Thursday, August 8, 2013

Ու՞ր է Երկրորդ Մասը

Մետրոյի մուտքը գտնվում էր այգու հարևանությամբ: Էլի քսան-երեսուն մետր և կարելի կլիներ ցատկել շարժասանդուղքի վրա, իջնել գրողի տարած ընդհատակը, նստել գնացքն ու...
Էլի քսան մետր: Խնդիրը դժվար չէր: Միայն չլիներ մինչև ատամները զինված ոստիկանների խումբը, որ հետապնդում էր նրան: Դա էլ չէր լինի դժվար, եթե չլինեին վայրկյանները: Հևոցը պետք էր զսպել, պետք էր չշնչել ընդհանրապես, կանգնեցնել սրտի աշխատանքը, թուլացնել բոլոր մկանները, հետ չնայել, ժամանակի մասին չմտածել, ուղղակի վերածվել կատարյալ շարժման, մաքուր ընթացքի: Բայց դա դժվար է: Նա խորը շունչ քաշեց: Ուժասպառ թոքերը ճմլվցին լարվածությունից, քրտինքը տվեց ճակատին: Սիրտը սկսեց խփել ընդհատումներով, ուժեղ և անկանոն: Մկանները լցվեցին թթվածնի ծարավ արյամբ և նորից լարվեցին` ապահովելով վազքի տեմպը: Նա հայացքը գցեց ժամացույցին...Կհասցնի՞: Կողային տեսողությամբ ֆիքսեց իրեն հետապնդող մոխրագույն զանգվածը...Կհասցնի՞: Հաշվեց հեռավորությունը, գնացքի ժամը, արագությունը...Կհասցնի՛:


-Ի՞նչ քարտեզ է սա,-հարցրեց Քաղաքային Բյուրոյի նախագահը:
-Մեր քաղաքի քարտեզն է, հարավային մասը,-պատասխանեց ճարտարապետը` ուղղելով երկար մազերը,-գտել ենք երեկ երեկոյան գեոդեզիայի ինստիտուտի մոռացված նկուղներից մեկում:
-Տեսնում եմ, որ մեր քաղաքն է,-խռպոտաց նախագահը,-բայց ի՞նչ է սա:
-Սա այն է, ինչի մասին չգիտի նույնիսկ պարոն ոստիկանապետը,-հանգիստ ասաց ճարտարապետը` հայացքը դարձնելով սրահի անկյունում բազմոցի մեջ փռված հաղթանդամ անձին:
-Սիմոնյա՛ն, ինչի՞ մասին է սա խոսում,-դիմեց ոստիկանապետին նախագահը,-ի՞նչ մոռացված նկուղ, ի՞նչ քրքրված քարտեզ: Ու ի՞նչ Երկրորդ Մաս է սրա մեջ պատկերված:
Ոստիկանապետը ծանր վեր կացավ տեղից, հոգոց հանեց, դժվարությամբ մոտեցավ սեղանին: Սեղանը հսկայական էր, մուգ կանաչ թավիշով երեսպատված: Քարտեզը, որ մեկ մետր լայնությամբ և նույնքան երկարությամբ հնամաշ թուղթ էր իրենից ներկայացնում, փռված էր սեղանին` նախագահի և ճարտարապետի առջև:
-Գաղափար չունեմ,-վերջապես ասաց ոստիկնապետը:
-Ի..ինչպե՞ս թե...
-Այդպիսի տարածք գոյություն չունի: Փորձված է էխոլոկատորներով, լազերային չափիչներով, կատարված են արբանյակային նկարահանումներ...Երկրորդ Մաս գոյություն չունի:
-Ուրեմն սա ուղղակի ինչ-որ չհաջողված նախագիծ է կամ հիմար կատակ,-հույսով  հարցրեց նախագահը:
-Չհաջողվա՞ծ,-ոստիկանապետը քմծիծաղեց,-չի կարելի նստել ողջ օրն էս հերն անիծած Քաղաքային Բյուրոյում ու չնկատել ոչինչ բացի սեփական բանկային հաշիվներից:
-Ձեր ակնարկներն անտեղին են, Սիմոնյան,-տաքացավ նախագահը,-խոսեցեք միայն ըստ գործի, ես պահանջում եմ բացատրություններ, գրողը տանի:
Ոստիկանապետը ճնշող հայացքով նայեց նախագահին, ձեռքը տարավ ծոցագրպանն ու հանեց չորս անգամ ծալված ճերմակ թղթի կտորը և դրեց սեղանին: Նախագահն անհամբեր վերցրեց այն, չգիտես ինչու հոտոտեց, ապա բացեց:
-"Միացեք մեզ",-կարդաց թղթի վրա նախագահը, շարունակեց,-"Երկրորդ Մասի ագիտացիոն կենտրոն": Սա ի՞նչ է գրողը տանի:
-Սրանով հիմա պատված է ողջ քաղաքը: Ու ոչ միայն սրանով: Թռուցիկները շատ են` "Ու՞ր է Երկրորդ Մասը", "Մի՛ թողեք", "Ընտրեք ձե՛ր կյանքը" և այսպես շարունակ,-բացատրեց ոստիկանապետը:
-Դժվա՞ր է գտնել տպարանը, որսալ պատվիրատույին...
-Սպասե՛ք,-ընդհատեց Սիմոնյանը,-ապա նայե՛ք:
Նա վերցրեց թղթի կտորը, հանեց գրպանից կրակայրիչն ու փորձեց վառել: Կրակի լեզվակը շոյեց  արտասովոր ձյունաճերմակ թուղթը, կլանեց այն, բայց վառել չկարողացավ: Թուղթը նույնիսկ չփոխեց իր գույնը:
-Այն նույնիսկ չի տաքանում,-ասաց ճարտարապետը:
-Այն չի թրջվում, չի կեղտոտվում, չի պատռվում,-ավելացրեց ոստիկանապետը:
-Բնության մեջ այսպիսի նյութ գոյություն չունի և գիտության մեջ էլ չունի, սա ընդհանրապես չի կարող լինել, սա ուրիշ տեխնոլոգիա է...
-Սատանայություն...,-գռմռաց նախագահը:
-Հիմա իմ մարդիկ զբաղված են սրանք տարածողներից մեկին հետապնդելով,-ասաց Սիմոնյանը:
-Ես պահանջում եմ, որպեսզի դրան հասցնեն ինձ մոտ անվնաս,-բղավեց նախագահը:
-Իսկ ես աղոթում եմ, որպեսզի իմ մարդիկ մնան անվնաս,-ասաց Ոստիկանապետը,-իսկ ձեզ խորհուրդ եմ տալիս հաշվի նստել...ինքներդ ձեզ հետ:
-Ինչ ասել է` հաշվի նստել,-բարձրացրեց ունքերը նախագահը:
-Մարդիկ փոխվում են,-պատասխանեց ոստիկանապետը,-Երկրորդ Մասը բոլորի շուրթերին է, այնտեղ միշտ արև է, այնտեղ հարկեր չկան, այնտեղ արդարություն է, այնտեղ բռնություն չկա, այնտեղ դրախտ է... Ասեկոսեներն ավելի շատ են, քան դուք դա կարող եք պատկերացնել: Մարդիկ հավատում են թռուցիկներին, ուզում են փոխել, ուզում են գտնել Երկրորդ Մասը: Մարդիկ այլևս չեն ուզում ապրել այստեղ:
Սրահում լռություն տիրեց:
-Պետք է լինի ինչ-որ ժամանակային պորտալ կամ գրավիտացիոն որևէ անոմալիա, որպեսզի հնարավոր լինի տարածության մեջ տարածային գրպանի առաջացումը,-սկսեց ճարտարապետը,-այն պարզելուց հետո հնարավոր կլինի միանալ նրանց:
-Ի՞նչ,-կարմրեց նախագահը:
-Ահա թե ինչ,-ասաց ճարտարապետը, հետ գցելով ճակատին թափված մազերը,-ես գնում եմ, ես ձեզ լքում եմ և գնում եմ Երկրորդ Մաս:
Ճարտարապետը կռացավ, հանեց սեղանի տակ պահված ճամպրուկը, նորից կրկնեց մազերը հետ գցելու ժեստը.
-Մնաք բարով, պարոն նախագահ: Ցտեսություն, պարոն Սիմոնյան:
Վստահ քայլերով նա անցավ սրահով մեկ` դեպի դուռը:
-Կախել, գնդակահարել, դատել, պատժել...,-հազիվ լսելի խռխռաց նախագահը:
-Ես նրան հասկանում եմ,-ասաց Սիմոնյանը, մտերմաբար հարվածեց նախագահի մեջքին,-իսկ դուք հենց այսօր փորձեք հաշվի նստել...հենց այսօր: Վաղն արդեն կարող է ուշ լինել:


Շարժասանդուղքի մոտ նա զգաց հետևից հասնող մոխրագույն շնչառությունը: Մի քանի ցատկ ևս և ձգողական ուժը կօգնի պոկվել հետապնդողներից: Նա ցատկեց շարժասանդուղքի վրա և թռավ նրա վրայով: Օդում նրա մկանները հանգստացան մի պահ, սակայն ուժեղ էր բախումը հաջորդ անգամ, երբ ոտքերը դիպան մետաղական աստիճաններին` արդեն շարժասանդուղքի կեսին: Ավելի արագ: Նա հետ նայեց: Մոխրագույն զանգվածից մի քանի կետեր հետևել էին նրա օրինակին և հիմա գտնվում էին ազատ անկման մեջ, մյուսները ցած էին գլորվում մոխրագույն գնդով:
-Կանգնի՛ր:
-Սպասի՛ր,-հասնում էր նրա ականջներին:
Աչքերը սահեցին ժամացույցի վրայով: Գնացքը գալիս է: Նոր ցատկ: Մոխրագույն զանգվածը գալիս է առանց պոկվելու: Մի՞թե չի հասնի:
Ահա և հարթակը: Մկանները գործի են անցնում արդեն անհույս: Այլևս չկա բավականաչափ հեռավորություն, այլևս չկան բաղձալի վայրկյաններ, ճիշտ կլինի ուղղակի ցատկել ռելսերի վրա: Կատարել այն, ինչ պետք է անել, երբ վտանգի մեջ է համայնքը: Այո: Չբացահայտել: Ցատկել ռելսերի տակ:
Նա զգում է ուսերին հետապնդող մոխրագույն զանգվածի մատները. նրան դիպչում են: Դիմադրելու ուժ այլևս չկա: Ողջ ուժը սպառել է դեռ վերևում` տարածելով թռուցիկները գերհագեցված պահակախումբ ունեցող Խորհրդարանում` շրջանցելով անվտանգության համակարգի և թիկնապահերի մի ողջ բանակ:
Նրան բռնում են: Թափվում են նրա վրա: Պլատֆորմի վրա: Այն պահին երբ մոտենում է գնացքը: Շտապ մեռնել: Պետք է շտապ մեռնել` չբացահայտելու գաղտնիքը, իսկ գնացքը...գնացքը կվերածվի սովորական վագոնների շարանի` թեկուզ և մետրոյի չվացուցակին հակասող:
-Սպասի՛ր,-լսում է նա մոխրագույն զանգվածի շնչակտուր ձայնը:
-Սպասիր, ասում ենք, սպասի՛ր, խնդրում ենք...
Մոխրագույն զանգվածը մեկնում է նրան ճերմակ թութը` "Ընտրի՛ր կյանքդ":
-Սա քոնն է՞,-հարցնում է ինչ-որ մեկը: Հարցնողի աչքերը մեծ են: Լի են հույսով:
-Սա քո՛նն է,-ասում է մեկ ուրիշը,-տա՛ր մեզ հետդ:
-Մենք այլևս չենք ուզում...տար մեզ հետդ, ցույց տուր Երկրորդ Մասը, մենք միանում ենք...
Գնացքի դռները բացվում են: Գնացքը սովորական չէ: Նա զգում է դա: Գնացքը պատրաստ է տեղավորել բոլորին: Ուրիշ ժամանակ նման իրավիճակում կլինեին ուղղակի վագոններ, բայց հիմա գնացք է:
-Նստենք գնացքը,-ասում է նա,-այն մեզ կտանի:
Գնացքի դռները փակվում են:
"Հաջորդ կայարանը` Երկրորդ Մաս",-հայտնում է գեղեցիկ աղջկա ուրախ ձայնը:

P.S.

Գնացքը երևաց թունելից` լուսավորված պայծառ նեոնային լույսերով: Գույնզգույն զգեստներով մարդկանց խումբը կանգնած էր հարթակին` զինված ծաղիկներով և փուչիկներով: Գնացքն ուրախ սուլաց` նրանց մոտենալով: Դռները բացվեցին և նախկին ոստիկանների կանայք և երեխաները դուրս պրծան վագոններից և ապշեցին իրենց հայրերի և ամուսինների բազմագույն տեսարանից: Նրանց հետևից դուրս եկավ հսկա ոստիկանապետը, որի հետևից անընդհատ մազերն էր ուղղում ճարտարապետը:


Պատմվածքը տպագրված է "Հայկական Ժամանակ" թերթում.

Tuesday, August 6, 2013

Մեռնել կցանկանա՞ք

Արդեն երեկո էր, երբ ազատել էի գլուխս փողոցի աղմուկից, մի կերպ հասել տուն, վիրակապ դրել ձեռքիս թեթև կտրվածքին և որոշել վերջապես կարդալ մոտս կուտակված նյութերը: Նյութերը շատ էին, հիմնականում երիտասարդ հեղինակների աշխատանքներ, ֆանտաստիկայի ժանրում գրված ստեղծագործություններ, որոնք ես խոստացել էի կարդալ և հայտնել կարծիքս: Վերջապես կար ազատ ժամանակ և թերթերի, բրոշյուրների ու սովորական A4 ֆորմատի թղթերի կույտը սպասում էր նվաստիս համեստ գրաքննադատական կարողություններին:
Սակայն զանգեց հեռախոսս: Չեմ հիշում նույնիսկ` ուրախացա գլուխս այդ տեքստերը կարդալու պարտականությունից ազատելու պոտենցիալ հնարավորությունից, թե զայրացա` հասկանալով, որ էլի պետք է տանջվեմ խղճի անամոթ խայթերից:
Զանգահարողը Արան էր:
-Բարև,-ասում է,- ի՞նչ ես անում:
-Ոչինչ,-պատասխանում եմ,-մի քանի բան ունեմ կարդալու:
-Դրանք թող,-ասում է և շարունակում,-արի մոտս, էստեղ քեզ համար հետաքրքիր դեպք կա:
-Մյուս անգամ,-խուսափում եմ,-էս երեկո ուզում եմ կուտակված գործերս թեթևացնել:
-Բայց սա կատարյալ հետաքրքիր դեպք է,-համառում է,-ես կասեի` հետաքրքիր դեմք է:
-Հնարավոր է, որ ինձ մոտ էլ կան հետաքրքիր դեմքեր,-ես էլ եմ փորձում համառել,-մնա մյուս անգամ:
-Հետևիցդ տաքսի եմ ուղարկել արդեն,-ասում է առանց առարկություններս հաշվի առնելու,-հինգ րոպեից մոտդ կլինի, ու որ լինես մոտս տասնհինգ րոպեից, սպասում եմ քեզ:
Հեռախոսն անջատվում է:
Մեղավոր հայացքով նայում եմ սեղանիս թղթակույտին:
-Կներեք,-ասում եմ ու զգում, որ իսկական սրիկա եմ: Ախր ես էլ գիտեմ, թե ինչ է նշանակում սպասել գրածիդ մասին կարծիքի:


Տաքսին ինչպես միշտ ուշացավ և մի քանի րոպեում գլուխս նորից լցվեց փողոցի աղմուկով: Այն ինչ կատարվում էր  քաղաքում նման էր իսկական ալեկոծության: Կառավարությունը որոշել էր թանկացնել առաջին անհրաժեշտության մի քանի ապրանքների գները, թանկացրել էր տրանսպորտի ուղևարձը, ավելացրել հարկերը փոքր ձեռնարկատերերի համար: Եվ քաղաքը վերածվել էր մի ընդհանուր պայթունավտանգ զանգվածի: Ու նրա մեջ չէր վտանգը, որ հնարավոր էր բախում կառավարական ուժերի և քաղաքացիական անհնազանդություն հայտնած քաղաքացիների միջև, թեև այդպիսի բախման վտանգը կար և կախված էր օդում Դեմոկլեսի թրի պես: Ավելի մեծ վտանգ էր ներկայացնում քաղաքացիական անհնազանդություն հայնտած քաղաքացիների և թանկացումները լուռ ու մունջ տանող քաղաքացիների միջև կոնտրաստային տարբերությունը: Դա իսկական ճեղք էր հասարակության մեջ, իսկական, եթե ուզում եք, ռասսայական տարբերություն: Եվ այդ տարբերությունը կարող էր վերածվել իսկական խտրականության:
-Ֆրիտյորֆ 26, ձե՞ր հետևից են ուղարկեկլ տաքսի Քաղաքային Հոսպիտալից,-տաքսիստի ձայնը հետ բերեց ինձ մտքերիս ընթացքից: Նույնիսկ չէի նկատել, թե ինչպես էր եկել մեքենան:
-Այո,-պատասխանեցի:
-Կներեք,-ասաց,-ողջ քաղաքը խցանումների մեջ է,-հազիվ եմ ճանապարհ բացում, բայց հիմա կգնանք շրջանցիկով, ուղիղ ժամանակին հետ կհասնենք:
-Դուք գիտեք,-անտարբեր ասացի ես, նստեցի հետևի նստատեղին: Հայացքս լուսամուտից դուրս էր, փողոցներով ըթանում էին ցուցարարների երթեր, բակերից անընդհատ ներսուդուս էին անում մարդկանց նորանոր խմբեր: Ոստիկանական ջոկատները, խառնված քաղաքացիների ամբոխի մեջ, խուճապահար և մոլորված տեսք ունեին:
-Վիրավո՞ր եք,-հարցրեց տաքսիստը` ցույց տալով վիրակապով ձեռքս:
-Ստից բան է:
-Ցույցի ժամանա՞կ:
-Միամիտ սայթաքեցի ու դիպա դուրս ցցված խողովակին:
-Իսկ ինձ խփեցին դիտմամբ,-նա թեքեց գլուխն, ու ես տեսա այտով մեկ ձգվող սպին:
-Խո՞րն է,-հարցրեցի:
-Բժիշկն ասաց, որ միշտ կմնա:
Լռեցի:
-Իսկ այդ անասունները քթները տնից չեն հանում նույնիսկ:
Նորից լռեցի:
-Պետք է ոստիկաններին թողնել, էս օլիգարխներին թողնել ու դրանց ջանը ընկնել, մեկ առ մեկ ճիպոտով մշակել, տեսնեմ էդ ժամանակ էլ ոչխարի պես կբառաչե՞ն:
"Ոչխարի պես",-կրկնեցի ես մտքումս:
-Ամեն մի տանը վեր ընկած ջայլամ ջուրն է լցնում մեր ողջ պայքարը:
-Մեր պայքարը բոլորի համար է,-փորձեցի թուլացնել լարվածությունը,-նույնիսկ նրանց ու նույնիսկ օլիգարխների:
-Օլիգարխների, նրանց երեխաների, բայց ոչ երբեք ոչխարների,-կտրուկ վրա բերեց տաքսիստն ու լռեց:
Ես նայում էի նրան հետևի նստատեղից: Նրա լռությունը ծանր էր: Ինձ թվում էր, թե նրա դեմքի ձախ կողմից, որտեղ սպին էր, ծանր քար է կախված, ու այդ քարն ավելի ու ավելի էր ծանրանում:


Քաղաքային Հոսպիտալի մոտ մեզ արդեն սպասում էր Արան:
-Ողջույն,-ասաց նա` արագ-արագ մոտենալով մեքենային,-գնանք վերև:
Նա դեն նետեց ձեռքի ծխախոտը:
-Եթե այդքան շտապում էիր, միգուցե՞ ուղղաթիռ ուղարկեիր հետևիցս:
-Հոսպիտալի տրամադրության տակ հիմա ուղղաթիռներ չկան, մի մասը հասցրել ենք ուղարկել ծայրամասեր` ագիտացիոն թռուցիկներ տարածելու, իսկ մյուս մասն առավոտյան առգրավվեց ոստիկանության կողմից:
-Կատակ էի անում,-ասացի ես,-ցույց տուր հետաքրքիր դեպքդ կամ դեմքդ, ի՞նչ է դա:
Նա առաջ ընկավ և ուղեկցեց ինձ դեպի Հոսպիտալի հսկայական շենքը, տարավ  ընդարձակ ֆոեներով, ահռելի սպասասրահներով, նեղլիկ ու երկար միջանցքներով, գլուխկոտրուկային աստիճանավանդակներով, հրթիռային վերելակներով: Մեր այդ սլացիկ երթն ավարտվեց սև մետաղական դռան առջև, որն ըստ իս գտնվում էր շենքի արևելյան թևում` մոտավորապես 36 և 44-րդ հարկերի սահմանում:
Դուռը թակեց որոշակի հերթականությամբ: Քիչ անց այն բացվեց` ի ցույց դնելով բավականին մռայլ և ընդարձակ մի տարածք, որն ուներ ցածր առաստաղ և փայլուն մոխրագույն հատակ: Սրահի կենտրոնում մետաղական աթոռներ էին, որոնցից մեկը զբաղված էր: Աթոռը զբաղեցրած անձն ուներ գզգզված մազեր, հագած էր անհասկանալի ցնցոտիներ, իսկ խելագար հայացքը սահում էր սրահով մեկ: Արայի առաջնորդությամբ մոտեցանք աթոռներին: Նստեցինք ցնցոտիավոր մարդու դիմաց: Նրա հայացքը փորձեց կանգ առնել մեզ վրա, սակայն չկարողացավ ֆիքսվել բավականաչափ ամուր և շարունակեց իր ընթացքը տարածության մեջ:
-Այս մարդուն գտել են արվարձանում, աղբանոցի մոտակայքում: Սկզբում աղբահանները մտածել էին, թե բոմժ է, և զանգահարել էին սոցիալական ծառայություն: Իսկ այնտեղ, ինքդ գիտես, թե ինչ է կատարվում հիմա: Հետո զանգահարել էին ոստիկանություն, սակայն ոչ ոք չի պատասխանել, քանի որ հիմա բոլորը դրսում են: Ստիպված զանգահարել են "շտապ օգնություն", և ահա այս հրաշքը մեզ  մոտ է:
Ես հարցական նայեցի Արային` նա համոզվա՞ծ է, որ այս խղճուկ գիժը հրաշք է:
Կարծես պատասխանելով հարցիս` խելագարի աչքերը սառեցին, նա կենտրոնացավ, սկսեց նայել ինչ-որ տեղ մեզ վրայով ու սկսեց.
-Հիլիոնները սկսեցին սպանդը: Ես այդ ժամանակ առուշների գավառային հետազոտական կայաններից մեկում էի, դրանք ինձ այնտեղ փորձերի էին ենթարկում: Հիլիոնները վերացրեցին այդ գավառը գրավիտացիոն ռումբերով, այրեցին ամբողջը հեղուկ կրակով, իսկ հետազոտական կայանի ավերակների մոտ սկսեցին սպանդը:
Խելագարը լռեց:
Արան շարունակեց նրա փոխարեն:
-Սա նրա պատմության միջին հատվածն է: Նա պատմում է ընդհատումներով և առանց ժամանակագրային հերթականության: Որպեսզի քեզ ավելի հասկանալի լինի` նրան մեր ժամանակով հինգ տարի առաջ փախցրել են ոմն առուշներ, որոնք հումանոիդներ էին: Փախցրել են և տարել իրենց մոլորակ` ուսումնասիրություններ կատարելու համար: Սակայն այդ ժամանակ առուշների մոլորակի վրա տեղի է ունեցել հիլիոնների հարձակումը: Հիլիոնները, ինչքանով հասկացել եմ, հումանոիդներ չեն:
Ես լսում էի ժպիտը դեմքիս: Դասական սյուժե է գիտական ֆանտաստիկայի համար: Ինչպես էլ որ երեկոն ավարտվի, ես կարող եմ հանգիստ խիղճ ունենալ, քանի որ մեկ գիտաֆանտաստիկ պատմություն արդեն լսել եմ:
Խելագարը նորից կենտրոնացավ, նորից նայեց ինչ-որ հեռու տեղ.
-Այդ առուշների հետ ես գնացի դեպի մինուսային լեռները` մոլորակն ինչ-որ կերպ լքելու համար: Բայց պարզվեց այնտեղ արդեն տեղավորված էր հիլիոնների մեկ դիվիզիոն: Նրանք շրջապատեցին մեզ և սկսեցին հերթով սպանել առուշներին և նրանց հետ հետազոտական կայանից փախած բոլոր ռասսաներին:
-Իսկ քեզ չսպանեցի՞ն,-հարցրեցի ես` թեև Արան նշան էր անում ինձ` լռել:
-Ինձ չսպանեցին:
-Ինչու՞:
-Ես չէի ուզում: Երբ հիլիոնը բարձրացրեց իր սուրը, ես առաջ պարզեցի ձեռքերս և  բղավեցի: Հիլիոնը հետ գնաց, խորհրդակցեց մյուս հիլիոնների հետ և ինձ բաց թողեցին: Բայց մյուսներին սպանեցին:
-Իսկ ի՞նչ էին անում մյուսները:
-Ոչինչ, նրանք ուղղակի մահանում էին...
-Իսկ ինչպե՞ս դու հասար այստեղ:
Խելագարը նորից կորցրեց կենտրոնացումը, հայացքը սկսեց լողալ:
Ես դարձա Արային.
-Հմմ...,-ասացի ես:
-Ի՞նչ կասես:
-Դե ես չեմ հոգեբույժ, դուք կտաք դիագնոզը:
-Ի նկատի ունեմ սրա պատմածը քեզ պետք կգա՞:
Հիշեցի տանը մնացած թղթակույտը:
-Ես մտածեցի թե քեզ դուր կգա, մանավանդ որ ստեղծեցի տագնապի մթնոլորտ` քեզ շտապեցնելով, հետևիցդ մեքենա ուղարկելով:
-Լավ, լավ ես մտածել, Ճիշտն ասած իրոք տպավորված եմ,-բարեհամբյուր ասացի ես,-դուրս գա՞նք ծխելու:

Արան նորից ուղեկցեց ինձ երկար-բարակ միջանցքների լաբիրինթով, մինչև հերթական դռները բացելիս չհայտնվեցինք պատշգամբում` ահռելի բարձրության վրա: Դիմացներս քաղաքն էր` ալեկոծվող քաղաքը:
-Ձեռքդ ցույցի ժամանա՞կ ես վնասել,-հարցրեց Արան:
-Այո:
-Այս գիշեր մասնակցելու եմ քաղաքապետարանի դիմաց անցկացվող պիկետին:
Գլխով դրական շարժում արեցի:
-Ի՞նչ ես կարծում սրա պատմածի մասին:
-Նրան փաստորեն չեն սպանել միայն նրա համար, որ չի ուզեցել մահանալ, փորձել է դիմադրել:
-Փաստորեն այդպես է ստացվում:
-Այնպես ենք խոսում, կարծես իրոք այլ մոլորակից է եկել, իսկ պատմածն էլ զուտ ճշմարտություն է,-մի փոքր նյարդայնացա ես:
-Հնարավոր է որ այդպես է...,-ասաց Արան:
-Իսկ հնարավոր է, որ նա ուղղակի մեր քաղաքից է:
Քամին վազում էր պատշգամբի բազրիքներով, վերցնում մեր սիգարետների ծուխն ու տանում հեռու, գուցե դեպի ցած, դեպի քաղաքը, որի բջիջներն են նրա մարդիկ: Մարդիկ, ովքեր պայքարում են և մարդիկ ովքեր համաձայն են խոնարհվել:


Պատմվածքը տպագրված է "Հայկական ժամանակ" թերթում.