Wednesday, January 25, 2012

Համազգեստային հետաքննություն


Հեյ ես սխալվու՞մ եմ: Սա երևում է իմ աչքի՞ն: Եթե այդպես է, ուրեմն կմճտեք ինձ կամ մի բանով խփեք գլխիս:
Ես նայում եմ լուսամուտից դուրս ու տեսնում եմ…համազգեստով մարդկանց: Նստում եմ ավտոբուս ու տեսնում համազգեստով մարդկանց: Պատրաստվում եմ խժռել իմ փափագած սենդվիչը որևէ սրճարանում ու…կռահեցի՞ք: Ամենուր ես տեսնում եմ համազգեստով մարդկանց: Նրանց մեքենաները նման են տաքսիների: Դրանք հեշտ են երևում երթևեկության մեջ, ունեն գույնզգույն լուսարձակներ ու պետք եղած ժամանակ աղեստամոսային ձայներ են հանում: Հարց է առաջանում` Ի՞ՆՉ ԵՆ ՆՐԱՆՔ ԱՆՈՒՄ:
Դետեկտիվ ֆիլմերում տեսած կլինեք, թե ինչպես են ոստիկանները ներգրավվում հանցագործների խմբի մեջ, ինչպես են յուրացնում նրանց ինֆորմացիան և ինչպես են վճռական պահին բացահայտվում ու բոլորին N բանից անում: Ես էլ որոշեցի այդպես վարվել: Որոշեցի ներգրավվել համազգեստավորների հանցախմբի…(մեղավոր եմ) պարզապես խմբի մեջ ու պարզել, գրողը տանի,թե ինչ են նրանք անում` այդպիսի մեծ քանակությամբ ու այդպես համատարած: Ողջ քաղաքով մեկ: Ու սկսեցի հետաքննությունս: Ես  միշտ երազել եմ սովորել ժուռնալիստիկայի ֆակուլտետում, սակայն նրանց ամբիոնը  գտնվում էր մյուս հարկում: Ու ես այդպես էլ չդարձա ժուռնալիստ, չնայած որ ավարտեցի այդ համալսարանից երրորդ հարկը:
Լավ, գնանք առաջ: Here we go!!!,-ինչպես կասեր ամերիկյան ոստիկանը` նախօրոք մոլագարի հայացք ընդունելով:
Համազգեստ: Առանց համազգեստի մտածածս  չէր կարող ստացվել: Առանց համազգեստի չէի կարողանա մտնել նրանց շարքերը: Հիշեցի հարևանիս (ասում եմ, չէ, նրանք ամենուր են, նույնիսկ հարևանս է նրանցից): Համազգեստի ձեռք բերումն արդեն ռեալ էր թվում: Այն շատ մոտ էր: Բառացիորեն մի քանի մետր հեռու: Պատից այն կողմ:
Սակայն ուզել հարևանից այն, կնշանակեր հարուցել կասկածներ ու անպայման մերժվել:
-Ի՞նչ պիտի անես դու համազգեստս, քեզ ո՞վ ա թույլ տվել, որ դու համազգեստ հագնես, սենց համազգեստ պետք ա վաստակել, ոչ թե պարտքով վերցնել…
Պլյուս հանդիմանող ու հայրենադաստիարակչական հայացք:
Քաք էր գործը, բայց ես ելք մը գտա: Այն է` թաշկինակ, անուշադրի սպիրտ, մոտենալ հետևից, թաշկինակը սեղմել քթին, գլխին անցկացնել սև պարկ,մտցնել բերանի մեջ մեկ այլ թաշկինակ, կապել ձեռքերն ու ոտքերը, դնել մարմինը պահարանի մեջ ու, հագնելով համազգեստը, հեռանալ դեպքի վայրից:
Հա-հաաաա!!!


Ես գտա հարմար խումբ: Դա երկու սպաներ էին և երեք սերժանտներ: Ինձ դիմավորեցին գրկաբաց:
-Ավագյան, բարև,-ասացին: Ուրեմն ինձ դրել էին ոմն Ավագյանի տեղ: Ավագյան ուրեմն Ավագյան:
Մենք սկսեցին շրջել քաղաքով: Արդեն երեկո էր: Մթնում էր: Մենք շրջում էինք այգիներով: Պարբերաբար նայում թփերի հետևները, ականջ դնում հեռվից լսվող ձայներին ու այդպես շարունակ: Հետո հասանք աշխույժ փողոցին ու իմ «ընկերներն» ասես վերափոխվեցին: Կարծես մոռացան ամեն ինչ: Կարծես խելագարվեցին, երջանկացան, մանկացան…
Հանեցին սուլիչներն ու սկսցին սուլել: Հենց այնպես չէին սուլում: Սպասում էին մեկն անցներ փողոցն ու սկսում էին: Ա~խ…ո~նց էին նրանք սուլում: Այդպիսի հրճվանք նույնիսկ երկու տարեկան երեխաների մոտ չկա, երբ խաղում են իրենց սիրած խաղալիքով:
Դա տևեց ահագին երկար: Մթնեց: Սկսեց անձրև գալ: Մեքենաների հոսքը նվազեց: Անցորդներինը` նույնպես: Այժմ այդքան ինտենսիվ չէին սուլում: Անցնող ոստիկանական մեքենաները ողջունում էին նրանց ազդանշանով: Ու լույսերն էլ միացնում անջատում էին: Այդ լույսերը ոնց որ հաղորդագրություններ լինեին: Նրանք հաստատ մի բան նշանակում էին: Հիշեցի մի ֆիլմ, որտեղ մարդիկ փորձում էին կապ հաստատել թռչող ափսեի հետ հատուկ լուսային ազդանշանների միջոցով…
Հետո հարված զգացի ծոծրակիս: Տաք հեղուկը ծորաց մեջքիս վրայով: Ոտքերս թուլացան: Աչքերս սևացան ու ծնկի իջա: Մեջքիս ոտքով հարվածեցին: Ես ընկա գետնին ու անջատվեցի…


-Ու՞ր ա էֆ քառասունվեցը…ու՞ր ա էֆ քառասունհինգը…
Անասունը խփում էր ինձ ձեռքի փայտով: Երիկամների հատվածում: Հարվածները խուլ էին ու հստակ: Թըպ, թըպ…
«Ահա,-մտածեցի,-կգնաս դու զուգարան մոտակա կես տարվա մեջ»:
-ՈՒ՞Ր Ա ԷՖ ՔԱՌԱՍՈՒՆՎԵՑԸ,-հարցնում էին ինձ: Իսկ ես նոր էի ուշքի եկել: Հավատացեք, ես ոչ մի ցանկություն չունեի թաքցնելու, թե ուր է այդ հերն անիծած էֆ քառասունվեցը: Միայն թե ուշքի գայի ու հասկանայի, թե ինչի մասին է գնում խոսքը:
Ուշքի գալ ստացվեց ոչ առանց դժվարությունների, քանի որ դրանք կախել էին ինձ ոտքերից: Ես ճոճվում էի բոքսի տանձիկի նման, իսկ այդ եզը գոռում էր`
-Ու՞ր ա էֆ քառասունվեցը:
Ես մի կերպ հավաքվեցի: Սիրտս խառնում էր, իսկ մարմինս հարվածներից արդեն պարզապես մեշոկ էր դարձել: Ու ցավում էր սարսափելի:
-Ի՞նչ...ի՞նչ էֆ քառասունվեց…ի՞նչ եք ուզում….ո՞վ եք դուք…
Մազերիցս բռնեցին ու բարձրացրեցին գլուխս: Դա այն սպաերից մեկն էր:
-Ու՞ր ա էֆ քառասունվեցը, որտեղի՞ց քեզ համազգեստը:
-Սա...սա հարևանիս համազգեստն է…նա այժմ իմ տանն է…
Ես հասկացել էի` սրանց համար պարզ է, որ ես ոստիկան չեմ: Չարժեր այլևս դրա վրա ժամանակ ծախսել: Խաղ խաղալ` իբր թե իրենք են սխալվել, իսկ ես հենց ոստիկան եմ, որ կամ:
-Հասցեդ, հասցեդ ասա:
Ես մի կերպ արտասանեցի իմ հասցեն: Հետո տեսա դեմքիս մոտեցող ծանր կոշիկի տակացուն:

Արթնացա տանը: Հարևանիս արձակել էին: Նստած էին իմ դիվանին, բազկաթոռներին, իսկ սերժանտներից մեկը` գետնին: Ինչ-որ բան էին խոսում: Ես նույնիսկ ուշադրություն չդարձրեցի, որ դա ուրիշ լեզու է: Հարևանս ուներ երջանիկ դեմք:
-Կներեք ինձ,-ասացի ես,-ես պարզապես փորձում էի իրականացնել հետաքննություն` պարզելու համար, թե ինչ են անում այսքան ոստիկաններ մեր քաղաքում…
Նրանք հայացքները դարձրեցին դեպի ինձ ու սկսեցին նայել անտարբեր արտահայտությամբ:
-Կներեք,-ասացի ես:
Բան չասացին ու ես նյարդայնացա: Եկել են տունս, նստել են իմ կահույքի ու հատակի վրա, ծեծել են ինձ ու չեն ցանկանում ինձ ներել: Բացել էի արդեն բերանս, որ ասեմ դա նրանց անտարբեր ճակատներին, երբ խոսեց այն սպան, ով հարցնում էր էֆ քառասունվեցի մասին:
-Դուք այսօր խոչընդոտել եք էֆ քառասունվեցի որոնողական աշխատանքներին,-հայտարարեց նա: Դե հա, պարզ է: Այդ էֆ քառասունվեցի հետ ես այսօր առնչվել եմ: Բայց ինչ է դա: Ու ինչպես եմ ես դրա հետ առընչվել: Սպան կարդում էր մտքերս:
-Ձեզ մտահոգում է, թե ինչու՞ ենք մենք շատ…դա չի մտնում իմ կոմպետենտության մեջ, բայց ես կպատասխանեմ: Մենք որոնում ենք:
Հայացքս երևի հարցրեց` Ի՞ՆՉ:
-Որոնում ենք մեր վթարված նավի վիբրոշարժիչի բեկորները…
-Հը՞:
-Մեր նավը վթարի է ենթարկվել այս մոլորակի վրա…հիմա մենք փնտրում ենք շարժիչի բեկորները, որպեսզի կարողանանք հեռանալ այստեղից: Ձեր երկրի կառավարությունը թույլ է տվել մեզ հագնել այս համազգեստն և գիշեր ու ցերեկ իրականացնել որոնումները…իսկ սուլիչներով մենք փորձում ենք ակտիվացնել վիբրոշարժիչի բեկորները.այդպես ավելի հեշտ կլինի գտնել դրանք:
Սպան խոսում էր խոշոր աչքերը բացել-փակելով: Նա ասաց, որ էֆ քառասունվեցը բիոլոգիական ռոբոտ է: Նրա անջատվելու մասին լուրը հասել է Կենտրոն, որտեղից փոխանցվել բոլոր կայաններին: Իրենք էլ միանգամից վնասազերծել են ինձ, քանի որ իմ հագին է եղել էֆ քառասունվեցի համազգեստը:
Մյուս սպայի ռացիան խշշաց: «Բազե-Ծիծեռնակին, Զարյան 12 հասցեում մեքենա են առևանգու…խշշշշշ…”
-Մենք պետք է գնանք,-ասաց սպան ու կտրուկ փոխեց իր տրամադրվածությունը: Ձեռքն առավ փայտն ու ատամների արանքից կատաղած ասաց:
-Ու որ էլ ոչ մի անգամ չմիջամտեք համազգեստով մարդկանց աշխատանքին:
Ես գլխով արեցի` ահա, միայն թե գնացեք: Այդ այլմոլորակային զառանցանքից գլուխս արդեն պտտվում էր, իսկ երիկամներս տականքավարի ցավում էին:
«Արա բա ինձ պետք էր,-մտածում էի,-լավ…բայց ոնց եմ հարձակվել իմ հարևան էֆ քառասունվեցի վրա ու վնասազերծել նրան համազգեստի համար…գժվե՞լ եմ, ի՞նչ եմ արել»:
Նրանք հեռացան:
Սերժանտներն իրենց սուլիչներով ինչ-որ տխուր այլմոլորակային մեղեդի էին նվագում:

P.S.
Հետաքննությունս շարունակում եմ: Իմացել եմ, որ 2009թ, ապրիլի 13-ին Երևանից երկու կիլոմետր հեռավորությամնբ վթարված ՉԹՕ-ի գաղտնի գործը գտնվում է ՊՆ-ի հատուկ վարչության իրավասության ներքո:
Հատուկ վարչությունում է աշխատում մեր կուրսի Արմինեի հորեղբայրը: Նա բնակվում է Ֆուրմանով փողոցում: 36\26 հասցեով: Անուշադրի սպիրտն արդեն գնել եմ մոտակա դեղատնից:
Հա, մոռացա ասել`Ոստիկանությունը պատվիրել է մեծ քանակությամբ փողային գործիքներԿարծում եք ինչի՞ հետ դա կլինի կապված:

Thursday, January 19, 2012

Ռեպորտաժ խավարից

Այդպես լինում է, երբ հասկանում ես, որ վերջ, էլ ոչ մի բան  չկա: Այդպես լինում է, որ հասկանում ես` մահը ինչ-որ տեղ մոտիկ է: Այն պտտվում է շուրջդ ու ամեն վայրկյան կարող է իր սուր ատամներով խրվել մեջդ: Ու վերջ: Այդպես լինում է:
Նա հայտնվեց մութ փողոցում: Նրա հետևից շպրտեցին ձայնագրիչն ու փակեցին դուռը: Այնտեղ, դռան հետևում լուսավոր էր: Լույսն այնտեղ սառն էր, բայց գոնե կար: Իսկ այժմ մութ էր: Ամայի փողոցում մութ էր:
Իհարկե նա փորձեց հետ գնալ: Իհարկե սկսեց հարվածել դռանն ու խնդրել` ներս թողեք ինձ, խնդրում եմ, աղաչում եմ, ներս թողեք, խնդրում եմ:
Այդ փորձերը նույնքան  անհույս էին:
Նա մնաց դռան տակ նստած մի քանի րոպե` միացնել-անձատելով իր լուսարձակը: Փորձում էր մորզեյի այբուբեն իմիտացնել` SOS: Մի բան չէր նա համառորեն հաշվի առնում` վերջը եկել է:
Հետո աշխատեց մեծն վախը: Խուճապը չէ, հենց վախը: Նա լսեց ինչ-որ խշխշոց, զգաց ինչ-որ մեկի շնչառությունն ու պոկվեց տեղից հիստերիկի պես: Իր սուր, երկար քթով ճեղքելով մթության պատը: Երբ բախվեց առաջին հանդիպած պատին, ուշքի եկավ: Միացրեց ձայնագրիչը.
«Ռեպորտաժ խավարից
Հարգելի քաղաքացիներ: Սկսում եմ հաղորդումս խավարից: Ես չգիտեմ ինչ է սա, բայց ես հիմա նրա մեջ եմ: Ու ես ուզում եմ պատմել իմ զգացողություների մասին: Այստեղ սարսփելի է: Չկա ոչ մի լույսի աղբյուր:Որպեսզի ես միանգամից չգժվեմ, ինձ տվել են մի քանի հաբեր: Երևի դրանց հաշվին է, որ կարողանում եմ հիմա քիչ թե շատ խոսալ: Ես սկսում եմ այս բացառիկ ռեպորտաժն ու պետք է ասեմ, որ լսում եմ որոշ ձայներ: Ի՞նչ է կատարվում...Ի՞նչ է կատարվում...աստված իմ...ես լսում եմ ոգիներին...ես լսում եմ նրանց, նրանք մոտենում են...ես պետք է փախչեմ...»:

***
-Ուրեմն դու՞ք եք պարոն Կիմյանը,-ասաց արծաթագույն կոստյումով սիրալիր երիտասարդը,-ձեր մասին ես լսել եմ, ասում են, ունեցել եք մի քանի հաջող նկարահանումներ...
-Մի քանին  չափազանցություն է,-ասաց այցելուն,-իրականում հաջողված է միայն մեկը, որի պատճառով էլ բարձրացել էր աղմուկն իմ շուրջ:
-Դա կապվա՞ծ էր հանցագործների խմբի ձարբակալման հետ:
-Այո...ես այդ ժամանակ միացել էի հատուկ նշանակության ջոկատին  ու ավազակների առանձնատան գրոհի ժամանակ ապահովում էի ուղիղ եթեր..հենց առաջին գծից` ավելացնելով նաև որոշ մեկնաբանություններ:
-Վատ չէ,-ասաց երիտասարդը: Նա վեր կացավ, մոտեցավ պահարանին:
-Մի բան կխմե՞ք,-հարցրեց սիրալիր ժպիտը դեմքին:
-Եթե հնարավոր է, սառույցով մի բան,-ասաց այցելուն, որն աչքի ծայրով տեսավ հարուստ բարը: Սառույցով վիսկի կամ ռոմ այնտեղ հաստատ կգտնվեր:
Երիտասարդը, մեջքով կանգնած դեպի այցելուն, սկսեց լցնել բաժակները:
-Հասկանում եք, պարոն Կիմյան մեր կազմակերպությունը հիմա պահում է իր մատը հասարակության էմոցիաների զարկերակի վրա: Ասածս մի քիչ ամպագոռքոռ է ու ծեծված, բայց դա ամենալավն է պատկերում իրողությունը: Մենք ապահովում են հասարակության էմոցիաների հիսունվեց տոկոսն ու ձգտում ենք ավելիին,-ասում էր երիտասարդը: Նա արծաթե փորագրված բռնիչներով սառույց էր հանում փոքրիկ սառցախցի մեջից:
-Ու մեզ պետք են իրական էմոցիաներ: Մեզ պետք է, որպեսզի մեր աշխատակիցներն իրենք վերապրեն սուր զգացումներ...
-Իհարկե ես ձեզ հասկանում եմ,-ասաց այցելուն:
-Պարոն Կիմյան...դուք ինձ ընդհատեցի՞ք...,-չշրջվելով հարցրեց երիտասարդը...
-Էէ..կներեք...
-Պարոն Կիմյան, մեր կազմակերպությունում չի կարելի ընդհատել որևէ մեկին...դա պատժվում է տեղում:
Նա շրջվեց հսկա արծաթագույն ատրճակնակը ձեռքին ու հանեց այն ապահովիչից:
-Սա ի՞նչ է....սա ի՞նչ է..,-կմկմաց Կիմյանը:
-Սուբօրդինացիայի բոլոր խախտումները մենք կասեցնում ենք հենց տեղում, պարոն Կիմյան, ես ձեզ սպանում եմ:
Կրակոցից դղրդացին  սենյակի ապակիները: Վառոդի ծուխը լցվեց ողջ սենյակով մեկ` առաջացնելով թեթև մառախուղ:
Կիմյանի բազկաթոռի տակ առաջացավ փոքրիկ լճակ: Նրա շալվարը թրջվել էր, իսկ շապիկի վրա մեծ կարմիր հետքն էր: Դեմքը նրա ուներ գաջի գույն, իսկ աչքերը ցրված նայում էին դատարկության մեջ:
-Պարոն Կիմյան,-նա չէր պատասխանում...,-պարոն Կիմյա՞ն,-կրկնեց երիտասարդը:
Լռություն:
-Պարոն Կիմյան, ուշքի եկեք: Սա ուղղակի փոքրիկ ցուցադրություն էր: Սովորեք սրանց:Գնդակն իսկական չէր, ընդամենը ներկ էր պարունակում իր մեջ:...էյ, լսու՞մ եք:
-Աաայո...
-Բան չունեմ ասելու, պատկերացնում եմ, դուք ցնցված եք, բայց միայն այս գնով է մեզ տրվում մեր աշխատանքը: Սա դեռ սկիզբն էր: Մենք ձեզ կպահենք մշտական տագնապի մեջ աշխատանքի ողջ ընթացքում: Չփորձեք դիմադրել, մի լարվեք: Անակնկալի եկեք ու վայելեք սուր զգացումները....
Երիտասարդը խոսում էր հաճելի թավ ձայնով: Նրա խոսքն ավելի տարիքով էր թվում քան ինքը: Կիմյանը լսում էր նույն ցրված աչքերով:
-...այս ամենի արդյունքում ձեր կրեատիվ մտածողության գործակիցն ավելանում է հազարապատիկ անգամներով: Համապատասխանաբար ավելանում են ձեր հոնորարները: Ասեմ ավելի պատկերավոր` մեկ-երկու տարի հետո կարող եք ձեր արձակուրդն անցկացնել օրինակ Մալդիվներում...ու թռչել այնտեղ անձնական ինքնաթիռով...
Կիմյանը սկսում էր շնչել: Նա արդեն խորը շունչ էր քաշում ու արտաշնչում: Նա թարթում էր աչքերն ու ագահորեն վերլուծում ստացվող ինֆորմացիան:
-Ձեզանից պահանջվում են միայն ռեպորտաժներ, այնպիսի ռեպորտաժներ, որ մարդիկ նայեն ու անեն տակները, որ մոռանան ամեն ինչ աշխարհի երեսին, որ մոռանան իրենց մորն ու հորը, մոռանան քուր –ախպեր, երեխա, թոռ, մեզ պետք է, որ նրանք կտրվեն ամեն ինչից ու աղոթեն միայն մեզ, միայն մեզ` իրենց կրքերի տերերին:
Կիմյանը ոգևորվեց մի պահ: Այո: Նա այդպիսի բան նկարել կարող է: Գրողը տանի: Ոնց գյուլեց իրեն այս կոստյումով հնդուհավը: Արդեն մեռել էր ախր: Այ էդպես պետք է նկարել: Այ էդպես: Նա կանի այնպես, որ բոլորը մեռնեն իրենց էկրանների առջև նստած: Բոլորը կդողան, բոլորը կմեռնեն:
Կիմյանը ուզեցավ կանգնել: Նա այնքան ոգևորվել էր, որ ուզեցավ կանգնել ու սեղմել երիտասարդի ձեռքը: Բայց շալվարը տարօրինակ կերպով ծանրացել էր ու կպել մաշկին:
«Fuck,արա, տակս եմ արել...»,-մտածեց Կիմյանն ու ջախջախվեց: «Ոչինչ, մտածում էր նա, ես հետո..ես հետո ցույց կտամ: Ես հիմա հասնեմ տուն, ես կփոխվեմ ու ցույց կտամ...ում վրա կրակես ու տակը չանի»:

Միջանցքում Կիմյանը փորձում էր արագ քայլել: Այն միտքը, որ տակը թաց է, ամաչացնում էր նրան: Նրա վրա նայում էին բազում դեմքեր, զգալի  մասը կանայք: Նա իրեն անհարմար էր զգում ու փորձում էր արագ դուրս պրծնել այդտեղից:
Հանկարծ նա մեխվեց տեղում:Նայեց աջ ու գոռաց ծննդաբերող կնոջ պես: Նրա վրա էր նայում մահը: «Գրողը տանի, ոչ մեկ չի տեսնու՞մ սրան, արա, ոչ մեկ չի տեսնու՞մ»:
Նրա վրա էր նայում մի կին: Նրա այտերը ծակված էին ու նեխած: Աչքերը հետ էին գնածած, ծնոտը կախված էր, մազերը գզգզված, ճակատի վրա մամուռներ էին: Նա պարզել էր ձեռքերը դեպի Կիմյանն ու դանդաղ առաջ էր գալիս:
Կիմյանը վազեց: Նա վազեց այնպես ինչպես չէր վազել երբեք: Ու չէր լսել երբեք իր հետևից այդքան բուռն ծիծաղներ: Նա մի կերպ անցավ պտտվող դռների արանքով: Նա հասկանում էր, որ զոմբի-կինն ընդամենը ֆեյք էր, ու որ իրեն ընդամենը վախեցնում էին: Բայց ադրենալինը դեռ չէր թողել նրան: Ճակատի մամուռներն էլ չափից շատ էին բնական: Նա արգելակող մեքենայի անիվների ձայն լսեց: Չհասցրեց նորմալ շրջվել դեպի այդ ձայնը: Միայն նկատեց թե ինչպես է դեպի իրեն սլանում դեղին տաքսին: Այն սլանում էր արագ ու չէր կարողանում կանգնել:
Կիմյանը փորձեց մի կողմ ցատկել, բայց արդեն ուշ էր: Հարյուրերորդական վայրկյաններ: Մեկ-երկու-երեք` կոնտակտ: Երբ գլխի և մեքենայի դիմապակու միջև մնացել էին մի քանի սանտիմետրներ, Կիմյանը մտածեց, որ երբեք չի կարողանա լինել Մալդիվներում ու ոչ էլ անձնական ինքնաթիռ կունենա: Նույնիսկ չի կարողանա ուտել այն էկզոտիկ պիցցան, որը տեսել էր երեկ, մի սրճարանի ճաշացուցակում:
-Հեյ, եղբայր, -հռհռում էր տաքսիստը:,-Հո շատ չվախեցար՞:
Տաքսիստը էլաստիկ փափուկ զանգվածի մեջից դուրս էր քաշում Կիմյանին:
-Հեյ, մի...մի...մի լացիր, ամեն ինչ նորմալ ա, ախպերս,-ասում էր Կիմյանին,-արի, արի ես քեզ կտանեմ տուն, իսկ վաղն արդեն կանցնես գործի:

***
«.Ռեպորտաժ խավարից
..այստեղ սառն է: Ես լսեցի ոգիներին: Նրանց ձայները կենդանի են: Նրանք խոսում են փողերի մասին, նրանք կարծես այստեղ աշխատում են: Խավարում էլ կա աշխատանք, հարգելի ունկնդիրներ: Նրանցից հոեռու եմ մնում, քանի որ վախենում եմ մոտիկանալ:
Գորղը տանի...գրողը տանի...ոգիների խումբ է մոտենում....լսում եմ ագրեսիվ ձայներ...ես պետք է փախնեմ....դրանդ ահավոր են: Ես ոչինչ չեմ տեսնում, ես պետք է վազեմ...»
Կիմյանը պարուրված էր խավարով: Նա ամուր սեղմել էր ձայնագրիչն ու վազում էր: Ինչ էլ լիներ այդ խավարը, պետք էր զգույշ մնալ նրա բնակիչներից...


***
«...Իսկ հիմա ձեր ուշադրաթյանն ենք ներկայացնում մեր հատուկ լրագրող Էդիկ Կիմյանի  պատրաստած բացառիկ ռեպորտաժը»,- հայտարարեց լուրերի թողարկման հաղորդավարուհին:
Կադրի մեջ հայտնվեց Կիմյանի գլուխը, հետո ձեռքը` պինդ սեխմած միկրոֆոնով: Նա ինչ-որ տեղ էր վազում ու լսվում էր նրա ծանր շնչառությունը: Հետո կադրում հայտնվեց առյուծը: Արու, հսկա, սարսափելի, փառահեղ, կատաղած ու արունոտ առյուծը:
-Հենց հիմա ես կփորձեմ հարցազրույց վերցնել առյուծից, որը քառասունհինգ րոպե առաջ հոշոտել է կենդանաբանական այգի ժամանած փոխքաղաքապետին:
Ասելով դա` Կիմյանը մագլցեց ճաղերի վրայով ու ընդհուպ մոտեցավ առյուծին: Նրա բերանը արունոտ էր, իսկ ներքևի ժանիքներից կախված էին հագուստի կտորներ:
-Ասացեք խնդրեմ, ին՞չ էիք դուք զգում, երբ հոշոտում էիք պաշտանական այրին:
Լռություն: Առյուծի աչքերը նայում էին Բուդդայի հանգստությամբ:
-Ձեր կատարածը կարելի՞ է համարել քաղաքական վրիժառության ակտ:
Լռություն:
-Դուք պատկանու՞մ եք որևէ անջատողական խմբակցության:
Առյուծը հայացքը դարձրեց Կիմյանին ու հորանջեց:
-Քաղաքում արդեն շրջում են խոսակցություններ, որ կատարվածը հետևանքն է անձնական վիրավորանքի և խանդի: Դա այդպե՞ս է:
Առյուծը մռնչաց ու վեր ցատկեց տեղից:
Հետագա կադրերը պատկերում էին Կիմյանի գլխակորույս փախուստը, առյուծի ատամներն ու ճանկերը, նրա մռնչոցներն ու Կիմյանի անզուգական բառապաշարը:
-Վատ չէ,-ասաց արծաթագույն կոստյումով երիտասարդը: Ձեզ վիսկին սառույցով թե՞ առանց, պարոն Ֆելոյան:
-Առանց,-գռմռաց Ֆելոյանը,-վատը վատ չի...բայց սա էն չի, ինչի համար մենք էդքան փող ենք դնում: Սա ուրիշ ա, սա ատրակցիոն ա: Ես ուզում եմ ուրիշ, իրական բան: Ուզում եմ սարսափ:
-Եվ ունե՞ք գաղափարներ,-հարցրեց երիտասարդը:
-Դե...հա...ունեմ:
-Կկիսվե՞ք:
-Դե...ես ուզում եմ խելահեղ մի բան, որը կբարձրացնի բոլորի էմոցիոնալ ակտիվությունը, ուզում եմ, որ բոլորը կպնեն իրենց էկրաներին խխունջների նման: Ուզում եմ, որ էդպես կպած էլ մնան...
-Ի՞նչ խելահեղ բան,-չհամբերեց երիտասարդը:
-Ես ուզում եմ, որ ամեն ինչ տակնուվրա լինի...ուզում եմ, որ էս առյուծով կապիկը հաղորդում տա դժողքից....

***
 Մութ ու ամայի փողոցում հևում էր Կիմյանը: Ժամային կողմորոշիչ չուներ: Նրա ոտքերն անընդհատ դեմ էին առնում անհարթթությունների, ու նա անընդհատ ընկնում էր:
«Մենք քեզ գործուղում ենք խավար»,-ասում էր այն տիպը...ինչ էր ազգանունը դրա...Ֆելիքս..Ֆելոյանը:
Խավարը որն է: Այդպիսի կետ քաղաքի քարտեզի վրա չկա: Իսկ գերբնական հասկացքության վրա անհնար է չծիծաղալ: Այդպիսի հեքիաթներով ոչ մեկին չես վախեցնի:
Սկզբում Կիմյանը մտածում էր, որ դա հերթական կատակն է, հերթական դոպինգը: ադրենալինն ավելացնելու համար: Երևի հատուկ գցել են էս մութ փողոցում,  որպեսզի իրեն լքված զգա ու վախենա:
«Խավարում վտանգավոր է,-ասում էր այդ Ֆելոյանը,-զգուշացիր ամեն ինչից, քանի որ ամեն ինչ կարող է քեզ սպանել: Խավարում քո օգնականը միայն փախուստն  ա, փախիր բոլոր ձայներից ու պատմիր նրանց մասին...»:
Ամեն անգամ շրջգվելիս Կիմյանը կորցնում էր տարածության զգացումը: Գլուխը սկսում էր պտտվել, իսկ սիրտը խառնել: Նա բացարձակ ոչինչ չէր տեսնում: Ընդհանրապես ոչինչ չէր տեսնում:
«Մի քանի րոպեից կհայտնվեն ուրվականերն ու կփորձեն քեզ սպանել»,-ասում էր Ֆելոյանը:
Պատին հենված` Կիմյանը փորձում էր հավաքել մտքերն ու պարզապես խորը շնչել: Նրա սրված լսողությունը որսում էր ամեն ինչ: Փախուստ, միայն փախուստ: Պետք է գոռալ ու գոռգոռալով փախչել:
 “Ռեպորտաժ խավարից.
Ես լսել եմ, որ ոգիները խմում են կենդանի մարդկանց աուրան: Իսկ այս ոգիները սոված են: Ես լսել եմ նրանց խոսացություննները: Շատերը խոսում են ուտելիքի մասին: Կարծես կենդանի լիինեն: Այստեղ ոչ մի տրամաբանություն չկա…ապրում են ինչպես մենք: աշխատում են, փող վաստակում, սիրում, ատում…բայց առանց լույսի…գրողը տանի սրանց: իսկական հրեշներ են…պետք է սրանցից հեռու մնալ…հարգելի ունկընդիրներ, ես պետք է փախչեմ…ես էլի լսում եմ մոտեցող ձայներ…դրանց մեջ կան կանացի ձայներ: Նրանք ծիծաղում են դիվային ձայներով….կներեք, ես ընդհատում եմ հաղորդումը, ես պետք է փախչեմ….
Գրողը տանի, նրանցից մեկն ասում է, որ կսպանի ոմն Արտակի, եթե նա էլի հանդիպի ինչ-որ Ինգայի հետ...”

***
-Այ սա ընտիր ա, այ սա ես հասկանում եմ, սա իրոք վերջն ա,-ասում էր Ֆելոյանը կոստյումով երիտասարդին:
-Իսկ ե՞րբ կանցնի կուրությունը,-հետաքրքրվեց նա:
-Չորս-հինգ ժամից արդեն կսկսի լույսեր նշմարել,-պատասխանեց Ֆելոյանը:
-Բայց լավ է տանջվում,-ասաց երիտասարդը:
-Մտածում է, թե ընկել է մեռյալների աշխարհ, տես ոնց է իրեն կոտորում, տես ոնց է փախչում, առանց ճանապարհը տեսնելու...վախը հզոր երևույթ է...
Նրանց առջև դրված էկրանի վրա ուղիղ հեռարձակմամբ շքաղաքի կենտրոնն էր: Կույր Կիմյանը նման էր զոմբիի: Նա անընդհատ շարժման մեջ էր: Երբեմն գոռում էր ու սկսում վազել: Մի քանի անգամ բախվել էր արդեն պատերին: Մարդիկ շրջանցում էին նրան: Ոմանք, հավանաբար վախից, մոտենում էին նրան հետևից ու հարվածում:

Wednesday, January 18, 2012

Դուրս չգաս

Իմ տանը կա հիսունից ավել գովազդային պաստառ: Նրանց կոնկրետ թիվը հաշվել չի ստացվի, քանի որ անընդհատ ավելանում են նորերը: Բացի այդ իմ տանը միացված է երաժշտություն, որը ժամանակ առ ժամանակ ընդհատվում է գովազդային հաղորդումներով: Ինձ առաջարկում են պատվիրել պատրաստի պիցցա, նայել TV-online-ով նոր նկարահանված սերիալը, օգտվել սանիտարական ծառայություններից ու միացնել Travel ալիքը և տեղափախվել հեղավոր կղզիներից մեկը` անցկացնելու հանգիստն օվկիանոսի ափին: Իմ տանը կան մարկետոլոգներ ու մերչենդայզերներ, որոնք անընդհատ գլուխ են ջարդում` որտեղ դնել սառնարանը, որպեսզի ես կարողանամ ավելի հեշտ սպառել նրանում գտնվող մթերքները: Նրանք առաջարկում են տարբեր ակցիաներ: Եթե ես միանգից կուլ տամ հինգ ձվից պատրաստված ձվածեղ, նրանք կտամադրեն ինձ անվճար հյութ, իսկ ամսվա մեջ քսան անգամ աջարական խաչապուրի պատվիրելու դեպքում կստանամ մեկ տուփ զուգարանի թուղթ: Նրանք բոլորը մտածում են միայն մեկ ուղղությամբ` ինպես կարելի է ծախսել ողջ իմ փողեր ու պարգևել ինձ մաքսիմալ բավականություն: Եթե ես լինեմ բավարարված ապա ավելի ու ավելի շատ փող կծախսեմ: Երևի նրանց աշխատավարձի աճը ուղիղ համեմատական է իմ ախորժակի աճի  հետ:
Այսօր ես պատրաստվում եմ դուրս գալ տնից: Ինձ առաջարկում են օգտվել մետեոծառայության կանխատեսումից, որի հովանավորնն են Urina բնական հյութերը: Tatters հագուստ մատակարարող ընկերությունն առաջարկում է իր նոր աշուն-ձմեռ հավաքածուն: Նրանք ասում են, որ իրենց հագուստի մեջ ես երբեք չեմ ենթարկվի եղանակի ոտնձգություններին: Իսկ Plantar կաշվե ապրանքների ֆիրման պնդում է, որ նոր ոտնամաններում իրենց փափագած անդորրը կգտնեն իմ թաթերը: Բացի այդ` գնելով երկու զույգ Plantari-ի կոշիկներից, ես կկարողանամ մասնակցել TOP FATUUS վիճակահանությանն ու հնարավորություն կունենամ ստանալ երկու տուփ արագ նախաճաշ Mauris:
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ թռչնի, տավարի գրիպների, սիբիրախտի, ոչ տիպիկ թոքաբորբի վիրուսների դեմ պայքարելու համար, ես պետք է անցնեմ հատուկ պատվաստում: Infectio առողջապահական ընկերությունն առաջարկում է իր վրա վերցնել այդ բոլոր հոգսերը, քանի որ նա համագործակցում է այն ապահովագրական ընկերության հետ, որում ապահովագրված է իմ առողջությունը: Նրանք կատարում են բոլոր պատվաստումներն անվճար, եթե ես կհամաձայնվեմ անցնել Utrum Mori տեստը և կընդունեմ նրանց տված բացիլը: Բացիլը պատրաստել են միմիայն մարդասիրական նպատակներով: Այն կարողանում է լավացնել աղեստամոսային համակարգի թթվային հավասարակշռությունը, ինչի արդյունքում հնարավոր կդառնա ավելի շատ ու ավելի հաճույքով ուտել:
Բացի այդ ինձ առաջարկում են հիգիենիկ դիմակներ ու ձեռնոցներ: Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ սպառողների առողջությունը կարող է վտանգի ենթարկվել օտարածին մանրեների պատճառով: Կան որոշ վիրուսներ, որոնք օրգանիզմ են թափանցում արցունքագեղձերի միջոցով, այդ պատճառով հիմա շատ ձեռնտու է օգտվել Caecitas Optic-ի ծառայություններից ու ձեռք բերել առաջնակարգ որակի ակնոցներ:

Ես հասնում եմ դրսի դռանն ու մի պահ կանգ առնում: Դռան կողքի պատի վրա, օտվելով իմ ուշադրությունից, փակցնում են գովազդային պաստառ` «ՍԻՐԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԴ ՈՒ ՄԻ ԼՔԻՐ ԱՅՆ: ՔՈ ՏՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ Է»:
Նայում եմ ինքս ինձ: Կոշիկներս մաքուր են ու որակյալ, նրանք պաշտպանում են և ցրտից և ճանապարհի անհարթություններից: Հագուստս ծածկում է ողջ մարմինս հերմետիկ, ջերմամեկուսիչ կտորներով, ես պատվաստված եմ բոլոր հնարավոր հիվանդությունների դեմ ու ապահովագրված եմ Angelorum ընկերությունում: Նույնիսկ աչքերս են պաշպանված դրսի ազդեցությունից:
«ՍԻՐԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԴ ՈՒ ՄԻ ԼՔԻՐ ԱՅՆ: ՔՈ ՏՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ Է»:
Ի դեպ փորձնական բացիլը շատ լավն է: Այն տվել է ինձ թեթևության զգացում ու բացել ախորժակս: Նայում եմ շուրջս: Բոլոր պատերին պաստառներ են: Նրանցից մեկում մեծ հացի կտոր է: Նրա մեջից ծորում է հալած պանիրը, իսկ ներսում երևում են բեկոնի ախորժալի կտորիկներ: Բացի այդ կան լանգետներ, ֆրի` մեքսիկական սոուսով, յուղոտ պաղպաղակ, հավի թևիկներ, մրգային աղցան Cibus և այլն և այլն: Ու միշտ կարելի է պատվիրել աջարական խաչապարուրի, քանի որ հնարավորություն կլինի օգտվել անվճար զուգարանի թղթից: Բացիլն իսկական հրաշք է:
«ՍԻՐԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԴ ՈՒ ՄԻ ԼՔԻՐ ԱՅՆ: ՔՈ ՏՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ Է»:
Ես դուրս կգամ մի ուրիշ օր: Ավելի լավ եղանակի ժամանակ: Կսպասեմ մետեոկանխատեսումներին ու կխմեմ բնական հյութ Urina:

Saturday, January 14, 2012

Զույգերով մուտքն արգելվում է

Ես նայում էի նրանց ու տատանվում: Տատանվելուց հայացքս հիմարի արտահայտություն է ստանում, բայց, ասում են, դա ոչինչ. ինձ այդպես նույնիսկ սազում է:
Ես աշխատում եմ անցագրային կետում: Երբեք չեմ կարող գուշակել, թե ինչ հետևանքներ կթողնի իմ վրա հերթական ճանապարհորդը (նրանք փոխանցում են բազմազան տիեզերական վարակներ, նեյրոլինգվիստիկ աղանդներ և այլն): Նրանք անընդհատ գալիս են ու երբեք չեն վերադառնում: Երկիր մոլորակը դասվում է այն մոլորակների շարքին, որտեղից չեն վերադառնում: Գնում են այնտեղ, աշխատանքի անցնում, ամուսնանում և ապրում...Երբեք հետ չեն գալիս: Իսկ ես գրանցում եմ ներս մտնողներին ու հետո այդ ցուցակները հանձնում վերադասներին: Իսկ տատանվում եմ, որովհետև չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են այս երկու հոգին գալիս միասին:
-Կներե՛ք,-ասում եմ,-զույգերով մուտքն արգելվում է: Պետք են անհատական քարտեր, չեմ կարող ձեզ միասին անցկացնել նույն համարի տակ, խնդրում եմ, բաժանվե՛ք:
Նրանք Կապելսկի մոլորակից են: Այնտեղ միշտ անձրև է գալիս, ու բնակիչներն էլ սիրում են թափառել իրենց լայն թիկնոցներով այդ անձրևի տակ: Այնտեղ միշտ նույն անձրևն է գալիս: Երևի այդ պատճառով են նրանք մի քիչ տխուր:
-Մենք չենք կարող բաժանվել...,-ասում է նրանցից մեկը: Վիզուալ տելեպատիկ պատկերները Կապելսկիի բնակիչների մոտ լղոզված են անձրևի նման: Ես չեմ կարողանում հասկանալ ասողը տղա է, թե աղջիկ:
-Հասկանու՞մ եք,-կրկնում եմ,-սա Երկիրն է, ՄՄՄ 43 դասի էկոօբյեկտ է: Այստեղ մուտքը զույգերով արգելվում է, սա միայնակ մարդկանց մոլորակ է:
-Մենք պետք է անցնենք երկուսով...մենք եկել ենք միասին, մենք նույն ջրից ենք, մենք համաձայնեցված ենք իրար հետ, մենք կոդավորված ենք ջրի մոլեկուլների նույն հաճախականությամբ...
Լսել եմ ես նրանց կոդավորումների մասին: Կապելսկիի բնակիչները նվիրվում են իրենց սիրեցյալներին ընդմիշտ: Այդ պատճառով նրանք անցնում են սինխրոնացման գործընթաց` նրանց օրգազիմների բոլոր ջրի մոլեկուլների ատոմների շարժը սինխրոնացվում է ու նրանք դառնում են սիամական երկվորյակների պես մի բան:
-Մենք չունենք զույգերով գրանցման կարգ...
-Խնդրում եմ...,-ասում է հանկարծ մյուսը: Վիզուալ պատկերի մեջ ես տեսնում եմ վարդագույն բծեր ու ծաղիկների թերթիկներ: « Աղջիկը սա է»,-մտածում եմ:
-Բան անել չեմ կարող...Կներեք ինձ...
Երբեք երևի ես այդքան հիմար չէի եղել:

Կապլեսկիից ժամանած զույգը սկսեց կատարել դիվանագիտական քայլեր ու փորձեց գործի դնել երրորդ աստիճանի մոգության հնարքներ` ինձ համոզելու համար: Դա անմիջապես նկատեցին վերադասներս: Եկան ու սկի չփորձեցին էլ բանակցել նրանց հետ: Միանգամից ենթարկեցին նրանց սկանի, պատրաստեցին յուրաքանչյուրին անհատական քարտեր ու հաշված վայրկյանների ընթացքում դասավորեցին նրանց գործերը Երկրի վրա:


Ում ուզում եք հարցրեք, բոլորը կասեն` Երկրից վերադարձ չկա: Այնտեղ գնում են ապրելու, աշխատելու, ամուսնանալու: Սակայն երբեք այնտեղից չեն վերադառնում:Շատերը նույնիսկ չեն էլ հասցնում անցնել մահվան խորին շերտերը, երբ նրանց մարմիններն արդեն հանձնվում են Երկրին, խաչվում ծանր աղոթքներով ու այդպես էլ մնում` գետնի տակ, փոքրիկ տուփիկների մեջ: Կան վայրեր, որտեղ ընդհանրապես վառում ու քամուն են տալիս մարմինը հենց մահանալու օրը:
Դա անհույս բան է: Երկրից վերադառնալ չի ստացվել ոչ մեկին:
Ես հիմա էլ եմ նույն կարծիքին: Տեսածս համարում եմ տեսիլք կամ գերհոգնածության աղբյուր (մեկ ամիս շարունակ, օրական 23 ժամ ես անցկացնում էի Դերմիսյան միգրացիան դեպի Երկիր: Հավանաբար մոլորակին սպասվում են դեմոգրաֆիկ փոփոխություններ):
Բանն այնն է, որ ես այդ երկուսի մասին լսեցի: Եթե լսեի նրանցից մեկի մասին, ապա ոչինչ, կհավատայի մի կերպ, չէի շշմի: Բայց ես լսեցի ՆՐԱՆՑ մասին: Միայնակ մարկանց մոլորակում չեն լինում ՆՐԱՆՔ, չի լինում ՆՐԱՆՑ մասին, լինում է ՆՐԱ, ՍՐԱ, ԴՐԱ, ԻՄ,ՔՈ մասին...:
Ես լսեցի մի պատմություն, որը կասկածի տեղիք չտվեց: Երկու հոգի ապրել են տարբեր մայրցամաքներում: Պատահականությունների շղթան նրանց միացրել է ինչ-որ Ֆարերյան կղզիներում (երկրային աշխարհագրությունից թույլ եմ), հետո նրանցից մեկին ձերբակալել էին ապօրինի նյութեր պահելու համար, իսկ մյուսին ստիպել էին լքել երկիրը:
Ես հասկանում եմ, որ տարբեր անհատական քարտերը մարդկանց ավելի ու ավելի հեռու են վանում իրարից, բայց ինձ այս մասշտաբի վանումը տարօրինակ է թվում: Ինչևէ, վերջացնեմ լսածս պատմությունը:
Նրանք նորից են հանդիպում երեք տարի անց` Էկվադոր անունը կրող մի քաղաքում կամ երկրում: Ապրում են այդտեղ մոտ մեկ ամիս, իսկ հետո տեղափոխվում Մոսկվա (չեմ համարձակվում գուշակել երկիր է դա, քաղաք, թե այլ մի բնակավայր), իսկ հետո Երևան ( դա երևի Մոսկվայի պես մի բան է): Ասում են ողջ ընթացքում նրանց հետևից որս է գնացել: Ասում են` արգելված նյութերի պատճառով: Ասում են, որ նրանց այնքան էին տանջում ու այնքան էին փակում նրանց ճանապարհները, որ նրանք չէին կարողանում նույն տեղը երկու անգամ այցելել: Նրանց տեսնողները սակայն, պատմում են, որ նրանց շուրջ անընդհատ եղել է չտեսնված հզորության դրական լիցքերի կուտակում:
Փախուստներից մեկի ժամանակ, նրանք կատարում են սխալ ու հայտնվում նույն ինքնաթիռում իրենց հետապնդողների հետ: Նրանք բացում են ինքնաթիռի դուռն ու ցատկում դուրս` վերջ դնելով և հետապնդմանը և իրենց կյանքերին: Այս զույգի մասին Երկրի վրա պատրաստվել են շատ հաղորդումներ, հորինվել երգեր և բեմադրվել ներկայացումներ:

Երբ լսում է սա, սպունգի պես ներս էի քաշում բոլոր վիզուալ տելեպատիկ պատկերները, որ փոխանցում էր պատմողը: Դա Կապելսկիից եկած այն երկու հոգին էին, որոնք ուզում էին անցնել միասին: Փաստորեն նրանք, գտնվելով տարբեր մայր ցամաքների վրա, կարողացել են այնուամենայնիվ գտնել իրար ու հանդիպել...Հա, թույլ բան չէ, այդ մոլեկուլային կոդավորումը...Բան չես ասի...

