Tuesday, September 13, 2011

Toxic

Այս ամենը տեղի էր ունենում այն  ժամանակ, երբ արյանս մեջ հոսում էին մի շարք ոչ այնքան բարենպաստ մոլեկուլներ , երբ ամեն բան շուրջս կարող էր հանկարծ շունչ առնել ու խոսել, պարել, կռվել ու լացել: Լավ ժամանակներ էին, եթե իհարկե չհաշվենք այն,  ինչով այդ ամենն ավարտվեց:

Ներկարարի աշխատանքն ինձ դուր էր գալիս: Ես ման էի գալիս իմ սյուրռեալիստական աշխարհում, շնչում ներկերի հոտն ու շարունակում այդպես ման գալ: Այդ ժամանակները հիմա այնքան էլ լավ չեմ հիշում: Կարծեմ արդեն երկրորդ կուրսում էի: Պետական Համալսարանի հիմար երկրորդ հերթում էի: Այսինքն դասերս սկսվում էին բացարձակ անկապ` ժամը տասներեք անց կես ու վերջանում անհարմար` հինգն անց կես: Բայց աշխատել պետք էր  ու ես գտել էի հարմար մի զբաղմունք: Ամեն առավոտ բայղուշի նման արթնանում էի յոթին, քարշ տալիս քնաթաթախ ջանդակս կանգառ, նստում երկար պոզերով տրոլեյբուսն ու գլորվում քաղաքի մյուս ծայրը: Մինչև  ժամը մեկը ես հասցնում էի ներկել տաս-տասներկու մետր խողովակներ: Հետո փոխվում էի, լվացվում ու շտապում համալսարան, իսկ դասերից հետո նորից հետ շտապում` իմ խողովակների ու ներկարարական գլանակի մոտ:
Աշխատանքն ուներ յուրահատկություն: Եթե հասկանում եք, իհարկե, ինչի մասին է խոսքը: Ներկերի բուրմունքն ունի որոշակի ազդեցություն, այնպես որ պետք չէ զարմանալ, որ համալսարանում ես ներկայանում էի ապուշի ժպիտը դեմքիս, աչքերիս տակերը կապտած ու սփրթնած:
-Դուրս արի լսարանից, Ավագյան,-ասում էր պատմության դասախոսը` հաստաքամակ Հայրապետյանը,-դուրս արի, թե չէ ինձ թվում է հեսա հետ կտաս լսարանի մեջ:
Ուղղակի Հայրապետյանին  թվում էր, թե այնքան վատ եմ ինձ  զգում, որ ուր որ է հետ կտամ: Հա-հա: Դրան նրանք երբեք չէին ականատես լինի:
Իսկ ես  լողում էի մթնոլորտում: Դեռ համալսարանի կես ճանապարհին ոտքերս  սկսում էին թմրել: Աչքերիս առջև ամեն ինչ ինչ-որ երանգ եր ստանում: Ես կարող էի տեսնել կարմիր մեքենա, հասկանալ, որ այն կարմիր է, բայց ընկալել այն որպես նարնջագույն: Այդպիսի ուրախ աշխատանք էր ներկարարի աշխատանքը: Եվ ես հարմար նստում էի լեկցիաների ժամանակ ու վայելում գունավոր գլուխների հիասքանչ տեսարանները: Անցնում էինք նաև գրականություն: Դուք կարող եք պատկերացնել,թե ինչպես էին ընթանում Դոստոևսկու մասին լեկցիաներըերբ կարդում էին «Ապուշը»: Տպավորվում էի հիվանդի նման ու կատաղում: Ու հետո սկսում ատել կողքիս նստած աղջիկներին ու դիմացի շարքի տղերքին: Նրանք ինձ թվում էին Ֆյոդոր Միխայլովիչի գարշելի պերսոնաժներ...:
Իսկ հետո նորից գնում էի ներկերի մոտ`շնչելու այդ անիծված գույները ու շփվելու իմ սյուրռեալիստական ընկերների հետ:


Սյուրռեալիստական ընկերներիս շրջանակը փոփոխական էր: Երևի կապված էր նրա հետ, թե քանի մետր էի ներկում գրունտային ներկով ու ինչքան լուծիչով էի բացում գունավոր ներկը: Պատահում էր հինգ-վեց մետր գրունտով ներկելուց հետո վազում էի զուգարան հետ տալու: Օրվա բուլկիներն ու խաչապուրին փսխելուց հետո կյանքը դառնում էր հրաշալի: Վառում էի սիգարետս, նստում որևէ ժեշտի վրա ու  նայելով առաստաղին, ծխում իմաստունի պես: Քիչ անց հայտնվում էր  կտրատող հաստոցն ու սկսում հարցուփորձ անել.
-Հը՞, լավ ե՞ս, եղբայր,հանգստանում ես հա՞: Քեզ ինչ կա, էստեղ պառկած ես, իսկ ժամավճարը  հոսում ա, ապերիկ...
-Գնա է, դեբիլ երկաթ,-գռմռում էի ես: Գիտեի, որ այդ ամենն աչքիս է երևում: Ուղղակի պետք էր ինձ դա: Պետք էր մեկը հետս խոսար,որպեսզի անցներ այն ատելությունը, որով լցվում էի ֆյոդորմիխալիչյան լեկցիաներից հետո:
-Ապերիիիիիիիկ, ապերիիիիիկ,-շարունակում էր վրա տալ հաստոցը,-բա վերևի մեծ խողողավկները, բա վերևիները,-ձեռք էր առնում նա ինձ. եզը գիտեր, որ դրանք չեմ սիրում ու գիտեր, որ բարձրությունից էլ վախենում եմ,-աստիճանը քեզ ա սպասում, ապերիիիիիիիիիկ, սպասում ա քեզ:
Հաստոցն այդ ընթացքում լկտիաբար ժպտում էր: Սիգարետս էլ վերջանում էր  ու ես ստիպված գնում էի աստիճանի հետևից: Ճանապարհին ինձ ողջունում էին իմ սովորական գործընկերները` մետաղագործական գործիքները (դրանցով ինձանից առաջ աշխատող վարպետները պատրաստում էին խողովակների լաբիրինթը), չորս-հինգ տեսակի հաստոցները, որոնք դեռ ցելաֆոնապատ էին: Հաստոցները հիմնականում անտանելի լկտի ու հանդուգն էին: Դրանց դեռ չէին էքսպլոտացնում, կարելի է ասել, սպասում էին ինձ. Գործարանը աշխատելու էր հենց կվերջանար վինտիլացիոն խողովակների մոնտաժն ու ներկապատումը: Ու այդ հաստոցներն իրենց թույլ էին տալիս ինձ ծաղրել, խանգարել ու շեղել: Օրինակ. ծալված ես հազարապատիկ,ճկռալով ներկում ես դժվարհասանելի մի մաս, իսկ այդ ժեշտի կոմպլեկտը մեկ էլ տեսար կգոռա` աաաաաաաաա, կռիսը, կռիսը, կռիսը:
Էլ չասեմ, թե ինչքան էր դա տհաճ: Իսկ հիմնականում պարզապես ծաղրում էին:
-Հեեեեեեեեեեյ, Պիկասսո, էսօր ի՞նչ ես խզբզելու:
-Չդնես, ապերիկ, Դալին էլ ա տռուբեքից սկսել
-Լավ, այ էն հաստը տեսնում ե՞ս: Դե ուրեմն նրան էսօր առանձնապես ջերմ կմերսես, խեղճը միայնակ ա:
Ես շատ ուժեղ չէի նեռվայնանում: Ամեն դեպքում դրանք իմն էին, իմ հոլուցիանացիաներն էին, ինձ էին երևում ու լսվում: Viva, քիմիական ինդուստրիա, կեցցես:

Դուք բարձրությունից վախենում ե՞ք:
Ես վախենում եմ: Դա գիտակցված վախ չէ: Պարզապես ձեռքերս ու ոտքերս հրաժարվում են ինձ լսել, երբ նրանց բարձրությունը հատակի  մակարդակից ավելանում է մեկ մետրից շատ: Գիտակցությունս շարունակվում է պահպանվել, ուղղակի ամեն ինչ պատվում է հիմար պանիկայով ու ես մի քիչ խեղճանում եմ ճակատագրի այդ հեգնանքի առջև: Ախր չեմ սիրում ես բարձր տեղեր hելնել: Իսկ ներկարարը պետք է լինի նիհար ու բարձրության հանդեպ հանդուրժող: Ինձ մոտ ստացվում էր միայն առաջինը:
Խողովակների լուրջ մասը անցնում էր հենց առաստաղին կպած:Գործարանի առաստաղն ուներ հինգ մետր բարձրություն: Այդ օդափոխման  համակարգին հասնելու համար ես ստիպված էի լինում մագլցել երեքուկես մետրանոց պակիստանյան ծալովի աստիճանների վրա: Այն, որ դա պատրաստված էր Պակիստանում, սատկացնում էր իմ վստահության վերջին հրեշտակներին: Իսկ առաջինները վաղուց արդեն չկային, որովհետև անիծյալ «հարմարանքը» ոչ մի կերպ ուղիղ չէր կանգնում գետնին ու անընդհատ օրորվում, ճոճվում և այլ սարսափելի գործողություններ էր անում: Հետաքրքիր է, որ քիմիկատների այդպիսի առատության մեջ, այդ չարաբաստիկ աստիճանն ինձ հետ բացարձակապես կոնտակտի չմտավ: Երևի ատում էր լուռ:
Այնուամենայնիվ տանելի էր: Ես կարողանում էի առաջ գնալ մետր առ մետր, կամաց-կամաց: Դրա փոխարեն արդեն վերջացնելու վրա էր պակաս «երկնային» խողովակների ներկման արարողությունը: Ամեն ինչ գնում էր քիչ թե շատ հաստատուն քայլերով, կգար օր ու ես կվերջացնեի այդ աշխատանքը: Ու ես որոշեցի կատարել հզոր հարված ու միանգամից վերջացնել բարձր խողովակները: Այդ նպատակով ես նույնիսկ  ընդունեցի երկու շիշ գարեջուր ճանապարհին, որպեսզի ունենամ բավական խիզախություն աստիճանի վրա մանևրելու համար: Ու բարձրացա` զգալով պտտվող գլուխս, թույլ ոտքերս, գեղեցիկ սանրվածքս ու ճոճորվող աստիճանը: Եվ միանգամից իջա, որովհետև պարզվեց, որ մոռացել էի ներկի դույլն ու գլանակը: Հաջորդ անգամ, արդեն ծանր դույլով բեռնված, իմ վերելքն այնքան սլացիկ չէր: Մի կերպ հարմարեցրեցի դույլը աստիճանի վերևում, ինչ-որ կերպ էլ հարմարեցվեցի ես ու սկսեցի կամաց-կամաց ներկել: Աստիճանը ճոճվում էր չափավոր, ներկի հոտը խփում էր ուղիղ քթիս ու ալեկոծվում դույլի մեջ: Ներկի ալիքների ձայնն ինձ դուր էր գալիս: Թվում էր, թե ամեն ինչ նորմալ է  ու մնում էր այդ տեմպով էլ շարունակել: Բայց տեղի ունեցավ անսպասելի մի բան: Աստիճանը փախավ: Ես չհասցրեցի ֆիքսել ընկնավորվելուս մասշտաբի ողջ ահռելիությունը, արձակեցի ընդամենը մեկ ճիչ ու մնացի խողովակից կախված երկու ձեռքերով` նայելով, թե ինչպես է ցած սլանում գլանակն ու ընկնում հատակին թափված ներկի մեջ: Առաջինն ինչ արեցի, դա ծիծաղելն էր: Գարեջուրն իրեն արել էր, պլյուս քիմիկատներն ու պլյուս ադրենալինը: Ես հաստատ հավեսով կհռհռայի, եթե լինեի մի քիչ ավելի հարմար դիրքում: Բայց իրականում վիճակս հեչ ծիծաղելու չէր: Բացարձակապես: Նոր ներկված ժեշտը սղլիկ էր դեռ ու ձեռքերս չէին հասկանում, թե ինչ է կատարվում` մեկ նրանք սահում էին մի երկու սանտիմետր, մեկ սոսնձվում ու հետո էլի սահում: Իսկ գրողի տարած խողովակը կարծես պատրաստ չէր տանելու իր վրա իմ վաթսունհինգ կիլոն: Այն սկսում էր կասկածելի ձայներ հանել, իսկ ես ավելի կասկածելի էի սկսում փռթկալ ու հազիվ էի զսպում հիստերիկ ծիծաղս:
Ու բնականաբար խողովակը չդիմացավ: Ու բնականաբար նրա զգալի մասն ընկավ գետնին: Ու անբնականաբար ես չընկա ներքև այդ մասի հետ, այլ մնացի կախված այն մասից, որը դեռ մնում էր առաստաղից ամրացված: Ժեշտը բարակ էր ու սուր: Ես բռնել էի խողովակից նրա ներսի կողմից ու սուր երկաթը ճղում էր մատներս: Կախված մնալն ավելի ու ավելի անտանելի էր դառնում: Պետք էր մի բան ձեռնարկել ու ես որոշեցի, որ վերև շարժվելն ավելի ճիշտ է, քան ներքև ընկնելը: Այդ պահին քիչ էի մտածում բարձրության մասին: Ավելի շատ մտածում էի մի կուշտ ծիծաղելու մասին,ձգվեցի  մատներիս վրա և  դա ունեցավ դժբախտ ազդեցություն: Ժեշտի հետ շփման վայրում նրանք պատռվեցին ու սկսեց հոսել կարմիր արյունս: Ես մի քիչ զարմացա, որ այն կարմիր է: Կարծես թե չէի սպասում այդպիսի բան: Ցավ առանձնապես չէի զգում: Ուղղակի պետք էր էլի լարել մկանները: Խողովակը բավականաչափ լայն էր, որպեսզի կարողանայի մտնել նրա մեջ: Ու դա իմ խնդիրն էր: Մտնել խողովակի մեջ: Դա միակ հարթություն էր, որը կար այդ բարձրության վրա: Բիցեպսներս սկսեցին  աշխատել` արհամարելով կաթացող արյունը: Միայն մի կաթիլ ընկավ աչքիս մեջ: Դա տհաճ  էր: Մի քանի վայրկյան էլ բռնի ուժի գործադրումներ ու ես արդեն կիսով չափ խողովակի մեջ էի: Ոտքերս անկապ կախված էին դրսում: Ես մի քիչ սողացի, գալարվեցի ու դրանք էլ հայտնվեցին խողովակի մեջ: Դիմացս թունել էր: Դիմացս լույս չկար: Սողալու համար կային երկու-երեք սանտիմետր` աջից, ձախից ու վերևից: Ներքևից ես հպված էի ժեշտին: Ես տխրեցի:


Անցել էր կես ժամ ու չորս շրջադարձ: Հոսել էր երևի քսան գրամ արյուն, բայց  ամեն ինչ պատված էր չորացող արյամբ: Եթե մի քիչ հավես ունենայի,կմտածեի, որ դա ռոմանտիկ է կամ գոնե ռոմանտիկ չէ: Բայց ես կորցնում էի հույսս, իսկ դա կատաստրոֆիկ այլանդակություն էր: Մտածում էի հետ շարժվելու մասին, բայց ճանապարհը հազիվ թե ճիշտ հիշեի: Սյուրռեալիստական ընկերներս չկային: Ուղղակի խողովակի պատերն էին մեկ-մեկ ալեկոծվոմ, թրթռում ու կարծես նեղանում- լայնանում: Ուշադրություն չէի դարձնում: Քիմիկատածին երևույթ էր ինձ համար: Նորմալ էր: Շարժվում էի առաջ: Քաջությունս այնքան էլ  շատ չէր: Մի քիչ էլ ու երևի կսկսեի լացել: Լռությունը ճնշում էր: Ամենասարսափելի լռությունը այն լռություւնն է, որը լցված է սեփական անհավասար շնչառությամբ ու սրտի առիթմիկ հարվածներով: Այ հենց այդպիսի լռություն էր խողովակում: Ու այդ լռությունն ընդհատվեց:
-Ընկավ, նա ընկավ,-լսում էի ես ինչ-որ տեղ ներքևից:
-Հա հա հա,-քչքչում էր մեկն ու նեենգաբար շշնջում,-հիմա ի՞նչ անենք, հիմա ի՞նչ անենք:
-Կսեղմենք հիմա դրան,-ոչ պակաս նենգաբար պատասխանում էր մյուս ձայնը: Վերջինի մեջ ես ճանաչում էի որոշ նոտաներ` դա հաստատ հասռտոցներից մեկն էր:
-Մեկ, երկու, երեք…
Ես պատվում էի սառը քրտինքով:
-Չորս, հինգ, վեց….
Երբեք չէի մտածել մինչ այդ, որ հոլյուցինացիաներն ու հաստոցները կարողանում են այդչափ մեծ թվեր հաշվել:
-Յոթ, ութ, ինը…
Դե վերջացրեք, այ անասուններ…
-ՏԱՍ,-գոչեցին ձայներն ու սկսվեց:
Եթե մինչ այդ խողովակի պատերն ուղղակի մեկ-մեկ գալարվում ու սեղմվում էին, ապա հիմա նրանք կարծես լարվեցին: Ձգվեցին ու սեղմվեցին: Ինձ մնում էր ավելի ու ավելի քիչ տարածք, ես սեղմվում էի խողովակի մեջ, բայց այն չէր ինձ ճնշում, կարծես լիներ գործվածք կամ կաշի: Լարվածությունը ներսում գնալով սաստկանում էր: Մի ուժ պատրաստվում էր դուրս շպրտել ինձ: սկսեցի շարժվել: Ինձ կարծես ծննդաբերում էին: Խողովակի ներսը լպրծուն էր դրձել: Ես սկսում էի արագություն հավաքել: Լպրծուն պատերի հետ շփումից տաքացել էր մարմինս ու հագուստս: Ես զգում էի դա: Արագույթյունս երևի կատաստրոֆիկ էր: Աղետալի: Ես պատրաստվում էի դուրս թռչել անհայտ ուղղությամբ: Ճանապարհին աչքիս երևում էին բոլոր այն տարաները, որոնք ես բացել էի հատուկ լուծույթներով ու քսել մետաղական խողովակներին: Այդ տեսիլքների մեջ ես գույնավոր հագուստով էի: Կարմիր կետիկներով դեղին կոմբինիզոնով ու կանաչ գլխարկով:
Հետո եղավ թռիչքը: Ինչ-որ բան թքեց ինձ խողավակի մյուս ծայրից: Ես ոչ այնքան զարհուրելի արագությամբ բախվեցի մի պատի, սահեցի դեպի ցած ու բռնվեցի ինչ-որ ձողից: Հիշում եմ, որ ես բարձրաձայն խնդրում էի մատներիս բաց չթողնել այդ ձեղը: Նրանք ինձ չլսեցին ու ես ընկա ասֆալտի վրա: Ոտքիս շեշտակի ու կայծակնային ցավից ես անջատվեցի:
Հիվանդանոցում ինձ ասում էին, որ վնասվացք եմ ստացել աշխատանքի ժամանակ: Ասում էին ընկել եմ աստիճանից: Ես չէի կարողանում նրանց հակաճառել, որովհետև բացի ոտքից կոտրել էի նաև ծնոտս ու այդ պատճառով փաթաթված էր ողջ գլուխս: Իսկ հետո ինքս էլ սկսել էի մտածել աստիճանից ընկնելու մասին: Այսինքն ես այդպես էի մտածում ցերեկները, իսկ գիշերները երազներումս նորից հայտնվում էի այն անիծյալ խողովակում:

Հետո ինձ դուրս գրեցին հիվանդանոցից ու ես գնացի գործարան` վերջնահաշվարկ ստանալու:Չէի ասի, որ այդ գործարանում երևէ բախված լինեի բյուրակրատիայի հետ, բայց այդպիսի դրամարկղներ լինում են միայն ամենաբյուրոկրատական համակարգոերում` երբ չես տեսնում գանձապահին, այլ միայն նրա լավ խնամված ձեռքերն ու սառը ձայնը:
-Ստացեք  խնդրեմ` քսանչորս հազար երեք հարյուր դրամ... կարծում եմ ձեզ դուր եկավ այստեղ աշխատելը, ցանկանում ենք առողջություն,-անթափանց ապակուց այն կողմ ենթադրվում էր ժպիտի պես մի բան: Երևի նույն ժպիտն էր ուղեկցում նույն ձայնին` մեկ, երկու, երեք...տաս...
Նայեցի վերև` օդափոխիչ խողովակին, ու դուրս եկա: 

No comments:

Post a Comment