Friday, May 1, 2015

Հակադիր մատը, այլընտրանքը` ամբողջը տեսականորեն

Աշխատանքը ստեղծել է մարդուն: Մեր տեսակի պատմությունը սկսվեց այն օրը, երբ մեր հեռավոր, բրդոտ եւ վայրենի նախնիները գնացին աշխատանքի: Կանգնեցին հաստոցի դիմաց եւ հասկացան, որ դրա բռնակներից օգտվելու համար անհրաժեշտ է հակադիր մեծ մատ:
Հասկացան նաեւ, որ չի կարելի աշխատավարձի քարտ ստանալու համար բանկ գնալ անթրաշ, մերկ եւ գազազած վիճակով: Աշխատանքը ստիպեց մարդուն թրաշվել, աճեցնել բութ մատ եւ յուրացնել բարեկիրթ վարվելակերպի կանոնները: Մարդը դարձավ մարդ` բանվոր եւ աշխատավոր:
Տասնյակ հազարավոր տարիներ անց` մարդը յուրացրեց աշխատանքի բյուրավոր տարբերակներ` հավաքել թեյի թերթիկներ, ընդունել խաղադրույքներ, պատրաստել մուրճեր, մուրճերով հարվածել երկաթների, նախագծել հրթիռային շարժիչներ, սպանել ուրիշ մարդկանց, թաղել ուրիշ մարդկանց, նկարել, ֆուտբոլ խաղալ: Սա զրո հազարերորդական մասն է այն ամենի, ինչով զբաղվում են մեր մոլորակի դոմինանտ բնակիչները: Աշխատում են: Աշխատում են, վարձատրվում, քնում, նորից գնում աշխատանքի: Մեծ հաշվով`ողջ մոլորակն է զբաղված աշխատանքով, աշխատանքի գաղափարով: Իսկ միգուցե մեկ-մեկ արժե թեկուզ եւ մի փոքր, բայց կասկածե՞լ աշխատելու նպատակահարմարության մասին: Միգուցե կա այլընտրա՞նք: Միգուցե կա ա՞յլ մի բան, որի վրա մարդկությունը կարող է ավելի արդյունավետ ծախսել իր գոյության երջանիկ պատահականությունը: Զուտ տեսականորեն:

Նկարի աղբյուրը` http://nevzdrasmion.livejournal.com/28022.html

No comments:

Post a Comment