Ծխելն ամեն դեպքում ունի առավելություն:
Ծխող մարդը միշտ կարող է դուրս գալ ծխելու: Ու բոլորովին կապ չունի, թե որտեղ ես, միշտ
կարող ես դուրս գալ, քանի որ ունես անառարկելի պատճառ, անսասան հիմնավորում` դուրս
գամ ծխեմ: Սիգարետը, այդ բարակ փոքրիկ գլանակը, իսկական փրկություն է, թույլտվություն
դեպի դուրս, շենգենյան վիզա` մի քանի րոպե ամեն ինչից կտրվելու եւ մեն-մենակ մնալու
համար: Որտեղ էլ որ աշխատես` ոստիկանությունում, անալիտիկ բյուրոյում, գրադարանում, թե գործարանում, սիգարետը տալիս է քեզ դուրս «գալ ծխելու» հնարավորություն: Նույնիսկ Մաքսային վերահսկման կենտրոնից, որտեղից էլ հենց դուրս եմ
եկել ես` մի հատ ծխելու: Անընդհատ ընդունել-գրանցել ու ստորագրել-կնքելուց
հոգնելը շատ հեշտ է, իսկ երբ խոսքը գնում է միջմոլորակային մաքսատան մասին... ինչպե՞ս էին ասում` թո՛ղ ու փախիր: Ես էլ փախել եմ: Ես այստեղ
մի քանի րոպե կկանգնեմ կծխեմ: Մանավանդ, շուտով հաստատ կհայտնվեն հիմար ֆանատիկոսների
ջոկատներն ու հերթական պիկետը կհորինեն հենց մաքսատան դռների դիմաց: Արի ու դիմացի...
Դիմանալն այսօր անհնարին էր դառնում:
Եթե լինեմ առավել ազնիվ, ապա այս աշխատանքն ինձ համար չէ: Ողջ այս թղթատարական նրբություններն
ու «կարեւորությունները» ծանրացնում են իմ գլուխն ու դառնացնում
հոգիս: Պատկերացնու՞մ եք, այս էակներն անցնում են միլիոնավոր
կիլոմետրներ, լուսնային տարիներ` մեզ հյուրընկալվելու, իսկ մենք մեր գրանցման բլանկներով նրանց համար կազմակերպում ենք իսկական խաչաձեւ հարցաքննում:
Տարբեր ժամանակ տարբեր հարցեր տարբեր հյուրերի համար վերածվում են իսկական բարդության:
Օրինակ` ինչպե՞ս պետք է ֆիլիստովցին պատասխանի «որտեղի՞ց եք» հարցին, եթե նրանց քաղաքակրթությունը
չունի ոչ մոլորակ ոչ այլ հիմնական բնակության վայր.
նրանք ֆանտոմային սուբստանցիաներ են եւ ապրում են ուղղակի տարածության մեջ: Կամ` ինչպե՞ս
պետք է պատասխանի «ինչքա՞ն ժամանակով եք մեզ մոտ եկել» հարցին դելեստոնցին, եթե նրանց մոտ իսպառ բացակայում է ժամանակի
զգացումը: Էլ չեմ խոսում կապելսկիացիների, կալիստացիների եւ նման շատ այլ քաղաքակրթությունների
մասին: Մեր բլանկներն ուղղակի խղճուկ փորձեր են`
տեղավորելու նրանց մեր տրամաբանության եւ աշխարհընկալման նեղ շրջանակներում: Իսկ այսօրվա
իմ` իրար վրա մի քանի սիգարետ ծխելու պատճառը դեռեւս ընդունման սրահում գտնվող պոլիէրացին
է: Ինչպես ասեմ... առաջացել են որոշ «դժվարություններ» «ձեր սեռը» հարցի շուրջ: Ու
երեւի այս խնդիրն այսպես չէր բարդանա, եթե ինձ հետ աշխատող մաքսավորը մի փոքր ըմբռնումով
մոտենար սույն նրբանկատ պահին: Հիմա վառեմ հաջորդ սիգարետն ու
շարունակեմ:
Այսպես: Եկել է այս պոլիէրացին:
Իմ փորձի մեջ նա առաջինն է այդ քաղաքակրթությունից: Եթե դուք էլ առաջ չեք տեսել պոլիէրացիների,
ապա երկու բառով նկարագրեմ` մարդակերպ են, երկարավուն գլխով, մի քիչ ավելի բարձրահասակ,
թափանցիկ-մանուշակագույն մաշկով: Հագուստը նույնպես թափանցիկ է, բայց առանց գույնավորման,
այնպես որ ամբոխի մեջ պոլիէրացիներին կարելի է ճանաչել հենց մանուշակագույն երանգով:
Սա վերաբերում էր արտաքինին: Շփվում են անհասկանալի գռմռոցով, որը մեր ունիվերսալ թարգմանիչը վերծանում է առանց
դժվարության: Թերեւս` այսքանը: Առաջին տպավորության համար, կարծում եմ, բավական
է: Պոլիէրացին եկել է եւ ուզում է գրանցվել` իր ճանաչողական հանգիստն անցկացնելու մեր
մոլորակում` մեր քաղաքում: Ու ընկել է մեր ձեռքը: Մենք նրան ներկայացրեցինք գրանցման
կարգը:
-Շատ լավ,-ասաց պոլիէրացու խոսքը
թարգմանող համակարգիչը:
Շատ լավ, իհարկե, չստացվեց, քանի
որ «որտեղի՞ց եք», «ձեր ռասսա՞ն» հարցերին սահուն
պատասխանելուց հետո ի հայտ եկավ «ձեր սեռը՞» հարցը, որին հետեւեցին որոշ անհարմարություններ թե՛ պոլիէրացու, թե՛ մեզ
համար:
-Ձեր սեռը՞,-շարունակում էր համառորեն
կրկնել իմ գործընկերն այն ժամանակ, երբ արդեն պարզ էր, որ հստակ պատասխան չի հետեւելու,
իսկ ինձ մոտ էլ արդեն սրվում էր «դուրս գալ ծխելու» ցանկությունը: Պոլիէրացին երկար լռելուց հետո սկսեց գռմռալ, իսկ հետո ունիվերսալ
թարգմանիչ-համակարգիչը խուլ բվվոցով մի քանի վայրկյան վերծանելուց հետո ասաց.
-Ես չեմ հասկանում ձեր հարցի իմաստը:
Դուք ուզում եք իմանալ իմ վերարտադրողական կարողությունները՞:
Ես ուզում էի բացատրել, որ մեզ
ընդամենը պետք է դասակարգել նրան ըստ մեզ մոտ ընդունված սեռական համակարգի` արական
կամ իգական, սակայն գործընկերս ասաց.
-Ձեր վերարտադրությունն ինձ լիովին անհետաքրքիր
է: Ասացե՛ք ձեր սեռը:
Պոլիէրացին նորից ընկավ մտածմունքների
մեջ: Քիչ անց համակարգիչը թարգմանեց.
-Ես կարծես հասկանում եմ ձեր հարցի
իմաստը, սակայն դա շատ անձնական է հենց այսպես բացատրելու համար: Ամեն դեպքում` իմ
վերարտադրողական պրոցեսը մեծ կարեւորություն
չի ունենա ձեր մոլորակում:
-Ի՞նչ,-ակնհայտորեն կատաղեց գործընկերս,
ով անկարելի հաստակող է,-ես նորից եմ կրկնում` ի՞նչ է ձեր սեռը:
Այս անգամ պոլիէրացին երկար չմտածեց: Համակարգիչը հազիվ հասցրեց թարգմանել.
-Այսինքն` ինչ դեր ունեմ ես վերարտադրման ընթացքու՞մ:
-Լսի՛ր, միգուցե ուղղակի նշենք բլանկի մեջ` անորոշ: Երեւի իրենց մոտ դա այլ կերպ է: Ինչներիս է պետք նրա սեռը, դա, վերջ ի վերջո, միայն վերարտադրման ժամանակ է կարեւոր, իսկ նա կարծես չի պատրաստվում մեզ մոտ վերարտադրվել,
այդպես չէ՞,-դիմեցի ես պոլիէրացուն:
-Ես չեմ պատրաստվում վերարտադրվել,
ես ընդամենը զբոսաշրջիկ եմ,-վերծանեց համակարգիչը:
-Այ քո նմանների պատճառով էլ չեն
բարձրանում աշխատավարձերը,- դարձավ դեպի ինձ գործընկերս,- որովհետեւ շատ են էդ քո «անորոշները»: Ցանկացած աշխատանքում պետք է լինի որոշակիություն:
Ես չիմացա, թե ինչ պատասխանել:
Նրա տոնն էլ ագրեսիվ էր: Երեւի չէր քնել նորմալ: Ծխելու ցանկությունս ավելի սրվեց:
-Ասա՛ քո սեռը,-համարյա բղավեց նա խեղճ պոլիէրացու վրա:
Պոլիէրացին ակնհայտորեն շփոթվեց:
Նրա գռմռոցը երկար էր ու խորիմաստ: Համակարգիչը վերլուծում էր այն` գործի դնելով ողջ
պահեստային մեգաբայթերը: Վերջապես հետեւեց թարգմանությունը.
-Իմ ենթադրությունը, որ դուք ուզում
եք իմանալ իմ վերարտադրողական հնարավորությունները, կարծես
հաստատվում են: Հավանաբար` դա շատ կարեւոր
է ձեզ համար: Պետք է ասեմ, որ դա շատ բարդ հարց է: Մեզ մոտ վերարտադրությունը չի կատարվում
հատուկ գործառույթ ունեցող երկու կամ ավելի առանձնյակների մասնակցությամբ: Վերարտադրությունը
տեղի է ունենում ինքնաբերաբար, երբ դրան են ուղղված լինում բնության եւ հասարակության
համատեղ ջանքերը:
-Ուրեմն դուք չունե՞ք որձեր կամ էգեր,- փորձեցի պարզել ես:
-Ինձ անծանոթ են այդ տերմինները,-պատասխանեց
թարգմանող համակարգիչը:
-Ուրեմն դուք միասե՞ռ եք,-վրա
բերեց գործընկերս:
Պոլիէրացին լռեց:
-Դուք սեքսով եք զբաղվու՞մ ձեր սեռի ներկայացուցչի հետ,- համառեց գործընկերս, իսկ ես մտածեցի, որ հարցն ամենահիմարն էր
ստեղծված իրավիճակում տալու համար:
Պոլիէրացին կրկին լռեց:
-Այդ դեպքում ես պետք է տեղեկացնեմ
Գենդերային վարչություն եւ հայտնեմ այս մասին: Սա նախադեպ չունի, եւ մեր բլանկներում չկա հատուկ կետ միասեռական հյուրերի
ընդունման մասին:
-Ի՞նչ եք դուք խոսում,-վերջապես արձագանքեց պոլիէրացին
թարգմանիչ համակարգչի միջոցով,- ես չեմ պատրաստվում վերարտադրվել, դրա համար ձեր մոլորակում
շատ քիչ է օզոնի քանակությունը մթնոլորտում:
-Ինչեւէ, արդեն իսկ հայտարարված
է, որ դուք միասեռական եք, ուրեմն պետք է անցնեք հատուկ կարգով:
Ես ուզեցի մի բան ասել` ի պաշտպանություն պոլիէրացու, սակայն որոշեցի «դուրս գալ»: Թող ների ինձ նա, բայց ես այլեւս
ի վիճակի չէի ընկալելու գործընկերոջս զառանցագին հարցաքննությունը:
-Սա չի կարելի թողնել անարձագանք:
Միասեռականությունը սպառնալիորեն տարածվում է ողջ մոլորակով մեկ, իսկ հիմա էլ այլմոլորակայիններն
են բերում այստեղ այդ վարակը...
