Ես տեսա նրան: Գշերվա երկուսի կողմերն էր: Ես
վերադառնում էի տարածքի միակ քսանչորժամյա խանութից: Նա նստած էր քարի վրա, մայթի ծառերից
մեկի տակ: Դեմքը հանգիստ էր: Նրա խոշոր աչքերը նայում էին հեռու: Գովազդային ցուցանակները
լուսավորում էին նրա կարճ մազերը, գեղեցիկ պարանոցն ու նիհար մարմինը: Ծխում էր: Նա
երևի առաջին մարդն էր, ում
ես հանդիպել էի այքան տարի նույն
երթուղին գիշերները կատարելիս: Այդ թաղամասում, այդ ժշամերին ընդհանրապես ոչ ոք չի
լինում: Ու նույնիսկ գովազդային ցուցանակը, որը հմայում էր բոլորին դեպի տրոպիկական
կղզի ճանապարհորդության հրավիրելով, անբնական էր
այդ տեղանքի ամայության մեջ:
Ես զարմացած էի, գիտեի, որ ինձ սպասում է Էմիլը, բայց անցնելով նրա կողքով, չդիմացա.
- Կներեք...
- Էմմա, - ասաց աղջիկը, - իմ անունը Էմմա է:
- Սարգիս, - շփոթված պատասխանացեի ես, - շատ
ուրախ եմ...
- Ուրախանալու բան չկա, - ընդհատեց նա ինձ,
- գիշերվա կեսին փախած թաղամասում մոլորված լինելը ուրախ չէ:
- Դուք մոլորվել ե՞ք, ես կկանչեմ ձեզ համար
տաքսի, կուղեկցեմ ձեզ... - Էմիլի մասին ես կարծես մոռացել էի:
- Տաքսու կարիք չկա, խմելու բան կարող ես առաջարկե՞լ:
- Ա... այո, իհարկե, - զարմացա ես, - ես հենց
այդ նպատակով էլ դուրս էի եկել, տեսեք, ես գնել եմ օղի, լիմոններ ու նարնջի հյութ...
- Ընտիր է:
- Ես աշխատում եմ այստեղ, այ հենց մյուս կողմում,
էն սև շենքում... Ճիշտն ասած դա այնքան էլ պայծառ տեղ չէ... բայց...
- Ինչ տեղ է՞:
- Դիահերձարան:
- Միայն դա էր պակաս... - աղջիկը մի պահ մտածեց,
- հետաքրքիր է, գնացի՞նք:
- Գնանք, Էմմա:
Ես առաջ ընկա ու մենք անցանք փողոցը: Անհամբեր
սպասում էի տեսնել Էմիլի դեմքի
արտահայտությունը, երբ նա կտեսներ Էմմային: Լուսավորությունը փողոցում այնքան լավը
չէր, բայց ես հասցրեցի նկատել, որ նա իրոք գեղեցիկ էր, երկար ոտքերով ու նեղ մեջքով:
Իսկական մոդելի պես: Իսկ իսկական մոդել ես տեսել էի ոչ վաղ անցյալում` մի քանի ամիս
առաջ: Հավանաբար լսել եք Ֆայլա Դուրեան սփյուռքահայ ֆոտոմոդելի մասին, ով թունավորվել էր ինչ-որ հաբերից ու մահացել: Պատիվ ունեմ
ներկայանալ` դատական բժիշկ-փորձաքննիչ Սարգիս Հակոբյան: Ես տեսել եմ նրան ավելի քան
մերկ:
Չէ:
Էմիլի դեմքը պետք էր տեսնել: Ընդհանրապես ասեմ, որ սկզբում ինձ այնքան հետաքրքիր էր
երևույթը, որ ես պարզապես հետևում էի թե ինչ է կատարվում` ինչպես է արձագանքում Էմիլը,
ինչպես է իրեն պահում Էմման, ինչ հարցեր է նա տալիս:
- Սաք, - չռած աչքերով ինձ նայեց Էմիլը, - դու
գնացել էիր արաղի հետևից, չէ՞, ապեր: Արաղի՞:
- Ահա:
- Իսկ ո՞վ ա նա:
- Իմ անունը Էմմա է, - ասաց աղջիկը, որը արդեն
հանել էր թեթև ժակետը, մերկացնելով ուսերն ու ինչպես նոր ռեստորանում, ուսումնասիրում
էր սրահը, ինչ-որ բաներ վերցնում ձեռքը, դնում տեղը, նայում առաստաղին ու հեչ լարված
չէր զգում իրեն:
-Էմմա՞: Ու դու մտածում ես` ես գիտեմ թե ո՞վ ես դու:
Էմման չհասկացող հայացքով նայեց նրան` ես Էմման
եմ:
-Վերջարու,
ապեր, ես գալիս էի, ինքը ծառի տակ մենակ ծխում էր, ես էլ հրավիրեցի մեզ հետ խմելու:
Էմիլին դա կարծես ինչ-որ կերպ համոզեց, չնայած նրա թերահավատորեն էր նայում
Էմմային: Ես հանեցի փաթեթից օղու սառը շիշը, դրեցի սեղանին:
-Բաժակները որտե՞ղ են,-հարցրեց Էմման ու մինչ
ես կհասցնեի աչքերս դարձնել պահարանին, նա արդեն հանեց երեք բաժակ ու մեկ ափսե: Հաջորդ
պահին նա փաթեթից հանեց լիմոններն ու սկսեց կտրատել դրանք իր գրպանի դանակով: Դանակը
սուր էր ու լիմոնի ոչ մի կաթիլ աննպատակ չկորավ:
-Հյութի բաժակներ չունե՞ք,-հայտարարեց նա:
-Ահա, չունենք, հիմա Սաքոն կբերի պլաստիկ բաժակներ...
-Ձեզ մոտ այնքան էլ մռայլ չի տղերք,-ասաց Էմման,-մտածում
էի որ էսպիսի տեղերում մի քիչ ավելի սև են պատերը կամ ավելի սառն է օդը....դե կամ էլ
շողքեր են այս ու այն կողմ թափառում:
-Հա, հա, չկան շողքեր: Ամեն ինչ առավել քան
նյութական ա: Միակ բանը որ այնքան էլ իրական չէ, գտնվում ա մյուս սրահում...
-Ինչ է դա՞:
Էմիլը, ով արդեն բերում էր պլաստիկ բաժակները, պատասխանեց իմ փոխարեն.
-Հասկանում ես Էմմա, եթե ճիշտ եմ իհարկե ֆիքսել
քո անունը, մեզ այստեղ տվել են օգնական մի սարք` ռոբոտ:
-Չէ հա: Ռոբոտ...,-չհավատաց աղջիկը:
- Դա ոչ արհեստական ինտելեկտ ունի ոչ էլ առանձնապես
բարդ բաներ է անում: Պարզապես պետք է օգնի թափոնները վառարան տեղափոխել...
-Ու ի՞նչ,-իռոնիայով ասաց Էմման,-նա վառարանի
ճանապարհին սկսում է ուտել ձեր թափոնները՞:
-Արի խմենք,-լայն արհեստական ժպիտով ասաց Էմիլը:
Ես բաժակները լցրել էի արդեն: Աղջիկը խմեց մի շնչով, ծամածռեց դեմքը, վերցրեց լիմոնն
ու դրեց լեզվի տակ: Ուժեղ էր: Երևում էր, որ առաջին անգամ չի խմում նման կերպ:
-Ընդհանրապես մեր աշխատանքը յուրօրինակ է ու
հարգանքի արժանի,-Էմիլը կարծես ուրիշ թեմա չէր գտնում խոսալու:
-Բան չասեցի,- անտարբեր արտաբերեց աղջիկն ու
ինքը սկսեց լցնել բաժակները: Ես ինձ մի տեսակ
անհարմար զգացի:
-Ասում են մոռգը տարօրինակ տեղ ա: Մի անգամ
մի հոգի եկել էր...ի՞նչ էր անունը: Հա, Քվանտային Ֆիզիկոս: Ինչ-որ նոր սարքով, որը
եսիմ ինչ հաճախականություններ ա չափում-ձևում: Մի խոսքով, կամ դրա էդ սարքը փչացավ կամ հենց ինքը: Խեղճը ամոթից
կարմրել էր պամի....
