-Լսիր,մտածում եմ հորդ ասած անանասների մասին, միգուցե մարկանց գլուխները պայթեն ոչ թե ձմերուկի, այլ անանասի պե՞ս:
-Օօօ, ինչպես ես չեմ մտածել,-ուրախացավ Նոյ Պիպոյանը,-կզրուցեմ հոլոգրաֆիկ պատկերների մասնագետների հետ: Պետք է ծերունուն ուրախացնել: Վերջին տարին է ապրում երևի: