Գրատախտակին գծված էին եռանկյունիներ, ուղղանկյունիներ, գրված էին բանաձևեր և հավասարումներ:
Գրատախտակի առջև կանգնած էր ճմռթված պիջակով Երեմյանը: Նա իր հաստ ակնոցների տակից
նայում էր ապշած հանդիսականներին, որոնք քարացել էին լռության մեջ: Ելույթը տևել էր
ուղիղ մեկուկես ժամ: Ելույթի ընթացքում գիտաժողովի մասնակիցներից եւ ոչ մեկը ձայն չէր
հանել, նույնիսկ չէր հազացել և չէր փռշտացել: Երեմյանի հայտնագործությունը ստիպել էր
բոլորին լարել ուշադրությունը, պահել շունչներն ու մեկ ամբողջական ականջ դառնալ:
Ելույթն ավարտված էր:
- Այսքանը,- ասաց Երեմյանը` թափ
տալով կավճոտ ձեռքերն ու ժպտալով,- թերևս այսքանը: Կգտնվե՞ն անձիք, ովքեր կուզենան իրենց վրա փորձարկել X կապսուլան:
Դահլիճում բացականչությունների
և հոգոցների ալիք անցավ: Մի պահ ընդամենը: Եւ նորից լռություն տիրեց: Վերևի շարքերից
ինչ-որ մեկը վախվորած բարձրացրեց ձեռքը:
- Ահա, խնդրեմ,- ուրախացավ Երեմյանը,-
համեցեք այստեղ, համեցեք: Հավատացնում եմ, ոչ մի ցավային ազդեցություն սա չի ունենա:
Դե՞: Մի´ վախեցեք, համեցեք:
Ձեռք բարձրացնողը նիհար և բարձրահասակ
երիտասարդ էր, ով քայլում էր իր հասակի համար փոքր քայլերով, գլուխը կախ և մի քիչ կռացած:
Նա, անցնելով շարքերի միջով, անընդհատ կրկնելով «կներեք, կներեք», հասավ գրատախտակի մոտ:
- Հիմա ես ձեզ կտամ այս սկզբունքով
պատրաստված X կապսուլան, դուք այն կընդունեք և կպատմեք ձեր տպավորությունների մասին:
Կցանկանա՞ք ներկայանալ:
- Դոցենտ Շմիդտ,-կմկմաց երկարահասակ
երիտասարդը:
- Հոյակապ է, դոցենտ Շմիդտ,- ձեռքերն
իրար շփեց Երեմյանն ու մոտեցավ գրատախտակի տակ դրված պայուսակին:
Նա բացեց պայուսակը, ինչ-որ բան քչփորեց այնտեղ և հանեց փոքրիկ պլաստիկ տոպրակն ու
ցույց տվեց դա դահլիճին,- սա է: Հիմա հարգելի դոցենտ Շմիդտն այն կփորձարկի:
Նա բացեց տոպրակը, հանեց այնտեղից
մեկ պատիճ ու մեկնեց դա Շմիդտին:
- Անուշ արեք,- ասաց Երեմյանը:
Շմիդտն անսպասելի համարձակ շարժումով
ասես խլեց երեմյանից պատիճն ու կուլ տվեց: Նրա նիհար կերպարը կանգնած էր հանդիսականների
առջև, իսկ հայացքը նրա ուներ այնպիսի արտահայտություն, կարծես մեղադրում էր բոլորին:
- Իրականում ոչ մի դժբախտություն
հիմա տեղի չի ունենա,- նկատելով Շմիդտի հայացքը` ասաց Երեմյանը,- հիմա դոցենտը կապրի
ուղղակի մի նոր զգացում, որին մինչ այժմ նա անծանոթ է եղել: Դա էլ հենց այն է, ինչի
մասին ես այսքան երկար խոսում էի: Սա X կապսուլան է: Դե՞: Ինչ-որ բան զգու՞մ եք, -
դարձավ նա դոցենտ Շմիդտին:
Վերջինս թափահարեց գլուխը, բայց
նույն պահին էլ դադարեցրեց: Նրա մարմնով ասես դող անցավ: Հաճելի, թարմացնող դող: Նրա
մեջքն ուղղվեց: Դեմքի լարվածությունն անցավ:
- Կարելի է՞,- ասաց նա հանգիստ
և հնչեղ ձայնով` բարձրացնելով ձեռքը:
- Իհարկե,- ասաց Երեմյանը, որ մի քանի քայլ կողք էր գնացել և սրբում էր ակնոցները
ճմռթված պիջակի թևքով:
- Ես հիմա հասկացա ամեն բան, ինչ
ասում էր պրոֆեսոր Երեմյանը: Սա իրոք նոր է: Ես ատել եմ մարդկանց, ես սիրել եմ մարդկանց,
ես եղել եմ երջանիկ ու դժբախտ, կարոտել եմ, զայրացել, հիացել... Ես ապրել եմ բոլոր
զգացումները: Բայց հիմա...,- նա խորը շունչ քաշեց,- հիմա ես ապրում եմ բոլորովին նոր
բան: Պրոֆեսոր, սա թմրանյու՞թ է:
- Բնավ,- ասաց Երեմյանը` լայն
ժպտալով, -այն չի կարող համարվել թմրանյութ, քանի որ նրա նյութական բաղադրությունը,
մեղմ ասած, նեյտրալ է: Ու չի կարող համարվել թմրանյութ, քանի որ սա ընդամենը զգացում
է: Նոր զգացում: Եթե ուզում եք, անվանեք սա` X զգացում կամ X կապսուլայի զգացում: Այն
նման է երջանկության, հիացմունքի, վախի, սիրո և ատելության: Այսուհետև սա դրանցից մեկն
է, դրանց շարքից է:
Դահլիճում աղմուկ բարձրացավ:
- Դուք ուզում եք ասել, որ նոր
զգացու՞մ եք պատենտավորում:
- Ճիշտ այդպես: Նոր, բոլորովին
նոր: Որն ապրելուց հետո աշխարհը վերջապես կփոխվի:
Աղմուկը սաստկացավ: Շատերը վեր
թռան իրենց տեղերից: Իրարանցում սկսվեց:
- Ինչի՞ց է պատրաստվում այդ կապսուլան:
- Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ:
Երեմյանը շոյված էր նման բուռն
արձագանքով, սակայն իրավիճակը սպառնում էր անկառավարելի դառնալ: Իրարանցումը կատարյալ
էր: Հանգիստ էր միայն դոցենտ Շմիդտը, որն ավելի շատ զբաղված էր աշխարհի և մարդկանց
հանդեպ տածած իր նոր զգացումը վերլուծելով:
- Ինչի՞ց է այն բաղկացած,- գոչում էին ներկաները:
- Ինչի՞ց:
Երեմյանին շաղախում էին հարցերով:
Ինչ-որ ձեռքեր արդեն քաշքշում էին նրա ճմռթված պիջակից, պահանջում պատասխանել հարցին,
թե ինչ նյութերից է բաղկացած X կապսուլան:
- Հիմարնե՜ր,- չդիմացավ Երեմյանը,-
դուք ոչինչ չհասկացաք, ձեզ չօգնեց նույնիսկ Պյութագորասի թեորեմը, դուք
ոչ մի բան չեք հասկանում:
- Բացատրեք նորից,- գոչեցին տարբեր
կողմերից:
- Սա նյութ չէ, սա այն է, ինչի
շնորհիվ, օրինակ, էջերի քառակուսիների գումարը հավասարվում է ներքնաձիգի քառակուսուն,
սա այն է, ինչ չկա, բայց կա ինքն իրեն ու ամենուր, սա ուրիշ է...
Նրա ձայնը խորտակվեց աղմուկի ալիքներում:
Նրան ողողեցին հարցերի, հիմար պնդումների, կասկածների, փորձերի և թղթատարության ջրերով
և քաշեցին հետ, որտեղ դեռ շատ քչերն էին ապրել նոր զգացումը:
Խորհրդականն անշարժ հետևում էր
նրա անհանգիստ քայլերին: Առաջնորդը հետ ու առաջ էր անում հարմարավետ աշխատասենյակում` ժամանակ առ ժամանակ կանգնելով ու գլուխն
ափերի մեջ առնելով: Մոտ քսան րոպե այդպես քայլելուց հետո նա վերջապես վերադարձավ իր տեղն ու փռվեց մեծ բազկաթոռի
մեջ:
- Իրավիճակը դուք ճիշտ եք նկարագրում,-
սկսեց նա,- այն, ինչ տիրում է հիմա մեր քաղաքացիների
շարքերում, իսկական աղետ է: Նրանք մեզ ոչ ատում են, ոչ սիրում: Նրանք սպառել են մեր
հանդեպ ունեցած ատելությունը, իսկ սեր գուցե եւ չեն էլ ունեցել երբեք:
Խորհրդականը շոյված հազաց:
Առաջնորդը շարունակեց.
-Եթե այսպես շարունակվի, տիրող
անտարբերությունը կվերածվի համատարած ապատիայի, ինչի արդյունքում ընդհանրապես կիմաստազրկվի
իշխանության գաղափարը և դրա գործառույթները վերջնականապես կդադարեցվեն:
- Դրա համար էլ պետք են օժանդակիչ
գործոններ...
- Ու դուք առաջարկում եք դա՞:
Այդ նոր..հմ... զգացումը՞:
- Այո: Եթե ձեզ այլևս չեն սիրում,
այլևս չեն ատում, ինչպես նաև չեն նախանձում, զզվում...
- Բավ է, - կտրուկ ընդհատեց Առաջնորդը:
- Ուրեմն ձեզ պետք է նոր զգացում:
Ձեզ պետք է, որ ընտրողները տածեն ձեր հանդեպ այդ զգացումը: Ու այստեղ դուք պետք է շտապեք,
եթե ուզում եք լինել առաջինը:
- Իսկ ի՞նչ կարժենա այդ նոր զգացումը:
Ինչի՞ց է այն բաղկացած:
Խորհրդականը մնաց լուռ` փորձելով
հնարավորինս ճիշտ ձևակերպել իրեն էլ ոչ այնքան հասկանալի միտքը:
- Ոչինչ: Ասում են, որ այն ուղղակի
ջուր է: Կամ օդ: Կամ ցանկացած այլ բան: Ոմանք ասում են, որ այն ընդհանրապես նյութական
չէ: Իսկ պրոֆեսոր Երեմյանի կայքում` ընդդեմ գիտական շրջանակներում տեղի ունեցող քննադատումների,
կայացվել է բողոքի ակցիա, որի արդյունքում կայքում տեղադրվել
է X կապսուլա ստանալու եղանակը:
Առաջնորդը ծանր հոգոց քաշեց: Հենվեց բազկաթոռի մեջքին եւ սկսեց շոյել փողկապը:
- Ուրեմն պետք է լինել առաջինը...
Հ.Գ.
- Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր հայտնագործության քաղաքականացմանը:
- Վատ:
- Կպարզաբանե՞ք:
- Կապել իմ կատարած հայտնագործությունը
քաղաքականության հետ նույնն է... նույնիսկ դժվարանում եմ պատասխանել: Իմ հայտնագործությունը
պետք է ծառայեր բոլորովին այլ նպատակների, սակայն այս երկրում ստացվեց այնպես, որ քաղաքական
կուսակցությունները վերցրել են X կապսուլայի արտադրման իրավունքներն ու հիմա իրար միս
են ուտում մրցակցային առավելություններ ստանալու համար:
- Քաղաքական ուժերի կողմից ձեր
X կապսուլան օգտագործելու երևույթն իրոք տարօրինակ է:
- Մեղմ ասած...
- Պրոֆեսոր Երեմյան, ինչպիսի՞նն
են ձեր քաղաքական հայացքները:
- Ես այդպիսիք չունեմ:
- Բացարձա՞կ:
- Բացարձակ: Ես X կապսուլան ստեղծողն
եմ, հասկանու՞մ եք: Ես: Այդ մարդը ես եմ, գրողը տանի: X կապսուլայի հայտնվելուց հետո
ոչ քաղաքականությունը, ոչ ձեր հիմար ռադիոկայանը, ոչ կուսակցությունները չպիտի գոյություն
ունենային, սակայն դուք դեռ կաք եւ դա ինձ հիմա ապշեցնում է: Խնդրում եմ դադարեցնել
եթերը:
Ձայնագրություն` կատարված ԲՌՈՒՆՑՔ
ռադիոկայանում:
No comments:
Post a Comment