Monday, October 31, 2011

Ժանգ 131

Скованные одной цепью
Связанные одной целью
Наутилус Помпилиус




 Այդ խելառը կատակ չէր անում: Հեչ կատակ չէր անում: Նրա դանակը պողպատից էր,ժանգոտած, առանց ավելորդ նախշերի ու զարդերի: Նույնիսկ կոթն էր պեղպատե: Այդպիսի դանակները չեն պահում որպես հուշանվեր կամ դեկորի մի մաս: Այդպիսի դանակներն օգտագործում են միայն ըստ նշանակության: Նա կատակ չէր անում:
Միջանցքներում լույսը թարթում էր: Ցերեկային լուսավորության երկար լամպերը միանում էին ու անջատվում: Ամենուրեք լսվում էր նրանց խուլ տզզոցը: Ելքը լուսամուտից այն կողմ էր:Դա այնքան էլ ելք չէր, բայց դա միակ տարբերակն էր: Հետևում, ինչպես նաև ներքևի հարկերում վխտում էին գազանները: Դիամցը կանգնած էր խելառը` պողպատե դանակը ձեռքին: Այդ դանակը սառն էր ինչպես մահը: Դա իսկական մսագործի դանակ էր: Դրա սուր ծայրն անպայման կճղեր նրա մաշկը, հանգիստ կանցներ հյուսվածներով ու կխրվեր նրա ներքին օրգանների մեջ: Ելք: Լուսամուտ: Դուրս:
Նա հիշում էր արտակարգ իրավիճակների համար նախատեսված ժանգոտ աստիճանը, որ բարձրանում էր մինչև կտուր: Նրա հագի իտալական կոստյումը սեղմում  էր մեջքին փաթաթված թևերը: Դրանք շարժելու ամեն մի փորձ վերածվում էր ճնշող ցավի:
Դանակով խելառը մի քանի քայլ արեց: Նրանց միջև հեռավորությունը չորս մետրից էլ պակաս էր: Մինչև լուսամուտ երեք մետր էր: Լցնելով թոքերը խորը շնչով` նա պոկվեց տեղից հրթիռի պես...


Դեպի Ժողովների Պալատ ընկած ճանապարհը երկար էր նրա համար: Նա ստիպված էր անցնել մի շարք ձևականությունների միջով: Ավարտել ուսումնական հաստատություն, անդամակցել երիասարդական կազմակերպության, ժպտալ տարատեսակ ասուլիսների ժամանակ: Չնայած հենց իր այդ ժպիտների շնորհիվ էլ ճանապարհն այդ ահագին կարճվեց: Նա ուղղակի գերել էր բոլորին: Գերել էր անխտիր բոլորին: Նրան ընտրել էին առանց տարաձայնությունների: Իր ընտնատարածքում նա չունեցավ ոչ մի արժանի մրցակից:
Նա հասավ իր նպատակին: Այն նպատակին, որ դրված էր իր առջև: Մտնել Ժողովների Պալատ ու կատարել բուն առաքելությունը:
Այն, որ հանդիպելու է այնտեղ գազանների, գիտեր: Գիտեին նաև նրանք, ովքեր դրել էին նրա առջև այդ նպատակը: Ուղղակի պետք էր փոխել շատ կարևոր մի բան: Պետք էր մտնել Ժողովների Պալատ ու փորձել փոխել գազաններին:
Այդ գազանները պատված էին խավարով, նրանց միտքն աշխատում էր հանուն մեծագույն ուժերի, որոնք կոչվում էին Կրատում և Պլուտոս:
 Դրանք խելակորուս գազաններ էին` տարված միայն իրենց իշխանությամբ ու որոշումներ կայացնելու մենաշնորհով: Նրանց ժողովների ժամանակ որոշվում էին Մարդկանց ճակատագրերը: Նրանք քվեարկում էին իրենց որոշումների համար ու իրագործում իրենց իշխանությունը, իրագործում դա հանուն փողի:
Ու ահա եկել էր նա, որ պիտի մտներ Ժողովների Պալատն ու ջանալ փոխել...
Առաջին երկու ամիսները...Նա գրեթե չմնաց Ժողովների Պալատում:Մինչ գազանները նստած էին իրենց հսկա դահլիճում` Կրատումի ու Պլուտոսի նկարների տակ ու քվեարկում էին, նա փորձում էր օգտագործել իրեն հասած իշխանությունն ու դրամը քաղաքներում ու գյուղերում, կատարում էր արտահայտություններ: Նա կատարում էր կարևոր հայտարարություններ: Նա խոսում էր լրագրողների հետ, նա գնում էր մամլո ասուլիսների ու անում հայտարարություններ: Նա ասում էր, որ Մարդկանց ձեռքն է  իշխանությունն ու Մարդիկ կարող են շատ ավելի լավ ապրել: Նա սում էր, որ կարելի է սեփական ուժերով կառուցել ոռոգման ջրագծեր, վերանորոգել փողոցներ, շենքեր, կարելի է սեփական նախաձեռնությամբ առաջարկել ավելի հարմար օրենքներ ու վերացնել ստրկությունը: Նա շատ էր խոսում ստրկության մասին, որը կազմակերպել էին բանկերը: Նա ասում էր, որ ամեն ոք, ով պարտք է բանկին, կարող է համարվել նրա ստրուկը:
Հետո Ժողովների Պալատը կանչեց նրան գլխավոր հավաքին:
Նա կանգնած էր դռան առջև ու գիտեր` այնտեղ` հսկա դահլիճում, իրեն սպասում են գազանները: Նա գիտեր, որ գազանները գոհ չեն իրենից...նա գիտեր դա:

Դռան մետաղական բռնակը, որը ժանգոտված էր, շարժվեց, ու նրա առջև ճռալով բացվեց հսկա դահլիճի դուռը:
Գազանները սինխրոն շրջվեցին: Դեմքերը նրանց սփրտնած էին: Բոլորի աչքերը մոխրագույն էին: Հեռվում` դահլիճի վերջում` ասես բեմի վրա, դրված էին Կրատումի ու Պլուտոսի նկարները: Նրանց միջև գտնվաղ ամբիոնը դատարկ էր:
-Հարգելի պարոն Վարուժա՛ն,-ասաց գազաններից մեկը, ով վերև կացավ առաջին շարքից ու սկսեց առաջ գալ,-հարգելի պարոն Վարուժա՛ն:Դուք չեք համենում այստեղ արդեն մի քանի ամիս է, մենք անհանգստանում ենք: Ինչպես է ձեր թանկագին առողջությունը:
Նա չէր սպասում այդպիսի բարեհամբյուր խոսքերի: Խոսողի ձայնն արձագանքվում էր դահլիճի հսկա չափսերի մեջ:
-Ես չեմ ցանկացել զուր կորցնել ժամանակս ու փորձել եմ աշխատել դաշտային պայմաններում...
-Մենք դա հասկանում ենք, Վարուժա՛ն, մեր սիրելի Վարուժա՛ն,-գազանը գրկել էր նրան ու տանում էր դեպի դահլիճի վերջում գտնվաղ ամբիոնը:Գազանի դեմքը շատ մոտ էր նրան ու նա զգում էր սառը շունչը,-մեր սիրելի Վարուժան....դու տեսնու՞մ ես այն ամբիոնը: Այն Խոսնակի ամբիոնն է: Այնտեղից հնչող ձայնն արտահայտում է մնացած 130ի կամքը: Մենք ուզում ենք, որպեսզի դու լինես մեր Խոսնակը...
-Ի՞նչ,-նա արդեն զգում էր, որ կկատարվի ահավոր մի բան:
-Ինչ լսեցիր, սիրելի Վարուժա՛ն: Մենք ցանկանում ենք, որպեսզի քո ձայնը լսվի այն ամբիոնի հետևից...
-Բայց...
-Բայց իհարկե մենք պետք է կատարենք թեթև վիրահատական միջամտություն...
-Ի՞ՆՉ...
Բոլոր գազանները միանգամից ոտքի ելան: Նրա հետ խոսացողի աչքերը հետ գնացին, մազերը բիզ-բիզ կանգնեցին ու նմանվեց նա խելառի: Սիրտը խփում էր դինամիկի բարձիկների պես: Երբ նա տեսավ, որ գազաններից մի քանիսը վազում են դահլիճի առաստաղի վրայով, սկսեց փախչել: Նրա դիմաց, առաստաղից ցատկելով, հայտնվեց մի գազան: Ուժեղ հարված քթին, ու նա հասկացավ, որ իրեն կարող են սպանել: Դա երբեք այնքան հստակ չի հասկացվում մինչև առաջին հարվածը: Երբ մարմինը կամ դեմքը վառվում են ցավից ու վիրավորանքից, նոր հասկացվում է` կարող են սպանել:
Իտալական կոստյումի տակ դողում էին թևերը: Գազանները արդեն ցրվել էին ու շրջապատել նրան: Խելառ գազանը հանել էր մետաղյա մի իր ու դանդաղ մոտենում էր նրան:
Նա որոշեց փախչել: Կատաղի գոռոցով խոցեց իրեն շրջափակող օղակն ու հայտնվեց միջանցքում: Կարծես պայծառ եղանակ էր, երբ նա նոր էր ժամանել, իսկ լուսամուտներից երևում էր սև ամպերով պատված երկինքը:
Նա կարողացավ տապալել մի քանի գազանների, որոնք ցատկել էին իր վրա: Սակայն գազանները, վազելով առաստաղի վրայով, փակել էին նահանջի ճանապարհը: Հետևում նրանք էին, իսկ առջևից գալիս էր խելառը` դանակը ձեռքին:

Աստիճանները ժանգոտ էին: Ժանգի մանր մասնիկները տհաճորեն գրգռում էին ձեռքերը: Նա հասավ կտուրին ու հիասթափվեց: Ողջ կտուրը պատված էր ժանգոտված ժեշտերով: Ոտքի ելնելով` նա պոկեց վրայից կոստյումն ու...
Երկար ժամանակ անշարժ մնալուց թուլացել էին մկանները: Նա սկզբից բացեց դրանք, ձգեց: Նրա սպիտակ, ձյունից էլ սպիտակ թևերը հիասքանչ էին սև ամպերի ու ժանգոտած ժեշտի ֆոնին: Նա խորը շունչ քաշեց ու երկու հզոր շարժ կատարեց թևերով: Տարածությունը նրա շուրջ ճեղքվեց օդի կայծակնային հոսքերից: Սակայն նրա դիմաց ծխնելույզի հաստ խողովակներից սկսեցին դուրս ցատկել գազանները: Նրանց կոստյումները մրոտված էին ու ճմռթված: Գազաններ երևացին նաև կտուրի եզրերից: Դրանք մագլցելով բարձրացել էին վերև:Թեևերի մկանները արդեն ադապտացվում էին ու նա պատրաստ էր թռիչքին: Երևաց խելառը` պողպատե ժանգոտ դանակը ձեռքին: Նրա հետ գնացած աչքերը մի պահ ֆոկուսի եկան, ու դեմքին հայտնվեց խորամանկ ժպիտը:
Հաջորդ պահին թևերը պոկեցին նրա մարմինը կտուրից ու բարձրացվեցին վեր...Հաջորդ պահին ժանգոտ, մետաղական ցանցերը խճճեցին նրան իրենց մեջ ու գցեցին գետնին: Հաջորդ պահին նրա գլխավերևում հայտնվեց խելառը`պողպատե ժանգոտ դանակը ձեռքին:
Երբ Երկնային առաքյալներին զրկում են թևերից, նրանց ողբի ձայնը լսվում է մի քանի կիլոմետրից: Երբ կտրում են Երկնային առաքյալի թևերը, երկինքը սկսում է ողբալ իր զավակի ցավը: Եկավ անձրև, ինչպիսին շուտվանից չէր եղել քաղաքում:

-...Ժողովների Պալատը պատասխանատվություն չի կրում Մարդկանց կյանքերի համար: Մենք օրենսդիր մարիմին ենք, մենք նշանակում ենք օրենքներ, որոնց Մարդիկ պարտավոր են հետևել: Մենք չենք քննարկում Մարդկանց կարծիքներն ու պահանջում ենք Մարդկանցից միմյան հնազանդություն: Եթե մարդիկ ունեն գումարային խնդիրներ` բանկերը նրանց պահապան: Եթե մարդիկ ունեն կոմունալ խնդիրներ` թող հերթագրվեն, լրացնեն բոլոր ձևերը, ներկայացնեն բոլոր դիմումները, հաշվառվեն ու միգուցե, վեցերորդ ընթերցումից հետո, մենք կմտածենք այդ խնդիրների մասին,-պարոն Վարուժանի դեմքին չկար ժպիտ, նա կատակ չէր անում, նա դիմում էր ժողովրդին հսկա դահլիճի ամբիոնից, ուղիղ եթերով,-...Ժողովների Պալատը կոչ է անում բոլոր մարդկանց ենթարկվել օրենքներին:Հնազանդվեք այն օրենքներին, որոնք հորինում ենք մենք: Այդ օրենքները բոլորիս դարձնում են ավելի հարուստ ու ավելի զորեղ: Հետևեք մեզ....
Ամբիոնից հնչող անկենդան ձայնը խուլ արձագանքով անցնում էր ներկաների միջով, հասնում բազմաթիվ բարձրախոսների ու դիկտաֆոնների միջով ու լսելի դառնում միլիոնների...
Կրատումի և Պլուտոսի նկարները կախված էին ամբիոնի վերևում: Պլուտոսի դեմքը խորամանկ նայում էր Երկինք ու ժպտում էր: Կրատումի դեմքը պարզապես ժպտում էր:






No comments:

Post a Comment