Բարը գտնվում էր A37 արբանյակի վրա: Այն արբանյակի հետ պտտվում էր Շելլա մոլորակի
ուղեծրով, կատարելով յոթ պտույտ ամեն շելլայական տարվա ընթացքում: Ու հիմա, երբ Շելլան կորած էր համատարած մոխրի, ծխի և դիակների տակ, արբանյակի բարը միակ տեղն էր ողջ համաստեղությունում, որտեղ կարելի էր հանգիստ առնել,
մեկ-երկու բաժակ թթվային կոկտեյլ խմել ու հագեցնել սովը ծծմբական միացություններով:
Բարի միակ այցելուն նստած էր փոքրիկ սրահի կենտրոնում` փռած իր հսկայական
մարմինը հենց գետնին: Նրա երկար ու լպրծուն շոշափուկները տարածված էին ողջ բարով մեկ
և ժամանակ առ ժամանակ վերցնում էին բարմենից` վերջին շելլացուց, թթվային կոկտեյլի նոր
բաժիններ: Շելլացին, նայելով իր հյուրի անսահման ծարավին, մտքում հաշվում էր իր օրվա
եկամուտը` չիմանալով, թե որտեղից է գալիս շոշափուկներով հսկան, ինչ է նա արել այդտեղ
գալուց առաջ և ինչպես են իրեն զգում իր չորս հազար հինգ հարյուր քսանվեց ամենամոտ ազգականները:
Աղետը, որ իջել էր Շելլայի վրա երկնքից, մատնել էր փոքրիկ մոլորակի բնակիչներին
կատարյալ խառնաշփոթի, խուճապի և շփոթության: Երեք դար շարունակ Շելլան ուներ առևտրային
համաձայնություններ ավելի քան տասնյակ համաստեղությունների հիսունից ավել քաղաքակրթությունների
հետ ու բոլոր առևտրային գործարքներում Շելլայի բնակիչներն իրենց ցուցադրել էին որպես
ազնիվ առևտրականներ, խիզախ տիեզերագնացներ և խաղաղ բանականության կրողներ: Իսկ հայելիային
տելեպորտացիայի գյուտից հետո չէր գրանցվել և ոչ մի մաքսանենգության դեպք շելլացիների
կողմից: Շելլայի առևտրականները, որ հեռավոր աշխարհում էլ որ լինեին, միշտ կարողանում
էին հմուտ օգտագործել հայելիներն ու երբեք, ոչ մի շելլացի չէր շփոթվել սեփական արտացոլանքի
տարբերակների մեջ ու չէր մոլորվել հայելիային պատկերների լաբիրինթոսում: Հակառակը,
լինելով բացառապաս մաքուր էակներ, նրանք առանց տատանումների միշտ կարողանում էին ճանաչել
իրենց արտացոլանքը հայելիների մեջ ու միշտ վերադառնալ տուն` կատարելով միմիայն բարեհաջող
գործարքներ ու բարձր պահելով իրենց ռասսայի պատիվը: Նրանց մտքով էլ չէր կարող անցնել,
որ մի օր իրենց տան վրա կկախվի հեկտոպլազմային բոմբն ու տիխոնյան ռասսայի ամեհի գազանը
կհարձակվի իրենց վրա:
Երբեմնի ծախկող և հարմարավետ մոլորակը նման էր այժմ համատարած ավերակի: Նրա
քաղաքները դատարկ էին և քանդված: Մետրոպոլի փողոցները ճաքճքված էին, բոլոր կառույցները
վառված, իսկ քաղաքը ծածկող թիթեղյա թափանցիկ պատյանը ճեղքված-կախված: Քամին, որ առաջանում
էր Շելլայի ծծմբային օվկիանոսներում, անընդհատ սպառնում էր փլուզել երբեմն երջանիկ
քաղաքակրթության կերտած ամենանշանակալից կառույցը` Մետրոպոլը ծածկող գմբեթը:
Հարձակումը եղել էր հանկարծակի և ստոր: Հեկտոպլազմային բոմբը կաթվածահար էր
արել ողջ մոլորակը, ջախջախել բոլոր կենսաապահովման ենթակառուցվածքները, խլել միլիարդավոր
կյանքեր, իսկ բոմբի հարվածից անմիջապես հետո իջել էր տիխոնյան շոշափուկավոր հրեշն ու
շարունակել սպանդը: Ու փորձել էին շելլացիները գնալ բանակցությունների և կամ գոնե իմանալ
այդ դաժանության պատճառը...
