-Սակագների բարձրացումը կարող է ունենալ բացասական հետևանքներ: Եկեք չմոռանանք, որ ամեն դեպքում, մենք չունենք էական լծակներ...
-Լծակներ, լծակներ...Դու ինձ հոգնեցում ես, Յուրիյա՛ն,-անտարբեր հորանջելով` ասաց խոշոր տղամարդը,- Լծակներ այս գործում ընդհանրապես հարկավոր չեն: Խոսքը գնում է մարդկանց խղճի ու հոգու հանգստության մասին: Ի՞նչ լծակներ...
-Բայց այդպիսի՞ փոփոխություն..,-Յուրիյանը փորձում էր մոգոնել այլ պատճառաբանումներ ևս,-ախր...ախր...
-Ո՛չ մի ախր...այսօր էլ կհայտնեմ: Ես արդեն կանչել եմ բոլորին: Կանցկացնենք նաև ռեպլիկների համակարգի թարմացումը....
Անկյունում նստած սևազգեստ, նիհար ու երկար մորուքով տղամարդն իմաստուն հայացքը դարձրեց Կառավարության անդամ Յուրիյանին.
-Մի՛ անհանգստացիր, որդյա՛կ...,-ասաց նա դրական շարժելով գլուխը,-հիշիր մեր մոմերի գները: Մարդիկ շատ հեշտ են համակերպվում: Ու լծակներ էլ հաստատ պետք չեն:
Խոշոր տղամարդը սիրալիր նայեց Յուրիյանին ու դատարկեց գինու բաժակը:
Սև մերսեդես վիտոն դուրս եկավ կենտրոնի նորակառույց ստորգետնյա կայանատեղից: Այդ նոր լաբիրինթը շատ հարմար է, եթե ուզում ես երկար ժամանակով ապահով պահել մեքենան:
Վիտոն գալիս էր այդտեղ առավոտյան ու դուրս ելնում ուշ երեկոյան` տասնմեկի կողմերը: Այն կատարում էր մի քանի շրջան քաղաքում` պարբերաբար կանգառներ անելով որոշակի տեղերում: Հետո սև, սլացիկ ֆուրգոնն Արշակունյաց պողոտայով սլանում էր Երրորդ մաս, կատարում այնտեղ էլի մի քանի կանգառ ու դուրս գալիս քաղաքից:
Վիտոյի փոքրիկ ու հարմարավետ սրահում տեղավորվում էին տասներեք փոքրամարմին կանայք: Նրանք ծեր էին, կռացած ու կծկված: Նրանց փոքրիկ մարմինները սեղմվում էին իրար ու հանգիստ տեղավորվում փոքրիկ մեքենայի մեջ: Ֆուրգոնը սլանում էր գիշերային ազատ մայրուղիով դեպի քաղաքամերձ շքեղ առանձնատներից մեկը:
Կանայք նստած էին լուռ: Նրանց լռությունը լցրել էր վիտոյի սրահը: Միայն մեծ վարպետության շնորհիվ էր ֆուրգոնի վարորդը խուսափում վթարից. Էներգետիկ այդպիսի ծանր բեռի փոխադրումը, ինչպիսին են այդ տասներեք պառավները, հեշտ գործ չէ: Ղեկն անընդհատ ուզում է շրջվել ու դուրս գցել մեքենան ճանապարհից:
Լիալուսնի շողերը արտացոլվում էին սլացիկ մերսեդես վիտոյի մգեցված ապակիներում: ճեղքելով հանդիպակաց սառը քամին այն մոտենում էր նպատակատեղին:
Սևազգեստ մորուքավորը բարակ մատներով անվերջ շոյում էր կրծքի մեծ խաչը: Խաչը շքեղ էր` թանկարժեք քարերով ու հարուստ փորագրություններով: Նա կանգնած էր սրահի կենտրոնում ու մտովի հաշվում էր բոլոր ներս մտնողներին: Այդ պատասխանատու պահին նրա կողքին էր կանգնած խոշոր տղամարդը: Կատարվելու էր չափազանց նշանակալից մի հայտարարություն:
Երբ փակվեց սրահի դուռը, սևազգեստի անհամբեր աչքերն անցան բոլոր ներկաների վրայով: Բավականին բարդ գերատեսչության բոլոր շերտերը ներկա էին: Նա հաշվեց բոլոր պառավներին, բոլոր կենդանաբաններին, բոլոր ինկասատորներին, բոլոր վարորդներին, մարկետոլոգին, փի-ար մասնագետներին, երեք քրմերին, հաշվապահին, Յուրիյանին ու խոշոր տղամարդուն: Սրահի կտուրի երդիկից ներս ընկնող լուսնի լույսը խորհրդավոր էր դարձնում նրա սիլուետը:
Հայացքով նա իր մոտ հրավիրեց երեք քրմերին ու մարկետոլոգին: Մի շաբաթ տևած բանակցությունների ժամանակ, նրանք եղել էին միասին ու միասին էլ կայացրել էին որոշումը:
Խորը շունչ քաշելով` սևազգեստն ասաց.