-Խմենք քվանտային մասնիկների կենցաը,-ասաց աղջիկն
այնպիսի տոնով, որ ես մտածեցի, թե հիմա ոտքի կկանգնի:
Մթնոլորտը լարվում էր: Էմիլը կարծես ճնշում
էր զգում աղջա կողմից: Աղջիկն էլ իրեն չափից դուրս ագրեսիվ ու անկաշկանդ էր պահում:
Պետք էր մի կերպ նրան ստիպել, որպեսզի արգելակի:
-Էմմա, չասացիր մեզ` որտեղից՞ ես դու:
-Էս անտեր քաղաքից, - անտարբեր պատասխանեց նա
ու շարունակեց ծամել լիմոնի կեղևը: Լավ պատասխան էր: Դե արի ու նոր հարց մտածիր դրա
համար: Այնուամենայնիվ ես շարունակեցի.
-Բա էդ ի՞նչ փորձանքով ես հայտնվել էս խուլ թաղերում գիշերվա կեսին:
Ռեակցիան բուռն էր: Ճիշտ եմ ասում` ես վեր թռա
տեղիցս, իսկ Էմիլը համարյա խեղդվեց նարնջի հյութով:
-Հահահաաաաաաա, հահահահաաաաաաաաաաաա,-նա ոչ
թե ծիծաղաց, այլ հռհռաց,-փորձանքով, Սարգիս ջան, փորձանքով: Իսկական փորձանքով: Էս
ինչ լավ ասեցիր: Իսկական փորձանքով: Աաաայ, հահա, փորձանքով...
Նա մաքրեց աչքերն արցունքներից: Երևաց, որ սրտանց
հրճվել է:
-Տղերք, ինչ կարևոր է դա: Ասեմ փորձանքով, համարեք,
որ պատասխանել եմ: Համ էլ խմենք, լա՞վ:
Մթնոլորտը, ինչքան էլ որ դա տարօրինակ էր, հանդարտվեց:
Էմիլը աշխույժ լցրեց բաժակներն ու մենք խմեցինք: Աղջիկը կարծես իսկապես լիցքաթափվել
էր: Նրա աչքերը փայլում էին, ձայնի մեջ հետաքրքրասիրություն էր լսվում.
-Իսկ ինչ էիք դուք ասում , ի՞նչ կա մյուս սրահում:
-Դիահերձարան, - այնպիսի տոնով պատասխանեց Էմիլը,
կարծես թե հարցնում էին ` հիմա ցերեկ է թե գիշեր, - Դիահերձարան:
-Ու ռոբո՞տ:
-Ռոբոտը հիմա աչքերը չռած նայում ա կրակին:
-Ի՞նչ կրակ:
Էմիլը նորից ջախջախված էր աղջկա հարցից.
-Դիակիզարանի, - ասաց նա:
-Ա...փաստորեն վառարանը...- Էմման գլխի ընկավ:
-Հասկանում ես, մեր ռոբոտը թափոնը վառարանի
մեջ լցնելուց հետո, երկար մնում է կրակի մոտ ու նայում նրան: Ռոբոտին շեղել այդ ժամանակ
հնարավոր չի լինում: Ուղղակի շշմած նայում ա կրակին ու վերջ:
-Օ՜
-Ահա: Մենք հարցրել ենք մյուս կետերում` այդպիսի
բան միայն մեր ռոբոտն ա անում: Հետաքրքիր ա չէ՞:
-Շատ, - աղջիկն իրոք հետաքրքրված էր, - իսկ կարելի՞ է ես էլ նայեմ:
-Ոչ, - ասացի ես ու նայեցի Էմիլին: Նա էլ բացասական
տարուբերեց գլուխը:
-Ինչու՞:
-Կիսատ գործ կա....
-Ի՞նչ, - աղջիկը համառում էր: Երբ ես գնացի
խանութ Էմիլը սկսել էր մի քանի ժամ առաջ ստացված դիակի գանգի բացումը: Դա անհրաժեշտ
էր: Մահացել էր ճակատին ստացված փամփուշտից: Պետք էր մանրամասն հետազոտել վնասվածքը,
որպեսզի կարողանայինք լրացնել հետագա թղթաբանությունը` բլանկներ, անկետաներ, հաշվետվություններ:
-Այնտեղ սեղանին կա դրված դիակ դատարկ գանգով:
Եվ դրա մարմինը դեռ պիտի բացենք...
-Խնդրում եմ, - ասաց աղջիկը:
-Ոչ, - ասացի ես:
-Լավ, մեկ աչքով:
-Ոչ:
-Ես ուղղակի ուզում եմ նայել:
Նա զայրացրեց ինձ.
-Կես ժամ առաջ փողոցում գժի պես նստած ծխում
էիր, մի քիչ առաջ հիստերիկ ծիծաղում էիր ու ասում, որ փորձանքի մեջ ես: Ու դու ուզու՞մ
ես նայել դիահերձում:
-Շատ եմ ուզում:
-Դու հետ կտաս խելքիդ վերջին մնացորդներդ, -
ավելացրեց Էմիլը:
-Իմ խելքիից ոչ մի կտոր էլ չի պակասել: Հաստատ
ձեզանից ավելի հիմար չեմ: Ու ոչ էլ հիստերիկ եմ: Ինչ ա գնալու ձեզանից: Հա ամենալավ
գիշերս չի, համաձայն եմ: Բայց հաստատ առանձնահատուկ կդառնա այդ տեսարանով հագեցած...
-Սաք, - դիմեց ինձ ընկերս:
-Հը՞
-Արի թողնենք...
-Կդիմանա՞:
-Երևի...
-ՄԵՐՍԻ՜, - բղավեց նա` փարատելով իր սառնարյունության
մասին ունեցած բոլոր հույսերս:
Մտածում էի, որ դա լավ չի ավարտվի: Զգում էի,
որ մի բան տեղի կունենա մյուս սրահում: Բայց երեկոն շարունակվում էր: Ես չէի ունենա
բավական ուժ դեպքերի այդպիսի ընթացքը կասեցնելու համար: Հետաքրքիր էր:
Ռոբոտը կանգնած էր վառարանի մոտ: Նրա ապակյա
աչքերի մեջ արտացոլվում էին հանգչող կրակի վերջին կայծերը: Երբ ապակու մեջ մնաց միայն
ածուխի սև փայլը, նա շարժվեց: Ծրագիրը հրամայեց նրան վերդառնալ դեպի դիահերձման սրահ
ու սպասել նոր թափոնի:
Սրահի մեջտեղում դրված էր մեծ սեղանը: Սավանով
ծածկված մարմինը կարծես լիներ սեղանի մակերևույթին հավասար: Առանձնանում էին միայն
ոտնաթաթերն ու գլուխը: Սովարաբար այդպիսի ընդմիջումների ժամանակ չեն ծածկում մարմինը
սավանով: Այդպես իմ ծանոթներից անում է միայն Էմիլը: Նա արդեն հասցրել էր սղոցել գանգը,
լուսանկարել ուղեղն ու փամփուշտը, հանել դրանք, փոխարենը լցնել հատուկ փրփուր ու նորից
տեղադրել գանգի կտրված մասը: Մի անգամ Էմիլը պատմում էր, որ ամենահետաքրքիր մասը իր
համար գանգի կաշվի հետ տեղադրելն է: Ասում էր, որ սիրում է հետևել դիակի դեմքի խեղաթյուրումներին,
երբ կտրում է գանգի կաշին վերևից և կախվում է դեմքի մաշկը: Ես թույլ չեմ տվել նրան
ինձ մոտ դա անել, բայց ասում են, նա դիտմամբ մեկ-մեկ քաշում է կաշին տարբեր ուղություններով,
որպեսզի տեսնի թե ինչ դեմք կստանա հանգուցյալը: Բոլորս էլ ունենք տարօրինակություններ:
Դրա համարել էլ ամեն գիշեր գնում ենք խանութ, որպեսզի մի քիչ չգժվենք: Հետաքրքիր աշխատանք
է:
Իսկ Էմման իրեն պահում էր վստահ: Ես ավելի անհանգիստ
էի, քանի որ մտածում էի` հանկարծ մի օյին չլինի: Չնայած Էմիլն էլ հանգիստ ու վստահ
էր. պետք էր ենթադրել, որ ամեն ինչ նորմալ էր: Էմիլն այնքան խելառ չի, որպեսզի այլանդակված
դեմքով դիակ ցույց տա անպատրաստ մարդու:
-Դե՞, - խորամանկորեն հարցրեց Էմման, - հանե՞նք
սավանը: Իսկ նա մե՞րկ է լինելու:
-Մեզ մոտ ավելի մերկ էլ է լինում, - աչքով արեց
ինձ Էմիլը:
-Հասկացա հանաքդ, - ասաց Էմման ու ժպտաց:
Ես հանեցի սավանը:
-Ահ...ախր...- Էմմայի դեմքը գունատվեց: նա ափերով
փակեց բերանը: Աչքերը թացացան:
-Ասում էի չէ՞, չես դիմանա, հիմար աղջիկ, իսկ
մենք դեռ չենք էլ բացել,-բարկացավ Էմիլը:
-Ձենդ, - բորվբոքված ձայնով ճչաց Էման ու փորձեց
հավասարեցնել շնչառությունը: Նրա աչքերից առատ արցունքներ էին հոսում:
-Միգուցե պետք չէ, հը՞:
-Պետք է... էս գիշերը երբեք չի ավարտվի,-ասաց
նա: Ես կնայեմ: Սկսեք...
-Սկսենք, - քմծիծաղով ասաց Էմիլը:

Սա հենց այդպիսի դեպքերից էր: Ուստի ես հմուտ
շարժումով անցկացրեցի դանակով կրծքի մեջտեղով: Ընթացքում հետևում էի Էմմայի դեմքին:
Նրա աչքերից անդադար հոսում էին արցունքները: Երևի շատ էի խմել մի քիչ, բայց ինձ թվաց
նա մի քանի անգամ ձեռքով դիպավ դիակի դեմքին: Ու ոչ թե հանկարծակի, այլ դիտմամբ: Նույնիսկ
մեկ անգամ ինձ թվաց թե շոյում է նրա թուշը: «Կարող ա սա էլ ունի դեմքերն այլանդակելու
մոլուցք», - մտածում էի ես:
Հետո, ես զիջեցի տեղը Էմիլին: Նա սովորաբար
հանում էր սիրտն ու թոքերը: Ես մի կողմ կանգնած ծխում էի: Էմման քիփ կանգնած էր Էմիլի կողքը: Հետևում էր նրա ամեն մի շարժումին:
Հետո նկատեցի, որ նրա ձեռքերին կան ռետինե ձեռնոցներ:
Հանկարծ տեսա, որ ինքն է Էմիլից առաջ ընկնում
ու հանում սիրտը: Էմիլը հազիվ է հասցնում կտրել սիրտը պահող վերջին անոթներն ու հյուսվածքները:
Մի քանի րոպե անց «թափոնի» պարկը արդեն լիքն էր: Էմման կարծես քամվել էր արցունքներից,
իսկ Էմիլը, շշմած աղջկա այդ կարգի պահվածքից, կարծես ասում էր` no comment:
Գլուխս ֆռում էր: Չգիտեմ խմիչքից, թե հոգնածությունից:
Երբ նորից ի վիճակի եղա նորմալ հասկանալ դեպքերի ընթացքը, Էմիլը ասում էր.
-Ինչի էիր սիրտն էդքան երկար պահել ձեռքիդ մե՞ջ: Հը՞, ասա:
-Վերջացրու…
-Ասա, կայֆ է՞ր, հա՞, ասա:
-Վերջացրու, - լացում էր աղջիկը…
-Ասա դե…
-Էմիլ, հերիքա, Էմիլ, - բղավեցի ես: Հասկանում էի, որ աղջիկը լավ չէ:
-Որտեղ է ռոբոտը, ուր է վառարանը…
-Էդ էր պակաս…
-Վառարանը… - շշնջաց աղջիկը, - վառարանը, խնդրում եմ….
Ես ուղեկցեցի նրան դեպի սրահի հեռավոր մասը, որտեղ պատի մեջ փորված վառարանի մոտ կանգնած էր ռոբոտը: Փոքր կլոր լուսամուտից երևում էին կրակի լեզուները: Էմման մոտիկացավ ու կանգնեց ռոբոտի կողքին: Ես չկարողացա այդքան մոտիկ կանգնել վառարանի դռանը: Մտածեք ինչ ուզում եք, բայց այդ ջերմությունն ինձ թվում է դժոխային ու սկսում եմ առնել տարբեր տեսակի հոտեր: Տարօրինակ է:
Հեռվից նկատեցի, որ ռոբոտի ու աղջկա հայացքները նման էին: Երկուսն էլ արտահայտում էին այնքան խորը տխրություն, որ դա ինձ անբանական թվաց:
Էմման հետ եկավ կրակը մարելուց հետո, առանց բան ասելու լցրեց իր բաժակը, խմեց մինչև վերջ: Էլի լցրեց,
-Մի քիչ հետո կլուսանա… իմ ինքնաթիռի վայրէջքն ուր որ է կլինի, տղաներ… ես գնամ…
-Տաքսի կանչե՞մ, - ասացի ես:
-Կարիք չկա, ես դրսից կբռնեմ: Խնդրում եմ, մի ուղեկցեք ինձ… - նա դատարկեց այդ բաժակն էլ ու դուրս եկավ: Էմիլը մի պահ սպասելուց հետո աթոռից վերցրեց նրա ժակետն ու վազելով հասավ ետևից:
-Մերսի, - ասաց Էմման:
-Նրան պետք ա կարգի բերել արդեն, - ասաց Էմիլը, - հեսա մի ժամից կգան հետևից:
-Ահա…
Ռոբոտը շարժիչների հազիվ լսելի տզզոցավ արդեն վերադառնում էր դիահերձման սրահ:
P.S.
Էմմա անունով աղջկան մենք
հետո այլևս չտեսանք: Նա
պարզապես գնաց ու վերջ: Ես ունեմ աղոտ կասկածներ այս ամենի վերաբերյալ: Հիշեք խնդրում
եմ վերջին սկանդալը գլխին կրակոց ստացած երիտասարդ
սպորտսմենի պատմությունը:
Ասում են դրանից առաջ սարսափելի աղաղակներ են լսվել նրա հյուրանոցային համարից:
Հետո նկատել են մի նիհար աղջկա, ով վազելով դուրս է թռչել հյուրանոցից ու սլացել իր
սպորտային լանսեռով: Մի քանի րոպե
անց նրան հետապնդել է սպորտսմեը: Իսկ հետո լսվել է կրակոցը: Իսկ հետո նիհար
աղջկա մասին այլևս ոչ ոք չի լսել:
Չնայած, ասում են, որ նա և սպորտսմենը պատրաստվում էին ամուսնանալ ու կամ էդպիսի մի
բան: Հետաքրքիր է: Չէ, լուրջ եմ ասում: Հետաքրքիր
բաներով են զբաղվում կենդանի մարդիկ:
No comments:
Post a Comment