Ապարդյուն: Հիմա, երբ ողջ մոլորակն արդեն ոչնչացված էր, դեռ չէին դադարել
իրենց պայքարը երկու շելլացիներ: Նրանք դուրս էին եկել իրենց ապաստանից, տեսել երկնքից
կախված ահռելի ծածկը, ավիրված շենքերը և սպանված համաքաղաքացիների դիակները, վերցրել
էին մեքենա և շտապում էին քաղաքից դուրս, այնտեղ ուր հնարավոր կլինի առանց փլուզվող
գմբեթի սպառնալիքի, մտածել փրկվելու եղանակներ: Շելլացիների վառ կարմիր կատարները,
որ նրանց ռասսայի ամենաաչքի ընկնող առանձնահատկություններից էին, սփրտնել էին և ստացել
թույլ վարդագույն երանգներ: Նրանց մեքենան ընթանում էր ճաքճքված ճանապարհով` չկարողանալով
զարգացնել իրական արագություն:
Ճանանապարհը դեպի քաղաքից դուրս տևեց երկար, և երբ նրանք դուրս եկան հսկայական ծածկի տակից, բացվեց
առավել զարհուրելի տեսարան: Շելլացիները, որ հպարտանում էին իրենց առատ այգիներով և
դաշտերով, տեսան հրդեհով պատված անսահման տարածություն...
-Պետք է գտնել հայելիներ ու փախչել այստեղից,-ասաց Շելլ Իմասը:
-Ես վախենում եմ,-պատասխանեց Շելլ Սանը :
-Կգնտնենք հայելիներն ու կտեղափոխվենք ուրիշ աշխարհներ,-ասաց Շելլ Իմասն ու
գործի դրեց մեքենան:
Նրանց հետևում երևաց երկար ու լպրծուն շոշափուկը: Կայծակի արագությամբ այն
հարվածեց մեքենային: Հաջորդ ակնթարթին հարվածը կրկնվեք: Մեքենան պոկվեց գետնից և ահարկու
ուժով նետվեց դեպի վառվող այգիները: Շելլ Իմասը բացեց աչքերը: Նրա կեղքին Շելլ Սանն
էր` կիսված մարմնի մեջտեղից: Նրա կատարը սպիտակ էր Երկրի լեռների ձյան նման: Շելլ Սանը
մահացած էր:
Շոշափուկը մոտեցավ բարին ու վերցրեց նոր կոկտեյլ: Հսկան դատարկեց այն լայն
բերանի մեջ ու մի պահ քարացավ: Նրա փքված մարմնից սկսեցին ձայներ լսվել: Երկու անցքերը,
որ գտնվում էին հսկայի մարմնի վերևի մասում և հավանաբար հանդիսանում էին նրա աչքերը,
լայնացան: Հսկան բացեց բերանն ու գխկաց: Ինչ-որ բան այդ ընթացքում դուրս թռավ նրա մարմնից:
Շոշափուկներից մեկը որսաց այն հենց օդում` կայծակի արագությամբ:
Հայելի էր:
Հսկան մոտեցրեց այն իրեն: Սկսեց ուշադիր զննել: Նա տեսավ լպրծուն մարմին,
փոքրիկ ու նեղ աչքերով, նա տեսավ երկար կնճիթով արարածի, տձև և առանց վերջույթների
ամեոբանման զանգվածի, հումանոիդ էակի, որն ուներ երեք գլուխներ, կարմիր կատարով շելլացու, կապույտ աչքերով սահարացու, հինգ զույգ ձեռքերով
դխակիացու, մեկ գլխով, երկու ձեռքերով, երկու ոտքերով երկրացու և այլն, և այլն...
Նա նայում էր իր արտացոլանքներին: Բոլոր պատկերներում ինքն էր, ուղղակի պետք
է ճանաչեր իրեն: Կճանաչի ու կհայտնվի այդ մարմնում, այդ մոլորակում, այդ համաստեղությունում:
Հսկան նորից նայեց բոլոր արտացոլանքները...ոչ մի ծանոթ բան: Միայն շոշափուկներով, լպրծուն
և փոքր աչքերով հսկան էր նրան ծանոթ, բայց արդյո՞ք ինքն էր դա...
