Saturday, November 26, 2011

Ինչքա՞ն կդիմանամ

Ինձ զանգում են իմ թշնամիները: Ես ուզում եմ, որ դուք դա իմանաք: Ինձ ամեն վայրկյան կարող են զանգել թշնամիները: Երբեմն ուղարկում են նաև հաղորդագրություններ: SMS: Բայց հիմնական վտանգը կայանում է զանգերի մեջ:
Ես գտնվում եմ Ծաղկաձորում: Այդ մասին ոչ ոք չգիտի:
Իմ թշնամիները երկու օր առաջ իմ ընկերներն էին: Հետո ես “քաք կերա”, ու ստացվեց այնպես, ինչպես հիմա է:
Ահա  SMS` « Որտե՞ղ ես: Ձեն հանի: Քեզ ենք ման գալիս:»
Կինս է: Նա նրանց կողմից է: Ես տեսա նրա կատաղած աչքերը, երբ դուրս էի փախչում շենքից: Նա ինձ մեղադրում էր:
Ես կանգ եմ առել այս էժան հյուրանոցում: Սենյակները «սովետական» չեն, բայց առանձնապես կոմֆորտ էլ չկա: Կարևորը, որ կա հեռուստացույց ու մահճակալ: Ես պառկած եմ լինում գրեթե ողջ օրն ու հեռուստացույց եմ դիտում: Հիմնականում ռուսական  կամ անգլիական ալիքներ (կամ ամերիկական):
Պատմում են փղերի մասին: Մի հնդիկ է, շոյում է փղի կնճիթն ու պատմում նրա մասին: Ասում է, որ իր փղի եղունգները մշակում է անձամբ, ասում է, որ դա լավ է, երբ փղի եղունգները սիրուն մաքրված են լինում:
Հաղորդավարը հարցնում է փղի բնավորության մասին: Նա վախեցած է երևում ու տատանվում է` շոյել փղին, թե ոչ:
-Փղերը շատ բարի են,-ասում է հնդիկը,-բայց հիշաչար: Մի անգամ մեր գյուղի փղերից մեկը հիվանդացել էր: Երեք-չորս ամսական էր դեռ, լրիվ փոքրիկ: Կանչել էին  բժիշկ, նա պետք է ինչ-որ դեղ տար փղիկին` ստամոքսի համար: Իսկ դեղը դառն էր: Դրա համար բժիշկը դեղը շաքարապատել էր, որ փղիկը վերցնի այն իր բերանը: Փղիկը հաճույքով կծել էր այն ու զգացել  դեղի դառնահամը:
Հնդիկն ահագին տարված էր իր պատմվածքով: Նա ձեռքով անընդհատ դեմքից հեռու էր տանում փղի կնճիթը:
-Տաս տարի հետո այդ բժիշկը նորից եկել էր մեր գյուղ: Ու այդ փղիկը, որն արդեն մեծ փիղ էր, հիշել էր նրան: Նա վերցրել էր գետնից մի հսկա ճյուղ ու նետել բժիշկի վրա: Բժշկի ճակատը երեք տեղից կար դրեցին,-ասում էր հնդիկը: Նա վերջացրեց իր պատմությունն ու ժպտաց` կատարյալ գոհ իրենից:
Ապուշություն:
Եթե հսկա ու բարի կենդանին է այդքան հիշաչար…իմ բախտն իմ թշնամիների հետ չի բերել: Ախր նրանց դեմքին գրված էլ էր` ՄԵՂԱՎՈՐ ԵՍ: ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ:
Իսկ ժամանակին մենք ընկերներ էինք:
Սկսել էինք ծառայություններից: Մենք հասկացել էինք առևտրի սկզբունքը մի քիչ ավելի լավ, քան մեր թաղամասի խանութպանները: Մենք բացատրել էինք նրանց որոշ բաներ, ինչի արդյունքում, նրանք որոշել էին օգտվել մեր ծառայություններից: Մենք կազմում էինք թռուցիկներ` խանութների հասցեներով ու գնացուցակներով: Ու ցրում այն թաղամասի բազմահարկ մեղվաբներում: Ավելին` մենք անցկացնում էինք ներկայացումներ, պատմում խանութներում տեղի ունեցող ակցիաների ու զեղչերի մասին: Խանութպանների  դուրը եկավ: Նրանց առևտրի մասշտաբները սկսեցին աճել, մեր “աշխատավարձերը”` նույնպես: Մենք բացեցինք մեր առաջին գրասենյակը, վարձեցինք գործակալներ ու դուրս եկանք թաղամասի սահմաններից: Առջևում մեքենաների գովազդներն էին, հետո բնակարանների, հետո խոշոր խանութների: Բացեցինք մեր գովազդային թերթը, որտեղ հավաքել էինք վաճառվող մանր-մունր  ապրանքների  ամենամեծ բազան: Ամեն անգամ նոր պայմանագրի որսը սկսելիս, մենք զոհին ասում էինք` գովազդը առևտրի շարժիչն է:
“Մենք” դա Ռուդիկ Իշխանյանը, Դաթո Ամիրյանն ու ես` Վան Աղայանն էինք:

Ասում էի, չէ՞:
Զանգում են:
Դաթո…
-Ալո..
-Արա, ուր ես դու կորել, այ՛ խև:
-Չկամ ես,-ասում եմ խռպոտ ձայնով: Ինձ թվում է, ինչքան ձայնս խռպոտ լինի, այնքան ավելի պաշպանված կլինեմ:
-Խի՞, արա, խի՞,-գոռում է Դաթոն,-խի՞ ես թողել փախել: Հասկանում եմ, լավ...վախեցել ես: Բայց հլը ուշքի արի: Երեխայություն ա: Հավաքի՛ր  քեզ, հետ արի, Վա՛ն, հետ արի՛: Արի՛, կխոսանք:
“Առահա՛”:
-Կներես,-ասում եմ ավելի խռպոտ ձայնով,-չեմ կարող: Էլ չզանգե՛ս:
Ու անջատում եմ հեռախոսը:
Հասկացող է ձևանում: Դե արի ու մի ասա…Դրանք ինձ հում-հում էլ կուտեն: Ես ռեալ վախենում եմ դրանից: Չլիներ վախս, չէի փակվի այս անտեր համարում:
Այսպիսի դեպքերում միտքս է գալիս մի հիանալի կենտրոնամերիկյան հանրապետություն` Հոնդուրաս: República de Honduras: Ու անպայման ռուսական արտասանությամբ: Ես ու կինս այնտեղ եղել ենք: Մեղրամսի ժամանակ:
Гондурас.

Այլևս չեմ կարողանում նայել հնդիկներին հեռուստացույցով: Փոխում եմ ալիքները: Սարսափով անցնում եմ հայկական ալիքների վրայով: Չեմ ուզում այստեղի հետ կապ ունեցող  որևէ բան...Լուրեր առավել ևս չեմ ուզում նայել: Մեջս կասկած կա, որ այս ամենը կարող է հրապարակվել ու այդ ժամանակ հետևիցս իսկական որս կսկսվի:
Ցույց են տալիս տղամարդկանց, որոնք սար են բարձրանում: Դա Հիմալայներն են, սակայն Էվերեստը չէ: Ինչ-որ ուրիշ հատված է: Ահա սառցակալած մորուքով ալպինիստը ցույց է տալիս իրենց  դիրքը քարտեզի վրա: Նրանք հինգ հոգով են, այսինքն վեց` հաշվենք նաև օպերատորին: Դա սրիկայություն է, որ օպերատորներին չեն հաշվում: Ու սրանք էլ ալպինիստներ չեն: Սրանք հիմալայիստներ են: Ալպերը մի յոթ հազար կիլոմետր դեպի արևմուտք են: Նյարդայնանում եմ:
Սառցակալած մորուքով տղամարդը (մյուսները հավանաբար նույնպես մորուքներ ունեն, սակայն նրանց դեմքերը չեն երևում շարֆերի ու ակնոցների հետևում): Նա ասում է, որ քամու ուժգնությունը հասնում է 40 մետր վայրկյանի, օդի -8 աստիճան   սառնության դեպքում: Նրանց տեսքից երևում է, որ օրներն օր չի:
-Մենք,-ասում է սառած մորուքովը` ձեռքով անորոշ ուղղություն ցույց տալով,-մենք պետք ա այսօր հաղթահարենք դիմացի բարձրունքը, իջնենք դրա մյուս լանջն ու գիշերենք մեր վրանների մեջ...իսկ առավոտյան կգնանք առաջ...
Աննորմալներ: Ես շատ ուժեղ կասկածում եմ, որ այդ եղանակին նրանք ինչ-որ բան կկարողանան հաղթահարել:
Զանգ:
Իմ տեղակալն է: Էդիկը: Էդիկ-պեդիկ:
-Բարև, Էդիկ-պեդիկ,-ասում եմ ոչ այնքան խռպոտ ձայնով:
-Վան Արսենիչ, ձեզ հարցնում են, բոլորը ձեզ են հարցնում:
-Այո՞, Էդիկ,-ասում եմ:
-Եկել էին Ռուդիկ Սիմոնիչն ու պարոն Ամիրյանը: Նրանք ողջ օրը ձեր գրասենյակում էին: Ռուդիկ Ամիրյանի ոտքը գիպսի մեջ էր...
-Ու՞:
-Որտե՞ղ եք դուք, Վան Արսենիչ...
-Պեդիկ ես դու Էդիկ,-ասացի ես ու անջատեցի հեռախոսը:


Էդիկը հայտնվել էր հինգ տարի առաջ: Մենք գտել էինք նրան իրավաբանական ֆակուլտետի բուֆետում: Նա կրծում էր իր չորացած  խաչապուրին, իսկ մենք առաջարկեցինք դառնալ մեր նորաթուխ ներմուծող ընկերության իրավաբանը: Նա համաձայնվեց: Մենք գնեցինք նրա համար  ARMANI  կոստյում ու նա օրինական դաշտ բերեց մեր այսպես կոչված “սև վագոնները”: Գովազդային գործակալության հարցերով արդեն զբաղվում էր միայն Դաթոն: Ռուդիկը զբաղվում էր ներկրման հարցերով, իսկ ես վերահսկում էի ռեալիզացումը: Այն ժամանակ ներմուծում էինք հիմնականում օգտագործված ավտոմեքենաներ, լվացքի փոշիներ, երեք տեսակի վիսկի և բազմազան սիգարետներ: Մի խոսքով ահագին վերև էինք բարձրացել: Արդեն շենքերով թռուցիկներ բաժանողներ չէինք: Չէ: Հեչ թռուցիկ բաժանողներ չէինք:
Այդ ժամանակներում էլ ծանոթացա կնոջս հետ: Ու մոտավորապես այդ ամիսներին էլ եղան ինչ-որ տարօրինակ փոփոխություններ…
SMS!!!
Сука!!!
Գրել է կինս` «Ջան, անհանգստանում եմ»:
Նա այդպես է անում ինձ հունից հանելու համար: Ես զգայուն եմ: Այդպիսի արտահայտությունները, այդ օդից կախված արտահայտությունները` կարոտում եմ, անհանգստանում եմ, համբուրում եմ...դրանք ազդում են իմ զգայական հոգու վրա ու ես «հուզվում եմ»: Բայց չի ստացվի էս անգամ պոռնիկի մոտ:
Վերջերս, երբ նա հարցնում է ո՞նց ես, ես պատասխանում եմ` не дождешься!!!
Հեռուստացույցով դեռ ալպինիստներն են: Նրանք ուզում են մագլցել ինչ-որ տեղ, սակայն քամին նրանց խանգարում է: Շուրջն ամեն ինչ պարուրված է սպիտակ սառցե մրրիկի մեջ: Ես փոխում եմ ալիքն ու շշմում: Շշմում եմ բնության  հորինած թիթիզ գեղեցկությունից: Ցույց են տալիս սիրամարգի: Նրա պոչը բացված է: Դա հսկա հովհար է: Իսկական գլուխգործոց: Պոչի նախշերի մեջ երևում են բազմաթիվ աչքեր: Այսինքն այդ ամենը նման է աչքերի:
Կադրի հետևից ձայնն ասում է, որ դա որձ սիրամարգ է: Նա բացել է պոչն ու պարում է իր ամուսնական պարը: Այդպես, ասում է ձայնը, արու սիրամարգերը գրավում են էգերի ուշադրությունը...
Հետևի ֆոնից հնչում է ինչ  որ հնդկական երաժշտություն: Ես հիշում եմ չարանենգ..չէ, հիշաչար փղին ու փոխում ալիքը:
Այ սա ուրիշ բան է: Պինգվիններ են: Ցույց են տալիս մորուքով ( ոչ սառցակալած) տղամարդու, ով գտնվում է ինչ-որ քարքարոտ ափում ու հետազոտում պինգվիններին: Նա պատմում է, որ պինգվինները ունիկալ թռչուններ են:
Ես ընդհանրապես հակված չեմ պինգվիններին թռչուն համարել: Այդ պատճառով նրանք որպես թռչուն ինձ համար ավելի քան ունիկալ են: Հետո կադրը փոխվում է: Ցույց են տալիս սարսափելի փոթորիկ: Ավելի ուժգին, քան սառած մորուքով տղամարդու ու իր ընկերների մոտ: Ես ցավում եմ այս օպերատորի համար: Խեղճը երևի իսկապես սառեցրել է երկու ձվերն էլ, մինչև նկարել է այս ապուշությունը: Հետկադրային ձայնն ասում է, որ պինգվինները, որպեսզի չմրսեն, այսպիսի եղանակներին հավաքվում են իրար գլխի ու սեղմվում իրար: Ու իրոք, ես տեսնում եմ հարյուրավոր իրար սեղմված պինգվինների: Այդպես, նույնիսկ փոթորկի ժամանակ նրանք ահագին պաշտպանված տեսք ունեն: Ես ուրախանում եմ: Ձայնն ասում է, որ պինգվինների արուները թուխս են նստում: Կա տարվա մեջ մի հատված, երբ արուները մնում են միայնակ ու ինքնուրույն են հոգ տանում ապագա պինգվինիկների համար:
Զանգ: Դաթո:
-Վա՛ն, պետք ա խոսանք, ապեր:
-Խոսալու բան չկա, Դաթո՛,-ասում եմ խռպոտվելով,-ես գիտեմ, որ կատարել եմ հանդուգն քայլ: Գիտեմ, որ հիմա դա չի ներվելու: Ուզում եմ ինչքան հնարավոր է վայելեմ հանգիստս մինչև...կսպանե...
-Դե վերջացրու: ՛ Մենք քեզ չենք ուզում սպանել: Ի՞նչի համար սպանել, Վա՛ն: Քո կարծիքով ուր է կորել մեր մանկությունը: Մենք կարո՞ղ ենք իրար սպանել: Հա, դու կատաղել ես, քաք ես կերել, բայց դա չի նշանակում, որ մենք քեզ կսպանենք...
-Կսպանեք:
-Չէ՛..
-Հաջո՛ղ...
Ես անջատում եմ հեռախոսն ու էշացած նայում հեռուստացույցին: Ես հաճախ եմ այդպես էշացած նայում հեռուստացույցին: Դա լինում է այն դեպքերում, երբ սոված եմ լինում:
Զանգում եմ ընդունարան :
-Կարո՞ղ եմ պատվիրել ուտելիքն այստեղ, համարում:
-Ներեցե՛ք,- ասում է աղջիկը ներքևից,-մենք այդպիսի ծառայություն չունենք:
Ես ստիպված եմ լինելու հեռանալ հեռուստացույցի առջևից ու գնալ ճաշարան: Նույնիսկ ռեստորան չկա այստեղ...ճաշարան:
Ֆու՛:
Սակայն սոված եմ ու գնում եմ: Ես արագ ուտում եմ անհամ սուպը: Մի  քանի գդալ ուտում մուրաբայի ամանից: Եղած հացով, պանրով ու երշիկներով բուտերբրոտներ սարքում, աննկատ դնում ծոցս ու վերադառնում:
Չեմ էլ զարմանում, որ այդ ընթացքում SMS եմ ստացել:
Բնականաբար նա է: “Կարոտում եմ”
Ասում էի, չէ՞:
Հեռուստացույցով շարունակում են պինգվինների ցույց տալ: Ես հաճույքով ծամում եմ բրդուճներն ու նայում նրանց:


Այն ժամանակ երբ ես վազվզում էի կնոջս հետևից, նա հրաշք էր: Այսպիսի թակարժեք հրաշք: Նա ակնարկում էր, որ ցանկանում է լինել ամենալավ ռեստորաններում, ամենալավ հյուրանոցներում, ստանալ ամենալավ նվերները:Ամուսնացանք ծանոթությունից մեկ ամիս հետո: Մեր ամուսնության օրը Ռուդիկը պետք է ինչ-որ պայմանագիր կնքեր: Եկեղեցում արարողությունը վերջացնելուց հետո ես պետք է միանայի նրան ընդամենը կես ժամով: Պետք է գնայինք, ստորագրեինք պայմանագիրն ու վերադառնայինք: Մենք երեքս` ես, Դաթոն ու Ռուդիկը:
Գնացինք: Պարզվեց, որ մեզ սպասում են քաղաքամերձ ամենաշքեղ առանձնատներից մեկում: Այնտեղ մեզ դիմավորեց սև անձրևանոցավ մեկը (իրականում դա ավելի նման էր փարաջայի): Ուղեկցեց շքեղ, սակայն մռայլ շենքի միջանցքներով մինչև փորագրված փայտե դռներով սենյակը: Ներսում սարսափելի մռայլ էր: Սակայն տանտերը ընդունեց մեզ ջերմ: Նա փաթափվեց Ռուդիկին, պինդ սեղմեց: Ռուդիկը ծանոթացրեց մեզ: Ոչինչ չխոսացինք: Ռուդիկը մեր ներկայությամբ ստորագրեց թղթերն ու մենք գնացինք: Մեր ստորագրություններն անհրաժեշտ չէին:
-Դու գոնե Էդիկին ցույց տվե՞լ ես էդ թուղթը, որ նոր ստորագրեցիր,-հետաքրքրվեցի ես:
-Էդիկի պետքը չկարես ստորագրել եմ մեր կանաչ լույսի կենացը,-ասաց նա քմծիծաղով: Դաթոն նույնպես երջանիկ էր երևում:
Ես ոչինչ չէի հասկանում:
Հարսանյաց սրաում շատ էի խմում: Կինս պարում էր Ռուդիկի ու Դաթոյի հետ: Նա այնքան էլ հրաշք չէր: Ավելի շատ պարում էր Ռուդիկի հետ:
Նրանք շուտ-շուտ ներս ու դուրս էին անում:Ծիծաղում էին:


Էլի զանգ: Ինչպիսի պատիվ: Ռուդիկ:
-Կյանքիցդ ձե՞ռք ես քաշել, Վա՛ն,-հայտնեց ինձ մեծքն Ռուդիկը:
-Иди ты…,-խռխռացի ես:
-Կարաս սաղ հետ բերես, եթե հիմա սողաս մոտս:
-Иди ты,-հիանալի բան է այս խռպոտ ձայնը: Ես ինձանով հպարտանում եմ:
Նա անջատեց հեռախոսը: Նրա նման գելերը հանգիստ կիմանան, թե որտեղ եմ ես ու ուշ թե շուտ կգտնեն: Հաստատ վերջս կտան: Բայց թքաց:
Չնայած վախի նախանշաններ արդեն կան: Սիրտս կատաղած խփում է:
Փոխում եմ պինգվինների ալիքը: Ոչ մի հետաքրքիր բան չկա: Բացի երևի այս կաթոլիկներից: Նրանք զբաղվում են էկզորցիզմով: Դուրս են քշում դևերին: Ու (ես ցնցված եմ) ուղիղ եթեր են տալիս դա:
Լուրջ դեմքով հոգևորականը կանգնած է մահճակալի գլխավերևում: Մահճակալին մի կնոջ հյուծված մարմինն է: Տիտրերով գրվում է հոգևարականի բառերի թարգմանությունը:
 Նա պահանջում է ինչ-որ մեկից ասել անունը: Հավանաբար դևից: Կինը ցնցվում է: Հոգևորականի ձեռքին խաչ կա: Նա երևի ահավոր լուրջ տղա է: Նա չի պատրաստվում հանձնվել: Նա խաչը թաթախում է օրհնված ջրի մեջ ու շփում դրանով կնոջ մարմինը: Վերջինս տաղապում է: «Անունդ, ասա՛ անունդ»:
Լատիներեն աղոթքներն ինձ դուր են գալիս:
Հիշում եմ Ռուդիկի կնիքը: Նրա վրա նույնպես կան լատիներեն բառեր: Նրա բանկի կնիքն է: Կանաչ լույսից հետո նա բանկ բացեց: Բանկի բացումը եղավ հարսանիքիցս մեկ ամիս հետո: Ես ու կինս նոր էինք վերադարձել Гондурас-ից:
Պաշտոնական արարողությունից հետո մեծ խնջույքն էր: Ռուդկիկը վարձել էր մի ողջ ռեստորանային համալիր: Մեր եռյակը  (չեմ հավատում, որ դեռ կարողանում եմ գրել այդ արտահայտությունը) վիայփի էր: Դաթոն իր ընկերուհու հետ էր: Ռուդիկն իրենկանաչ լույստվողի, ես` կնոջս: Մենք խմում էինք Crystal շամպայն: “Կանաչ լույս տվողըմտերմիկ խոսում էր կնոջս հետ: Դաթոյի ընկերուհին փորձում էր շեղել նրա ուշադրությունը դեպի իրեն:
Հետո բարձրացանք երրորդ հարկ: Ռուդիկը երևի ջանք չէր խնայել: Ողջ երրորդ հարկը ձևափոխված էր գիշերային ակումբի: Ամենուրեք ստրիպտիզի ձողերն էին: Ամենուրեք մերկ մարմիններ էին: Դաթոն մի քիչ նյարդային էր երևում: Նրա ընկերուհին մեկ շարժումով հանեց իր վրայից թեթև գործվածքով կիսաթափանցիկ շորիկն ու սկսեց պարել: Կնոջս հայացքը նման էր կատվի: Նա կարծես մռռաց: Հետո պարում էին բոլորը: Ժամանակ առ ժամանակ ոմանք առանձնանում էին: Կինս հաճախ անհետանում էր տեսադաշտիցս: Այդ պահերին հայտնվում էրկանաչ լույս տվողնու խոստանում ոսկե սարեր
Ահա՛: Իսկ  ես արդեն սկսում էի կարոտել…
SMS` «Ուզում եմ քեզ...»
Բա ոնց: Հեսա եկա:


Էկզորցիզմի ակտը շարունակվում է: Հոգևորականը քրտնած էր: Նա արտասանում է լատիներեն աղոթքներ: Ես չեմ կարդում տիտրերը: Պարզապես լսում եմ: Դա այնքան խորհրդավոր է:
Հիշում եմ Ռուդիկի բանկի կնիքը: Հայելիային արտացոլմամբ է:
Մի տեսակ փշաքաղվում եմ այդ մասին մտածելիս:
Հասկանու՞մ եք, ես նրան պարտք եմ: Նրա բանկն ամենամեծ պարտատերն է: Որպեսզի ամեն ինչ լինի ամբողջովին օրինական և հարկատվության համար նպատակահարմար, մենք բաժանվել էինք մի քանի ընկերությունների: Ու ինձ բաժին հասած ռեալիզացնող ընկերությանը պետք էր վարկ: Վարկը բնականաբար տրամադրեց Ռուդիկի բանկը: Հետո ես էլի վարկեր վերցրեցի: Ու էլի: Դաթոն էլ էր վերցնում: Նա լիքը փող էր վերցնում ու լիքը ապրանք ներմուծում: Ավելի շատ փող վեցնում ու ավելի շատ ներկրում: Ամեն ինչ գնում էր ավելի ու ավելիին: Ամենա ու ամենային:
Մի օր ինձ հետ կապնվեց Ռուդիկը: Գնանք, ասում է, մեկին տեսնելու: Ինձ փող է պարտք: Ես էլ գնացի, ինչպես հին ու բարի ժամանակներում: Երբ Ռուդիկին դպրոցում նեղացնում էին, ես ու Դաթոն միշտ նրա կողքին էինք:
Գնացինք: Դա կոշիկի հինավուրց ֆաբրիկայի տերն էր: Ուսունութամյա Կառլեն Սահակյանցը: Նրա հայրն էր զբաղվել կոշիկի արտադրությամբ, նրա պապը, նրա պապու հայրը: Նա լավ ծերուկ էր: Ազնվական, բարեկիրթ:
 Երբ մտանք նրա գրասենյակ, Ռուդիկը քացով հարվածեց ծերունու կրծքին: Նա տապալվեց ու փչեց վերջին շունչը: Ռուդիկը նրա սեյֆից վերցրեց բոլոր թղթերը, զանգեց Էդիկին, որոշ հարցեր տվեց ու իրենից գոհ ասաց`» Լավ, գնացինք»:
Ուղղակի` «Լավ գնացինք»:
Ես մի քիչ շշմած էի: Սահակյանցը ճանաչում էր հորս: Սահակյանցը երեք մանկապարտեզի հոգեբարձու էր: Սահակյանցը Ռուդիկի վարկառուն էր: Պարտապանը:
-Ոչինչ, որ Սահակյանցը մեռավ: Ողորմի: Պատահում ա, չմտածես...
Ողջ քաղաքն էր մտնում պարտքի տակ: Բոլոր մարդիկ արդեն պարտք են որևէ բանկի: Իսկ բոլոր բանկերը պերտք են Ռուդիկի բանկին: Բոլորը պարտք են Ռուդիկին: Երևի այս հյուրանոցի տերն էլ: Ու այն ընկերությունը, որը հեռարձակում է այս հեռուստաալիքները` նույնպես:

Ես փոխում եմ ալիքը: Ուղեղս ծանրաբեռնվեց: Լատիներենն էլ հոգնեցրեց: Կրկին շրջում եմ ալիքները: Օօօ: Ցույց են տալիս սարսափ ֆիլմ: Չէ, կներեք: Պատմում են, թե ինչպես են նկարահանում սարսափ ֆիլմեր: Դերասանը պատմում է, թե ինչպես է կարողանում շարժվել զոմբիի պես: Նրա դեմքին իսկական գաջ են քսում, որպեսզի դառնա անտանելի այլանդակ:
Իսկ ես, գրողը տանի, այդ ամենը կարծես թե տեսել եմ:
«Կանաչ լույս տվողը»: Նա իսկական դև է: Նա սառն է, նա հզոր է: Նա ահռելի ուժ ունի: Երբ գնում ենք նրա ընթրիքներին, կինս նրանից աչք չի կտրում: Բայց «կանաչ լույս տվողը» այլանդակ է: Նրա աչքերը դուրս են ցցված, մաշկն ընդհանրապես բանի նման չէ, իսկ ոսկորներն այդպես էլ տնգված են այդ մաշկի տակից:
Փոխում եմ ալիքը: Երաժշտություն:Շուտվանից չեմ լսել: Տրամադրում է: Ինչ-որ սևամորթ տղա երգում է, որ գնում է հեռու: Ապրի նա: Ես էլ եմ գնացել հեռու...
Գրողը տանի: Զանգ:
-Վան Արսենի՞չ:
-Էդիկ,-ասում եմ,-այդ դու՞ ես, պեդիկ:
-Երևի ձեզ այսօր էլ կգտնեն, Վան Արսենիչ,-հայտնում է Էդիկը:
-Շնորհակալ եմ, թանկագինս,-ասում եմ ու անջատում:
Ուրեմն այսօր: Դե, վատ չեն աշխատում: Ռուդիկը միշտ է լավ աշխատում:
Կահիրեյում, հանգստանալու ժամանակ, նա դա ցույց տվեց: Երեք ամիս առաջ էր:
Ցանկացավ պարել կնոջս հետ: Նա միշտ էր պարում իմ կնոջ հետ: Դաթոյի ընկերուհին այնքան էլ գեղեցիկ չէր, չնայած միշտ հնարավորինս մերկանում էր: Ես ուզեցա առարկել, սակայն նա արեց մի բան..արեց մի բան...ախր...
Նա հանեց գրպանից մի քանի թղթեր, դրեց դիմացս: Իմ պարտքերն էին: Ասաց, որ վեր ընկնեմ տեղս, թե չէ կսեղմի ձվերս ու վերջ, վերջս կգա:
Այդ օրը ես իսկապես խմեցի:
Կինս էլ երջանիկ էր թվում:
Իսկ նա երբեմն թվում է հրաշք: Հարսանիքից հետո դա շատ հազվադեպ է տեղի ունենում, բայց մեկ-մեկ, կարծես այն հին հրաշքն է:
Լավ է, որ մենք երեխաներ չունենք:

Ես ուզում եմ խմել, սակայն սենյակից դուրս գալու հեռանկարն ինձ չի ջերմացնում:
Ավելին, ես կուչ եմ գալիս տեղերիս մեջ ու ավելի հարմար ու ապահով նստում: Իսկ եթե զանգեն, ես բոլորովին կխռպոտացնեմ ձայնս: Ուղղակի նոր, կամաց-կամաց սկսում եմ գիտակցել կատարածս: Այդպիսի բանի համար կատաղած Ռուդիկը հաստատ ինձ կսպանի: Հաստատ:
Իմ թշնամիները երբեք չեն հասնի նրան, որ ես անջատեմ հեռախոսս: Երբեք: Ես միշտ պատասխանելու եմ նրանց զանգերին: Դա իմ իրավունքն է:
Սիրտս խփում է աննորմալի պես: Կարծես էքստզի կուլ տված թեթև քաշային բռնցքամարտիկ լինի տանձի առջև:Այդպես թպրտում է:


Այդ երեկո մենք հրավիրված էինք խնջույքի «կանաչ լույս տվողի մոտ»: Նա նոր տուն էր գնել կենտրոնում: Երկու հարկանի կոկիկ ու հարմարավետ տուն: Չես հասկանա, թե ինչի համար: Նա այնքան տներ ունի...ամեն դեպքում հանդիպման առիթը տան բացումն էր:
Ռուդիկն ամենապատավավոր հյուրն էր: Գրեթե տանտերը: Նա նույնպես ընդունում էր շնորհավորանքներ: Նա իսկական դեմք էր: Իր կենացներում անընդհատ ասում էր, որ իր գթությամբ ու կամքով է ամեն ինչ լինում, որ ինքն իր մտերիմներին չի թողնի, որ խորտակվեն պարտքերի տակ: Իսկ իրականում նա վախեցնում էր բոլորին: Նա, անընդհատ ասելով, որ ինքն է ամեն ինչի տերը, սարսափեցնում էր մարդկանց: Ես տեսնում էի դա: Բոլորի դեմքերին էր գրված: Երևի ուներ իր գրպաններում ամեն տեսակի մուրհակներ:
Բանկ կոչեցյալը: Հզոր երևույթ է դա: Իմ պարտքերի տոկոսադրույքներն ամեն օր շատացնում են պարտքիս ծավալը բավական զգալի գումարիկով: Դա կատակ բան չէ: Ու բոլորի մոտ էլ նույնն է: Ու երբեմնի «եռյակը» գոյություն չուներ: Ռուդիկը Դաթոյին էլ էր հասկացնել տվել, որ պահանջելու է փողերը ամենայն խստությաաամբ:
Նա ու «կանաչ լույս տվողը» (վերջինս հաճույքով զիջում էր տան տիրոջ ղեկը Ռուդիկին) հայտարարեցին խաղի մասին: Խառը պարզ էր: Բոլորը պետք է կանգնեին չորեքթաթ, բռնեին իրար հետևից ու, օղակ կազմելով, շարժվեին սլաքի ուղղությամբ: Ժամանակ առ ժամանակ  «կանաչ լույս տվողն» ու Ռուդիկը պետք է խնձոր նետեին օղակի կենտրոնը: Ով որ առաջինը չորեքթաթ կհասներ խնձորին, կստանար նվեր: Ազատում մի որևէ մուրհակից կամ որևէ տոկոսային զեղչ: Բոլորը հաճույքով խաղում էին: Ես, օգտվելով իբր թե հատուկ դիրքիցս (ես ու Դաթոն այնուամենայինվ Ռուդիկի մերձավորներն էինք), կանգնած էի Ռուդիկի հետևում ու խուսափոցինք խաղին մասնակցելուց: Կինս, որ պարրտքեր չուներ, հաճույքով ցանկացավ խաղալ: Նրա հետույքը ախորժալի աջ ու ձախ էր անում օղակի շղթայի մեջ: Նրա հետևից քայլում էր ոմն գործատեր Գաբրիելյանը:
Բոլորը զվարճանում էին: Խաղը շարունակվում էր ընդմիջումներով: Ոմանք կարգին թեթևացել էին` պարտքերի մի մասից ազատվելով: Ոմանք ուղղակի հաճույք էին ստանում “կանաչ լույս տվողի” հյուրասիրությունից:
Ռուդիկը կանչեց ինձ պատշգամբ:
-Լավ ա չէ՛ անցնում,-ասաց նա:
-Էս խաղը ո՞վ ա հորինել…
-Դե վերջացրու…գիտեի, որ սրտովդ չի լինի, բայց մի՛ նեղվի: Մեկ-մեկ պետք ա գալիս ցույց տալ, թե ով ա շունը, իսկ ով ա տերը:
-Ուրեմն դու նրանց շու՞ն ես համարում:
Նա թավ ձայնով ծիծաղաց: Այնքան էլ կեղծ չէր ծիծաղը: Նա հաճույք էր ստանում, որ կարող է պատասխանել ԱՅՈ:
-…Ռուդ, դու ինձ ընկե՛ր ես համարում…,-ինձ տանձում էր այդ հարցը: Եթե կար այդպիսի մեկը, ինչպիսին Ռուդիկն էր, պետք էր ճշտել, արդյո՞ք նա քեզ  ընկեր է համարում, թե շուն…
-Իհարկե դու իմ ընկերն ես,-հանգստացրեց նա ինձ ու թեթև խփեց ուսիս…
Հետո շարունակեց.
-Դրա համար էլ ունեմ քեզ համար հատուկ առաջարկ…ծոցից հանեց…իմ մուրհակները:
Նրա աչքերը փայլում էին: Նա, լիզելով շուրթերը, ցույց տվեց կնոջս կողմը: «Կանաչ լույս տրամադրողը» նրա հետ ֆանտաստիկ ու էռոտիկ պար էր պարում: Երևում էր, որ կինս իրեն լավ է զգում…
-Առողջ փոխանակում,-չգիտես ինչու ասաց դա Ռուդիկը:
Իմ հարվածը չուշացավ: Սկզբում ճտաց նրա քթի ոսկորը: Հաջորդ հարվածը լավ նստեց նրա ծնոտին: Շնչառությունս բացվել էր: Միտքս նույնպես: Վախս հետին պլան էր գնացոել: Կամ կորել…
Մի հարված էլ…ու Ռուդիկն ընկավ պատշգամբից: Լսվեց խուլ դմփոցն ու մարդիկ միանգամից լցվեցին պատշգամբ:
Ու ստեղ ես սկսեցի “ուտել քաքը”:
-Պոռնիիի~կ, -գոչեցի ես կնոջս ու հարվածեցի նրան: Դարձա “կանաչ լույս տրամադրողին”,-դու մտածում ես որ ի՞նչ: Սենց կառնես սաղին ու վե՞րջ: Տո դու էլ, արա, տո ձեր անասուն կնիքներն էլ ու ձեր բանկերն էլ…
Դիմեցի մյուսներին: Սա արդեն լրիվ ավելորդ էր:
-Արա դուք էլ տավար ոչխորներ եք: Իսկական հորթեր եք…
Էլ չշարունակեմ: Մի խոսքով իսկական ներկայացում: Ելույթս երևի երկու րոպե էլ չտևեց: Առանձնապես ուշադրություն էլ չգրավեց, որովհետև բոլորը հետաքրքրվում էին Ռուդիկի առողջությամբ: «Ո՞ղջ է արդյոք»:
Ես դուրս վազեցի շենքից: Դրսում արդեն լիքը մարդ կար: Շատերն էին իջել:
«Ոտքը ջարդվել ա...», «Բժի՛շկ, բժի՛շկ»:
Այնտեղ էր կինս: Նրա աչքերն ինձ մեղադրում էին:


Гондурас.
Սիրտս չի հանգստանում: Գեշ է խփում: Ես անհանգստանում է: Զանգում է նա: Ահա:
-Ալո,-ասում եմ:
-Սիրելի՛ս...,-ասում է նա:
-Հարսանիքի օրը դուք եղե՞լ եք իրար հետ:
-Ի՞նչ...,-նա շփոթված է երևում: Դերասանուհի: Сука.
-Հարսանիքի օրը, ասում եմ, իրար հետ եք եղել: Դու ու Ռուդիկը...հա՞, հա՞:
Նա լռում է:
-Պոռնիկ...
-Դու չես հասկանում,-սկսում է նա,-Ռուդիկն ունի կանաչ լույս: Նա ամեն ինչի տերը կարող է դառնալ: Ինքը քեզ շատ էր գնահատում, ջան: Ինքը քեզ որպես ընկեր, որպես եղբայր էր ընդունում: Դու պետք է լսեիր նրան ամեն ինչում...
Նա այնքան համոզիչ է խոսում: Այնքան համոզիչ: Ես գրեթե զղջում եմ արածիս համար:
-Ես լավ հասցրել եմ նրան: Շուտվանից էր պետք: Պիտի սպանեի, պրծնեի...
-Մի ասա տենց...
Լռում ենք:
-Նա գալիս է հետևիցդ,-ասում է նա,-մի քիչ հետո կհասնի...
-Հաջող,-ասում եմ: Հեռախոսն անջատված է: Ես ավելի եմ կծկվում տեղերիս մեջ:
Փոխում եմ ալիքները:
Ցույց են տալիս ծովային անատամիկի: Անմիտ թարգմանություն է: Моллюск: Molluscus: Այդպես ավելի լավ է հնչում: Այս ծովային «խխունջատիպները»տեսակներից մեկը ապրում է բավականին խորը, ջրի տակ: Ողջ կյանքի ընթացքուըմ գրեթե չի շարժվում: Ակվալանգիստը պատմում է նրա մասին: Ցույց են տալիս ութնոտուկի: Դա սնվում է անատամիկներով: Նա նստում է  անատամիկի վրա ու իր շոշափուկների փոքրիկ ատամիկներով ծակում  անատամիկի զրահի պատն ու ուտում նրան:
Ակվալանգիստն ասում է, որ մինչև զրահը ծակվում է, անատամիկն արդեն մահացած է լինում: Կաթվածահար է լինում: Սիրտը չի դրիմանում մահվան այդքան մոտ լինելուն:
Հետաքրքիր են կենդանիները:

In Nomine  Dominus Satanas: Դա գրված է Ռուդիկի բանկի կնիքի վրա: Ընթերցվում է հայլու օգնությամբ: Ես դա նոր հիշեցի: Կարծեմ չէի ասել այդ մասին:Աաա...այն մասին, որ հարսանիքիս օրը Ռուդիկի ստորագրած փաստաթղթին ծանոթ եմ, նույնպես չեմ ասել...ասելու բան էլ չի: Չեմ կարծում, որ ձեր մեջ կլինյի մեկը, ով տիրապետում է էկզորցիզմի գաղտնիքներին:
Իսկ ես ունեմ բացառիկ հնարավորություն: Ստուգելու մարդու և անատամիկի նյարդային հավասարակշռության աստիճանները:

Ծեծում են դուռը: Ինչքա՞ն կդիմանամ:

No comments:

Post a Comment