Tuesday, November 15, 2011

Դեֆիբրիլլյացիա

Նա լսեց շան ոռնոցները: Դրանք լսվում էին տարբեր ուղղություններից: Ոռնում էին միանգամից մի քանի շներ: Նայեց շուրջ բոլորը` ոչ ոք չկար: Իր տան մերձակա այգին էր, դատարկ ու  ամայի: Աշուն էր, ու բոլոր ծառերը դեղնած էին: Դեղին տերևները հավասար ու հաստ ծածկով փռված էին ամենուր, նույնիսկ ասֆալտի վրա: Շների ոռնոցից դող անցավ մարմնով: Նա քայլերն ուղղեց դեպի ավտոբուսի կանգառը: Վաղ առավոտյան դա նորմալ էր, մարդկանց բացակայությունն  ու ամայությունը նորմալ էին: Ավտոբուսը սպասում էր կանգառում, նա արագացրեց քայլերն ու, հասնելով նրան, բարձրացավ ու նստեց երրորդ շարքում` լուսամուտի մոտ: Ավտոբուսը շարժվեց ու նոր միայն նա նկատեց մյուս ուղևորներին: Փշաքաղվեց: Կային ևս հինգ ուղևորներ ու նրանց աչքերը....նրանց աչքերը սև էին, ծածկված ինչ-որ սև փառով: Շնորի ոռնոցը լսվում էր շատ թույլ` խլացված շարժիչի ձայնով:
Թոքերում ճնշող ցավ կար: Նրան նույնիսկ թվում էր, թե չի շնչում ընդհանրապես...Ժամանակ առ ժամանակ նա զխկռտում էր, ու թոքերի ցավն ավելր էր ուժեղանում:
Սև աչքերը ոչ մի բանով չէին բացատրվում նրա գլխում: Նա վրա բերեց վերարկույի փեշերն ու ապահով փաթաթվեց: Մյուսները չէին նայում նրան, սակայն դեմքերը նրանց այլայլված էին ու գունատ: Մի շարք առաջ նստած տարեց մարդը շրջվեց դեպի նա ու խոսաց.
-Պատրաստ չե՞ս հլը, ջահել...
Նա շփոթվեց ու նույնիսկ ջղայնացավ: Անծանոթն իրեն ասում է «ջահել», ու դա այնքան էլ հաճելի չէ: Ավտոբուսն արդեն հասնում էր հաջորդ կանգառին:
-Ինչի՞ն պատրաստ չեմ, հոպար:
Հոպարը նորից շրջվեց: Այդ պահին ավտոբուսը կանգ առավ, դռները բացվեցին, ու ներս մտավ մի կին: Նա սարսափով նկատեց, որ կնոջ աչքերը սև էին մյուսների նման, իսկ դեմքը սրված և անգույն:
-Փաստորեն պատրաստ չես...չնայած, ո՞վ գիտի...,-նորից սկսեց տարեց մարդը:
-Ի՞նչ ես է ասում, այ քո ցավը տանեմ, ինչի՞ն պետք ա պատրաստ լինեմ,- անհանգստացած ընդհատեց նա հոպարին:
-Տարեց մարդը ժպտաց ու գլխով ցույց տվեց լուսամուտից դուրս:
-Աաաաաաաաա...
Հսկա կամազը, անցնելով կարմիր լույսի տակով սլանում էր դեպի ավտոբուսը: Ինչպես կայծակն է ճեղքում երկինքը ամպրոպի հզոր ձայնով, այնպես էլ ճեղքվեց ամեն ինչ արգելակման ճռռոցով: Նա զխկռտաց մի քանի անգամ իրար հետևից, թոքերի ցավը սաստկացավ: Հարվածը տիտանական էր: Ամեն ինչ սեղմվեց: Կոտրված ապակու ինչ-որ բեկորի մեջ նա տեսավ իր արտացոլումը, սարսափած դեմքն ու վախով լցված աչքերը: Հանգստացնող մի միտք անցավ նրա գլխում` աչքերս սև չեն, աչքերս սև չեն:
Թոքերի ցավը ծածկեց ամեն ինչ: Դա անտանելի էր ու նա խորտակվեց ցավի մեջ` չկարողանալով այլևս շնչել:

Շների ոռնոցը լսվում էր տարբեր կողմերից: Ոռնում էին միաժամանակ մի քանի շներ, ոռնում էին այնպես, ասես մասնակցում էին ինչ-որ դիվային խմբերգի: Աշնանային այգին ամբողջովին դեղին էր: Նա զարմացավ, որ շուրջը բացի իրենից ոչ ոք չկա ու սկսեց քայլել դեպի կանգառ: Ավտոբուսն այնտեղ էր: Նա ներս մտավ, առաջացավ մինչև երրորդ շարքն ու նստեց լուսամուտի մոտ: Նոր միայն նկատեց մյուս ուղևորներին: Ամեն ինչ այնքան ծանոթ էր: Այնքան ծանոթ...բայց մի բան նրան ապշեցրեց: Բոլորի աչքերը սև էին, ծածկված էին սև փառով: Թոքերն անդադար նվվում էին, նա աշխատում էի զսպել իր զխկռտոցը: Ամուր փաթաթվեց վերարկուի փեշերով: Դիմացի նստած ուղևորը շրջվեց.
-Պատրաստ չե՞ս հլը, ջահել...
«Դեժավյու...»
-Ինչի՞ն պատրաստ չեմ, հոպար, ի՞նչ ես ասում....
Ավտոբուսն արգելակեց: Բարձրացավ մի կին: Նրա սրված ու գունատված դեմքը տխրեցրեց նրան: Թոքերն ավելի ու ավելի բարձր էին նվվում: Ցավը շարունակական էր ու բութ:
-Փաստորեն պատրաստ չես...չնայած, ո՞վ գիտի...
Ամեն ինչ կարծես լրջանում էր: Նյարդներն արդեն լարված էին: Դիմացի շարքի ծեր տղամարդու սև աչքերից ցուրտ էր փչում, լսողությունը որսում էր հեռվից լսվող շան ոռնոցները:
Նա նայեց դուրս: Գիշերը երևի անձրև էր տեղացել, ու գետինը սառած էր: Հանկարծ տեսադաշտում հայտնվեց անկառավարելի մի կամազ: Այն շարունակ ազդանշան էր տալիս ու փորձում արգելակել: Նա տագնապած նայեց հոպարին: Տարեց մարդը գլխով շարժում արեց դեպի կամազը, կարծես ասում էր` « դե տես է»:
Նրա թոքերից ասես բռնեցին մետաղական ակցաններով ու քաշեցին: Աչքերը կուլ գնացին անասելի ցավից: Նա խորտակվեց` չկարողանալով այլևս շնչել:


Ողջ կրծքավանդակը գտնվում էր ճնշման տակ: Այդպես կլիներ, եթե օրինակ 50-60 կիլոգրամանոց քար դրած լինեին դոշին: Շները ոռնում էին: Նրանց խմբերգը կախված էր օդի մեջ: Շները բազմաթիվ էին, ու ձայնն այդ լսվում էր տարբեր կողմերից: Աշնանային այգին ծածկված էր դեղին տերևների շերտով: Տերևներ կային նաև ասֆալտի վրա: Նա քայլեց դեպի կանգառը: Ոչ ոք չկար դրսում բացի նրանից: «Ավտոբուսում նստելու շատ տեղ կլինի»,-մտածեց նա: Ավտոբուսը կանգառում էր: Նա արագացրեց քայլերն ու մտավ ներս, նստեց երրորդ շարքում, լուսամուտի մոտ: Արագ քայլելուց թոքերի խուլ ցավը մի քիչ սրվեց: Նա խորը շունչ քաշեց: Ոռնոցը չէր դադարում, նա որոշեց այդ մտահոգությամբ կիսվել մեկի հետ ու սառեց...
Կային հինգ ուղևորներ ևս ու նրանց...նրանց աչքերը սև էին` ծածկված սև փառով: Նա սարսռաց:  Մեջքը սկսեց նմանվել ոզնու, նա կարգին փշաքաղվեց, ամուր ու ապահով փաթաթվեց վերարկուի փեշերով ու խորը նստեց: Նրա միտքը, հաղթահարելով ցավի անդադար զգացումը, փորձում էր բացատրել, թե ինչու են աչքերը սև, ինչու՞ են սև:
Դիմացի նստած ծեր տղամարդը շրջվեց.
-Պատրաստ չե՞ս հլը, ջահել...
Նա քիչ մնաց ընկնավորվեր. Չէր սպասում, որ կարող է շրջվել դիմացի նստած մարդը: Բացի այդ էլ, սուր ծակոց զգաց թոքերում:
-Ի..ինչի՞ն պատրաստ չեմ, հոպար...,-հազիվ հարցրեց նա:
Ավտոբուսը կանգնեց, դռները բացվեցին, ու նա սարսափեց: Ներս մտավ անճոռնի մի կին: Նա լավ կազմվածքով էր, շիկահեր, բայց աչքերը սև էին, մաշկը բացարձակ անգույն, ձյան պես սպիտակ, մահացու սպիտակ, իսկ դիմագծերը սրված էին: Մահացու սրված:
Նա հուժկու զխկռտաց: Կրծքի ցավը մի պահ մթեցրեց նրա աչքերը, սակայն նորից հետ գնաց:
-Փաստորեն պատրաստ չես..չնայած, ո՞վ գիտի...,-ասաց ծեր մարդը:
-Ի՞նչ ես ասում...ինչի՞ն պատրաստ չեմ: Ի՞նչ ա կատարվում...
Նա վեր թռավ տեղից: Արագ քայլերով մոտեցավ վարորդի խուցին:
-Կանգնեք, էստեղ կանգնեք, շուտ:
Վարորդը բարձրացրեց գլուխը: Հայացքը նրա ցրված էր ու տանջված: Կարմիր լույսի տակից արդեն դուրս էր թռնում հսկա կամազը: Ավտոբուսի վարորդի աչքերը լցված էին: Նրանք սև չէին, նրանք արցունքոտ էին:
Նա հետ նայեց` ծեր մարդը հիստերիկորեն  ծիծաղում էր` ցույց տալով կամազը:
Արգելակման ձայնը փշրում էր ամեն ինչ: Այդ ձայնից երևի տրաքեցին ավտոբուսի ապակիները: Հետո եղավ բախումն ու ամեն ինչ սեղմվեց:
Թոքերը կծկվեցին բռունցքների նման: Նրա բերանից դուրս թռավ տառապագին մի հառաչ: Ցավը պատեց նրան ոտքից մինչև գլուխ: Նա խորտակվեց...բռունցքները թուլացան: Նա բացեց բերանը ու խորը շունչ քաշեց: Ծարաված թոքերը կուլ տվեցին օդը: Նա նորից շունչ քաշեց..էլի...էլի..էլի... Նա սկսեց շնչել:


«Այսօր առավոտյան ավտոտրանսպորտային պատահարը խլեց մարդկանց կյանքեր:  7895 համարանիշներով կամազը, կորցնելով կառավարումը, բախվել էր Բոգդանմակնիշի ավտոբուսի հետ: Այդ պահին ավռտոբուսում եղել են վարորդը և վեց ուղևորներ: Կամազի վարորդը և ուղևորներից հինգը մահացել են հենց տեղում:
Ու ինչպես մեզ հայտնեցին քիչ առաջ, հաջողվել է փրկել միակ ողջ մնացած ուղևորին: Նա մինչ այժմ գտնվում էր կոմայի մեջ ու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար: Մեր ունեցած տվյալներով` ուղևորը վերապրել է կլինիկական մահ, սակայն բժիշկների հավաստիացմամբ այժմ նրա առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում: Ցավոք, բժիշկները չեն կարողացել փրկել ավտոբուսի վարորդին: Նրան այդպես էլ չի հաջողվել դուրս բերել կլինիկական մահից

No comments:

Post a Comment