Wednesday, April 9, 2014

ՇՈՂՔԻ ՑՈՒՑԱԿԸ

Ամեն առավոտ սկսվում է այսպես: Քվեարկությունը կատարվում է հենց զինանոցում, ընտրում ենք հրամանատարին: Այսօր հետներս մի նորեկ է, կաթից նոր կտրված մի փսլնքոտ ու հետներս պիտի տանենք Հատված` ընտրություն վերահսկելու:
Զինանոցի քվեարկությունն ավարտվում է: Ընտրվում եմ ես: Ես` ուրեմն ես: Հրամանատար` ուրեմն հրամանատար: Որպեսզի ցույց տամ վճռականությունս, իջեցնում եմ սաղավարտիս ապակին ու շրխկացնելով լիցքավորում եմ ավտոմատս: Կապիտան` ուրեմն կապիտան:
Վաշտի ընտրությունները կարևոր են մանավանդ մարտական առաջադրանքից առաջ: Ինչպես դուրս գաս զորանոցից, անցնես քաղաքի փողոցներով, հսկես տեղական կամ դաշնային ընտրությունները, եթե վստահ չես, որ քո շարքերում չկա Շողքը: Եթե քվեարկությունն անցնում է նորմալ, ուրեմն շարքերը մաքուր են: Եթե ստացված ձայների ընդհանուր քանակը նույնն է, ինչ մարտիկների քանակն է, ուրեմն Շողքը չկա: Ինչը չես ասի Հատվածում տեղի ունեցող ընտրությունների մասին: Բոլորը գիտեն, որ Շողքն ամենից հաճախ հանդիպում է հենց այնտեղ, իսկ ինչու հենց այնտեղ` դա չգիտի ոչ ոք: Իմ վաշտի մարտիկները փորձառու են: Բոլորն էլ եղել են Հատվածում, վերահսկել են ամենատարբեր ընտրություններ` սկսած շենքի լիազորից մինչև թաղապետ ու շատերը նույնիսկ առերես հանդիպել են Շողքին, զգացել մաշկը փշերի վերածող վախն ու դատարկել ավտոմատները Շողքի ֆանտոմային մարմնի մեջ: Շատերը, բայց ոչ այս նորեկ կաթնակերը: Նրա համար այսօր կլինի առաջին մարտական առաջադրանքը: Նա շփոթված է երևում, բայց հայացքում զգացվում է պատրաստակամությունը: Վեց ամիս հատուկ պատրաստվածության դասընթացներ, երդմնակալության արարողություն, որտեղ նա ձեռքը Սահմնադրությանը դրած երդվել է պաշտպանել Համընդհանուր Ժողովրդավարական կարգը Շողքից: Շողքն է մեր հասարակարգի միակ ու ամենավտանգավոր թշնամին, նա` ով միջամտում է ընտրություններին` խախտելով ընտրողների կամքը, խախտելով ընտրական բալանսը` ուստի նաև կարգի հիմքը: Ամենակարևոր ընտրություններում Շողքը կարող է անցնել թեկնածուներից մեկի կողմն ու նրա օգտին իջեցնել ձայների նժարը: Որտեղի՞ց է առաջացել այդ Շողքը: Դրա մասին առասպելները շատ են ու հին, ինչպես ավազի հատիկները ծովի ափին:

Հատվածը մնացած քաղաքից անջատված է կամրջով: Կամուրջն անցնելուց հետո երկու աշտարակ-բարձրահարկերն են: Վերջին անգամ Հատվածի թաղապետի ընտրությունների ժամանակ Շողքը հանդիպել էր տասնյակ ընտրատեղամասերում, խառնել բոլոր ընտրական ցուցակները, կեղծել հազարավոր քվեներ: Իրավիճակն այդ օրերին այնպիսին էր, որ Հատվածում մտցվել էր հատուկ դրություն, սահմանվել էր պարեկային ժամ: Շողքի որսին մասնակցում էին ոչ միայն հատուկ նշանակության վաշտեր, այլ նաև էկտոպլազմային որոնող ֆանտոմ-ռոբոտներ, մոգեր և էքստրասենսներ: Շողքն էլ այնքան էր ակտիվացել, որ միջամտել էր նույնիսկ Հատվածում գտնվող զինվորական  ուժերի հրամանատարի ընտրությանը; Քվեարկության ժամանակ, որին մասնակցում էին ընդամենը տասնհինգ բարձրաստիճան զինվորականներ, նա հաջողացրել էր երեք անգամ խաղնել քվեները, բաշխելով հարյուրական ձայն բոլոր թեկնածուներին, անվավեր դարձնելով քվեաթերթիկները, փոխելով թեկնածուների անունները; Պահանջվել էր բոլոր հնարավոր միջոցների համակարգված աշխատանքը` Շողքին Հատվածից դուրս վանելու և նորմալ ընտրություններ անցկացնելու համար:
Մեր մեքենան անցավ կամրջի վրայով, անցավ աշտարակ-բարձրահարկների տակով և մտավ Հատված: Մենք թեքվեցինք Հատվածի գլխավոր փողոցից ու դիրքավորվեցինք մեզ համար նախատեսված ընտրատեղամասում: Իմ մարտիկները տեղեր զբաղեցրեցին տեղամասի եզրագծով մեկ, երեք հոգու կարգադրեցի դիրքավորվել կտուրում, երեքական հոգի էլ տեղավորվեցին ընտրատեղամասի առաջին և երկրորդ հարկերում:
-Դու կմնաս հետս,-ասացի նորեկին: Նա գլխով արեց ու պինդ սեղմեց ավտոմատը: Եկան ընտրական հանձնաժողովի անդամները: Բոլորս շունչներս պահեցինք, երբ հանձնաժողովականները սկսեցին ընտրել իրենց ղեկավարարին: Հավանականությունը, որ Շողքը կարող է միջամտել հանձնաժողովի նախագահի ընտրություններին քիչ են այնքան, ինչքան վաշտի հրամանատարի ընտրությանը: Բայց մենք գտնվում էինք Հատվածում:
Քվեները հաշվեցին: Խախտումներ չկային: Շունչներս քաշեցինք: Ընտրությունները սկսվեցին:

Արևը վաղուց թեքվել էր դեպի արևմուտք: Հատվածի աշտարակ-բարձրահարկները ողողված էին կաթնա-վարդագույն երանգներով: Լսվում էին կրակոցներ արևելյան փողոցներից, Հատվածի տարբեր մասերից բարձրանում էին սև ծխի սյուները, ամայի փողոցներով սլանում էին ֆանտոմ-ռոբոտները` որոնելով Շողքին:
-Անունդ ի՞նչ է,- հարցրեցի նորեկին:
-Ար..Արտակ,- ասաց նա կմկմալով:
-Ավելի հստա՛կ,-ասացի:
-Արտակ Նիգենց, պարո՛ն հրամանատար:
-Տեսնու՞մ ես ինչ է կատարվում,-ասացի ես` պարզելով մատս դեպի դիմացի պատը: Նորեկը նայեց մատիս ուղղությամբ: Պատը քրքրված էր գնդակներով: Մի ծայրը պոկված` պատից կախված էր տեղամասի ընտրողների ցուցակը: Նորեկի դեմքը սառեց, բիբերը լայնացան, գլխի մազերը բիզ-բիզ կանգնեցին: Այն ինչ կատարվում էր ցուցակի հետ զարհուրելի էր: Անունները ջնջվում, հայտնվում նորից, ավելանում էին նորերը, կորում հները, փոխվում տեղերով: Հետո ինչ-որ բան փոխվեց, ողջ ցուցակը լցվեց մեկ անվամբ: Գալուստ Կարասյան: Այդ անունը սկսեց անցնել ցուցակի բոլոր տողերով, սկսեց թարթել նվագարկիչի լուսային ցուցիչների պես` ասես պարելով անլսելի երաժշտության տակ:
-Դու հիմա կկրակես աջ կողմից ու կփակես դեպի դուռը տանող ճանապարհը, իսկ ես կմոտենամ այս կողմից ու կբռնեմ դրան,-ասացի ես:
-Կրակե՞մ,-կմկմաց նորեկը:
-Իմ հրամանով:
Ես բացեցի պայուսակն ու հանեցի էկտոպլազմային ցանցով բալոնը: Փչեցի այն տարածության մեջ և քիչ անց ձեռքերիս մեջ հայտնվեց կիսաթափանցիկ ցանցը` շատ նման ձկնորսականի:
-Կրա՛կ,-ասացի ես: Նորեկն իջեցրեց ձգանը: Սենյակը թնդաց կրակոցների շարանից: Ես պոկվեցի տեղիցս ու նետեցի ցանցը ցուցակի ուղղությամբ: Շատ բարձր, գրեթե ուլտրաձայնային ճիչ, խլացրեց ականջներս: Ցանցն ընկավ գետնին: Նրա մեջ թպրտում էր անտեսանելի Շողքը:

Շողքին տեղափոխեցին գլխավոր ռազմական շտաբ: Կատարված հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ Շողքի ծագման առեղծվածը: Շողքը հին էր, նա ապրում էր դեռ այն ժամանակներում, երբ նոր էին ընդունվել Ժողովրդավարական Սկզբունքներն ու նոր էին անցկացվում առաջին ընտրությունները: Շողքի անունը Գալուստ Կարասյան էր և մահացել էր նա դեռ այդ ժամանակներում, սակայն հարություն էր ստացել մի շարք չարագործների ձեռքով, ովքեր ընտրությունները կեղծելու համար, ավելացրել էին ընտրողների ցուցակում հանգուցյալի անունը: Հնարավոր է, որ այն ժամանակ օգտագործվել էր ինչ-որ սև մոգություն, ինչի հետևանքով Շողքը կտրվել էր հանգուցյալների աշխարհից ու ընդմիշտ մնացել այստեղ` բնակվելով տարբեր ընտրացուցակներում:
Նրա ճակատագրի վերաբերյալ կային երկու տարբերակներ: Մեկը` տեղադրել նրան հատուկ էկտոպլազմային վանդակում և խնամել, մինչև կմշակվեն տեխնոլոգիաներ նրան հանգցյալների աշխարհ հետ ուղարկկելու համար, մյուսը` անմիջապես ոչնչացնել ֆանտոմային դաշույնով: Կատարվեց քվեարկություն: Շողքը խախտեց ընտրության կարգը, խառնեց բոլոր ձայները, առաջացրեց իրարանցում և կարողացավ փախչել գլխավոր շտաբի շենքից:
Հիմա նա նորից դրսում է:

Ինչ-որ տեղ` ընտրացուցակների մեջ:

No comments:

Post a Comment