Թերեւս, տեղի է ունենում համաշխարհային մակարդակի դավադրություն:
Հին ու բարի, հրեական ու մասոնական դավադրության տեսությունների համակիր չեմ, բայց
այս մեկ դավադրությունը պարզապես զգում եմ, մաշկովս եմ, կարելի է ասել, զգում:
Այ, օրինակ, գնում եմ սուպերմարկետ շաբաթվա խժռելիքն առնելու,
իսկ ճանապարհին ներսումս արդեն հասունանում է դավադրության տագնապը: Մանավանդ, երբ
քամի է լինում: Միայն ուժեղ քամու ժամանակ կարելի է ոչ մի բան չկասկածող մարդկանց համոզել
դավադրության առկայության մասին: Իսկ ես, որ արդեն վաղուց եմ կասկածում, քամու ժամանակ
ուղղակի խուճապի եմ մատնվում:
Ու մտքիս գալիս է Ֆիլիպ Դիկի “Երազո՞ւմ են արդյոք անդրոիդները
էլեկտրական ոչխարների մասին” գիրքը, գրքում նկարագրված ապագայի աշխարհի խլամը: Կարդացածները
միանգամից կհասկանան, իսկ մյուսներին հուշեմ, որ խոսքը ամենակուլ ԽԼԱՄԻ մասին է, որը
կուլ է տալիս մարդու կողմից թեկուզ կարճ ժամանակով լքված ամեն վայր, ցանկացած տեղ,
որտեղ մարդը չի հասցնում կարգի բերել, մաքրություն անել: Թեեւ, ավելի լավ պատկերացնելու
համար տագնապներիս պատճառը կարելի է ուղղակի դիտել հանրահայտ Wall-E մուլտֆիլմը:
Եւ այսպես, ես արդեն ընդհուպ մոտենում եմ սուպերմարկետին,
իսկ քամին գնալով ուժեղանում է: Ես փորձում եմ չտխրել, չընկճվել, արդեն մեծ տղա եմ,
դե, պետք է թարգել նահանջողական տրամադրությունները,
բացասական լիցքերը պետք է թողնել, գլուխը բարձր… բայց այդ պահին դեպքիս է “հագնում”
քամու թռցրած պոլիէթիլենային տոպրակը՝ ցելոֆանը: Հազիվ եմ հասցնում պոկել դա երեսիցս,
երբ ոտքերիս տակ, ասես մրրկահողմից քշված՝ կուտակվում են եւս հինգ-վեց ցելոֆաններ:
Չիմանալով ինչպես վարվել՝ ես ընտրում եմ փախուստի ճանապարհը եւ արագացնելով քայլերս՝
վայրկյան առաջ ներխուժում եմ սուպերմարկետ, որտեղ համենայնդեպս թռչող ցելոֆաններ չկան:
Խլամի իրական մասշտաբները ես հասկացա տոնական օրերից մեկի ժամանակ, երբ առավոտյան դուրս էի եկել սովորական մարզանքի: Ողջ գիշեր ուժեղ քամի էր եղել, կոմունալ ծառայությունները հանգստի մեջ էին, եւ հնարավոր էր լիովին գնահատել ստեղծված իրավիճակը: Խոսքը, մասնավորապես, ծառերից տոնական խաղալիքների պես կախված ցելոֆանների, նույն ծառերի եւ լուսաձողերի տակ կուտակված ցելոֆանների, շենքերի լվացքի պարաններից կախված ցելոֆանների, շքամուտքերում լցված ցելոֆանների, փողացային կենդանիներին փաթաթված ցելոֆանների եւ նույնիսկ իմ սիրելի զուգահեռաձողին պինդ գրկած ցելոֆանների մասին է: Այնպիսի ապոկալիպտիկ տրամադրություն էր, որ ասես մինչ ես քնած էի, տեղի էր ունեցել մոլորակի զավթում ոչ երկրային բանականության՝ այս դեպքում պոլիէթիլենային տոպրակների կողմից, եւ մարդկությանն այլեւս գոյատեւելու տեղ հատկացված չէ: Գումարած դրան՝ քամուց փռփռում էր կոշկակարի կրպակից կառչած տոպրակը՝ կարծես հաստատելով իմ տարակուսանքը:
Իսկ ես արդեն մոտենում եմ սուպերմարկետի գանձապահին՝ զեռքիս
զամբյուղի մեջ տանելով կատարածս գնումները:
-Ոչ, դա առանձին տոպրակի մեջ մի դրեք, խնդրում եմ,- ասում
եմ ես թեեւ կոպիտ դիմագծերով, բայց հաճելի աղջկան:
Աղջիկը ժպտում է:
-Չէ, չէ, դա էլ մի դրեք, բոլորը մեկ տոպրակի մեջ դրեք, խնդրում
եմ,- ասում եմ ես նորից եւ ժպտում: Աղջիկը նույնպես ժպտում է եւ նայելով ուղիղ աչքերիս
մեջ՝ նոր տոպրակ է բացում հատուկ ատամի մածուկի համար:
-Կարիք չկա, մի դրեք դա առանձին տոպրակի մեջ, պետք չէ,- ասում
եմ ես:
Աղջիկը նենգորեն ժպտում է: Ես նույնպես: Էլ ավելի նենգորեն:
Նա փորձում է նոր ցելոֆան բացել գնածս ձեթը մեջը դնելու համար: Ես բռնում եմ նրա ձեռքը:
Ես դավադրության զոհ չեմ դառնա: Մի քանի մետր հեռու կանգնած անվտանգության աշխատակիցը
նկատում է շարժումս, չի մոտենում, բայց սրում է ատամները: Ես շարունակում եմ ժպտալ
աղջկան: Նա նույնպես:
-Սա ճանապարհին կպատռվի, դնե՞մ երկրորդ տոպրակի մեջ,- անմեղ
աչքերը թարթելով ասում է նա: Օդն ուղղակի հագեցած է դավադրությամբ:
-Ոչ,- ասում եմ ես ատամներիս արանքից՝ չդադարելով ժպտալ:
Գալիս եմ տուն փոքրիկ հաղթանակ տարած: Ամեն դեպքում՝ ինձնից
հետո ես մեկ ավելորդ օգտագործած ցելոֆան քիչ կթողնեմ: Ինչ էլ որ լինի, եթե կան նույնիսկ
դավադիրներ, իսկ սուպերմարկետի աղջիկը նրանց զինակիցն է, եթե նրանք նույնիսկ այլմոլորակային
զավթիչներ են, եթե ուզում են խլամի վերածել մեր ողջ Երկիրը, ցելոֆանապատել մեր մոլորակը՝
ամեն ինչ կախված է մեզնից: Որտե՞ղ թափել աղբը եւ քանի՞ պոտենցիալ ՉԹՑ (չբացահայտված
թռչող ցելոֆան) օգտագործել՝ սրանք կարեւոր հարցեր են, որոնց պետք է ճիշտ պատասխան տալ,
եթե չենք ուզում դառնալ դավադրության զոհ:
Նկարի աղբյուրը՝ http://greenplaneta.org/posts/ya-ne-plastikovyj-paket/
No comments:
Post a Comment