Monday, October 17, 2011

Աղացած մսով խորտիկներ

Իհարկե ես հասկանում եմ, որ այս պատմությունն ամենապոզիտիվ բանը չէ, որ կարող եմ ձեզ պատմել: Ու իհարկե ես հասկանում եմ, որ խոսքը գնում է իրական մարդկանց մասին Բայց, երբ երեկ այցելեցի հիվանդանոց, առիթ ունեցա քցել-բռնելու, թե ինչով եմ ես զբաղվում, ինչով էր զբաղվում ոտքը կոտրած Ավոն, ու ընդհանրապես` ինչ է կատարվում այն վտանգավոր ոլորտում, որտեղ ես աշխատում եմ: Չնայած, վաղը ես կկայացնեմ որոշում ու կկարողանամ ասել` աշխատում ԷԻ: Ուստի հանգցնում եմ սիգարետս ու սկսում պատմել Ավոյի հիվանդանոց ընկնելու մասին: Չմոռանաք հանկարծ` այս պատմությունը հեչ պոզիտիվ չէ:
Ես 52Ա եմ: Դա իմ երթուղին է: Ես երթուղայինի վարորդ եմ: “Մարշրուտկա” բառն Ավոն չի սիրում, մանավանդ, երբ ասում են` “մառշռուտՆԻ”, ես էլ որոշեցի օգտագործել ավելի բարեհունչ “երթուղային” բառը: Ավոն 29 է: Երբ նրա ֆորդ տրանզիտը ողջ արագությամբ սլանում էր դեպի բետոնե արգելքը, ուղևորներից մեկը փորձում էր դուրս թռչել լյուկից: Բայց դրա մասին հետո…
Դուք ամեն օր երթևեկում եք  երթուղայիններով…ու չգիտեք այն հաստագլուխ եզին, որի անունն է Ռազմիկ: Չգիտեք, որ նա երեք անգամ նստել է տարբեր հոդվածներով` երկու անգամ մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու համար, մեկ անգամ էլ բռնաբարության: Բռնաբարության հոդվածը նրա առաջինն էր: Ասում են, նա այն ժամանակ եղել է տասնյոթ տարեկան ու ասում են, որ բանտում նրան…Դուք չեք ճանաչում նրան, ու ես ձեզ մի քիչ նախանձում եմ: Դուք չեք տեսել նրան առավոտյան ժամը հինգին: Նրա վրայից զգացվում է մենթոլի կտրուկ հոտը, որովհետև բերանը նրա անընդհատ չփչփում է` գզելով ծամոնը: Նայում ես նրան, ու զգում` զբաղվել է սեքսով հարևան կազինոյի հավաքարարի հետ քառասունհինգ րոպե առաջ, սեքսը տևել է երկու րոպե, կերել է մեկ ամբողջ հավ քսան րոպե առաջ, ծեծել է իր թիկնապահին տասներկու րոպե առաջ, հրամայել է սպանել պարտապաններից մեկին վեց րոպե առաջ: Աղեստամոսային համակարգում կա դեռ կես լիտրի չափ սպիրտ, իսկ դեմքի ժպիտն իր կյանքից գոհ լինելն է արտահայտում: Ռազմիկի հագի սպորտային համազգեստները միշտ թավշյա են: Նա ծխում է բարակ սիգարետներ, իսկ յուղոտ աչքերը լցվում են արյունով, երբ սկսում է խոսալ: Խոսալիս նա միշտ բարձրացնում է ձայնն, ու մենթոլի հոտն ավելի ուժեղ է սկսում գալ: Նա ընդունում է խաղադրույքներ…: Նա բուքմեյքեր է, չնայած կյանքում չի կարողանա արտաբերել այդ բառը: Նա ընդունում է խաղադրույքներ մեզ վրա: Դուք երթևեկում եք տրանսպորտով, ու չեք պատկերացնում, որ մասնակցում եք մրցարշավի, որտեղ ամեն օր խաղարկվում է 17 միլիոն դրամից ոչ պակաս, ու դուք չեք ճանաչում Ռազմիկին ու ձեր բախտը բերել է: Նախ, որ դեռ կենդանի եք ու կարդում եք սա ու որ չեք ճանաչում Ռազմիկին:
Ռազմիկն իր ուղեղի հոգնած ծալքերն աշխատացնելու կարիք առանձնապես չի ունենում: Սխեման պարզ է, տարրական: Դուրս են ելնում, օրինակ, իրենց կանգառներից 28ն ու 76ը (սինխրոն իհարկե) ու սկսում վազքը: Անպայման չէ, որ նրանց գծերը խաչվեն: Անպայման չէ նաև, որ գծերը լինեն հավասար: Ամեն ինչ կարգավորվում է գործակիցների սկզբունքով: Եթե 28ի գիծն ավելի երկար է, ապա նրա հաղթելու գործակիցն էլ մեծ է: Կոնկրետ 28 և 76 համարների վազքի գործակիցը հետևյալն է` կհաղթի 28ը` 11,2, կհաղթի 76ը` 1,7: Դե գումարած խցանումները, կանգառները, տատիկներն ու պապիկները, տրոնեյբուսներն ու այլ խանգառող հանգամանքները:
Լինում է, որ գծերը խաչվում են: Լինում են դիտավորյալ բախումներ, դիտավորյալ խոտաններ, դիտավորյալ կռիսություններ: Դա սպորտի պես մի բան է: Կան դոպինգներ ու խախտումներ, մրցավարներ ու հանդիսատեսներ...ամեն ինչ կա` ու ամենից առաջ կան խաղադրույքներ: Վարորդը ստանում է իր հաղթանակի վրա դրված գումարի տաս տոկոսը: Քիչ փող չէ. Բախումներն էլ մեղմ չեն:


Դեպի հիվանդանոց տանող ճանապարհն Ավոյի համար սկսվեց Ռազմիկի հետ տեղի ունեցած զրույցից: Երեկոյան էր, երբ ես հաղթանակած գնացել էր վերցնելու տաս տոկոսս: Ռազմիկը տվեց ինձ վաթսունչորս հազար դրամ: Ես դուրս եկա նրա միհարկանի գրասենյակից, որը գտնվում է երկու հսկա կազինոների արանքում ու նմանվում է ավտոտնակի: Դուրս գալիս նկատեցի, որ Ավոն ոտքը կախ է գցել: Ռազմիկը նրան ասել էր, որպեսզի սպասի:
-Հետդ գործ կա,-հայտնում է նա: Հրավիում իր սենյակն ու շարունակում,-կա մի հատ ձև, որ լիքը փող բռնես:
Ավոյի աչքերն էլ փայլթլում են: Կկարողանա հոր համար կարգին օգնություն ուղարկել գաղութ, դեմն էլ սեպտեմբեր է, երեխաները պետք է դպրոց գնան:
-Վաղվա ռեյսերից մեկում կկպնես 4-ի հետ...
-4-ի հետ համարյա սաղ ճամփեն կողք-կողքի ենք գնում,-ասում է Ավոն:
-Ռեխդ փակի՛,արա՛, ու ինձ լսի՛,-գազ է տալիս Ռազմիկը,-որ քեզ բան եմ ասում, մինչև վերջ լսի՛, ջահե՛լ: Կկպնես չորրորդ համարի հետ: Դավիթ Անհաղթ, Կոմիտաս, Բաղրամյան կգնաք իրար կպած: Ես ու խաղացողները կհետևենք ձեզ տեղում: Քո հաղթանակի վրա դրել են արդեն...հիինգ միլիոն...
«Հինգ հարյուր հազար»,-փայլփլում են նորից Ավոյի աչքերը:
-Էլի երկու միլիոն կդնեմ ես:
-Հը՞:
-Ընդհանուր` յոթ միլիոն: Մի քաքի տակդ, մոտ էդքան էլ կա չորրորդի վրա դրած: Մի խոսքով սենց ա հարցը դրած` պիտի կրես: Հասկանու՞մ ես:
-Հա, բայց...
-Արա՛, քեզ ասում եմ, մի՛ խանգարի, լսի՛ ստեղ: Վերցրու՛ էս,-նա մեկնում է Ավոյին թափանցիկ ծրարը,-սա կխմես ռեյսից առաջ: Կլինի մոտավորապես ցերեկվա երկուսի կողմերը: Քեզ կզանգենք ու դու դա կխմես:
-Ի՞նչ ա որ,- հարցնում է Ավոն:
-Դոպինգ: Արխային, վարի չես գնա,-Ռազմիկը վառում է իր բարակ սիգարետը,-դե վերջ, ջահել: Գնա քնի: Վաղը հաղթելուց հետո կգաս, յոթ հարյուր հազարդ կտամ:
«700,000!!!»
Ռազմիկը սկսում է ինչ-որ բան գրել իր գրքույկում: Ավոն այդ գիշեր չի կարողանում քնել:


Ես մեկ-մեկ սկսում եմ մոռանալ` ախր դուք չեք ճանաչում Ռազմիկին ու չգիտեք նրա տետրի մասին: Դա բուքմեյքերական գրկույկն է: Իսկ թե ինչու է այդ գրքույկը խոհարարական, գիտեն գրեթե բոլորը: Մի տպարանատեր պարտք է լինում Ռազմիկին կարգին գաբարիտների մի գումար: Բնականաբար չի կարողանում տալ: Ռազմիկը վերցնում է նրանից առջևի չորս ատամները, աղջկա կույսությունը, կնոջ ոսկեղենն ու տպարանը` մի ամբողջ տպաքանակ խոհարարական գրքույկներով հանդերձ: Գրքույկներն այդ շատ որակյալ են: Բաժանված են գլուխների` Ձկով կերակրատեսակներ, Աղցաններ, Խմորեղեններ, Սառը խորտիկներ, Աղացած մսով խորտիկներ: Դրանք տետրի պես բաներ են, ուղղակի բաժիններով նախատեսված: Օրինակ, երբ հեռուստացույցով ասում են մայրաքաղաքայինի բաղադրատոմսը, պետք է գրել դա «Աղցաններ» բաժնում: Դե զիզի-բիզի բաներ են, տնային տնտեսուհիների համար: Իսկ ռազմիկի համար գումարի տնտեսման աղբյուր: Ինչու գնել հատուկ տետրներ խաղադրույքների գրանցման համար, եթե ձեռքի տակ կան այդպիսի հարմար գրքույկներ:
Ավոյի, ինչպես նաև չարաբաստիկ 4-ի վարորդի խաղադրույքները գրված էին նույն էջի վրա: Նրանց հարևանությամբ կային էլի վեց զույգեր: Բոլորը տարբերվում էին մույսներից: Մյուս էջերի խաղադրույքների չափսերը նորմալ էին` հինգանիշ թվեր, հազվադեպ` վեցանիշ: Իսկ այդտեղ բոլորն էին վեցանիշ, հատուկենտ հանդիպում էին վեց զրո ունոցող թվեր: Ռազմիկը որոշել էր բռնել բինգո: Չնայած....ոչ միայն նա:


Հաբ: Հավանաբար հաբն է դեպի հիվանդանոց տանող հիմնական ճանապարհը: Ի նկատի ունեմ Ավոյի համար: Ռազմիկի տված փոքրիկ թափանցիկ ծրարի մեջ հաբ էր: Դրա քիմիական ողջ անվանումը ես անկարող եմ անվանել, համապատասխան կրթության իսպառ բացակայության պատճառով, ու Ավոյի գլուխն էլ կսկսի ցավալ` լսելով այդ երկար-բարակիոդությունը: Փորձեմ նկարագրել նրա ազդեցությունը, ինչպես դա ինձ պատմել է հենց Ավոն: Չէ, կսկսեմ հենց վազքից: Ավոն համաձայն է:
Վազքը ես ինքս էլ եմ տեսել, մասամբ: Իմ գիծն էլ` 52Ա-ն անցնում է Կոմիտասի պողոտայով, ուստի ես տեսել եմ թե ինչեր է կատարվել այնտեղ: ԲԱցի այդ մի երկու բառով փոխանակվել էի նրա հետ դեռ վաղ առավոռտյան: Նրա ու Ռազմիկի զրույցի մասին տեղյակ էի:
-Ապե՛ր, էսօր լիքը փող եմ կպցնելու, ԼԻՔԸ,-կրկնում էր նա:
-Գոնե պայմանավորվեք, որ առանց ուղևորների լինեք:
-Չէ, Ռազմիկն ասաց` լրիվ կանոններով, կանգառներով ու մարդկանցով:
-Բա հաբը՞
-Հաբի համար կզանգեն...
