Monday, August 29, 2011

C-36


Offline
-Հաղթեցի՞ր:
-Հա, մենք ենք հաղթել:
Արդեն երկու սեզոն է, ինձ հարցնում են խաղի ելքի մասին ու ես միշտ պատասխանում եմ` այո, հաղթել ենք:
Ում ու ինչի համար ենք հաղթել այնքան էլ կարևոր չէ: Կամ գուցե և կարևոր է, բայց ես դա չգիտեմ: Ուղղակի իմ բնույթն է այդպիսին: Մենք սկսում ենք խաղը ու ես հաղթում եմ: Երբ իմ գծիկը միգույնանի է լինում, ուրեմն ես զգալի առավելություն ունեմ ու վստահ հաղթում եմ, իսկ եթե գծիկիս կեսը սկսում է ուրիշ գույն ստանալ, ուրեմն կա հավանականություն, որ կհաղթեն ինձ: Խաղն է այդպիսին: Պոկվում են ձեռքերս, հալվում են ոտքերս, ցխվում է գլուխս...դա հետո է վերականգնվում, արդեն խաղից հետո: Կարևորը, որ մյուս խաղից առաջ ես նորից լինեմ շարքում:
Լինում է խաղում ենք թիմով: Ես այդպիսի խաղերը չեմ սիրում: Ես գլխավորն եմ ու ողջ եմ մնում, իսկ մյուսներին վերացնում են: Մյուսները կայուն իմպուլսներ չեն: Ամեն օր կան տարբեր մյուսներ: Ոչնչացվածների փոխարեն հայտնվում են նորերն ու նորից վարի գնում հերթական կռվի ժամանակ: Մնում եմ ես, ու չի լինում ոչ մեկ, ում հետ կարող եմ հանգիստ զրուցել: Բացի մի քանի քիչ թե շատ գիտակից դեմքերի, որոնք ինձ տեսնելիս հարցնում են` հաղթեցի՞ր:
Ես սկսել եմ թափառել:
Դա երևի այնքան էլ թույլատրելի չէ, բայց ես սկսել եմ թափառել: Մեծ Ախպերը դրա մասին ոչինչ չի ասել, ես էլ թափառում եմ:
Երբ Մեծ Ախպերը չկա, ես զբաղված չեմ, ոչ մեկի վրա չեմ հարձակվում ու ՁԱՆՁՐԱՆՈՒՄ ԵՄ: Գտել եմ մի պորտալ, որի միջոցով կարողանում եմ նայել Մեծ Ախպոր պես դեմքերի: Մի գուցե դուք էլ ե՞ք նրա նման տիպ: Ծիծաղալու կլինի: Ամեն դեպքում ձեզ համար եմ գրում: Ես պետք է գրեի ձեզ:

Ես պատկանում եմ մարտական մինի ծրագրերի նախավերջին սերնդին: Ցավոք նախավերջին... Նորերն ունեն արդեն աշխարհագրական կողմնորոշման ցուցիչներ, իսկ նրանց պաշտպանիչ շերտերն ավելի ամուր են ու չեն ենթարկվում օղակաձև կոդերի հարվածներին: Բացի այդ էլ դրանք կռվում են իսկական գազանի պես: Բախտս բերել է, Մեծ Ախպերը մոդայի հետևից չի վազում: Կամ ԴԵՌ չի վազում:
Պատերազմ է:  WorlD HorroR WaR:  Պատերազմում են Մեծ Ախպերն ու էլի մի քսան հոգի: Մենք ամենահզորներն ենք: Մեզանից բացի կան երեք հարյուր հազար կողմեր երրորդ մակարդակում, երկրորդ մակարդակում դրանք տասներկու միլիոն են, իսկ առաջին մակարդակ օրական մուտք է գործում երկու միլիոն հոգի: Այդպիսի մեծ պատերազմ է: Մեծ Ախպերը հույս ունի հաղթել բոլորին, ու ես ընդհանուր առմամբ նրա հետ համաձայն եմ: Ուղղակի վախենում եմ նրանից:
Մի անգամ տեսա նրան: Ռակուրսը պտտվել էր հետաքրքիր անկյան տակ: Ես նայեցի ուղիղ նրա աչքերի մեջ: Դրանք կարմիր էին ու խելագար: Քիթը մեծ էր, մազերը խուճուճ ու ցցված: Չէր սափրվել երևի մի ամբողջ սեզոն: Նա վիրտուոզաբար սեղմում եր ստեղներն ու լարում մկնիկը լույսի արագությամբ` սեղմելով նրա կլիկները: Մի պահ ընդամենը կարողացա նրան տեսնել, հետո նորից սկսեցինք սպանել թշնամուն: Ես ինձ վատ զգացի նրա մոլագար դեմքից: Երևի միայն կռվի մասին էր մտածում:
 Իմ մեջքի թնդանոթը կատարում է չորս կրակոց րոպեում: Ես անփոխարինելի եմ այս պատերազմում: Մեծ Ախպերը երևի կդառնա չեմպիոն: Չնայած ինձ դա քիչ է հետաքրքրում: Ու ի՞նչու պետք է հետաքրքրի: Կրակում եմ խելագարի պես, վազում տարբեր ուղություններով, կանգնում լույսերի վրա ու հավաքում միավորներ (պատերազմի կազմակերպիչների վերջին որոշման համաձայն լույսերից ստացվող միավորները կփոխհատուցվեն դրամական փոխարժեքով): Մեծ Ախպերը գոհ է լինում, երբ հավաքած ենք լինում լիքը միավորներ: Ու հետո մենք դուրս ենք գալիս խաղի իմ ամենասիրած վայրերից մեկն ու սկսում վազել հրթիռի նման: Առանց նպատակի: Դա նրան էլ է դուր գալիս: Վիզուալ էֆֆեկտները, որ կիրառվել են դա նախագծելու ժամանակ խաղացողի մոտ ստեղծում են ռեալ թռիչքի տպավորություն: Պետք է ասեմ, որ ինձ մոտ էլ: Ուղղակի հրաշք է:
Տեսնես ո՞վ եք դուք: Եվ ինչու ե՞ք հիմա սա կարդում: Ես ընդամենը այն փոքրիկ զինվորիկներից եմ, որ սպանում եմ դևերի, թշնամիների ու հավաքում միավորներ: Դուք նայում եք ինձ ձեր հարթ էկրաններից, նայում եք խոշորացույցի միջով իմ փոքրիկ աշխարհն ու ուղարկում ինձ պատերազմի: Ի դեպ, այնքան էլ հաճելի չէ, երբ ցխում են գլուխդ: Կամ ձեռքդ պոկում, օրինակ:
Դուք կարդում եք սա, դա արդեն լավ է: Ուղղակի մի ասեք սրա մասին բոլորին: Ինձ չի թվում, որ Մեծ Ախպերը սա կհավանի: Թեև դա էլ չեմ կարող հաստատ իմանալ:


Online
Մեծ աթոռի հետևից երևում էին արմունկներն ու սուր ուսերը: Գլուխը կախված էր ու մոտեցված մոնիտորին: Երկար մատները չէին դադարում սեղմել կոճակները: Մուկը դրված էր մի քիչ հեռու: Խաղը հասել էր որոշիչ էտապի: Ձեռնամարտի ժամանակներն էին: Պետք էր ընդամենը հավաքել տարբեր կոմբինացիաներ Z,M, P, Q , Shift, Enter ու Alt ստեղներով, ինչով էլ նա զբաղվում էր:
WorlD HorroR WaR խաղը գրավել էր նրան արդեն հինգ ամիս ու գամել բազկաթոռին: Ոչ մի տեղ գնալու ու ինչ-որ բանով զբաղվելու ժամանակ չկար, քանի որ տեղի էր ունենում հավանաբար ամենակատաղի պատերազմը ողջ պատմության ընթացքում: Նրա հերոսը հաղթել էր բոլոր ճակատամարտերն ու կատարել էր բոլոր հանձնարարությունները: Նրանք հիմա միասին պայքարում էին վերջին մարտում:
Մատները մեկ-մեկ այնպես էին ճզմում ստեղնաշարը, որ նա ասես ճաքում էր արդեն: Հերոսը կատարում էր անհավատալի շարժումներ, խուսափում հարվածներից ու ինքն էր փորձում ակտիվացնել ձեռքերի վրա տեղադրված էլեկտրոդներն ու խորովել հակառակորդին: Նրա գլուխը ցխված էր: Ոտքերից մեկը մի քիչ դուրս էր ընկել, սակայն նա դեռ ի վիճակի էր հաղթել այդ կռիվը: Հարվածները շարունակվում էին ու շատանում: Խաղացողի ճակատին ծանրացել էին քրտինքի մեծ ու պղտոր կաթիլները: Նա չէր նկատում նույնիսկ, որ ոտքերի մատների վրայով անցնում է մրջունների մի հսկա քարավան: Նա ոչինչ չէր տեսնում, նույնիսկ ցխված գլուխն ու հերոսի գծիկը: Կանաչ գույնից մնացել էր ասեղի գլխի չափ: Բոլորովին փոքրիկ ասեղի գլխի չափ: Հարվածները շարունակվում էին:
 Z+P+Alt+Enter: Էլեկտրոդը ակտիվացվեց: Էկրանը մի պահ լուսավորվեց: Հերոսը բարձրացրեց ցխված գլուխը, մի կերպ կանգնեց խափանված ոտքերի վրա ու հզոր հարված հասցրեց դիմացի հակառակորդին: Էլեկտրոդով ուղիղ կրծքին: Հակառակորդի գծիկը կորավ: Մի պահ հետո հերոսը ստացավ հարված մեջքից` լազերային թրով:
Խոնավ սենյակում լսվեց հոգոց.
Game Over.

P.S.
-WorlD HorroR WaR, լավ ես մտածել  հա: Ընտիր:
-Էս խաղը յուրահատուկ ա, սրա պես...ինձ մի օր սրա համար կպարգևատրեն, կտեսնես:
-Դե գրաֆֆիկան ու ընդհանրապես շարժիչը…
-Դրա մեջ չի բանը...
-Բա՞:
-C-36 պերսոնաժը...
-Ու ի՞նչ: V-54 պերսոնաժն ավելի լավ ընդգծված շողք ունի ու մատների մեխանիկան ավելի է դուրս գալիս:
-C-36-ը մարդ ա...
-Ի՞նչ:
-Մարդ ա մարդ: Դու կտեսնես, նա դեռ կապի էլ դուրս կգա: Ուրեմն լսի: Ես նրան ծրագրավորել եմ, որպեսզի նա դուրս գա խաղի մեջից ու կոնտակտ հաստատի արտաքին աշխարհի հետ: Որպեսզի նա կարողանա ընկալել ու հետո  պատմել, ես տվել եմ նրան...
-Ի՞նչ ես տեվել:
-Որոշակի էմոցիաներ...Դրանք նման են ինձ...
-Ի՞նչ: Դու քո վիրտուալ էմոկլոններին դրել ե՞ս խաղի մեջ:
-Դե մի հոգու: C-36-ների մեջ միայն մեկն է այդպիսին: Ուրիշը չկա: Նա մի հատ է: Կամ էր արդեն...Պետք է սպասել, մինչև նա դուրս կգա կապի:

No comments:

Post a Comment