Սա նա ասում էր արդեն այն ժամանակ,
երբ ես, վերցնելով սիգարետի տուփը, դուրս էի գալիս ծխելու:
Հիմա ես պատկերացնում եմ, թե ինչ
կլինի հետո: Երբ գան այդ Գենդերային վարչության ներկայացուցիչները, իրենց հետ կբերեն
նաեւ ֆանատիկոսների խմբեր, որոնց մի մասը կսկսի վանկարկել «միասեռական այլմոլորակայինին» այստեղից վտարելու մասին լոզունգներ, իսկ մյուս մասը` հակառակը` նրան պաշտպանելու,
խնամելու եւ հնարավորինս խրախուսելու նրա «միասեռականությունը»: Իսկ պոլիէրացին այդպես էլ չի
հասկանա, թե ինչի մասին է գնում խոսքը: Իմ կարծիքով, իսկ իմ կարծիքը կարող եք հաշվի
առնել, քանի որ արդեն երկար ժամանակ է աշխատում եմ այստեղ ու շատ եմ տեսել տարբեր-տարբեր
տեսակի էակների, միայն մարդիկ են, որ ինքնորոշվում են առաջին հերթին իրենց սեռով: Ո՛չ ազգությունը, ո՛չ սոցիալական դիրքը, ո՛չ ընտանիքը, ո՛չ քաղաքացիությունը շատերի համար
ոչինչ չարժեն: Ինքնաիդենտիֆիկացու՞մ: Այդ տերմինը եթե կիրառենք այս հարցում, կստացվի,
որ մարդիկ ինքնաիդենտիֆիկացվում են հենց սեռով: Ու ուրիշ մարդկանց էլ իդենտիֆիկացնում
են սեռով: Դա կարեւոր է մեզ համար: Իսկ պոլիէրացու համար` ոչ: Այդպես է թվում: Ու քանի
նա չի ընկել երկրացիներիս գենդերային ճիրանը, պետք է խորհուրդ տալ նրան անմիջապես հեռանալ:
Թե չէ, կսկսվի հերթական սեռական սկանդալը:
Հ.Գ.
Պոլիէրացուն ես բարեհաջող համոզեցի
շուռ գալ ու հեռանալ այստեղից: Եթե շատ է ուզում մեր մոլորակում լինել, թող ուրիշ մաքսատուն
փորձի: Իսկ այդ միջադեպից մեկ շաբաթ անց պարզ դարձավ, որ գործընկերս հոմոսեքսուալ է:
Ընդ որում, նա իր սիրեկանի հետ հաճույք էր ստանում միայն առաստաղի ջահից կախված ժամանակ: Այսպիսի բաներ: Հիմա նա հայտնի դեպք
է, նրա մասին են գրում բոլոր թերթերը, նրա` ջահից կախվելու եւ սիրեկանի հետ հարաբերվելու
իրավունքները պաշտպանում են համայն աշխարհի միասեռականները, իսկ նա ման է գալիս թիկնապահներով` ռադիկալ հետերոսեքսուալներից
պաշտպանվելու համար, իսկ տրանսսեքսուալների մի խումբ դատի է տվել նրան` ջահից կախվելու դիրքն իրենցից ընդօրինակելու համար: Այսպիսի
բաներ:
Հ.Գ.
Գրելու պահին հեղինակը դեռեւս շարունակում էր ռեժիմով ծխել եւ թունավորել
իր առողջությունը: Հրապարակման պահին,
գրելուց արդեն շատ ամիսներ անց, հեղինակը չի ծխում, ինչը եւ խորհուրդ է տալիս իր ծխող
ընթերցողներին: Այսպիսի բաներ:
No comments:
Post a Comment