Sunday, January 11, 2015

Արթնացնողը

Ժամանակին շատ բաժանորդներ էին տուժում ցանցի խափանման պատճառով: Բանը հասնում էր նրան, որ ողջ քաղաքով մեկ գրանցվում էին հարյուրավոր զոհեր ուղղակի այն պատճառով, որ կապը կորելու հետեւանքով շատերը մնում էին ցանցի ներսում` չկարողանալով վերադառնալ մարմին: Իրավիճակը առանձնապես սրվեց պատերազմի ժամանակ: Ցանցի խափանումները եւ հոսանքի հանկարծակի անջատումները դարձան սովորական երեւույթ բնակիչների համար, իսկ թշնամիները, թեեւ` հակամարտության մեր կողմը եւս, անմիջապես գիտակցեցին, որ դա հզորագույն զենք է` վերջնական հաղթանակի հասնելու համար: Պատերազմը վիրտուալ ռազմադաշտերից տեղափոխվեց նաեւ բարձրավոլտ կայաններ եւ նրանցից սնվող մալուխային համակարգեր, որոնցով հոսանքը հասնում էր քաղաքացիների համակարգիչներին, սնում նրանց թվային աշխարհները եւ հնարավորություն տալիս բաժանորդներին ապրելու եւ արարելու ցանցում: Երբ սկսվեց պատերազմը, անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու Արթունների գունդը, որը պետք է վերցներ իր վրա հոսանքի անդադար մատակարարման պատասխանատվությունը եւ վերահսկեր ցանցի անխափան աշխատանքը այն ժամանակ, երբ քաղաքի մի մասը գտնվում էր թվային մռափի գունավոր երազների իրականությունում, իսկ մյուս մասը, սարսափազդու կերպարներ ստացած, մարտնչում էր թշնամու հետ սերվերների ամեն մի կիլոբայթի համար` վիրուսներին պատասխանելով վիրուսով, ալգոռիթմերին պատասխանելով բանալիներով, եւ այդպես շարունակ:
Արթունների գնդի հրամանատար Միքայել Գոռսթոուն անձամբ էր վերահսկում իրավիճակը քաղաքի հյուսիս-արեւելյան հատվածում: Վթարային սնուցման էր միացված Հյուսիսարեւելքի մեծ մասը, իսկ քաղաքի այդ հատվածն ուներ, թերեւս, ամենակարեւոր ռազմավարական նշանակությունը, քանի որ զորքեր կենտրոնացված էին հիմնականում այնտեղ: Ցանցի մեջ ընկղմված մարտիկները քնած էին հինգ հարյուր հարկանի երկնաքերերի հսկայական զորանոցներում, փոքրիկ ասկետական մահճակալների վրա, որոնք ցանցին էին միացված լարերի եւ ընդունիչների նվազագույն քանակությամբ: Այդ զորքը, որի շարքերում հաշվվում էին ավելի քան երկու միլիոն շարքային ծրագրավորող-զինվորներ, արդեն երեք շաբաթ անզիջում պայքար էր մղում սերվերներից կարեւորագույնի եւ ամենամեծի` Ալֆայի համար: Թշնամու անակնկալ դիվերսիոն գործողությունները, որ միտված էին քաղաքի հյուսիսարեւելքը հոսանքազրկելուն, կարող էին պարզապես վերջ դնել պատերազմին, քանի որ այդպիսով մեծ վնաս պատճառված կլիներ, եւ մենք պայքարը շարունակելու ուժ այլեւս չէինք ունենա:

***
-Իսկ ես ասում եմ, որ այդպիսի դեպք եղել է,- պատմում էր լեյտենանտ Սիմոն Նազարեթը Արթունների գնդի շարժական շտաբի հանգստի սենյակում հավաքվածներին,- Ես ինքս եմ լսել հենց անմիջական ականատեսից: Ասում են, որ մեզ բոլորիս հայտնի բաժանորդը մի քանի անգամ մնացած է եղել ցանցում, սակայն կարողացել է ինչ-որ կերպ ետ գալ այնտեղից եւ մտնել մարմին:
-Բայց դա անհնար է,- առարկում էր սերժանտ Կիմ Ամբրոյանը,- Եթե նույնիսկ ենթադրենք, որ դա ճիշտ է, ապա նման ունակությամբ անձին կվստահեին ղեկավարել զորքերը եւ ոչ թե… Ու բացի այդ` ի՞նչ ականատեսի մասին կարող է խոսք գնալ, այդ ինչպե՞ս պետք է տեսնեին, թե նա ինչպես է կարողանում ցանցից հետ գալ մարմին:
-Դու բարդացնում ես,- համառում էր Նազարեթը,- իսկ ես համոզված եմ, որ այդպիսի բան կա, լուրջ եմ ասում:
Արթունների գնդի շտաբի հանգստի սենյակում թեւածում էր քունը: Տասը ժամանոց հերթափոխից վերադարձած վաշտը պարբերաբար հորանջում էր, իսկ հիսունվեցերորդ հարկից բացվող սպիտակ տեսարանը էլ ավելի էր տրամադրում քնելու: Ձյունը, որ վաղուց արդեն կորցրել էր իր անմեղ հեքիաթային բնույթը եւ արդեն քանի տասնամյակ, մնացած մթնոլորտի պես, հագեցված էր ծանր մետաղներով եւ վտանգավոր միացություններով, տեղում էր քաղաքի վրա անսպառ փաթիլներով, իսկ ցած իջած դեղնամոխրագույն ամպերը պարուրում էին քաղաքի աշտարակները  յոթանասուն-ութսուներորդ հարկերի մակարդակում:
-Այ եթե հանկարծ հենց նա պատմի, այդ ժամանակ միայն կհավատամ,- հորանջելով ասաց Ամբրոյանը, ապա, մի կերպ փակելով բերանը, խոշոր կում արեց ձեռքի մեջ գոլորշի հանող սուրճի մեծ կանաչ բաժակից:
-Իսկ ե՞րբ է նա ինչ-որ բան պատմում,- թերահավատորեն նկատեց լեյտենանտ Նազարեթը եւ նայեց հանգստի սենյակը գրաված իր վաշտին, զինվորների հոգնած դեմքերին` մտածելով այն տասնյակ միլիոնավոր անհոգ բաժանորդ-քաղաքացիների մասին, ովքեր, միացած ցանցին, վայելում էին թվային իրականության բոլոր բարիքները:

***
Տագնապի ազդանշանը ոչ ոքի համար առանձնապես անակնկալ չեղավ: Բոլորը համակերպվել էին վերջին օրերի գերլարված իրավիճակի հետ եւ, շնորհիվ Արթունների գնդի հրամանատար Միքայել Գոռսթոուի ելույթների եւ հայտարարությունների, գիտակցում էին իրենց վրա դրված պատասխանատվության իրական մասշտաբները: Իսկ պատասխանատվությունը ցանցում ապրելու եւ արարելու համար անհրաժեշտ տարածքը պահպանելն էր, նորը նվաճելը եւ նորից պահպանելը: Տագնապը չէր կարող առաջացնել փնթփնթոցներ եւ դժգոհություններ: Բոլորն էին պատերազմում:
Անակնկալը արդեն դեպքի վայրում էր, որտեղ վաշտը հասավ առաջինններից մեկը եւ անմիջապես ընկղմվեց խավարի մեջ: Հակառակորդը, այդուամենայնիվ, չնայած առկա բոլոր այլընտրանքային միջոցառումներին, կարողացել էր խափանել վթարային հոսանքի մատակարարումը եւ ցանցից անջատել էր զորքերի տեղակայման աշտարակներից մեկի երեք հարկերը, որտեղ պառկած-միացված էին շուրջ հինգ հազար զինվորներ: Արթունները, որ իրենց ծառայության բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ երբեք չէին բախվել նման իրավիճակի հետ, քանի որ միշտ կարողացել էին գտնել հոսանքի մատակարարման նոր լուծումներ, այժմ չէին կարողանում կողմնորոշվել եւ որեւէ համապատասխան գործողություն նախաձեռնել: Բացի այդ, նրանք առաջին անգամ հայտնվել էին բացարձակ մթության մեջ, ուր չկար ոչ բնական, ոչ էլեկտրական լույս: Վայրկյաններ անց միայն հիշելով գրպանի փոքրիկ ջահիկների մասին, նրանք միացրեցին դրանք եւ շողքի մատերով սկսեցին շոշափել զորանոցները: Միակ բանը, որ անցնում էր նրանցից շատերի մտքով` դա անշունչ մարմինների դուրս բերումն էր զորանոցներից:
-Տեսեք, տեսեք այնտեղ, հրամանատարն է,- գոչեցին հանկարծ Արթունների շարքերից:
-Գոռսթոո՞ւն:
-Նա է:
Չկարողանալով զսպել զարմանքը`Արթունները տեսան, որ զորանոցների խորքում, հասարակ մահճակալներից մեկի վրա նստած է Միքայել Գոռսթոուն: Նրա բավական մեծ եւ չափազանց կլոր գլխին միացված էին ցանցային լարերը, աչքերը նրա փակ էին, եւ նստած դիրքից անհնար էր գուշակել, թե հրամանատարը արդեն մո՞ւտք է գործել ցանց, թե՞ նոր է միայն պատրաստվում դա անել: Ավելի անորոշ էր հոսանքի կատարյալ բացակայությունը, քանի որ եթե հոսանք չկար, ապա անիմաստ էր փորձում Գոռսթոուն մտնել ցանց, իսկ եթե, այնուամենայնիվ, նա արդեն ցանցում էր եւ նոր էր պատրաստվում դուրս գալ, ապա դա առավել եւս անիմաստ էր, ավելի ճիշտ` կատարելապես անհնար:
-Հրամանատար,- փորձեց ձայն տալ լեյտենանտ Նազարեթը:
-Պարոն Գոռսթոո՞ւ,- շտապեց միանալ Ամբրոյանը: Նրանք դանդաղ քայլերով, անցնելով անզգա մարմինների շարքերի միջով, ուղղվեցին դեպի Արթունների գնդի հրամանատարը:
-Պարոն Գոռսթոու,- ձեռքով դիպչելով նստած հրամանատարի ուսին` ասաց լեյտենանտ Նազարեթը:
Հրամանատարը բարձրացրեց գլուխը: Նրա աչքերը փակ էին, սակայն կոպերի ետեւում նկատվում էր խնձորակների ակտիվ շարժ, ինչպիսին լինում է սովորաբար թվային մռափում գտնվողների մոտ:
-Նա ցանցում է,- ասաց սերժանտ Ամբրոյանը այնպիսի տոնով, ասես ընդունում է իր պարտությունը,- փաստորեն սա հնարավոր է:
-Ես քեզ ասում էի,- վրա բերեց Նազարեթը,- ի՞նչ պետք է անել:
Լեյտենանտն իր գրպանի փոքրիկ ջահը պահեց սերժանտի դեմքին, ապա հրամանատարի կլոր գլխին, ապա տարածեց այն զորանոցով մեկ` թողնելով, որ լույսի շողքն անցնի անշունչ պառկած զինվորների վրայով: Եւ հանկարծ` շողքը որսաց շարժումը: Նազարեթը միանգամից հետ բերեց ջահիկը` փորձելով ստուգել աչքերի տեսածը: Ամեն ինչ անշարժ է:
-Ի՞նչ է սա,- շշնջաց Ամբրոյանը` արձագանքելով թիկունքից լսված հոգոցին: Եւ ահա` նորից: Այս անգամ ինչ-որ մեկը տնքում էր աջ կողմից:
-Հեյ, դուք այդտեղ տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, նրանք կենդանանում են,- շատ բարձր ձայնով ասաց ինչ-որ մեկը վաշտից:
-Գալիս ենք,- պատասխանեցին նրան:
Փորձելով ոչ մեկի  հետ չբախվել, աշխատելով ճիշտ շարժել ոտքերը եւ անվտանգ քայլեր կատարել, Նազարեթն եւ Ամրոյանը անցան մռափից արթնացող եւ որդերի պես գալարվող զինվորների մարմինների միջով եւ վերադարձան դեպի իրենց վաշտը:
Հոսանքի մատակարարումը վերականգնվեց միայն երկու ժամ անց: Հակառակորդի այս գործողությունը այնքան խորքային ու համակարգված էր, որ Արթունների գնդի տեխնիկական վաշտերից պահանջվել էին անչափ մեծ ջանքեր եւ երկար ժամանակ, որպեսզի կարողանային կարգի բերել վնասված էլեկտրոկայանները եւ մալուխային գծերը: Երբ զորանոցներում վառվեցին լույսերը, հնարավոր դարձավ ստույգ հաշվարկ կատարել` ի մի բերելով զոհերի քանակը, որը, ինչպես պարզվեց բավական շուտ եւ միանշանակ, հավասար էր զրոյի:
-Իսկ հրամանատար Գոռսթոո՞ւն: Նա ինչպե՞ս է,- փորձում էր մի բան պարզել Միքայել Գոռսթոուի մարմինը շտապօգնության ճեպընթաց մակույկ տեղափոխած դրոնից լեյտենանտ Նազարեթը: Դրոնը, սակայն, որը կառավարվում էր քաղաքի մյուս ծայրում, աշտարակի հարկերից մեկում մռափող բժշկի կողմից, անորոշ տզզոց հանեց, ուժեղացրեց իր փոքրիկ շարժիչների աշխատանքը եւ անմիջապես հեռացավ մակույկի հետ` տանելով հրամանատարի մարմինը:
***
Միքայել Գոռսթոուի մահվան կապակցությամբ քաղաքի իշխանությունները եւ գերագույն հրամանատարությունը հանդես եկան հայտարարություններով: Զինվորական կարճ, զուսպ եւ կոռեկտ տեքստում ասվում էր, որ Միքայել Գոռսթոուն, օգտագործելով իր բացառիկ ունակությունները` անհոսանք շարժվելու ցանցի ներսում եւ ազատ ելումուտ անելու, կարողացել է կատարյալ հոսանքազրկման պայմաններում, ցուցաբերելով բացառիկ արիություն, ցանցից դուրս հանել շուրջ հինգ հազար զինվորի:
-Ասում են, նա դեռ երեխա ժամանակ վթարի է ենթարկված եղել, նրան վիրահատելու ժամանակ ինչ-որ լարեր են միացրել, մի խոսքով` վիրահատությունը դեռ այն ժամանակ առցանց է եղել, այդ պատճառով էլ առաջացել է Գոռսթոուի այդ ունակությունը,- ասում էր լեյտենանտ Նազարեթը սերժանտ Ամբրոյանին, ով կոկոսի մեջից ձողիկով արեւադարձային կոկտեյլ էր խմում:
-Վերջացրու դա, խնդրում եմ քեզ: Հիմա մեզ հազիվ արձակուրդ են տվել, կարողացել ենք հասնել այստեղ, նայիր ինչ ափ է, հապա նայիր ինչ ծով է, ուզո՞ւմ ես լողալ: Իսկ դու շուրջդ նայե՞լ ես: Տես ինչքան աղջիկներ կան,մարդիկ` բոլորը գեղեցիկ, տես ինչ լավ կոկտեյլ է:
-Դու ոչ մի բան էլ չես հասկանում, Ամբրոյան,- ասաց Նազարեթը փոքր կում անելով իր մեծ կանաչ սուրճի բաժակից:
-Ես հասկանում եմ, որ հանգստանալ է պետք,- արդարացավ սերժանտը:
-Իսկ ես ասում եմ, որ ցանկացած պահի կարող է անջատվել քաղաքի հոսանքը եւ այս ամենը ընդմիշտ կավարտվի:
-Թուու,- բարկացած ձայնով ասաց Ամբրոյանը,- իսկ ես արդեն գրեթե ամբողջովին մոռացել էի, որ պառկած եմ ինչ-որ քոսոտ երկնաքերում, որ սա ընդամենը մռափ է… անպայման էր պետք հիշեցնել… Շնորհակալ եմ:
-Դրա մասին երբեք պետք չէ մոռանալ,- ասաց իրենից գոհ Նազարեթը, ապա ուշադրությունը հրավիրեց հսկայական, սպիտակ ավազով ծածված ծովափի մյուս կողմը,- նայիր այն կողմ, տեսնո՞ւմ ես այն մարդուն:
-Ո՞ւմ:
-Մեծ գլխով, այն մեծ ու կլոր գլխովին:
-Խնդրում եմ, դադարեցրու,- ասաց Ամբրոյանը զսպելով ծիծաղը կամ լացը, գլխին քաշեց երկարաեզր գլխարկը, խորը կում արեց կոկոսից եւ ավելի հարմար տեղավորվեց` ըմբոշխնելու թվային արեւի շողերը թմրեցնող մռափում:

նկարի աղբյուրը` http://www.zastavki.com/rus/Fantasy/wallpaper-17466.htm

No comments:

Post a Comment