Ես գնում եմ, իսկ աչքերս փակվում են: Այսինքն ես ինքս չեմ գնում. Ինձ տանում է տրանսպորտային միջոցը: Տանում է աշխատանքի, բայց ես հազիվ եմ ինձ զսպում, որպեսզի չքնեմ: Նայում եմ շուրջս: Դրսում մութ է արդեն, իսկ մյուս ուղևորները կամ հորանջում են կամ ինձ պես հազիվ բաց պահում աչքերը: Շուտով կլինի իմ կանգառը, ու ես վախենում եմ: Շատ հանգիստ կարող եմ քնել ու բաց թողնել այն: Դա գիշերային հերթափոխն է: Հիմա գիշեր է: Եվս երկու կանգառ, ու ես կհասնեմ այն ամենին, ինչն ինձ սպասում է: Քիչ մնաց:
Մի քանի ժամ անց ես հունի մեջ կընկնեմ: Իսկ այժմ զոմբիացած թափառում եմ սուպերմարկետում ու հետևում մարդկանց: Ես դեռ չեմ անցել իմ ֆունկցիային: Քանի դեռ չի հայտնվել գույնը գցած ու տառապած մենեջերն ու հրավիրել ֆունկցիային, ես կարող եմ ազատ շրջել: Ես նայում եմ մարդկանց: Շատերը նոր են արթնացել, շատերը միգուցե նոր պետք է քնեն: Աշխատում եմ չմտածել վերջինների մասին: «Քնել» բառը թուլացնում է ծնկներիս մկաններն, ու քայլերս սկսում են նմանվել 8-ի: Ես սիրում եմ լինել ալկոհոլային բաժնում: Երբեմն խորհուրդներ եմ տալիս` ինչպիսի ռոմ ընտրել, որ վիսկին է ավելի հարմար կոլայի հետ խմելու համար, որ գինի կսազի գառան մսի հետ….Բայց հիմնականում իմ խորհրդի կարիքը չկա: Գալիս են վերջին հույսի հետևից: Եթե ունենում են երեք հարյուր հիսուն դրամ, գալիս են վերջին հույսի հետևից: Վերջին հույսը 0.33 լիտրանոց շիշ է: Կապույտ պիտակով: Դա մեղմացնում է ձեռքերի դողն ու պարզեցնում աչքերը: Վերջին հույսը շատերին թույլ է տալիս պահպանել օրգանիզմի գործունեությունը: Վերջին հույսը դա սպիրտի 40 տոկոսանոց պարունակությամբ հեղուկ է: Վերջին հույսը հատուկ է նրանց, ովքեր արթուն են այս ժամին: Ես տեսել եմ վեջին հույսի հետևից եկող բոմժերի, բժիշկների, բանվորների, երեխաներով մայրերի, դասախոսների, ուսանողների, դեռահաս տղաների ու աղջիկների, պառավների, ոստիկանների, պոռնիկների, տաքսիստների ու նույնիսկ հեռուստահաղորդավարների: Ես հետևում եմ ալկոհոլային բաժնում հավաքված մարդկանց: Լսում եմ մենեջերի ձայնը` ՖՈՒՆԿՑԻԱ:
Իմ ֆունկցիան դրամարկղն է: Ես գանձապահ եմ: Փորձեք այդ բառը տառացիորեն թարգմանել ռուսերեն` կստացվի “хранитель сокровищ”: Այդպես ավելի ռոմանտիկ է հնչում: Չնայած ռոմանտիկության ժամանակ չկա, քանի որ ես լարում եմ իմ ողջ ուշադրությունը: Մենեջերը հաշվում է իմ փողերը, հետո հաշվում եմ ես: Դա ձանձրալի զբաղմունք է, սակայն մետաղադրամների ձայնը կարողանում է մի քիչ ցրել աչքերիս մշուշը: Ես սկսում եմ արթնանալ: Երկրորդ անգամ հաշվելիս արդեն իրոք հաշվում եմ` ֆիքսելով թվերը, այլ ոչ թե պարզապես մի ձեռքից մյուսը լցնելով դրամը: Թիվը ճիշտ է: Ես զբաղեցնում եմ տեղս ու սկսում: Այսինքն այդ ես չեմ սկսում, այլ սկսում են ինձ: Գալիս են կատաղած թոշակառուներ, կրթված մարդիկ` իրենց ընտանիքներով, գալիս են զինվորականներ ու գալիս են գեղեցիկ կանայք: ԳԱԼԻՍ ԵՆ ԲՈԼՈՐԸ: Ոչ ոք դեռ չի քնում: Գնում են չրեր, երշիկներ, հաց, մանդարին, հավ, աղցան, գնդակ, լվացքի փոշի, աղ, լիմոն, խուրմա, ջերմուկ, բրինձ, վերջին հույս, լիմոնադ, ձավար, խտացրած կաթ, կոնյակ: ԳՆՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ: Ես տեսնում եմ աղջկա: Նրա վրայից գալիս է հիվանդանոցային հոտ: Դա յոդախառն սպիրտի հոտ է: Նրա մաշկը չոր է ու կավագույն: Մազերը թաց են: Գնել է սենդվիչներ: Դրսում նրան սպասում են իր նման երկու հոգի էլ: Ես գիտեմ, որ հարևանությամբ գտնվող այգիում են հավաքվում տեղի թմրամոլները: Գիտեմ նաև այն պրեպարատի անվանումը, որը թողնում է նման հիվանդանոցային հոտ: Գիտեմ նաև աղջկա ձեռքերի տարօրինակ վերքերի ու բացված ախորժակի պատճառը:
Նայում եմ ժամացույցին` 02: 54: Գալիս է մի կին: Նա առնում է ութ կիլոգրամ շաքարավազ: Գալիս է տրանսվեստիտը: Նա լիցքավորում է հեռախոսը, ընտրում լավ ռուսական օղի, լայմ ու մի խուրց բանան: Երբ ես լազերով անցկացնում եմ բանանները, նա ժպտում է: 3:00: Հիմա մենեջերը բացում է իր դրամարկղը: Ես կարող եմ գնալ ընդմիջման: Ենթադրվում է, որ ես մոտակա քսան րոպեների ընթացքում պետք է ակտիվ սնվեմ: Սակայն ես չեմ կարող հիմա ուտել: Ես չափազանց դատարկ եմ ուտելու համար: Ես ուզում եմ զանգել:
ՈՒ՞Մ:
Ես անպայման ուզում եմ զանգել: Ես պատրաստ եմ զանգել ցանկացածին, արթնացնել նրան ու խոսալ հետը:
Հիշում եմ բոլորին: Տանեցիներին: Զանգում եմ հորս: Նա քնած չէ, նա աշխատում է, նա հիմա քաղաքում է, հեռացնում է ինչ-որ ջրմուղային վթար: Պատասխանում է զանգիս վեցերորդ ազդանշանից հետո.
-Ասա:
-Բարև, պապ...,-ասում եմ:
-Ի՞նչ ա եղել,-հարցնում է անհամբեր:
-Ոչ մի բան...
-Ես զբաղված եմ, հետո կխոսենք ուրեմն...
Կարճ ազդանշաններ:
Մայրս հիվանդանոցում է: Նրա հետ բան չի պատահել, նա 1-03ում է` հեռախոսավարուհի: Նրան զանգել չեմ կարող, քանի որ բջջայինն անջատված է լինում աշխատանքի ժամանակ: Ամեն դեպքում փորձում եմ 1-03ով...անծանոթ ձայն է: Նյարդայնացած: Որոշում եմ չխոսալ: Անծանոթ ձայնը երևի շատ քիչ է քնել ու հաստատ հավեսս չունի:
Մտածում եմ:
Հարևան Գագիկը` մեր վերևի հարևանը, նա աշխատում է տաքսիստ, հիմա աշխատանքի է: Դիմացի հարևան Ստեփանը հրշեջ է: Նրանց տղաները միասին են աշխատում. Պահակներ են ինչ-որ կայարանում, իսկ կանայք բույժքուրեր են...աշխատում են: Իսկ մյուս հարևաննե՞րս: ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ:
Ընկերներս նույնպես աշխատում են: Ես մի քիչ նյարդայնանում եմ արդեն: Չեմ կարողանում հիշել մեկին, որ այժմ աշխատանքի չի լինի: Կարծես բոլորն են աշխատում գիշերը: Այդ միտքն ինձ ճնշում է: Ինչ են անում նրանք ցերեկները: Հիմա գիշեր է, գիշեր: Ախր...ախր...
Գալիս է Կամոն: Դա չափազանց նիհար մեկն է: Բարի տղա է Կամոն: Նա պահեստում է աշխատում: Ես օգնում եմ նրան տեսակավորել սիգարետները: Դրանք ահավոր բազմազան են: Որոշներն ունեն հատուկ ածխային ֆիլտրեր: Կան սիգարետներ, որոնք լցված են թութունի ուղիղ 46 անգամ կտրատված տերևներով: Ոմանք լիցենզավորված են շվեյցարական Նյուշատել քաղաքում, որոշ տեսակներ կորեական են: Կան ռուսական, հայկական: Ես չեմ հասկանում, թե ինչու չկան պարսկական կամ վրացական սիգարետներ: Իմ ընդմիջմանը մնում է հինգ րոպե: Ասում եմ դրա մասին Կամոյին: Նա կանչում է ինձ խոհանոց ու բացում իր դարակը: Հայտնվում է շիշ: Ես ուրախ եմ, որ դա վերջին հույսը չէ: Մենք խմում ենք հարյուր գրամ:Եթե չեմ սխալվում, ես ժպտում եմ:
3:20: ՖՈՒՆԿՑԻԱ: Գալիս է հսկա փորով տղամարդը հեռուստաէկրանից: Նա այնտեղ երգում է տարբեր երգեր ու սկի էլ չի առանձնանում իր հսկա չափսերով: Իսկ սուպերմարկետում նա երևում է բոլոր անկյուններից: Նրա փորը սարսափելի մեծ է: Ինձ թվում է, որ նա կուլ է տալիս այն հեռուստացույցը, որի մեջ նա երգում է: Նա գնում է ձուկ, օճառ, գարեջուր, գաթա, աման լվանալու հեղուկ, տաս տուփ աղ, երկու հաց ու դպրոցական տետր:
Գալիս է կազինոյի աշխատողն իր թունդ գարեջրի հետևից: Նա ասում է, որ պետք է հանգստացնի նյարդերը: Մի կին գնում է սիգարետներ: Հարցնում է իմ խորհուրդը. Ես առաջարկում եմ անպայման գնել ֆիլտրով սիգարետ: Նրան դա դուր է գալիս:
ԳԱԼԻՍ ԵՆ:
Չեմ հասկանում որտեղից, բայց այս մարդիկ գալիս են: Գալիս է մի զույգ` նորածին երեխայի հետ ու առնում կատվի կեր, գալիս է ոստիկանը` ատամմաքրիչի հետևից: Գալիս է նաև հարբած ֆրանսուհին, որը գնումներն ավարտելուց հետո համբուրում է ինձ: Գալիս է մոտակա գիշերային ակումբի պարուհիներից մեկը` բեմական կերպարով, առանց զգեստների: Նա կատարում է իր սովորական պտույտը ողջ խանութով մեկ, վերցնում իր սիրած շամպայնը, դուրս գալիս փողոց, կոտրում շշի բերանը բորդյուրի վրա, կատարում մի քանի հզոր կում, նետում շիշը աղբարկղի մեջ ու հեռանում: Նրա գնալուց հետո ես հանգիստ շունչ եմ քաշում:
Շարունակում եմ մտքումս փնտրել մարդկանց: Ալիկն աշխատում է, Լևոնը նույնպես, Զառան, Հակոբը, Կարինեն...աշխատում են:
Հիմա կբացվի լույսը:Ես կարողանում եմ լքել ֆունկցիաս հինգ րոպեվ: Մենեջերը չի առարկում, երբ ես դուրս եմ գալիս` դիմավելու արևը սիգարետով: Դա ուղղակի սովորություն է ինձ մոտ: Ես զզվում եմ արևածագից: Այստեղից այն չի էլ երևում` փակված է շենքերով: Բայց ես ծխում եմ, երբ այն սկսվում է: Միգուցե նրա համար եմ ծխում, որ այն չի երևում: Անտերն սկի չի երևում: Ամեն առավոտ լինում է ու ոչ մի անգամ չի երևում: Ես ջղայնանում եմ ու ծխում:
Մարդկանց հոսքն ավելանում է: Արդեն գնում են հանքային ջրեր, երշիկեղեն, ձու, ալյուր, բանջարեղեն, վերջին հույս, անձեռոցիկներ...Նրանք բոլորն ունեն հոգնած դեմքեր, ուղղակի չեմ հասկանում` նրանք դեռ չեն քնել, թե նոր են պատրաստվում քնել: Քնելու մասին մտքերս հիմա ավելի գունագեղ են: Ես հիմա ստացել եմ ադրենալինի կարգին դոզա: Դա այդպես է լինում: Առավոտյան յոթի կողմերն օրգանիզմը արտադրում է հստակ քանակությամբ ադրենալին: Ինքնապահպանման օրենքն է: Օրգանիզմին պետք է եռանդ, պետք է ջերմություն, որպեսզի պահի իր գործունեությունը:
Երեք ժամ ևս...
Ես գնում եմ տուն: Տրանսպորտում եմ: Զանգահարում եմ բոլոր ընկերներիս: Ոչ ոք չի պատասխանում: Միայն Կարինեն է վերցնում հեռախոսը, բայց չի կարողանում խոսալ: Հասկանում եմ, որ նա քնած է:
Նայում եմ շուրջս: Ոմանք հորանջում են, ոմանք քնած են...Փորձում եմ չփակել աչքերս: Վարորդի հայլու մեջ երևում է նրա քնաթաթախ դեմքը: Ահա քնում են արդեն հորանջողներից երեքը...չորսը, հինգը....
Ես նստում եմ ավելի խորը, վերջին անգամ նայում վարորդի անջատվող դեմքին ու փակում աչքերս:
P.S.
Մի օր քնեցին բոլորը: Դա տեղի ունեցավ արևածագից հաշված ժամեր անց: Քնեցին բոլորը: Քնեց լուրերի հաղորդավարը, քնեց լեկցիա կարդացող դասախոսը, քնեց նախագահի էսկորդը, քնեց դիմացի շենքի Դավիթ պապին, քնեց ողջ Հարավարևելյան թաղամասը, Քնեց Աջափնյակը, քնեց Սիմոն Գարիբալդյանը, քնեցին թերթերի խմբագիրները, քնեցին նաև բոլոր նրանց ծանոթները, ծանոթների ծանոթներն իրենց ազգականների հետ:
Հեղինակային P.S
Было время, о котором я сейчас написал.
No comments:
Post a Comment