-Հարգելինե՛րս...Մեր աշխատանքը հաճախ չեն գնահատում, մեր աշխատանքը հաճախ էլ քննադատում են ու փնովում: Ավելին` մեր աշխատանքն ավելի հաճախ ուղղակի չեն նկատում:
Նա կարճ դադար տվեց.
-Սակայն գործն այս ծաղկում է: Գործն այս առաջ է գնում: Մենք բարգավաճում ենք ու ուզում ենք հասնել ավելիի: Մենք ուզում ենք, որպեսզի մեր բոլոր շերտերն ունենան ավելի լավ պայմաններ` ավելի լավ ապրելու համար...
Նրա իմաստուն հայացքը կրկին սահեց ներկաների վրայով.
-Ուստի մենք քննարկել ենք ու որոշել...Այսուհետ պահանջել ոչ թե քսան կամ տաս դրամ, այլ հարյուր:
Սրահում լսվեցին բացականչություններ` հիմնականում հիացական: Կային նաև կասկածամիտ ձայներ:
Սևազգեստը բարձրացրեց ձեռքերը: Բոլորը լռեցին:
-Այն մարդիկ, ովքեր տալիս են իրենց քսան դրամները, կտան իրենց հարյուրները, կտան նաև հինգհարյուրներն ու հազարանոցները: Չէ որ, դուք օրհնում եք նրանց, դուք թույլ եք տալիս, որ նրանք մաքրեն իրենց հոգիները` կատարելով փոքրիկ զոհաբերություններ, դուք ընդունում եք նրանց դրական ու բացասական լիցքերը: Ու վերջ ի վերջո` Չէ որ դուք ի զորու եք անիծել նրանց գրողի ծոցը…
Սևազգեստի խոսքերի հետ նորից եռում էին հավաքվածների կրքերը:Առաջ եկավ քրմերից մեկն ու սաստեց աղմուկն իր գավազանի շարժումով.
-Մենք կանչել ենք երեկ բոլոր քնած ու արթուն դևերին ու սրբերին, մենք խորացել ենք մեջը բառի ու գտել ենք ձևը բառի, ու այսուհետ ձեռք պարզելիս ու մուրալիս դուք պիտ ասեք` տու՛ր մեզ հարյուր` բախտը քեզ բյուր:
Սրահում հանկարծակի լռություն տիրեց: Կարծես անջատեցին էլեկտրականությունը:
«Տու՛ր մեզ հարյուր` բախտը քեզ բյուր»
Պառավները, որ կանգնած էին առաջին շարքում, սկսեցին ռիթմիկ շարժումներ գործել: Նրանցից մի քանիսը քթի տակ արտասանում էին նոր յուրացված արտահայտությունը: Արտասանում էին որոշակի ռիթմով: Արտասանում էին եռանդով ու հրճվանքով: Գնալով ավելի ու ավելի բարձր: Նրանցից մեկը կարծես չդիմացավ ու խոցեց սրահի լարված մթնոլորտը սուր ծիծաղով:
-Բառն այս հզոր է ու ազդեցիկ...բառն այս ուժ է ու պատիժ: Բառն այս ձեր շուրթերին շատ ոսկի մեզ կբերի:
Սկզբից ծափահարեցին միայն մի քանիսը, հետո բոլորը: Սևազգեստը հաղթանակած նայեց հրճվացող ամբոխի մեջ կանգնած Յուրիյանին: Խոշոր տղամարդը պինդ սեղմեց նրա ձեռքն ու շնորհակալություն հայտնեց:
Խոսքը վերցրեց մարկետոլոգը.