Միայնակ մարդկանց մոլորակից ոչ ոք դեռ չէր եկել անցագրային կետ ու չէր պահանջել բացել ազատ տելեպորտի դարպասները:
Երբ նրանք հայտնվեցին իմ առջև, ես փորձեցի բղավել: Դա չստացվեց ու ես ընդունեցի ինձ համար սովորական դարձած հիմար արտահայտությունը:
-Մեզ, խնդրում եմ, ազատ տելեպորտ բացե՛ք, մենք փոխում ենք աշխարհը...
-Իիինչպե՞ս թե...դուք...դուք ո՞ղջ եք...
-Ծովերն այստեղ անտանելի աղի են: Մաքուր մոլեկուլներ գտնելն իսկական պրոբլեմ է..չսիրեցի ես այս մոլորակը, չսիրեցի...
-Մենք իսկական պահմտոցի խաղացինք: Հետաքրքիր է, ինչքա՞ն էին խառնել մեր քարտերը,-ասում էր մյուսը,-Ֆարերյան կղզիներում Միոյի գրպանում գտան ինչ-որ փոշի ու սկսվեց այնպիսի մի պատմություն...
-Հա հա,-շարունակում էր մյուսը,-այստեղ բացի աղի ծովերից իսկական խելագար իշխանություններ կան: Փոշու համար ինձ փակել էին փոքրիկ վանդակում, որտեղից ես բնականաբար փախա: Բայց հետո մեզ սկսեցին ցույց տալ ողջ աշխարհով մեկ ու հայտարարել, որ վտանգավոր նալկո...նատկա..նառկոբարոնը փախչել է բանտից ու սպառնում է բոլոր երեխաների առողջությանը...
-Ու թարսի պես, Միոն լուսանկարում դուրս էր եկել փռշտալիս և ուներ սարսափելի տեսք:
Նրանք սկսեցին ծիծաղել, իսկ ես մտածել:
Նրանք հավանաբար ցատկել էին ծովի մեջ ու...ու հետ վերադարձել...Հա էլի...նրանք ուղղակի ձուլվել էին իրենց տարերքին ու վերադարձել...
Հանկարծ նրանցից մեկը ուժեղ բռնեց թևիցս:
-Հուսով եմ, չես ասի, որ տելեպորտը զույգերի համար չէ...
-Չէ...,-ասացի ես,-համեցե՛ք:

Երբ այս մասին պատմեցի վերադասին, նա  փակեց աչքերը, ծանր արտաշնչեց ու ասաց.
-Քեզ այդ ամենը թվացել է:
-Հա,-ասացի ես,- Դերմիսյան միգրացիան շատ հոգնեցրեց ինձ, երևի աչքիս են թվացել դրանք…Ի դեպ, դեմոգրաֆիկ պրոբլեմների մասին…

Sunday, January 8, 2012

obsession

Նվիրվում է ասիմետրիային:

Համար 26 հոգեբուժարանի 36-րդ սենյակում փակված էր մի հիվանդ, ում հայտնվելը հիվանդանոցում բարդացրել էր բժիշկների և սպասարկող անձնակազմի աշխատանքը: Հիվանդին այդ ստիպված էին պահել բոլորովին դատարկ, ձյունաճերմակ, հարթ պատերով սենյակում ու, բացի դա, տրամադրել օսլայաջրով լվացած  նոր սպիտակ հագուստ ամեն վեց ժամը մեկ: Հիվանդը համոզված էր, որ սպիտակ հագուստն իրեն պաշտպանում էր օդում վխտացող փոշու հատիկներից: Նա գիտեր նաև, որ սովորական փոշին բաղկացած է հիմանականում մարդկային մաշկի մահացած հյուսվածքներից ու այդ պատճառով պարտաճանաչորեն փոխում էր իր հանդերձանքը` սեփական մաշկի փոշուց ազատվելու համար:
Հիվանդի ախտորոշումը դրոշմված էր նրա անհատական քարտի վրա` Օփսեսսիվ- կոմպուլսիվ խանգարում: Այլ կերպ ասած` Մոլեգնության պսիխոզ: Այդ պսիխոզն իր բիոքիմիական բաղադրությամբ շատ նամ է մի երևույթի, որը հանդիպում է բոլոր մարդկանց և տակնուվրա անում նրանց կյանքը:

***
Ինչ-որ մեկը վերցրել էր նվագարկիչի վահանակն ու փոխում էր երիզները մեկը մյուսի հետևից: Իրար հաջորդում էին Ռոլլինգ Ստոունզի, Չիլի Փեփերսի, Նիրվանայի երգերը: Ոչ ոք սակայն ուշադրություն չէր դարձնում այդ պապուրիին ու բոլորը շարժվում էին լողալով ու պարելով ու հետևում էին միայն հակառակ սեռի գեղեցիկ ներկայացուցիչներին ու սեփական բաժակի հագեցվածությանը: Երեկոն ստացվել էր ուրախ ու ամենայն հավանականությամբ նրա մասին մասնակիցների զգալի մասը չէր կարողանա հիշել և ոչ մի բան:
Ժակ Թակյանը դուրս եկավ պահարանի դռնից, կոճկեց ջինսն ու գնաց դեպի շարժական բարը: Նա լցրեց չորս մատի չափ կանաչ հեղուկ, դիվային խելագարությամբ ժպտաց ու դատարկեց այն միանգամից: Կանաչ հեղուկը վառեց նրա եղած-չեղածը, անիծեց նրա դատարկ ստամոքսի հերն ու նոր հարվածեց հոգնած ուղեղի ծալքերին: Ժակ Թակյանի դեմքին հայտնվեց չապականված անմեղության արտահայտություն ու նա քայլերն ուղղեց դեպի բազմոցները, որտեղ  նստած էր նրա ընկեր Միշը: Քիչ անց, սրբելով այտերից շրթներկն ու կարգի բերելով հոյակապ կարճության զգեստը, դուրս եկավ շիկահեր մի աղջիկ ու շտապեց գտնել իր ընկերներին:
-Ժաակ, դու արեցիր դա,-գոչեց Միշը` խորամանկ ժպտալով,-այ դու սրիկա, արա՛...
Միշը միշտ ընդամենը լիցքաթափված էր լինում, բայց ոչ երբեք անջատված և նա չէր կարող չնկատել, որ Ժակն արդեն երրորդ աղջկա հետ էր մտնում պահարանի մեջ:
Ժակը կանգնեց անորոշության մեջ: Մի բան կամ շատ էր կամ էլ խիստ պակասություն էր անում: Նա մի պահ հապաղեց և հետո վստահ քայլերով վերադարձավ շարժական բարի մոտ: Նա ընտրեց տեկիլա, խառնեց այն կրեմ սոդայի հետ ու հետ եկավ Միշի մոտ:
-Շուտ եմ ասում` ես քո գլուխը կտրողը չեմ, առավոտ մոտս չգաս,-ասաց Միշը,-ու համ էլ` կարո՞ղ ա վիագրա ես խմել, վրես խաբար չկա...
-Դարդս չես հասկանա, Մի՛շ...
-Չի՞ թողնում, հա՞,-հարցրեց Միշը:
Ժակը չպատասխանեց: Միայն սիգարետ վառեց ու սկսեց ծխել:
-Ժակ, ախր..այ օրինակ էս վերջին աղջիկը` շիկահերը, ինքը պետք ա քեզ երջանկացներ, ապեր...իսկ դու ասում ես` չի թողնում...
-Միշ գիտես, ցավդ տանեմ, դու գիտես որ ես գիժեմ: Գիժ եմ չէ՞: Ապեր դու տեսե՞լ էս ԻՐԱ դեմքը, տեսե՞լ ես ինչ լաա~վն են ԻՐԱ այտոսկրերը: Բա բերանը...ինչ բարաա~կ շուրթեր ունի...ԵՍ ՆՐԱՆ սիրում եմ ու երևի չկարողանամ նրան մոռանալ: Ամիսներ են անցել, բայց ոչ մի բան չի փոխվում: ՈՉ ՄԻ ԲԱՆ:
-Ժակ, լուրջ եմ ասում, bro, էդ սաղ սուտ ա, ցավդ տանեմ, սաղ սուտ ա….այ էն աղջիկը մինչև ողնուծուծդ կերավ քեզ մի հինգ րոպե առաջ, այ նա ա ճիշտը
Ժակը նորից վեր կացավ: Օրորվեց: Ստամոքսի մեջ ալեկոծություն էր: Բաժակն արդեն դատարկ էր, նա լցրեց նորից ու սկսեց ման գալ մարդկանց միջով: Ամենուրեք գեղեցիկ դեմքեր էին: Միգուցե փորձել ոչ ստանդարտ բանՆա հեռու վանեց այդ միտքը: Ինչ-որ հիմարի մեկն անընդհատ փոխում էր երիզները, բայց դա կարծես ոչ մեկին չէր անհանգստացնում: Ահա լսվում էին առաջին ակկորդները, առաջին բիթը, ու նորից փոխվում էր երաժշտությունը:Մարդկանց պետք էր ընդամենը աղմուկ, որպեսզի թաղվեն դրա մեջ ու ծածկեն և պաշտպանեն իրենց խինդն ու ուրախությունը, իրենց երջանկությունն ու կիրքը: Նրանց դուր էր գալիս այդ աղմուկը, քանի որ դրա անկանոն փրփուրների մեջ իրենց սեփական կրքերը չէին երևում այդքան տձև:
Ժակը չէր կարողանում դադարել: Նա որոշել էր ամեն գնով անջատել իր կյանքը, սեղմել այն կոճակը, որի վրա գրված է off, հանգցնել այն կրակը, որից հետո կլինի երանելի խավարը:
«Слишком много света на меня падало в последнее время...»