Պետք է փորձել նորից: Նա փոքրիկ աչքերը չռեց հայելուն: Անցնան բոլոր արտացոլանքները:
Միայն մեկն էր նրան ծանոթ, միայն մեկն էր քաշում նրան: Հսկան թուլացավ: Մարմինը թուլացավ:
Հայելին նրան տարավ: Բարը, որի սրահի մեծ մասը զբաղեցնում էր հսկան, պայթեց: Պայթեց
նաև արբանյակը` անէացնելով բարմենին և մանր անձրևի պես տեղալով ավիրված մոլորակի վրա:
Շելլ Իմասը նայեց
հայելուն: Նա տեսավ իր արտացոլանքը` վառված կատարով, մրոտ դեմքով: Արտացոլանքը փոխվեց:
Նա տեսավ զարմանալի էակների` իրարից ամբողջովին տարբեր, խորթ և օտար, բայց միևնույն ժամանակ
այնքան նման իրեն: Շելլ Իմասն ընտրեց երկու ձեռքերով, երկու ոտքերով, մեկ գլխով երկրացու պատկերը:
Շելլ Իմասը ճանաչեց իրեն: Հայելին ալեկոծվեց: Շելլ Իմասն անցավ նրա մեջ:
Հայտնվեց նա ամենամեծ քաղաքում` բարձրահարկ շենքում` հարմարավետ փոքրիկ բնակարանում:
Դուռը ծեծեցին:
-Օրվա թերթը,-շպրտեց նրա դեմքին փոստատարն ու հեռացավ:
Շելլ Իմասը վերցրեց թերթը, փակեց դուռն ու գնաց լուսամուտի
մոտ: Երկրային քաղաքն ապրում էր իր աշխյուժ կյանքով` բոլորովին այնպես, ինչպես ապրում
էին Շելլայի քաղաքները: Նա բացեց թերթը: Հոդվածներից մեկը
հետաքրքեց նրան`
"…մենք ապրում ենք քաղաքում, որն ամեն վայրկյան սպանում է մեզ, ոչնչացնում
է մեր անհատականությունը։ Մենք գնում ենք աշխատանքի և ընկղմվում կեղծ ժպիտների, քծնանքի,
հարմարվողականության գիրկը, մենք գնում ենք ժամադրության ու ընկնում կեղծավորության
և անհարմարավետության ճիրանները։ Դա հետապնդում է մեզ, սա այնն է, ինչով բնությունը
վրեժխնդիր է լինում մեր քաղաքակրթությունից։ Նայեք ինքներդ ձեզ, ո՞վ եք դուք։ Մեր մերձավորներին մենք խաբում ենք, իսկ ոմանց մոտ փորձում ենք սիրալիր լինել, թշնամիներին պաշտում ենք, իսկ հարազատներին ընդհանրապես չենք ուզում։ Ո՞վ ենք մենք։ Մենք խճճվել
ենք սեփական անճանաչելիության ցանցում։ Մենք արդեն մենք չենք, քանի որ մենք, այլևս
չկանք։ Մեր փոխարեն լպրծուն մի զանգված է, որը փոխում է իր բնույթն աշխատանքի վայրում,
ընտանիքում, իսկ առավել հաճախ նախընտրում է չունենալ ոչ մի բնույթ ընդհանրապես։ Ու
իսկական օրհնանք են այս հայելիները, որոնք կորցնում են մեզ պես շատերին հեռավոր աշխարհներում։
Մարդ, ով չի կարողանում ճանաչել ինքն իրեն սեփական քաղաքում, ինչպե՞ս կարող է ճանաչել
իրեն հազարավոր ռասսաների շրջապատում։ Իսկ իրեն չճանաչող մարդը գազան է։ Այսօր նա խելոք,
գլուխը կախ կատարում է հասարակության առջև իր պարտավորությունները, իսկ վաղը կարող
է վերածվել ամեն ինչ կործանող գիշատչի, մոլագարի, ու լավ է, եթե այդպիսինները կորեն
Տիեզերքի անսահմանության մեջ, քան շարունակեն երթևեկել մետրոներում, ավտոբուսներում
և ճոպանուղիներում…"
Շելլ Ինասը նայեց
հոդվածի վերջը։ Գրված էր՝ “Հեղինակն անհետացել է մեկ շաբաթ առաջ”։
Մի քանի վայրկյան Շելլ Ինասը տարվեց երկրային և շելլայական ժամանակների հաշվարկով։ Հետո նրա ափը բռունցք դարձավ՝ ճմրթելով թերթը։ Նա նայեց լուսամուտից դուրս։ Մարդկանց
քաղաքին, որտեղ այդքան շատ են մոլագարները։ Նրա աչքերը լցվեցին։ Մտքում փայլում և հանգում
էր վրեժի կայծը։
No comments:
Post a Comment