Friday, February 27, 2015

Անշտապ օֆիսային եւ վազեվազ փողոցային

Ժամանակի մասին եմ ուզում խոսել: Այն կարծես հստակ բաժանվում է երկու մասի: Ժամանակ՝ օֆիսային կամ՝ վիրտուալ, եւ ժամանակ իրական՝ փողոցային (ոչ բացասական իմաստով, օրինակ՝ ա՛յ փողոցային):

Thursday, February 26, 2015

Ապոկալիպտիկ մելանխոլիա

Գործարաններ: Տարեցներն այս բառի տակ բոլորովին ուրիշ իմաստ են դնում: Նրանց համար սա երբեմնի տնտեսական, աշխատանքային, սոցիալական միջավայրի հետ կապ ունեցող տերմին է, որը, սակայն, ավելի քան երկու տասնամյակ առաջ կորցրել է իր միսն ու արյունը: Ավելի հաճախ` գործարանը հիմա ասոցացվում է աշխարհի վերջի հետ: Ինձ` թեյասերիս համար, համենայնդեպս:
Այս թեման եկավ մտքովս քաղաքի երբեմնի գործարանային թաղամասերով շրջելու ընթացքում:

Wednesday, February 25, 2015

Հայկական ազգանվան հմայքը

Վերջերս ֆրանսիացի Բեռնար Վերբերի գրքերից էի կարդում: "Մեր հայրերի հայրը": Ես սովորություն եմ դարձրել թեյ խմելիս գրքերի մասին երկար-բարակ չգրելը, ուստի չեմ ուզում մանրամասն ներկայացնել ինձ մոտ ձեւավորված կարծիքը սույն գրքի վերաբերյալ:
Պատմեմ միայն, որ այն բավական, նույնիսկ շատ հասարակ ձեւով գրված վեպ էր մարդկության էվոլյուցիայի թեմայով, ու գրքի եզակի առավելությունը թերեւս այն էր, որ դրանում հնչում են էվոլյուցիայի, մարդու ծագման վերաբերյալ բազմաթիվ հիպոթեզներ:
Չնայած` հայ ընթերցողի համար գիրքն ունի մեկ այլ կարեւորություն, ու հենց դրա մասին էի ես ուզում խոսել:

Tuesday, February 24, 2015

Տարբեր շերտերն ու մարդկանց քաղաքը

Քաղաքը նման է այն շերտավոր խմորով թխվածքին, որը ես հիմա ուտում եմ թեյ ըմպելիս: Քաղաքը նույնպես ունի շերտեր: Ի նկատի չունեմ մարդկանց խավերը կամ քաղաքի հարկերը` ստորգետնյա, վերգետնյա եւ այլն... Ասածս մի փոքր այլ կտրվածքով է: Չէ՞ որ քաղաքում ապրում են ոչ միայն մարդիկ:

Monday, February 23, 2015

Վատ ֆոնային հզոր ինֆոն եւ լավագույն օրը

Մարդիկ պարբերաբար փոխանակվում են ինֆորմացիայի շատ կարեւոր մի տեսակով: Այդպիսի ինֆորմացիայով փոխանակվելու համար նույնիսկ անհրաժեշտ չէ, որ մարդիկ լինեն ծանոթ: Այդ տետղեկավությունը ինքնաբուխ է, իմպուլսային եւ հզոր, քանզի չունի բացատրություն կամ տրամաբանություն, իսկ ինչ չունի բացատրություն կամ տրամաբանություն, արդեն իսկ հզոր է, քանի որ անբացատրելի է եւ անտրամաբանական, որովհետեւ հզոր է...

Friday, February 20, 2015

Տավարները կուսական դաժանության քաղաքում

Էլի եկա այն մտքին, որ ինչ-որ անըմբռնելի, հեթանոսական կամ ավելի ճիշտ` վայրենի բան կա մեր քաղաքում: Նրանք, ովքեր ապրում են մեծ շուկաների մերձակայքում, հավանաբար անցած կլինեն շուկայի կողքով առավոտյան...

Thursday, February 19, 2015

Հեռուստացույցերի կորած մոգությունը

Զգալու համար, թե ինչպես են լվանում-չորացնում-հարդուկում մարդկանց գլուխները, բավական է ընդամենը միացնել հեռուստացույցը: Կապ չունի` դա կլինի մեր Հանրայինը, ռուսական Առաջինը, թե ամերիկյան CNN-ը: Բոլոր դեպքերում տեղի է ունենում մարդկանց մասսայական հայվանացում:

Wednesday, February 18, 2015

"Ճիշտ սպանելու արվեստը"

Գիտության զարգացման մասին մտածելիս երբեմն անսպասելի գաղափարների կարելի է հանգել: Օրինակ` էն աշխարհ ուղարկելու:

Tuesday, February 17, 2015

Թքելն ու չթքելը ուղտերի ու ոչ միայն քաղաքում

Քաղաքում լիքը ուղտ կա: Ի նկատի չունեմ Կենդանաբանական այգում: Փողոցներում, ազատության մեջ թրեւ են գալիս: Ինչպե՞ս: Դրանց գտնելը շատ հեշտ է:

Monday, February 16, 2015

Ավտոբուսային մրցավազքեր

Ջենսոն Բաթոն, Լյուիս Հեմիլթոն, Ֆելիպե Մասա, Սեբաստիան Ֆիտել` լավագույններից լավագույնները, Ֆորմուլա 1-ի ամենափայլուն աստղերը, աշխարհի ամենաարագ վարորդ-մրցարշավորդները պատրաստվում են դարի շրջանին, որը կսկսվի վայրկյաններ հետո:

Friday, February 13, 2015

Էվոլյուցիան եւ քաշքշելու փողկապները

Ահագին ժամանակ առաջ ցեղի առաջնորդի եւ այդ կարգավիճակին հավակնող ուրիշ առանձնյակի միջեւ կոնֆլիկտները լուծվում էին բիրտ ու չոր ֆիզիկական ուժով: Բռնեցիր գլխից, կծեցիր քիթը, ոտը ջարդեցիր, փորը փռթեցիր, աղիքները... մի խոսքով:

Thursday, February 12, 2015

Օպերացիա "Պեչենի" եւ մաֆիոզների շոուն

Նայում է խանութում շարված ուտելիքներին: Հարուստ տեսականի է, ամեն ինչ կա, սկսած իսպանական ապխտած խոզի բդից, ֆրանսիական պանրից, վերջացրած տեղական մոժոժներով, նրբերշիկներով, երշիկներով ու ձկնեղենով: Նա նայում է ուշադիր, հայացքը սառեցրած, մտքերը ինչ-որ տեղ հեռվում են, նրա գոյության խարիսխը գցված է այս տեսականու խորքերը, եւ եթե հանկարծ ինչ-որ մեկը հանկարծակիորեն կտրի այդ խարսխի հետ կապող թելը` նա տեղում հենց կվերանա, քանզի մտքերը նրա ունեն միայն մեկ հիմք, իսկ մարդու գոյության հիմքն էլ հենց միտքն է:

Wednesday, February 11, 2015

Մոտավորապես ժամը քանի՞սն է

Ժամանակը մեզանում խիստ հարաբերական հասկացություն է: Համոզվելու համար բավական է ընդամենը ստուգել ժամը ձեր հեռախոսով կամ ժամացույցով ու ժամ հարցնել ուրիշ որեւէ մեկից: Գրեթե հարյուր տոկոսանոց հավանականությամբ` պատասխանը կլինի մոտ երկու-երեք րոպեով այլ, քան ձեր ունեցած տվյալներն են: Ավելին` կարող եք համեմատել ձեր ժամացույցի եւ հեռախոսի ժամերը. տարբերությունը կլինի ակնառու:

Tuesday, February 10, 2015

Կարմիր գորգի եկվորները

Մինչ ես միացնում եմ թեյնիկը եւ սպասում, որ ջուրը եռա, ընկերս պատմում է այլմոլորակայինների մասին: Ասում է, որ նրանք ապրում են բոլորովին ուրիշ կյանքով, նրանց համար անհասկանալի են մեր աշխարհի սովորական հոգսերը եւ պրոբլեմները, մեզ էլ անհասկանալի են նրանց կյանքի ճոխություններն ու թեթեւությունը: Փաստացի, ընկերոջս պատկերացմամբ, գոյություն ունի բոլորովին այլ իրականություն, որտեղ աստղերն ապրում են իրենց ուրույն կյանքով, որը, նորից է անհրաժեշտ շեշտել` ոչ մի աղերս չունի մեր ապրած կյանքի հետ:
"Արի ցույց տամ",- ասում է ընկերս եւ տանում ինձ համակարգչի մոտ, ինչ-որ բան հավաքում ստեղներով Յութուբի որոնման դաշտում. "Ահա",- ասում է. "Նայիր": Նայում եմ: Յութուբի տեսանյութում կարմիր գորգ է: Ոչ ոք դեռ չի երեւում, բայց զգացվում է, որ իրավիճակն էկրանից այնկողմ լարված է եւ կա մարդկանց մեծ կուտակում: Եւ ահա, հայտնվում է առաջին այլմոլորակայինը: Նա շարժվում է Մինչ այդ լուռ ու անշարժ կանգնած մարդիկ սկսում են լուսանկարել եւ տարբեր բաներ գոռգոռալ: Բայց հիմնականում լուսանկարել` ֆոտոխցիկի ուժեղ լույսերով: Շրխկ-շրխկ: Այլմոլորակայինը հագնված չէ ինչպես մենք, եւ ընդհանրապես` դատելով սանրվածքի եւ գլխի կառուցվածքից, կոշիկների բարձրությունից եւ դեմքի մարտական գունավորումից` կարելի է միայն մոտավոր ենթադրություններ անել նրա` հումանոիդ լինելու մասին: Այլմոլորակայինը սառը հայացքով նայում է իրեն դիմավորող մարդկանց եւ անցնում առաջ: Նրա ամեն մի շարժումը զարմանք եւ աժիոտաժ է առաջացնում հավաքված ամբոխի մոտ: Այլմոլորակայինն ունի գիշատիչ հայացք եւ նայում է մարդկանց վերեւից, ասես միայն իր բարեգթությամբ է, որ իրենք ողջ են: Նրա հետեւից գալիս են մյուս այլմոլորակայինները: Ամեն ինչ ընթանում է նույն կերպ:
"Տեսա՞ր",- ասում է ընկերս: "Ահա",- պատասխանում եմ; Բա չտեսա՞: Նույնիսկ այնքան տեսա, որ մոռացա վաղուց եղացած թեյնիկի մասին: Ինչը, սակայն, չի խանգարի թեյ խմելուն: Ես լցնում եմ ջուրը բաժակների մեջ եւ վերլուծում քիչ առաջ տեսածս: Փաստորեն, կա այլ իրականություն, այդ իրականության մեջ, պաշտպանված լիմուզիններով, կարմիր գորգերով եւ թիկնապահներով, ապրում են տարօրինակ տեսքով արարածներ, որոնք ժամանակ առ ժամանակ թույլ են տալիս իրենց նկարահանել եւ զմայլվել իրենցով: Ստացվում է, որ մենք` մարդիկ, հանդուրժում ենք նրանց մեր մոլորակում... մե՞ր: "Նրանք, քո կարծիքով, լա՞վ են ապրում",- հարցնում եմ ընկերոջս: "Ձե՞ռ ես անռում,  ամենալավ ուտելիքը, ամենալավ լողափները, ամենալավ խմիչքները, ամենալավ ամեն ինչը նրանցն է: Նույնիսկ երկրների ղեկավարները կարող են նախանձել նրանց: Քաղաքական գործիչը ինչքան էլ ուզի, չի կարող դառնալ նրանց պես` անհոգ, հարուստ ու... այլմոլորակային":
Ես խառնում եմ թեյը ալյումինե գդալով, մոտենում լուսամուտին: Փաստորեն` եթե նրանք` այդ աստղերը, այս մոլորակում ապրում են ավելի լավ, քան մյուս բնակիչները, միգուցե հենց նրա՞նք են տեղացիներ, իսկ մարդիկ այնպես` սպասարկող անձնակազմ են:
Չնայած` եկեք չմոռանանք Ֆաինա Ռենեւսկայայի խոսքերը` "Даже за самым красивым павлиньим хвостом скрывается самая обычная куриная жопа. Так что, меньше пафоса, господа".

