Wednesday, October 19, 2011

Rock&Go (Melomania 4)

Գործարանային լքված թաղամասում հին ժեշտի կտորը փորձում էր կատարել ճակատագրական մի քայլ: Մեքանան պոկվում էր տեղից, զարգացնում քիչ թե շատ նորմալ արագություն ու ձգտում բախվել ճանապարհի եզրին ցցված սյանը: Անձրևից ահավոր սղլիկ էր դարձել ասֆալտն ու ամեն մի արգելակումից և ղեկի շարժումից մեքենան, մորթվող խոզի ձայներ հանելով, սկսում էր պտտվել ու սահել: Ողջ խնդիրն այն էր, որ մեքենայի ղեկին նստած կապիշոնով մարդը չէր կարողանում իրագործել մտքին եղածը: Ընդամենը պետք էր ողջ արագությամբ բախվել սյանն ու...Նա պատկերացնում էր, թե ինչպես կջարդվեն ատամները ղեկին հարվածելիս, ինչպես կվնասվեն  դաջվածքներով պատված մատները ապակու բեկորներից: Նա չէր կարողանում չմտածել այդ ամենի մասին: Չէր կարողանում հեռու տանել մտքերը:Հին մեքենայի ծակծկված կտուրից չռում էր անձրևը: Մեքենայում ավելի խոնավ էր քան դուրսում: Կյանքը վերածվել էր ամբողջական դիսկոմֆորտի ու ճնշում էր կապիշոնով մարդուն: Միակ բանը որ չէր գրգռում նրան բենզինի ու թաց ասֆալտի հոտն էր: Նա զգում էր մուսայի առկայությունն ինչ-որ տեղ, շատ մոտիկ:
«Ու երևի դա կլինի շեդևր»,-մտածեց նա:


Ռոք աստղի ամերիկյան, հին ու ժանգոտված մեքենան մոտեցավ «Մելոմանիա»  փաբին հետևի բակի կողմից: Գիշերվա խավարը մի կերպ ցրում էր մեքենայի միակ աշխատող լուսարձակը: Գալիս էր այնպիսի անձրև, ինչպիսին լինում է սև ու սպիտակ ֆիլմերում: Անձրևը պետք է թաքցներ ռոք աստղի ներկայության վերջին ժամերը: Նա, իր անձրևանոցի մեջ փաթաթված, բախում էր «Մելոմանիա»-ի հետնամուտքի երկաթե դուռը: Լսվեց ծանր ճռռոց, ու անձրևի կաթիլները լուսավորվեցին լույսի բարակ շերտով:
-Իյա~,-լսվեց Սամվելի զարմացած ձայնը,-դու էստեղ չպիտի լինեիր:
-Վախենում եմ, Սա՛մ, բաց դուռը: Վախենում եմ, արի՛ խոսենք...
-Իյա՛...,-կրկնեց Սամվելն ու ներս թողեց ռոք աստղին: Նրա փոքրիկ ու անշուք մարմինը հայտնվեց նեոնային լուսավորությամբ նեղ միջանցքում:
-Գնա՛նք ինձ մոտ: Աղմուկ չանե՛ս,-առաջ անցավ Սամվելը` ուղեկցելով նրան իր սենյակը:
Փաբի սրահից լսվում էին ֆանկ գիթառի ձայներ:


-Ես վախենում եմ, հասկանու՞մ ես, վախենում: Կարող ա ես պատրաստ չեմ, կարող ա դրա ժամանակը չի...
-Ես եմ պայմանավորվել քեզ համար, վերջացրո՛ւ,-պատասխանեց Սամվելն ու խորասուզվեց միայն իրեն հայտնի մտքերի մեջ,-Դու պետք ա գնաս,-ասաց նա վերջապես:
Ռոք աստղը փորձում էր ակտիվացնել սիգարետը թաց լուցկիով: Ձեռքերը նրա դողում էին: Գլուխը ծածկված էր կապիշոնով, որի եզրերից դեռ ջուր էր կաթում:
Սամվելը վեր կացավ տեղից, մոտեցավ պատի տակ գտնվող պահարանին ու հանեց այնտեղից ռոմի սև շիշը:
-Հրաժեշտի համար,-ասաց նա` լցնելով բաժակները:
Ռոք աստղը վախեցած աչքերով նայում էր բաժակների սևությանը:
-Եթե արագությունից էդպես վախենում ես, արի՛ ուրիշ բան մտածենք,-հանկարծ առաջարկեց Սամվելը:
-Ուրի՞շ:
-Ահա: Օրինակ թռիչք:
-Բեե...,-զզվանքով ասաց ռոք աստղը:
-Սպանություն: Պետք ա ուղղակի մի քիչ տրագիզմ, հասկանու՞մ ես: Քեզանից հետո ես ուզում եմ մի քիչ փող աշխատել: Իսկ առանց տրագիզմի մի կոպեկ էլ չի կպնի:
Ռոք աստղը մի պահ տխրեց որբի նման: Նա նայում էր պատից կախված նկարներին: Ահա Պրեսլին, Լենոնը,օ~, Ցոյը, Մառլին...  ի՞նչ գործ ունի այստեղ Չեն: Սամվելը կարդաց նրա մտքերը:
-Չեն հանճարեղ աստղ էր: Երևի միակն իր ոլորտում: Իսկական ֆենոմեն էր:
Ռոք աստղը շարունակում էր նայել պատկերներին` երգչուհի Ալիահ, Թուփաք, Վիսոցկի, Ջեքսոն...
-Սամ, էս նկարի մեջ չեմ հասկանում` որտե՞ղ ա կանգնած Ցոյը: Հետևի ֆոնը լրիվ անծանոթ ա:
Սամվելը խորամանկ ժպտաց: «Հա բա~, քեզ ծանոթ լիներ..»
-Ես գնամ,-ասաց ռոք աստղը:
-Հետդ կգա իմ տղերքից մեկը:
-Ո՞վ:
-Խաչը կգա հետդ: Դու ստիպում ես ինձ անհանգստանալ: Իսկ Խաչը կստիպի քեզ չանհանգստացնել ինձ:
-Բայց ես ինքս կկարողանամ:
-Կասկածում եմ,-դաժան դեմքով պատասխանեց «Մելոմանիա»-ի տերը,-Խաչի հետ կպայմանավորվեք` կամ թռիչք կամ սպանություն,-Rock and go, baby, rock and go!!!

Սամվելը մտավ սրահ: Նրան ոչ ոք չնկատեց, ու նա ժպտաց: Այցելուները շատ էին: Ռոքնռոլ էր տիրում, ու Սամվելը մի կերպ զսպեց իրեն, որպեսզի չպարի: «Պարելու ժամանակը չի դեռ...»:
Նա մոտեցավ սրահի խուլ անկյունում տեղադրված նախապատմական փողոցային հեռախոսային ապարատին: Թանկարժեք արտեֆակտ էր: Քառասունականների ճիչը: Սամվելը վստահ չէր, բայց նման բան, ասում էին, քաղաքում էլ ուրիշ տեղ չկա: Նա վերցրեց խոսափողը, պտտեցրեց երեք թիվ ու ցածր ձայնով շնչեց ` «Նա կգա, պատրաստ եղեք դիմավորել»: Մի քանի հոգի որոնք տեսել էին թե ինչպես է Սամվելը խոսում քառասունականաֆոնով, մտածեցին թե նա երևի մի քիչ շատ է խմել կամ ծխել: Նրանք չգիտեին, որ ապպարատն այդ աշխատում էր: Ոչ ոք չգիտեր:


-Է՞:,-Խաչի դեմքը ստիպում էր մի բան անպայման պատասխանել այդ «Է՞»-ին:
-Հը-ը,-բացասական թափահարեց գլուխը ռոք աստղը,-բացառվում ա:
-Ըըը՛,-Խաչի դեմքն ասում էր` «բրդեմ, գնա»
-Էէէէ, Հը-ը՛,-ռոք աստղը մի պահ նայեց ներքև: Անձրևի շիթերի հետ նրա գիտակցությունը սլացավ ներքև: Նա զգաց, թե ինչպես է ընկնում արյան ճնշումը: Միայն մի քիչ առաջ խմած ռոմն էր հաղորդում որոշակի առողջ մտքեր` «Ընդամենը մեկ քայլ, մեկ քայլ, ու հետո սաղ կլինի օքեյ»:
Խաչը սպառնագին մոտեցավ նրան: «Էս էլ քեզ հոգեառ հրեշտակ, քու արա՛..»:
Ռոք աստղը նորից նայեց ներքև: «Ահա, կարծես պատրաստ եմ»: Նա երկու ոտքով կանգնեց ամենաեզրին: Կոկորդում անհասկանալի փռչոտ գունդ էր առաջացել: Մատների ծայրերն ընկալում էին կաթիլների ամեն մի հարվածը: Մեծ  նորաոճ կոշիկների ծայրերը փորձում էին երկար վայելել ցամաքի հետ շփումը: Թրջված հագուստը ծանրացել էր ու ներքև էր սեղմում ռոք աստղին: «Տասնվեց, ուրեմն տասնվեց: Տասնվեց հարկ ընդամենը: Մաքսիմում յոթ-ութ վայրկյան:»:
-Է՛,-բազմանշանակ ասաց Խաչը:
Ռոք աստղը պտտեց գլուխը, որպեսզի պատասխանի ու կորցրեց հավասարակշռությունը: Մի քանի վայրկյան  նա սկսեց նմանվել սքեյթբորդիստի` կատարելով կոորդինացիոն բարդագույն շարժումներ: Այդպիսի շարժումներ նա մի անգամ կատարել էր  իր համերգի ժամանակ Նյու Յորքում: Բայց այս անգամ այդ շարժումները պար չէին: Ու դա էլ բեմ չէր, այլ մասսիվյան բարձրահարկի կտուր:
-Է՞,-ասաց Խաչի շշմած դեմքը, երբ նրա տեսադաշտից անհետացավ ռոք աստղը,-է~...,-Խաչի դեմքը տխրեց մի պահ: Սակայն մի ակընթարթ ընդամենը, որովետև լսվեց սրտաճմլիկ գոռգոռոց: Խաչը, ծանր-ծանր քայլեր անելով, վազեց դեպի կտուրի եզրը:
Տասնհինգերորդ հարկի պատշգամբում ամուր  կառչել  էր երկրային կյանքից ռոք աստղն ու ոչ մի կերպ չէր ցանկանում բաց թողնել բետոնի այն կտորը, որը արգելակում էր նյուտոնի երրորդ օրենքը: «Առռըս, թե ես բաց կթողնեմ»:
-Արի հանի՛ ինձ ստեղից, արա՛,-բղավեց նա, քանի որ ադրենալինի մեծ չափաբաժնի պատճառով կարիք ուներ ագրեսսիվ լինելու:
Սակայն Խաչը նշան էր բռնել նրա վրա ատրճանակով: Կոլտ 1911-ի փողն անտարբեր արտահայտությամբ նայում էր բարձրության վրա կախված ռոք աստղին: «...որ մարդ չտեսնի... առանց աղմուկի...բնական...»,-հնչեց Խաչի գլխում Սամվելի ձայնը,-«ԲՆԱԿԱ՛Ն»:
Քիչ անց Խաչն արդեն մուտք էր գործել քնաթաթախ Գաբրիելյանների բնակարանն ու շալակած դուրս էր հանում այնտեղից ուշագնաց ռոք աստղին: «էլի չհաջողվեց»,-ասել էր նա Խաչին ուշքը կորցնելուց առաջ:

Մարդկանց գիտակցությանն անհասենելի մի բան ուշադիր հետևում էր այդ գիշերվա իրադարձություններին: Պայմանավորված ժամանակը սպառվում էր:

Փողոցում անձրևը միացրեց ռոք աստղին: Նա ուժասպառ էր: Նստել էր մայթեզրին ու նմանվում էր իսկական բոմժի: Նրանից քիչ հեռու վեր էր խոյանում հսկա Խաչը:
-Ուրեմն, արի ես քեզ կրակեմ,-ասաց հսկան:
Ռոք աստղը նայեց նրան անսահման հուսալքված աչքերով: «Բա պետք ա՞ ինձ դա, բա պետք ա՞»:

Զույգից հիսուն մետր հեռու դեպի մահն էր շտապում ևս մեկ սուբյեկտ: Անունն էր նրա Կառա: Նա մատռուցողի էր աշխատում Ջրվեժի ռեստորաններից մեկում: Տաքսին նրան հասցնում էր մինչև տան մոտակա խաչմերուկն ու շարունակում իր երթը` աշխատանքից տուն տանելով մյուսներին: Կառան գնում էր արագ քայլվածքով` մերթ ընդ մերթ օրորվելով բարձր կրունկների կրա: Մահը սպասում էր նրան ավտոտնակների հետևում երեք թմրամոլների տեսքով, որոնց մոտ վերջին երեք ամիսների ընթացքում եղել էր առաջին էռեկցիան, ու նրանք շտապում էին օգտագործել այդ բացառիկ շանսը: Նրանցից մեկը զինված էր սովետական ոստիկանական ատրճանակով, որը գողացել էր պահեստային մայոր պապու տնից` վաճառելու նպատակով:
-Աստված իմ,-ասաց ռոք աստղը, երբ լսեց առջկա ճիչը,-աստված իմ: Էս ա՛:
Մրցարշավային ձիու պես նա պոկվեց տեղից: «Է՞»,-հասցրեց անցնել Խաչի ուղեղում:
Ռոք աստղը ներխուժեց թմրամոլների կյանք առանց հրավերի: Առաջացրեց իրարանցում, վախ, խուճապ ու փախուստ: Ռոք աստղի ելույթն ընդհատվեց միակ կրակոցով: Մինչ այդ նա հասցրել էր պատահական հարված անել, որը դուրս էր գցել թմրամոլներից մեկի ծնոտը: Մթության մեջ առանձնապես հստակ էր լսվում հեռու փախչող աղջկա բարձր րունկների կտկտոցը: Ռոք աստղը զգաց, թե ինչպես են անձրևի կաթիլները լցվում կրծքի վրա բացված մեծ վերջի մեջ: Մի քանի կաթիլ հետո նա փակեց աչքերն ընդմիշտ:
Խաչը մռայլվեց ինչպես երբեք: Նրա հեռախոսը հասցրեց Սամվելին նախապես պայմանավորված էսեմեսը` «ok»:
Մարդկային գիտակցությանն անհասանելի թռչող օբյեկտը հետևում էր ռոք աստղի մարմնին: Երբ այն արդեն ընկած էր ասֆալտին, մարդկային գիտակցությանն անհասանելի թռչող օբյեկտը վերցրեց ռոք աստղին:

«Մելոմանիա»-ի խորհրդավոր տերը գոհ էր աստղի հետմահու ալբոմի` «Rock&Go»-ի պրեզենտացիայից: «Նկարահանում էին նույնիսկ ամերիկացիները»:
Նա գոհ էր նաև մի քանի օր առաջ ստացված հաղորդագրությունից:
« ...նա ռեաբիլիտացվում է: Ամեն ինչ ընթանում է նորմալ: Կլիմայական պայմանները նրան դուր են գալիս: Շփվում է մյուսների հետ: Ավելորդ հարցեր չի տալիս: Ուղարկում ենք նրա առաջին նկարներն այստեղից: Շնորհակալություն ենք հայտնում հաջող աշխատանքի համար: Դուք մնում եք որպես կապավոր այդ տարածաշրջանում, չնայած նոր հավակնորդներ դեռ չենք նկատում: Այս լեգենդը մեր կարծիքով ստացվել է..»:
Իր սենյակում Սամվելը հանեց սեղանի դարակից մեծ ծրարը: Նրա մեջ ռոք աստղի առաջին լուսանկարն էր այն մոլորակից, որտեղ գնում են լեգենդները: Նրանց բոլորին մի պահ առաջարկվում է դառնալ առասպել: Ոմանք ընդունում են ու հեռանում: Ու պետք չէ զարմանալ, երբ տարիներ անց պատերի վրա հայտնվում են գրություններ` «Ռոք աստղը ողջ է»:
«Մելոմանիա»-ի տերը հպարտ էր: Նա ճանապարհել էր ԱՅՆՏԵՂ մեծագույն աստղերից մեկին: Դա մնալու էր երաժշտության գաղտնի պատմության մեջ: Դա լինելու էր նրա ամենամեծ հետքերից մեկն այդ քրոնիկոնում:
Սամվելը խորը նստեց իր փափուկ բազկաթոռի մեջ: Ընդհատակյա երաժշտական մեխանիզմը ջերմացնում էր նրա հոգին: Նրա հանգիստ աչքերը նայում էին պատին հայտնված նոր նկարին:

No comments:

Post a Comment