Monday, August 15, 2011

Իսախանյան


Գռմռում է: Ստամոքսի մեջ առաջացող պղպջակներն ու գազերը ուզում են ամեն գնով դուրս մղվել: Երբ միաժամանակ ուզում ես հետ տալ ու գազեր բաց թողնել, շուտ մեռնելու ու ամեն ինչից ազատվելու միտքը սկսում է հմայիչ թվալ: Իսախանյանը բռնվել է պատից ու փորձում է կանգնեցնել իր շուրջը պտտվող ակումբը: Խմած լիներ գոնե մի քիչ պակաս, գուցե կկարողանար կողմնորոշվել,  թե որտեղ է ելքը կամ զուգարանը: Այդպես նա կանգնած է պարահրապարակից մի քիչ հեռու ու աշխատում է զսպել գազերն ու սրտխառնոցը: Իրավիճակի անտանելիությունից նա ուզում է լացել, սակայն աչքերն առանց այն էլ լցված են ինչ-որ հեղուկով: Ավելորդ կաթիլները նրա դեմքը կնմանացնեն Նիագարայի ջրվեժին: Ամեն ինչ ավելի է բարդանում կրծքի մեջ արձագանքվող դեցիբելներից, որոնք դուրս են գալիս հսկա դինամիկներից ու վիբրացիայի ենթարկում ամեն ինչ` ներառյալ բարմենի երկար մորուքը, այն երկու շիկահերների թափանցիկ շորերն ու Իսախանյանի աղիքները:
-Դե խառնի, ասում եմ քեզ խառնի իրար էս երկուսը, սա ու խմի էս կոլան: Ապեր, թռնելու ենք էսօր…հեռու~~~,-նրա գլխի մեջ արձագանքվում էր Ռոմի ձայնը: Ե՞րբ էր դա: Երկու ժամ առա՞ջ: Նա կարծես նոր էր եկել…Իսախանյանը մեծ թեթևությամբ բխկում է: Դա թուլացնում է գազի ճնշումը օրգանիզմում, չնայած իրոք այնպիսի տպավորություն է, թե դա հենց այն գազերն են, որոնք ուզում են հաղթահարել հետևի փակ դարպասները: Գազային ճնշման թայմ աութը Իսախանյանը օգտագործում է գլուխը բարձրացնելու ու մոտակա աթոռը նշմարելու համար: Անել դա այնքան էլ հեշտ չէ, երբ աչքերը պատված են արցունքներով ու ամեն ինչ թվում է լղոզված ու քրտնած: Բացի այդ խանգարում է Գերմանիայից նոր ներմուծված լուսային համակարգը: Ամեն ինչ անընդհատ փոխվում է: Նույնիսկ VIP բազկաթոռի մեջ նստած չաղ անձնավորությունը: Ահա նա կարմիր է, հիմա կանաչ, հետո կապույտ, ահա նրա գրկում շիկահեր է, հիմա նիհար սևահեր է, հիմա նա նորից կարմիր է: Իսախանյանը ֆիքսում է ուղիղ իր դիմաց, վեց քայլ այն կողմ գտնվող աթոռը` բարի դիմաց: Դրանք բացարձակապես հարմար չեն նստելու համար: Այնքան բարձր են,  որ ձգվելու ու նստելու ընթացքում նա հաստատ կկորցնի վերահսկողությունը հաստաղիքի նկատմամբ: Գազային ճնշումը վերադառնում է նախկին մակարդակին: Իսախանյանի մթագնած գիտակցությունը փորձում է ցրել շուրջը կուտակված մառախուղը: Քրտինքը թվում է բենզինի պես թեթև, սառը ու հրավտանգ: Հասնելով բարին նա գործում է սխրանք ու հայտնվում աթոռի վրա` բաց չթողնելով ոչ մի մոլեկուլ այն գազից, որը ներսից խժռում էր նրան: Խայտառակ լինելու տարբերակ չկա: Պետք էր մի կերպ ամեն ինչ զսպել: Մի քիչ կնստի, ի մի կբերի ուժերն ու կանի հաջորդ արշավը դեպի զուգարան: Չէ: Նախ կհարցնի դրա ճանապարհը ինչ-որ մեկից: Մոտենում է բարմենը: Հարցական հայացքով նայում Իսախանյանի դեմքին: Վերջինս ուզում է բռնել բարմենի մորուքից: Մի պահ նրան թվում է, թե ամեն ինչ պտտվում է, բացի այդ մորուքից: Մորուքը միայն թրթռում է: Բայց դե էլի ինչ-որ հենարան կլինի:
-Մե..նաֆը խոտակվ...
-Ի՞նչ:
-Մեր նավը խորտակվում է՞,-հարցնում է նա ու հաջորդ պահին զղջում: Արտասանած բառերի հետ ստամոքսից դեպի վեր է պոկվում փրփրուն ու թթվային մի զանգված:Այն հասել է արդեն կերակրափողի վերին մասին: Իսախանյանը սեղմում է բռունցքները: Աչքերը այնպես են  դուրս թռել  բներից, կարծես նրանց ինչ-որ մեկը հրում է ներսի կողմից: Եղունգները խրվել են ափի մեջ: Փրփրուն զանգվածը սկսում է  նահանջել: Իսախանյանը կարողանում է արտաշնչել: Շատ զգույշ, որովհետև փրփուրը կարող է էլի կատաղել ու լրջորեն մեծացնել իր ծավալները:  Ստացվում է  նաև արտաշնչել: Բարմենը անտարբեր նայում է նրան: Մոտեցնելով բերանը Իսախանյանի ականջին` նա գոռում է.
-Եզ, գնա ուղիղ էն կողմ, միջանցք կա,թեքվի աջ, աստիճաններով վերև, գնա հետ տուր, վրեդ հալ չկա:
Եզի համար իմաստ ունի գլուխ դնել: Կներես մորուքավոր ապեր, ես, հա, ցխված եմ, բայց Եզը ո՞րն ա: Իսախանյանը ուզում է գոնե ցուցադրել ագրեսիա արտահայտող հայացք, սակայն նրա մոտ ստացվում է տանջված տառապանքի արտահայտություն ու նա ի մեծ լիցքաթափումն իր նորից բղկում է: Բարմենը, կարծես հեռու պահելով իր մորուքը նրանից, հեռանում է:
Իսախանյանը սկսում է  նայել շուրջ բոլորը: Բարմենը ցույց էր տվել հենց իր հետևի կողմը: Պետք է անցնել ուրեմն պարահրապարակով: Բան չկա բարդ: Քսան, քսաներկու մետր, հետո կերևա միջանցքն ու դեպի աջ, աստիճաններով դեպի վերև...Երեկոն կշարունակվի: Իսախանյանը հավաքում է  վերջին ուժերն ու կրկնում սխրանքը` այս անգամ իջնելով բարձր աթոռից: Հայելիապատ բարի վրա տեսնում է իր նման մեկին: Թաց մազերով ու քրտնած շորերով: Այդ մեկը չունի երես: Նա փորձում է  լարվել, որպեսզի տարբերի դիմագծերը, բայց ահագնացող գազային ճնշումը շեղում է նրան: Իսախանյանը շրջվում է  դեպի մարդկային մարմինների պատը, որը բաժանում էր նրան «աջ, աստիճաններով դեպի վեր»-ից: Դե, առաջ, բարեկամ:
Մարդ, ում մոտ դիսկոտեկների արհեստական ծուխն ասոցացվում է արդուկի գոլոշիների հետ, ավելի լավ է չայցելի այնպիսի վայրեր, որտեղ այդ սև, մեծ ու սարսափելի սարքերը օգտագործվում են: Արհեստական ծուխ ստեղծող սարքերում կարծես նստած են հիսուն երկու Ազնիվ հորաքույրներ, քսանմեկ Ռիմա տատիկներ ու վաթսունչորս Վարսիկ մորքուրներ ու բորորը մեկ մարդու պես արդուկում են դեռ այնքան էլ չչորացած սպիտակեղեն ու փչում իրենց արդուկների գոլոշիները: Պարահրապարակ մտնելու համար Իսախանյանը պետք է ճեղքի արհեստական ծխի ծանր շերտը: Դրա հայտնվելը նրա շնչուղիներում առաջացնում է մկանային ջղաձգումներ որովայնի հատվածում: Ինչ-որ պղպջակ բարեհաջոց բլթում է  ու  ստամոքսի մեջ անցնում է  դրա առաջացրած ալիքը: Ոչ մի կերպ չի կարելի հետ տալ: Ոչ մի դեպքում: Խայտառակությունը կլինի վերջնական ու մահացու: Կրկնակի անթույլատրելի է, եթե խայտառակությունը տեղի ունենա հետանցքից: Այդ դեպքում կարելի կլինի պարզապես կրծել սեփական ձեռքը, պոկել երակներն ու մեռնել:
Առաջին կորպորատիվ փարթին չի հասկանա նման խայտառակությունը: Չի հասկանա ու չի ընկալի: Նստած են բազմապիսի անձինք, որոց առջև խայտառակվելը կնշանակի խաչ քաշել բարեկեցիկ կյանքի հեռանկարի վրա:
Եվ Իսախանյանը գնում է: Նա այն զանգվածի մեջ է, որտեղ մարդիկ ենթարկվում են կիլովատների մուրճի հարվածներին: Դինամիկներից հնչող չագուճի հարվածները ծռում են մարդկանց մարմինները ինչպես շիկացած երկաթը: Այդ զանգվածը ամեն վարկյանը մեկ ստանում է նոր ձև, նոր ծալվածք ու նոր թեքություն: Ամեն ինչ համապատասխանեցվում է մուրճին: Մի հարված` հայտնվում է մատուցողը, մյուս հարվածը` մատուցողը բաժակը մեկնում է երկար ոտքերով աղջկան, երրորդ հարված` աղջիկը ձեռքից քցում է բաժակը, հաջորդ հարվածը` լայն փեշերով ու կարմիր շալվարով մեկը հայտնվում է ու սկսում ոտքով փշրել բաժակի բեկորները: Չագուճը իր հարվածները թելադրում է Իսախանյանի վրա: Նրա շարժումները սկսում են ենթարկվել ռիթմին: Զանգվածի մեջ ի հայտ են գալիս ծանոթ դեմքեր: Մեկը կարծես հարցնում է նրան`»Իսախ, դեմքդ ու՞ր ա, ապեր, տեսա՞ր ոնց խառնեցիր»:
-Ռռռռմմմ...հհհ,-Իսախանյանի զգուշավոր պատասխանը: Քիչ բացել բերանը, քիչ բացել: Ստամոքսում նոր գրոհ է պատրաստվում: Մի քիչ էլ ու գազերը կպայթացնեն նրա աղիքները:Ստամոքսում առաջանում է մի գունդ, որը մուրճի հարվածնոերի հետ սկսում է գլորվել հետ ու առաջ: Իսախանյանին դա հիշեցնում է գրավիտացիոն ուժերի մասին ու աչքերի առջևով անցնում են Նյուտոնի բոլոր խնձորները:Ստամոքսի գունդը քաշում է նրան դեպի գետին: Նա շարժում է իր ոտքերը: Ուսերով ճանապարհ բացում: Ու ահա մի զույգ ոտքեր: Ի՞նչ: Իսախանյանը ընկել է՞: Նա չորեքթաթ է: Նրա առջև ոտքեր են: Դրանք կարծես ասում են` բացիր մեզ: Իսախանյանը անում է ուսով շարժումներ ոտքերի արանքը խցկվելու համար: Գերարագ թարթող հալոգենները խանգարում են ընկալել նրան իրականությունը: Մուրճը հիմա ջարդում է ոտքերի միջև գոյություն ունեցող ձգողականությունը: Դրանք հեռանում են իրարից: Ւսախանյանը նկատում է, որ դրանք հարթ են ու շքեղ: Երևում են քրտինքի կաթիլներ, որոնք հիշեցնում են նրան ծարավի մասին: Ծարավը հիշեցնում է գազերին գրոհի մասին: Իսախանյանը նայում է հեռու: Ոտքերի արանքում փակուղի է, կարելի է անցնել դրանց տակով: Նա ոտքի է կանգնում, ահա և դեմքը` ոտքերը պատկանում էին Կարինեին: Պետք կլինի հիշել դրանց մասին վաղվա ժողովի ժամանակ: Կարինեն միշտ կրքոտ կրծում է մատիտը: Երևի դա հենց այնպես չէ: Իսախանյանը հասցնում է մտածել սեքսի մասին, ինչը տալիս է նրան ուժեր, բարեբախտաբար ստացվում է նաև բխկոց: Թեթևացումը թույլ է տալիս կատարել մի քանի վճռական ու արագ քայլեր: Պարահրապարակի կեսն անցած է: Մնում է անցնել բրազիլական կարնավալի հագուստներ հագած խմբի միջով, իսկ այնտեղ արդեն կերևա «աջ, աստիճաններով վերևը»:
Իսախանյանը ժամանակ շատ չունի: Նրա աղիքները միշտ եղել են պինդ, բայց այդ խառնուրդը չափից դուրս ձախոխղված էքսպերեմենտ էր: Չնայած դեռ ամեն ինչ կորած չէ: Եթե միայն կարողանա հասնել զուգարանին:
«Մենք օրինակելի ֆիրմա ենք,-հայտարարել էր Գերագույն Տնօրենը,- մեր փարթիներն անցնում են միայն հարթ ու առանց գարշելի պատահարների, Իսախանյան, հուսով եմ ձեզ կկարողանաք պահել բավականաչափ լավ...»:
Իսախանյանը հիշում է Գերագույն Տնօրենի շուրթերի շարժումները` «գարշելի»  բառը արտասանելիս: Դրանք յուղոտ են ու թունավոր: Իսկ շուրթերի հետևում բերանն է: Բերանը դա մարսողական համակարգի սկիզբն է: Այնտեղից ամեն ինչ մտնում է ներս, սակայն երբեմն լինում է նաև հակառակը ու դրա մասին չի կարելի մոռանալ: Եթե նա հետ տա հիմա, նրա փսխանքը կլինի գարշելի, իսկ Գերագույն Տնօրենի յուղոտ ու թունավոր շուրթերն ասում են, որ դա չի կարելի իրենց ֆիրմայում: Ինչպիսի մարմիններ ունեն կադրերի բաժնի աշխատողները: Նրանց բրազիլական զգեստերը գրեթե չեն ծածկում բաժնի վարիչ Գալյայի հաստ քամակն ու նրա քարտուղարուհու այլանդակ մեծ, կախված կրծքերը: Իսախանյանը հիշում է, թե ինչպես էր մտածում դրանց մասին վարիչի հետ զրույցի գրանցվելու ժամանակ: Փրփրուն զանգվածը նորից բարձրանում է: Այս անգամ Իսախանյանը զգում է դրա համը լեզվի հետին հատվածով: Դրանից մի պահ կանգ է առնում պտտվող ակումբը: Նա ծանր տնքում է ու սրբում դեմքից չռացող քրտինքը: Ահա այն` միջանցք` «աջ, աստիճաններով վերև»: Իսախանյանը դրանից վախենում է ու դա իրականում է: Ամեն ինչ բազմապատկվում է: Գազերը սկսում են իսկական տոռնադո, փուչիկները սկսում են հայտնվել ու պայթել  ինչպես մտքերը շիզոֆրենիկի ուղեղում: Իսախանյանը արագացնում է քայլերը: Նա դիպչում է ոտքով ինչ-որ բանի ու ընկնում: Մի քանի քայլ սողում, հետո վեր կենում ու հասնում աստիճաններին: Ահա այն` «դեպի վերև»: Նեղ աստիճանները հիշեցնում են ոտքերի մասին: Ու իրոք:Երկու պատերին էլ նկարված են կանացի ոտքեր, իսկ դռան վրա` այն ինչ լինում է ոտքերի միջև: Պետք է բարձրանալ: Աստիճանները պատված են կարմիր թավշյա կտորով: «Զբաղված է» գրություն ոչ մի տեղ չկա: Ահա դուռը, որտեղ կարելի կլինի գրկել ունիտազն ու թքել փրփախառն զանգվածը դուրս:
Դռան բռնակը սառն է ու հաճելի: Այն հանգիստ ու սահուն պտտվում է, կարծես ինչ որ մեկը հատուկ այն ձեթոտել է: Լույսը կուրացնում է նրան: Չկա տարածություն: Մի քայլ խորքում սեղանն է: Սեղանի ետևում` Գերագույն Տնօրենը: Իսախանյանը քարանում է: Առաջանում է մի մեծ փուչիկ` կազմված  ստամոքսահյութից, լոնգ այլենդից, աբսենտից, տեկիլա բումից, այռիշ վիսկիից ու այն անասուն կոկտեյլից, որ տվել էր Իսախանյանին N բաժնի Ռոմը: Ինչ բաժի՞ն: Իսախանյանը լարվում է: Փուչիկը մեծանում է, ու նա ուզում է հիշել Ռոմի բաժնի անունը…դե՞: Փուչիկը հասնունանում է: Նա իր հետ բերում է այնքան փրփրուն զանգված, ինչքան չկա ոչ մի շիշ շամպայնի մեջ: Հետանցքում ակտիվ պայքար է մղում օղակաձև մկանը: Այն որոշել է պատռվել, բայց մնալ մինչև վերջ` պահելու տիրոջ պատիվը: Սակայն մկանները լինում են էլաստիկ, իսկ դա փաստ է: Թեպետ Իսախանյանը լարված է փուչիկից: Այն հասնում է արդեն ստոծանու մակարդակին: Մի բան փուչիկի մեջ բլթբլթում ու ֆշշում է: Ռոմի բաժինը, Ռոմի բաժինը…
-Գարշելի~…գարշելի~~,-ասում են Գերագույն Տնօրենի զզվելի շուրթերը,-գարշելի…, հիշիր որտեղ ես դու աշխատում, Իսախանյան…Հիշիր:
Փուչիկը պայթում է: Կիսամարսված համբուրգերների կտորները, առավոտվա նախաճաշի մնացորդների հետ, ողողված ալկոհոլային խելագար կոկտեյլով դուրս են թռչռւմ Իսախանյանի բերանային խոռոչից գազամուղի հզոր ձայների ներքո: Դա առաջացնում է աերոզոլային ամպ, որը լցրնում է ողջ սենյակը: Իսախանյանը կարողանում է շունչ քաշել: Դա դատարկություն է, դա ծծնդաբերություն է, դա հանգստացում է: Ինչ-որ բան բլթում է նորից ու երկրորդ շիթը դուրս է մղվում նրանից: Վարկյան անց Իսախանյանը բացում է աչքերը, նայում այն ամենին, ինչի մեջ կանգնած է ինքը, նայում դրանով պատված Գերագույն Տնօրենին: Գազային նոր պայթյունը հանում է լարվածությունը հաստ աղիքից: Իսախանյանի հոտառությունը հուշում է նրան տեղափոխվել ավելի բարենպաստ վայրեր: Միտքը սկսում է լուսավորվել: Ախ…Ռոմը…նրա բաժինը…Ախր միշտ հետաքրքրել էր նրան ինչ է դա, ինչ մի թիթիզություն է` «Ճշմարտության բաժին»:

No comments:

Post a Comment