Նկարի աղբյուրը` http://www.atmu.kiev.ua/pages/ru/red_carpet.html

Monday, February 9, 2015

Տրիֆֆիդները եւ գրասենյակային բյուրոկրատիան

Մոլորակն ափսոս է:
Համաշխարհային գրասենյակային-տպագրական համակարգն անիծում է մեր մոլորակի հերը հենց այնպես, առանց որեւէ լուրջ բարոյական հիմքերի: Սովորաբար, երբ խոսք է գնում այս թեմայի մասին, թե ավելորդ թղթատարությունը գնում է ոչ միայն մարդկանց նյարդերի, այլեւ մոլորակի անտառների հաշվին, ինձ հակադարձողները ասում են. "Բա գրքե՞րդ":
Է հա գրքերս: Որոնք պատրաստված են հաճախ մի քանի անգամ վերամշակված թղթից, իրենցից ներկայացնում են թեկուզ որոշ դեպքերում կասկածելի, բայց այնուամենայնիվ` մշակութային ժառանգություն եւ արվեստի գործ: Համեմատել գրքերը մի քանի դափոն սպիտակ, կուսական A4-ների հետ, որոնցից ամեն մեկի վրա մեկ-երկու տող է գրված առ այն, որ ոմն եսիմինչյանը աշխատում է եսիմինչ ՍՊԸ-ում եւ ստանում եսիմինչ գումար` անհեթեթություն է: Նույն հաջողությամբ կարելի է համեմատել Ալպյան լեռները եւ Իրանական բարձրավանդակը` սար ու ձորի տարբերություն:
Ողջ հաշվապահական եւ իրավաբանական բյուրոկրատիան ամեն օր արտադրում է տոննաներով թղթի թափոն, ու ես կասկածում եմ, թե  այդ թափոնները ուղարկվում են վերամշակվելու:
Ի՞նչ կարիք կա: Ֆիրմաները, սովորաբար, հարուստ են եւ կարիք չունեն ավելորդ թղթերը մակուլատուրա հանձնելու: Մակուլատուրա, ճակատագրի հեգնանքով, ուղարկվում են հենց գրքերը...
Հիշեցի Ուինդեմի "Տրիֆֆիդների օրը": Աստված մի արասցե, իհարկե: Այս առթիվ կարելի է իրար հետեւից մի քանի կում անել սիրած թեյից եւ նայել դուրս` համոզվելու, որ ոչ մի տրիֆֆիդներ էլ չկան դրսում:
Չնայած, տրիֆֆիդների ի հայտ գալը հիմա կլիներ շատ տրամաբանական: Պատկերացրեք` ծառերն ունեն երեք ոտք, քայլում են եւ թունավոր շոշափուկներով խզարում կուրացած մարդկանց: Եթե Ուինդեմը ապրեր հիմա, ինձ թվում է, տրիֆֆիդները սպանելուց հետո մարդկանցից կսարքեին մագաղաթներ եւ վրան կգրեին. "Ծանուցում առ այն, որ տվյալ եսիմինչ տրիֆֆիդը տվել է տվյալ մարդու վերջը, որպեսզի ներկայացնի տեղեկագիր-հավաստագիր վկայական առ այն, որ սույն եսիմինչ տրիֆֆիդը տվել է տվյալ մարդու վերջը, որպեսզի ներկայացնի տեղեկագիր-հավաստագիր վկայական առ այն, սույն եսիմինչ տրիֆֆիդը..."
Մի խոսքով` բյուրոկրատիա:
Այս թեմային, ամենայն հավանականությամբ, կանդրադառնանք ժամանակ առ ժամանակ:

Նկարի աղբյուրը` 

Friday, February 6, 2015

Լիքը ոստիկաններ ու լիքը հաշվելու գործ

Դեռ տարիներ առաջ մի տեղ գրել էի, որ իրականության մեջ մեծ է հավանականությունը խաբված լինելու: Ի նկատի ունեի այն, որ դպրոցներում մեզ ներշնչում են, թե հայ ժողովուրդը լավ առեւտրականների եւ հմուտ արհեստավորների երկիր է, իսկ դպրոցից դուրս պարզվում է, որ գործ ունենք մեծամասամբ փինաչիների եւ աֆերիստների հետ: Դա այնպես, ուղղակի անցել էր մտքովս տարիներ առաջ: Իհարկե` կան մեր մեջ, ինչպես եւ բոլոր ժողովուրդների մեջ, վարպետներ եւ փինաչիներ, ազնիվ առեւտրականներ եւ աֆերիստներ: Կան, անշուշտ:
Բայց վերջերս վիճակագրական տվյալներից պարզ դարձավ մի փաստ, որը ստիպեց ինձ գրեթե գցել ձեռքիցս թեյի բաժակը եւ տնից դուրս չընկելու համար` հեռու կանգնել լուսամուտից:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԵՐԿԻՐ Է:
Աշխարհում ոչ մի տեղ, նույնիսկ ամենաջունգլիում կամ ամենասադամհուսեյնում չկան բնակչության թվի հետ համեմատած այսպիսի մեծ թվով ոստիկաններ: Մեզ մոտ սա մասսայական բնույթ է կրում: Հասկանալու համար պետք է ուղղակի դուրս գալ որեւէ մեծ փողոց եւ տեսնել, թե ինչքան շատ են նրանք,ինչքան "համատարած" են:
Նրանք ամենուր են: Էլ այս տիպի գլխարկով, էլ այն տիպի գլխարկով, այն տիպի բաճկոնով, այս տիպի բաճկոնով, տղա-աղջիկ, ահել-ջահել: Ի՞նչ են անում նրանք: 
Ես չեմ ուզում հավատալ, թե այս համազգեստավոր ընտրազանգվածի առաքելությունը ողջ օրը դրսերում թրեւ գալն է այն դեպքում, երբ կան լիքը չբացահայտված հանցագործություններ, ես ուզում եմ հավատալ, որ այս տղա-աղջիկ, ահել-ջահելները ինչ-որ կարեւոր բան են անում, ասենք` որեւէ կորած իր են փնտրում, միգուցե այլմոլորակայինների հետքեր կամ` հաշվում են գետնի սալահատիկները եւ ասֆալտի մեջից երեւացող քարի հատիկները... Գարունը գա` կարող են հաշվել նաեւ ծառերի տերեւները կամ որեւէ խորհրդանշական բան, օրինակ` աղբարկղերը:
Նայում ես այդ մարդկանց ու չգիտես էլ ինչ մտածես: Ուղղակի մենթերի այսպիսի բազմությունը լրացուցիչ մոտիվացիա է երկրից չարտագաղթելու համար. բա հո չե՞նք գնա երկիրը թողնենք սրանց:

Նկարի աղբյուրը` http://hra.am/hy/tag/torture

Wednesday, February 4, 2015

Գրքերի գաղտնի եղբայրները

Ցանկացած մեծ քաղաքում կան որոշակի ընդհանուր հետաքրքրություն ունեցող մարդկանց խմբեր: Մեզ մոտ էլ՝ կան կինոլոգների՝ շների սիրահարների միություններ, կան սյորֆինգիստներ, պարապլանիստներ, կան ֆիլոտելիստներ, նումիզմատներ, կան մազոխիստներ, գերբնական կամ էզոթերիկ ուսմունքներով զբաղվող մարդկանց խմբեր... Ցանկը կարելի է շարունակել այնքան, ինչքան կբավականացնի երեւակայությունը: Այո: Վստահ եմ, որ քաղաքում կգտնվեն ինչ-որ մայայական աստվածության դավանող անձանց խմբեր: Որոշ այս խմբերի գործունեությունը բացահայտ է, ոմանք ծածուկ են գործում, ոմանք խիստ գաղտնի են արտահայտում իրենց հակվածությունները, ոմանք էլ պարզապես անուշադրության են մատնված: Սովորաբար, սակայն, այս տիպի "կոլեկտիվներին" կողքից վերաբերվում են մի քիչ զգուշացումով: Կամ առնվազն՝ վերապահումով: "Աաա, դու կինոլոգ պարաշյուտիստ ես եւ հաճախում ես էզոթերիկ խմբա՞կ, ու քեզ պես էլի՞ մարդիկ կան": Եթե այո, ուրեմն նրանք շատ են, եթե շատ են, ուրեմն կազմակերպված են, եթե կազմակերպվել են, ուրեմն ինչ-որ բան են ուզում, եթե ուզում են, ուրեմն՝ աշխարհակարգի փոփոխություն:
Կատակ եմ անում, իհարկե:
Ես ուզում եմ մատնացույց անել այսպիսի "սիրահարների" թերեւս ամենամեծ խումբը: Այն, ինչ սիրում են այս մարդիկ, կա բոլորի տներում, այն, ինչ միավորում է այս մարդկանց, պարուրված է պատմությամբ, ոճով եւ իմաստությամբ, այն, ինչ գնահատում են այս մարդիկ, պատրաստված է թղթից, կաշվից, թանաքից, թելերից, կավիճից եւ հազար ու մի այլ մանրուքներից
ԳԻՐՔԸ: Գրքերը եւ գրքասերները, գիրք ընթերցողները եւ գրողները, գիրք վաճառողները եւ գնողները, խմբագրողներն ու տպագրողները՝ բոլոր այս մարդիկ մաս են կազմում քաղաքի գրքային խճանկարի, հանդիսանում են նույն "գաղտնի եղբայրության" անդամներ, թեեւ, հաճախ չեն էլ ճանաչում միմյանց: Տեսնո՞ւմ եք սափրած գլխով, մոտոցիկլետով ու տատուներով պատված երիտասարդին, իսկ նրա կողքին կանգնած ոչ տատուապատ տատիկին: Տարօրինակ է, բայց երկուսն էլ կարող է քիչ առաջ հերթ էին կանգնած գրախանութի դրամարկղի մոտ: Տատիկը գնում էր կանացի դետեկտիվ եւ բաղադրատոմսերի գիրք, իսկ սափրագլուխը սադոմազոյի ձեռնարկ... Գաղտնի եղբայրներ...
Կատակ եմ անում:
Բայց թեյ խմողների եւ լուսամուտից նայողների գաղտնի եղբայրություն ստեղծելու միտքը հանգիստ չի տալիս: Եթե մտքներովդ անցնի անդամակցել նման եղբայրության՝ անպայման արձագանքեք:


Պետական ոչ մեկն ու ոչ պետական հարեւանը

Փոքրուց եղել է պետական-ոչ պետականի խնդիրը: Կային բաներ որոնք պետական էին եւ կային բաներ, որոնք պետական չէին, մասնավոր էին, ինչ-որ մեկինն էին: Այս երկրորդներին ոչինչ անել չէր կարելի, ասենք` եթե ինչ-որ մեկի մեքենան է կամ ցանկապատը, չէր կարելի խազել կամ պոկել. կհայտնվեր տերը եւ կջղայնանար: Իսկ այն, ինչ պետական էր, ասենք, բակում լքված-թողած շտապօգնության ՌԱՖ-ը կամ հարեւանությամբ գտնվող լքված գործարանի ցանկապատը կարելի էր խազել ու պոկել ինչքան հոգիդ է կամենում: Պետության թույլ եւ անցումային վիճակը միայն ավելի ու ավելի էր նպաստում ձեւավորվող կարծրատիպին, որ պետությանը պատկանողը` ոչ մեկինն է: Ձրի: Հենց մեր մանկության արկածային, իսկ շատերի հասունության փորձումնալից տարիներն էին, երբ շատերը հատում էին ՊԵՏԱԿԱՆ այգիները, պոկում ՊԵՏԱԿԱՆ նստարանների փայտերը, գողանում ՊԵՏԱԿԱՆ լարերի պղինձը եւ այլն: Նույն բանը կատարվում էր ավելի մեծ մասշտաբներով մի խումբ անձանց կողմից, ովքեր յուրացնելով ՊԵՏԱԿԱՆԸ դարձան օլիգարխներ, անցան պետական սեկտորում աշխատանքի` որպես պաշտոնյաներ եւ շարունակում են մտածել, թե այն, ինչ պատկանում է պետությանը` ՈՉ ՄԵԿԻՆՆ է: Այսինքն` կարելի է գողանալ: Այսինքն` իրենք ավելի շատ կարող են գողանալ եւ ընդհանրապես` միայն իրանք կարող են գողանալ:
Այսքան խորանալ չէի ուզում:
Ուզում էի պարզել խնդրի արմատները: Շատ ուշադիր եմ լինում մարդկանց խոսքի մեջ այս ամենին վերաբերող թեմաներին, ինքս եմ հարցեր տալիս, փորձում հասկանալ: Եւ, կարելի է ասել, հասկացել եմ: Պետական-ոչ պետականի հարաբերակցությունը ակտուալ է խորհրդային ժամանակաշրջանից: Դա է վկայում այն, որ այժմ այս տերմիններն ավելի շատ օգտագործում են տարեց մարդիկ: Չէ՞ որ Սովետում նորմալ էր ինչ-որ պետական (իսկ ուրիշ պարզապես չկար) գործարանում աշխատելիս գործարանի կեսը թալանել-բերել տուն: Իսկ ուրիշի, ասենք` հարեւանի մասնավոր ապրանքը թալանել չէր կարելի: Գործարանը ոչ ոքինն է, հարեւանինը հարեւանինը, Կեսարինը Կեսարինը:
Ու այս մարդկանց ժառանգների մոտ էլ է մնացել պետական-ոչ պետական տերմինալոգիան: Օրինակ` պետական հաց. ի նկատի ունեն ոչ թե անհատի կողմից թխված, այլ որեւէ մեծ գործարանում արտադրված: Պետական հագուստ. ի նկատի ունեն որեւէ ֆիրմայի համազգեստը: Պետական տեղ աշխատել. շատերը սրա տակ հասկանում են պարզապես որեւէ տեղ գրանցված աշխատելը: Եւ այսպես շարունակ:
Փաստորեն` աշխարհի սովորական բաժանումներից բացի` սեւ եւ սպիտակ, Արեւելք եւ Արեւմուտք, թուրք ու հայ, հրեա ու արաբ, ֆուտբոլ եւ բասկետբոլ, "Ռեալ" ու "Բարսելոնա", կա նաեւ պետական-ոչ պետական բաժանումը: Իսկ այս թեյը, որը ես հիմա խմում եմ, գնել եմ տուփով փաթեթավորված, ուրեմն այն պետական է, իսկ եթե մյուս թեյից խմեի, որն առնում եմ գրամով` կլիներ ոչ պետական: Բա...

