Monday, October 24, 2011

ՄՈՆՍՏՌ

Նրա ձայնը նման է պենոպլաստի: Նա քսում է այդ պենոպլաստն ապակուն ու նայում աչքերիս մեջ: Երբ նա ժպտում է, ինձ նյարդայնացնում են նրա անհավասար ատամները: Գրավիտացիայի թուլությունից նրանք ահագին տեղաշարժվել են, և հիմա անտանելի է նրանց նայելը: Նեյլը` հիմար ամերիկացին, անընդհատ փորձում է կատակներ անել: Ու այս ծուռ ատամներով ու պենոպլասռտե ձայնով պոռնիկն այնպես է ծիծաղում, կարծես ավելի ծիծաղալու բան երբեք չի լսել: Սրանք որոշել են ինձ տանջել:
Թռիչքն ընդանում է նորմալ: Վառելիքի, թթվածնի ու սննդամթերքի պաշարները բավարար են:
Գրառման վերջ. Կապիտան Վիգեն Սանյան:

Ես գնել եմ փուչիկներ: Ինքս էլ երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարելի է նվիրել փուչիկներ, բայց այսօր ես տեսա դրանց խանութում: Դրանք մեծ էին, կապույտ ու բարի: Ես որոշեցի, որ չեն խանգարի ինձ:
Վերադարձից անցել է արդեն երեք շաբաթ, ու ես առաջին անգամ պետք է տեսնեմ իմ անձնակազմի անդամներին` բժշկի թույլտվությամբ իհարկե:
Շատ եմ անհանգստանում...

Թռիչքին կա դեռ վեց օր, ու ես մոնստռ եմ: Այսօր ուշադիր զննել եմ Նեյլին: Նրա ատամները նույնպես հակում ունեն ծռվելու: Ես մտածում եմ, որ դա դեբիլության նշան է: Ուրեմն դեբիլների մարմնի խտությունը քիչ է. գրավիտացիայի թույլությունը նրանց վրա ավելի արագ է ազդում:
Պենոպլաստաֆոն Լենային ակնարկել եմ, որ բարձր չգոռա, երբ ես զբաղված եմ լինում տիեզերանավի ամենօրյա դիագնոստիկայով: Նա ասաց, որ երբեք չի գոռում: Ինձ թվում է, ես նրան ատում եմ:
Մեր կենսատարածքը ընդամենը երեք խորանարդ մետր է: Ստացվում է մեկ խորանարդ մետր ամեն մեկիս համար: Ես պատրաստ եմ վերցնել իմ բաժին խորանարդ մետրն ու առանձնանալ:
Նեյլը շարունակում է կատակներ անել: Ես ատում եմ նրա կարճ սանրվածքն ու ծռվող ատամները: Այդ ատելությունից հաճախ քրտնում եմ: Եթե այսպես շարունակվի հաջորդ վեց օրն անցկացնելու եմ դժոխքում:
Վառելիքի, թթվածնի ու սննդամթերքի պաշարները բավարար են:
Գրառման վերջ. Կապիտան Վիգեն Սանյան:

Հոգեվերլուծաբանս ասել է, որ հիմա վտանգ չեմ ներկայացնում: Նա ասել է, որ կարող եմ նորից լիարժեք շփվել մարկանց հետ: Այսօր եղանակը չափից դուրս պայծառ է: Մի քիչ սառն է: Փուչիկները երեքն են: Նրանք շատ բարի են: Ես գնում եմ այցելության Լենայի մոտ: Նեյլը դեռ չի եկել ուշքի...
Ես ճշտել եմ` Լենան պառկած է լուսամուտներից հեռու: Ես կաշխատեմ չնայել ապակիներին:


Ես հայտարարել եմ, որ որպես կապիտան, արգելում եմ այսուհետ աղմկել, բարձր խոսալ, անտեղի կատակներ անել:
Նեյլը նայում է ինձ  չար հայացքով: Հեչ լավ հայացք չէ դա: Դա ավելի է լարված դարձնում մեր երեք խորանարդ մետրանոց կենսատարածքը: Պենոպլաստե Լենան մի անգամ լացեց, բայց ես հրամայեցի թողնել դա: Դեբիլները: Դրանք իրենց ծուռ ատամներով ուզում են ինձ խելագարեցնել: Արդեն մեկ ամիս է նույն խցի մեջ այս երկուսի հետպետք է մի բան անել
Վառելիքի, թթվածնի ու սննդամթերքի պաշարները բավարար են:
Նեյլի հայացքը չար է:
Գրառման վերջ: Կապիտան Վիգեն Սանյան:


Վերականգման գոտում միշտ հանգիստ է: Այստեղ են գալիս հանգստանալու բոլոր տիեզերական անձնակազմերը: Մի ամբողջ քաղաք է իր ենթակառուցվածքով: Լենան ու Նեյլը հիվանդանոցում են: Ես գնում եմ հիվանդանոց: Մի քանի օր է, ինչ ուշքի է եկել Լենան: Ինձ դեռ չեն ձերբակալել ու նույնիսկ ոչ ոք չի կանչել լրացուցիչ հարցեր տալու:
Վթարը վթար է. լինում են տուժվածներ:
Ես անհանգստանում եմ, թե ինչու չի խոսացել Լենան:
Ես ամաչում եմ ու փորձում եմ թաքնվել փուչիկների հետևում:
Հիվանդանոցն արդեն մոտ է: Մեծ սպիտակ ամպն անհոգ լողում է կապույտ ու հսկա երկնքում:


Այսօր մեր էլլյումինատորից երևում էին K-12, K-15, K-21 աստղային համակարգերը: Դրանց արծաթափայլ լույսերը ներխուժել էին մեր երեք խորանարդ քառակուսու մեջ: Նեյլն ասաց, որ քիչ մտածեմ խորանարդ մետրների մասին: Սակայն, ես չեմ հիշում, որպեսզի ասած լինեմ նման բան: Այդ ամենն իմ մտքերն են: Իմն են, իմ մտքերն են: Նեյլը փորձեց անեկդոտ պատմել ինչ-որ տխմար մամոնտի մասին: Ես, կանխազգալով պենոպլաստի ձայնը, արգելեցի դա: Նրա հայացքը կրկին չար է: Երևի ես չքնեմ այլևս: Մնացել է չորս օր: Թռիչքին մնացել է չորս օր: Ու ես շատ խելացի բան կանեմ, եթե չքնեմ: Թե չէ այս երկուսը հաստատ մի բան մտածում են:
Վառելիքի, թթվածնի ու սննդամթերքի պաշարները բավարար են:
Գրառման վերջ. Կապիտան Վիգեն Սանյան

Բեռնատար նավերի անձնակազմերը միշտ ունենում են խնդիրներ: Հիմնական պատճառը շփման սահմանափակ լինելն է: Այլ բան են մարդատար նավերը, որտեղ անձնակազմը հասնում է տասնյակի, կան ուղևորներ, կան հետաքրքիր զբաղմունքներ:
Մենք վերադառնում էինք ոչ այնքան հեռվից: Ամեն դեպքում հետդարձի ճանապարհն առանց բեռի էր, ու տևում էր ուղիղ մեկ ամիս: Առաջին երեք շաբաթն ամեն ինչ ընթանում էր հարթ, իսկ հետո...
Բացի փուչիկներից տանում եմ հետս բելգիական  շոկոլադ: Ահագին բելգիական շոկոլադ: Ես մտածում եմ, որ ծուռ ատամները չեն խանգարի նրան ուտել այս շոկոլադը:
 Չնայած հնարավոր է, որ Լենան արդեն պատմել է, ու ես չեմ կարողանա հանձնել նրան փուչիկներն ու բելգիական շոկոլադը:

Ես անջատել եմ Նեյլին ու կապել: Կանոնադրության մեջ կա կետ, ըստ որի ես իրավունք ունեմ մեկուսացնել անձնակազմի այն անդամներին, որոնցից սպասվում է վտանգ: Նեյլից ես սպասում էի վտանգ: Ես հարվածեցի նրա գլխին ալյումինե մոնիտորով : Նա նայում էր էլլյումինատորից, ապակու մեջ երևում էին նրա ծուռ ատամները: Ու ես հարվածեցի: Հետո ես կապեցի նրան լարերով ու հրամայեցի Լենային ծպտուն չհանել: Նրա ամեն մի ձայնը  բռնաբարում է ինձ, իսկ ես պարտավոր եմ իջեցնել այս տիեզերանավը:
Լենան շարունակում է ձայներ հանել: Նեյլը բացել է աչքերն ու նայում է ինձ գառան պես: Դա ինձ նյարդայնացնում է: Մնացել է երեք օր:
Վառելիքի, թթվածնի ու սննդամթերքի պաշարները բավարար են:
Գրառման վերջ. Կապիտան Վիգեն Սանյան

Խելագարությունը ներելի արատ է: Ոչ ոք չի խելագարվում իր կամքով: Սակայն խելագարները նույնպես կրում են որոշակի պատասխանատվություն իրենց կատարածների համար:
Տիեզերանավերի սիմուլյատորներում մենք անցել ենք տարբեր տեսակի փորձություների միջով: Սովորել ենք կողմնորոշվել ամենաանհավանական վթարների պայմաններում: Գորղը տանի, մենք անցել ենք  հոգեբանական տեստեր, քննարկել ենք նույնիսկ այլմոլորակայինների հետ հնարավոր հանդիպման ժամանակ մեր վարքագծի տարբերակները...Սակայն երբեք չենք մտածել, թե ինչ կլինի, եթե...
Դա ոչ մի տեղ նախատեսված չէ: Դեռ մանկապարտեզում, դպրոցում, համալսարաններում հնարավոր է, որ ինչ-որ մեկը կսկսի նյարդայնանալ ուրիշների ներկայությունից: Ի՞նչ է դա կոչվում: Ու ինչու՞ դա չի նախատեսված...

Տրամադրությունս լավ է: Ես ծեծել եմ Նեյլին իր անասուն հայացքի համար ու կապել եմ Լենային: Լենայի այտերին նույնպես կան ապտակների հետքեր: Ես իշխում եմ այս սողուների վրա: Ես ինքս միայնակ կիջեցնեմ տիեզերանավը: Լենան ասաց, որ ես չեմ կարողանա: Որ առանց երկրորդ ղեկի կառավարման չեմ կարողանա: Բայց ես կկարողանամ:
Հենց Նեյլը նայում է ինձ, ես հարվածում եմ նրա իրանին ոտքով: Այնքան ուժեղ չի ստացվում ինչքան կստացվեր գետնի վրա (գրավիտացիա), բայց միևնույնն է` նրա դեմքի վրա հայտնվում են ցավի նշաններ: Ես մեկ-մեկ վերցնում եմ նրա գլուխն ու հարվածում դրանով հատակին: Լսվում են խուլ ձայներ, որոնք ոչ մի կերպ չես համեմատի պենոպլաստի ձայնի հետ: Իսկական մեղեդի է:
Մնացել է երկու օր:
Ես ստիպում եմ Լենային չշնչել: Նրա մոտ ստացվում է երկու րոպեից մի քիչ պակաս:  
Վառելիքի, թթվածնի ու սննդամթերքի պաշարները բավարար են:
Գրառման վերջ. Կապիտան Վիգեն Սանյան


Հրաշք էր, որ մեր վայրէջքը հաջողվեց: Մթնոլորտ մտնելուց առաջ ես ստուգել էի բոլոր տեխնիկական ցուցիչները: Ամեն ինչ հստակ էր, սակայն ինձ պետք էր երկրորդ ղեկը, որպեսզի ճիշտ հաշվարկեմ վայրէջքի անկյունը: Երկրորդ ղեկին սովորաբար լինում էր Լենան, իսկ նա կապված էր այդ ժամանակ ու ստորացված: Ես չէի էլ մտածում նրա անհրաժեշտության մասին: Երբ եղան առաջին ցնցումները, ինձ պատեց խուճապը: Պարզվեց, որ անկարող եմ կարգավորել տիեզերանավի ընթացքը: Հազիվ էի կարողանում բալանսի բերել իմ ղեկը, իսկ երկրորդը ուղղակի անընդհատ պտտվում էր 360 աստիճանով: Ու այդտեղ հայտնվեց Լենան: Նա արձակել էր ձեռքերը: Մենք կարողացանք  ուղղություն վերցնել մեր աերոդրոմի վրա: Մի քանի րոպե անց մենք ուժեղ հարվածեցինք Երկիր մոլորակի ցամաքին: Անկյունը հաշվարկված էր ոչ այնքան ճշգրիտ, ու մեր նավը, հարյուրավոր բեկորների բաժանվելով,  դեռ երկար սահում էր թռիչքուղու վրա...
Հասկանալով, որ վթարի ենք ենթարկվում` ես հասցրել էի արձակել Նեյլին: Նա և Լենան վայրէջքի ժամանակ ստացան ծանր վնասվածքներ (Նեյլը դեռ չի եկել գիտակցության), իսկ Լենան…

Հիմա կսկսենք մոտենալ Երկրի մթնոլորտին: Լենայի աչքերը մեծ են ու կապույտ: Ճիշտ է նա կսկսի պենոպլաստի  ձայներ հանել, եթե բացեմ նրա բերանը, բայց աչքերը, միևնույն է, մեծ են ու կապույտ: Նեյլին կարծես շատ ուժեղ եմ հարվածել: Նա արդեն տաս ժամից ավել է, որ ոչ մի բան չի ասում: Գիտակցություն էլ չունի նորմալ:
Մի քիչ հետո կսկսվեն պրոբլեմները: Շուտով կմտնենք մթնոլորտ, ու ամեն ինչ կսկսի դղրդալ, ճոճվել, թրթռալ ու աղմկել:
Մի քիչ էլ ու կհասնեմ տուն: Երեք խորանարդ մետր...ես կպարգևեմ ինձ շատ խորանարդ մետրներ: Ես էլ չեմ լսի պենոպլաստի ձայներ: Ես կհանգստանամ ու Նեյլի հիմար կատակներն ինձ չեն նյարդայնացնի: Շուտով:
Գրառման վերջ. Կապիտան Վիգեն Սանյան


Լենայի մեծ աչքերի տակ պարկեր են: Նրա տեսքը տանջված է: Ես ամաչում եմ մտնել սենյակ: Կանգնել եմ շեմին ու սարսափում եմ: Ախր ինչպե՞ս էի ես կարող...
-Բարև, Վիգեն,-ասում է նա:
-Բարև, ասում եմ ես ու հեծկլտում:
Ես մի կերպ սկսում եմ տիրապետել ինձ: Առաջ եմ գնում ու պարզում նրան փուչիկները: Նա ժպտում է: Հիանալի ժպիտ է, ու չքնաղ ատամնաշար է: Նա այնքան լավիկն է: Ես տալիս եմ նրան շոկոլադը:
-Ինպե՞ս է Նեյլը,-հարցնում է ինձ:
-Դեռ ուշքի չի եկել,-ասում եմ ես ու ծնկի գալիս նրա մահճակալի մոտ,-Կներես ինձ, կներես...
-Լավ փուչիկներ են,-ասում է նա,-շնորհակալություն:
-Խնդրում եմ քեզ, ներիր ինձ...
--Նեյլը կառողջանա՞,-հարցնում է նա:
-Հա, բա ոնց,-պատասխանում եմ,-կառողջանա, անպայման կառողջանա: Կներես...
-Ինչպե՞ս ես դու,-հարցնում է նորից:
-Լենա...
-Ամեն ինչ հետևում է...
Ես սեղմում եմ նրա ձեռքն ու թացացնում այն արցունքներովս:


Նեյլն ուշքի եկավ մի քանի օր անց: Նա ուզեցել էր բողոք ներկայացնել իմ մասին, ցանկացել էր գտնել ինձ ու անպայման նայել աչքերիս մեջ: Բայց չէր գտել:
Այլևս ոչ ոք ինձ չի գտնի: Ես մոնստռ եմ:
Ես դիմել էի ծառայությունից ազատվելու համար: Վերցրել էի վերջնահաշվարկով ինձ հասած գումարն ու հեռացել: Հիմա ես այս խուլ գյուղում եմ, որտեղ  չեն լսվում աերոդրոմների ոռնոցներն, ու մարդիկ էլ չեն սիրում խոսալ տիեզերքի ու տիեզերանավերի մասին: Այստեղ ես գնում եմ գյուղացիների հետ հեռավոր դաշտերը` կարտոֆիլի բերք հավաքելու կամ բարձրանում եմ սարերը` հովիվների մոտ:
Երբ կոկորդս լցվում է, իսկ պատերին բռունցքներով հարվածելը չի օգնում, ես վերցնում եմ պենոպլաստի այս կտորն ու...

No comments:

Post a Comment