-Գիտես, գոնե, ի՞նչ ա դա:
-Դոպինգ:
-Այսի՞նքն:
-Դե երևի ուշադրությունը կենտրոնացնող մի բան ա, ես շատ գիտեմ:
-Սրտովս չի...,-ասացի ես:
Ավոն պինդ սեղմեց ձեռքս ու ժպտաց: «Լավ կլինի ամեն ինչ»:

Ժամը երկուսի կողմերը Ավոն զանգ է ստանում Ռազմիկից` «Կուլ տուր տաբլետկեն»: Ավոն, յոթ հարյուր հազարը մտքում, լսում է նրան: Քսան րոպե անց ստացվում է երկրորդ զանգը` «ուղիղ հինգ րոպեից ստարտ»: Ավոն, որ այդ ժամանակ իր 76-ի վերջին կանգառում է լինում, լվացվում է, նայում երկնքին, նստում ֆորդ տրանզիտի ղեկին ու սկսում: Առաջի երկու կանգառները լինում են հանգիստ: Երկրորդ կանգառում վերցնում է ուղևերներ: Չի կորցնում ավելորդ ոչ մի վայրկյան: Մրցավազքին մասնակցող յուրաքանչյուր վարորդ գիտի, որ իր հաղթանակը կարող է վիճարկվել, եթե նա չի մտնում կանգառները, չի վերցնում ու իջեցնում ուղևորների: Այն մարդիկ, ովքեր խաղադրուքներ են կատարում հաճույք են ստանում հենց դրանից: Վարորդները կարող են պարտվել ագահությանն ու կատարել սխալներ: Սխալներ` մարդկային զոհեր: Մահվան վտանգ` ահռելի ադրենալին: Ուրիշ մարդկանց կյանքերին վտանգ` անսահման հրճվանք: Զուր չեն շատ խաղացողներ իրենց մեքենաներով ուղեկցում երթուղայիններին: Դա այն շոուն է, որի համար նրանք վճարում են: Լինում են դեպքեր, երբ վարորդն այնքան է շտապում, որ շարժում է մեքենան, երբ նրանից դեռ իջնում է ինչ-որ մեկը, ու դուռը թափից առաջ է գալիս ու ջարդում որևէ վերջույթ: Ու հազար ու մի այդպիսի դեպքեր: Ի դեպ, Ռազմիկի խոհարարական գրքույկներում կգտնեք շատ ու շատ մարդկանց անուններ ճանապարհային ոստիկանությունից: Ռազմիկը նրանց անունների առջև ավելացնում է աստղիկների պես նշաններ, որ տարբերվեն ոչ պագոնավորներից: Աստղերովների համար առաջարկվում են մի քիչ այլ, էքսկլյուզիվ գործակիցներ, էքսկլյուզիվ  ծառայություններ: Չէ որ նրանք են փաստացիորեն այդ վազքերի գլխավոր տեխնիկական հովանավորը` կանաչ լույսը:
Իսկ Ավոն, ավելի ու ավելի առաջ գնալով, սկսում է տարօրինակ առույգություն զգալ: Սկսում է լսել հարևան մեքենաների շարժիչների ձայները: Սկսում է զգալ ասֆալտի հոտը: Անցնում է նրա դիմացով ճնճղուկի պես մի բան` նրա ձեռքերը կատաղի արձագանքում են` պտտելով ղեկն ու նորից հավասարակշռության բերելով մեքենան: Ոտքերը կարծես սերտաճում են սեղմակների հետ: Ողջ օրգանիզմն է սկսում «շնչել» ֆորդ տրանզիտի հետ: Ադրենալինի քանակությունը հասնում է աննախադեպ մակարդակի:
Լամբադա կամրջի մոտ ես տեսա 4-ը և Ավոյին սեփական աչքերով: Կոմիտասի առաջին կանգառն էր: 76-ը գռմռում էր կանգառում: Նրանից մի քանի մետր հետ կանգնած` ոռնում էր 4-ը: Դրա խելառ վարորդին ճանաչում եմ: Մեքնենան գազել է, բայց խելառը փոխել է շարժիչը բավարականով, համապատասխանեցրել փոխանցման տուփն ու կախոցները: Դա իսկական գազան է: Գազան, որի կողքի դռնից դողալով իջնում էր մի պառավ: Գազելը մեկ-մեկ սկսում էր իրար գալ` ստիպելով տատիկին ավելի արագ իջնել: Իսկ Ավոն արդեն պոկվում էր տեղից ու սլանում դեպի մյուս կանգառը: Ես վազքի չէի մասնակցում, հանգիսկ հետևում էի` դիմանալով հասցեիս լսվող մունաթներին` ստեղ պահի՛, ուստա, պահի՛ ստեղ, կանգառում պահի՛: «Դեբիլը դուք եք,- ասում եմ մտքիս մեջ նրանց,-կարողա նույն կանգառում ամեն մեկիդ համար առանձին-առանձին պիտի պահեմ...»:
 Նկատել էի, որ երկրորդ գծով անընդհատ շքեղ մեքենաներ են անցնում` «էս էլ տրիբունաները»:
Պառավի երկրորդ ոտքը դիպչում է ասֆալտին, ու 4-ը պոկվում է: Հեռվից ձեռքով իրեն նշան անող ուղևորին չի արձագանքում, չի կանգնում, ու ես մտածում եմ, որ պետք է տուգանել դրան: Ավոն վստահ սլանում է առաջ` զգալով  չտեսնված աշխուժություն ու աներևակայելի պարզ միտք, որը խելահեղ արագությամբ վերլուծում է ամեն ինչ:
 Մինչև այն հատվածը, երբ Կոմիտասը սկսում է իջնել դեպի Բարեկամության հրապարակ առաջևից գնում էր Ավոն: Այսինքն առջևից գնում էր սև աուդին, որի մեջ ես մի պահ նկատեցի Ռազմիկի գլուխը, հետո նոր Ավոն: Իսկ չորրորդը կատաղած հետապնդում էր նրան: Ընդհանուր առմամբ 4-ն ավելի ագրեսսիվ էր, անընդհատ ստիպված էր լինում հնարքներ գործի դնել` սրան-նրան չվրաերթելու համար: Ու այնուամենայնիվ 4-ը հավասարվեց Ավոյին: Խոսում էր բավարական շարժիչը: Գազելը կարծես ծաղրեց ֆորդին` մի քիչ բարձրացնելով դիմացի մասն ու սկսեց առաջ անցնել: Ավոն հաջորդ պահին ինձ ապշեցրեց: Այդպիսի բան դեռ չէր եղել: Նա ընթացքից հարվածեց գազելին: Մի պահ աջ քաշեց ու ողջ ուժով նորից ձախ: Լսեցի իմ ուղևորների զարմացած բացականչությունները. Նրանք նույնպես նկատել էին, որ գազելը շատ արագ անցավ մեր կողքով, իսկ դիմացի ֆորդը չի ուզում ճանապարհը զիջել:
Գազելը հարվածից դուրս թռավ հանդիպակած գիծ: Լսվեցին առջևից եկող մեքենաների ազդանշանները, 4-ի ուղևորների ճչերը: Սակայն Ավոն ապշեցրեց ինձ նորից: Գազելը կրկին հավասարվել էր նրան ու փորձում էր առաջ անցնել: Ավոն հանում է լուսամուտից ձեռքն ու հարվածում գազելի առջևի դռան ապակուն: Դրանով չի բավարարվում: Մի քանի պահ անց հարվածները սկսում է հասցնել երկաթի անկապ մի ձողով: գազելը նորից մտնում է հանդիպակած գիծ: Նորից ազդանշաններ: Շքեղ ավտոների կուտակումը երկու երթուղայինների շուրջ սկսում է խտանալ: Մեքենայակույտի միջին արագույթունը մոտենում է հարյուրին: Նրանք սլանում են` առանց կանգառներին ուշադրություն դարձնելու: Նկատեցի, որ թուքը բերանումս չորացել է:Ուղևորներս պահանջում էին` կանգնի՛ր, կանգնի՛ր: Ես զոմբիացած գնում էի Ավոյենց հետևից:
Հանկարծ գազելի ոռնացող ձայնն ավելի է սաստկանում: Նրա խլեցուցիչից մուգ  ծուխ է սկսում դուրս գալ: Մոտենում  են արդեն բարեկամության հրապարակին: Իմ ուղևորները սկսում են անասելի աղմուկ, ու ես ստիպված կանգ եմ առնում Կոմիտասի վերջին կանգառում` հայացքով հետևելով սլացող մրցավազքին:


Ավոն առաջ երբեք այդպիսի զգացումներ չէր ունեցել: Ներքին օրգանները կարծես գտնվում էին անկշռության վիճակում: Գիտակցությունը ծանրաբեռնվաած չէր մարմնով: Այն թեթև էր ու պարզ: Միայն մի բան կար, որ անընդհատ մղում էր նրան առաջ: Դա սնդիկի պես մի բան էր նրա ուղեղի մեջ, որ ստիպում էր ոչ օրդինար քայլերի գնալ` նպատակին հասնելու համար: Իսկ նպատակը պարզ էր: Այն շատ հստակ էր դրոշմվել Ավոյի մտքում: «Առաջի՛նը, առաջի՛նը, 700,000!!!»: Ես կարող եմ ենթադրել, որ նմանատիպ ապրումներ ունեցել է նաև 4-ի խելառ վարորդը, չնայած նա  սովորական ժամանակ էլ ադեկվատ չէր լինում:
Այդ մրցավազքն ավարտվել է Բարեկամության հրապարակում: Ու ամեն ինչ տեղի է ունեցել Կասյան փողոցից դուրս գալու ընթացքում: Ավոն ու 4-ի խելագար վարորդը շարունակել են բախվել միմյանց: 4-ը նորից դուրս է մղվել հանդիպակած գիծ: Դիամցից հայտնվել է MAN մակնիշի հսկա բեռնատարը: Բախման թափից գազելի հետևի դռնից դուրս են թռել գազի մեծ կարմիր բալոններն ու գլորվել ուղիղ շքեղ մեքենաների ուղղությամբ: Նրանցից միայն երկուսն են կարողացել շրջանցել բալոնները: Այդ ամենից ես տեսա միայն հսկա բոցը, որ մի պահ վեր բարձրացավ բոլոր շենքերից:
Ստեղծվեց խառնաշփոթ մի աղմուկ: Պայթյունների հարվածից ֆորդի հավասարակշռությունը խախտվեց: Բացի այդ էլ բալոններից խուճապահար ճողոպրող աուդին միամիտ հարվածել էր նրան կողքից: Անիվները սղացել էին  ու ֆորդը սլացել էր առաջ արդեն սահելով: Ավոն փորձել էր հնարավոր բոլոր տարբերակները մեքենան կառավարելի դարձնելու համար: Ադրենալինից մնացել էին միայն սառը քրտինքի կաթիլները ճակատի վրա: Նպատակը վառվել էր պայթյունի բոցերում: Ուղևորներից երկուսը կորցրել էին գիտակցությունը: Մյուսները նստել էին հատակին ու հեկեկում էին` չզսպելով անասնական վախը: Միայն մեկն էր փորձում դուրս թռչել սահող մեքենայից: Նա ընտրում է դրա համար մեքենայի լյուկը: Տղան երևի չէր գիտակցում իր կատարած հիմարության էշության աստիճանը: Ֆորդը կողքանց սահում էր դեպի էստակադայի բետոնե արգելքները կատաղի արագությամբ:, հարևանությամբ աուդին ու մյուս շքեղ մեքենան` մերսեդեսը անկանոն ազդանշաններով խուճապահար ընթանում են նույն արգելքների ուղղությամբ: Տղան դուրս է ցցվում լյուկից հենց այն պահին երբ տեղի է ունենում  բախումը բետոնի հետ: Ավոն ասում է, որ տեսել է հայելիով, թե ինչպես են լյուկից սրահ ընկնում տղայի ոտքերը: Մարմնի մյուս մասը այդպես էլ չեն գտնում: Չնայած ոչ միայն նրա: Ավոյին էլ հենց այնպես չեն գտել: Նրա ոտքերը երկար են քերել բետոնից ու ժեշտից: Նրա ուղևորներից էլ ոչ ոք չի վնասվում: Միայն ուշագնաց եղածներից մեկն այլևս չի արթնանում:
Այլ պատկեր էր ստեղծվել շքեղ մեքենաների մոտ: Երկու մեքենաների մեջ էին հավաքված բոլոր խաղացողները: Հիմա նրանցից ոչ ոք չկա: Ես չեմ տեսել բախումից հետո ստեղծված պատկերը, բայց ասում են, որ աուդին ու մերսեդեսը նմանվել են կոլոլակի: Ասում են, որ Ռազմիկի գլուխը պոկվել է: Շատ բաներ են պատմում: Իսկ Ավոոն ահա, բան չի ասում: Նա չի նկարագրում այն ինչ սկսել է տեսնել իր շուրջը բախումից հետո: Միայն ասում է, թե ուրախ է, քանի որ անջատվել է համեմատաբար շուտ:

Ավոյի վրա այժմ կա կարգին հոդված: Չեմ էլ պատկերացնում, թե ինչպես է տակից դուրս գալու: Փողերի մասին խոսալն անիմաստ է: Պլյուս աղմուկ է բարձրացրել հեռուստատեսությունը: Զննել են Ռազմիկի գրասենյակն ու գտել մի քանի խոհարարական տետրներ` բուքմեյքերական գրառումներով: Ամենավերջին գրառման մեջ` խաղադրույք կատարողների թվում էր հենց Ռազմիկը: Այնտեղ էին նաև մի շարք բարձրաստիճան սպաներ ճանապարհային ոստիկանությունից, մի քանի գործարարներ, կենտրոնական բանկի աշխատակիցներ: Խաղադրույք կատարողների անունները գրված էին «Աղացած մսով խորտիկներ» վերնագրով էջի վրա:
Կա նաև հետաքրքիր մի փաստ, որի վրա հեռուստատեսությունը մեծ ուշադրություն չի դարձնում: Դա, եթե ուզում եք, համարեք անձնական հետաքննություն: Ռազմիկի գրառումներումհիշատակվում է դոպինգի ու ինչ-որ Յակուբյանի մասին: Յակուբյան-Յակուբյան: Դե՞:Ի՞նչ է, չե՞ք հիշում: Այդ ցնդած քիմիկոսն ասում էր, որ գտել է մի բանաձև, ըստ որի կարող է ունիվերսալ միջոց գտնել անսպառ էներգիա ունենալու համար: Իբր թե աշխատունակությունը բարձրացնող հատոկ հաբեր է ստեղծել: Կարծեմ Ավոն փորձել է այդ հաների ազդեցությունը:
Ու մի՛ մոռացեք: Խնդրում եմ, մի՛ մոռացեք, որ ձեր բախտը բերել է: Դուք այլըս չեք ծանոթանա Ռազմիկի հետ: Կարող եք հանգիստ լինել:
Ավոյին, ամեն դեպքում մի կերպ կփրկենք: Տղան գրեթե կորցրել է ոտքերը...կարծում եմ արդարադատությունը նրա հանդեպ մի քիչ մեղմ կլինի: Կամ գուցե Ռազմիկի գրքույկներում կլինեն դատավոսրների անուներ ու գործը կկարճվ:
Ես էլ երևի չվարեմ այլըս 52Ա: Ես հիմա ուզում եմ լինել ուղևոր: Ուզում եմ ամեն օր փորձել բախտս: Ես եմ ուզում կատարել խաղադրույք: Խաղադրույք կյանքի վրա: Այ հենց հիմա սկսում եմ: Դնում եմ հինգ հազար դրամ, որ առավոտյան կհասնեմ Դավիթաշեն առանց մահանալու:

No comments:

Post a Comment