Նկարի աղբյուրը` http://alexfoto.com.ua/show.php?id=ruberoid

Monday, February 2, 2015

Կարո՞ղ ա Էջմիածին եմ գնում

"Կարո՞ղ ա Էջմիածին ես գնում"` հարցնում են ինձ ամեն անգամ Մաշտոցի պողոտայում, Ամիրյան խաչմերուկից ներքեւ, Խորենացի չհասած: Պատասխանում եմ ոչ միշտ, հիմնականում, ինչպես գրեթե բոլորը, առանց որեւէ արձագանքի անցնում եմ տաքսիստների կողքով: Բայց երբեմն նրանց հարցն առաջացնում է էկզիստենցիալ մտքեր:
Ի՞նչ գիտեմ ես, թե ուր եմ գնում, եւ ինչ գիտեմ, որ Էջմիածին չեմ գնում: Միգուցե պե՞տք է Էջմիածին գնալ:
Պատկերացրեք` քայլում ես քեզ համար Կենտրոնում, անցնում նշածս տարածքով ու լսում "Կարո՞ղ ա Էջմիածին ես գնում" արտահայտությունը: Քանի որ  առանձնապես ոչ մի տեղ չէիր գնում, որոշում ես գնալ Էջմիածին, հասնում ես ճիշտ այն պահին, երբ Մայր տաճարում մատուցվում է պատարագ, մտնում ես ներս, տեսնում արծաթե ու ոսկյա ջահերը, լսում թավ բարիտոնը եւ հասկանում, որ հավատում ես, լույս է իջնում քո վրա եւ Սուրբ Հոգին համբուրում է ճակատդ, ինչից հետո դու ուխտագնացություն ես անում Երուսաղեմ, Իսրայելում սիրահարվում ես մի կնոջ, ամուսնանում, ապրում Գազայի հատվածին հարակից վայրում եւ տասը տարի անց մահանում պաղեստինցի մահապարտի պայթեցրած բոմբից, որի համար նա կսանա ուղիղ քառասուն կույս Ջեննաթի այգիներում...
Չէ, չէ. չէ... Գանք հետ:
Ոչ թե Գազայի հատված, այլ Երեւան, Մաշտոցի պողոտա, Ամիրյան խաչմերուկից մի քիչ ներքեւ: Ու՞ր եմ գնում: Ենթանդրենք Էջմիածին: Իսկ այնտեղ կա՞, օրինակ, թեյի խանութ: Թեեւ` դա կարեւոր չէ: Ուղղակի մի քիչ դիսկոմֆորտ է առաջանում: Տաքսիստները պարզապես չեն նկատում, որ ամեն օր նույն  հարցով դիմում են նույն մարդկանց, իրենց գործն է այդպիսին` անընդհատ կանչել պոտենցիալ ուղեւորների: Եւ նրանք չեն էլ պատկերացնում, որ պոտենցիալ ուղեւորներից որեւէ մեկի մոտ կարող են "գնա՞լ, թե՞ չգնալու" պես հարցեր առաջանալ:
"Կարո՞ղ ա Էջմիածին ես գնում": Ես վստահ եմ, որ եթե հանկարծ օրերից մի օր ես որոշեմ այցելել Էջմիածին, ապա այս տաքսիստները պարզապես հօդս կցնդեն: Հին ու բարի պոդլիության օրենքով:

Նկարի աղբյուրը` http://blognews.am/arm/news/220779/taqsi-tsarayutyan-olorty-hamakargvum-e.html

Երեւանում մորթում են, մեռնեմ քեզ

Մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ իրականացվում են ռիտուալ զոհաբերություններ: Նկատե՞լ եք եկեղեցիների հարեւանությամբ, շենքերի անկյուններում կամ շուկաներում վաճառվող աքլորներին: Քաղաքի մատույցներում վաճառվող ոչխարներին: Նրանց մի օր տանելու են մորթելու` կրոնական պատկերացումներով: Մատաղի մասին է խոսքը:
Այ, տեսեք, ես, որոշակի տեխնոլոգիաներով պատրաստված բաժակը ձեռքումս պահած, խառնելով համաշխարհային բարոսաներով, մեծ առեւտրական նավերով անցած թեյը մետալուրգիայի նշանավոր արգասիք հանդիսացող գդալով, նայում եմ ժամանակակից մետաղապլաստիկ լուսամուտից դուրս: Իսկ նայածս քաղաքում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք, կարծեծ, պետք է այնքան էլ հարիր չլինեին քսանմեկերորդ դարին: Ինչ-որ մեկը փողոցով քայլում է, հագին բրենդային հագուստ է, ականջներին Beat ականջակալներ, ձեռքին նոր, յուղը վրեն iPhone, իսկ փորի մեջ կարող է մարսվելիս լինել առավոտյան կերած մատաղը: Կրոնական պատկերացումներով սպանված կենդանու միսը: Կամ` կարող է նոր է գնում հյուր, ուր իրեն կանչել են մատաղի... իրեն չեն մատաղ անելու, ի նկատի ունեմ` կանչել են մատաղ ուտելու:
Իրականում ես մատաղին, չգիտեմ ոնց դուք, վերաբերվում եմ ահագին լոյալ: Ի վերջո, մատաղի ինստիտուտը առանձնացնում է մեզ քրիստոնեական մյուս եկեղեցիներից եւ մշակույթներից, իսկ արյան առատությամբ այդ արարողությունը կարոտ է առաջացնում դեպի մեր հեթանոս ժամանակները.. Հեյ գիտի, հայոց հին աստվածներ: Միայն թե...
Ուրեմն` Երեւանում, ժամանակ առ ժամանակ, քաղաքի տարբեր մասերում մարդիկ կրոնական պատկերացումներով մորթում են տարբեր կենդանիներ: Աքլորից մինչեւ ոչխար: Սա փաստ է: Չոր փաստ, որի չորության խստաշունչ շողքի ներքո ես քիչ է մնում մոռանամ ասելիքս:
Իսկ ասում էի ես այն, որ միգուցե արժե ավելի լա՞վ մտածել` մատաղ լինեմ քեզ, մեռնեմ ջանիդ, հոգուդ ղուրբան եւ նմանատիպ արտահայտություններ անելուց առաջ; Չէ լուրջ: Այդ երեւույթը, ախր, այդքան էլ վերացական չէ, մեր քաղաքում իրոք մորթում են: Լրիվ լուրջ: Դանակով կտրում են կոկորդը եւ Տեր ողորմյա, Ալլահու աքբար:

Նկարի աղբյուրը` http://www.torange.ru/animals/birds/%D0%9F%D0%B5%D1%82%D1%83%D1%85-1181.html