***
Մարդկանց կույտերի մեջ երբեմն հայտնվում էր Միշը` տարբեր մարդկանց հետ թևանցուկ եղած: Ժակը չէր հիշում քանի շրջան էր նա կատարել փարթիի ողջ տարածքով մեկ, սակայն գտավ իրեն բազմոցների վրա: Նրա կողքին նստած էին Միշն ու էլի մի հոգի:
-Ժաաակ, Ժաակ, ծանոթացի՛ր, դոկտոր Սայադով, իմ լավ ընկերն ա, այ սենց տղա ա,-ներկայացրեց Միշը:
-Դոկտոր Սայադով մի քիչ ուժեղ ա ասված, ինձ ուղղակի Ռոբ կարող ես դիմել,-ասաց նա ու պարզեց ձեռքը:
-Ժան...Ժաա...Ժակ,-ասաց Ժակը,-Թակյան:
-Գիտեմ, գիտեմ,-ժպտալով տմբտմբացրեց գլուխը դոկտոր Սայադովը,-Միշը պատմում էր ձեր մասին, ու պետք է ասեմ, որ դեպքը իրոք հետաքրքիր է...ես ի նկատի ունեմ այն, թե ինչպես եք դուք բաժանվել...
-Դու գիտե՞ս, թե ոնց ենք մենք բաժանվել,-Ժակը կատաղած նայեց Միշին,-արա՛, դու պատմե՞լ ես սրան իմ ու Մառայի մասին...
-Թարգի՛, Ժակ...քանի օր ա լակած ման ես գալիս ստեղ-ընդեղ ու, ում չես ալարում, պատմում ես...
-Բանը նրանում է, հարգելի՛ս,-բարեհամբյուր ասաց դոկտոր Սայադովը,-որ ես երևի կկարողանամ քեզ օգնել...:
Ժակի միտքը նման էր մառախլապատ եղանակի: Ուղեղը հազիվ էր կարողանում ընդհանուր գծեր գտնել իրեն հասնող տարբեր նախադասությունների մեջ: Մինչ այդ սակայն, դոկտոր Սայադովն ու Միշը հանել էին ինչ-որ թղթի կտոր ու գործնական տեսքով բաներ էին խզբզում: Նա լսում էր աղոտ ծանոթ բառեր` դոֆամին, սերոտոնին, մոխրագույն զանգված, նանոթիթեղային կտրվածք...
***

Անտանելի տիպը, որն արդեն 44 անգամ պտտացրել էր բոլոր սկավառակները, կարծես գտել էր իր երազած երաժշտությունը: Բոբ Մարլիի ծխահարված ձայնը լցված էր փարթիի սրահում: Այդ ձայնը բոլորին տեղափոխել էր Ջամայկա, որտեղ` օվկիանոսը մոտիկ է ինչպես Բաղրամյան փողոցը, իսկ պլանն ավելի մատչելի է քան Ֆիլիպ Մորիսի գլանակները: Ժակը, Միշն ու դոկտոր Սայադովը դուրս սողացին պարող մարմինների արանքից, գտան ելքի դուռն ու հայտնվեցին գիշերային քաղաքում: Մաքուր օդը ամբողջովին սթափեցրեց դոկտորին ու Միշին, իսկ Ժակին պարզապես մի քիչ թարմացրեց: Կանաչ հեղուկը դեռ պետք է շարունակեր ներծծվել ողջ մարմնով մեկ: Նրանք նստեցին Միշի մեքենան ու սլացան համար 26 հոգեբուժարանի ուղղությամբ:

***
-Հասկանու՞մ  ես, արդյունքը երաշխավորված ա հարյուր տոկոսով: Ես դրանից կքաշեմ առաջնակարգ սիրո նեկտար, մենք այն կլուծենք բիոհեղուկի հետ ու քեզ կմնա միայն ներարկել դա զոհի...fuck, աղջկադ ու վերջ,-ասում էր Ռոբերտ Սայադովը:
-Բայց նա մտածում ա, որ ես ամենավերջի տականքն եմ, գիտես ի՞նչ կարգի ա ինքը հիասթափվել,-Ժակի դեմքը այլալված էր: Այն դժբախտ էր ու ծամածռված:Այդ դեմքին նայելն ընդհանրապես անհնար էր,-դո՛կ, ինքը երևի կթքի երեսիս, լուրջ եմ ասում
-Քո համար մեկ խնդիրըչէ՛,-ինքն իրեն ընդհատեց Սայադովը,-հիմա խնդիր համար մեկը  նեկտարը հայթայթելն ա, համար երկու խնդիրը` աղջկան գտնելն ու ներարկելը կլինի
-Մառայի՞ն..,
-Հա, քո Մառային:
-Ի~մ Մառային,-Ժակն ընկավ երանության գիրկը, սակայն Միշը նրան բոթեց.
-Չքնե՛լ:
-Ու հետո ինչ կլինի՞,-հարցրեց Ժակը:
-Հետո կերևան բեռնատարները…,-հիմար տոնով ասաց Սայադովն ու զգաստացավ: Կատակն անտեղի էր.
ետո այն, որ քո Մառայի մոտ հետին պլան կմղվեն բոլոր վատ մտքերը քո մասին: Հիմա, եթե ամեն ինչ ճիշտ է, կա հակվածություն….նեկտարը սրսկելուց հետո կինեն վայրկյանական փոփոխություններ: Նրա ուղեղը նորից հունի մեջ կընկնի ու կսկսի ամեն անգամ քեզ տեսնելիս արտադրել այդ դոֆամինն ու սերոտոնինը:
-Բան չեմ հասկանում ես, ախր բան չեմ հասկանում,-ասում էր Ժակը,-դա փաստորեն ստացվում ա բռնի մի բան…
-Ոչ մի նման բան,-խառնվեց Միշը,-ես ձեզ ճանաչում եմ, ու գիտեմ, որ դու իրականում մեղք չես ունեցել և այլ…նա քեզ չի տալիս արդարանալու շանս` OK:  Մենք այդ սխալը կուղղենք ինքներս...այսինքն դու կուղղես` ինքդ:
-Տղե՛րք, ճիշտ ենք բայց անում...,-հարցրեց ժակը: Նրան սաստեց Սայադովը:
 Լռություն: 36-րդ սենյակի դռան դիմաց էին:
Ռոբերտ Սայադովը, ամերիկացի դեսանտայինի նման ժեստեր ցուցադրելով, շշնջաց.
-Ես բացում եմ դուռը, դուք արագ մտնում եք ու բռնում եք ձեռքերից: Միշը թող փակի նրա բերանն այս շորի կտորով: Ես արագ կհանեմ նանոթիթեղն ու մի քանի կաթիլ կվերցնեմ նրա ուղեղից: Հասկացա՞ք: Մեկ...Երկու...Երեք...


***
Երեք շողք, երեք վայրկյան ու սարսափելի աղետ: Երբեք, ոչ մի անգամ, ոչ մի պարագայում նա չէր հանդիպել այդպիսի խիտ փոշու ամպերի: Այդ ամպերը բռնեցին նրա ձեռքերից, տապալեցին գետնին ու զոռով նրա բերանը խցկեցին փոշով հագեցված լաթի կտորը:
Օ~,աստվածներ...
Դժողքի դեսպանները թաթախեցին նրան պղծությունների մեջ ու կոտրեցին նրա անթափանց աշխարհը: Նրա գլխին ինչ-որ բան քսեցին: Դա թվաց նույնիսկ հաճելի ու եթե նա չէր սխալվում, այդ «մի բանը» անցավ նրա գլխի ներսով` հպվելով ուղեղի հետ..
Այդ փոշին երևի հատուկ թույնավորված փոշի էր, եթե առաջացնում էր այդպիսի զգացումներ: Քիչ անց նրան լքեցին: Փոշու ամպերից մեկն ասաց` «Եթե ուզում ես, բերանդ բացիր. ձեռքերդ ազատ են, բայց լավ հիշիր` շորի կտորը սարսափելի փոշոտ է»:
Նա ընկած էր գետնին ու տառապում էր: Փոշու ամպերն իրենց հետևից թողել էին անջնջելի կեղտոտ հետքեր: Սպիտակ հատակը սևացել էր նրանց աղբից, իսկ նա չէր կարողանում նույնիսկ օգնության կանչել:
Կես ժամ անց նա հանգստացավ: Սկսեց սառը դատել: Հավաքելով ողջ ուժերը` նա երկու մատով հանեց բերանից փոշոտ շորի կտորն ու խորը շունչ քաշեց:
«ՕԳՆԵՑԵԵԵԵԵ~Ք»

