Wednesday, October 12, 2011

APIDOLOGIA

Մեծ մայրը դանդաղ ու վեհ անցնում էր նեղ միջանցքներով: Այսօր նա կայացնելու էր որոշում, որը ավելի պիտի նմանվեր հուսահատ մի ճչի քան հզոր ռազմավարական քայլի: Նրա գաղութի անդամները միայն իր մեջ էին տեսնում փրկության հույսը: Ողջ մնալու և բազմանալու գլխավոր բնազդը դրդում էր բոլորին կենտրոնացնել իրենց ուժերն ու Մեծ մոր հրահանգով անցնել վճռական գործողությունների: Մեծ մայրը նայում էր իր գաղութի նոսրացած զորքերին, նվաղած բանվորներին ու փորձում հաշվարկել ուժերը: Անընդհատ թրթռացող ալիքներից անպակաս էր թուլության զգացումը և հյուծվածությունը: Երբեմն առաձգական մկանները, որոնք վայրկյանում կարողանում էին 250 անգամից ավել կծկվել, այժմ բառացիորեն զգում էին ամեն մի շարժման համար պահանջվող ջանքերի բեռը:
Մեծ մայրը, կանգնած իր դիտակետում, սպասում էր փազլի վերջին հատիկին, որպեսզի կարողանա վերջնականապես գնահատել իրավիճակն ու կայացնել որոշումը: Ու փազլի վերջին հատիկները բերող լրտեսները երևացին արևածագի կարմիր գույների մեջ: Նրանց բերած պատկերները սոսկալի էին ու հիասթափեցնող:
«Չկա էլ ոչ մեկը», «Թռիչքի ողջ հեռավորությամբ` չկա էլ ոչ մեկը», «Ալիքների աղբյուրը...» , «Արևելք»...
Լրտեսները դուրս էին եկել դեռ մթնշաղին: Թռիչքը տևել էր երկու ժամից էլ պակաս, բայց դա գրեթե սպանել էր նրանց: Անընդհատ ենթարկվելով ալիքների ազդեցությանը` նրանք հազիվ էին կարողացել ուժ գտնել` տուն վերադառնալու համար: Թեպետ, ամենաավագը լրտեսներից, ով փոխանցում էր Մեծ մորը ստացված տեղեկությունները, մահացավ հենց նրա ոտքերի մոտ....Ավագ լրտեսին սգալու համար ժամանակ չկար այլևս:
Մեծ մոր հրամանով եկավ «Արևելքը» որոշելու ժամանակը, և ամենազգայունը ողջ գաղութից առաջ եկավ` պարելու խելահեղ մագնիսական պարը: Պարն ինչքան գործնական էր այնքան էլ ծիսական: Աշխարհի ցանկացած մասում, ցանկացած գաղութ միշտ զգացել էր գետնի մեծ ուժը, որ զգում է ամենքին ու ամեն ինչ: Եվ պարն այդ խելահեղ միշտ նվիրվել է երկրի մեծ ուժին:
Ամենազգայունը գաղութից հանկարծ կանգնեց: Նա նշան բռնեց դեպի արևելք ու շարունակեց պարի ռիթմը` արդեն ամեն շարժումով ցույց տալով արևելյան կողմը: Մեծ մայրը տատանվեց մի պահ...անցան բոլոր այն պատկերները, որոնք բերել էին նրա լրտեսները: Քարե փայլուն աշխարհը ալիքների իր խիտ ցանցով ու աղբյուրներով սպասում էր իրենց: Տեսակի գոյատևման բնազդը մղեց նրան առաջ` դեպի արևածագի արունոտ հորիզոնը:



Բնապահպանների փոքրիկ խումբը կուտակվել էր բջջային խոշոր օպերատորներից մեկի գլխավոր գրասենյակի շենքի դիմաց: Նրանք կլինեին մոտ քսան-քսանհինգ հոգի, ու բոլորը սևազգեստ էին: Մռայլ դեմքերով` նրանք վեր էին պարզել իրենց ցուցանակները «Ազատե՛ք օդը», «Դուք սպանում եք», «Ոչ միայն մարդիկ են ուզում ապրել» և այլ գրություններով ու հեռանալու ոչ մի նշան չէին դրսևորում: Առավոտյան լրագրողները լուսաբանել էին բնապահպանների ցույցը` տալով դրան բավականին օբյեկտիվ մեկնաբանություններ և միաժամանակ պահպանելով չեզոքություն: «Բնապահպաններն ունեն էկոլոգիական աղետի տեսության իրենց հաշվարկները, և եթե հավատանք դրանց,-ասում էին լրագրողները,- այժմ կանգնած ենք լրջագույն խնդրի առջև»:
Գլխավոր գրասենյակի ամենագլխավոր սենյակում ամենագլխավոր մարդը չէր կարողանում լուրջ ընդունել զարգացող իրադարձությունները:
-Ձեր ասածը զառանցանք ա,- հայտարարեց նա բնապահպանական կազմակերպությունների խորհրդի անդամներին,- իսկական զառանցանք: Սև փիառի տեղ էլ չի գնա, արխային եղեք: Չգիտեմ ով ու ինչքան փող ա ձեզ տվել էս սկանդալի համար, բայց տենց բան չկա...Ու խի՞ ա հենց իմ կապն էդքան վնաս տալիս:
-Ձեր ալահավաքների պատճառով,- հարցն իր վրա վերցրեց Սառան: Նրա ղեկավարած ուսանողական բնապահպանական շարժումն առաջիններից էր, որ սկսել էր բարձրաձայնել այդ խնդրի մասին,- ձեր ալեհավաքները գտնվում են վտանգավոր բարձրության վրա ու բաշխում են ավելի հզոր ալիքներ, քան մյուս օպերատորների ալեհավաքները...
-Հիմարությու՛ն,-քթի տակ ասաց գլխավոր գրասենյակի ամենագլխավոր մարդը:
-Դուք էլ գիտեք, որ այպես չէ...
Իհարկե Նարեկ Վանյանը գիտեր, որ խնդիրն իրոք խոստանում է կարգին գլխացավանք դառնալ: Մի տարի էլ չկար, որ ստացել էր պաշտոնն ու միանգամից ընկել կեղտոտ պատմությունների մեջ: Սկզբում մրցակիցների համաձայնեցված ագրեսսիվ մարկետինգային քաղաքականության պատճառով պիտի զրկվեր բաժնետերերի վստահությունից, հետո չորս օր շարունակ առանց կապի էին թողել բոլոր հարավային շրջաններն ու ահագին դրամ կորցրել, իսկ հետո մեղուները...
Հետաքրքիր է, որ ժամանակին հենց այդ կենդանին էր հավակնում դառնալ ընկերության լոգոտիպը, ու ավելի հետաքրքիր է, որ ինքն էր ղեկավարում բրենդինգով զբաղվով այն խմբի աշխատանքները, որըն առաջարկում էր «մեղվի թեզը»: Նա նվիրված էր ընկերությանն ինչպես ոչ ոք: Ու թեև զգում էր, որ «մեզվի թեզը» իր մտքի լավագույն ձեռքբերումներից է, չէր կարող ոչ մի կերպ դեմ գնալ իր ղեկավարներին` բաժնետերերին: Իսկ «մեղվի թեզը» իրոք հանճարեղ էր: Նա միշտ նախանձել էր ընկերոջն, ով իր ծաղկման ամենաբուռն շրջանում թքել էր ամեն ինչի վրա ու հեռացել մեծ քաղաքից` մեղվաբուծությամբ զբաղվելու համար: Ու երևի այդ ռոմանտիկ քայլն էր նրան ոգեշնչել` որպես գովազդային արշավ ընտրել մեղվի պատկերը: Ամենաաշխատասերը բոլոր կենդանիներից:
«Էս էլ քեզ մեղուները»:
-Պարոն Վանյա՛ն,-ասաց աղջիկը,- կայացրե՛ք ձեր որոշումը, անջատե՛ք ալեհավաքները...
«Առանց կապ թողնել չորս հարյուր հազարից ավել բաժանորդների, վարկաբեկել ընկերության անունը, կրել հսկայական կորուստներ...»
-Երբե՛ք,-պատասխանեց Վանյանն ու ձեռքի շարժումով դուրս հրավիրեց բնապահպանների պատվիրակությանը: Նրա շարժումն ու հայացքը վճռական էին: Բնապահպանները լուռ հեռացան: Միայն Սառան էր, որ հապաղեց մի քանի վայրկյան և հետո նոր դուրս եկավ ամենագլխավոր սենյակից:


Մեծ մայրը քաղաքին մոտենալիս առանձնացավ իր թիկնապահ-զինվորների լավագույն խմբի հետ: Գիտակցելով ցեղի պահպանման գերնպատակը` նա առաջնորդում էր պարսի արշավանքը, սակայն ոչ մի կերպ չէր պատրաստվում վտանգել իր անձնական կյանքը: Մեծ մայրն ունիկալ գենետիկական պարկ է, որի մեջ անհիշելի ժամանակներից կուտակվում են ցեղի լավագույն գեները: Ընտրելով քաղաքի ծայրամասում գտնվող միայնակ բարձրահարկի կտուրը` Մեծ մայրն ու իր թիկնապահ արուները դիրքավորվեցին: Այդտեղից նա ուղարկելու էր իր լրտեսներին` արշավանքի ընթացքին հետևելու համար: Ողջ ցեղը, երեք խոշոր մասերի բաժանված, մոտենում էր քաղաքին տարբեր ուղղություններից: Նրանք պետք է կատարեին անձնազոհության ակտ: Դրան ստիպել էին ծայրահեղ պայմանները, գոյատևման բնազդն ու Մեծ մոր կայացրած որոշումը: Մեղուները բնույթով հենց կամիկաձեներ են, որ կան: Շատերն են մտածում` արդյոք գիտակցում է մեղուն կծելուց առաջ, որ դրանով սպանում է նաև իրեն: Այդ մեղուները գիտակցում էին արշավանքի մահացու ելքի մասին, և դա միայն ավելի էր ամրապնդում նրանց վճռականությունը:
Նոր էր Մեծ մայրը դիրքավորվել ու գնահատել հետագայում տվյալ վայրում նոր փեթակ կազմակերպելու հնարավորությունը, երբ երևացին առաջին լրտեսները: Նրանց թևերը շարժվում էին անասելի ջանքերի շնորհիվ ու տեսքն էլ նրանց հոգնած էր արդեն ու ջախջախված: Հաղորդված պատկերների համաձայն առաջին խումբը քաղաք էր մուտք գործել հենց արևմուտքից ու միանգամից անցել գործի: Մեծ մայրը ստանում էր պատկերներ, որտեղ հյուծված ու նվաղած մեղուները, թառած ալեհավաքների մալուխների վրա, անասելի տանջաքների գնով ճոճում էին այն:Մի քանի րոպե անց եկան մյուս լրտեսները, և դրանց պատկերներն արդեն ավելի հուսադրող էին: Տեսնելով առաջին պոկված մալուխը` Մեծ մայրը սկսեց ավելի ուշադիր զննել միայնակ բարձրահարկի կտուրը: Փեթակի համար լավ էլ սազում էր:


Նարեկ Վանյանի մեքենան դանդաղ շարժվում էր խիտ խցանման միջով դեպի կենտրոն: Սովորաբար կենտրոն տանող ճանապարհը լինում է հաճելի Վանյանի համար, նույնիսկ չեն լինում խցանումներ, ու նրա երկար սեդանը հանդարտ սահում է ներքև` դեպի կենտրոն, որտեղ նա կատարում է իր հմուտ բանակցությունները բանկերի և իրավաբանական ծառայությունների հետ, այցելում լավագույն ռեստորանները և նաև ապրում: Այդ ամենին հասնելու համար Վանյանից պահանջվեցին համեմատաբար քիչ տարիներ, սակայն չափից դուրս մեծ ջանքեր: Վազել պատճենահանող սարքերի լաբիրինթներով ու անընդհատ մոգոնել տարատեսակ թղթեր տնօրինության համար: Ստորացուցիչ վազքերը դեպի խանութ` վերադասների մանր-մունր հանձնարարություններով, ավելի `էին բարդացնում նրա աշխատանքային դեբյուտի առաջին շրջանը: Հետո եղան առաջին գովեստի խոսքերը, առաջին ձեռքսեղմումները,առաջին լուրջ հանձնարարությունները: Նա սկսեց կատարել ավելի ու ավելի պատասխանատու գործողություններ, մի քանի անգամ դրսևորեց սեփական նախաձեռնություն ու հայտնվեց արդեն մենեջերների երանելի ցուցակում:Նրա նվիրվածությունն աշխատանքին ավելի ու ավելի էր մեծանում` վերածվելով ֆանատիկական խփնվածության: Նա սովորել էր կատարել բաժնետերերի բոլոր ցանկություները` հանուն ընկերության բարգավաճման: Այժմ նա արդեն հագնում էր մոդայիկ կոստյումներ ու նրբերանգ փողկապներ կապում: Աշխատանքի գնալիս առիթ էր ունենում հիանալ իր սեփական տեսքով հայելու առաջ:
“Այ քեզ մեղուներ”,-մտածում էր Վանյանն իր մեքենայի մեջ` դանդաղ առաջ գնալով խցանման հոսքում:
«Մեղուների թեզը» երիտասարդ Վանյանի առաջին մեծ նախագիծն էր: Նա իր ողջ ստեղծագործական եռանդը ներդրել էր այդ նախագծի մեջ, և այդ գովազդային արշավն անկասկած կտար իր պտուղները և կբարելավեր ընկերության գործերը, ինչպես նաև լուրջ հեղինակություն կպարգևեր Վանյանին:Ու ամենակարևորն այն էր, որ Վանյանն ամբողջ սրտով համակրում էր այդ նախագիծը: Սակայն բաժնետերերի ժողովի ժամանակ տեղի ունեցավ այն, ինչը ոչ մի կերպ չէր նախատեսված Վանյանի հաշվարկներում:
-Քո մեղուները վատը չեն,-ասում էին նրան,-ու լոգոտիպն էլ վատը չի... ուղղակի մի տեսակ մանկապարտեզի գովազդի է նմանվում այս ամենը:
Վանյանը երբեք չէր մոռանա, թե ինչպես էին ջղաձգվել նրա թոքերը , և ինչպես էր նա սփրտնած շուրթերով փորձում օդ որսալ խորհրդակցությունների սենյակում:
-Ավելի կոնկրետ` մենք չենք ուզում հիմա փոխել ընկերության ներկայիս դեմքը: Այս գույներն արդեն հարազատ են մեր սպառողներին ու ասոցացվում են միայն բարձր որակի ու վստահության հետ...
«Ու մշտական անհարմարությունների»,-ցավով ավելացրեց մտքում Վանյանը:
-Այնպես որ, մեղուներիդ մասին մոռացիր:
Դատարկված Վանյանին մնում էր միայն գլուխը կախ դուրս գալ խորհրդակցությունների սենյակից: Եվ դա նրան թույլ տվեցին անել մինչև կհասներ դռանը: Իսկ հետո լսվեց գլխավոր բաժնետերի ձայնը.
-Բայց քո համար, Վանյան, կա այլ աշխատանք: Նոր աշխատանք
Թթվածնի պակասությունից լինում են ուղեղի աշխատանքի բթացումներ: Երևի Վանյանն էլ բթացած էր մի քիչ, քանի որ հասկացավ, թե ինչ է կատարվել, միայն այն ժամանակ, երբ կարողացավ մի քանի անգամ խորը շունչ քաշել: Ինչպես նրա թոքերն էին բացվում, ընդունելով թթվածինը, այնպես էլ նրա ուղեղի ծալքերն էին ընկալում իր ստացած նոր պաշտոնի շքեղությունը: Ստանալով այդպիսի մեծ պատիվ անձամբ բաժնետերերից` Վանյանը գիտակցում էր իր կարևորության չափն ու, չնայած իր գաղափարի մերժման փաստի, ավելացնում բաժնետերերի հանդեպ տածած պաշտամունքը:
-Մեղուների մասին մոռացիր: Գնա արդեն գործով զբաղվիր,-ասացին նրան չափազանց ամենակարող բաժնտերերը:
Նրա մոտ ստացվում էր զբաղվել գործով, ստացվել էր նաև մոռանալ մեղուների մասին:


«Քաղաքի բջջային բաժանորդների զգալի մասն արդեն մնացել է առանց կապի,-հաղորդում էր ռադիոն,-անհասկանալի պատճառներով միջատների բազմությունը վրա է տալիս ալեհավաքների վրա ու կտրում դրանց մալուխները: Վերջին ժամերի ընթացքում արդեն վնասվել  են Արաբկիր, Աջափնյակ և Մալաթիա համայքներում գտվնող խոշոր ալեհավաքներից մի քանիսը: Ինչպես մեզ հայտնում են քաղաքապետարանի աղբյուրները, բոլոր ալեհավաքները պատկանում են նույն օպերատորին: Ընկերության գործադիր տնօրենը չի ցանկացել մեկնաբանություններ անել ստեղծված իրավիճակի մասին: Նրա փոխարեն ցանկացել է հարցազրույց ունենալ բնապահպանական շարժումներից մեկի ղեկավար Սառա Երիցյանը:
-Բարև ձեզ,-լսվեց Սառայի ծանոթ ձայնը:
-Ձեր ցույցերը, որոնք արդեն մոտ մեկ շաբաթ տեղի են ունենում ընկերության գլխավոր գրասենյակի առջև ինչ-որ կերպ կապվա՞ծ են միջատների նման վարքագծի հետ:
-Ավելի քան կապված են, ավելի քան: Մենք արդեն ութ օր անընդհատ խոսում ենք այս պրոբլեմի մասին: Դրանք կոնկրետ միջատներ են: Դրանք մեղուներ են: Պարզվել է, որ ընկերության ալիքների տարածման հիմնական բարձրությունը համապասխանում է մեղուների  գործունեության շերտի հետ: Դա բերել է նրան, որ մեղուների պոպուլացիայի քանակը սկսել է նվազել աննախադեպ տեմպերով...
-Այսինքն, եթե ընկերության ալիքները շարունակեն տատանվել նույն բարձրության վրա, մենք կմնա՞նք առանց մեղր:
Սառայի ձայնը նյարդային ծիծաղաց:
-Ի~նչ առանց մեղր, ի~նչ առանց մեղր: Մեղուների շնորհիվ են փոշոտվում հացահատիկային գրեթե բոլոր կուլտուրաները: Առանց մեղուների հարվածի տակ է դրվում ողջ գյուղատնտեսությունը: Ու բացի այդ, մի՛ մոռացեք, որ դրանք կենդանի արարածներ են: Խիստ կազմակերպված հասարակական կենդանիներ...»
Վանյանը սեղմեց արգելակներին: Նրա հետևից ընթացող մեքենան նույնպես: Ինչեպես նաև փողոցի բոլոր մեքենաները: Սև ամպը սպառնագին շարժվում էր մոտ տասնվեց հարկանի շենքի բարձրությամբ: Քիչ անց լսվեց նաև  խուլ տզզոցը, որն աստիճանաբար ավելի ու ավելի բարձր էր դառնում: Մարդիկ դուրս էին եկել մեքենաներից ու նայում էին այդ տեսարանին բերանները բաց: Մեղուներին հաշիվ չկար: Նրանք իրոք կլինեին ամպի չափ: Նրանց տզզոցը ծանր էր, ճնշող: Կարծես զգացվեր, որ ամեն մի թևիկի ամեն շարժում տրվում է հյուծված մկանների անեևակայելի ջանքերի շնորհիվ:
Վանյանը նայեց մեղուների պարսի շարժման ուղղությամբ ու սառոեց:
Ընկերության մեծ լոգոտիպը` ավանդական գույնավոր տառերով, հպարտ կանգնած էր կենտրոնի ամենաերևելի բարձրահարկերից մեկի վրա: Տառերի հետևում նույնիսկ ներքևից կարելի էր նշմարել մի քանի ալեհավաքները, որոնց մեջ կային նաև բնակիչներին պատկանող արբանյակայիններ:Պարսը ուղիղ շարժվում էր գույնավոր տառերի ուղղությամբ: Վանյանի հեռախոսը զանգեց...
«Մի բան արա՛,-ասաց խոսափողից ամենախոշոր բաժնետերը,- մի բան արա՛...տեսնու՞մ ես»
«Ահա...ես շենքի մոտ եմ հենց...,-պատասխանեց Վանյանը,- բայց ի՞նչ...»
«Մի բան արա՛, արդարացրու քեզ: Էդ մեղուների վերջը տուր: Սաղ վարի ա գնում, մի բան արա՛: Մի բան հայտարարի...թե չէ...»,-վերջակետ դրեց բաժնետերն ու կապն անջատվեց:
Վանյանը մի պահ մնաց շվարած ու հանկարծ, պոկվելով տեղից վազեց դեպի շենքը:
«Մի բան անել...»


