Մրջյուններն աչքի են ընկնում խիստ
կազմակերպված բարդ հասարակական կառուցվածքով, նրանք ունեն դասեր, աշխատանքի բաժանում,
պատերազմներ, գերիներ, ստրուկներ և մարդկային հասարակությանը հատուկ այլ ատրիբուտներ:
Ավստրալիայում բնակվող մրջյունների մի տեսակ զբաղվում է թիթեռային որդերի արածեցմամբ:
Մրջյունները պահում են որդին ինչպես տնային կենդանու, օրինակ` կովի: Ամբողջ օրը, շրջապատված
հովիվ մրջյուններով, որդը արածում է ծառի վրա, ուտում ամենալավ տերևները, գիրանում,
իսկ երեկոյան սոված մրջյունները վայելում են որդի մարմնի վրա առաջացած մեղրային ցողերը:
Սեղանների ոտքերը ճռռում էին:
Այստեղ կգնտեիր ֆրանսիական իսկական ֆուա գրա, իսպանական խորոված գոջիներ, ռուսական
ձկնկիթ, էկզոտիկ կենդանիների միս, արևադարձային մրգեր, առատ աղցաններ, սառը ձկնային
խորտիկներ, գոլորշու մեջ կորած խաշլամաներ, երևակայությունը գերազանցող քաղցրության
թխվածքներ...ամեն ինչ լիքը, ամեն ինչ ուզածիդ չափ: Սեղանների ոտքերը ճռռում էին: Մի
քանի տոննա համադամ ճաշատեսակները շոյում էին նայողի աչքը, գրգռում հոտառությունն ու
արձագանք գտնում ստամոքսում խուլ գռմռոցով:
Մեքենաների շարասյունն անցնում
էր ցանկապատով եզերված ճանապարհով: Սև մեքենաները սլանում էին դեպի տոնախմբության վայրը:
Ցանկապատներից նրանց էին հետևում
մարդիկ: Նրանց մատները կառչած էին ցանկապատերից, իսկ աչքերը հետևում էին մեքենաների
ընթացքին ագահ հետաքրքրասիրությամբ: Ժամանակ առ ժամանակ մարդկանցից մեկը կատարում էր
բացականչություններ և ողջ ամբոխը թնդում էր` հազարապատիկ ուժ տալով բացականչությանն
ու ազատ արձակելով կուտակված ողջ հրճվանքը: Մեքենաների անցնելու պես, ամբոխը շարունակում
էր քայլել ցանկապատի տակով` նրանց ուղղությամբ:
Երբ վերջին մեքենան արգելակեց
ճռռացող ոտքերով սեղանների մոտ, ցանկապատի մյուս կողմում արդեն կուտակված էին հազարավոր
մարդիկ, իսկ շատ հեռվից ձգվում էր էլի հազար-հազարավորների անվերջ շարանը:
-Կեցցեե՜ն,-գոչում էր ամբոխը:
-Ապրեե՜ն,-ալեկոծվում էին վեր
տնկված մրոտ ձեռքերը:
-Հալաա՜լ,-գոռում էին ծարավից
չորացած բերաները:
Մեքենաների դռները բացվում էին:
Փայլուն կոստյումներով թիկնեղ տղամարդիկ և ոսկյա մազերով պսպղուն կանայք դուրս էին
գալիս սև մեքենաներից ու բարի հայացքներն ուղղում դեպի իրենց ողջունող մոխրագույն ամբոխը:
Հավաքված մարդկանց վերջին շարքերից
մի հոգի, ուսերով և ձեռքերով ճանապարհ բացելով, գալիս էր դեպի ցանկապատը: Շնչառությունը
նրա ծանր էր, իսկ աչքերն անտանելի լարվածությունից խավարած:
-Զգու՛յշ, հեյ,-ասաց մեկն ում
ոտքի վրա կանգնեց խելառի պես առաջ շարժվողը:
-Սրա նմաններն են մեր տոները փչացնում:
-Կներեք,-ասաց շտապողը մեքենայաբար,-կներեք:
-Եկել ես, որ ի՞նչ անես, հանգիստ
կանգնիր գոնե,-ասաց նրան ինչ-որ մեկը:
-Կներե՛ք, ճանապարհ տվե՛ք, մերսի...կներե՛ք:
-Գնա՛, գնա՛:
Ցանկապատին ավելի մոտ ամբոխը կանգնած
էր բետոնի պես խիտ: Նա հասավ շնչակտուր եղած: Մի պահ կանգ առավ, շունչ քաշեց: Նայեց
շուրջ բոլորը: Աչքերը որսացին դարչնագույն մազերով ծանոթ գլուխը: Խոր շունչ քաշեց ու
կատարեց վերջին քայլը:
-Հեյ, գնա՛նք,-ասաց նա` ձեռքը
գցելով կնոջ ուսին: Կինը շուռ եկավ: Դարչնագույն մազերը քրտինքից թացացել, կպել էին
ճակատին:
-Գնա՛նք,-կրկնեց նա: Աչքերը պարզացել
էին, բայց շնչառությունը դավաճանում էր: Օդ այլևս չկար:
-Էստե՜ղ ես,-ուրախացավ կինը,-տես
հիմա ճառն ասեց, իսկ հիմա տիկինը կպարի:
-Պետք է գնալ այստեղից:
-Ի՞նչ ես խոսում, հիմա պարում
է տիկինը, իսկ հիմա կերգի այ էն մորուքովը:
-Էստեղ մեր տեղը չի, ամոթ է, գնա՛նք,-ասաց
համոզելով:
-Ախր երգում է, տե՛ս:
-Հիմա կսկսվի, սա անխղճություն
է, գնա՛նք:
Կնոջ դեմքը սառեց, աչքի տակով
դողաց նյարդը:
-Ես հոգնեցի,-ասաց նա,-ես հոգնեցի
քեզնից, թո՛ղ ինձ:
-Գն..
-Թո՛ղ: Ի՞նչ ես ուզում անել, ինչու՞
չես թողնում ուրախանանք, տոն է, բոլորն են ուրախանում, ապա տե՛ս սեղանները, հիմա, հիմա
կբացեն ցանկապատը,-ասաց կինը` հետ տանելով դարչնագույն մազերը:
-Ամո՛թ է, ԱՄՈԹ,-մռնչաց նա:
-Ամոթը սոված մնալն է, տոները
չնշելն ու..
-Ախր սա անխղճություն է, բարբարոսություն,
մենք ի՞նչ իրավունք ունենք դրանց ձեռք տալու, մենք ո՞վ են, նրա՞նք են մեզ ընտրել:
-Մենք ենք նրանց ընտրել,-պատասխանեց
կինը,-ու իրավունք էլ ունենք:
-Ամոթ է...
-Տե՛ս արդեն ծափահարություններն
են, արդեն կսկսվի, պատրա՞ստ ես:
-Պետք չէ...
Ամբոխը սեղմվեց: Ցանկապատները
հետ գնացին: Փայլուն կոստյումներով թիկնեղ տղամարդիկ և ոսկյա մազերով պսպղուն կանայք
նորից նստեցին մեքենաները: Շարասյուն կազմելով` մեքենաները սլացան հեռու` թողնելով
իրենց հետևից փոշու թանձր ամպը:
Ցանկապատները բացվեցին: Մարդկային
լավան խուժեց ներս: Ճռռացող ոտքերով սեղանները սպասում էին նրանց:
Ուսերով դիմադրել մարդկանց հոսքին
չստացվեց: Նրան շպրտեցին մի կողմ, հրեցին հետ և կորցրեցին անվերջ եկողների շարքերում:
Օդը դադարեց գոյություն ունենալ: Աչքերը որսացին դարչնագույն մազերով գլուխը տապակած
թառափի և սերուցքային տորթի արանքում: Աչքերը խավարեցին:
Ավստրալիական մրջյունների և թիթեռային
որդի սիմբիոզը (համակեցությունը) ունի հետաքրքիր յուրահատկություն: Որդերն այնքան են "տնայնացվում"
մրջյունների կողմից, որ նույնիսկ փոխակերպման ակտը, երբ որդը վերածվում է թիթեռի, հենց
մրջնաբունում է տեղի ունենում:
No comments:
Post a Comment