Երբեմն նույնիսկ ամենամոտ ընկերներն են կարող զարմացնել ապուշ
հարցերով: Օրինակ ` ընկերը գալիս է ընկերների մոտ եւ հայտնում, որ այսուհետ ունի ընկերուհի,
եւ նրան ընկերները հարցնում են` “Որտեղի՞ց ա”:
Հարցը վերաբերում է աղջկան:
Բայց կոնկրետ ի՞նչ ի նկատի ունեն ընկերները: Ի՞նչ է դրդում
մարդկանց տալ այդ հարցը եւ ի՞նչ են նրանք փորձում պարզել դրանով: Դա ճշտելու համար
եւ որոշեցի կապվել հին ընկերներիցս մեկի հետ, ում հետ հաճախ շփվելու հնարավորություն
այնքան էլ չեմ ունենում, ցավոք: “Բարեւ, ընկեր, ի՞նչ կա չկա”: Սպասում եմ, որ զրույցը
հունի մեջ ընկնի եւ հայտնում ընկերուհուս մասին լուրը: Սպասում եմ: Հեռախոսային ալիքների
մյուս ծայրում ընկերս փորձում է վերլուծել ստացած տեղեկատվությունը եւ համարժեք պատասխան
տալ: Ես ուղղակի զգում եմ, թե ինչպես են աշխատում նրա խելացի ուղեղի բջիջները: “Իյա,
ապեր, բա որտեղի՞ց ա”,- հարցնում է ընկերս ի վերջո:
Իսկ ես շանսը բաց չեմ թողնում ամեն ինչ պարզելու:
“Ի՞նչ ի նկատի ունես”,- հարցնում եմ: “Աղջկան”,- զարմացած
ասում է ընկերս: “Հա, բայց ի՞նչը”: “Ինչը-ինչը, ասում եմ` որտեղի՞ց ա”: “Ի՞նչը որտեղից
ա”: “Աղջիկը, դեբիլ”:
Եւ այսպես` դեբիլը ուրեմն ես եմ: Այս կապակցությամբ կարելի
է նույնիսկ թեյ խմել եւ լուսամուտից նայելով մի հատ խորը շունչ քաշել: Ողջ ճակատամարտը
դեռ առջեւում է:
“Ապուշ,- գրոհում եմ ես,- ի նկատի ունեմ, թե դու ի՞նչը ի
նկատի ունես, ուզում ես իմանալ` որտե՞ղ է ապրում, աշխատո՞ւմ, թե՞ որտեղ ենք ծանոթացել,
միգուցե որտեղի՞ց է նրա ընտանիքը ծագումով”:
Ընկերս պատասխանում է. “Ուղղակի` որտեղի՞ց ա. Եթե դա քեզ էդքան նյարդայնացնում է, մի պատասխանի”: Եւ անջատում է հեռախոսը:
Միգուցե ես իրո՞ք դեբիլ եմ եւ ոչ մի բան չհասկացա:
Իսկ իրականում հարցն այստեղ կարող է շատ ավելի խորքային լինել, քան թվում է: Դրա պատասխանը գտնելու ճանապարհին միտքս անցավ բավականին ուշագրավ տեսարանների կողքով: Օրինակ` մի պահ պատկերացրեցի Ադամի` Եվայի հետ ծանոթանալու տեսարանը, երբ Արարիչը առաջին անգամ պետք է կնոջը ներկայացներ տղամարդուն: Եւ այսպես: Կանգնած է Ադամը, նրա դիմաց բավական թիկնեղ ու բոյով Արարիչն է եւ նուրբ, համեմատաբար փոքրիկ մարմնով Եվան: Ադամը զարմացած նայում է Արարչին, հետո Եվային եւ հարցնում` “Որտեղի՞ց ա”:
Միգուցե ամեն ինչ հենց այդպես էլ եղե՞լ է: Եւ դա գենետիկորեն փոխանցվում է սերնդից սերո՞ւնդ: Այդ հարցը: “Ուրդո՞ւց ա”:
.
Նկարի աղբյուրը` http://maxpark.com/community/4654/content/1792839
No comments:
Post a Comment