Saturday, January 14, 2012

Զույգերով մուտքն արգելվում է

Ես նայում էի նրանց ու տատանվում: Տատանվելուց հայացքս հիմարի արտահայտություն է ստանում, բայց, ասում են, դա ոչինչ. ինձ այդպես նույնիսկ սազում է:
Ես աշխատում եմ անցագրային կետում: Երբեք չեմ կարող գուշակել, թե ինչ հետևանքներ կթողնի իմ վրա հերթական ճանապարհորդը (նրանք փոխանցում են բազմազան տիեզերական վարակներ, նեյրոլինգվիստիկ աղանդներ և այլն): Նրանք անընդհատ գալիս են ու երբեք չեն վերադառնում: Երկիր մոլորակը դասվում է այն մոլորակների շարքին, որտեղից չեն վերադառնում: Գնում են այնտեղ, աշխատանքի անցնում, ամուսնանում և ապրում...Երբեք հետ չեն գալիս: Իսկ ես գրանցում եմ ներս մտնողներին ու հետո այդ ցուցակները հանձնում վերադասներին: Իսկ տատանվում եմ, որովհետև չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են այս երկու հոգին գալիս միասին:
-Կներե՛ք,-ասում եմ,-զույգերով մուտքն արգելվում է: Պետք են անհատական քարտեր, չեմ կարող ձեզ միասին անցկացնել նույն համարի տակ, խնդրում եմ, բաժանվե՛ք:
Նրանք Կապելսկի մոլորակից են: Այնտեղ միշտ անձրև է գալիս, ու բնակիչներն էլ սիրում են թափառել իրենց լայն թիկնոցներով այդ անձրևի տակ: Այնտեղ միշտ նույն անձրևն է գալիս: Երևի այդ պատճառով են նրանք մի քիչ տխուր:
-Մենք չենք կարող բաժանվել...,-ասում է նրանցից մեկը: Վիզուալ տելեպատիկ պատկերները Կապելսկիի բնակիչների մոտ լղոզված են անձրևի նման: Ես չեմ կարողանում հասկանալ ասողը տղա է, թե աղջիկ:
-Հասկանու՞մ եք,-կրկնում եմ,-սա Երկիրն է, ՄՄՄ 43 դասի էկոօբյեկտ է: Այստեղ մուտքը զույգերով արգելվում է, սա միայնակ մարդկանց մոլորակ է:
-Մենք պետք է անցնենք երկուսով...մենք եկել ենք միասին, մենք նույն ջրից ենք, մենք համաձայնեցված ենք իրար հետ, մենք կոդավորված ենք ջրի մոլեկուլների նույն հաճախականությամբ...
Լսել եմ ես նրանց կոդավորումների մասին: Կապելսկիի բնակիչները նվիրվում են իրենց սիրեցյալներին ընդմիշտ: Այդ պատճառով նրանք անցնում են սինխրոնացման գործընթաց` նրանց օրգազիմների բոլոր ջրի մոլեկուլների ատոմների շարժը սինխրոնացվում է ու նրանք դառնում են սիամական երկվորյակների պես մի բան:
-Մենք չունենք զույգերով գրանցման կարգ...
-Խնդրում եմ...,-ասում է հանկարծ մյուսը: Վիզուալ պատկերի մեջ ես տեսնում եմ վարդագույն բծեր ու ծաղիկների թերթիկներ: « Աղջիկը սա է»,-մտածում եմ:
-Բան անել չեմ կարող...Կներեք ինձ...
Երբեք երևի ես այդքան հիմար չէի եղել:

Կապլեսկիից ժամանած զույգը սկսեց կատարել դիվանագիտական քայլեր ու փորձեց գործի դնել երրորդ աստիճանի մոգության հնարքներ` ինձ համոզելու համար: Դա անմիջապես նկատեցին վերադասներս: Եկան ու սկի չփորձեցին էլ բանակցել նրանց հետ: Միանգամից ենթարկեցին նրանց սկանի, պատրաստեցին յուրաքանչյուրին անհատական քարտեր ու հաշված վայրկյանների ընթացքում դասավորեցին նրանց գործերը Երկրի վրա:


Ում ուզում եք հարցրեք, բոլորը կասեն` Երկրից վերադարձ չկա: Այնտեղ գնում են ապրելու, աշխատելու, ամուսնանալու: Սակայն երբեք այնտեղից չեն վերադառնում:Շատերը նույնիսկ չեն էլ հասցնում անցնել մահվան խորին շերտերը, երբ նրանց մարմիններն արդեն հանձնվում են Երկրին, խաչվում ծանր աղոթքներով ու այդպես էլ մնում` գետնի տակ, փոքրիկ տուփիկների մեջ: Կան վայրեր, որտեղ ընդհանրապես վառում ու քամուն են տալիս մարմինը հենց մահանալու օրը:
Դա անհույս բան է: Երկրից վերադառնալ չի ստացվել ոչ մեկին:
Ես հիմա էլ եմ նույն կարծիքին: Տեսածս համարում եմ տեսիլք կամ գերհոգնածության աղբյուր (մեկ ամիս շարունակ, օրական 23 ժամ ես անցկացնում էի Դերմիսյան միգրացիան դեպի Երկիր: Հավանաբար մոլորակին սպասվում են դեմոգրաֆիկ փոփոխություններ):
Բանն այնն է, որ ես այդ երկուսի մասին լսեցի: Եթե լսեի նրանցից մեկի մասին, ապա ոչինչ, կհավատայի մի կերպ, չէի շշմի: Բայց ես լսեցի ՆՐԱՆՑ մասին: Միայնակ մարկանց մոլորակում չեն լինում ՆՐԱՆՔ, չի լինում ՆՐԱՆՑ մասին, լինում է ՆՐԱ, ՍՐԱ, ԴՐԱ, ԻՄ,ՔՈ մասին...:
Ես լսեցի մի պատմություն, որը կասկածի տեղիք չտվեց: Երկու հոգի ապրել են տարբեր մայրցամաքներում: Պատահականությունների շղթան նրանց միացրել է ինչ-որ Ֆարերյան կղզիներում (երկրային աշխարհագրությունից թույլ եմ), հետո նրանցից մեկին ձերբակալել էին ապօրինի նյութեր պահելու համար, իսկ մյուսին ստիպել էին լքել երկիրը:
Ես հասկանում եմ, որ տարբեր անհատական քարտերը մարդկանց ավելի ու ավելի հեռու են վանում իրարից, բայց ինձ այս մասշտաբի վանումը տարօրինակ է թվում: Ինչևէ, վերջացնեմ լսածս պատմությունը:
Նրանք նորից են հանդիպում երեք տարի անց` Էկվադոր անունը կրող մի քաղաքում կամ երկրում: Ապրում են այդտեղ մոտ մեկ ամիս, իսկ հետո տեղափոխվում Մոսկվա (չեմ համարձակվում գուշակել երկիր է դա, քաղաք, թե այլ մի բնակավայր), իսկ հետո Երևան ( դա երևի Մոսկվայի պես մի բան է): Ասում են ողջ ընթացքում նրանց հետևից որս է գնացել: Ասում են` արգելված նյութերի պատճառով: Ասում են, որ նրանց այնքան էին տանջում ու այնքան էին փակում նրանց ճանապարհները, որ նրանք չէին կարողանում նույն տեղը երկու անգամ այցելել: Նրանց տեսնողները սակայն, պատմում են, որ նրանց շուրջ անընդհատ եղել է չտեսնված հզորության դրական լիցքերի կուտակում:
Փախուստներից մեկի ժամանակ, նրանք կատարում են սխալ ու հայտնվում նույն ինքնաթիռում իրենց հետապնդողների հետ: Նրանք բացում են ինքնաթիռի դուռն ու ցատկում դուրս` վերջ դնելով և հետապնդմանը և իրենց կյանքերին: Այս զույգի մասին Երկրի վրա պատրաստվել են շատ հաղորդումներ, հորինվել երգեր և բեմադրվել ներկայացումներ:

Երբ լսում է սա, սպունգի պես ներս էի քաշում բոլոր վիզուալ տելեպատիկ պատկերները, որ փոխանցում էր պատմողը: Դա Կապելսկիից եկած այն երկու հոգին էին, որոնք ուզում էին անցնել միասին: Փաստորեն նրանք, գտնվելով տարբեր մայր ցամաքների վրա, կարողացել են այնուամենայնիվ գտնել իրար ու հանդիպել...Հա, թույլ բան չէ, այդ մոլեկուլային կոդավորումը...Բան չես ասի...

Միայնակ մարդկանց մոլորակից ոչ ոք դեռ չէր եկել անցագրային կետ ու չէր պահանջել բացել ազատ տելեպորտի դարպասները:
Երբ նրանք հայտնվեցին իմ առջև, ես փորձեցի բղավել: Դա չստացվեց ու ես ընդունեցի ինձ համար սովորական դարձած հիմար արտահայտությունը:
-Մեզ, խնդրում եմ, ազատ տելեպորտ բացե՛ք, մենք փոխում ենք աշխարհը...
-Իիինչպե՞ս թե...դուք...դուք ո՞ղջ եք...
-Ծովերն այստեղ անտանելի աղի են: Մաքուր մոլեկուլներ գտնելն իսկական պրոբլեմ է..չսիրեցի ես այս մոլորակը, չսիրեցի...
-Մենք իսկական պահմտոցի խաղացինք: Հետաքրքիր է, ինչքա՞ն էին խառնել մեր քարտերը,-ասում էր մյուսը,-Ֆարերյան կղզիներում Միոյի գրպանում գտան ինչ-որ փոշի ու սկսվեց այնպիսի մի պատմություն...
-Հա հա,-շարունակում էր մյուսը,-այստեղ բացի աղի ծովերից իսկական խելագար իշխանություններ կան: Փոշու համար ինձ փակել էին փոքրիկ վանդակում, որտեղից ես բնականաբար փախա: Բայց հետո մեզ սկսեցին ցույց տալ ողջ աշխարհով մեկ ու հայտարարել, որ վտանգավոր նալկո...նատկա..նառկոբարոնը փախչել է բանտից ու սպառնում է բոլոր երեխաների առողջությանը...
-Ու թարսի պես, Միոն լուսանկարում դուրս էր եկել փռշտալիս և ուներ սարսափելի տեսք:
Նրանք սկսեցին ծիծաղել, իսկ ես մտածել:
Նրանք հավանաբար ցատկել էին ծովի մեջ ու...ու հետ վերադարձել...Հա էլի...նրանք ուղղակի ձուլվել էին իրենց տարերքին ու վերադարձել...
Հանկարծ նրանցից մեկը ուժեղ բռնեց թևիցս:
-Հուսով եմ, չես ասի, որ տելեպորտը զույգերի համար չէ...
-Չէ...,-ասացի ես,-համեցե՛ք:

Երբ այս մասին պատմեցի վերադասին, նա  փակեց աչքերը, ծանր արտաշնչեց ու ասաց.
-Քեզ այդ ամենը թվացել է:
-Հա,-ասացի ես,- Դերմիսյան միգրացիան շատ հոգնեցրեց ինձ, երևի աչքիս են թվացել դրանք…Ի դեպ, դեմոգրաֆիկ պրոբլեմների մասին…

No comments:

Post a Comment