Monday, September 19, 2011

Արքա, Царь, The King


Արքան կանգնած էր լուսամուտի մոտ ու նայում էր դատարկ քաղաքին: Նրա առանձնատունը գտնվում էր Հրազդանի կիրճի մոտ, և վերևի հարկից բացվում էր տեսարան քաղաքի կենտրոնի վրա: Ծանր թավշյա վարագույներր շողք էին գցում արքայի դեմքին: Հայտարարված էր պարեկային ժամ: Կիսաբաց փեղկից լսվում էին տանկերի ու զրահամեքենաների շարժիչների ձայները:

Հեռուստացույցով գնում էր լուրերի թողարկումը:
«Այսօր` առավոտյան դեպքերից հետո, քաղաքում մտցված է պարեկային ժամ: Քաղաքի կենտրոնը բաց է միայն հատուկ անցագրեր ունեցող մեքենաների համար:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան արքան մահափորձ էր կատարել Առաջին Նախագահի վրա: Վերջինս այժմ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Բժիշկները հայտնում են, որ տվյալ պահին ոչ մի վտանգ նրա առողջությանը չի սպառնում...»
-Սպառնում ա, սպառնում...,-քթի տակ չարախնդաց արքան ու, զիպո կրակայրիչը շխկացնելով, վառեց իր թանկարժեք սիգարետը: Նա մոտեցավ հեռախոսին, սեղմեց կոճակն ու կարգադրեց իր մոտ կանչել վեզիրին:
Մի քանի պահ անց լսվեցին քայլեր միջանցքից, դուռը կամաց թակեցին.
-Ձերդ գերազանցությու՞ն, հրամայե՞լ էիք…
-Քաշի՛ աթոռդ, նստի՛ր,-խոժոռ հայացքով ասաց երիտասարդ արքան:
Նա քսանինը տարեկան էր, բարձրահասակ ու անապատային գույնի դեմքով: Աչքերը խորն էին ու մի քիչ վայրենի: Նա նայում էր վեզիրին, ինչպես արծիվը նայում է մկանը:
-Նորությունները հիվանդանոցից,-ասաց արքան:
-Մեր մարդու մոտ արդեն կա թույնը: Գիշերային այցի ժամանակ նա կներարկի թույնը Առաջին Նախագահի զարկերակի մեջ: Առավոտը նրա մարմինը կգտնեն փքված ու տեղ-տեղ պատռված:
Արքան դրական ժպտաց: Ամեն ինչ կստացվեր: Իր մոտ ամեն ինչ միշտ էլ ստացվում էր, ու նա ուշ թե շուտ կհաստատեր իր իշախանությունը:
-Կա մի պրոբլեմ....,-վախվխալով ասաց վեզիրը: Երկու անգամ մեծ էր նա արքայից տարիքով, բայց դողում էր նրա հայացքից: Բան չէր կարողանում անել այդ դողի հետ:
-Ասա՛:
-Հինգ րոպեից եթեր կգնա Ձերդ գերազանցության մասին ռեպորտաժը` պատրաստված Euronews-ի կողմից:
-Դե ինչ…հետաքրքիր կլինի դա նայելը: Ամեն դեպքում պատրաստի՛ր իմ մամուլի սրահն ու կանչի՛ր մեր լրագրողներին: Եվրոպացիների ռեպորտաժից հետո ես կդիմեմ ժողովրդիս:
Վեզիրը խոնարհվելով ուզեց դուրս սողալ սենյակից:
-Հա՛, ու հետևի՛ր, որ Երկրորդին սպանեն անմիջապես: Սաղ էս պատմությունը հիվանդանոցի հետ կապվածսրտովս չի:
 -Բնականաբար, Ձերդ գերազանցություն:
Վեզիրը փակեց դուռն ու հեռացավ կարգադրությունները ռեալիզացնելու: Արքան մնաց Ուրվականի հետ միայնակ: Ուրվականը կանգնած էր թավշյա կարմիր վարագույրների հետևում ու հպարտ նայում էր արքային: Նա ընտրել էր առավել մաքուր առանձնյակի` Կամսարական տոհմից`բավականաչափ տպավորիչ արտաքինով ու սլացիկ հասակով:



Հանրապետության Հրապարակը կրակի մեջ էր: Ամեն ուր երևում էին վազվզող մարդիկ: Ասֆալտի վրա սևին էին տալիս կոստյումներով դիակները: Դրանք Առաջին Նախագահի թիկնապահերն էին: Երբ նրա էսկորդն անցնում էր հրապարակով նրանց վրա կրակ էին բացել հարևան բարձրահարկերի կտուրներից: Կրակել էին նաև հատուկ փոքրիկ հրթիռներով: Ծուխն ու փոշին հրապարակի վրա երևում էին նաև Նորք-Մարաշից ու Մասիվներից: Խառնաշփոթի մեջ վրա հասած շտապ օգնության մեքենաները կարողացել էին դուրս հանել կրակներից Առաջին Նախագահին ու տեղափոխել հիվանդանոց: Իսկ արքայի փոքրաթիվ զորքերը կարողացել էին վերցնել Ազգային Պատկերասրահի կտուրն ու այնտեղ տեղադրել մեծ ցուցանակը` «Թագավորության Հրապարակ-Royal Square»:
-Հայաստանի ինքնահռչակ արքա Գարեգինը հայտարարել է, որ կանգ չի առնի, մինչև չվերացնի հանրապետության վերջին հետքերն իր երկրից: Անցած շաբաթվա ընթացքում նրան հավատարիմ զորքերը հետևողականորեն վերացրել են պառլամենտի բոլոր պատգամավորներին և անցել են տեռորի  ու պահանջում են արդեն մարզային իշխանություններից ընդունել Գարեգինի գերիշխանությունը…
Euronews-ի թղթակիցը կանգնած էր Հանրապետության Հրապարակի իրարանցման կենտրոնում ու , վտանգելով իր և օպերատորի կյանքը, պատմում էր տեղի ունեցող իրադարձությունների մասին: Նա Բրյուսելում աշխարհով մեկ էր եղել, երբ նրան ուղարկել էին Երևան և ոչ թե Բաղդադ: Սակայն Այդ ժամանակ ոչ ոք չգիտեր սահմանապահ զորքերում ծառայող ավագ սերժանտ Գարեգին Կամսարականի մասին: Անցել էր նա արդեն հազարից ավել դիակների վրայով ու թափել էր մեկ ու կես ցիստեռն արյուն ու հիմա կոչվում էր արքա: Դեռ “ինքնահռչակ արքա”, բայց միևնույնն է` ԱՐՔԱ:
-…Երևանում հաստատված է պարեկային ժամ, կան կասկածներ, որ  Գարեգինի զորքերը կփորձեն վերացնել նաև Երկրորդ ու ներկայիս գործող նախագահներին: Այդ պատճառով խիստ բազմապատկվել էն վերջիններիս թիկնազորերը: Այս փոքրիկ երկիրը ալեկոծվում է ինչպես հսկա օվկիանոսն, ու այս պահի դրությամբ պարզ չէ ոչինչ: Արքայի ապակայունացնող գործողությունները վտանգի տակ են դնում երկրի միջազգային հեղինակությունը, խոցելի դարձնում այն արտաքին թշնամիների համար ու կծու բիբար ավելացնում համաշխարհային աշխարհաքաղաքականության մեջ…
Այդ պահին լրագրողի հետևի ֆոնում հայտնվում է արքայական ուղղաթիռը: Նրանից դուրս է ցատկում բարձրահասակ արքան` թագը գլխին,  վեհ քայլվացքով հասնում քարե գորգի կենտրոնին ու սկսում է պարել: Նրա պարը նմանվում էր աֆրիկյան ինչ-որ ծիսական շարժումների: Ամեն ինչից երևում է, որ արքան մեծագույն հաճույք է ստանում:
-Ահա նա, ահա,-բղավում էր լրագրողը: Օպերատորը փոխել էր դիրքը արքայի ուղղությամբ,- Ահա նա: Նոր մոնարխը, նոր արքան: Ինչպիսի~ տեսք, ինչիսի~ էպատաժ:
Լրագրողը հազիվ էր զսպում իր հիացմունքը: Պետք էր լինել չեզոք ու ցույց չտալ ոչ մի տեսակի կողմնապահություն: Բայց գայթակղությունը շատ էր մեծ: Թքած, թե  կկորցներ աշխատանքը: Այդ ամենն արժեր գովերգել:
-Oh, my God, It's a perfect, Unbelievable !!!!
Արքայի ուղղաթիռի աղմուկը հանդարտվում էր, ու նրանից լսվում էր երաժշտություն: Գարեգինի շարժումները ավելի կազմակերպված էին դառնում: Հնչում էր  հանգուցյալ Ջեքսոնի Billie Jean-ը: Արքան պարում էր խելագարի պես, նրա մոտ ստացվում էր նույնիսկ «լուսնային քայլվածքը»:
-I love you, I love you, my Lord,-իրեն արդեն ճղում էր Euronews-ի լրագրողը:
Ռեպորտաժն ընդհատվեց Euronews-ի կենտրոնական գրասենյակից: Դա սակայն հասցրել էր տեսնել 47 միլիոն մարդ ողջ աշխարհում: Հայաստանի ինքնակոչ արքան բոլոր երկրների թերթերի առաջին էջերում էր: Գարեգին անունով կնքեցին այդ օրը բրազիլական Սալվադոր քաղաքի հետնախորշերում ապրող Ժոզե Սամուել Գարսելիանիոյի նորածնին: Գարեգինի դեմքը դրված էր քննարկման աշխարհի ամենախոշոր բրենդինգային կազմակերպություններում:



-Պա՛րդ, պարդ չպիտի՛ լիներ,-ասում էր ուրվականը թավշյա վարագույրի հետևից:
-Բայց ախր դա դուր կգա մարդկանց, դա այն է ինչ ուզում են մարդիկ,-արդարանում էր երիտասարդ արքան:
-Կոնքերդ ոնց որ էշի քամակ լինեն, նոռմալ պարել սովորիր, հետո կպարես: Ինչ մի հելել ես ու անասունավարի թափ ես տալիս քեզ,-ուրվականի ձայնը խիստ էր: Նա հանաք չէր անում:
-Բայց…
-Կաշխատե՛ս տեխնիկայի վրա:
-Այո, անպայման,-արքան շունչ քաշեց,-հիմա իմ ասուլիսն ա լինելու:
-Ահա, կանես էնպես, ինչպես սովորացրել եմ քեզ: Կլինես այնպիսի, ինչպիսին նկարել եմ քեզ: Ես չեմ հայտնվել, որ հավայի խաղեր խաղամ, ես եկել եմ ՄԵԾ ՆՊԱՏԱԿԻ համար:
-Հասկանում եմ…
-Ու ի՞նչ եղան իմ շապիկները:
-Վաղն առավոտյան դրանք պատրաստ կլինեն:
-Դեբիլնե՛ր, տուֆտա տոռմուզնե՛ր,-ուրվականի աչքերը վառվեցին կարմիր կրակով,-դաուննե՛ր, արա, երկու հատ մայկա չե՞ք կարում մի օրում ճարել, արա:
Եթե ուրվականը լիներ մարմնեղ, նրա բերանից դուրս կթափվեր փրփուրը:
-Վաղը՛, վաղը՛, խնդրում եմ, համբերիր մինչև վաղը: Snoop Dogg-ի սեփական շապիկներից հայթայթելն այնքան էլ հեշտ չի....Խնդրում եմ, համբերիր:
-Ես ուզում եմ Snoop Dogg-ի մայկաներից, երկու հատ` մեկը սև, մյուսը սպիտակ:
-Կլինեն, կլինեն, դու մի անհանգստացիր:
Ուրվականը զարմանալիորեն հանդարտվեց: Անցավ իր վարագույների հետևն ու լռեց: Արքան շտապեց դեպի մամլո սրահը:
Ուրվականը նայում էր ձեռքի արծաթին: Մետաղի այդ կլորիկ կտորի վրա դաջված էր իր դիմանկարը: Ստացվել էր մի քիչ մեծ քթով, ու թագն էլ մի տեսակ անշուք էր երևում: Բայց մետաղից փչում էր նրա հզորությամբ: Երբևէ իշխած ամենահզոր Հայոց Արքան վերադարձել էր` վերադաստիրակելու իր ժառանգին…


