Նա, սինիի վրա դրած, տանում էր այն սև զանգվածը, որը պետք է ցույց տար կառավարիչին: Անպիտանելիության մասին դիմումը պատրաստ էր, մնում էին միայն կառավարիչի ստուգողական զննումն ու կնիքը: Մտնելով ներս` նա դրեց սինին կառավարչի առջև ու խոնարհվելով մի քանի քայլ հետ գնաց: Կառավարիչը դրեց ակնոցներն ու վերցրեց սև զանգվածը:
Մեծ պետության նախագահը նորից լցնում էր բաժակները.
-Դու՛, այ հենց դու,-ասում էր նա փոքր երկրի նախագահին,-չես կարող պատկերացնել, թե ինչքան եմ ես աշխատում:,-Տսս՛...Տսս՛...չընդհատե՛ս ինձ,-շարունակում էր նա,-ուրեմն նայի՛ր...
Մեծ պետության նախագահն իր առջև պարզեց ձեռքերն ու սկսեց ուշադիր նայել մատներին ու շարժել դրանք: Նա այնպիսի դեմք ուներ, կարծես առաջին անգամն էր տեսնում սեփական մատները: Փոքր երկրի նախագահի դեմքը պակաս զմայլված չէր: Սեղնի տակ դրված էր սև, զրահապատ, հրակայուն կեյսը:
-Ուրեմն նայի՛ր` երկուշաբթի, դա շաբաթվա առաջին օրն ա, ես հանդիպում եմ կառավարության հետ: Երկուշաբթի,-նա ծալեց մի մատը,-երեքշաբթիիի...երեքշաբթի ես ընդունում եմ գավառապետներին...
Փոքր երկրի նախագահը ոտքի կանգնեց: Ձգվեց ողջ սեղանի լայնությամբ, բռնեց երկու ձեռքերով մեծ պետության առաջնորդի գլուխն ու համբուրեց նրա ճակատը.
-Կենացդ...կենացդ...տսսս՛..հիմա էլ դու ինձ մի՛ ընդհատի, արի, մի՛ ընդհատի..ԿԵՆԱ՛ՑԴ:
Նրանք դատարկեցին 26-րդ բաժակը: Ընդ որում մեծ պետության նախագահը սկսել էր խմել դեռ ինքնաթիռում, այնպես որ նրա մոտ դա 36-րդ բաժակն էր:
-...էնպիսի նախագահ...ինչ նախագահ, է: ԻՄՊԵՐԱՏՈՐ: Էնպիսի իմպերատոր, ինչպիսին որ ես եմ, չի եղել ու չի էլ լինի..տսս՛..տսսս՛...Ձեն չհանե՛ս: Ու ես, այ հենց ես, ուզում եմ խմել քո կենացը: Իմ հպարտ, իմ փոքրիկ ու հյուրընկալ դաշնակցի կենացը...
Արդեն խմվել էր 44-րդ բաժակը, մեծ երկրի նախագահը ցանկություն հայտնեց դատարկվելու:
-Զրո-զրո,-ասում էր նա` հազիվ պտտելով լեզուն,-զրոոո...զրո..
-Տսս՛..տսսս՛...սու՛ս: Այ էստեղ քեզ մի կարգին սյուրպրիզ ունեմ,-ասաց փոքր երկրի նախագահն ու նորից համբուրեց դաշնակցի ճակատը:
Նա, վազեց դեպի հսկա լուսամուտն ու ձեռքի հանդիսավոր շարժումով բացեց այն:
-Ահա՛...ահա, ձե՛րդ գերազանցություն: Դուրս, իհարկե դեպի դուրս..տսսս՛...ոչ մեկ էլ չի նկատի...դու ուղղակի արի էստեղ...հենց էստեղ ու դեպի դուրս: Օրհնի՛ր էլի: ...տսս...արի՛ դե, վայ: Էս իմ երկիրը, էս էլ հողը` քեզ լինի: Արխային դատարկվի՛:
Հպարտությունից փքված` մեծ երկրի նախագահն արձակեց շալվարն ու մեզի ֆոսֆորափայլ շիթը սրսկեց գիշերային խավարի մեջ:
Սև զանգվածն արտացոլվում էր ակնոցների հաստ ապակու մեջ: Խորն ու իմաստուն կնճիռները թեթևակի ձգվել էին` առաջացնելով կառավարիչի դեմքին ժպիտի պես մի բան:
Երկու նախագահներն առանձնացել էին վերևի հյուրասենյակում: Կտրականապես արգելել էին մուտքը դեպի այդ սենյակ: Նույնիսկ անվտանգության աշխատողներից ոչ ոք չկար դռան մոտ կանգնած: Նախագահնրերը հանգստանում էին, թեպետ` պաշտոնական օրակարգում այդ ժամը նախատեսված էր բանակցությունների համար:
Մի հարկ ներքև իր աստղային ժամն էր ապրում Հենրիկ Կալյանը: Նա հաջողացրել էր ֆուրշետի սեղանից ցրել մի ամբողջ շիշ օղի, մի աման մանր-մունր խորտիկներ, կես շիշ գինի ու...չնայած` դա նա ցրել էր ոչ թե սեղանի վրայից, այլ կողքից: Ու ցրել բառն էլ ամբողջովին չի համապատասխանում: Ասենք այսպես` Տանյա Անդռոպովնան համաձայնվել էր մեկ-երկու կում խմել Հենրիկի հետ առանձին:
Առանձնանալու համար Հենրիկն ընտրել էր 055 սենյակը` ուղիղ նախագահի հյուրասենյակի տակ: «Տեղը հանգիստ է, անվտանգության քաչալ տպերը ամեն րոպե այստեղով չեն վազվզում»,-մտածում էր նա: Իսկ ադրենալինն արդեն բավականաչափ արգելափակել էր նրա խելքը: Այդպիսի արկած այդպիսի պաշտոնական հանդիպման ժամանակ, այն էլ նախագահական պալատում, այդքան կարևոր հյուրերի մեջ: Նա ընդամենը նախագահի աշխատակազմի երրորդական ներկայացուցիչ էր: Իսկ Տանյան իր նախագահի մոտ համարյա թե աջ ձեռքի աջ ձեռքն էր:
Տանյան գեղեցիկ, խոշոր կին էր: Նա ուրախ կին էր: Եթե նրա հետ լինում էին բարի ու նուրբ` պարզապես հրեշտակ էր: Իսկ Հենրիկը նուրբ էր: Նա հումորներ էր անում, անընդհատ լցնում բաժակը, կրճատում հեռավորությունը, ասում կոմպլիմենտներ, նորից լցնում բաժակներն ու...
Ամենինչ կատարվեց կայծակնային արագությամբ: Կորան բոլոր տեսակի արգելակման ու կարգավորման համակարգերը: Սրտերը սկսեցին թրթռալ ու նրանք վայրենավարի հարձակվեցին մեկմեկու վրա: Առանձնապես բարեկիրթ լինելու կարիք էլ չկար, ու նրանք սկսեցին ուղղակի պոկել իրար վրայից շորերը: Չկարողանալով պահել հավասարակշռությունը` նրանք սկզբից ընկան գետնին: Այդտեղ նրանք հարմարվեցին ահագին փափուկ ու էլի մի երեք-չորս րոպե մնացին այդպես: Հետո որոշ ժամանակ անցկացրեցին չորեքթաթ, իսկ հետո արդեն Հենրիկը նստած էր բազմոցին, իսկ գեղեցկուհի Տանյան խելահեղ շարժվում էր` գլուխը հետ գցած: Այդպիսի պարից հետո նա հանկարծ փետացավ ու սկսեց դողալ: Հզոր դող էր, նրա մարմինը ցնցվում էր ընկնավորի պես: Նա բարձրացրեց գլուխը, փաթաթվեց Հենրիկին ու , խորը շնչելով, նայեց դուրս: Ապակու վրա ինչ-որ ջուր էր թափվում: «Անձրև է գալիս»,-մտածեց նա:
Բայց չասաց այդ մասին Հենրիկին: Ոչինչ պետք չէր փչացնել: Նա ուզում էր նորից: Հենրիկը նույնպես:
-Երկու բաժակ, ու նորի՞ց,-ասաց Տանյան:
Սև զանգվածը ծանրանում էր ձեռքի մեծ, սակայն այն վայր դնելու ցանկություն չկար: Ակնոցների հետևից նայում էին կառավարիչի հետաքրքրված աչքերը: Մերթ ընդ մերթ նրանց հայացքն ուղղվում էր սեղանից մի քանի քայլ հեռու կանգնածին: Կնճիռների մեջ ավելի ու ավելի նկատելի էր ընդգծվում ժպիտը:
Զրահապատ, հրակայուն ու սև կեյսը բացված էր ու դրված սեղանին:
-Դու,-ասում էր մեծ երկրի նախագահը` ցույց տալով կեյսի մեջ երևացող կարմիր կոճակին,-դու պատկերացնու՞մ ես, թե ինչ կարա անի էս կոճակը: Կարող եմ սեղմել, է: Արա հա, հա: Կարող եմ: Տսսս՛..կասկածու՞մ ես:
-Չէէէ,-ասում էր փոքր երկրի նախագահը թափահարելով ձեռքերը,-ո՞վ ա կասկածում: Արա, ո՞վ կարա կասկածի: Լսի՛ ուրեմն: Բեր էստեղ մեկին, ով որ կասկածում ա, ես իրա միսը հում- հում կուտեմ: Հորս արև: Չե՞ս հավատում:
Մեծ երկրի նախագահն անսասան էր.
-Լսի՛, ինձ լսի՛, է: Դու մի խոսա ընդհանրապես,-նա ձեռքը մոտեցրել էր կեյսի կարմիր կոճակին,-արա՛, ես կարամ էսի սեղմեմ: Ու կսեղմեմ: ԿՍԵՂՄԵՄ:
Փոքր երկրի նախագահը վեր կացավ, մի կերպ քայլեց դեպի դաշնակիցն ու համբուրեց նրան: Այս անգամ երկու այտերն էլ: Նա լցրեց բաժակները…
-Լսի…արի՛ ռադ անենք էդ կոճակը…տո ռադ անենք ու հանգիստ խմենք, հա՞,-համբույրներից հետո մեծ երկրի նախագահը մի քիչ շշմել էր ու փափկել, հանգիստ լսում էր,-ռադ անենք ու խմենք: Ինչքան ենք մենք խմել…հը՞…եռեսունվեց…քսանվեց….չէէէ, շա՛տ, շաաատ…քառասունչորս..ավելի շատ: Ու էդքան էլ կխմենք հա՞:Արի տարգի՛ էդ կոճակը…
Մեծ երկրի նախագահն այդ թվաբանությունից շշմեց ու կախեց գլուխը..փոքրիկ երկրի նախագահը, հպարտ իր դիվանագիտությունից, վերադարձավ իր տեղը:
“Կանխեցի ատոմային աղետը”,-մտածում էր նա: Ու ճիշտ, քանի որ կարմիր կոճակը կակտիվացներ գաղտնի բազաներից մեկում գտնվող հզոր ատոմային հրթիռը, որի թիրախը գտնվում էր օվկիանոսից էլ այն կողմ:
055 սենյակում եռում էին կրքերը: Կոտրվել էր կահույքի մեծ մասը, սակայն չէին սպառվել մտքերն ու փորձեր կատարելու անպատեհ վրա հասած մոլուցքը: Հերթական վերադասավորությունը հանգեցրեց նրան, որ Տանյան հենվեց մեջքով ահռելի չափսեր ունեցող պահարանին: Իսկ Հենրիկը հայտնվեց դեմքով դեպի Տանյան ու այդպես սկսեց հրել Տանյային ու պահարանը: Իսկ պահարանի ոտնակները կլորիկ անիվներ էին` անհուսալի արգելակների վրա: Ուժեղ տատանումներից հսկա պահարանը սկսեց շարժվել, ձեռք բերել իներցիա ու շարժվել ավելի մեծ ուժով,…
Պահարանը սարսափելի աղմուկով գլորվեց դեպի պատը: Նրա մեջ երևի լցված էին գրենական պիտույքներ, մետաղե առարկաներ, քանի որ աղմուկը կատաստրոֆիկ հզոր էր: Պատին բախվելը խոստանում էր իսկական մինի երկրաշարժ:
-Պաա~հ,-լսվեց կառավարիչի ձայնը կնճիռների արանքներից: Ակնոցի հաստ ապակիների տակից երևում էին հրճվանքով լի աչքերը…
Մեծ երկրի նախագահը լսեց օտար նվաճողների հորդաների աղմուկը, զգաց, թե իյնչպես է դղրդում գետինը նրանց ձիերի վայրենի դոփյուններից: Նա վեր թռավ տեղից ու փոքր երկրի նախագահի խուճապահար հայացքի ուղեկցությամբ, բղավելով “ԲԱՆԶԱ~Յ”, սեղմեց կարմիր կոճակը…
-Վա~յ, մամա ջան,-բռնելով գլուխը գոչեց փոքր երկրի նախագահը` մահու չափ տագնապած անհասկանալի աղմուկից, որ լսվեց ներքևի հարկից ու “բանզայից”…
Կարմիր կոճակը հատուկ կոդավորված ազդանշան է ուղարկում S784 արբանյակին, որտեղից ազդանշանը հասցեավորվում է Միջին Ասիայում գտնվող խուլ մի տափաստան: Ստորգետնյա ատոմահրթիռային բազայում սկսվում է հետհաշվարկը: Այն տևում է հինգ վայրկյան: Հինգ վայրկյան` հինգ կարկիր լուսանշաններ, որոնք տագնապային զարհուրելի ազդանշանների տակ սկսվում են հանգչել մեկը մյուսի հետևից: Այդ հինգ վայրկյանները երբեք չեն ջնջվի Վովայի գլխից: Վովան այդ հինգ վայրկյանների ընթացքում հասցրեց վերլուծել իր երկրի աղջ ռազմաքաղաքականությունը: Նա հասցրեց մտածել, որ իր երկիրը չի գտնվում պատերազմի մեջ, որ ոչ մի վտանգ գոյություն չունի, որ իր նախագահը գտնվում է պաշտոնական այցով դաշնակից մի երկրում: Նա ունեցավ ընդամենը հինգ վայրկյան, որպեսզի վազի նեղ միջանցքով ու իջեցնի վթարային սեղմակը: Նա վտանգում էր իր կյանքն ու գիտակցում դա: Եթե չհասցներ, բաժին կդառնար հրթիռային վառելիքի դժոխային կրակի լեզուներին: Նա դուրս ցատկեց իր ապահով խուցից, քամու պես անցավ միջանցքով ու իջեցրեց սեղմակը...Կարմիր լույսերը նորից վառվեցին:
«Հուսով եմ չսխալվեցի»,-ասաց ինքն իրեն Վովան:
Կառավարիչը սև զանգվածը դրեց սկուտեղին ու ծափահարեց:
-Ու դու սա բերե՞լ ես անպիտանելիության դիմումի համար:
-Էէէ...այո:
-Բայց սա իսկական գժանոց է: Իսկական գժանոց: Ուղղակի խոսքեր չունեմ: Դիմումը մերժե՛լ: Վարկանիշը բարձրացնե՛լ: Այս տիեզերքի եթերը տեղափոխե՛լ պիկ ժամ: Ավելացնե՛լ գովազդային սակագները:
-Լսում եմ:
-Լսել պետք չէ: Վազի՛ր կատարելու,-հրամայեց կառավարիչը:
Նրան չէր լքել բավականության զգացումը: Տեսածը հաճելիորեն գրգռել էր նրա զգայարանները: Նա վառեց սիգարետն ու միացրեց լայն էկրանը: Հեռարձակվում էր սովորական մի օր Կապելսկի անունը կրող աստղային համակարգից: Նա պետք է դիտեր մոլորակներից մեկի վրա տեղի ունեցող էվոլյուցիոն ցատկը ուղիղ եթերով:
Հեղինակային P.S.
Այսօր տասնմեկն է տասնմեկերորդ ամսվա տասնմեկ թվականի: Առավոտյան ձյուն տեղաց: Մտածեցի մուսայիս մասին: Մտածեցի, որ երևի ցրտից կվախենա կամ կկորի: Սակայն նա եկավ: Փաստորեն դիմանում է ոչ միայն սպիրտին, այլ նաև ցրտին: Ու քանի այս էքսպերիմենտները ստացվում են, մենք, ինչպես հին երգում է ասվում, посылаем весточку, пуская дым в форточку.
No comments:
Post a Comment