Ես ժպտում եմ ու նայում շուրջս: Երկու անվտանգության աշխատակից,
հինգ գանձապահ, որոնց շարքում է կրքոտ աչքերով շիկահերը: Ես ժպտում եմ, դեմքիս քաշում
պարանոցիս կապած թաշկինակը, աչքերիս վրա բերում լայնեզր գլխարկը եւ սկսում: Իհարկե՝
շարունակելով ժպտալ թաշկինակի տակից: “Առանց խուճապի”,- թավ, մի քիչ խռպոտ ձայնով ասում
եմ ես,- “Փողերը լցրեք պարկերի մեջ, արագ, ավելի արագ”: Այդ ընթացքում, բնականաբար,
այս ու այն կողմ եմ թափահարում իմ մեծ, երկարավուն, արծաթագույն Կոլտ ատրճանակը: Իսկ
երբ փողերը հավաքված են լինում, վերցնում եմ “$” գրությամբ պարկերը, դուրս գալիս բանկից,
դրսում ինձ, անկասկած, արդեն սպասում է կրքոտ աչքերով շիկահերը, մենք նստում են նժույգը
եւ սլանում՝ նոր բանկեր եւ գնացքներ թալանելու:
Այսպես ես մտածում եմ բանկերում լինելիս: Ավելի հաճախ՝ հերթի
մեջ կանգնած: Եւ պատկերացնո՞ւմ եք՝ այդ ընթացքում նույնիսկ ժպտում եմ: Շուրջբոլորս
կանգնած մարդիկ դա երեւի վերագրում են իմ ի ծնե բարեհամբյուրությանը եւ չափազանց լավ
դաստիարակությանը: Եւ համեստությանը նույնպես: Իսկ ես, իրականում, մի իսկական վեսթերն
եմ վերապրում: Թերեւս, պակասում են միայն հնդկացիները՝ իրենց փետուրներով եւ ներկած
դեմքերով:
Բանն այն է, որ շատ խորն են նստած գիտակցության մեջ վեսթերները եւ մասնավորապես՝ դրանցում բանկերի դերը: Չէ՞ որ, եթե հանկարծ որեւէ զիլ դեմք նեղության մեջ է հայտնվում, նա միշտ կարող է գնալ բանկ եւ… թալանել այն: Ի՞նչ է, այդպես չէ՞: Աաա, ոչ: Այդպես չէ:
Հիմա, իհարկե, վեսթերներից դուրս էլ կան զիլ դեմքեր ու ժամանակ
առ ժամանակ նրանք եւս հայտնվում են որոշակի նեղության մեջ ու գնում բանկ… վարկ վերցնելու:
Արդյունքը նույն է՝ դուրս ես գալիս բանկից լիքը փողով (թեկուզ եւ ոչ “$” գրությամբ
պարկերով), բայց ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ սխալ է թվում: Նայում ես շուրջբոլորդ՝
ոչ ձիեր կան, ոչ կրքոտ աչքեր եւ ոչ էլ գնացքներ, որոնք կարելի է թալանել: Իսկ հեռախոսը
զանգում է եւ կանչում վազել առօրյա կյանքի հետեւից: Ու վեսթերնը ավարտվում է:
Թեեւ, հեչ էլ չի ավարտվում, այլ շարունակվում է՝ գնալով նմանվելով
գերմանական կինոմատոգրաֆի խուժանական նմուշի, որտեղ պասիվ դերակատարի դերում հայտնվում
է զիլ դեմքը… Ազնիվ չէ, չէ՞՝ բանկից վարկի ես վերցնում-թալանում-“$” գրությամբ պարկերը
շալակում-տանում մեկ անգամ, իսկ գնում ես բանկ վարկը վերադարձնելու (տոկոսներով հանդերձ)
մի ողջ տարի ու զգում գերմանական կինոյի զորավոր հաղթանակը:
Բայց սա այնպես: Հիմա ես հաճախ եմ հանգիստ նստած լինում եւ
թեյ խմելով նայում լուսամուտից դուրս:
Նկարի աղբյուրը՝ http://nuclear-wallpapers.ru.com/gdefon/wall/full/419960
No comments:
Post a Comment