-Ես պնդել ու հիմա էլ պնդում եմ` պետք է վերջ տալ հանրապետությունների արատավոր ճանապարհին ու հաստատել իմ միիշխանությունը: Միայն ես եմ ,որ ոտքի կկանգնեցնեմ իմ երկիրը, միայն ես եմ, որ կդարձնեմ այն երկիրը ԵՐԿԻՐ ու կմեծացնեմ նրա սահմանները: Ես եմ , որ կիրագործեմ ՄԵԾ ՆՊԱՏԱԿԸ:
Այդպիսի հանդիումների ժամանակ հմնականում խոսում էր արքան:Նա բազմում էր իր հսկայական «մամլո» գահին, դնում գլխին թագն ու շողշողում Զևսի նման: Միայն հազվադեպ առավել զգոն լրոգրողներից մի քանիսը կարողանում էին գտնել հարմար դադարի պահ ու մեջ ընկնել հարցով: Այս անգամ դա ստացվեց Հանրայինի  ներկայացուցչին.
-Ձերդ գերազանցություն, դուք միշտ ասում եք ինչ-որ ՄԵԾ  ՆՊԱՏԱԿԻ մասին: Խնդրում եմ, բացատրեք մեզ, թե ինչ է դա:
-ՄԵԾ ՆՊԱՏԱԿՆ այն է, ինչ կա իմ հոգում ու այս երկրի հոգում: Ես կհանեմ այն դուրս այս երկրից այս դարում, ու աշխարհը ողջ կխոսա մեր մասին: Մենք կլինենք ամենուր ու կլինենք ամեն ժամանակ: Մեր մասին են լինելու լեգենդներն այս դարի:
-Ինչպիսի միջոցներով եք ուզում հասնել դրան, Ձերդ գերազանցություն,-հարցրեց Շանթի թղթակիցը:
-Ամեն նպատակով ես կգնամ իմ հոգու ՄԵԾ ՆՊԱՏԱԿԻՆ ու ամեն կերպ կհասնեմ նրան: Ամեն ինչ կանեմ ես, որ խոսան մեր մասին ու դառնանք մենք մեծ երկիր: Ուշադրությունը հիմա այն է, ինչի համար կռվում են բոլորը: Ես կբերեմ ուշադրությունը ողջ այս երկիր ու կառաջնորդեմ պատմության մեջ ամենամեծ շոուն:
-Թագավորն ապրած կենա,-հայտնվեց Գյումրիի Հորիզոն հեռուստաալիքի լրագրողը,- ի՞նչըղ կըրնաք մեկնաբանել ձեզի մասին եղած ասեկոսեները:
-Բոլոր նրանք, թե դրսից ու թե ներսից, ովքեր կկանգնեն իմ ճանապարհին, կարժանանան իմ մեծ հոգու անեծքներին: Իմ մասին չի խոսում ոչ Ռուսաստանի նախագահը, ոչ էլ ԱՄՆ նախագահը: Չեմ ես նեղված ու նեղացած: Վախենում են ինձանից դրանք բոլորը, սաղ: Այ կտեսնեք դուք շուտով, թե ինչ կանեմ ես աշխարհով: Իմ մասին են սաղ խոսալու:
Ավելի տպավորիչ պահ չէր կարող լինել: Ներս վազեցին արքայի հավատարիմ զորքերը: Նրանցից մեկի ձեռքին պարկ եր: Նա բացեց այն ու մի գնդակ այնտեղից գլորվեց դուրս: Այն, թողնելով իր հետևից  ինչ-որ կարմիր հետք, գլորվեց, եկավ ուղիղ տեսախցիկների առջև:
Մի պահ բոլորը ճչացին ու սառեցին: Հետո լսվեցին առաջին շշուկները:
-Երկրորդ Նախագահը...Երկրորդ Նախագահը....
-Այոոոոոոոոո~, տեղից վեր թռավ արքան, այո~: Այ հիմա, այ հիմա, այ հիմա ուզում եմ նորից պարել: Այ հիմա:
Չգիտես որտեղից հայտնվեցին դիսկոտեկային լույսերը: Բարձր հնչեց երաժշտությունն ու արքան, իջնելով իր գահից, բարձրացավ սեղանի վրա ու սկսեց իր խելագար պահը` փորձելով չդիպչել թանկարժեք կարմիր կոշիկներով Երկրորդ նախագահի կտրված գլխին: Լրագրողներից մեկն էր վերցրել այն ու դրել սեղանին, որպեսզի ավելի հարմար դիրքից ուղարկեն այդ պատկերն ուղիղ եթեր: Էլվիս Պրեսլիի խելացնոր գիթառի հնչյուններն արքային դրդում էին ավելի ու ավելի ճարպիկ շարժումների:
-Կեցցե~ արքաաաա~ն, Կեցցե~ Գարեգինը:
Պարին միացել էին բոլոր լրագրողները: Նրանք հրճվում էին: Ահա այն` Հայոց արքան:


P.S.
Ուրվականը մեծ պլազմային հեռուստացույցով հետևում էր տեղի ունեցող շուին: Եկավ ֆաքս: Գարեգինը սովորեցրել էր նրան ստանալ այն ու ուրվականն այդպես էլ արեց:
« Ի սեր բոլոր չար ու բարի ուժերի, ես հեռանում եմ, տուր ինձ շանս հեռանալ այս երկրից
                              Նախագահ.»
Ուրվականը ժպտաց:Իշխանությունը շատ հյութեղ է ու արբեցնող, մանավանդ, երբ զրկված ես եղել նրանից 2066 տարի:

No comments:

Post a Comment