Friday, November 20, 2015

Անասունությունը դիլերի ճամփին

- Ամենակարեւորը անվտանգությունն է,- լսում եմ ականջիս տակ Արթուրի քրտնած ձայնը: Նրան երեւի ավելի շատ է բացել, քան մյուսներիս: Դեմքին գույն չկա, վախից դողում է ու փորձում է ավելի պինդ բռնվել բռնակից: Շոգ է: Անտանելի:
- Բաց թող դուռը, կջարդես,- ասում եմ ես ատամներս սեղմած: Հետեւում նստած Վիկան բարձր ծիծաղում է,- ձենդ:
- Մենք հիմա կմեռնենք, հեսա մեռնելու ենք, որովհետեւ դու լավ չես կազմակերպում անվտանգությունդ: Անվտանգությունդ լավը չէ: Վտանգությունդ:
Արթուրը շեշտ է դնում վերջին «թյունդ»-ի դրա, մանավանդ` «դ»-ի: Նրա լեզուն հազիվ է պտտվում չորացած բերանում: Խոսում է այնպես, ոնց որ խակ խուրմա կերած լինի: Հետեւիցս գոռում են: Վիկայի ընկերուհին, ում անունը այդպես էլ չֆիքսեցի, իջեցրել է ապակին, քամին լցվում է մեքենայի սրահը, շոգը մեղմանում է, ինչը դուր չի գալիս Դավիթ անունով հայվանին: Մինչեւ այս նա անջատված փռված էր Վիկայի կողքը, իսկ հիմա գոռում է:
- Անջատեք դրան,- գոռում եմ ես ավելի բարձր: Այնքան բարձր, որ Արթուրն ավելի է սփրտնում, իսկ Վիկան դադարում է ծիծաղել,- Դու էդ դուռը բաց կթողնե՞ս, թե՞ չէ, արա:
Արթուրը փորձում է բաց թողնել դուռը: Վախենում է: Հանկարծ կընկնի կամ ահռելի արագությամբ կբախվենք պատին: Կամ կընկնենք ձորը: Ինձ ավելի դուր է գալիս պատին բախվելու տարբերակը: Մեքենայի առաջնամասը լրիվ կսվաղվի պատին: Շարժիչը կծեփվի պատին ու կլխճվի: Կողքից էլ կծորա յուղը: Ու Վիկայի ուղեղը:
- Պինդ բռնիր դուռը նորից,- ասում եմ Արթուրին:
Ենթարկվում է: Բայց շատ էր վախեցել առանց դռան: Ինձ թվում է` գլուխը պտտվում է ու կարող է հետ տալ: Նորից շոգ է, ու գուլխս քրտնում է:
- Ավելի դանդաղ կքշեմ,- խոստանում եմ ես ու չգիտեմ ինչու` խաբում: Ոտքս սեղմում եմ: Մեքենան արագություն է հավաքում: Վիկան սկսում է ծիծաղալ, իսկ եզ Դավիթը նորից անջատվում է: Հետեւի հայելիով տեսնում եմ նրա բերանից ծորացող լոզերը:
- Անվտանգությունդ,- ասում է Արթուրը: Վիկայի ընկերուհին փակում է լուսամուտն ու սկսում արձակել շապիկի կոճակները:
Ես մտածում եմ ձորն ընկելու մասին: Գրողի տարած քաղաքում ձորեր չկան: Հենց դիմացս խաչմերուկ կա, բայց ձոր չկա: Ես փորձում եմ հասկանալ` ինչպես վարվել խաչմերուկում: Կարեւորը Արթուրն է: Կամ Վիկան: Կարեւորը ապահովվի նրանց անվտանգությունը: Ես հասկանում եմ, որ բոլորիս բացել է, մենք հիմա նման ենք խելագար բույսերի: Պատերին լղոզված անասուն բույսերի: Կակտուսների: Կակտուսների` մեքսիկական, ձեռքերով, ինչպես խաչմերուկում կանգնած ոստիկանը: Ես սկսում եմ արգելակել: Վիկայի ընկերուհին հանում է շապիկը: Ես նկատում եմ կեղտոտ կրծկալը: Այն մրոտ է: Ուզում եմ ասել նրան այդ մասին, բայց բերանս շատ չոր է, որոշում եմ խնայել բառերը: Իսկ նա հանում է կրծկալն ու ցույց տալիս մրոտ պտուկները: Չգիտեմ ինչպես` դրանք անմիջապես ականջներիս տակ են:
- Դե,- ասում է նա,- չե՞ս ուզում ծխել:
Ես տեսնում եմ, որ նրա պտուկները շիկանում են:
- Կարող ես կպցնել սիգարետդ հենց պտուկիցս,- ասում է Վիկայի ընկերուհին: Վիկան հիստերիկի պես ծիծաղում է: Իսկ ես սիգարետ չունեմ:
- Դռան անվտանգությունն ամենից վեր է,- ասում է Արթուրը:
- Սիգարետ ունե՞ս,- հարցնում եմ նրան: Նա չի հասցնում պատասխանել, որովհետեւ նրա քրտնած ձայնն ինձնից հեռացնում են Վիկայի ընկերուհու շիկացած պտուկները:
- Դե՞, ո՞ւր են սիգարետներդ, կպցրու,- ասում է նա:
Ես մոտենում եմ խաչմերուկին եւ չեմ պատկերացնում, թե ինչ եմ ասելու էնտեղ կանգնած կակտուս ոստիկանին: Ինչո՞ւ չունեմ սիգարետներ: Պետք է մի բան հորինել: Օրինակ` ես թարգել եմ ծխելը, երբ դեռ սովորում էի դպրոցում: Կամ ես փոքր ժամանակ ծխեցի ու հասկացա, որ չեմ ուզում գնալ դպրոց, չեմ ուզում ծխել դպրոցում: Բայց ախր ոստիկանությունը դպրոց չէ: Չի հավատա: Ես նորից եմ նայում Վիկայի ընկերուհու պտուկներին, իսկ Վիկան լրջացել է: Նա ասում է, որ դիմացս ոստիկան է:
- Ապուշ, գոնե նկատե՞լ ես, որ հանդիպակացով ես գնում, կանգնացնելու է, հարյուր տոկոս: Անասուն: Գոնե գիտե՞ս ինչ ենք ասելու: Գոնե գիտե՞ս ինչ ենք խաբելու:
- Ես չեմ ծխում դեռ մանուկ հասակից,- արդարանում եմ ես, իսկ Վիկան վերցնում եւ անջատում է ընկերուհու պտուկները: Չգիտեմ ոնց է անում, բայց ստիպում է նրան հանգցնել պտուկները ու հագնել մրոտ կրծկալը:
- Վերջ,- ասում է Վիկան,- դիմացներս է, կանգնիր, չե՞ս տեսնում, կանգնեցնում է:
Ես նայում եմ ոստիկանին: Փաստորեն հիմա պետք չէ ծխել: Հիմա պետք է ուղղակի արգելակել: Որպեսզի կանգնենք ոստիկանի առջեւ: Բայց ես երկար եմ արգելակում: Մենք մոտենում ենք, բայց շատ արագ: Վիկայի հայացքը նման է լարված մարմարից պատրաստված արձանի երեսի: Լարված են բոլոր մարմարյա ջլերը, մկանները, մաշկը: Իսկ Արթուրը զարթնում է, բացում դուռն ու ոտքը դուրս հանում: Բոլորս միասին գոռում ենք: Նաեւ` ոստիկանը: Հնարքը շատ վտանգավոր է ու տեւում է բավական երկար: Արթուրն ընթացքում հասցնում է մի քանի անգամ արտասանել «անվտանգությունդ» բառը: Վիկայի մարմարյա դեմքով սկսում են արցունքներ հոսել, իսկ ընկերուհին թաքցնում է մրոտ կրծկալը շապիկի տակ: Դավիթի ոտքը, որը դրսում է, մոտենում է մոխրագույն համազգեստ հագած ոստիկանին: Կակտուսը բռնում է Դավիթի ոտքը ու դուրս քաշում նրան: Ես տեսնում եմ, թե ոնց է նա ընկնում գետնին, ոնց են արագության տակ նրա մարմինը քարշ տալիս գետնով, տեսնում եմ, թե ոնց է նրա բերանից թափվում կանաչավուն փսխանքը: Տեսնում եմ, թե ոնց ենք մենք դուրս գալիս վերելակից:

Հ.Գ.
Այս տարօրինակ զառանցանքը երջանիկ ավարտ ունեցավ, եթե չհաշվենք Դավիթի կեղտոտված շորերը: Ոստիկանը, որը բռնեցրեց մեզ նման վիճակում, վերելակում XSDF4 ծխելիս, պարզվում է նույնպես շտապում էր այդ շենքում ապրող հայտնի դիլերի մոտ: Նա օգնեց մեզ դուրս գալ վերելակից, տեսքներս քիչ թե շատ կարգի բերել ու տաքսի կանչել: Իսկ Վիկայի ընկերուհին ինձ հետ եկավ: Չգիտեմ ինչպես էր նա դա անում, բայց ողջ գիշեր նրա պտուկները շիկացած էին: Ես դրանցով վառում էի սիգարետներս:

Tuesday, November 10, 2015

Վերջին ճիճուները

Անտառն անծայրածիր էր: Սկսելով շնչել ողջ հզորությամբ` այն տարածվել էր բոլոր ուղղություններով միաժամանակ: Դրա ամենահեռավոր ճյուղերը հասնում էին մինչեւ օվկիանոսները, կանգ առնում լեռնային հսկա զանգվածների առջեւ, շրջանցում դրանք տասնամյակներ անց ու նորից շարունակում տարածվել դեպի օվկիանոս: Անտառն այդ կենդանի էր ու թարմ, թեեւ արդեն որպես գերեզման էր ծառայում իր` նախկինում հսկա տերերի համար: Անտառի անվերջ ու անսահման եզրերից մեկում էլ պատրաստվում էր մեծ կռիվը տերերից երկուսի միջեւ: Այս օրգանիզմները, որ հնարավոր է, վերջինն էին իրենց տեսակի մեջ, հանդիպել էին անտառում մնացած կյանքի վերջին հույսի մոտ` որոշելու, թե ում կհասնի երանելի պատառը:
***
Պաշտոնական հրապարակումից հետո Ալդա Մոմյանը, ով այսպես կոչված ճիճուների գյուտի հիմնական հեղինակն էր, բոլորից առաջ ընկնելով, շտապեց ինստիտուտ: Աչքերը ցավում էին ու անվերջ արցունքոտվում, բայց ճիճուների ցուցաբերած վարքն անհապաղ ուսումնասիրման կարիք ուներ: Վարելով իր քրոսրովերը` աղջիկը ստիպված էր լինում մեկընդմիշտ սրբել աչքերը մատով, ակնոցի տակից, աշխատելով չկեղտոտել ապակիները: Լուսանկարիչների թիրախում նա մեկ էլ հայտնվել էր հինգ տարի առաջ, երբ իր բացահայտման մասին առաջին անգամ հայտարարվեց Կլիմայի փոփոխությունների հարցով վիեննական գագաթաժողովի ժամանակ: Հնարավոր է` այն ժամանակ ոչ ոք լուրջ չէր վերաբերվել երիտասարդ գիտնականի, այն էլ` համալսարանը նոր ավարտած աղջկա գյուտին, բայց հիմա ողջ աշխարհն էր սեւեռված նրա ճիճուների վրա, որոնցից ամենախոշորները գալարվում էին աղջկա կողքի նստատեղին դրված մետաղական տուփի մեջ: Թեեւ պաշտոնական հրապարակման ժամանակ տեղի ունեցած ներկայացման ժամանակ երկու ճիճուներն էլ պլաստիկի ահագին` հարյուր գրամանոց կտորներ կերան, նրանք այնպես էին խլրտում պղնձե տուփի մեջ, ասես ինչ-որ բան էին պահանջում:
Իսկ ի՞նչ կարող էին պահանջել ուղեղի փոխարեն նյարդային ընդամենը մի քանի հանգույց ունեցող օրգանիզմները: Ալդա Մոմյանը մտածեց, որ հնարավոր է`դրանք ուզում էին մաս ունենալ նաեւ իրենց շնորհիվ ձեռք բերված փառքից: Բայց ինչպիսի ուժով են նրանք հիմա գալարվում: Ալդա Մոմյանը ձեռքը դրեց տուփի վրա` ընդամենը մեկ վայրկյան կտրելով հայացքը ճանապարհից: Ինչքան աշխույժ են ճիճուները: Լաբորատորիայում, սովորաբար, բոլոր փորձերն իրականացվում էին երկուսից երեք սանտիմետրանոց օրինակների հետ: Պլաստիկ խժռող անողնաշարավորները խոստանում էին լուծել մոլորակի աղտոտվածության հարցը` կուլ տալով չվերամշակվող ողջ քիմիան: Իհարկե` այդպիսի հրաշքը պետք է ստանար իր բաժին փառքը: Բայց որ այսպե՞ս ակտիվ լինի այդ հրաշքը: Ալդա Մոմյանը նորից դրեց ձեռքը տուփի վրա: Դրա ներսում ասես ոչ թե ճիճուներ, այլ իսկական մկանոտ օձեր լինեին: Մուտացիա՞: Դիմացից եկող մեքենայի հեռահար լույսերն ընկան ուղիղ մռմռացող աչքերի մեջ: Ալդա Մոմյանը բռնեց  ղեկը երկու ձեռքերով եւ անզգուշաբար վայր գցեց պղնձյա տուփը գետնին: Աղջկա մեքենայի կողքով մեծ արագությամբ հսկա բեռնատար անցավ: Աննա Մոմյանը հայացք նետեց մեքենայի ռետինե գորգիկն ուտող տասը սանտիմետրանոց մոխրագույն ճիճուների բազմությանը: Դիմացից եկող սեդանը չհասցրեց փախցնել մեքենան հանդիպակաց գիծ մտած քրոսրովերից: Պատառոտված ու կոտրված թիթեղների արանքից դուրս սողացած արարածները սկսեցին համտեսել ասֆալտը...
***

Բախումն անխուսափելի էր: Ճիճուները սողում էին միմյանց ուղղությամբ` տերեւների եւ չորացած ճյուղերի վրայով: Նրանցից քիչ հեռու` վայրի մորենու թփի տակ, ընկած էր սպիտակ գույնի պլաստմասե բաժակ: Ճիճուների մենամարտը սկսվեց անմիջապես հանդիպելուց հետո: Նրանց մարմինները մահացու կռվում գալարվեցին երկու օր, եւ միայն երրորդ օրը կողմերից մեկին լքեցին վերջին ուժերը: Հաղթողը ստացավ մեկ շաբաթ եւս` գոյատեւելու անծայրածիր գերեզմանոցում եւ փնտրելու պլաստիկի որեւէ մոռացված կտոր:

Նկարի աղբյուրը` http://ic.pics.livejournal.com/felbert/22334356/4469174/4469174_600.jpg