Մեծ մայրն ընդունում էր լրտեսների հերթական խմբին: Արշավանքն ընդանում էր բարեհաջող: Արդեն պոկված էին ծայրամասերի հիմնական ալեհավաքների մալուխները: Պարսերից մեկն առաջ էր շարժվել քարե փայլուն աշխարհի խորքն ու նշան էր բռնել մեծ ալեհավաքի վրա: Մեծ մայրը ստանում էր լրտեսների բերած պատկերները: Նա տեսնում էր բարձր շենքն ու նրա վրայի համաչափ ու գույնավոր ելուստները: Ելուստների հետևից վեր էր խոյանում մեծ ձողն ու... Նա տեսնում էր իր ցեղի անդամներին` ինչ-որ կենդանու վրա նստած: Նրանք  շրջապատել էին թպրտացող օրգանիզմին: Կենդանին, ջղաձգվելով տարբեր դիրքեր էր ընդունում: Մեղուների ջոկատը փաթաթվել էր նրան: Հաջորդ պատկերի մեջ անհամար մեղուներն արդեն վեր էին բարձրացրել կենդանուն: Մեծ մայրը տեսավ իր ցեղակիցների մարմնիկներից կազմված կեղևի արանքից երևացող մեկ զույգ ընկնավորված աչքերը: Հետո այդ ամենը ցած էր թռչում փոքրիկ միջատների նոսր ամպի ուղեկցությամբ: Մեծ մոր թևերը նյարդային մի քանի թրթիռներ կատարեցին: Այդպիսի բան նա չէր սպասում:


Վանյանը երբեք չէր տեսել ընկերության մեծ լոգոտիպի տառերը հետևի կողմից: Դրանք ժանգոտված էին, ու երևում էին բարակ լարերը, որոնք էլեկտրականություն էին հաղորդում դիոդային լամպերով լուսավորվող հսկա տառերին: Կտուրում մեղմ քամի էր:
«Մի բան արա»...
Ի՞նչ անել,  գրողը տանի, ի՞նչ:
Նա մոտեցավ ալեհավաքի երկար ձողին: Միջատների տզզոցը դառնում էր անտանելի: Թվում էր, թե մի քանի մետր էլ, ու նա կծածկվի օրգանական սև ամպերի մեջ: Նա վերջրեց ալեհավաքի մալուխն ու պահեց այն ձեռքերում` մտածելով, թե ինչ անել:
Առաջին մեղուներն արդեն հասել էին նրա դեմքին: Նա զգում էր նրանց փոքրիկ մարմինների տաքությունը: «Մի բան արա՛»: Նա որոշեց հանել պիջակը: Մեղուների բազմությունն արդեն փակում էր նրա ողջ տեսադաշտը: Նա սկսեց հարվածել միջատների ամպին իր պիջակով: Օդում գործվածքը բախվում էր թուլացած կենդանիներին ու տապալում նրանց: Սակայն ամպը Վանյանի շուրջ ավելի ու ավելի էր խտանում: Նա զգում էր, որ իրեն կծում են: Նա տեսնում էր գետնին ընկած կամիկաձեներին: «Իմ աշխատանքն ա սա, իմ աշխատանքն ա: Մեղվաբուծությամբ զբաղվել, հա՞:Հա-հա~: Չմոտենաաա՛ք, չմոտենա՛ք ալեհավաքին, չմոտենա՛ք»: Սկզբից նա զգաց իրեն պատող կեղևի ծանրությունն, իսկ հետո ջերմությունը: Դա նույնիսկ հաճելի էր ու մի պահ նա լիցքաթափվեց: Նրա ճչի հետ բերանի մեջ մտան մի բուռ մեղուներ...Քիչ անց նա կհասցներ զգալ, թե ինչպես է վայելում թռիչքը, ինչպես են նրան վեր բարձրացնում հազարավոր փոքրիկ շարժիչներ իր մարնի մակերեսի ամեն սանտիմետր քառակուսու վրա:

-Մեր կազմակերպության գլխավոր տնօրենը ցույց տվեց մեր որդեգրած բարոյական արժեքների համակարգը...
-Այսի՞նքն,-հարցրեց լրագրաղը ընկերության գլխավոր բաժնետիրոջը:
-Նա զոհաբերեց իր կյանքը` ցույց տալու համար, որ մենք պատրաստ ենք հետ կանգնել մեր ռազմավարությունից, մեր բիզնեսից ու մեր շահերից, որպեսզի այդ փոքրիկ արարածները կարողանան ապրել ու բազմանալ,- բաժնետերը խոսում էր ողբերգական առոգանությամբ, նրա սուր աչքերը ժամանակավորապես թաքցրել էին իրենց գիշատչային խորամանկությունը:
-Իսկ ի՞նչով է զբաղվելու ընկերությունը,-հետաքրքրվեց լրագրողուհին:
-Մեղվաբուծությամբ հանգիստ պատասխանեց բաժնետերն ու հեռացավ իր թիկնապահերի ուղեկցությամբ:


P.S.
Ծայրամասում գտնվող միայնակ բարձրահարկի մոտ էր շտապում նկարահանող խումբը` պրոֆեսսիոնալ Արտաշի հետ, ով մասնագիտացած էր միկրոխցիկներով նկարահանումներ կատարելու գործում: Մեղվաբուծության մասնագետներն ու ամիդոլոգները պնդում էին ոմն գլխավոր մեղվի` Մեծ մոր գոյության մասին: Ու ահա այն գտնվել `էր: Բարձրահարկի կտուրում հայտնաբերվել էր սպիտակ փեթակիկը, որտեղ ձևավորվում էր միջտների նոր գաղութը:
Կատարելով մասնագիտական  մի շարք սխրանքներ` Արտաշը կարողացել էր մոտեցնել միկրոխցիկը Մեծ մորն ամենահարմար ռակուրսով ու լուսանկարել նրան:
Մի քանի ամիս անց Մեծ մոր նկարով գովազդային պաստառները հայտնում էին երկրի խոշորագույն մեղվաբուծական ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ արժանիքների մասին:

Հեղինակային P.S.
Դադարների ու ալկոհոլի նկատմամբ մուսաս ինձ պես դիմացկուն չէ. Բայց նա, փաստորեն, կա;

No comments:

Post a Comment