-Սիրելիներ՛ս, ուշադրությու՛ն...սիրելինե՛րս,-նիհար ու ակնոցներով` նրան դժվար էր տրվում մարդկանց ուշադրությունը,-սիրելինե՛րս: Մեր կատարած ուսումնասիրությունների ու փի-արի մասնագետնիերի խորհուրդների համաձայն` մենք ուզում ենք անել մի քանի կարևոր դիտողություններ: Հետևեք ձեր տեսքին: Կապեք բաց կապույտ, նարնջագույն ու ալ կարմիր գլխաշորեր: Կուզ ցուցադրելիս ծռվեք ուղիղ 47 աստիճան անկյան տակ, ձեռքերը ներկեք հնայով ու մի՛ մաքրեք ձեր եղունգները: Քրմերի ասած նոր ռեպլիկն ու այս ցուցումները թույլ կտան մեզ հեշտ յուրացնել հարյուր դրամի արգելքն ու հաստատվել որակական այդ նոր աստիճանի վրա...
Նրա ձայնը աստիճանաբար կուլ գնաց էյֆորիկ ժխոռի մեջ: Երեք քրմերը, առաջ գալով, հայտարերից մատաղի երկար սպասված արարողությունը: Այդպիսիք լինում են ամիսը մեկ անգամ` լիալուսնի ժամանակ: Զոհաբերվում է ամսվա ամենաժլատ մարդը, ով երբեք չի տալիս դրամ փողոցային մուրացկաններին:
Զգալով էներգետիկ մոտալուտ բումը` պառավները սկսեցին իրենց փոխակերպումը:Դրանք, ասես համաձայնեցված, ընկան գետնին ու սկսեցին թպրտալ: Թպրտում էին նաև քրմերը, որոնք անընդհատ աղոթքներ էին ասում անհասկանալի լեզվով` սրահի կենտրոնում, երդիկի տակ շրջան կազմած: Օրորվում էր նաև սևազգեստը:
Ու հանկարծ պառավներից մեկը վերածվեց մի շան: Երբ նա դունչը տնկեց դեպի լուսինը, հասկանալի դարձավ` գայլ էր դա: Հետո մյուս պառավները...մեծ մասը նրանց գայլեր էին: Մի քանիսը աղվես, երեքը լուսան: Միայն մեկն էր, որ վերածվեց չար հայացքով ու գզգզված մազերով մի երեխայի:
Ինչքան ավելի բուռն էին աղոթում քրմերը, այնքան ավելի էր պայծառանում հատակի վրա լուսնի լույսի շրջանը: Ու...
Ու հայտնվեց այնտեղ մերկ մարմնով մեկը, ում անմիջապես ճանաչեց Յուրիյանը.
-Պատգամավոր Սահակյա~ն, չորորրդ ընտրատարածքից,-բացականչեց նա` ուզենալով մոտիկանալ ու սեղմել նրա ձեռքը: Յուրիյանին կանգնեցրեց խոշոր տղամարդը:
Պատգամավոր Սահակյանը ապշած նայում էր շուրջ բոլորը` մոռացած որ ամբողջովին մերկ է: Քրմերից մեկն անմարդկային աչքերով նայում էր նրա ճակատին: Գավազանի կտրուկ շարժում, ու պոկվեցին իրենց տեղից փոխակերպված պառավները: Առաջինը, ատամները սրած, տեղ հասավ գզգզված մազերով երեխան:
-Պատգամավոր Սահակյաա~ն,-մելամաղձոտ առոգանությամբ ասաց Յուրիյանը:
-Իսկ դու ասում ես լծակներ...,-չափազանց սիրալիր ասաց նրան խոշոր տղամարդը:
Սրահի հատակի տակ, զգալով էներգետիկ ծասի հզորությունը, իրենց վանդակներում մլավում էին սև կատուները: Նրանց աղիողոմ ձայնը հասավ կենդանաբանի ականջին:
-Հե՛յ, Հեե~յ,-կատուներիս բժին թողե՛ք,հե՛յ,-գոռաց նա արունոտ իրարանցման մասնակիցներին:
Սակայն խոշոր տղամարդը հանգստացրեց նրան.
-Մի՛ անհանգստացիր, ախպե՛ր, քո կատուներին կարող եմ միայն գովալ: Էս ամիս անցել են 42 567 հոգու առջևով: Չլսված թիվ ա: Նկատվել ա, որ մեր եկամուտների վրա ունի ուղղակի ազդեցություն:Հաշվել ենք, որ առանց սև կատուների գործոնի ամեն պառավ օրական կբերի 5000 դրամով պակավ… Էնպես, որ քո կատուները կպարգևատրվեն հատուկ դելիկատեսով...
-Ի՞նչ դելիկատես,-ուրախացավ կենդանաբանը:
-Դե...սրտովդ կլինի՞, եթե թունավորենք կենդանաբանական այգու փղին: Կամ գուցե զե՞բր: Կամ, օրինակ, լամա՞:
-Հեեե~,-հալվեց կենդանաբանի դեմքը` վերածվելով մի ամբողջական ժպիտի...
-Պատգամավոր Սահակյան...,-շարունակում էր լուռ դարդ անել Յուրիյանը:
Յուրիյանը լանչի է գնում վերին հարկի նախարարի հետ: Նրանք միասին են դուրս գալիս շենքից, անցում փողոցը, քայլում այգու միջով, մտնում լիբանանյան ռեստորան ու պատվիրում թեթև, ձիթապտղի ձեթով պատրաստված ուտեստներ: Դա դարձել է արդեն սովորույթ ու Յուրիյանը շատ է գնահատում այդ փոքրիկ հաճույքը: Նա սիրում է նախարարի անհոգ քայլվածքը, նրա խոսալու ձևը, այն որ նրանք միասին մտնում են ռեստորան ու իրենց տեսքով միանգամից գրավում բոլորի ուշադրությունը: Դուր է գալիս նրան նաև այն, որ վերին հարկի նախարարը միշտ հարցնում է նրան ընտանիքի, կնոջ, երեխաների մասին, հետաքրքրվում է ֆուտբոլով ու լանչի ժամանակ չի խոսում աշխատանքի մասին:
Նրանք արդեն պատրասվում էին անցնել փողոցը, վերադառնալ Կառավարություն, երբ նրանց ճանապարհը կտրեց զզվելի չափսերի, նարնջագույն գլխաշորով ու կեղտոտ եղունգներուվ պառավը.
-Տուր ինձ հարյուր` բախտը քեզ բյուր,-կմկմաց նա:
-Դե կորեք, ձեր...,-բարկացավ վերին հարկի նախարարը,-բանաստեղծ են դառձել տականքները, արդեն չափածո են մուրում, ձեր տիրոջ մերը ...
Յուրիյանը խառնվեց իրար: Նա փորձում էր հանգստացնել նախարարին:
-Ձեր տիրոջ մերը....պառազիտներ եք, արա, զզվում եմ, մի կոպեկ էլ չեմ տա...
Պառավի աչքերը մի պահ փայլեցին դիվային կայծերով...
Յուրիյանն օրն անցկացրեց մռայլ մտածմունքներում:
No comments:
Post a Comment