***
Ժակն արթնացավ երեկոյան: Նայեց թվային ժամացույցին` 18:55: Թվային ժամացույցների առավելությունն այն է, որ կարելի է կռահել, թե օրվա որ մասն է: Երեկո էր: Ինքա՞ն է նա քնել: Ուրեմն տեղ է հասել առավոտյան:
Բան չէր հիշում: Քորելով հետույքը` նա գնաց զուգարան, անկացրեց այնտեղ երկու երկարագույն րոպեներ` լցնելով տարածությունը շռնդալից ձայներով, լվացվեց ու դուրս եկավ:
Աչքերին չհավատաց ու մի քանի անգամ բացեց-փակեց դրանք` փորձելով ցնդեցնել տեսիլքին:
Նրա առջև կանգնած էր Միշը` պիցցայի կտորը ձեռքին: Սենյակի խորքում նստած էր Սայադովն ու զննում էր իր կոլբաները:
-Բարի լույս,-ասաց Ժակը: Ստամոքսի խորքից բարձրանում էին տարբեր հիշողություններ… հիվանդանոց, հոգեբուժարան, կանաչ  հեղուկ..նանո..նանոկտրիչ..նանոսղոց..նանոթիթեղ:
-Բարի երեկո,-ասաց Ժակը,-արդեն մեռանք քեզ սպասելով: Արագացրու՛, ուշանում ես, հիմա նա ուր որ է կհասնի կանգառ…
-Ո՞վ,-հարցրեց Ժակը:
-Պալտոյով կով,-ասաց Միշը,-հավ հո չե՞ս:
Լռություն:
-Ժա՛կ, ՄԱՌԱՆ,-գոռաց Միշը:
Սայադովը նրա մեջքի հետևից բաժակով բան պարզեց:
-Էս խմի, գլուխդ կթեթևանա:
Ժակը դատարկեց բաժակը միանգամից: Չափից շատ էր ուզում հասկանալ, թե ինչ է կատարվում:
-Սա նեկտարն ա` բիոհեղուկի մեջ, անվնաս բան ա,-ասաց Սայադովը,-փորձիր անել դա հանկարծակի: Ազդեցությունը կզգաս մի քանի վայրկյանից:
-Ախր…ախր մոտենամ ու սենց միանգամից…բայց սա…ՍԱ ԱԽՐ  ԳԺԻ ՈՒՂԵՂԻՑ ԵՆՔ ՔԱՇԵԼ:
-Հա հետո ի՞նչ,-ասաց Սայադովը,-դու էլ ես հիմա գիժ, գո գլխում էլ հիմա լիքը սրանից կա: Դոֆամին ու սերոտոմին: Մառայիդ գլխում էլ կա…ուղղակի դա..դա մի քիչ պղտորված է` քո հիմարության պատճառով…
-ԲԱՅՑ ՍԱ ՄԵՆՔ ՎԵՐՑՐԵԼ ԵՔ ԳԺԻ ՈՒՂԵՂԻՑ,-կրկնեց Ժակը:
-Լսի՛,Ժակ,-համբերատար սկսեց Սայադովը,-այդ հիվանդին ստուգել ենք երեք օր առաջ: Նրա մոտ մոլեգնության պսիխոզ է, տարածված շեղում է` վախենում է փոշու հատիկներից: Բանն այն է, որ նրա ուղեղի քիմիական…
Ժակն ափերի մեջ առավ գլուխը: Ուրեմն դա կատարվում էր իրականում: Ուրեմն ոչ մի գրողի տարած երազ էլ չէր..: ՍՏՈՊ:
Կարծես երազում նա երջանիկ էր, որ հնարավորություն կունենա հետ բերել Մառային: Նա արթնացել էր այդպիսի թեթև զգացողությամբ` որ ամեն ինչ լավ է լինելու:
Նա ավելի խորը սուզվեց մտքերի մեջ: Եթե, ուրեմն, ամեն ինչ քիմիա է, ապա…Քիմիան կարո՞ղ է ստիպել սիրել մարդու դեմքը, նրա ձայնն ու ատամների շարվածքը: Նրա ասիմետրիկ դիմագծերը, փափուկ մազերը, որոնց միջից երևում է լուսինը, նրա կոշիկներն ու եղունգների ձևը՞:
Դա շատ-շատ լայն էր, որպեսզի տեղավորվեր քիմիական անոթի մեջ:
WTF:
Միշը խփեց նրա ուսին:
-Հինգ րոպեյից կանգառում կլինի,վազի՛ր:
-Մենք էլ արագ-արագ ցվրվենք ստեղից,-ասաց դոկտոր Սայադովը:


 Ժակը դուրս եկավ փողոց ու զգաց, որ ոտքերը դողում են, որ անտեսանելի ձեռքը սեղմել է թոքերն ու ճզմել սիրտը: Նա շարժվում էր արագ, սակայն դա նման չէր քայլքի ոչ էլ վազքի: Նա պարզապես տեղաշարժվում էր մայթից մայթ, շրջանցում անցորդներին ու մոտենում կանգառին:
Ահա նա:
Կանգնած է:
Հետևից նա վախենալու չէր: Նա ծալել էր ձեռքերն ու սպասում էր կանաչ լույսի: Եթե հանկարծ շրջվի, կտեսնի Ժակին: Նրա աչքերը կլինեն կանաչ ու կատաղած: Նրա այտերը ներս կքաշվեն ու կսկսի կրծել բարակ շուրթերը: Ժակը զգաց, որ այլևս չի կարող շնչել: Անտեսանելի ձեռքը որ սեղմել էր նրա թոքերը, այժմ արդեն բռնել էր նրան ողնաշարից ու քարշ էր տալիս դեպի ՆԱ:
Ժակի ձեռքը մատների ծայրերով հարվածեց նրա ուսին:
Աչքերը:
Երբ արյան ճնշումը 180\110-ից տատանվում է մինչև 90\60 մարդը սկսում է նմանվել դիակի: Այդպիսինն էր Ժակը:
-Բարև,-ասաց Մառան:
-Բարև,-ասաց Ժակը:
Վառվեց կանաչ լույսը: Մառան ուզեցավ անցնել փողեցը: Ժակը բռնեց նրա ձեռքը:
-Լսի..
-Ահա՞,-ասեց Մառան:
-Ես..ես…դու պետք ա ինձ ներես, ես մի քիչ..մի քիչ իդիոտություն եմ արել, բայց, ախր պետք ա դա հասկանալ…
-Հետո՞,-ասաց մառան: Նրա կանաչ աչքերը մեծացել էին, իսկ սպիտակ ատամիկները կրծում էին բարակ շուրթերը: Նրա կուրծքը շնչում էր արագ: Մատները բարակ էին,իսկ մազերը հետ էին սանրված:
-Գնանք, արի գնանք, ես հիմա հուզված եմ մի քիչ…դու շատ սիրուն ես, գրկեմ քեզ, չէ, հետո կգրկեմ, ո՞նց ես, ու՞ր ես գնում: Ինձ Միշը հուշեց, որ կարող ա էսօր ստեղ լինես, սիրուն ա սանրվածքդ…
-Ժակ, գնա՞նք քո մոտ,-ասաց Մառան,-երևի շատ բաներ ունես պատմելու:
Ժակը շոշափեց ներարկիչը: Նրանք քայլում էին կողք կողքի ու նա մտածում էր, որ կկարողանա խրել դրա ասեղը նրա ուսի մեջ ու ներարկել սիրո նեկտարը::
Հարմար պահ չէր լինում: Անընդհատ մարդիկ, ահավոր շատ մարդիկ, բոլորը գնում են ու չեն թողնում ներարկել: Ախր պետք է հանգիստ պահ, որպեսզի ստացվի հանել ասեղն ու կատարել ներարկումը: Բայց ինչի՞ համար: Մառան..Մառան գալիս է, ուրեմն կա շանս, ուրեմն տվել է շանս, ամեն ինչ նորմալ բացատրելու: Ուրեմն դեռ ամեն ինչ կորած չէ: Ուրեմն ամեն ինչ կստացվի...

Տանը նրանք խոսացին Մառայի սանրվածքի մասին: Ժակը պատմեց Օվկիանիայի աբորիգեն ցեղերից մեկի մասին, որոնց գլխավոր աստվածությունը ամերիկացի զինվորների թողած պահածոյի տարրան է, հետո Մառան որոշեց ալադիներ պատրաստել ու ժակը բացեց կիսաչոր գինին: Հետո նրանք նայեցին հեռուստացույց ու հետո համբուրվեցին ու հետո Ժակն ասաց, որ էլ չի գնա փարթիների, իսկ պահարաններին ընդհանրապես չի մոտենա: Ժակը համբուրեց Մառային, իսկ Մառան ասաց, որ պետք է գնա տուն, բայց Ժակը համոզեց նրան մնալ ու երբ նորից նստեցին բազմոցին Ժակը հասկացավ, որ ներարկիչը նրան պետք չէ, որ Մառայի ուղեղը հիմա ինքնուրույն է արտադրում բոլոր այդ բարդ նյութերը…Եվ ընդհանրապես` այդ նյութերը երևի ոչ մի նշանակություն էլ չունեն, ու –ճիշտ կլինի, ընդհանրապես թափել այդ ներարկիչը:
-Գնամ նարնջի սոկ բերեմ,-ասաց Ժակն ու բարձրացավ բազմոցից: Նա նայեց Մառային: Նրա աչքերը մեծ էին ու ջերմ:
-Կկարոտեմ քեզ էս մեկ րոպեյի ընթացքում, գիտե՞ս,-ասաց նա:
-Գիտեմ,-ասաց Մառան:
Ժակը գնաց խոհանոց՞ Լցրեց բաժակները հյութով ու բացեց աղբամանը:Գրպանից հանեց ներարկիչն ու…
-Տականք, подлец херов, иди ты в жопы, скотина!!!!
Խոհանոցի շեմին կանգնած էր Մառան: Աչքերը լցված էին արունով: Ձեռքին ժակի հեռախոսն էր.
-Էսեմեսիդ նայի, ուրեմն դու կեղծ ես, ինչքան տականք կենդանի ես դու...,-Մառան լացում էր:
Ժակի ճնշումը նորից տատանվեց ու սենյակի պատերը փուլ եկան նրա գլխին: Էսեմեսը հավանաբար եկել էր Վեռայից կամ Անիից: Նրանք հաճախ ուղեկցում էին նրան տարատեսակ փարթիների ժամանակ: Այն ժամանակ, երբ հոսում էին միայնության ամիսները...
-Չէ, Մառ, չէ..սպասի, սպասի բացատրեմ ջան: Ախր..ախր բան չկա, լուրջ եմ ասում...
-Անասուն,-ասաց Մառան:
Նա արդեն վերցրել էր պայուսակն ու ընթացքում փորձում էր հաքնել իր թեթև բաճկորնը...
-Սպասի, Մառ, սպաի...

Դրսի դռան մոտ Ժակը հասավ նրան: Լսվեց աղջկա թույլ ճիչը:
Հանդարվեց:

Քիչ անց նարնջի հյութը վերջացավ: Ժակը փորձեց գնալ խոհանոց` էլի լցնելու:
-Մի գնա ջան...կկարոտեմ քեզ...

P.S.
Այս պատմությունն ունի երջանիկ ավարտ: