Վերջերս անհանգիստ եմ: Անհանգստության պատճառը գիշերային մղձավանջներն են
եւ դրանց հետեւանքով առաջացած ստեղծագործական ճգնաժամը: Ինչ ուզում եք ասեք, բայց քնաթաթախ
եւ պարանոյիկ վիճակում դժվար է իրար կապել երկու բառ, էլ չեմ ասում որեւէ քիչ թե շատ
ըմբռնելի տեքստի մասին: Ողջ այս քաղաքական ինտրիգները, որոնց պատճառով կարող է իմաստազրկվել
կես ժամ առաջ գրված ռեպորտաժդ, հյուծել են իմ առանց այն էլ տկար փետուրը եւ սպառել
բառերիս հոսքը: Երբ ես պառկում եմ քնելու, ինձ թվում է, թե ուր որ է կզանգեն եւ կասեն,
որ նախագահ, վարչապետ, օմբուդսմեն կամ նախարար է փոխվել, որ հեղափոխություն է, եւ ես
ստիպված կլինեմ ուղղահայաց դիրքի բերել քնաթաթախ եւ պարանոյիկ մարմինս, վերցնել լուսանկարչական
ապարատն ու ձայնագրիչը եւ նորից քարշ գալ այս անհանգիստ քաղաքի քաղաքականացված փողոցներով:
Ախ... ես մոռացա նշել իմ պարանոյայի պատճառները: Բանն այն է, որ իմ բնակարանը, իմ միակ
ու վերջին հանգրվանը, բետոնե ջունգլիների մեջ ինձ հատկացված անձեռնմխելի տարածքը ծայրից
ծայր ականապատված է թակարդներով: Գրողի տարած մկները: Մկները, որ պետք է, կարծես, տեղ
չունենան ուրբանիզացված եւ բարեկարգ մեր դարաշրջանում, շարունակում են ներթափանցել
ինձ պես հասարակ մարդկանց կացարաններ եւ ահաբեկել նրանց օրն ի բուն, եւ ես կասեի նույնիսկ`
բերանքսիվայր, թեեւ այս բառն այստեղ բոլորովին տեղին չէ: Միգուցե շատերի համար թվա
ծիծաղելի, բայց ես որոշակիորեն տառապում եմ զեմմիֆոբիայով` վախենում եւ զզվում եմ կրծողներից,
եւ վերջիններիս ներկայացուցիչների` մկների հայտնությունն իմ տան սահմաններում բավական
մեծ պատճառ է, որպեսզի ես անընդհատ տվայտվեմ վախից, անհարմարավետության զգացումից եւ
այլ հոգեկան ցավերից:
Ուստի եւ մասնագետները խորհուրդ տվեցին ինձ զինվել մկան թակարդներով եւ այդ
կերպ պայքարել օրհասական աղետի դեմ:
- Իսկ դարիս հարիր միջոցներ` թունաքիմիկատներ, ուլտրաձայներ, հերն անիծած
մոգությո՞ւն,- հարցրեցի ես մասնագետին:
- Միակ արդյունավետ միջոցը թակարդներն են,- պատասխանեց նա եւ նրա ձեռքերում
շատ տեղին հայտնված պոպոկ-ջարդիչը խռճտոցով շրխկացրեց-կոտրեց հունական ընկույզը:
- Տպավորիչ է,- ասացի այն ժամանակ ես եւ գնեցի մի խուրձ մկան թակարդներ:
Ու կյանքն իմ ավելի լցվեց վտանգներով, քանզի տունս դարձավ ոչ միայն լրագրողական
տենդագին երազների եւ մկների որջ, այլ ականապատ տարածք, որտեղ սահմանամերձ վայրերի
բնակիչներին արգելվում է սունկ ու բանջար հավաքել:
Եւ ինչի մասին եմ ես մտածում երկրիս համար պատմական այս ժամանակաշրջանում:
- Ինչի՞ մասին ես դու մտածում երկրիդ համար պատմական այս ժամանակահատվածում,-
հարցրեց խմբագրի խռպոտ ձայնը առավոտյան ժամը վեցն անց կես, լսափողի խորքից:
- Մկների,- պատասխանեց իմ քնաթաթախ գիտակցության ոչ պակաս խռպոտ ձայնը:
- Նոր վարչապետը քսան րոպեից կլինի Չիզ-սքուերի 1 հասցեում` վազիր: Ու դիկտաֆոնդ
չմոռանաս:
-Մյաու,-արձագանքեց ավետիսին ամեն ինչ հերքող խռպոտ գիտակցությունս:
Տու, տու, տու....
Ոչինչ ավելի համոզիչ չէ, քան սպառնագին անջատված հեռախոսի «գուդոկները»:
Գործադրելով ասպետին վայել կամային եւ ֆիզիկական ջանքեր` ես վեր կացա, ինչ-որ
մի կերպ լվացվեցի, մեկ-երկու կերպ հագնվեցի, չորս-հինգ անգամից հաջողացրեցի միացնել
թեյնիկը, բայց նայելով ժամացույցին` տեսա, որ թեյ խմելու ժամանակ այլեւս չկա: Ուզեցա
գոնե մի պատառ հաց ու պանիր հուպ տալ, բայց հիշեցի, որ կառավարության փոփոխություններից
հետո կտրուկ թանկացել են պանրի գները, իսկ իմ գնած ողջ պանիրը հիմա թակարդների վրա
է: Ձրի պանիրը միայն թակարդներո՞ւմ է լինում: Չէ մի չէ: Այս թակարդներում լինում է
միայն թանկարժեք պանիր: Այս թակարդներում, որոնցից երկուսի վրայից այդ հանդուգն մկները
թռցրել էին պանրի կտորները առանց բռնվելու:
Շրջանցելով բոլոր դաժան տեսարանները, երբ ես գլխիկոր վազում էի դեպի Չիզ-սքուերի
1 հասցե` ճանապարհին ընկնել-հելնելով` տեղեկացնեմ, որ նպատակակետին, այնուամենայնիվ,
հասա ժամանակին: Երբ ես շնչակտուր մոտեցա Չիզ-սքուերի 1-ին, նորանշանակ վարչապետի շքախումբը
նոր իջնում էր մեքենաներից եւ լիաթոք շնչում վաղորդյան առավոտի դեռեւս չապականված օդը:
Ուրիշ լրագրողներ տեղանքում չէին երեւում: Ես բացեցի ֆոտոյիս օբյեկտիվն ու մի քանի
լուսանկար արեցի` այդ ընթացքում շարունակելով մոտենալ:
- Պարոն վարչապետ,- գոչեցի ես` արդեն նրանց կողքը կանգնելով եւ ձայնագրիչս
(որը, ի դեպ, ես չմոռացա վերցնել հետս) միացնելով:
- Շնորհակալություն,- ասաց նա, ով զգալիորեն փոքր էր երեւում իր հսկա թիկնապահերի
շրջապատում:
- Պարոն վարչապետ, ի՞նչ եք անում այսքան վաղ առավոտյան, դուք անքնությո՞ւն
ունեք:
Ընդունելով պորտրետային կեցվածք եւ թողնելով, որ ես եւս մի քանի անգամ լուսանկարեմ
իրեն, վարչապետն ասաց` դեմքի իմաստուն արտահայտությամբ.
- Գործերը առավոտ կանուխ սկսելը միշտ էլ արդյունավետ է: Ինչքան վաղ արթնանաս,
այնքան ավելի հաջող կլինի օրդ: Այ, օրինակ` դու: Այսքան շուտ ես արթնացել եւ արդեն
հասցրել ես զրուցել վարչապետի հետ:
- Դա այդպես է, բայց կան տեղեկություններ, որ ձեր թշնամիները որոգայթներ են
լարում ձեր դեմ, թակարդներ, դավադրություններ են պատրաստում...
- Դուք տեղեկություննե՞ր ունեք:
- Այդպես խոսում են: Հնարավո՞ր է, որ դուք հենց այդ պատճառով եք առավոտյան
վաղ ժամերին գալիս աշխատանքի`թշնամու ագրեսիայից հնարավորինս խուսափելու համար:
- Հարգելիս,- պատասխանեց վարչապետը, ում թիկնապահները նյարդային շարժումներ
էին անում` ասես չհանդուրժելով իմ հարցերը առավել, քան իրենց պաշտպանյալը,- ինձ այս
քաղաքում այնքան էլ ուրախ չեն, եւ ես տեսնում եմ թակարդներ, որ դրված են ինձ համար,
բայց կարող եք հանգիստ լինել, եւ գրել, որ ես ոչ մի պայմանում չեմ հանձնվելու:
- Պարոն վարչապետ, իսկ այն ի՞նչ կատու է վանդակի մեջ,- հարցրեցի ես ցույց
տալով նրա թիկնապահներից մեկին, ում ձեռքին թութակի վանդակի պես մի բան կար, որի մեջ
միայնակ նստած էր մի շեկ կատու` նման առյուծի:
Վարչապետը շուռ եկավ, կարծես ինքն էլ զարմացած` մի պահ նայեց կատվի վանդակին,
ապա նորից դարձավ ինձ:
- Ուրիշ հարցե՞ր:
- Ե՞րբ կէժանանա պանիրը, պարոն վարչապետ:
Լսելով այս հարցը վարչապետի դեմքին երանության շողեր փայլեցին: Նա կարծես
մի պահ վերացավ այս աշխարհից` տեղափոխվելով անուրջների երկիրը, երբ միանգամից երկու
թիկնապահ վրա տվեցին ինձ:
-Դրա մասին ոչ մի խոսք, լսեցի՞ր, ավել-պակաս հարցեր ես տալիս, գնա ստեղից,-
ասացին նրանք ինձ շատ հիմնավոր եւ միանշանակ տոնով, որից հետո անհնար են ցանկացած առարկությունները:
Ես ստիպված հետ-հետ գնացի, իսկ վարչապետը, իր թիկնազորի հետ անցնելով կամարի
տակով, մտավ Չիզ-սքուերի 1:
Ես վերադարձա տուն առանց շտապելու եւ ամեն երկու քայլը մեկ լայն հորանջելով:
Ստիպելով ինձ չքնել, քանի դեռ չեմ գրել վարչապետի հետ ունեցած բլից-զրույցիս մասին
եւ լուսանկարների հետ չեմ ուղարկել խմբագրություն, ես միացրեցի համակարգիչն ու նստեցի
նրա առջեւ: Ու կարծես արդեն ձեւակերպել էի առաջին նախադասությունն ու մոտեցրել էի ձեռքերս
ստեղնաշարին, երբ ստիպված եղա գոռալ թոքերիս ողջ ուժով: Գրողի տարած թակարդներից մեկը
ստեղնաշարիս վրա էի դրել, ինչպես կարող էի ես դա մոռանալ: Թակարդը լավ ճզմել էր մատս,
սակայն արնահեղության գործը չէր հասել, միայն բութ ցավն էր, որ արցունքով էր լցնում
աչքերս եւ ստեղներին ընկած պանրի կտորը, որ հաճելի գռգռոց էր առաջացնում հոգուս խորքում:
No comments:
Post a Comment